Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 907-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 907-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների (այսուհետ՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ) փաստաթղթավորման կարգի ու արտահանման ժամկետների հետ կապված հարաբերությունները։

2․ Ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելն ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կանոնը չի կիրառվում, եթե այդ ապրանքները փաստաթղթավորվել և Հայաստանի Հանրապետությունից արտահանվելու են սույն կարգին համապատասխան և սահմանված ժամկետում։

3․ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելն ակցիզային դրոշմանիշերով չեն դրոշմավորվում, եթե այդ ապրանքները ներմուծմանը հաջորդող 60 օրվա ընթացքում ներմուծողի կողմից՝

1) «Արտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունից արտահանվելու են ԵՏՄ անդամ չհամարվող պետություններ կամ

2) Հայաստանի Հանրապետությունից արտահանվելու են ԵՏՄ անդամ պետություններ։

4․ Սույն կարգի կիրառման իմաստով ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե առկա է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ օտարերկրյա անձի հետ իրականացվող գործարքի մասով կնքված պայմանագիր։

5․ Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված և սույն կարգով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունից չարտահանված՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումը Հայաստանի Հանրապետությունում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: