Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.01.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0736/04/21

2023 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0736/04/21

Նախագահող դատավոր

 Ա. Կուրեխյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ս. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

2023 թվականի հունվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գուրգեն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սեդրակ Առուստամյանը պահանջել է Գուրգեն Խաչատրյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 24.06.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան, դատավորներ Ս. Թորոսյան, Ա. Պետրոսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ որոշման լրացուցիչ պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Խաչատրյանը (ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեդրակ Առուստամյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 191-րդ հոդվածները և 414-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի այն փաստարկին, որ Դատարանն արձանագրային որոշմամբ ընդունել է դատական նիստի ընթացքում պարտապանի ներկայացուցչի ներկայացրած ապացույցներն ու դրանք կցել սնանկության գործին, ինչի հետևանքով վերջինիս մոտ ձևավորվել է դրանք այլ ապացույցների հետ համակցության մեջ հետազոտման ենթակա լինելու մասին համոզմունք, բայց վճռով Դատարանն արձանագրել է, որ դրանք թույլատրելի ապացույցներ չեն՝ խախտելով իրավական որոշակիության սկզբունքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ գործի նախորդ քննության ընթացքում խնդրո առարկա ապացույցները չեն ներկայացվել պարտապանի կամքից անկախ պատճառներով, որպիսի հանգամանքը դատական նիստի ժամանակ պարտապանի ներկայացուցիչների կողմից հիմնավորվել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը սնանկության գործով կիրառելի չէ, քանի որ գործի նախորդ քննության ժամանակ ապացուցման բեռի բաշխում չի եղել, պարտապանի վրա չի դրվել որևէ փաստ ապացուցելու և դրա հաստատմանն ուղղված ապացույցներ ներկայացնելու պարտականություն: Ուստի, գործի նոր քննության ընթացքում ներկայացված ապացույցները պետք է Վերաքննիչ դատարանի կողմից թույլատրելի համարվեին՝ հաստատելով վճարային պարտավորության վիճելի լինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը հանգել է եզրակացության, որ միայն հայցադիմում ներկայացնելը չի կարող վկայել նյութաիրավական վեճի և պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի դեռ հայցադիմումը դատարանի վարույթ չի ընդունվել: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների կողմից 10.03.2022 թվականին ներկայացված հայցադիմումը (պարտավորության կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջով) այնպիսին է, որ կարող է ստեղծել պարտապանի կողմից պարտատիրոջ պահանջն ընդհանրապես չկատարելու հնարավորություն: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ նշված հայցադիմումով թեև չի հաստատվում վճարային պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը, սակայն այն բավարար է առնվազն կասկածի տակ դնելու համար վճարային պարտավորության անվիճելիությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ մերժել դիմումը, կամ գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձն ընդունում է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները՝ հավելելով, որ սնանկության դիմում ներկայացնելիս վստահ է եղել, որ իր հանդեպ Գուրգեն Խաչատրյանի ունեցած պարտավորությունն անվիճելի է եղել, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունների և բանակցությունների արդյունքում հանգել է դրա վիճելի լինելու մասին եզրահանգման: Կողմերի միջև առկա նյութաիրավական վեճի շրջանակներում հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, և Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սեդրակ Առուստամյանը 07.04.2021 թվականին դատարան է ներկայացրել Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, որի հիմքում դիմողը դրել է հետևյալ պայմանագրերից բխող վճարային պարտավորությունները կատարված չլինելը՝

1.1) Սեդրակ Առուստամյանի` որպես փոխատուի և Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի` որպես փոխառուների միջև 09.07.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 7.000.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 30.07.2010 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 30.07.2015 թվականը, ապա՝ 30.07.2019 թվականը),

1.2) Սեդրակ Առուստամյանի՝ որպես փոխատուի և Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի՝ որպես փոխառուների միջև 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 10.000.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 30.04.2016 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 30.04.2019 թվականը),

1.3) Սեդրակ Առուստամյանի՝ որպես փոխատուի և Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի՝ որպես փոխառուների միջև 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 13.400.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 10.07.2016 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 10.07.2019 թվականը) (հատոր 1, գ.թ. 3-9, 74-89):

2) 10.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները Դատարան են ներկայացրել՝

 2.1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 10.03.2022 թվականին մուտքագրված՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին,

 2.2) նշված հայցադիմումին կցված փաստաթղթերը, մասնավորապես` «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների և Սեդրակ Առուստամյանի միջև 09.07.2009 թվականին, 30.04.2011 թվականին և 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերով տրված գումարները և դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատուին վերադարձված լինելու և փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին (հատոր 4, գ.թ. 33-35, 44-52):

3) Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին կցել է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը (հատոր 5, գ.թ. 25):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ.

1.1) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը կիրառվել է թիվ ՍնԴ/0723/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,

 1.2) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԿԴ/0074/04/09 և թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 01.04.2011 թվականի և 27.12.2017 թվականի դատական ակտերում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

 2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նախ սնանկության վարույթում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի կիրառելիության հարցին, ապա նաև վճարային պարտավորության մասին նյութաիրավական վեճի առկայության պայմաններում սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալու իրավական հարցին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են ՀՀ սնանկության դատարանում (այսուհետ՝ Սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

Համանման կարգավորում է նախատեսված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով։

Վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, և սնանկության վարույթում տվյալ դատավարական հարցերը (իրավահարաբերությունները) կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով, եթե դրանցից տարբերվող՝ հատուկ կանոններ նախատեսված չեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։

Վճռաբեկ դատարանն այս հարցի համատեքստում անհրաժեշտ է համարում ընդգծել քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգավորումները սնանկության վարույթի էությանը և նպատակներին համահունչ կիրառելու անհրաժեշտությունը։

Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:

Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։

Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է, կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դատարանը պարտապանի կողմից սահմանված ժամկետում առարկություններ չներկայացնելու դեպքում սնանկ ճանաչելու հարցը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական նիստ նշանակում է միայն պարտապանի կողմից սահմանված ժամկետում առարկություններ ներկայացնելու դեպքում:

Մինչդեռ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, (...):

Նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` (...)

7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը,

8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը,

9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը,

10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:

Վերոգրյալից հետևում է, որ հայցային վարույթի գործերով, որպես ընդհանուր կանոն, դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար պարտադիր է նախնական դատական նիստի իրականացումը, որի ընթացքում կատարվող գործողություններից են ապացուցման առարկան որոշելը և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝

1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.

2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոշարադրյալ իրավանորմերի համադրությունից հետևում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է սնանկության դիմումը վարույթ ընդունելուն հաջորդող դատավարական գործողությունների առանձնահատուկ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգից տարբերվող կարգ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործը դատաքննության նախապատրաստելու փուլը կազմող գործողությունները, այդ թվում ապացուցման առարկան որոշելը և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելը սնանկության վարույթում կիրառելի չեն։

Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, որով սահմանվում է գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից նոր ապացույցներ (դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ) ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել, կիրառելի չէ սնանկության վարույթում, այդ թվում դրա ընթացքում հարկադրված սնանկության դիմումի հիմքերի դեմ պարտապանի կողմից իր առարկությունները հիմնավորելուն ուղղված նոր՝ գործի նոր քննության շրջանակներում ներկայացված ապացույցների ընդունելիության հարցը լուծելիս։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, որով սահմանվում է գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից նոր ապացույցներ (դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ) ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ վերջինս հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորումը սնանկության գործի քննության նկատմամբ կիրառելիս պետք է մեկնաբանվի սնանկության վարույթի էության և առանձնահատկությունների հաշվառմամբ՝ հետևյալ իմաստով

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):

Շարադրված իրավանորմերի մեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է, ինչը ենթադրում է հետևյալ իրավաբանական փաստերի միաժամանակյա առկայությունը՝ պարտապանի վճարային պարտավորության առկայությունը, պարտավորության 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող չափով, վճռի կայացման պահին կետանցը շարունակվելը և պարտավորության անվիճելիությունը:

Պարտապանի փաստացի անվճարունակության պարտադիր հատկանիշ է վճարային պարտավորության անվիճելիությունը: Ընդ որում՝ գործում է վճարային պարտավորության անվիճելի լինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը դրա դեմ չի առարկում, կամ առարկում է, բայց դիմողի պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադարձել է այդ ժամանակ գործող խմբագրությամբ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի սահմանադրականության հարցին և արձանագրել է, որ վիճարկվող դրույթում «(…) պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Դա բխում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու պարտադիր պայման է դիտարկում ոչ թե ընդհանրապես, այլ բացառապես անվիճելի վճարային պարտավորության առկայությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությանն ու արձանագրել, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլև նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե΄ս թիվ ԵԿԴ/0074/04/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկությունը հիմնավորելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված չափը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված չափը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու այդ չափը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված դատական ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե΄ս թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ նյութաիրավական վեճի առկայությունը կարող է դրսևորվել բացառապես հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու հանգամանքով՝ հիմք ընդունելով պահանջի դեմ առարկելու համար հիմքերի բավարարության պահանջը, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացված լինելու փաստը որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմք դիտարկելու դեպքում անհնարին կլինի ապահովել սնանկության վարույթի կայունությունը և բացառել հայցադիմումներ ներկայացնելու միջոցով պարտավորության վիճելիության ձևական ապացույցներ ստեղծելու հնարավորությունը:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը ոչ թե ցանկացած, այլ վճռի կայացման պահին անվիճելի վճարային պարտավորության առկայությունն է: Ընդ որում, պարտավորության անվիճելիությունը, եթե անգամ այն բխում է գրավոր գործարքից, կարող է կասկածի տակ դրվել, եթե առկա է այնպիսի նյութաիրավական վեճ, որը հնարավորություն է ստեղծում պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ վեճի հիմքից: Ուստի, նյութաիրավական վեճի առկայությունը պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է, եթե պարտապանը ներկայացրել է այնպիսի վեճի առկայությունը հաստատող ապացույցներ, որը հնարավոր է դարձնում պարտատիրոջ պահանջն առհասարակ չկատարելը և այդպիսով պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը կասկածի տակ դնելը:

Վերոգրյալից բխում է, որ դատարանը սնանկության դիմումը բավարարելու հիմքերի առկայությունը պետք է գնահատի վճռի կայացման պահի դրությամբ, և ըստ այդմ յուրաքանչյուր դեպքում դատավարական իրավունքի նորմերով ամրագրված պահանջները չպետք է մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ անհնարին լինի ապահովել վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ և ճիշտ գնահատումը։ Մասնավորապես, այդ պահանջների կիրառմամբ չի կարող ի չիք դառնալ անձի արդար դատաքննության իրավունքը՝ իր գործի արդարացիորեն լուծման, իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն տրամադրված լինելու տեսանկյունից, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետ; տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 24.06.2021 թվականի վճռով Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու մասին Սեդրակ Առուստամյանի դիմումը մերժվել էր սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված՝ փոխառության պայմանագրերը լուսապատճենների տեսքով ներկայացված լինելու, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող պատշաճ ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան, դատավորներ Ս. Թորոսյան, Ա. Պետրոսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ բեկանել է ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության գործում առկա բոլոր ապացույցները ՀՀ սնանկության դատարանի կողմից լրիվ և բազմակողմանի հետազոտված չլինելու և վճռում դրանց որևէ կերպ գնահատական տրված չլինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Գործի նոր քննության ժամանակ՝ 10.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները Դատարան են ներկայացրել՝

1. Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին՝ մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 10.03.2022 թվականին:

2. նշված հայցադիմումին կցված փաստաթղթերը, մասնավորապես` «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը (հատոր 4, գ.թ. 33-35, 44-52):

Դատարանը 24.03.2022 թվականի վճռով դիմումը բավարարել է և Գուրգեն Խաչատրյանին սնանկ է ճանաչել հետևյալ պատճառաբանությամբ «(…) Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ Գուրգեն Խաչատրյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, որը կհիմնավորեր դատարանում կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը, որպիսի պարագայում Դատարանը ձեռնամուխ կլիներ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի, հետևաբար նաև՝ նյութաիրավական վեճի բովանդակային վերլուծությանը:

Անդրադառնալով պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից 10.03.2022 թվականի դատական նիստին ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» և «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճեններին` Դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝

Տվյալ դեպքում, Դատարանն արձանագրում է, որ Գուրգեն Գագիկի Խաչատրյանի ներկայացուցիչ Ա. Օրբելյանի կողմից չներկայացվեցին հիմնավորումներ առ այն, որ ներկայացված նոր ապացույցներն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չեն ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով, ուստի վերջինիս կողմից ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» և «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճենները Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատարանի կողմից բեկանման արդյունքում նոր քննության առանձնահատկություններով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414–րդ հոդվածի կարգավորումներով պայմանավորված, համարում է ոչ թույլատրելի և չի անդրադառնում դրանց բովանդակությանը (…)»:

Գուրգեն Խաչատրյանը Դատարանի 24.03.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը (հատոր 5-րդ, գ.թ. 25):

Վերաքննիչ դատարանը 19.07.2022 թվականի որոշմամբ մերժել է Գուրգեն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 24.03.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ ներքոշարադրյալ լրացուցիչ պատճառաբանություններով.

«(...) նախ՝ գործի նախորդ քննության ժամանակ պարտապանը զրկված չի եղել նույն այդ ապացույցները ներկայացնելու հնարավորությունից, նաև՝ որ այդ ապացույցները չներկայացնելը պայմանավորված է եղել միմիայն պարտապանի՝ իր դատավարական իրավունքների իրականացման հայեցողական դիրքորոշմամբ և իր կամքից անկախ դրանք ներկայացնելու անհնարինություն առկա չի եղել:

(...) միայն հայցադիմում ներկայացնելը չի կարող վկայել նյութաիրավական վեճի և պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի դեռ հայցադիմումը դատարանի վարույթ չի ընդունվել, իսկ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ սույն գործով վճռի հրապարակման օրվա դրությամբ Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունված չի եղել, հետևաբար նույնիսկ դատարանի կողմից իրեն հասանելի աղբյուրներով ստուգելու դեպքում չէր կարող հաստատվել այլ վարույթի շրջանակներում նյութաիրավական վեճի քննության փաստը։ (...) Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին առաջին ատյանի դատարանի 25.03.2022թ. որոշումը, որը սակայն վերաքննիչ դատարանն ընդունելու իրավունք չունի, քանի որ դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել, քանի որ սույն գործով առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է ավելի վաղ՝ 24.03.2022թ.»:

Սույն գործի փաստերից հետևում է, որ

- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման հիման վրա սույն գործի նոր քննություն իրականացնելու ժամանակ պարտապան Գուրգեն Խաչատրյանն առարկել է հարկադիր սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության դեմ՝ Դատարան ներկայացնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 10.03.2022 թվականին մուտքագրված՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին, ինչպես նաև այդ հայցադիմումին կցված «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ՝ վերոնշյալ փոխառության պայմանագրերով տրված գումարները և դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատու Սեդրակ Առուստամյանին վերադարձված լինելու և փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին,

- Դատարանի 24.03.2022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքին կից Գուրգեն Խաչատրյանը ներկայացրել է նաև թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 25.03.2022 թվականի որոշման պատճենը,

- վճռաբեկ բողոքի պատասխանով դիմող Սեդրակ Առուստամյանը ոչ միայն ընդունել է Գուրգեն Խաչատրյանի հանդեպ ունեցած իր պահանջի վիճելիությունը, այլև հայտնել է, որ նյութաիրավական վեճի քննության շրջանակներում կողմերի միջև հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, և Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է:

Ստորադաս դատարանները հետազոտել են թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումն ու կից փաստաթղթերը և հանգել հետևության, որ հայցադիմումի առկայությունը այն վարույթ ընդունելու որոշման բացակայության պայմաններում ինքնին չի հիմնավորում «դատարանում կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը», «այլ վարույթի շրջանակներում նյութաիրավական վեճի քննության փաստը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի կողմից Դատարանին ներկայացվել են վճարային պարտավորության առկայությունը վիճարկող գրավոր ապացույցներ, մասնավորապես՝ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների և Սեդրակ Առուստամյանի միջև 09.07.2009 թվականին, 30.04.2011 թվականին և 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերով տրված գումարները և դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատուին վերադարձված լինելու և փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին, իսկ սույն սնանկության գործով դիմողի պահանջը հիմնված է նշված քաղաքացիական գործով վեճի առարկա փոխառության պայմանագրերի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերն իրենց բովանդակությամբ ինքնին բավարար ապացույցներ են հիմնավորելու համար սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության վիճելիությունը: Մինչդեռ, գործի նոր քննության ընթացքում վերոնշյալ փաստաթղթերի՝ որպես նոր ապացույցների ընդունելիությունը պարզելու հարցի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը կիրառելիս ստորադաս դատարանները տվյալ դրույթը չեն մեկնաբանել սնանկության վարույթի էության և առանձնահատկությունների հաշվառմամբ` այնպես, որ ապահովվեր վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ և ճիշտ գնահատումը։ Ավելին, վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկներով հիմնավորվում է, որ դիմողը ոչ միայն ընդունել է Գուրգեն Խաչատրյանի հանդեպ ունեցած իր պահանջի վիճելի լինելը, այլ նաև այն, որ նյութաիրավական վեճի քննության շրջանակներում կողմերի միջև հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, և Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է:

Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով Գուրգեն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով վիճարկվել է սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության առկայությունը՝ փոխառության գումարները վերադարձված լինելու հիմքով պարտավորությունը կատարված լինելու հանգամանքի վկայակոչմամբ: Հետևաբար, նշված հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռևս վարույթ չընդունված լինելը չի վկայում սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության անվիճելիության մասին։

Վճռաբեկ դատարանը հանգում է եզրակացության, որ Սեդրակ Առուստամյանի ներկայացրած պարտավորության վիճելիության, հետևաբար նաև՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներից առնվազն մեկի բացակայության մասին ապացույցները՝ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որպես վիճելիության հիմք չընդունելը հանգեցրել է Դատարանի կողմից գործի սխալ լուծման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերոշարադրյալ պատճառաբանությամբ, ինչպես նաև հաշվի առնելով վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`

1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.

3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է՝ Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշումը բեկանվում և փոփոխվում է՝ սնանկության դիմումը մերժվում է, դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծել հետևյալ կերպ.

1. հարկադրված սնանկ ճանաչելու դիմում և ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դիմող Սեդրակ Առուստամյանի կողմից վճարված պետական տուրքի գումարների՝ համապատասխանաբար 100.000 ՀՀ դրամի և 10.000 ՀՀ դրամի, մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված,

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Գուրգեն Խաչատրյանի կողմից վճարված պետական տուրքի գումարը՝ 20.000 ՀՀ դրամի չափով, բռնագանձել Սեդրակ Առուստամյանից հօգուտ Գուրգեն Խաչատրյանի,

3. Դատարանի 24.03.2022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք և Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Գուրգեն Խաչատրյանի կողմից վճարված պետական տուրքի գումարները՝ համապատասխանաբար 10.000 ՀՀ դրամի և 20.000 ՀՀ դրամի չափով, բռնագանձել Սեդրակ Առուստամյանից հօգուտ Գուրգեն Խաչատրյանի,

4. Կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ: Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Գուրգեն Խաչատրյանը վճարել է 20.000 ՀՀ դրամի չափով ավել պետական տուրքի գումար, այն նշված հոդվածի ուժով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերադարձման Գուրգեն Խաչատրյանին:

Սույն գործով դատական ծախսերը ներառում են նաև ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (…) Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: (…):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ (…), սնանկության դիմումը մերժվելու, (…) դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը (ժամանակավոր կառավարիչը) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, (...):

Նկատի ունենալով, որ սնանկության գործում առկա չէ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը, որի հիման վրա հնարավոր կլիներ պարզել պարտապան Գուրգեն Խաչատրյանի տարեկան եկամտի չափն ու ըստ այդմ սահմանել սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Մարտին Մանուչարյանի վարձատրության չափը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս ամսական վարձատրությունը պետք է սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, որը սույն որոշումը կայացնելու պահին կազմում է 68.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի 08.04.2021 թվականի որոշմամբ, և սնանկ ճանաչելու դիմումը մերժվում է սույն որոշմամբ, որպիսի պահից էլ վերջինիս լիազորությունները դադարում են՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Սեդրակ Առուստամյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Մարտին Ալեքսանդրի Մանուչարյանի պետք է բռնագանձել ամսական վարձատրությունը՝ ժամանակավոր կառավարչի պարտականությունը ստանձնելու պահից՝ 08.04.2021 թվականից, մինչև սույն որոշումը կայացնելու պահը՝ 1.428.000 ՀՀ դրամի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշումը և փոփոխել՝ Սեդրակ Առուստամյանի դիմումը Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Սեդրակ Առուստամյանից հօգուտ Գուրգեն Խաչատրյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ։

3. Սեդրակ Առուստամյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Մարտին Մանուչարյանի բռնագանձել 1.428.000 ՀՀ դրամ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Հատուկ կարծիք

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով 23.01.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

23.01.2023 թվական

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի հունվարի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով Գուրգեն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշումը և փոփոխել՝ Սեդրակ Առուստամյանի դիմումը Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան՝ Սեդրակ Առուստամյանը պահանջել է Գուրգեն Խաչատրյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 24.06.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան, դատավորներ Ս. Թորոսյան, Ա. Պետրոսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ որոշման լրացուցիչ պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Խաչատրյանը (ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեդրակ Առուստամյանը»։

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 191-րդ հոդվածները և 414-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի այն փաստարկին, որ Դատարանն արձանագրային որոշմամբ ընդունել է դատական նիստի ընթացքում պարտապանի ներկայացուցչի ներկայացրած ապացույցներն ու դրանք կցել սնանկության գործին, ինչի հետևանքով վերջինիս մոտ ձևավորվել է դրանք այլ ապացույցների հետ համակցության մեջ հետազոտման ենթակա լինելու մասին համոզմունք, բայց վճռով Դատարանն արձանագրել է, որ դրանք թույլատրելի ապացույցներ չեն՝ խախտելով իրավական որոշակիության սկզբունքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ գործի նախորդ քննության ընթացքում խնդրո առարկա ապացույցները չեն ներկայացվել պարտապանի կամքից անկախ պատճառներով, որպիսի հանգամանքը դատական նիստի ժամանակ պարտապանի ներկայացուցիչների կողմից հիմնավորվել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը սնանկության գործով կիրառելի չէ, քանի որ գործի նախորդ քննության ժամանակ ապացուցման բեռի բաշխում չի եղել, պարտապանի վրա չի դրվել որևէ փաստ ապացուցելու և դրա հաստատմանն ուղղված ապացույցներ ներկայացնելու պարտականություն: Ուստի, գործի նոր քննության ընթացքում ներկայացված ապացույցները պետք է Վերաքննիչ դատարանի կողմից թույլատրելի համարվեին՝ հաստատելով վճարային պարտավորության վիճելի լինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը հանգել է եզրակացության, որ միայն հայցադիմում ներկայացնելը չի կարող վկայել նյութաիրավական վեճի և պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի դեռ հայցադիմումը դատարանի վարույթ չի ընդունվել: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների կողմից 10.03.2022 թվականին ներկայացված հայցադիմումը (պարտավորության կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջով) այնպիսին է, որ կարող է ստեղծել պարտապանի կողմից պարտատիրոջ պահանջն ընդհանրապես չկատարելու հնարավորություն: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ նշված հայցադիմումով թեև չի հաստատվում վճարային պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը, սակայն այն բավարար է առնվազն կասկածի տակ դնելու համար վճարային պարտավորության անվիճելիությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ մերժել դիմումը, կամ գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության»:

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձն ընդունում է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները՝ հավելելով, որ սնանկության դիմում ներկայացնելիս վստահ է եղել, որ իր հանդեպ Գուրգեն Խաչատրյանի ունեցած պարտավորությունն անվիճելի է եղել, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունների և բանակցությունների արդյունքում հանգել է դրա վիճելի լինելու մասին եզրահանգման: Կողմերի միջև առկա նյութաիրավական վեճի շրջանակներում հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, և Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է»։

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սեդրակ Առուստամյանը 07.04.2021 թվականին դատարան է ներկայացրել Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, որի հիմքում դիմողը դրել է հետևյալ պայմանագրերից բխող վճարային պարտավորությունները կատարված չլինելը՝

1.1) Սեդրակ Առուստամյանի` որպես փոխատուի և Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի` որպես փոխառուների միջև 09.07.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 7.000.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 30.07.2010 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 30.07.2015 թվականը, ապա՝ 30.07.2019 թվականը),

1.2) Սեդրակ Առուստամյանի՝ որպես փոխատուի և Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի՝ որպես փոխառուների միջև 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 10.000.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 30.04.2016 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 30.04.2019 թվականը),

1.3) Սեդրակ Առուստամյանի՝ որպես փոխատուի և Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի՝ որպես փոխառուների միջև 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 13.400.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 10.07.2016 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 10.07.2019 թվականը) (հատոր 1, գ.թ. 3-9, 74-89):

2) 10.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները Դատարան են ներկայացրել՝

2.1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 10.03.2022 թվականին մուտքագրված՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին,

2.2) նշված հայցադիմումին կցված փաստաթղթերը, մասնավորապես` «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների և Սեդրակ Առուստամյանի միջև 09.07.2009 թվականին, 30.04.2011 թվականին և 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերով տրված գումարները և դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատուին վերադարձված լինելու և փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին (հատոր 4, գ.թ. 33-35, 44-52):

3) Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին կցել է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը (հատոր 5, գ.թ. 25)»:

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ.

