Գլխավոր տեղեկություն
Համար
N 864-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2023-18.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 864-Ն

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՅԼ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից, բացառությամբ սույն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում նույն կետերում նշված՝ առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) տվյալների փոխանակման համապատասխան համակարգի գործարկման օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 864-Ն որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՅԼ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի 3-րդ կետում չնշված դեպքերում՝ հարկ վճարողներին միասնական հաշվում առկա գումարների վերադարձն իրականացվում է իրենց անվամբ բացված բանկային հաշիվներին։

3. Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին իրականացվում է հետևյալ դեպքերում՝

1) բանկային հաշիվներ չունեցող կազմակերպություններին գումարների վերադարձն իրականացվում է՝

ա․ կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության բանկային հաշվին,

բ․ լուծարված կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության մասնակցի բանկային հաշվին՝ մյուս մասնակիցների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի մասնակիցներ),

գ․ լուծարված պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների դեպքում՝ համապատասխան գանձապետական հաշիվներին.

2) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում՝ ժառանգի անձնագրային տվյալներով բացված բանկային հաշվին՝ մյուս ժառանգների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի ժառանգներ).

3) բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարների վերադարձն իրականացվում է վերջիններիս՝ որպես ֆիզիկական անձ, անձնագրային տվյալներով բացված բանկային հաշիվներին.

4) պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գումարների վերադարձը կարող է իրականացվել նաև նրանց գանձապետական հաշիվներին։

4. Միասնական հաշվում առկա գումարները վերադարձվում են սույն կարգին համապատասխան այդ գումարներն ստանալու իրավասություն ունեցող անձանց՝ նրանց կողմից հարկային մարմին ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանով հաստատված դիմումի հիման վրա, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված դեպքի։

5. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում և 2-րդ ենթակետում նշված դեպքերում սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը հարկային մարմին է ներկայացվում թղթային տարբերակով, և դիմումին կից ներկայացվում են նաև իրավահաջորդությունը, մասնակից հանդիսանալու փաստը, ժառանգությունը և անձի նույնականացումը հավաստող համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև բանկի կողմից տրված տեղեկանք, որը կհավաստի, որ ներկայացված բանկային հաշիվը պատկանում է դիմումատուին։

6. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով։

7. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումում նշված հաշվի՝ դիմումատուին պատկանելիության և վավերականության հավաստման նպատակով սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում հարկային մարմինն առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։

8․ Էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումում նշված հաշվի՝ դիմումատուին պատկանելիության և վավերականության հավաստման նպատակով սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում հարկային մարմինն առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.12.2023, N 2114-Ն ---------
17.11.2023, N 1973-Ն 18.11.2023, N 864-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան