ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2010 թվականի |
թիվ 331 |
քաղ. Սանկտ Պեդերբուրգ |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԼՐԻՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՄԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԱՅԴ ԱԶԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴՐԱ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 476 ՈՐՈՇՄԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկը (այսուհետ՝ Ցանկ)։ (Հավելված թիվ 1): Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում տրամադրել ցանկում նշված այն ապրանքների նկատմամբ, որոնց ժամանակավոր ներմուծման ժամկետը չի գերազանցում մեկ տարին, եթե Ցանկով այլ բան նախատեսված չէ։ Սույն կետի երկրորդ մասը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701, 8704 (ինքնաթափերից բացի) և 8716 ապրանքային դիրքերից), որոնք Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը մաքսատուրքերից, հարկերից լրիվ պայմանական ազատմամբ ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ռեժիմով (ընթացակարգով) և օգտագործվում են բեռների միջազգային փոխադրումների համար (փոխադրումն սկսվում և (կամ) ավարտվում է Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս)՝ ներառյալ համընթաց ուղղությամբ փոխադրումը։ Այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման ժամկետը չի կարող անցնել 2015 թվականի հուլիսի 1-ից։
Ցանկում նշված ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը մեկ տարուց կամ Ցանկում նշված այլ ժամկետից ավելի երկարաձգվելու դեպքում, Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կիրառվում է մաքսատուրքերի և հարկերի վճարումից մասնակի ազատում։
2. Սահմանել, որ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մաքսատուրքերի և հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, պահպանվում են «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի պայմանները՝ մինչև ժամանակավոր ներմուծման հայտարարված ժամկետի ավարտը։
3. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատումը կիրառելու՝ Ցանկով սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ապրանքների ժամանակավոր ներմուծման դեպքերը, որոնք սահմանված են Մաքսային միության անդամ պետությունների՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրերով, Մաքսային միության անդամ պետությունների կողմից կիրառվում են մինչև այդ միջազգային պայմանագրերի միասնականացումը և (կամ) գործողության դադարեցումը։
5. Հանձնարարել Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեին՝ մշակել սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված ապրանքների ընդգրկման հնարավորությունը «Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկ»-ում և առաջարկություններ ներկայացնել Մաքսային միության հանձնաժողովի հերթական նիստում։
6. Սահմանել, որ մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված ժամանակավոր ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունների այն նորմերը, որոնք գործել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
Բելառուսի Ս. ՌՈՒՄԱՍ |
Ղազախստանի ՈՒ. Շուկեև |
Ռուսաստանի Ի. ՇՈՒՎԱԼՈՎ |
Հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԼՐԻՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՄԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328,
2011 թվականի հունվարի 28-ի թիվ 541, 2011 թվականի մարտի 2-ի թիվ 592,
2011 թվականի մայիսի 19-ի թիվ 660, 2011 թվականի մայիսի 19-ի թիվ 662,
2011 թվականի հուլիսի 22-ի թիվ 694, 2011 թվականի հուլիսի 22-ի թիվ 695,
2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 793 որոշումների,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի
թիվ 50, 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 124, 2012 թվականի օգոստոսի
16-ի թիվ 125 որոշումների խմբագրությամբ)
I. Բեռնարկղեր և այլ բազմաշրջանառու տարաներ*
1. Բեռնարկղեր (այդ թվում՝ տվյալ տեսակի բեռնարկղի համար անհրաժեշտ այն պարագաներն ու սարքավորումները, որոնք ներմուծվում են բեռնարկղի հետ միասին, առանձին կամ այլ բեռնարկղի հետ միասին կամ ներմուծվում են առանձին և վերադարձվում են բեռնարկղի հետ միասին), ինչպես նաև ժամանակավոր ներմուծվող բեռնարկղերի վերանորոգման համար նախատեսված պահեստամասեր։
2. Տակդիրներ։
3. Բազմաշրջանառու տարայի այլ տեսակներ և փաթեթվածքներ՝ բացառությամբ փաթեթավորման նյութերի (ծղոտ, թուղթ, ապակեթելք, տաշեղ և այլն)։
II. Արտաքին տնտեսական գործունեությանը և միջազգային համագործակցությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով ժամանակավոր ներմուծվող ապրանքներ
4. Ցուցահանդեսներում, տոնավաճառներում, միջազգային հանդիպումներում և նմանատիպ այլ միջոցառումներում ցուցադրության համար ժամանակավոր ներմուծվող ապրանքներ (բացառությամբ ներմուծված ապրանքները վաճառելու նպատակով արտադրական կամ առևտրային այլ գործունեության իրականացման վայրերում կազմակերպվող ցուցահանդեսների), ինչպես նաև ապրանքների այդպիսի ցուցադրության ժամանակ կամ ցուցահանդեսներում, տոնավաճառներում, միջազգային հանդիպումներում և նմանատիպ այլ միջոցառումներում օգտագործման համար նախատեսված օժանդակ սարքավորումներ ու նյութեր։
5. Ապրանքների այն նմուշները, որոնք մնում են օտարերկրյա անձի սեփականությունը և նախատեսված են բացառապես այդ տեսակի ապրանքների պատվերների ստացման համար, ապրանքների նմուշների այն քանակության դեպքում, որն ըստ յուրաքանչյուր տեսակի, մակնիշի, մոդելի, ապրանքատեսակի, ձևվածքի, ներկվածքի և այլ հատկանիշների, չի գերազանցում 2 օրինակը։
6. Գովազդային նյութեր (կատալոգներ, գնացուցակներ և առևտրային տեղեկագրքեր, մոդելներ, պլակատներ, պլանշետներ, բրոշյուրներ), որոնք ներմուծվում են օտարերկրյա անձի կողմից, եթե յուրաքանչյուր ստացողի համար այդ նյութերը ներմուծվում են 2 օրինակից ոչ ավելի քանակով կամ դրանց ընդհանուր համաքաշը չի գերազանցում 5 կիլոգրամը։
7. Գովազդային ֆիլմեր, ինչպես նաև ապրանքների հատկությունները կամ նշանակությունը բացահայտող համակարգչային գովազդային բնույթի տեղեկությունների կրիչներ, եթե այդ ֆիլմերը և տեղեկությունների կրիչները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, դասվում են օտարերկրյա անձի կողմից առաջարկվող օտարերկրյա ապրանքների շարքին, նախատեսված են բացառապես ապրանքների հնարավոր ձեռք բերողներին ցուցադրելու համար, ներմուծվում են մեկ օրինակով, և դրանց օգտագործման նպատակը եկամուտ ստանալը չէ ։
8. Ապրանքներ, որոնք նախատեսված են դրանց հետ կամ դրանց օգտագործմամբ փորձարկումներ, ստուգումներ, փորձեր անցկացնելու և (կամ) հատկություններն ու բնութագրերը ցուցադրելու համար, եթե դրանց օգտագործման նպատակը եկամուտ ստանալը չէ։
9. Մասնագիտական սարքավորումներ (բացառությամբ արդյունաբերական արտադրության, ապրանքների փաթեթավորման կամ բնական պաշարների շահագործման, հողային աշխատանքների իրականացման, շենքերի, շինությունների, կառույցների շինարարության և վերանորոգման և նմանատիպ այլ աշխատանքների կատարման համար օգտագործվող սարքավորումների) և գործիքներ (այդ թվում՝ օժանդակ ապարատներ և պարագաներ), եթե ժամանակավոր ներմուծվող մասնագիտական սարքավորումներն ու գործիքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, ներմուծվում են իր կողմից և իրեն անհրաժեշտ են Մաքսային միության տարածքում կոնկրետ աշխատանքներ կատարելու համար։ Նշված սարքավորումների օրինակելի ցանկը ներկայացված է սույն Ցանկի թիվ 1 հավելվածում։
10. Արտադրական կոոպերացիայի շրջանակներում ժամանակավոր ներմուծվող գծագրեր, պլաններ, մոդելներ, դրոշմակնիքներ, մատրիցաներ, կլիշեներ, տպագրական կաղապարներ և նմանատիպ այլ իրեր, ստուգիչ-չափիչ սարքեր և գործիքներ, եթե նշված ապրանքներն օգտագործվում են առավելապես արտահանման համար նախատեսված ապրանքների արտադրության կապակցությամբ, մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, սակայն նախատեսված են Մաքսային միության անդամ պետության անձի կողմից օգտագործման համար։
11. Թվային տեղեկությունների կրիչներ, որոնք անհատույց տրամադրվում են տվյալների ավտոմատ մշակման ժամանակ օգտագործման համար։
III. Գիտության, մշակույթի, կինեմատոգրաֆիայի, սպորտի և տուրիզմի ոլորտում կիրառելու նպատակով ժամանակավոր ներմուծվող ապրանքներ
12. Մշակույթի և կինեմատոգրաֆիայի ոլորտներում գիտահետազոտական, կրթական նպատակներով օգտագործվող սարքավորումներ (այդ թվում՝ վերականգնման) և նյութեր, ժամանակավոր ներմուծված սարքավորումների և նյութերի, պարագաների վերանորոգման համար նախատեսված պահեստամասեր, ինչպես նաև այդ սարքավորումների և նյութերի կարգաբերման, հսկողության և վերանորոգման համար նախատեսված գործիքներ, եթե ժամանակավոր ներմուծված սարքավորումները, նյութերը, պահեստամասերը, պարագաները և գործիքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, և դրանց օգտագործման նպատակը եկամուտ ստանալը չէ։
13. Թատերական (կրկես, կինո) կոստյումներ, բեմական սարքավորումներ, պարտիտուրաներ, երաժշտական գործիքներ և այլ թատերական (կրկեսային) ռեկվիզիտներ՝ նախատեսված կինոնկարահանումների, ներկայացումների, թատերական ներկայացումների և նմանատիպ միջոցառումների համար։
14. Կինոֆիլմեր և տեսաֆիլմեր, սահիկներ, լուսանկարներ, պլակատներ, կինոֆիլմերի և տեսաֆիլմերի մոնտաժային և տրամախոսական թերթեր և պատկերի գրառմամբ այլ տեղեկությունների կրիչներ՝ ֆոտոմրցույթներում և կինոմրցույթներում, կինոփառատոնների, կինոշաբաթների և նմանատիպ միջոցառումների ժամանակ ցուցադրության համար, եթե նշված ապրանքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, և դրանց օգտագործման նպատակը եկամուտ ստանալը չէ։
15. Մաքսային միության տարածքում սպորտային մրցումների, սպորտային ցուցադրական միջոցառումների կամ մարզումների համար նախատեսված ապրանքներ, եթե այդ ապրանքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը և ներմուծվում են դրանց նշանակությանը համապատասխանող քանակով։ Նշված ապրանքների օրինակելի ցանկը ներկայացված է սույն Ցանկի թիվ 2 հավելվածում։
16. 100 տարուց ավելի վաղեմություն ունեցող մշակութային արժեքներ (ապրանքներ, որոնք արվեստի ստեղծագործություններ են, հավաքածուներ կազմելու առարկաներ կամ անտիկվարիատ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնց ներմուծումն ու արտահանումը կարգավորվում է Մաքսային միության օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ), եթե այդ ապրանքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը։
100 տարուց ավելի վաղեմություն ունեցող մշակութային արժեքներ (ապրանքներ, որոնք արվեստի ստեղծագործություններ են, հավաքածուներ կազմելու առարկաներ կամ անտիկվարիատ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնց ներմուծումն ու արտահանումը կարգավորվում է Մաքսային միության օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ), եթե այդ ապրանքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը և ներմուծվում են անհատույց հիմունքներով՝ ցուցահանդեսներում ցուցադրության համար։
100 տարուց ավելի վաղեմություն ունեցող մշակութային արժեքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատումը կիրառվում է դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետով։
17. Գրքեր, պարբերական հրատարակություններ, հրապարակումներ և փաստաթղթեր (այդ թվում՝ ոչ տպագրական եղանակով բազմացված)՝ կապված կրթության, գիտության և մշակույթի հետ, եթե այդ ապրանքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը։
IV. Ապրանքներ, որոնք ներմուծվում են միջազգային օգնություն ցուցաբերելու համար
18. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման կամ վերացման համար նախատեսված ապրանքներ, որոնք ներմուծվում կամ անհատույց փոխանցվում են օտարերկրյա անձի կողմից պետական մարմիններին կամ պետական հաստատություններին՝ ժամանակավոր օգտագործման համար։
Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատումը տրվում է Մաքսային միության մաքսային տարածքում այդ ապրանքների ժամանակավոր գտնվելու ամբողջ ժամկետով։
19. Փրկարարական, բժշկական և լաբորատոր սարքավորումներ, որոնք անհատույց տրամադրվում են փրկարարական, բուժական և այլ բժշկական հաստատությունների և կազմակերպությունների՝ ժամանակավոր օգտագործման համար, եթե ժամանակավոր ներմուծված սարքավորումները նախատեսված են այդ հաստատությունների ու կազմակերպությունների կողմից մարդասիրական, փրկարարական, ախտորոշիչ կամ բուժական նպատակներով օգտագործման համար, մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, և դրանց մատակարարումն իրականացվում է բացառիկ հանգամանքների առկայության դեպքում։
V. Այլ ապրանքներ
20. Օտարերկրյա ծովային նավերի անձնակազմերի կյանքի սոցիալ-կենցաղային պայմանների ապահովման և մշակույթի, կրթության, հանգստի, կրոնի և սպորտի ոլորտներում նրանց կարիքների բավարարման համար նախատեսված ապրանքներ, եթե ժամանակավոր ներմուծված ապրանքները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, և դրանց օգտագործման նպատակը եկամուտ ստանալը չէ։
Նշված նյութերի օրինակելի ցանկը ներկայացված է սույն Ցանկի թիվ 3 հավելվածում։
21. Մասնագիտական կինեմատոգրաֆիական սարքավորումներ, մամուլի, ռադիոյի կամ հեռուստատեսության սարքավորումներ, նշված սարքավորումների օժանդակ սարքվածքներ ու պարագաներ, եթե ժամանակավոր ներմուծված մասնագիտական սարքավորումները, սարքվածքներն ու պարագաները մնում են օտարերկրյա անձի սեփականությունը, ներմուծվում են իր կողմից և իրեն անհրաժեշտ են Մաքսային միության տարածքում կոնկրետ աշխատանքներ կատարելու համար։ Նշված սարքավորումների օրինակելի ցանկը ներկայացված է սույն Ցանկի 4-րդ հավելվածում։
22. Օտարերկրյա անձի սեփականությունը մնացող՝ բտման, վարժեցման, ուսուցման, բուծման, անասնաբուժության, փորձարկումների անցկացման, զբոսաշրջային միջոցառումների, փրկարարական գործողությունների, հատուկ գործառույթների իրականացման համար նախատեսված կենդանիներ (ոստիկանական ձիեր և շներ, խուզարկու շներ, կույրերին ուղեկցող շներ և այլն), ցուցահանդեսներում, մրցույթներում, մրցումներում, ցուցադրություններում, թատերական ներկայացումներում, ներկայացումներում և եկամուտ ստանալու հետ չառնչվող նմանատիպ այլ միջոցառումներում մասնակցության համար նախատեսված կենդանիներ, ինչպես նաև բժշկական նպատակներով և սահմանամերձ տարածքում որպես բանող անասուն (համապատասխան սարքավորումների հետ միասին) օգտագործելու համար նախատեսված կենդանիներ։
23. Ծովային նավեր՝ 1000-ից ավելի ընդհանուր տարողությամբ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 0, 8901 20 100 0, 8901 30 100 0, 8901 90 100 0 ծածկագրեր), որոնք գտնվում են օտարերկրյա անձանց սեփականության ներքո և վարձակալվել են Մաքսային միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմանագրով՝ դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետի ընթացքում Մաքսային միության անդամ պետությունների նշված անձանց կողմից բացառապես ապրանքների և ուղևորների միջազգային փոխադրումներում դրանց հետագա օգտագործման պայմանով։
24. Վագոնի սայլակներ, որոնք ռելսամեջի լայնքը 1435 մմ-ից 1520 մմ-ի փոխելու դեպքում օգտագործվում են երկաթուղիներում՝ ուղևորատար վագոնների շահագործումն ապահովելու համար ։
25. Շարժիչներ, պահեստամասեր ու սարքավորումներ՝ նախատեսված դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետի ընթացքում քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար։
26. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ, որոնք դասակարգվում են Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 40 003 5, 8802 40 003 6 և 8802 40 004 6 ծածկագրերով՝ բացառությամբ օդանավերի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ 50-ից ավելի ու 111-ից պակաս և 170-ից ավելի ու 219-ից պակաս առավելագույն քանակությամբ ուղևորատեղերով օդանավերի, Մաքսային միության անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից պայմանագրեր կնքվելու և մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը և նշված ամսաթիվը 5 տարուց ոչ ավելի գերազանցող ժամկետով ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում։
(26-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 25.06.2013 թիվ 140)
27. 19-ից ավելի մարդկանց համար նախատեսված ուղևորատեղերով քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 2 և 8802 40 001 1 ծածկագրեր), որոնք գտնվում են օտարերկրյա անձանց սեփականության ներքո և օգտագործվում են Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ոչ կանոնավոր (առևտրային չվացուցակից դուրս) թռիչքներում՝ պայմանով, որ այդպիսի օգտագործման նպատակը եկամուտ ստանալը չէ։
28. Լողացող կամ ջրի տակ աշխատող հորատման հենահարթակներ՝ երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8905 20 000 1, 8905 20 000 2 և 8905 20 000 8 ծածկագրերով՝ բացառությամբ շահագործման հենահարթակների՝ պայմանով, որ այդ հենահարթակները մնում են օտարերկրյա անձանց սեփականությունը և Մաքսային միության անդամ պետությունների անձանց են փոխանցվում վարձակալության կամ ֆինանսական վարձակալության պայմանագրերով։
(28-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 16.08.12 թիվ 125)
29. Նավեր, որոնք նավթամթերքի արտահանման ժամանակ օգտագործվում են որպես կուտակարաններ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8901 ծածկագիր), գտնվում են օտարերկրյա անձանց սեփականության ներքո՝ Մաքսային միության անդամ պետությունների՝ միջազգային հաղորդակցության և օտարերկրյա նավերի մուտքի համար բաց նավահանգիստների ջրատարածքի խարսխակայաններում դրանք օգտագործելու պայմանով։
30. Ծովային լաստանավեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 0 ծածկագիր), որոնք գտնվում են օտարերկրյա անձանց սեփականության ներքո, վարձակալվել են Մաքսային միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմանագրով և իրականացնում են բեռների և ուղևորների ներքին ու միջազգային փոխադրումներ՝ Ուստ-Լուգա նավահանգիստ — Կալինինգրադ նավահանգիստ (տերմինալը Բալտիյսկ քաղաքում) և Ուստ-Լուգա նավահանգիստ — Կալինինգրադ նավահանգիստ (տերմինալը Բալտիյսկ քաղաքում) — Զասնից նավահանգիստ (Գերմանիա), Ակտաու նավահանգիստ — Բաքու նավահանգիստ ուղիներով՝ դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետի ընթացքում։
Հավելված թիվ 1 Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի |
1. Սարքավորումներ մեքենաների, կայանքների, տրանսպորտային սարքավորումների և այլնի մոնտաժման, փորձարկման, գործարկման, հսկողության, ստուգման, տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար՝
գործիքներ.
չափման, ստուգման կամ հսկողության (ջերմաստիճանի, ճնշման, հեռավորության, բարձրության, մակերևույթի, արագության և այլնի) համար նախատեսված սարքավորումներ և գործիքներ, այդ թվում՝ էլեկտրական սարքեր (վոլտաչափեր, ամպերաչափեր, չափիչ մալուխներ, կոմպարատորներ, տրանսֆորմատորներ, գրանցող սարքվածքներ և այլն) և սեղմակային սարքվածքներ.մոնտաժման ժամանակ և հետո մեքենաների ու կայանքների լուսանկարման համար նախատեսված ապարատներ ու սարքավորումներ.
սարքեր նավերի տեխնիկական հսկողության համար։
2. Սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ծառայողական գործերով մուտք գործող անձանց՝
անհատական համակարգիչներ.
գրամեքենաներ.
Ապարատուրա՝ ձայնի կամ պատկերի փոխանցման, գրառման կամ վերարտադրման համար.
հաշվիչ սարքեր ու ապարատներ։
3. Սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են տեղագրագծում կամ երկրաֆիզիկական հետախուզում իրականացնող փորձագետներին՝
ստուգիչ-չափիչ սարքեր ու ապարատներ.
հորատման սարքավորումներ.
հաղորդող սարքավորումներ ու կապի սարքավորումներ։
4. Սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարող մասնագետներին (օսցիլոգրաֆներ (օսցիլոսկոպներ), սպեկտրաչափեր, մեծությունները չափելու և ստուգելու համար նախատեսված այլ սարքեր և ապարատուրա, ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները և այլն հայտնաբերելու և չափելու համար նախատեսված սարքեր և ապարատուրա)։
5. Սարքեր և ապարատներ, որոնք անհրաժեշտ են բուժաշխատողներին, անասնաբույժներին։
6. Սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են հնագետներին, հնէաբաններին, աշխարհագրագետներին, կենդանաբաններին և բնական գիտություններով զբաղվող այլ գիտնականների։
7. Սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են դերասաններին, թատերախմբերին և նվագախմբերին (ներկայացումների ընթացքում օգտագործվող առարկաներ, երաժշտական գործիքներ, դեկորացիաներ ու կոստյումներ և այլն)։
8. Սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են զեկուցողին՝ զեկույցը պարզաբանելու համար։
9. Սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են լուսանկարում իրականացնելու համար (ցանկացած տեսակի լուսանկարչական ապարատներ, ժապավենատուփեր, էքսպոնոմետրեր, օբյեկտիվներ, եռոտանիներ, կուտակիչներ, շարժափոկեր, մարտկոցները լիցքավորելու համար նախատեսված սարքվածքներ, մոնիտորներ, լուսավորման սարքավորումներ, նորաձև հագուստ ու մանեկենուհիների հարդարման առարկաներ և այլն)։
10. Տրանսպորտային միջոցներ, որոնք մշակվել կամ հատուկ հարմարեցվել են վերոնշյալ սարքավորումների համար (շարժական հսկիչ կայանքներ, շարժական արհեստանոցներ, շարժական լաբորատորիաներ և այլն)։
Հավելված թիվ 2 Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի |
1. Սարքավորումներ խաղային մարզաձևերի համար ՝
տափօղակներ, փետրագնդակներ, զարկիչներ, մականներ։
2. Սարքավորումներ թեթև ատլետիկայով զբաղվելու համար՝
արգելքներ.
նետման գործիքներ, ձողեր, էստաֆետային փայտիկներ։
3. Սարքավորումներ գնդակախաղի համար՝
ցանկացած գնդակ.
Ձեռնաթիակներ.
ցանկացած ցանց.
դարպասի կանգնակներ։
4. Սարքավորումներ ձմեռային մարզաձևերի համար՝
դահուկներ և դահուկի ձողեր.
Չմուշկներ.
սահնակներ, այդ թվում՝ բոբսլեյով զբաղվելու համար.
սարքավորումներ քերլինգ խաղալու համար։
5. Սպորտային հագուստ, կոշկեղեն ու գլխարկներ։
6. Սարքավորումներ ջրային մարզաձևերով զբաղվելու համար՝
կանոեներ, կայակներ, բայդարկաներ, յալեր, լաստանավակներ.
առագաստանավեր, թիանավեր ու մոտորանավակներ, առագաստներ, թիեր.
տախտակներ և առագաստներ՝ ալիքասահքի (սերֆինգի) ու առագաստավարման (վինդսերֆինգի) համար.
ջրային դահուկներ։
7. Տրանսպորտային միջոցներ՝
մրցարշավային ավտոմեքենաներ.
մոտոցիկլներ (այդ թվում՝ ջրային), քվադրոցիկլներ.
սպորտային թռչող ապարատներ։
8. Սարքավորումներ տարբեր մարզաձևերի համար՝
սպորտային հրազենային զենք, զենքերի պահեստամասեր ու պարագաներ.
աղեղներ, արբալետներ և դրանց նետերը.
հեծանիվներ՝ առանց շարժիչի.
սուսերամարտի պիտույքներ և դատավորների ապարատուրա.
պաշտպանիչ հանդերձանք (սաղավարտներ, դիմակներ, լանջապանակներ, արմնկակալներ, ծնկակալներ, ծանր ատլետիկայի գոտիներ, խեցիներ, վահանակներ, ծուղակներ, բազկակապեր, ձեռնոցներ (լայնաբերան բազկապաններ), փոթորկապահպան, փրկարարական բաճկոններ ու գոտիներ և այլն).
բոքսի ձեռնոցներ.
պիտույքներ ստորջրյա նավարկության համար (հիդրոկոստյումներ, ակվալանգներ, ճնշակներ, լաստեր և այլն).
սարքավորումներ մարմնամարզությամբ զբաղվելու համար.
Կողմնացույցներ.
սարքավորումներ ծանր ատլետիկայով զբաղվելու համար.
սարքավորումներ ձիասպորտով զբաղվելու համար (այդ թվում՝ ձիեր տեղափոխող մեքենաներ).
անկարգելներ (պարաշյուտներ) (այդ թվում՝ պարապլաններ), սավառնակներ, դելտապլաններ.
լեռնագնացության հանդերձանք.
սպորտային ելույթների ձայնային ուղեկցման կրիչներ։
9. Օժանդակ սարքավորումներ՝
սարքավորումներ արդյունքների չափման և ցուցադրման համար,
մարզասարք-հեծանիվներ.
բուժական-ախտորոշիչ նպատակներով բժշկական սարքավորումներ՝ ներառյալ դոպինգ-հսկողություն իրականացնելու համար սարքավորումները։
Հավելված թիվ 3 Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի |
1. Գրքեր և տպագիր արտադրանք՝
գրքեր, այդ թվում՝ դասագրքեր.
թերթեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ.
բրոշյուրներ, որոնք տեղեկատվություն են պարունակում նավահանգիստներում ժամանցի անցկացման հնարավորությունների մասին։
2. Տեսալսողական սարքավորումներ՝
ապարատուրա՝ ձայնի ու պատկերի գրառման և դրանց վերարտադրության համար.
պրոյեկցիոն ապարատներ.
գրառումներ սկավառակների կամ մագնիսական ժապավենների վրա (լեզուներ ուսումնասիրելու դասընթացներ, ռադիոհաղորդումներ, մաղթանքներ, երաժշտական ձայնագրություններ և ժամանցային բնույթի ձայնագրություններ).
լուսանկարված և երևակված կինոժապավեններ ու ֆոտոժապավեններ.
սահիկներ.
տեսաերիզներ, ձայնաերիզներ։
3. Սպորտային արտադրատեսակներ՝
սպորտային հագուստ.
տարբեր գնդակներ.
ձեռնաթիակներ ու ցանցեր.
տախտակամածի խաղեր.
մարզագույք թեթև ատլետիկայի համար.
մարմնամարզական սարքավորումներ։
4. Սարքավորումներ խաղերի կամ ժամանցի անցկացման համար ՝
սենյակային խաղեր.
երաժշտական գործիքներ.
սարքավորումներ և լրապիտույքներ սիրողական թատրոնների համար.
սարքավորումներ կերպարվեստով, քանդակագործությամբ զբաղվելու, փայտի ու մետաղի և այլ նյութերի հետ աշխատելու համար։
5. Առարկաներ կրոնական ծեսերի համար։
6. Ժամանցի անցկացման համար նախատեսված սարքավորումների մասեր, դետալներ և պարագաներ։
Հավելված թիվ 4 Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի |
1. Մամուլի սարքավորումներ՝
անհատական համակարգիչներ.
ֆաքսիմիլային ապարատներ.
Գրամեքենաներ.
բոլոր տեսակների լուսանկարչական ապարատներ (ժապավենային և էլեկտրոնային).
ապարատներ ձայնի կամ պատկերի փոխանցման, գրառման կամ վերարտադրման համար (մագնիտոֆոններ, տեսամագնիտոֆոններ, նվագարկիչներ, միկրոֆոններ, միքշերային վահանակներ, ակուստիկ սյունակներ).
կրիչներ ձայնի կամ պատկերի գրառման համար՝ չգրառված ու գրառված.
ստուգիչ-չափիչ սարքեր ու ապարատներ (օսցիլոգրաֆներ, մագնիտոֆոնների և տեսամագնիտոֆոնների ստուգման համար համակարգեր, մուլտիմետրեր, գործիքների համար ճամպրուկներ և պայուսակներ, վեկտորոսկոպներ, տեսաազդանշանների գեներատորներ և այլն).
լուսավորման սարքավորումներ (լուսարձակներ, փոխակերպիչներ, եռոտանիներ).
օժանդակ պարագաներ (ժապավենատուփեր, լուսաչափեր, օբյեկտիվներ, եռոտանիներ, կուտակիչներ, շարժափոկեր, սարքվածքներ՝ մարտկոցները լիցքավորելու համար, մոնիտորներ)։
2. Ռադիոհեռարձակման սարքավորումներ՝
կապի սարքավորումներ (ռադիոհաղորդիչներ՝ ռադիոընդունիչներ կամ հաղորդիչներ, ցանցին կամ մալուխին միացվող տերմինալներ, կապի արբանյակային գծեր).
սարքավորումներ ձայնային հաճախականությունների գեներացման համար (ապարատուրա ձայնի գրառման, գրանցման կամ վերարտադրման համար),
ստուգիչ-չափիչ ապարատուրա և գործիքներ (օսցիլոգրաֆներ, մագնիտոֆոնների և տեսամագնիտոֆոնների ստուգման համար համակարգեր, մուլտիմետրեր, գործիքների համար ճամպրուկներ և պայուսակներ, վեկտորոսկոպներ, տեսաազդանշանների գեներատորներ և այլն).
օժանդակ սարքավորումներ ու պարագաներ (ժամացույցներ, ժամանակաչափեր, կողմնացույցներ, միկրոֆոններ, միքշերային վահանակներ, մագնիսական ժապավեններ՝ ձայնագրման համար, էլեկտրաագրեգատներ, տրանսֆորմատորներ, մարտկոցներ և կուտակիչներ, սարքվածքներ՝ մարտկոցների լիցքավորման համար, ապարատներ՝ օդի տաքացման, օդորակման և օդափոխության համար և այլն).
կրիչներ ձայնի գրառման համար՝ չգրառված ու գրառված։
3. Հեռուստատեսային սարքավորումներ՝
հեռուստախցիկներ.
հեռուստատեսային, կինոյի պրոյեկցիայի կայանքներ.
ստուգիչ-չափիչ ապարատուրա և սարքեր.
հաղորդող և վերահեռարձակող ապարատուրա.
կապի ապարատուրա.
Ապարատներ՝ ձայնի և (կամ) պատկերի գրառման և (կամ) վերարտադրման համար (մագնիտոֆոններ, տեսամագնիտոֆոններ, նվագարկիչներ, միկրոֆոններ, միքշերային վահանակներ, ակուստիկ սյունակներ).
լուսավորման սարքավորումներ (լուսարձակներ, տրանսֆորմատորներ, եռոտանիներ).
տեսամոնտաժման ապարատուրա.
օժանդակ սարքավորումներ ու պարագաներ (ժամացույցներ, ժամանակաչափեր, կողմնացույցներ, օբյեկտիվներ, լուսաչափեր, եռոտանիներ, սարքվածքներ՝ մարտկոցների լիցքավորման համար, ժապավենատուփեր, էլեկտրաագրեգատներ, տրանսֆորմատորներ, մարտկոցներ և կուտակիչներ, ապարատներ օդի տաքացման, օդորակման և օդափոխության համար և այլն).
ձայնի կամ պատկերի գրառման կրիչներ՝ չգրառված ու գրառված (հաղորդումների վերնագրեր, կայանի պայմանականչ ազդանշաններ, երաժշտական ներդիրներ և այլն).
ընթացիկ նկարահանման տեսանյութ.
երաժշտական գործիքներ, կոստյումներ, դեկորացիաներ և թատերական կամ բեմական այլ լրապիտույքներ, գրիմ, մազերի չորացուցիչներ։
4. Տրանսպորտային միջոցներ, որոնք մշակվել կամ հատուկ հարմարեցվել են հետևյալի համար՝
հեռուստահաղորդող ապարատուրա.
հեռուստատեսային օժանդակ սարքավորումներ ու պարագաներ.
սարքավորումներ՝ տեսաազդանշանների գրառման համար.
ապարատուրա՝ ձայնի գրառման և վերարտադրման համար.
ապարատուրա՝ դանդաղեցված վերարտադրման համար.
լուսավորման սարքավորումներ։
5. Սարքավորումներ՝
բոլոր տեսակների խցիկներ (կինոխցիկներ ու տեսախցիկներ).
ստուգիչ-չափիչ սարքեր ու ապարատներ (օսցիլոգրաֆներ, մագնիտոֆոնների և տեսամագնիտոֆոնների ստուգման համար համակարգեր, մուլտիմետրեր, գործիքների համար ճամպրուկներ և պայուսակներ, վեկտորոսկոպներ, տեսաազդանշանների գեներատորներ և այլն).
ամբարձիչներ օպերատորների համար՝ սայլակներ ու միկրոֆոնների շտատիվներ.
լուսավորման սարքավորումներ (լուսարձակներ, տրանսֆորմատորներ, եռոտանիներ).
տեսամոնտաժման ապարատուրա.
ապարատներ ձայնի կամ պատկերի գրառման կամ վերարտադրման համար (մագնիտոֆոններ, տեսամագնիտոֆոններ, նվագարկիչներ, միկրոֆոններ, միքշերային վահանակներ, ակուստիկ սյունակներ).
կինոպրոյեկցիոն սարքավորումներ.
ընթացիկ նկարահանման տեսանյութ.
օժանդակ սարքավորումներ ու պարագաներ (ժամացույցներ, ժամանակաչափեր, կողմնացույցներ, միկրոֆոններ, միքշերային վահանակներ, ձայնագրման համար մագնիսական ժապավեններ, էլեկտրաագրեգատներ, տրանսֆորմատորներ, մարտկոցներ և կուտակիչներ, սարքվածքներ՝ մարտկոցների լիցքավորման համար, ապարատներ՝ օդի տաքացման, օդորակման և օդափոխության համար և այլն).
երաժշտական գործիքներ, կոստյումներ, դեկորացիաներ և թատերական կամ բեմական այլ լրապիտույքներ, գրիմ, մազերի չորացուցիչներ։
6. Տրանսպորտային միջոցներ, որոնք մշակվել կամ հատուկ հարմարեցվել են վերոնշյալ սարքավորումների համար։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի 2012 թվականի սեպտեմբերի 28 թիվ 9 հրամանով |
Հրապարակվել է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի պաշտոնական կայքում
2012 թվականի սեպտեմբերի 28-ին
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի «Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող կարամելի առնչությամբ հատուկ պաշտպանական կրկնակի ուսումնասիրություն սկսելու մասին»
1. Գործող պաշտպանական միջոցի մասին տեղեկատվությունը
Կարամելի առնչությամբ հատուկ պաշտպանական միջոցը սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ կառավարության 2011 թվականի հունիսի 3-ի թիվ 445 որոշմամբ, 3 տարի ժամկետով, 1 տոննայի համար 294,1 ԱՄՆ դոլարի չափով հատուկ տուրքի տեսքով, և կիրառվել է Ռուսաստանի Դաշնությունում 2011 թվականի հուլիսի 8–ից։ «Անցումային շրջանի ընթացքում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կարգի մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրին համապատասխան՝ ռուսաստանյան միջոցը տարածվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքի վրա (այսուհետ՝ ՄՄ ՄՏ)՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից անցկացրած վերանայման արդյունքներով, և կիրառվում է ՄՄ ՄՏ–ում 2012 թվականի հունվարի 12–ից (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 856 որոշում)։
2. Հատուկ պաշտպանական կրկնակի ուսումնասիրություն սկսելու հիմքերը
«Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի 1-ին հոդվածի դրույթներին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետություններից ցանկացածի՝ ԱՀԿ-ին միանալու օրվանից ԱՀԿ համաձայնագրի դրույթները, ինչպես դրանք սահմանված են ԱՀԿ-ին միանալու մասին արձանագրության մեջ, որում ներառում են պարտավորություններ, որոնք ծառայում են որպես պայման՝ ԱՀԿ-ին միանալու համար և վերաբերում են այն իրավահարաբերություններին, որոնց կարգավորման լիազորությունները Մաքսային միության շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից պատվիրակվել են Մաքսային միության մարմիններին, դառնում են Մաքսային միության իրավական համակարգի մասը:
ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները, այդ թվում՝ ՄՄ ՄՏ-ում ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու մասով, ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության՝ ԱՀԿ-ին միանալու հարցերով աշխատանքային խմբի զեկույցում (այսուհետ՝ ԱԽ զեկույց)։
ԱԽ զեկույցի 620-րդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության միանալու օրվանից կապահովվի ներքին շուկայի պաշտպանության կիրառվող միջոցների լիակատար համապատասխանությունն ԱՀԿ համաձայնագրի՝ հատուկ պաշտպանական միջոցների մասով դրույթներին, և Մաքսային միության լիազորված կառույցները կկիրառեն բոլոր համապատասխան օրենքներն ու կանոնները՝ տվյալ համաձայնագրին համապատասխան։ Ընդ որում՝ ցանկացած շահագրգիռ կողմ կարող է դիմել՝ ԱՀԿ-ին Ռուսաստանի Դաշնության միանալու ամսաթվի դրությամբ գործող՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցի վերանայումն իրականացնելու հարցումով՝ նշելով տվյալ միջոցի առանձնահատկությունները, որոնք, շահագրգիռ կողմի կարծիքով, չեն համապատասխանում այս ոլորտում ԱՀԿ–ի նորմերին և կանոններին։
Հաշվի առնելով վերոնշյալ պարտավորությունները՝ ««ROSHEN» հրուշակեղենի կորպորացիա» ԴՁ-ն, «Խարկովի բիսկվիտի գործարան» ՀԲԸ-ն և ««Խարկովչանկա» հրուշակեղենի գործարան» ՀԲԸ-ն դիմել են Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ՄՄ ՄՏ ներմուծվող կարամելի առնչությամբ գործող հատուկ պաշտպանական միջոցի վերանայման մեկնարկի վերաբերյալ հարցումով։
Դեպարտամենտն ուսումնասիրել է վերոնշյալ հարցումը և ներկայացված տեղեկատվությունը բավարար է ճանաչել՝ ՄՄ ՄՏ ներմուծվող կարամելի առնչությամբ հատուկ պաշտպանական կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու համար՝ գործող հատուկ պաշտպանական միջոցի հնարավոր ազատականացման մասով։
3. Շահագրգիռ անձանց իրավունքները և դրանց իրացման ժամկետները
Ուսումնասիրության մեկնարկի ամսաթիվը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում սույն ծանուցման հրապարակման ամսաթիվն է։
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 36-րդ հոդվածում նշված շահագրգիռ անձինք կարող են ուսումնասիրության մեկնարկի օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում իրենց մեկնաբանությունները և ուսումնասիրությանն առնչվող տեղեկություններն ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ (գրավոր, ռուսերեն, գաղտնի և ոչ գաղտնի տարբերակներով)։
Ուսումնասիրության ոչ գաղտնի նյութերին ծանոթանալու, հանրային լսումներին և բանակցություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար շահագրգիռ անձինք, Համաձայնագրի 30-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, ուսումնասիրության մեկնարկի օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում կարող են հայտարարել ուսումնասիրության մասնակցի կարգավիճակ ստանալու իրենց մտադրության մասին։
Ուսումնասիրության մասնակիցներն ուսումնասիրության մեկնարկի օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում կարող են Համաձայնագրի 34-րդ հոդվածով նախատեսված հանրային լսումներ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։
4. Գաղտնի տեղեկատվության ռեժիմը
Ուսումնասիրության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ շահագրգիռ անձանց և ուսումնասիրության մասնակիցների կողմից ստացված գաղտնի տեղեկատվության առնչությամբ կկիրառվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ «Ուսումնասիրություն անցկացնելու համար պատասխանատու մարմնում գաղտնի տեղեկատվության և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության օգտագործման և պաշտպանության մասին» հիմնադրույթը։
5. Կոնտակտային տեղեկությունները
Շահագրգիռ անձինք կարող են իրենց մեկնաբանությունները և ուսումնասիրությանն առնչվող տեղեկություններն ուղարկել հետևյալ հասցեով՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ
119121, Սմոլենսկի բուլվար, շենք 3/5, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն։
Կոնտակտային հեռախոսահամարներ՝ +7 (495) 604 40 38 #1272, 1292:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ |
Ապրանքների ցանկ՝ արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի քննարկման համար
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16–ի թիվ 125 որոշման խմբագրությամբ)
1. Լողացող կամ ջրի տակ աշխատող հորատման կամ շահագործման հենահարթակներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8905 20 000 ծածկագիր)։
2. Նավեր, որոնք նավթամթերքի արտահանման ժամանակ օգտագործվում են որպես կուտակարաններ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8901 ապրանքային դիրք)։
3. Սառնարանային և ձկնորսական նավեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8901 30 100 0, 8902 00 100 0 ծածկագրեր)։
4. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701 20 101 3, 8701 20 901 7, 8704 23 910 8, 8704 23 990 7, 8716 39 300 1, 8716 39 300 2, 8716 39 590 1 ծածկագրեր)։
5. Կոմբայններ՝ նախատեսված հացահատիկային, տեխնիկական, յուղատու և այլ մշակաբույսերի հավաքման համար, ճակատային հնձիչներ՝ կախովի, կցովի։
6. Երկաթուղային բեռնատար վագոններ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8606 10 000 0, 8606 30 000 0, 8606 91, 8606 92 000 0, 8606 99 000 0 ծածկագրեր)։
7. Քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5, 8802 40 003 6, 8802 40 004 6 ծածկագրեր)։
(7-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 25.06.2013 թիվ 140)
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 25.06.2013 թիվ 140)
_____________________________________________________
* Սույն Ցանկի I բաժնում նշված բեռնարկղերը, տակդիրները և փաթեթվածքը կիրառվում են «Ժամանակավոր ներմուծման մասին» 1990 թվականի հունիսի 26-ի կոնվենցիայի (քաղ. Ստամբուլ) Բ.3 հավելվածում սահմանված հասկացությունների համաձայն։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|