1.1) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը կիրառվել է թիվ ՍնԴ/0723/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,

1.2) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԿԴ/0074/04/09 և թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 01.04.2011 թվականի և 27.12.2017 թվականի դատական ակտերում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նախ սնանկության վարույթում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի կիրառելիության հարցին, ապա նաև վճարային պարտավորության մասին նյութաիրավական վեճի առկայության պայմաններում սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալու իրավական հարցին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են ՀՀ սնանկության դատարանում (այսուհետ՝ Սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

Համանման կարգավորում է նախատեսված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով։

Վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, և սնանկության վարույթում տվյալ դատավարական հարցերը (իրավահարաբերությունները) կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով, եթե դրանցից տարբերվող՝ հատուկ կանոններ նախատեսված չեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։

Վճռաբեկ դատարանն այս հարցի համատեքստում անհրաժեշտ է համարում ընդգծել քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգավորումները սնանկության վարույթի էությանը և նպատակներին համահունչ կիրառելու անհրաժեշտությունը։

Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:

Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։

Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է, կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դատարանը պարտապանի կողմից սահմանված ժամկետում առարկություններ չներկայացնելու դեպքում սնանկ ճանաչելու հարցը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական նիստ նշանակում է միայն պարտապանի կողմից սահմանված ժամկետում առարկություններ ներկայացնելու դեպքում:

Մինչդեռ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, (...):

Նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` (...)

7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը,

8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը,

9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը,

10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը, (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:

Վերոգրյալից հետևում է, որ հայցային վարույթի գործերով, որպես ընդհանուր կանոն, դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար պարտադիր է նախնական դատական նիստի իրականացումը, որի ընթացքում կատարվող գործողություններից են ապացուցման առարկան որոշելը և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝

1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.

2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոշարադրյալ իրավանորմերի համադրությունից հետևում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է սնանկության դիմումը վարույթ ընդունելուն հաջորդող դատավարական գործողությունների առանձնահատուկ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգից տարբերվող կարգ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործը դատաքննության նախապատրաստելու փուլը կազմող գործողությունները, այդ թվում ապացուցման առարկան որոշելը և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելը սնանկության վարույթում կիրառելի չեն։

Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, որով սահմանվում է գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից նոր ապացույցներ (դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ) ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել, կիրառելի չէ սնանկության վարույթում, այդ թվում դրա ընթացքում հարկադրված սնանկության դիմումի հիմքերի դեմ պարտապանի կողմից իր առարկությունները հիմնավորելուն ուղղված նոր՝ գործի նոր քննության շրջանակներում ներկայացված ապացույցների ընդունելիության հարցը լուծելիս։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, որով սահմանվում է գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից նոր ապացույցներ (դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ) ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ վերջինս հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորումը սնանկության գործի քննության նկատմամբ կիրառելիս պետք է մեկնաբանվի սնանկության վարույթի էության և առանձնահատկությունների հաշվառմամբ՝ հետևյալ իմաստով

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):

Շարադրված իրավանորմերի մեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է, ինչը ենթադրում է հետևյալ իրավաբանական փաստերի միաժամանակյա առկայությունը՝ պարտապանի վճարային պարտավորության առկայությունը, պարտավորության 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող չափով, վճռի կայացման պահին կետանցը շարունակվելը և պարտավորության անվիճելիությունը:

Պարտապանի փաստացի անվճարունակության պարտադիր հատկանիշ է վճարային պարտավորության անվիճելիությունը: Ընդ որում՝ գործում է վճարային պարտավորության անվիճելի լինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը դրա դեմ չի առարկում, կամ առարկում է, բայց դիմողի պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադարձել է այդ ժամանակ գործող խմբագրությամբ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի սահմանադրականության հարցին և արձանագրել է, որ վիճարկվող դրույթում «(…) պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Դա բխում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու պարտադիր պայման է դիտարկում ոչ թե ընդհանրապես, այլ բացառապես անվիճելի վճարային պարտավորության առկայությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությանն ու արձանագրել, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլև նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե΄ս թիվ ԵԿԴ/0074/04/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկությունը հիմնավորելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված չափը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված չափը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու այդ չափը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված դատական ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե΄ս թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ նյութաիրավական վեճի առկայությունը կարող է դրսևորվել բացառապես հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու հանգամանքով՝ հիմք ընդունելով պահանջի դեմ առարկելու համար հիմքերի բավարարության պահանջը, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացված լինելու փաստը որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմք դիտարկելու դեպքում անհնարին կլինի ապահովել սնանկության վարույթի կայունությունը և բացառել հայցադիմումներ ներկայացնելու միջոցով պարտավորության վիճելիության ձևական ապացույցներ ստեղծելու հնարավորությունը:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը ոչ թե ցանկացած, այլ վճռի կայացման պահին անվիճելի վճարային պարտավորության առկայությունն է: Ընդ որում, պարտավորության անվիճելիությունը, եթե անգամ այն բխում է գրավոր գործարքից, կարող է կասկածի տակ դրվել, եթե առկա է այնպիսի նյութաիրավական վեճ, որը հնարավորություն է ստեղծում պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ վեճի հիմքից: Ուստի, նյութաիրավական վեճի առկայությունը պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է, եթե պարտապանը ներկայացրել է այնպիսի վեճի առկայությունը հաստատող ապացույցներ, որը հնարավոր է դարձնում պարտատիրոջ պահանջն առհասարակ չկատարելը և այդպիսով պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը կասկածի տակ դնելը:

Վերոգրյալից բխում է, որ դատարանը սնանկության դիմումը բավարարելու հիմքերի առկայությունը պետք է գնահատի վճռի կայացման պահի դրությամբ, և ըստ այդմ յուրաքանչյուր դեպքում դատավարական իրավունքի նորմերով ամրագրված պահանջները չպետք է մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ անհնարին լինի ապահովել վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ և ճիշտ գնահատումը։ Մասնավորապես, այդ պահանջների կիրառմամբ չի կարող ի չիք դառնալ անձի արդար դատաքննության իրավունքը՝ իր գործի արդարացիորեն լուծման, իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն տրամադրված լինելու տեսանկյունից, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետ; տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 24.06.2021 թվականի վճռով Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու մասին Սեդրակ Առուստամյանի դիմումը մերժվել էր սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված՝ փոխառության պայմանագրերը լուսապատճենների տեսքով ներկայացված լինելու, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող պատշաճ ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան, դատավորներ Ս. Թորոսյան, Ա. Պետրոսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ բեկանել է ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության գործում առկա բոլոր ապացույցները ՀՀ սնանկության դատարանի կողմից լրիվ և բազմակողմանի հետազոտված չլինելու և վճռում դրանց որևէ կերպ գնահատական տրված չլինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Գործի նոր քննության ժամանակ՝ 10.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները Դատարան են ներկայացրել՝

1. Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին՝ մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 10.03.2022 թվականին:

2. նշված հայցադիմումին կցված փաստաթղթերը, մասնավորապես` «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը (հատոր 4, գ.թ. 33-35, 44-52):

Դատարանը 24.03.2022 թվականի վճռով դիմումը բավարարել է և Գուրգեն Խաչատրյանին սնանկ է ճանաչել հետևյալ պատճառաբանությամբ «(…) Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ Գուրգեն Խաչատրյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, որը կհիմնավորեր դատարանում կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը, որպիսի պարագայում Դատարանը ձեռնամուխ կլիներ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի, հետևաբար նաև՝ նյութաիրավական վեճի բովանդակային վերլուծությանը:

Անդրադառնալով պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից 10.03.2022 թվականի դատական նիստին ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» և «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճեններին` Դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝

1) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.

2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:

Տվյալ դեպքում, Դատարանն արձանագրում է, որ Գուրգեն Գագիկի Խաչատրյանի ներկայացուցիչ Ա. Օրբելյանի կողմից չներկայացվեցին հիմնավորումներ առ այն, որ ներկայացված նոր ապացույցներն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չեն ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով, ուստի վերջինիս կողմից ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» և «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճենները Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատարանի կողմից բեկանման արդյունքում նոր քննության առանձնահատկություններով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414–րդ հոդվածի կարգավորումներով պայմանավորված, համարում է ոչ թույլատրելի և չի անդրադառնում դրանց բովանդակությանը (…)»:

Գուրգեն Խաչատրյանը Դատարանի 24.03.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը (հատոր 5-րդ, գ.թ. 25):

Վերաքննիչ դատարանը 19.07.2022 թվականի որոշմամբ մերժել է Գուրգեն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 24.03.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ ներքոշարադրյալ լրացուցիչ պատճառաբանություններով.

«(...) նախ՝ գործի նախորդ քննության ժամանակ պարտապանը զրկված չի եղել նույն այդ ապացույցները ներկայացնելու հնարավորությունից, նաև՝ որ այդ ապացույցները չներկայացնելը պայմանավորված է եղել միմիայն պարտապանի՝ իր դատավարական իրավունքների իրականացման հայեցողական դիրքորոշմամբ և իր կամքից անկախ դրանք ներկայացնելու անհնարինություն առկա չի եղել:

(...) միայն հայցադիմում ներկայացնելը չի կարող վկայել նյութաիրավական վեճի և պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի դեռ հայցադիմումը դատարանի վարույթ չի ընդունվել, իսկ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ սույն գործով վճռի հրապարակման օրվա դրությամբ Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունված չի եղել, հետևաբար նույնիսկ դատարանի կողմից իրեն հասանելի աղբյուրներով ստուգելու դեպքում չէր կարող հաստատվել այլ վարույթի շրջանակներում նյութաիրավական վեճի քննության փաստը։ (...) Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին առաջին ատյանի դատարանի 25.03.2022թ. որոշումը, որը սակայն վերաքննիչ դատարանն ընդունելու իրավունք չունի, քանի որ դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել, քանի որ սույն գործով առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է ավելի վաղ՝ 24.03.2022թ.»:

Սույն գործի փաստերից հետևում է, որ

- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման հիման վրա սույն գործի նոր քննություն իրականացնելու ժամանակ պարտապան Գուրգեն Խաչատրյանն առարկել է հարկադիր սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության դեմ՝ Դատարան ներկայացնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 10.03.2022 թվականին մուտքագրված՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին, ինչպես նաև այդ հայցադիմումին կցված «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ՝ վերոնշյալ փոխառության պայմանագրերով տրված գումարները և դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատու Սեդրակ Առուստամյանին վերադարձված լինելու և փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին,

- Դատարանի 24.03.2022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքին կից Գուրգեն Խաչատրյանը ներկայացրել է նաև թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 25.03.2022 թվականի որոշման պատճենը,

- վճռաբեկ բողոքի պատասխանով դիմող Սեդրակ Առուստամյանը ոչ միայն ընդունել է Գուրգեն Խաչատրյանի հանդեպ ունեցած իր պահանջի վիճելիությունը, այլև հայտնել է, որ նյութաիրավական վեճի քննության շրջանակներում կողմերի միջև հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, և Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է:

Ստորադաս դատարանները հետազոտել են թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումն ու կից փաստաթղթերը և հանգել հետևության, որ հայցադիմումի առկայությունը այն վարույթ ընդունելու որոշման բացակայության պայմաններում ինքնին չի հիմնավորում «դատարանում կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը», «այլ վարույթի շրջանակներում նյութաիրավական վեճի քննության փաստը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի կողմից Դատարանին ներկայացվել են վճարային պարտավորության առկայությունը վիճարկող գրավոր ապացույցներ, մասնավորապես՝ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների և Սեդրակ Առուստամյանի միջև 09.07.2009 թվականին, 30.04.2011 թվականին և 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերով տրված գումարները և դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատուին վերադարձված լինելու և փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին, իսկ սույն սնանկության գործով դիմողի պահանջը հիմնված է նշված քաղաքացիական գործով վեճի առարկա փոխառության պայմանագրերի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերն իրենց բովանդակությամբ ինքնին բավարար ապացույցներ են հիմնավորելու համար սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության վիճելիությունը: Մինչդեռ, գործի նոր քննության ընթացքում վերոնշյալ փաստաթղթերի՝ որպես նոր ապացույցների ընդունելիությունը պարզելու հարցի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը կիրառելիս ստորադաս դատարանները տվյալ դրույթը չեն մեկնաբանել սնանկության վարույթի էության և առանձնահատկությունների հաշվառմամբ` այնպես, որ ապահովվեր վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ և ճիշտ գնահատումը։ Ավելին, վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկներով հիմնավորվում է, որ դիմողը ոչ միայն ընդունել է Գուրգեն Խաչատրյանի հանդեպ ունեցած իր պահանջի վիճելի լինելը, այլ նաև այն, որ նյութաիրավական վեճի քննության շրջանակներում կողմերի միջև հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, և Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է:

Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով Գուրգեն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով վիճարկվել է սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության առկայությունը՝ փոխառության գումարները վերադարձված լինելու հիմքով պարտավորությունը կատարված լինելու հանգամանքի վկայակոչմամբ: Հետևաբար, նշված հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռևս վարույթ չընդունված լինելը չի վկայում սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության անվիճելիության մասին։

Վճռաբեկ դատարանը հանգում է եզրակացության, որ Սեդրակ Առուստամյանի ներկայացրած պարտավորության վիճելիության, հետևաբար նաև՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներից առնվազն մեկի բացակայության մասին ապացույցները՝ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որպես վիճելիության հիմք չընդունելը հանգեցրել է Դատարանի կողմից գործի սխալ լուծման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերոշարադրյալ պատճառաբանությամբ, ինչպես նաև հաշվի առնելով վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ իբրև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, հետևյալ պատճառաբանությամբ

Վճռաբեկ բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքը բաժանելով բաժինների և դրանցից չորրորդ բաժինը վերնագրելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և հիմնավորումները», դրանում որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առկայությամբ, բացառապես նշել է, որ «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը՝ խախտելով իրավական որոշակիության սկզբունքը և Կոնվենցիայով ու Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը», իսկ որպես հիմնավորումներ նշել է, թե ինչում են դրսևորվել այդ սկզբունքի և այդ իրավունքի խախտումները բացառապես դատավարական իրավունքի նորմերի խախտման տեսանկյունից ամբողջ վճռաբեկ բողոքում, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համապատասխան բաժնում, չկա նշում այն մասին, որ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև նրանով, որ իբրև Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, առկայության մասին հիմնավորումներին՝ ցանկանում եմ նշել հետևյալը

Այսպես՝

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով՝ նշելով, որ «բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ՝

1) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը կիրառվել է թիվ ՍնԴ/0723/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, և

2) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԿԴ/0074/04/09 և թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 01.04.2011 թվականի և 27.12.2017 թվականի դատական ակտերում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը»։

Դրանից ելնելով՝ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր, բացի իր որոշման մեջ համապատասխան մեկ այլ գործերով ստորադաս և Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն ու համապատասխան նորմը չորրորդ բաժնի սկզբում նշելուց, նույն բաժնում՝ պատճառաբանական մասում, մեջ բերել այդ ակտերի հակասող մասերը, կատարել համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և համապատասխան այլ գործերով ստորադաս ու Վճռաբեկ դատարանի դատական ակտերի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, իմ կարծիքով, իսպառ բացակայում է վերը նշված վերլուծությունը, այսինքն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, առկայության մասին հիմնավորումը, որը նույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետում նշված՝ վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշման բովանդակությանն առաջադրվող պահանջի էական խախտում է։

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

Դատավոր`

Գ. Հակոբյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան