Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2021 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46)

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտե։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46)

2. Հաստատել կից ներկայացվող՝ «Միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի մարտի 1-ի

թիվ 25 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

Միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46) 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Միջազգային գործունեության հարցերով կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:

Կոմիտեն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է:

Կոմիտեի տնօրինմանը վերապահված չեն արտաքին տնտեսական և արտաքին առևտրային քաղաքականության, արտաքին առևտրի կարգավորման, երրորդ երկրների հետ առևտրային բանակցությունների անցկացման հարցերը։

(1-ին կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46)

2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունք կազմող միջազգային մյուս պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու մասին կարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները

 

3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

ա) Միության միջազգային գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

բ) համապատասխան ժամանակահատվածի համար միջազգային ասպարեզում Միության դիրքերի ամրապնդմանն ուղղված միջոցների մշակում.

գ) համապատասխան տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների ձևավորման վերաբերյալ հանձնարարականների նախապատրաստում։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46)

4. Կոմիտեն իրեն վերապահված խնդիրների իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) նախապատրաստում է առաջարկություններ ու հանձնարարականներ հետևյալ հարցերի շուրջ՝

Միության միջազգային գործունեության զարգացման աշխարհագրական և ճյուղային գերակայությունների սահմանում` հաշվի առնելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործման մեխանիզմների կատարելագործում.

երրորդ երկրների և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն միավորումների կազմից Միության հավանական գործընկերների հետ երկխոսության կառուցում, այդ թվում՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության զարգացման հարցերի շուրջ.

Միությանը կից դիտորդ պետությունների հետ համագործակցության զարգացում.

միջազգային ասպարեզում Միության՝ որպես վստահելի գործընկերոջ դիրքավորում.

Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ միջազգային գործունեության ոլորտի Միության մարմիններում նախագահության նախաձեռնությունների ուսումնասիրում.

եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների տեղեկատվական ուղեկցում` միջազգային գործունեության ոլորտում.

միջազգային գործունեության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների մշակում և միջազգային համագործակցության իրականացման շրջանակներում դրանց արդյունքների օգտագործում.

բ) մասնակցում է՝ երրորդ երկրների կառավարությունների և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն միավորումների աշխատանքային մարմինների հետ համագործակցության այն ծրագրերի նախագծերի նախապատրաստմանը, որոնք մշակվում են Հանձնաժողովի կնքած՝ համագործակցության (փոխգործակցության) մասին հուշագրերի կիրարկման նպատակով.

գ) քննարկում է համագործակցության (փոխգործակցության) մասին կնքված հուշագրերի շրջանակներում երրորդ երկրների կառավարությունների և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն միավորումների աշխատանքային մարմինների հետ Հանձնաժողովի փոխգործակցության հարցերի շուրջ անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների առաջարկությունները.

դ) անցկացնում է խորհրդակցություններ միջազգային համագործակցության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացումը.

ե) իրականացնում է միջազգային գործունեության հետ կապված այլ գործառույթներ՝ բացառությամբ այն գործառույթների, որոնք վերապահված են Հանձնաժողովի կոլեգիային կից ստեղծված մյուս խորհրդատվական մարմինների իրավասությանը։

(4-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46)

 

III. Կոմիտեի կազմը

 

5. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչներից:

Անդամ պետությունների առաջարկություններով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:

6. Անդամ պետությունները ժամանակին Հանձնաժողով են ներկայացնում առաջարկություններ՝ Կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

7. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

8. Կոմիտեի նիստերը նախագահում է և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

9. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեին վերապահված խնդիրների իրագործման աշխատանքները.

բ) հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Կոմիտեի նիստերը.

դ) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Միության միջազգային գործունեության հարցերի վերաբերյալ Կոմիտեի մշակած հանձնարարականների և առաջարկությունների մասին.

զ) սահմանում է ենթակոմիտեների, աշխատանքային (փորձագիտական) խմբերի իրավասությունը և դրանց կազմերը.

է) նշանակում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարին:

10. Որպես Կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվում է Հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենը։

11. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ Կոմիտեի նախագահի տեղակալն իրականացնում է սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված՝ Կոմիտեի նախագահի գործառույթները:

12. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների թվից, որոնց իրավասությանը վերապահված են Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

13. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝

ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.

բ) հսկողություն է իրականացնում Կոմիտեի նիստերի համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստման և ներկայացման նկատմամբ.

գ) Կոմիտեի անդամներին ուղարկում է Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.

դ) Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.

ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի ստորագրմանը.

զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և Կոմիտեի անդամներին դրանց ուղարկումը.

է) հսկողություն է իրականացնում Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ։

14. Կոմիտեի նախագահի հրավերով կամ անդամ պետությունների առաջարկություններով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչները, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլ անկախ փորձագետներ, Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստում քննարկվող հարցերը, ինչպես նաև Միությանը կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները (այդ պետությունների շահերին առնչվող հարցերը քննարկելու դեպքում)։

15. Կոմիտեին կից կարող են ստեղծվել ենթակոմիտեներ, աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի լուծման համար:

Ենթակոմիտեների, աշխատանքային (փորձագիտական) խմբերի կազմերը ձևավորվում են անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների և փորձագետների, ինչպես նաև Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանց և աշխատակիցների թվից, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

 

IV. Կոմիտեի աշխատակարգը

 

16. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 2 անգամ։

17. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունում է Կոմիտեի նախագահը՝ հաշվի առնելով Կոմիտեի անդամների առաջարկությունները:

18. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Կոմիտեի անդամներն ուղարկում են Կոմիտեի նախագահին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ:

Կոմիտեի նիստի օրակարգում ներառելու համար հարցեր առաջարկած Կոմիտեի անդամներն ապահովում են առաջարկված հարցերի վերաբերյալ տեղեկությունների և նյութերի տրամադրումը Կոմիտեի պատասխանատու քարտուղարին:

19. Կոմիտեի նախագահն իրավունք ունի Կոմիտեի անդամներից հարցմամբ պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին առնչվող նյութեր և տեղեկատվություն:

20. Կոմիտեի նիստի օրակարգին առնչվող նյութերն ընդգրկում են՝

ա) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր, այդ թվում՝ քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծերը (առկայության դեպքում).

գ) Հանձնաժողովի համար արձանագրային որոշումների և հանձնարարականների նախագծեր.

21. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին ուղարկում է Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրա վերաբերյալ նյութերը (այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով) ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ:

22. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:

Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ: Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:

23. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրանում ապահովվում է յուրաքանչյուր անդամ պետությունից Կոմիտեի առնվազն մեկ անդամի ներկայությունը:

24. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում վերջինս իրավունք ունի նախօրոք (ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 3 աշխատանքային օր առաջ) Կոմիտեի նախագահին գրավոր ներկայացնելու իր դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ:

25. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել հանելու Կոմիտեի քննարկմանը ներկայացված հարցը, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:

26. Կոմիտեի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

27. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում արձանագրվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները:

Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը Կոմիտեի քննարկվող հարցի առնչությամբ ունի հատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են նաև կցվել քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:

Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:

Կոմիտեի նիստի արձանագրությունը ստորագրում է Կոմիտեի նախագահը՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի արձանագրությունն ուղարկում է Կոմիտեի անդամներին՝ Կոմիտեի նախագահի կողմից այն ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը Կոմիտեի նախագահի որոշմամբ ուղարկվում է Կոմիտեի նիստին մասնակցող՝ հրավիրված անձանց:

Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:

28. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:

29. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը:

(հիմնադրույթը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 22.03.22 թիվ 46)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: