Գլխավոր տեղեկություն
Համար
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.981
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2003 թ.


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1231-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ», «ը», «թ» կետերին և 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 11.05.23 N 698-Ն)

1. Հաստատել`

ա) հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2003 թ. հոկտեմբերի 2
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1231-Ն որոշման


Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայկական ատոմային էլեկտրակայանը (այսուհետ` ՀԱԷԿ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կարևորագույն օղակն է և ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտավորապես 40 տոկոսը:

ՀԱԷԿ-ի անխափան աշխատանքը երաշխավորում է էներգամատակարարման հուսալիությունը և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոնը: Ակնհայտ է, որ ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների պատճառով ՀԱԷԿ-ի աշխատանքի երկարաժամկետ դադարեցումը կհանգեցնի էներգետիկ ճգնաժամի և զգալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը: ՀԱԷԿ-ը միաժամանակ գերբարձր ռիսկի օբյեկտ է, և դրա վնասվելու կամ շարքից հանվելու դեպքում հնարավոր է լայնածավալ տարածքների ռադիոակտիվ աղտոտում ու տասնյակ հազարավոր մարդկանց գերճառագայթահարում:

Ելնելով նշվածից` կարևոր նշանակություն է ստանում ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի հուսալի ֆիզիկական պաշտպանության ուժեղացումը:

ՀԱԷԿ-ի նախագիծը, ներառյալ ֆիզիկական պաշտպանության համակարգը, մշակվել է 1960-ական թվականների վերջերին` նախկին ԽՍՀՄ-ի կողմից սահմանված նորմերի համաձայն: Միջուկային և ճառագայթային անվտանգությունն ու ֆիզիկական պաշտպանությունը հիմնականում կարգավորվում էր գերատեսչական նորմատիվ փաստաթղթերով, մասնավորապես, ֆիզիկական պաշտպանությունը կարգավորվում էր «ԱԷԿ-ի հատուկ կամ ֆիզիկական պաշտպանության սկզբունքները», իսկ 1989 թվականից հետո` «Հատուկ անվտանգության ռեժիմի կանոնակարգը» փաստաթղթերով և այլ գերատեսչական ակտերով:

Վերջին տարիներին միջազգային ահաբեկչության կտրուկ ակտիվացման, ահաբեկչությունների մեթոդների ու նպատակակետ հանդիսացող օբյեկտների ընտրության նոր մակարդակի, ահաբեկչություններ իրականացնելու մասին հնչող սպառնալիքների պատճառով միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը դարձել է միջազգային հանրության հատուկ ուշադրության առարկա, և միջուկային տեղակայանքներ շահագործող պետությունների համար կարևոր է միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ուժեղացման հարցը:

Սույն հայեցակարգի նպատակը ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ուժեղացումն ապահովող հիմնական խնդիրների լուծման մեթոդներն ու ուղիները ներկայացնելն է` պատասխանելով` ի՞նչն է պաշտպանվելու, ումի՞ց է պաշտպանվելու և ինչպե՞ս է պաշտպանվելու հարցերին:

 

II. ՀԱԷԿ-Ի ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀԱԷԿ-ի միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգը տեխնիկական ու կազմակերպական միջոցառումների համալիր է, որը պետք է բավարարի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև` կանխի Հայաստանի Հանրապետությանը տնտեսական վնաս հասցնելու նպատակով ՀԱԷԿ-ը երկար ժամանակով շարքից հանելը:

 

III. ՀԱԷԿ-Ի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ

 

ՀԱԷԿ-ի միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ապահովման իրավական հիմքը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիան, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և այլ իրավական ակտերն են:

 

IV. ՀԱԷԿ-Ի ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացման համար ելակետ է հանդիսանում նախագծային սպառնալիքի որոշումը, որի հիմքում դրված է սպառնալիքի գնահատումը:

Նախագծային սպառնալիքի որոշումը բաղկացած է հետևյալ փուլերից`

ա) ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն ապահովող պետական մարմինների որոշում, նրանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հստակ սահմանում,

բ) մշակված նախագծային սպառնալիքի աշխատանքային տարբերակների հիման վրա սպառնալիքի գնահատում,

գ) ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի նկատմամբ հնարավոր ահաբեկչությունների ու դիվերսիաների ծավալների (մասշտաբների) որոշում,

դ) հնարավոր խախտողների մտադրությունների, դրդապատճառների, հնարավորությունների և հավանական տիպերի ուսումնասիրում, որի համար անհրաժեշտ է կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, քրեական, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն,

ե) ֆիզիկական պաշտպանության իրականացման մակարդակի որոշում:

ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի պաշտպանության հիմնական խնդիրն սպառնալիքը կամ հարձակումը կասեցնելն ու կանխելն է, իսկ դրանց իրականացման դեպքում` չեզոքացումը: Դրանք ապահովվում են տարբեր պաշտպանական արգելքների` տեխնիկական և վարչական միջոցների համակարգի, հակազդող ուժերի համատեղմամբ:

Ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է կարողանա բացահայտել և կասեցնել միջուկային նյութերի հափշտակման սպառնալիքը` հակազդող ուժերի համար բավարար ժամանակահատվածում, նախքան խախտողների կողմից միջուկային նյութերի դուրսբերումը պահպանվող տարածքից:

Դիվերսիայից ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է բացահայտի և կասեցնի սպառնալիքը հակազդող ուժերի համար բավարար ժամանակահատվածում` նախքան խախտողների կողմից ՀԱԷԿ-ի կենսական կարևոր նշանակության հանգույցների ու համակարգերի վնասումը և հնարավոր միջուկային կամ ճառագայթային վթարի կանխումը:

Նախագծային սպառնալիքի հիման վրա սահմանվում են ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի հիմնական խնդիրների լուծման մեթոդները և ուղիները, որի համար իրականացվում են հետևյալ միջոցառումները`

ա) չթույլատրված գործողությունների համար առավել հավանական թիրախներ հանդիսացող` ՀԱԷԿ-ի կենսական նշանակության հանգույցների ու համակարգերի որոշում,

բ) ֆիզիկական պաշտպանության գործող համակարգի խոցելիության վերլուծություն,

գ) ֆիզիկական պաշտպանության համակարգի բավարարության վերլուծություն,

դ) ֆիզիկական արգելքների (տեսակները, քանակը և դրանց տեղաբաշխումը) նախագծում,

ե) ՀԱԷԿ-ի տարածք և արտադրական շենքեր չարտոնված ներթափանցման վերահսկման համար տեխնիկական միջոցների համակարգի նախագծում ու կիրառում,

զ) հակազդող ուժերի անձնակազմի, սպառազինության, տեխնիկական հագեցվածության որոշում և հակազդման գործողությունների համակարգի ու հակազդման պլանների մշակում,

է) ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության արդյունավետության պարբերաբար գնահատում,

ը) կանխատեսվող սպառնալիքների իրականացման դեպքում հնարավոր վնասի գնահատում,

թ) ՀԱԷԿ-ի տեղադրման վայրում հատուկ իրավական ռեժիմի սահմանում:

Անհրաժեշտ է քննարկել ոչ միայն ՀԱԷԿ-ի ռեակտորային տեղակայանքի և միջուկային նյութերի, այլև ՀԱԷԿ-ի օժանդակ համակարգերի, մասնավորապես, ՀԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ համակարգի հետ կապող բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի, ՀԱԷԿ-ի պատասխանատու սպառիչների հովացման համակարգերի և այլնի նկատմամբ ահաբեկչությունների հարցը:

 

V. ՀԱԷԿ-Ի ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՀԱԷԿ-ի միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգի ֆինանսական ապահովումն իրականացվում է շահագործող կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օտարերկրյա օգնության և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1231-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 11.05.17 N 475-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության պետական համակարգին, միջուկային նյութերի դասակարգմանը, ֆիզիկական պաշտպանության գոտիներին, միջուկային նյութերի փոխադրման ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների հետ կապված գործունեություն իրականացնելիս պետք է ապահովվի դրանց ֆիզիկական պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Սույն կանոնները տարածվում են միջուկային տեղակայանքներ շահագործող կազմակերպությունների վրա (այսուհետ՝ շահագործող կազմակերպություն)՝ միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրության, նախագծման, կառուցման, շահագործման և շահագործումից հանելու ընթացքում, միջուկային նյութեր օգտագործող, պահող, փոխադրող մյուս լիցենզավորված անձանց, ինչպես նաև միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը ներգրավված մարմինների ու կազմակերպությունների վրա:

4. Նոր միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ապահովման հարցերը պետք է հաշվի առնվեն տեղակայանքի հրապարակի ընտրության և նախագծման ժամանակ՝ ֆիզիկական պաշտպանության, միջուկային անվտանգության և միջուկային նյութերի հաշվառման ու վերահսկման փոխադարձ կապն ապահովելու համար:

5. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) անցագրային ռեժիմ՝ պահպանության գոտիներից, շենքերից, կառույցներից, շինություններից անձնակազմի, այցելուների, գործուղված անձանց, փաստաթղթերի, առարկաների, փոխադրամիջոցների ներս (դուրս) թողնելու սահմանված կարգ.

2) դանդաղեցում՝ ֆիզիկական պաշտպանության համակարգի տարրերի միջոցով խախտողի ներխուժմանը (առաջխաղացմանը) խոչընդոտելը` անօրինական գործողությունների նպատակին հասնելու ժամանակահատվածը երկարաձգելու համար.

3) երկու անձանց կանոն` ընթացակարգ, որը պահանջում է առնվազն երկու իրավասու անձանց ներկայություն, հաստատելու, որ միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների հետ իրականացվող գործունեությունն օրինական է.

4) կենտրոնական կառավարման վահանակ՝ սարքավորում, որն ապահովում է ազդանշանային համակարգի լիարժեք և շարունակական հսկողությունը կամ կառավարումը, ազդանշանների (ահազանգերի) գնահատումն ու հակազդման ուժերի, ֆիզիկական պաշտպանությունն ապահովող անձնակազմի և միջուկային նյութերի օգտագործման (պահման) օբյեկտի ղեկավարության հետ կապի պահպանումը.

5) թիրախ՝ միջուկային նյութերի պահման կամ օգտագործման տեղեր, միջուկային տեղակայանքների համակարգեր, սարքավորումներ, որոնց նկատմամբ դիվերսիան կարող է հանգեցնել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության կամ անձնակազմի ու բնակչության ճառագայթահարման, ինչպես նաև ֆիզիկական պաշտպանության համակարգի տարրեր, որոնց խափանման դեպքում զգալի է դիվերսիայի կամ միջուկային նյութի հափշտակման հնարավորությունը.

6) հակազդման ուժեր՝ միջուկային նյութերի հափշտակման կամ ապօրինի այլ ձեռքբերման, միջուկային տեղակայանքների դեմ դիվերսիայի, վնասարարության կասեցում, հակադարձում իրականացնող, զինված, համապատասխան պատրաստվածություն ունեցող անձնակազմ.

7) հակախոյահարման սարք՝ փոխադրամիջոցի ընթացքը հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված ֆիզիկական արգելափակոց.

8) հեռահար հարձակում՝ միջուկային տեղակայանքին կամ միջուկային նյութ փոխադրող միջոցին ուղղված՝ որոշակի հեռավորությունից իրականացվող հարձակում.

9) հսկիչ-անցագրային կետ՝ հատուկ սարքավորված տեղ՝ անցագրային ռեժիմի պահանջներին համապատասխան պահպանության գոտիներ մուտք իրականացնելու համար.

10) նախագծային սպառնալիք՝ հնարավոր խախտողների դրդապատճառների, մտադրությունների և ունակությունների (հնարավորությունների) բազմակողմանի նկարագրություն, ընդդեմ որոնց նախագծվում և գնահատվում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համակարգը.

11) խախտող՝ դիվերսիա, վնասարարություն, միջուկային նյութերի հափշտակություն կամ ապօրինի այլ ձեռքբերում իրականացնող անձ.

12) ներքին խախտող՝ միջուկային տեղակայանք մուտքի իրավունք ունեցող, ինչպես նաև միջուկային նյութերի (այդ թվում՝ դրանց փոխադրման) հետ սահմանված կարգով աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունեցող անձ (անձինք), ով (ովքեր) կարող է (կարող են) իրականացնել միջուկային նյութերի անօրինական տեղաշարժ կամ վնասարարություն կամ կարող են օժանդակել արտաքին խախտողին՝ իրականացնելու միջուկային նյութերի անօրինական տեղաշարժ կամ վնասարարություն.

13) բազմաշերտ պաշտպանություն՝ ֆիզիկական պաշտպանության միջոցառումների, միջոցների ու համակարգերի մի քանի շերտերի (մակարդակների) համակցություն, որոնք պետք է հաղթահարվեն կամ շրջանցվեն խախտողի կողմից` իր նպատակին հասնելու համար.

14) տարբերակված մոտեցում՝ սկզբունք, համաձայն որի ֆիզիկական պաշտպանության միջոցների կիրառումը պետք է համարժեք լինի անօրինական գործողությունների դեպքում հնարավոր հետևանքների ծանրությանը.

15) ֆիզիկական արգելք` պատ, դարպաս, ցանկապատ կամ նմանատիպ այլ ֆիզիկական խոչընդոտ, որն ապահովում է ներքին, կենսական կարևորության, պաշտպանված կամ սահմանափակ մուտքի գոտիներ խախտողի ներթափանցման դանդաղեցումը (դժվարացնելը).

16) ֆիզիկական պաշտպանության տեսակետից «զգայուն» տեղեկություն՝ տեղեկություն, որի տիրապետումը (օգտագործումը) խախտողի կողմից կարող է նպաստել օգտագործվող (պահվող) կամ փոխադրվող միջուկային նյութերի դեմ հանցավոր ոտնձգություն կատարելուն:

 

II. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

 

6. Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համակարգի նախագծման, կառուցման (արդիականացման) և գնահատման հիմքում դրված է նախագծային սպառնալիքը:

7. Նախագծային սպառնալիքը որոշվում է Հայաստանի ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների ընթացիկ գնահատման հիման վրա:

8. Նախագծային սպառնալիքի նախագիծը մշակում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը:

9. Նախագծային սպառնալիքի սահմանման մեթոդը հաստատում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ՝ կարգավորող մարմին):

10. Նախագծային սպառնալիքը ենթակա է վերանայման ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:

11. Նախագծային սպառնալիքի մշակման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պաշտպանված լինի պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

III. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

12. Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նպատակներն են՝

1) օգտագործվող, պահվող, փոխադրվող միջուկային նյութերի պաշտպանությունը դրանց անօրինական տեղաշարժից (հափշտակություն կամ ապօրինի այլ ձեռքբերում), միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների պաշտպանությունը վնասարարությունից և դիվերսիայից.

2) արագ և համապարփակ միջոցառումների իրականացմամբ՝ հափշտակված (կորած) միջուկային նյութերի հայտնաբերումը, տեղայնացումը և վերադարձնելը.

3) հանցավոր ոտնձգության ռադիոլոգիական հետևանքների նվազեցումը կամ մեղմացումը:

13. Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության պետական համակարգի նպատակներն իրականացվում են՝

1) հանցագործության կամ հանցափորձի կանխման միջոցով, խոչընդոտող (զսպող) միջոցներով և «զգայուն» տեղեկության պաշտպանությամբ.

2) հանցագործության կասեցմամբ կամ հանցափորձի խափանմամբ՝ հայտնաբերման, դանդաղեցման ու հակազդման ինտեգրված համակարգի միջոցով:

14. Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության պետական համակարգը կազմված է ֆիզիկական պաշտպանության օրենսդրական և կարգավորող ենթակառուցվածքի ստեղծման, իրագործման և պահպանման համար պատասխանատու պետական մարմիններից ու կազմակերպություններից, ինչպես նաև ֆիզիկական պաշտպանության տեխնիկական և կազմակերպական փոխկապակցված միջոցառումների համալիրից:

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 15-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝

1) համակարգում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը.

2) ստուգում է միջուկային տեղակայանքներում և միջուկային նյութերի հետ աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 6-ի N 744-Ն որոշմանը համապատասխան.

3) մասնակցում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համակարգի ստուգումներին.

4) համակարգում է ֆիզիկական պաշտպանության համակարգի ստուգման նպատակով անցկացվող հրամանատարաշտաբային և դաշտային վարժանքները.

5) իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն` միջուկային տեղակայանքներին և միջուկային նյութերին առնչվող հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով.

6) մասնակցում է միջուկային նյութերի անվտանգ փոխադրման ապահովման աշխատանքներին:

16. Կարգավորող մարմինը «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 25-րդ հոդվածներին համապատասխան իրականացնում է միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորումը, այդ թվում`

1) մասնակցում է միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքի մշակմանը.

2) նախագծային սպառնալիքի որոշման (վերանայման) արդյունքում նախագծային սպառնալիքի փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է լիցենզավորված անձանց, առաջարկում վերլուծել փոփոխությունների ազդեցությունը ֆիզիկական պաշտպանության համակարգի արդյունավետության վրա, անհրաժեշտության դեպքում՝ ֆիզիկական պաշտպանության պլանները համապատասխանեցնել նախագծային սպառնալիքի փոփոխություններին, իսկ մինչև համապատասխանեցումը՝ կիրառել ֆիզիկական պաշտպանության ապահովման փոխհատուցող միջոցառումներ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ սահմանում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները.

4) համաձայնություն է տալիս լիցենզավորված անձի կողմից ներկայացված՝ միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համակարգերի տեխնիկական միջոցների նկատմամբ պահանջներին.

5) համաձայնություն է տալիս լիցենզավորված անձի կողմից ներկայացված ֆիզիկական պաշտպանության համակարգերի կառուցման, արդիականացման և վերակառուցման նախագծերին.

6) մասնակցում է ֆիզիկական պաշտպանության համակարգի ստուգման նպատակով անցկացվող հրամանատարաշտաբային և դաշտային վարժանքներին.

7) վերլուծում է ֆիզիկական պաշտպանությունն ապահովող տեխնիկական համակարգերի և կազմակերպական միջոցառումների արդյունավետության վրա ազդող միջադեպերի մասին ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև համաձայնություն է տալիս լիցենզավորված անձի կողմից մշակված ֆիզիկական պաշտպանության ապահովման փոխհատուցող միջոցառումներին.

8) վերահսկում է ֆիզիկական պաշտպանության հարցերի գծով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը:

17. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 806-Ն որոշմանը և 2008 թվականի հուլիսի 17-ի N 866-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 24-րդ ենթակետին համապատասխան՝

1) իրականացնում է միջուկային տեղակայանքների պահպանությունը և պաշտպանությունը, այդ թվում՝ արտակարգ (վթարային) իրավիճակներում, անհրաժեշտ փոխհատուցող միջոցառումներ կիրառելու միջոցով.

2) մասնակցում է ֆիզիկական պաշտպանության համակարգի ստուգման նպատակով անցկացվող հրամանատարաշտաբային և դաշտային վարժանքներին.

3) մասնակցում է միջուկային տեղակայանքների կամ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքի մշակմանը.

4) իրականացնում է միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը դրանց փոխադրման ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ կիրառում հակազդման միջոցառումներ.

5) իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն` միջուկային տեղակայանքներին և միջուկային նյութերին առնչվող հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով.

6) ապահովում է միջուկային տեղակայանքների տեղադրման վայրերում հատուկ իրավական ռեժիմը՝ դեպի տեղակայանք տանող ճանապարհներին հսկիչ-անցագրային կետերի կազմակերպման և պարբերական պարեկային շրջայցեր կատարելու միջոցով՝ ֆիզիկական պաշտպանության պլաններին համապատասխան:

18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան՝

1) զինված հարձակումների դեպքում, ըստ անհրաժեշտության, մասնակցում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությանը.

2) մասնակցում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքի մշակմանը.

3) իրականացնում է միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների հակաօդային պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգում:

19. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝

1) մասնակցում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքի մշակմանը.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների և այլ կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների, օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների միջուկային տեղակայանքներ մուտքի թույլտվության ստացման աշխատանքները:

20. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան մասնակցում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքի մշակմանը:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմանը համապատասխան`

1) իրականացնում է մաքսային հսկողություն Հայաստանի Հանրապետության սահմանով միջուկային նյութերի տեղափոխումը թույլատրված լինելու նկատմամբ.

2) ապահովում է միջուկային նյութերի արտահանման ու ներմուծման մաքսային ձևակերպման և հսկողության առաջնահերթությունը.

3) միջուկային նյութերի առգրավման և մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման տարածքներում ապահովում է դրանց ֆիզիկական պաշտպանությունը:

22. Շահագործող կազմակերպությունը՝

1) նախագծային սպառնալիքի հիման վրա, ֆիզիկական պաշտպանության ենթակա միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների, միջուկային տեղակայանքի հրապարակի բնութագրերին (առանձնահատկություններ, դաս) համապատասխան կազմում է ֆիզիկական պաշտպանության պլան, որը ներառում է՝

ա. միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նկարագրությունը, ներառյալ տեխնիկական և կազմակերպական միջոցառումները, միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության նախագծի համառոտ նկարագրությունը, նախագծային սպառնալիքին (փոփոխություններին) ֆիզիկական պաշտպանության համակարգի նախագծի համապատասխանության գնահատումը, ֆիզիկական պաշտպանության համակարգի ներդրման ժամանակացույցը և գործունակության պահպանմանն ուղղված միջոցառումների նկարագրությունը,

բ. միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության խախտումների հակազդման պլանը, որը ներառում է հակազդման նախապես որոշված միջոցառումների հաջորդականություն` խախտումների չեզոքացումը և դրանց հետևանքների կառավարումն ապահովելու համար,

գ. միջուկային տեղակայանքում արտակարգ (վթարային) իրավիճակների դեպքում միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ապահովման ծրագիրը.

2) ստեղծում է միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համակարգ և ապահովում դրա գործունակությունը.

3) միջուկային տեղակայանքների խոցելի տեղերը բացահայտելու նպատակով անցկացնում է տեղակայանքի և դրա ֆիզիկական պաշտպանության համակարգի վիճակի վերլուծություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով իրավասու մարմիններ, փորձագիտական կազմակերպություններ կամ փորձագետներ.

4) գնահատում է ֆիզիկական պաշտպանության համակարգի արդյունավետությունը, մշակում և իրականացնում է դրանց կատարելագործման միջոցառումներ, ֆիզիկական պաշտպանության համակարգերի տեխնիկական միջոցների, սարքավորումների, տարրերի անսարքության, խափանման դեպքերում կիրառում է փոխհատուցող միջոցառումներ.

5) մշակում է ֆիզիկական պաշտպանության համակարգի կազմակերպման և ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթեր.

6) կարգավորող մարմնի, ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանն է ներկայացնում ֆիզիկական պաշտպանության պլանը:

 

IV. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

23. Ֆիզիկական պաշտպանության նկատմամբ տարբերակված մոտեցում կիրառելու նպատակով միջուկային նյութերը դասակարգվում են:

24. Միջուկային նյութերի դասակարգումն իրականացվում է հաշվի առնելով նյութի պիտանիությունը պայթուցիկ սարք ստեղծելու, շղթայական ռեակցիա առաջացնելու և ռադիոակտիվ աղտոտվածության և (կամ) իոնացնող ճառագայթման աղբյուր ծառայելու համար:

25. Ֆիզիկական պաշտպանության ենթակա միջուկային նյութերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի: Դասակարգումն իրականացվում է ըստ իզոտոպի, քանակի (քաշի) և ճառագայթահարման հատկանիշի:

26. Միջուկային նյութերի դասակարգումը տրված է սույն կանոնների աղյուսակում:

27. 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասերին չպատկանող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է ապահովվի` ելնելով գործնական նպատակահարմարությունից։

28. Ֆիզիկական պաշտպանության ենթակա են միջուկային տեղակայանքների անվտանգության տեսակետից կարևոր համակարգերը, միջուկային նյութեր պարունակող համակարգերը և այն համակարգերը, որոնց նկատմամբ դիվերսիան կամ վնասարարությունը բերում է թույլատրելի արժեքները գերազանցող շրջակա միջավայր ռադիոակտիվ աղտոտվածության կամ բնակչության ու անձնակազմի ճառագայթահարման:

 

V. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

29. Միջուկային նյութերի պահեստարանները և միջուկային տեղակայանքների տեղադրման վայրերը գոտիավորվում են՝ ֆիզիկական պաշտպանության տարբերակված մոտեցում և բազմաշերտ պաշտպանություն կիրառելու նպատակով:

30. Սահմանվում են ֆիզիկական պաշտպանության հետևյալ չորս գոտիները՝ սահմանափակ մուտք, պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիներ:

31. Սահմանափակ մուտքի գոտին պաշտպանված գոտու շուրջ գտնվող սահմանափակ մուտքով վերահսկվող տարածք է, որտեղ տեղակայված են միջուկային տեղակայանքը, միջուկային նյութերն ու տեխնոլոգիական համակարգերը: 3-րդ դասի միջուկային նյութերը պետք է գտնվեն նվազագույնը սահմանափակ մուտքի գոտում:

32. Պաշտպանված գոտին սահմանափակ մուտքի գոտում գտնվող ֆիզիկական արգելքներով և ֆիզիկական պաշտպանության լրացուցիչ միջոցներով տարածք է։ 2-րդ դասի միջուկային նյութերը և (կամ) դիվերսիայի կամ վնասարարության թիրախ հանդիսացող միջուկային տեղակայանքի համակարգերը պետք է գտնվեն նվազագույնը պաշտպանված գոտում:

33. Ներքին գոտին պաշտպանված գոտու ներսում գտնվող, պաշտպանության լրացուցիչ միջոցներով տարածք է, որտեղ օգտագործվում և (կամ) պահվում են 1-ին դասի միջուկային նյութերը:

34. Կենսական կարևորության գոտին պաշտպանված գոտու ներսում գտնվող տարածք է, որտեղ տեղակայված են ֆիզիկական պաշտպանության ենթակա միջուկային տեղակայանքների անվտանգության տեսակետից կարևոր համակարգերը և միջուկային նյութեր պարունակող համակարգերը, որոնց նկատմամբ դիվերսիան կամ վնասարարությունը հանգեցնում է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության կամ բնակչության ու անձնակազմի ճառագայթահարման:

 

VI. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

35. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգը հիմնված է տարբերակված մոտեցման վրա, ապահովելու կարևոր թիրախների առաջնահերթ պաշտպանությունը, բազմաշերտ պաշտպանության (ինժեներատեխնիկական միջոցներ և կազմակերպական միջոցառումներ) համալիր կիրառմամբ՝ խախտողի կողմից իր նպատակին հասնելը բացառելու կամ դանդաղեցնելու (դժվարեցնելու) նպատակով:

36. Բազմաշերտ պաշտպանությունը կիրառվում է ֆիզիկական պաշտպանության հայտնաբերում, դանդաղեցում և հակազդում գործառույթների իրագործման ընթացքում՝ հաշվի առնելով ներքին խախտողի սպառնալիքը:

37. Ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է լինի ինտեգրված և ապահովի հայտնաբերումը (ֆիզիկական պաշտպանության համակարգի գործընթաց, որն սկսվում է հնարավոր անօրինական գործողության վերաբերյալ ազդանշանի (ահազանգի) ստացմամբ և ավարտվում է այդ ազդանշանի (ահազանգի) առաջացման պատճառի գնահատմամբ), դանդաղեցումը և հակազդումը՝ ինչպես միջուկային նյութերի անօրինական տեղաշարժի և հափշտակման, այնպես էլ՝ միջուկային տեղակայանքների նկատմամբ դիվերսիայի և վնասարարության դեպքերում՝ նաև հեռահար հարձակումների դեպքում: Այս նպատակով միջուկային տեղակայանքների տեղադրման վայրերում սահմանվում է հատուկ իրավական ռեժիմ՝ այդ տարածքում սահմանափակելով զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, լուսանկարող և տեսագրող սարքերի, հեռակառավարվող թռչող սարքերի անցկացումն ու օգտագործումը:

38. Ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է նախագծվի հաշվի առնելով միջուկային տեղակայանքի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության, հակահրդեհային անվտանգության ապահովման և վթարային հակազդման միջոցների առանձնահատկությունները:

39. Ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի առանց ընդհատումների: Ֆիզիկական պաշտպանության համակարգը նախագծվում և կառուցվում է այնպես, որ համակարգի որևէ տարրի խափանումը չհանգեցնի համակարգի աշխատունակության կամ մյուս տարրերի խափանմանը:

40. Ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է ապահովված լինի էլեկտրասնուցման հիմնական և պահեստային աղբյուրներով: Էլեկտրասնուցման, կառավարման, ահազանգման ու տեսադիտման տեղեկատվության փոխանցման ուղիները, տեղեկատվության հավաքման, մշակման, գնահատման, պահպանման և կառավարման համար օգտագործվող համակարգչային տեխնիկան, ծրագրերը և համակարգչային ցանցերը, հակազդման ուժերի հետ կապի ուղիները պետք է պաշտպանված լինեն արտաքին միջամտությունից և ունենան արտաքին միջամտությունը հայտնաբերող և ազդարարող տեխնիկական միջոցներ:

41. Ֆիզիկական պաշտպանության, միջուկային անվտանգության և միջուկային նյութերի հաշվառման համար օգտագործվող համակարգչային տեխնիկան, ծրագրերը և ցանցերը պետք է լինեն պաշտպանված արտաքին միջամտությունից և տեղեկատվության ապօրինի տիրապետումից և օգտագործումից:

42. Ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է ապահովի խախտումների, համակարգի անսարքությունների և շեղումների մասին տեղեկատվության կենտրոնացված գրանցումը, դասակարգումը, վերլուծությունը և արխիվացումը:

43. Դիվերսիայի և միջուկային նյութերի անօրինական տեղաշարժի և հափշտակության կասեցումը և չեզոքացումը զինված հակազդման եղանակով ապահովելու նպատակով ֆիզիկական պաշտպանության համակարգում պետք է նախատեսված լինեն համապատասխան իրավասություններով օժտված հակազդման ուժեր: Հակազդման ուժերի զինվածությունը, անձնակազմի պատրաստվածությունը, սարքավորվածությունը, քանակությունը, տեղակայման վայրերը, ծառայության իրականացման եղանակները, պատասխանատվությունների և լիազորությունների շրջանակները պետք է համապատասխանեն նախագծային սպառնալիքին:

44. Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիների ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի տեխնիկական համակարգերով, որոնց կառավարման համար պետք է լինեն կենտրոնական և պահուստային կառավարման վահանակներ, որոնցից յուրաքանչյուրը ֆիզիկական պաշտպանության տեխնիկական համակարգերի լիարժեք կառավարելու հնարավորություն է տալիս:

45. Ֆիզիկական պաշտպանության համակարգի կենտրոնական և պահուստային կառավարման վահանակները պետք է տեղակայված լինեն պաշտպանված գոտում և ապահովված լինեն էլեկտրական սնուցման հիմնական և վթարային աղբյուրներով, հակազդման ուժերի հետ և տեղային կամ պահուստային կառավարման վահանակների հետ երկկողմ հաղորդակցման պաշտպանված կապով, վթարային իրավիճակներում լիարժեք գործելու համար անհրաժեշտ պայմաններով:

46. Կենտրոնական կառավարման վահանակի օպերատորը պետք է լիազորված լինի տեղակայանքի բնականոն գործունեության ռեժիմում և արտակարգ իրավիճակներում համապատասխան որոշումներ ընդունելու իրավասությամբ: Արգելվում է կառավարման վահանակի օպերատորի վրա այնպիսի գործառույթներ դնելը, որոնք կարող են խանգարել նրա հիմնական պարտականությունները կատարելուն:

47. Կենտրոնական կառավարման վահանակի մուտքը պետք է վերահսկվի և թույլատրվի հնարավորինս սահմանափակ անձանց համար: Կենտրոնական կառավարման վահանակի մուտքը պետք է կահավորված լինի գնդակաանթափանց դռներով:

48. Պաշտպանված, ներքին և կենսական նշանակության գոտիների պարագծով, անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց տարածքում, պետք է տեղադրվեն ֆիզիկական արգելքներ, անօրինական մուտքը հայտնաբերող և ազդարարման սարքեր: Պաշտպանական և հայտնաբերման միջոցները պետք է բավարար ժամանակ ընձեռեն ահազանգերի գնահատման և համապատասխան հակազդման որոշում կայացնելու և ներխուժման դանդաղեցում իրականացնելու համար: Ներքին և կենսական կարևորության գոտիները պետք է կահավորված լինեն լրացուցիչ պաշտպանական միջոցներով՝ հայտնաբերման, ահազանգման և հակազդման նպատակով:

49. Որպես ֆիզիկական արգելքներ կարող են օգտագործվել միջուկային տեղակայանքի շինարարական կառուցվածքները (պատեր, ծածկեր, դարպասներ, դռներ), հատուկ կառուցվածքները (փակոցներ, հակախոյահարման սարքեր, ցանցեր, ուժեղացված դռներ, կոնտեյներներ) և այլ ֆիզիկական խոչընդոտներ:

50. Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիների ֆիզիկական պաշտպանությունը պետք է ներառի տագնապային համակարգ, որի ազդանշանները պետք է փոխանցվեն ֆիզիկական պաշտպանության համակարգի կառավարման վահանակ և պետք է ապահովվի բոլոր ազդանշանային տվյալների կենտրոնացումը, մշակումը և արխիվացումը։

51. Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիների մուտքի (ելքի) կետերը պետք է հասցնել նվազագույնի: Մուտքի (ելքի) կետերը պետք է լինեն պաշտպանված, կահավորված լինեն հսկողության և ահազանգման սարքերով: Միջուկային տեղակայանքի վթարային իրավիճակներում մուտքի (ելքի) կետերում տեղադրված տեխնիկական միջոցները չպետք է խոչընդոտեն անձնակազմի տարահանմանը:

52. Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիներ մուտքի իրավունք ունեն միայն համապատասխան թույլտվություն ունեցող անձինք, որոնց թիվը պետք է լինի անհրաժեշտ նվազագույնը: Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիներ առանց ուղեկցության մուտքի իրավունք ունեցող անձինք ենթարկվում են հուսալիության ստուգման:

53. Պաշտպանության գոտիներից դուրս (ներս) եկող բոլոր փոխադրամիջոցները, կոնտեյներները և այլ տարաներ պետք է ստուգվեն երկու անձանց կանոնի կիրառմամբ` միջուկային նյութերի անօրինական տեղաշարժը և հնարավոր դիվերսիան և վնասարարությունը կանխելու նպատակով:

54. Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիների մուտքի կետերը պետք է լրազինված լինեն մուտքի հսկողության էլեկտրոնային քարտային կամ կենսաչափական ավտոմատ համակարգերով, որոնց գործարկման ժամանակ ավտոմատ կերպով կգրանցվեն և կպահվեն մուտքի (ելքի) տվյալները: Տվյալների բազան պետք է ապահովի տվյալների պահպանումն առնվազն մեկ ամիս և արխիվացումը՝ տարեկան կտրվածքով:

55. Հսկիչ-անցագրային կետերում, առանձին շենքերում (կառույցներ, շինություններ) տեղադրված ֆիզիկական պաշտպանության համակարգի ինժեներատեխնիկական միջոցների կառավարումն անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել տեղային կառավարման վահանակներից:

56. Տրանսպորտային միջոցների չթույլատրված մուտքը պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիների տարածք բացառելու նպատակով պետք է կիրառվեն հակախոյահարման սարքեր:

57. Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիներ մուտք (ելք) գործող անձինք, տրանսպորտային միջոցները, փաթեթները և բեռները պետք է ստուգվեն՝ համապատասխան թույլտվություն չունեցող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև միջուկային նյութերի և արգելված այլ առարկաների (նյութերի) հափշտակման և անօրինական տեղաշարժի կանխման նպատակով:

58. Այցելուների մուտքը պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիներ պետք է իրականացվի ուղեկցող անձնակազմի միջոցով: Ներքին և կենսական կարևորության գոտիներ մուտք գործող այցելուների և ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 3:1 հարաբերակցությունը, իսկ պաշտպանված գոտի այցելուների թիվն ուղեկցողների նկատմամբ պետք է չգերազանցի 8:1 հարաբերակցությունը: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման շրջանակներում իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ նաև պլանային-նախազգուշական վերանորոգումների ընթացքում, կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաև ներքին և կենսական կարևորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների և ուղեկցող անձնակազմի թիվը չպետք է գերազանցի 10:1 հարաբերակցությունը:

(58-րդ կետը լրաց. 03.05.18 N 512-Ն)

59. Պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիներ մուտքն իրականացվում է համապատասխան մուտքի թույլտվությունների նախօրոք ձևակերպման և գրանցման, ինչպես նաև յուրաքանչյուր մուտքի ժամանակ անցագրերի ստուգման եղանակով: Առանձին դեպքերում, լրացուցիչ հսկողության նպատակով, կարող է կիրառվել երկու անձի կանոնը:

Պետք է ապահովվեն մուտքի թույլտվության գրառումների մշտական արխիվացումը, միջուկային նյութերի գտնվելու վայրերի բանալիների պահման մասին մշտական գրառումները:

60. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մուտքը պաշտպանված, ներքին և կենսական կարևորության գոտիներ պետք է արգելվի:

61. Դիվերսիայից և վնասարարությունից պաշտպանությունը պետք է պլանավորվի և իրականացվի հաշվի առնելով միջուկային տեղակայանքում գտնվող միջուկային նյութի քանակը և տեսակը, որի նկատմամբ վնասարարությունը կամ դիվերսիան կարող է առաջացնել թույլատրելի սահմանները գերազանցող շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածություն, կամ բնակչության և անձնակազմի ճառագայթահարում: Պետք է կիրառվի տարբերակված մոտեցում՝ ըստ վնասարարության կամ դիվերսիայի հետևանքների:

62. Դիվերսիայից և վնասարարությունից պաշտպանությունը պետք է պլանավորվի և իրականացվի հաշվի առնելով նախագծային սպառնալիքին համապատասխանող ներքին խախտողի հնարավոր գործողությունները, այդ թվում՝ վերջինի կողմից տևող կամ շարունակական բնույթ կրող վնասարարություն կամ հափշտակում իրականացնելը:

63. Ներքին խախտողից պաշտպանվելու նպատակով պետք է իրականացվեն կանխարգելող և պաշտպանական հետևյալ միջոցառումները՝

1) միջուկային տեղակայանքում և միջուկային նյութերի հետ աշխատող և ժամանակավոր աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 6-ի N 744-Ն որոշմանը համապատասխան.

2) միջուկային տեղակայանքում անցագրային ռեժիմի իրականացման ընթացքում ֆիզիկական պաշտպանության գոտիներ մուտքի թույլտվությունների տրամադրում՝ պաշտոնական պարտականություններին համապատասխան.

3) երկու անձանց կանոնի կիրառում.

4) այցելուների ուղեկցում.

5) նյութական արժեքների տեղափոխության կանոնակարգում և հսկողություն, հսկիչ-անցագրային կետերում տեղակայանքների անձնակազմի, գործուղված անձանց, այցելուների, ինչպես նաև նրանց անձնական իրերի ու տրանսպորտային միջոցների հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ զննում` միջուկային նյութեր, զինամթերք, զենք, պայթուցիկ և թունավոր նյութեր, դիվերսիայի իրականացման համար պիտանի այլ իրեր հայտնաբերելու նպատակով.

6) աշխատողների տեղաշարժի հսկողություն և վերլուծություն.

7) միջուկային նյութերի հաշվառում և հսկողություն, միջուկային նյութերի հայտնաբերման չափիչ սարքերի կիրառում.

8) շահագործող անձնակազմի և ֆիզիկական պաշտպանություն իրականացնող անձնակազմի միջև տեղեկատվության փոխանակում:

 

VII. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

64. Միջուկային նյութերի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանությունը պետք է հիմնվի տարբերակված մոտեցման սկզբունքի վրա՝ հաշվի առնելով նախագծային սպառնալիքը, միջուկային նյութի դասը, ապահովելով դրանց պաշտպանությունը փոխադրման, պլանային վերաբեռնավորումների, ժամանակավոր պահման ու չնախատեսված կանգառների ժամանակ:

65. Միջուկային նյութերի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանության ապահովումը պլանավորելիս անհրաժեշտ է՝

1) նվազագույնի հասցնել միջուկային նյութերի փոխադրման ընդհանուր ժամանակը.

2) նվազագույնի հասցնել միջուկային նյութի մեկ տրանսպորտային միջոցից մյուսը վերաբեռնումների քանակը և տևողությունը, ինչպես նաև՝ վերաբեռնմանը սպասելու ժամանակը.

3) միջուկային նյութերի փոխադրման գործընթացին թույլատրել մասնակցել միայն սահմանված կարգով հուսալիության ստուգում անցած անձանց.

4) միջուկային նյութերի փոխադրումները հնարավոր խախտողների համար անկանխատեսելի դարձնելու նպատակով օգտագործել փոփոխական երթուղիներ և ժամանակացույցեր.

5) ապահովել միջուկային նյութերով բեռնված տրանսպորտային միջոցների մշտական տեսողական հսկողությունը.

6) բացառել միջուկային նյութի փոխադրումը տարերային աղետների, զանգվածային անկարգությունների և այլ հնարավոր սպառնալիքների տարածքներով.

7) ապահովել երկկողմանի անկախ հեռախոսային կապի և ռադիոկապի հնարավորություն լիցենզավորված փոխադրողի ֆիզիկական պաշտպանության կառավարման կենտրոնի, փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների կամ նրանց ուղեկցումն իրականացնող պատասխանատու աշխատողների և հակազդման ուժերի միջև.

8) միջուկային նյութերի բեռնավորումից առաջ և հետագա անընդհատ հսկողությամբ կազմակերպել փոխադրող տրանսպորտային միջոցի զննում՝ դիվերսիայի կամ վնասարարության նախապատրաստման նպատակով կատարված հնարավոր արտաքին միջամտությունները հայտնաբերելու նպատակով.

9) հնարավորինս նվազագույնի հասցնել միջուկային նյութերի փոխադրումների վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող անձանց թիվը:

66. Միջուկային նյութերի փոխադրումների հստակեցված երթուղիների և ժամանակացույցի մասին տեղեկությունները պետք է պաշտպանված լինեն պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

67. Միջուկային նյութերի փոխադրամիջոցը պետք է ունենա բեռնատար հատվածամասեր, չթույլատրված ներթափանցումը դժվարացնող (խոչընդոտող) ֆիզիկական արգելքներ, ինչպես նաև խախտումը հայտնաբերող դիտարկման և ձայնային տագնապի տեխնիկական միջոցներ:

68. Փոխադրման ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության պլանի բովանդակության վերաբերյալ պահանջները սահմանվում են կարգավորող մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

69. 1-ին, 2-րդ և 3-րդ դասի միջուկային նյութերի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կողմից:

70. Միջուկային նյութի յուրաքանչյուր փոխադրման տրանսպորտային միջոցի երթուղիով ուղեկցումը և միջուկային նյութերի անարգել փոխադրման պայմաններն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

71. Միջուկային նյութերի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանության պլանը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, կարգավորող մարմնի հետ և հաստատվի լիցենզավորված փոխադրողի կողմից:

72. Ճառագայթված միջուկային նյութերը (այդ թվում` օգտագործված միջուկային վառելիքը) պետք է փոխադրել «Կանաչ ճանապարհի» սկզբունքով` առանց կանգառների:

73. Միջուկային նյութերի միջազգային փոխադրման ժամանակ (այդ թվում` տարանցիկ) դրանց ֆիզիկական պաշտպանության ապահովման հարցերը կարգավորվում են «Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

74. Միջուկային նյութերի մաքսային ձևակերպումների ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն ապահովող անձնակազմը չպետք է խոչընդոտի մաքսային ձևակերպումներին:

75. Միջուկային նյութերի մաքսային ձևակերպման ժամանակ կապարակնիքների վնասման կամ կապարակնիքների դրոշմվածքների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում փոխադրամիջոցը կարող է կալանվել և սահմանված կարգով ենթարկվել զննման:

 

VIII. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ

 

76. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի (դիվերսիա, վնասարարություն, միջուկային նյութերի հափշտակություն կամ այլ հանցագործություն (հանցափորձ) դեպքում լիցենզավորված անձը պետք է անհապաղ տեղեկացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և կարգավորող մարմին, իսկ միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն ապահովող ինժեներատեխնիկական միջոցների, համակարգերի, միջուկային տեղակայանքի տեխնոլոգիական համակարգերի վնասման և անօրինական օգտագործման դեպքում՝ կարգավորող մարմին, դրա մասին ոչ ուշ, քան հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում:

77. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպի հայտնաբերումից 15 օր հետո լիցենզավորված անձը պարտավոր է անցկացնել միջադեպի քննություն, որի արդյունքները գրավոր ներկայացվում են կարգավորող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

78. Միջադեպի քննության արդյունքների դիտարկման ընթացքում հայտնաբերված թերությունների կամ խախտումների վերացման վերաբերյալ կարգավորող մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իրենց իրավասությունների շրջանակներում լիցենզավորված անձին առաջարկություններ են ներկայացնում հայտնաբերված խախտումները վերացնելու և կրկնությունը բացառելու նպատակով:

 

Ա Ղ Յ Ո Ւ Ս Ա Կ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

Նյութը

II. Վիճակը

Դասը

I

II

III3)

1. Պլուտոնիում1)

չճառագայթված2*)

2 կգ կամ ավելի

500 գ-ից մինչև 2 կգ

15 գ-ից մինչև
500 գ

2. Ուրան-235

չճառագայթված2)
● ուրան` հարստացված
ուրան-235 իզոտոպով,
20% և ավելի
● ուրան` հարստացված
ուրան-235 իզոտոպով,
10-20%
● բնականից բարձր
հարստացված ուրան,
բայց ուրան-235
իզոտոպի 10%-ից
պակաս պարունակությամբ

5 կգ կամ ավելի

1 կգ-ից մինչև 5 կգ

10 կգ կամ ավելի

15 գ-ից մինչև 1 կգ

1 կգ-ից մինչև 10 կգ

10 կգ կամ ավելի

3. Ուրան-233

չճառագայթված2)

2 կգ կամ ավելի

500 գ-ից մինչև 2 կգ

15 գ-ից մինչև 500 գ

4. Ճառագայթված վառելիք

   

աղքատացված կամ բնական ուրան, թորիում կամ թույլ հարստացված վառելիք (տրոհվող իզոտոպների 10%-ից պակաս պարունակությամբ)4)5)

 

1) Բացառությամբ պլուտոնիումի, որում պլուտոնիում-238 իզոտոպի խտությունը գերազանցում է 80 տոկոսը:

2) Նյութ, որը չի ճառագայթվել ռեակտորում, կամ նյութ, որը ճառագայթվել է ռեակտորում, սակայն ճառագայթման դոզայի հզորությունը մեկ մետր հեռավորության վրա առանց պաշտպանության չի գերազանցել 1 Gy/հ:

3) III դասին չպատկանող նյութերը և բնական ուրանը պետք է պաշտպանվեն ըստ գործնական նպատակահարմարության:

4) Թեև առաջարկվում է պաշտպանության տվյալ դասը, պետությունները կարող են, ելնելով կոնկրետ իրավիճակների գնահատումից, որոշել ֆիզիկական պաշտպանության այլ դաս:

5) Եթե միջուկային վառելիքը մինչև ճառագայթահարվելն ըստ տրոհվող նյութի նախնական կազմի պատկանել է I կամ II դասին, ապա դասը կարող է նվազեցվել ոչ ավելի, քան մեկ միավորով, եթե միջուկային վառելիքի ճառագայթումն առանց պաշտպանության չի գերազանցում 1 Gy/h` մեկ մետր հեռավորության վրա:

(հավելվածը լրաց., փոփ. 25.01.07 N 79-Ն, փոփ. 06.11.09 N 1269-Ն, խմբ. 11.05.17 N 475-Ն, լրաց. 03.05.18 N 512-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան