Գլխավոր տեղեկություն
Համար
N 904-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 904-Ն

 

ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 101-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողի կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում (հաշիվ վավերագիր կամ այլ հաշվարկային փաստաթուղթ), որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում են նաև արտահանվող ապրանքների ներմուծման ժամանակ լրացված ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրի ամսաթիվը և համարը, ինչպես նաև ապրանքների անվանումները և չափման միավորները՝ ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում լրացված անվանումներին և չափման միավորներին համապատասխան:

3. Սահմանել, որ մինչև էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման հնարավորության ստեղծումն ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար դիմումները ներկայացվում են թղթային եղանակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 904-Ն որոշման

 

ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ հարկ վճարող) կողմից «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծելու և նույն հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանվող ապրանքների մատակարարման դեպքում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները:

2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողի կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում հարկ վճարողներին փոխհատուցվում է արտահանվող ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի ամբողջ գումարը:

3. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի:

4. Վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված՝ թղթային եղանակով դիմումների ներկայացման դեպքի: Սույն որոշման 3-րդ կետով սահմանված՝ թղթային եղանակով դիմումների ներկայացման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են հարկ վճարողի կողմից թղթային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

5. Հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը` համեմատելով հարկային կամ մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ:

6. Ուսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում հարկային մարմինը սույն կարգի N 2 ձևին համապատասխան կազմված՝ ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու վերաբերյալ եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը` եզրակացության համաձայն փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը մուտքագրելով միասնական հաշվին:

8. Ուսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է անհամապատասխանությունների մասին:

9. Անհամապատասխանությունները վերացնելուց հետո հարկ վճարողին վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

10. Եթե սույն կարգով սահմանված գումարները փոխհատուցելուց հետո հարկ վճարողի կողմից ներկայացված ներմուծման ճշտված հարկային կամ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրով կամ ստուգման ակտով կամ դատարանի որոշման կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա ավելանում են արտահանված ապրանքների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները, ապա հարկ վճարողը կարող է ներկայացնել նոր դիմում և հետ ստանալ այդ ապրանքների մասով ակցիզային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության և փաստացի փոխհատուցված ակցիզային հարկի գումարի դրական տարբերության չափով ակցիզային հարկի գումարը:

 

Ձև N 1

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՏՄ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ փոխհատուցել ներմուծված ապրանքների մասով վճարած __________ դրամ ակցիզային հարկը՝ մուտքագրելով միասնական հաշվին:

Վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի համարներն ու ամսաթվերն են`

1. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծված լինելու դեպքում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) _________________________:

(համարը և ամսաթիվը)

2. ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ ներմուծված լինելու դեպքում` ներմուծման հարկային հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) __________________________:

(համարը և ամսաթիվը)

3. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտահանելու դեպքում «Արտահանում» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագրի __________________________:

(համարը և ամսաթիվը)

4. ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ արտահանելու դեպքում` արտահանման հարկային հայտարարագրի __________________________:

(համարը և ամսաթիվը)

5. Արտահանվող ապրանքի՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծման ժամանակ մաքսային հայտարարագրում լրացված տողին համապատասխան՝ __________________________:

(հերթական համարը)

6. Արտահանվող ապրանքի՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման ժամանակ ներմուծման հարկային հայտարարագրում լրացված տողին համապատասխան՝ _________________________:

(հերթական համարը)

7. Այլ անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են: Առդիր՝ թերթ:

 

Հարկ վճարողի անվանումը ________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն ___________________________________________

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) __________________________

                                     (անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

___ ____________ 20__ թ.

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 

«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՏՄ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարկ վճարողի անվանումը _________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն _____________________________________

 

Հարկ վճարողի ___ ____________ 20__ թ. դիմումով ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ներմուծման մաքսային (հարկային) հայտարարագրերում նշված ակցիզային հարկի գումարից __________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին:

 

Հարկային մարմինը ______________________________

                             (անվանումը)

 

Հարկային մարմնի պաշտոնատար անձը

_____________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Եզրակացությունը կազմելու ամսաթիվը ___ ____________ 20__ թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: