ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 898-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 1-ի N 898-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների (այսուհետ` լիցքավորող կազմակերպություն) կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու գործընթացը, ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները:
2. Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորման գործընթացը ներառում է՝ լիցքավորվող փամփուշտների բաղկացուցիչ մասերի պիտանիության հետազոտումը, փամփուշտների լիցքավորումը և փորձարկումը:
3. Փամփուշտների լիցքավորումը պետք է համապատասխանի քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների տվյալ տեսակի և տրամաչափի պատրաստման համար նախատեսված՝ գործարանային արտադրության պայմաններին: Լիցքավորված փամփուշտները պետք է հստակ ունենան իրենց տարբերակիչ դրոշմվածքները (լիցքավորող կազմակերպության կամ գործարանի ծածկագրերը, լիցքավորման տարեթիվը), ինչպես նաև համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատված տեխնիկական բնութագրերը:
4. Լիցքավորված փամփուշտները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներով ընդունված տեխնիկական բնութագրերին:
5. Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորման որակական հատկանիշների, դրանց անվտանգային պահանջների, ինչպես նաև լիցքավորման ենթակա փամփուշտների տեխնիկական բնութագրերի համապատասխանության պատասխանատվությունը կրում է լիցքավորող կազմակերպությունը:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Լիցքավորող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով սահմանված՝ փամփուշտների արտադրման համար նախատեսված զետեղարաններին, պահոցներին, պահեստներին և առևտրի սրահներին ներկայացվող պահանջները:
7․ Լիցքավորող կազմակերպությունները փամփուշտների լիցքավորման գործընթացն սկսելուց առաջ մեկամսյա ժամկետում պարտավոր են անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն)` նշելով լիցքավորող կազմակերպության անվանումը, փամփուշտների լիցքավորում կատարելու վայրը` հետագայում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ չունեցող, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպություններ չհանդիսացող այլ կազմակերպությունների կողմից փամփուշտների լիցքավորման հանգամանքը բացառելու նպատակով:
8. Լիցքավորող կազմակերպությունները պարտավոր են տվյալ գործունեությունն իրականացնել միայն իրենց կողմից ոստիկանությանը տեղեկացրած վայրում: Նշված գործունեությունն իրականացնելու վայրի փոփոխության դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղյակ պահել ոստիկանությանը:
9. Արգելվում է փամփուշտների լիցքավորման ընթացքում նախկինում կրակված (զենքի կրակման հետքեր կրող, զենքի մեջ լիցքավորված կամ լիցքաթափված) փամփուշտների կամ դրանց բաղկացուցիչ մասերի (պարկուճ, գնդակ, հրապատիճ, մանրագնդակ և այլն) օգտագործումը:
10. Ելնելով պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորմամբ զբաղվող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`
1) փամփուշտների լիցքավորման տարածքում ունենալ պահեստային շինություններ, զինասենյակներ, փորձարկման լաբորատորիաներ, լիցքավորված փամփուշտների նպատակային նշանակությունը և պիտանիությունն ստուգող (փորձարարական կրակման նպատակով օգտագործվող)՝ փորձարարական հրաձգարան, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ, որոնց անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով լիցքավորվող փամփուշտների արտադրական հզորությունից, տեխնիկական առանձնահատկությունից ու պայմաններից, ինչպես նաև պատրաստման տեխնոլոգիայից.
2) փամփուշտների լիցքավորման տարածքի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ, անվտանգության համակարգեր, ազդանշանային սարքավորումներ.
3) փամփուշտների լիցքավորման տարածքի պատուհանները, ելքային և մուտքային տեղամասերը, հրավտանգ և առավել հրավտանգ տեղամասերը պետք է կառուցված լինեն հրդեհային անվտանգության կանոնների խստագույնս պահպանմամբ.
4) փամփուշտների լիցքավորման տարածքները, շենքերն ու շինությունները պետք է լինեն առանձնացված և բնակելի, պետական, հասարակական և արտադրական շենքերից գտնվեն առնվազն 500 մետր հեռավորության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
06.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2024, N 805-Ն | 01.06.2024, N 898-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|