Գլխավոր տեղեկություն
Համար
N 754-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 754-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-619-Ն օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում և ֆինանսավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 754-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի (այսուհետ ծրագիր) շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրվում են Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին և նրանց ընտանիքի անդամներին (ամուսին, ծնող, այսուհետ՝ շահառու)։

3. Ծրագրի շրջանակներում շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է առանց հերթագրման։

 

2. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Ծրագրի շրջանակներում շահառուների բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար հիմք է հանդիսանում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության բժշկի եզրակացությունը։

5. Ծրագրի շրջանակներում շահառուների բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք են հետևյալ փաստաթղթերը՝

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) ծնողի դեպքում՝ զավակի ծննդյան վկայական.

3) ամուսու դեպքում՝ ամուսնության վկայական։

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած կազմակերպություններում։

7. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա են՝

1) արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը, որոնք ներառում են`

ա. բժշկի խորհրդատվությունը,

բ. լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

գ. արտահիվանդանոցային պայմաններում բուժման կազմակերպումը և բուժման համար անհրաժեշտ դեղերի արժեքը.

2) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը, այդ թվում`

ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի N 20-Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները,

բ. ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման համար անհրաժեշտ դեղերի արժեքը,

գ. վիրահատությունների ժամանակ օգտագործվող պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքերը, իմպլանտները, տեսողական և ներքին լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները, այդ թվում՝ սրտի վիրահատական միջամտությունների և ներանոթային միջամտությունների ժամանակ.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բժշկական օգնությունը և սպասարկումը կարող են տրամադրվել նաև հիվանդանոցային պայմաններում։

 

3. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

9. Ծրագրի շրջանակներում շահառուներին մատուցված բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների դիմաց ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված՝ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նորմատիվներով և միջինացված գներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական: