ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 917-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկը (պետական գրանցման համարը` 282.180.929686) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկը (պետական գրանցման համարը` 269.180.950121) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ (այսուհետ՝ ռազմական ակադեմիա):
2. Ռազմական ակադեմիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0090, Դավիթ Բեկի փողոց 155:
3. Սահմանել, որ`
1) ռազմական ակադեմիայի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
ա. բարձրագույն ռազմամասնագիտական և բարձրագույն ռազմական կրթությամբ մասնագետների պատրաստումը, զինծառայողների վերապատրաստման և որակավորման լրացուցիչ ծրագրերի իրականացումը,
բ. համապատասխան զինվորական մասնագիտությամբ սպայական կադրերի և բարձրագույն որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,
գ. ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված քաղաքացու և սպայի համակողմանի ձևավորումը,
դ. օդաչուական և ինժեներատեխնիկական մասնագետների վերապատրաստման ու որակավորման լրացուցիչ ծրագրերի իրականացումը,
ե. ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության բնագավառներում զինված ուժերի գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, հիմնարար հետազոտական և գիտակիրառական աշխատանքների իրականացումը,
զ. ազգային ռազմական կրթության և հետազոտությունների ոլորտում միջազգային փորձագիտական ներուժի օգտագործումը.
2) ռազմական ակադեմիան «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են ռազմական ակադեմիային` փոխանցման ակտերին համապատասխան.
4. «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ ռազմական ակադեմիայի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`
1) փոխանցման ակտերի հաստատումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ռազմական ակադեմիայի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատումը.
3) ռազմական ակադեմիայի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
4) «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների գործունեության դադարման պետական հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
08.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|