Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9845/05/21

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9845/05/21

Նախագահող դատավոր`

 Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴևՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2022 թվականի նոյեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Քրիստինե Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Քրիստինե Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի (այսուհետ՝ Բաժին)՝ 30.04.2020 թվականի թիվ 0515 որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Քրիստինե Մարտիրոսյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Բաժնի պետի 30.04.2020 թվականի թիվ 0515 որոշումը։ Միաժամանակ հայցվորը միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 16.09.2021 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև հայցադիմումի ընդունումը մերժվել են։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2021 թվականի որոշմամբ Քրիստինե Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.09.2021 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քրիստինե Մարտիրոսյանը (ներկայացուցիչ Հայկ Բաբայան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը, 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարաններն անտեսել են հայցվորի ներկայացրած ապացույցները, չեն կատարել ապացույցների բազմակողմանի հետազոտություն, չեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ինչի արդյունքում եկել են ոչ ճիշտ եզրահանգման։ Քրիստինե Մարտիրոսյանը ժամանակին ու պատշաճ չի ծանուցվել վիճարկվող վարչական ակտի մասին, վերջինս տեղեկացվել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իր հաշիվների վրա արգելանք դրվելուց հետո՝ 2021 թվականի մայիս ամսին, որից հետո՝ 02.06.2021 թվականին, ներկայացրել է վերադասության կարգով բողոք ՀՀ ոստիկանապետին։ Դիմումին ի պատասխան 18.06.2021 թվականին ստացվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի 16.06.2021 թվականի թիվ 21/3107 գրությունը: Այնուհետև 07.07.2021 թվականին Քրիստինե Մարտիրոսյանը դիմել է Բաժնի պետին` խնդրելով տրամադրել 15.04.2021 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթի նյութերը, և պահանջվող նյութերը ստացել է 05.08.2021 թվականին:

Ստորադաս դատարանները, անտեսելով բողոքաբերի կողմից ներկայացված ապացույցները, ընդհանրապես որևէ կերպ չեն գնահատել այդ ապացույցները և գնահատման արդյունքները չեն արտացոլել դատական ակտի պատճառաբանական մասում։ Բացի այդ, դատական ակտերում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը, ինչից հետևում է, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել է դատական ակտին ներկայացվող օրինականության պահանջը և խաթարվել է արդարադատության բուն էությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15122021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով (տե´ս, Նարինե Չարչյանը և մյուսներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը, իսկ միջնորդության առկայության պարագայում քննարկում է այն և կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին համապատասխան դատական ակտ՝ դրանից բխող իրավական հետևանքներով (տե՛ս, Արմեն Դանիելյանն ընդդեմ ՀՀ Նախագահի՝ թիվ ՎԴ/9097/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

 

Սույն գործով Քրիստինե Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան (փոստին է հանձնել) 06.09.2021 թվականին՝ պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) Բաժնի պետի կողմից 30.04.2020 թվականին կայացրած թիվ 0515 որոշումը՝ իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու և 100.000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանք նշանակելու վերաբերյալ՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը։ Միջնորդությամբ, մասնավորապես, վերջինս հայտնել է, որ ժամանակին ու պատշաճ չի ծանուցվել վիճարկվող վարչական ակտի մասին, վերջինս վարչական ակտի մասին տեղեկացվել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իր հաշիվների վրա արգելանք դրվելուց հետո՝ 2021 թվականի մայիսին, որից հետո 02.06.2021 թվականին ներկայացրել է վերադասության կարգով բողոք ՀՀ ոստիկանապետին։ Դիմումին ի պատասխան՝ 18.06.2021 թվականին ստացվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի 16.06.2021 թվականի թիվ 21/3107 գրությունը: Այնուհետև՝ 07.07.2021 թվականին դիմել է Բաժնի պետին` խնդրելով տրամադրել 15.04.2021 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթի նյութերը և 05.08.2021 թվականին ստանալով պահանջվող նյութերը, օրենքով սահմանված երկամսյա ժամկետում՝ 06.09.2021 թվականին, փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել դատարան։

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ վարչական իրավախախտումների գործերով վարչական ակտերի դեմ արտադատական կարգով բողոք ներկայացնելու առանձնահատկություններին:

Մասնավորապես՝ օրենսդիրը սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի դեմ շահագրգիռ անձի կողմից ներկայացված բողոքի քննության կարգ ու ժամկետ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը նույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը և բողոքը քննվում են դրա համար իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից, դրանց ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ստուգում է ընդունված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման,

2) բեկանում է որոշումը և գործն ուղարկում նոր քննության,

3) բեկանում է որոշումը և կարճում գործը,

4) վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:

(…) Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը նույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է (…):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է նույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ համադրելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի բողոքարկման ընթացակարգի վերը նշված տարրերն ու վարչական բողոքի քննության կարգն ու ժամկետը, արձանագրել է, որ շահագրգիռ անձի կողմից ներկայացված վարչական բողոքի առնչությամբ վարչական մարմինը կրում է հետևյալ պարտականությունները.

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված երեսնօրյա ժամկետում ըստ էության քննել շահագրգիռ անձի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված վարչական բողոքը՝ արդյունքում կայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը,

- եթե շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ՝ ներկայացնելով նաև բողոք ներկայացնելու համար սահմանված՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, իրավասու վարչական մարմնից /պաշտոնատար անձից/ պահանջվում է քննարկել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառի /ների/ առկայության դեպքում բավարարել միջնորդությունը և վարչական բողոքը քննել ըստ էության։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական մարմինը վարչական բողոքը թողնում է առանց քննարկման, եթե

- վարչական բողոքը ներկայացված է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ և չի ներկայացվել ժամկետի բացթողումը հարգելի համարելու ու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն,

- վարչական բողոքը ներկայացված է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ, և վարչական մարմինը, քննարկելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու ու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչում (տե՛ս, Արտակ Ոսկանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ թիվ ՎԴ/9834/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.10.2022 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավական դիրքորոշումից հետևում է, որ այն դեպքում, երբ շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ՝ չներկայացնելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, ապա տվյալ դեպքում վարչական մարմինն իրավասու է վարչական բողոքը թողնելու առանց քննարկման:

Տվյալ դեպքում, Դատարանը, 16.09.2021 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Քրիստինե Մարտիրոսյանի միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ միջնորդությամբ նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու համար, քանի որ 18.06.2021 թվականին ստանալով Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության պետի 16.06.2021 թվականի թիվ 21/3107 գրությունը՝ հայցվորը զրկված չի եղել ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունը, 15.12.2021 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի 16.09.2021 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ միաժամանակ արձանագրելով, որ հայցվորի կողմից ներկայացված միջնորդության հիմքում ընկած փաստարկը՝ կապված վիճարկվող վարչական ակտը միայն 05.08.2021 թվականին ձեռք բերելու հետ, չի կարող հիմք հանդիսանալ հայցը դատարան ներկայացնելու ժամկետի խախտումը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու համար՝ նկատի ունենալով, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել հիմնավորումներ, 2021 թվականի մայիսին իր վերաբերյալ կայացված վարչական ակտի գոյության մասին իրազեկված լինելու պայմաններում, վերջինիս մինչև 07.07.2021 թվականը վիճարկվող վարչական ակտը ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու հնարավորությունից սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով զրկված լինելու վերաբերյալ:

 

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի 16.06.2021 թվականի թիվ 21/3107 գրությամբ հայցվորի վարչական բողոքը, ըստ էության, թողնվել է առանց քննարկման։ Նշված գրությունը հայցվորն ստացել է 18.06.2021 թվականին։ Հիմք ընդունելով թիվ ՎԴ/9834/05/20 վարչական գործով 12.10.2022 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի ելակետ է հանդիսանում 18.06.2021 թվականը, մինչդեռ հայցադիմումը փոստային ծառայության միջոցով դատարան է ներկայացվել 06.09.2021 թվականին, այսինքն՝ վիճարկման հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ, որպիսի պայմաններում հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ առաջին հերթին պետք է հիմնավորվեր վարչական բողոքի վերաբերյալ թիվ 21/3107 գրությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում դատարան հայց չներկայացնելու պատճառները, և առկայության դեպքում ներկայացվեր դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց ուսումնասիրության արդյունքում դատարանը կարող էր գնահատել այդ պատճառների հարգելիությունը: Մինչդեռ, միջնորդությամբ հայցվորը չի հիմնավորել, թե ինչու վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված պատասխան-գրությունը 18.06.2021 թվականին ստանալուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան միջոցներ չի ձեռնարկել վարչական ակտը դատական կարգով վիճարկման առարկա դարձնելու համար:

Միաժամանակ, անդրադառնալով հայցվորի կողմից վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկին, որ առանց ֆիզիկապես վարչական ակտին տիրապետելու վերջինս այն չէր կարող վիճարկել դատական կարգով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդությամբ հենց հայցվորն է ընդունել, որ նախքան վարչական վարույթի նյութերը ստանալը վերադասության կարգով բողոքարկել է վիճարկվող որոշումը: Բացի այդ, նույնիսկ վարչական ակտին չտիրապետելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ հնարավորություն է տրված վիճարկել վարչական ակտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը կարող է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի հիման վրա, սեփական նախաձեռնությամբ պահանջել վարչական մարմնից ներկայացնել գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, այդ թվում նաև՝ վարչական ակտը և այն ընդունելուն ուղղված վարչական վարույթի նյութերը:

Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին համապատասխան՝ անձը կարող է, սակայն պարտականություն չունի դատարան դիմելու պահին ներկայացնել իր հայցը հիմնավորող ապացույցներ և զրկված չէ օրենքով նախատեսված համապատասխան ընթացակարգերով այդպիսի ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից նաև դատարան դիմելուց հետո, հետևաբար հայցը հիմնավորող ապացույցների ձեռքբերումը ևս վարչական դատավարությունում անհրաժեշտ պայման չէ դատարան դիմելու համար (տե՛ս, «Արդանո» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի, երրորդ անձ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Դավիթ Պետրոսյանի և «Չափշին» ՍՊԸ-ի՝ թիվ ՎԴ/0074/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2021 թվականի որոշումը):

Վերոգրյալից հետևում է, որ նույնիսկ վարչական վարույթի նյութերին չտիրապետելու պայմաններում անձը զրկված չէ իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման նպատակով դատարան դիմելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելիս այդ ժամկետը բաց թողնելու դեպքում անձի կողմից պետք է ներկայացվեն բավարար փաստական հանգամանքներ այդ ժամկետը իր կամքից անկախ հանգամանքներում բաց թողնելու վերաբերյալ, որի հաշվառմամբ էլ դատարանը հնարավորություն կունենա գնահատելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը:

Ընդ որում, դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը պետք է յուրաքանչյուր գործով, կոնկրետ գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ, գնահատվի դատարանի կողմից: Մասնավորապես՝ դատարանը պետք է պարզի, թե՝

 արդյո՞ք բաց են թողնվել հայց ներկայացնելու դատավարական ժամկետները, թե՝ ոչ,

 բաց թողնված լինելու դեպքում ի՞նչ պատճառներով են բաց թողնվել այդ ժամկետները,

 արդյո՞ք այդ ժամկետները բաց թողնելու պատճառները եղել են հարգելի,

 արդյո՞ք ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելուց հետո անձի կողմից կատարվել են իր իրավունքների պաշտպանությանն ուղղված ողջամիտ և անհրաժեշտ գործողություններ, թե՝ ոչ:

Վերոգրյալ հարցերի պատասխանների համադրությամբ և դրանք հիմնավորող ապացույցների գնահատման արդյունքում միայն դատարանը կարող է որոշել բաց թողնված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը և վերականգնել այդ ժամկետը:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը 18.06.2021 թվականին ստանալով վարչական կարգով բողոքի վերաբերյալ 16.06.2021 թվականի գրությունը, հայցը չի ներկայացրել դատարան օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, ուստի Դատարանը, կայացնելով վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են ճիշտ դատական ակտեր:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանին չի կարող վերագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից նշված իրավանորմը մեկնաբանվել ու կիրառվել է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ, ուստի Քրիստինե Մարտիրոսյանի բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի 15.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ. ԲԵԴևՅԱՆ

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: