ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ «ԱՐՏԱՇԱՏ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՕՏԱՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի վարչական սահմաններում «Քաղաքատեղի «Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված՝ քաղաքացու և իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող՝ 5,5 հեկտար 03-049- 0101-0005, 0,1 հեկտար 03-049-0101-0011, 0,06 հեկտար 03-049-0101-0006, 0,21 հեկտար 03-049-0101-0008, 0.0300 հեկտար 03-049-0101-0009 և 0,1 հեկտար 03-049- 0101-0010 կադաստրային ծածկագրերով հողամասերի նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի «Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված` քաղաքացու և իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ գույք) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով.
1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձան (այսուհետ՝ հուշարձան) համարվող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսառատ համայնքի վարչական սահմաններում գտնվող «Քաղաքատեղի «Արտաշատ» հուշարձանի օտարված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու հուշարձանի և դրա պատմական միջավայրի պահպանությունը, անխոչընդոտ իրականացնելու հնագիտական ուսումնասիրությունները (հետախուզում և պեղումներ), բացված հնագիտական կառույցների ամրակայումը և վերականգնումը, պատմամշակութային արժեքի բացահայտումը, պահպանական գոտում օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանումը և շրջակա տարածքներում իրականացվող հողային և գյուղատնտեսական աշխատանքների նկատմամբ հսկողությունը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`
ա. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսառատ համայնքի հանրապետական նշանակության «Քաղաքատեղի «Արտաշատ» հուշարձանի տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել հուշարձանի տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով,
բ. թույլ կտա ապահովել հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը,
գ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու հուշարձանի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,
դ. հուշարձանի տարածքից օտարված հողամասի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը և ընդգրկումը պատմամշակութային արգելոցի սահմաններում հնարավորություն կտա մոտակա երկու համայնքների բնակչությանը լիարժեք մասնակցելու զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը:
3. Սահմանել, որ`
1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու տարածքային կառավարման մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 15-ն է.
4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այն փոխհատուցելու համար.
4) գույքի ձեռքբերումից հետո միջոցներ ձեռնարկել հանրապետական նշանակության հուշարձանի գույքային գրանցման և դրա սպասարկման նպատակով առանձնացվող հողամասի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողի նպատակային նշանակությունը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|