ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 804-Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշտարարության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ և 12-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օրենքով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում՝ մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանել հաշտարարի վարձատրության հետևյալ դրույքաչափերը՝
1) մինչև մեկ ժամ իրականացված հաշտարարության դիմաց` 10.000 դրամի չափով.
2) մեկ ժամը գերազանցող յուրաքանչյուր 30 րոպեի համար՝ ևս 5.000 դրամի չափով:
2. Սահմանել, որ «Հաշտարարության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը որոշվում է համաձայն սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույքաչափերի:
3. Սահմանել «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 804-Ն որոշման |
«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան՝ հայցվորին մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար պետական բյուջեից փոխհատուցում վճարվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, իրականացվել է պարտադիր հաշտարա րություն, որը չի ավարտվել հաշտության համաձայնության կնքմամբ և կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն.
2) պարտադիր հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջև նույն առարկայի մասին և նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում.
3) հայցը մերժվել է կամ մասնակի է բավարարվել.
4) հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից կամ դատարանը կիրառել է նման արտոնություն։
2. Հայցվորին պետական բյուջեից փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ հայցվորի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացված դիմումի հիման վրա:
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, ինչպես նաև հաշտարարության տևողության, հաշտարարության սկզբի և ավարտի մասին նշում պարունակող հաշտարարության ավարտի արձանագրության պատճենը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
25.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|