ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2019 թվականի |
թիվ 93 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված ճանաչելու կարգը (այսուհետ՝ Կարգ):
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում նշանակել այն լիազորված մարմինը (կազմակերպությունը), որը պատասխանատու է Կարգի 4-րդ և 7-րդ կետերում նշված եզրակացությունների տրամադրման համար, և այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
3. Սահմանել, որ Կարգի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները կիրառվում են մինչև 2024 թվականի հուլիսի 13-ը ներառյալ։ Ոչ ուշ, քան այդ ժամանակաշրջանի ավարտից 180 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ սահմանում է այդ դրույթների գոյություն ունեցող կամ փոփոխված տեսքով կիրառումը երկարաձգելու անհրաժեշտությունը։ Նշված ժամկետը լրանալուն պես, եթե դրանց կիրառումը փոփոխված տեսքով երկարաձգելու անհրաժեշտությունը չի սահմանվել, Կարգի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները կիրառվում են գոյություն ունեցող տեսքով:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 12.04.22 թիվ 57)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԿԱՐԳ
արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված ճանաչելու
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի իրագործման նպատակներով:
2. Սույն կարգը կիրառելու նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
հիմնական արտադրող՝ Եվրասիական տնտեսական միության սուբսիդավորող անդամ պետության իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որն իրականացնում է ապրանքի արտադրության տեխնոլոգիական գործողություններ և ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքներ ունի.
արտադրողներ՝ հիմնական արտադրողը և համաարտադրողը.
համաարտադրող՝ Եվրասիական տնտեսական միության՝ հիմնական արտադրողի անդամ պետություն չհանդիսացող անդամ պետության իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը կատարում է ապրանքի կամ դրա բաղադրիչների (բաղադրամասերի) արտադրության տեխնոլոգիական գործողությունների մի մասը և այդ տեխնոլոգիական գործողություններն իրականացնելու համար և (կամ) ապրանքի արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների (բաղկացուցիչների) մշակումն ու արտադրությունն իրագործելու համար անհրաժեշտ ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքներ ունի:
3. Արդյունաբերական ապրանքը ճանաչվում է համատեղ արտադրված ապրանք, եթե դրա արտադրությանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արտադրողներ, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝
ա) համապատասխան անդամ պետությունների հարկային ռեզիդենտներ են և այդ անդամ պետությունների տարածքներում իրականացնում են ապրանքի և (կամ) դրա բաղադրիչների (բաղկացուցիչների) արտադրության տեխնոլոգիական գործողություններ.
բ) չեն իրականացնում ապրանքի արտադրության միևնույն տեխնոլոգիական գործողություններ.
գ) հիմնական արտադրողը սուբսիդավորող անդամ պետության տարածքում իրականացնում է անհրաժեշտ տեխնոլոգիական գործողություններն այն դեպքում, երբ սուբսիդավորող անդամ պետության օրենսդրությամբ սուբսիդիան ստացողների նկատմամբ սահմանված է պահանջ՝ սուբսիդավորող անդամ պետության տարածքում ապրանքի արտադրության տեխնոլոգիական գործողությունները կատարելու մասին.
դ) համաարտադրողները սույն կետի «գ» ենթակետով նախատեսված՝ ապրանքի արտադրության տեխնոլոգիական գործողությունները կարող են իրականացնել սուբսիդավորող անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում.
ե) համաարտադրողների կողմից կատարվող՝ ապրանքի արտադրության տեխնոլոգիական գործողությունների արժեքի կամ համաարտադրողների կողմից արտադրվող ապրանքի բաղադրիչների (բաղադրամասերի) արժեքի համախառն տոկոսային մասնաբաժինը՝ հիմնական արտադրողի ապրանքի բացթողման գնի մեջ հավասար է կամ գերազանցում է այն արժեքը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվում է որպես Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետում նշված չափանիշը կիրառելու պայման:
4. Արդյունաբերական ապրանքը համատեղ արտադրված ճանաչելու հաստատումը սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) համապատասխան եզրակացությունն է: Նշված եզրակացությունը տրամադրվում է սույն կարգի 3-րդ կետում նշված բոլոր պահանջների պահպանման դեպքում և պետք է պարունակի դրանց պահպանման փաստաթղթային հաստատումը:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված եզրակացության տրամադրման կարգը սահմանվում է սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից, եթե սուբսիդավորող անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
Սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանների կատարման գնահատումն իրականացվում է սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից:
6. Սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանների կատարումը գնահատելիս սուբսիդավորող անդամ պետության լիազորված մարմինը (կազմակերպությունը)՝
ա) օգտագործում է սույն կարգի 7-րդ կետում նշված եզրակացությունը.
բ) լրացուցիչ տեղեկություններ և (կամ) պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում հարցումներ է ուղարկում լիազորված մարմիններ (կազմակերպություններ): Հարցումների ուղարկումն այլ անդամ պետությունների փորձագիտական և գիտական կազմակերպություններ իրականացվում է համապատասխան անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) միջոցով.
դ) անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել փորձագիտական հանձնաժողով, որի կազմում, համաարտադրողի անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) հետ համաձայնեցմամբ, կարող են ընդգրկվել այն անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչները, որոնց արտադրողները մասնակցում են ապրանքի արտադրությանը, ինչպես նաև այդ անդամ պետությունների փորձագիտական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
7. Սույն կարգի 3-րդ կետում նշված պահանջներին համաարտադրողի համապատասխանության հաստատում է այն եզրակացությունը, որը տրամադրել է համաարտադրողի անդամ պետության լիազորված մարմինը (կազմակերպությունը)՝ այդ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից սահմանված կարգով, եթե համաարտադրողի անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, և որը պարունակում է դրանց պահպանման փաստաթղթային հաստատումը:
8. Սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված պահանջների կատարման գնահատում իրականացնելիս արտադրողների անդամ պետությունների լիազորված մարմինները (կազմակերպությունները) հաշվի չեն առնում այն գործողությունները, որոնց կատարումը բավարար չէ արդյունաբերական ապրանքը համատեղ արտադրված ճանաչելու համար՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
9. Սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված եզրակացությունների տրամադրման համար պատասխանատու լիազորված մարմինների (կազմակերպությունների) մասին տեղեկատվությունը տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
ՀԱՎԵԼՎԱԾ Արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ |
ՑԱՆԿ
այն գործողությունների, որոնց կատարումը բավարար չէ՝ արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված ճանաչելու համար
1. Հանքային և ածխաջրածնային հումքի արդյունահանման, փոխադրման և հարստացման գործողություններ:
2. Հումքի, նյութերի և վերջնական ապրանքի պահպանվածության ապահովման գործողություններ:
3. Լվացում, մաքրում, փոշեհեռացում, օքսիդապատում, յուղով կամ այլ նյութերով պատում:
4. Տեքստիլի (մանրաթելի և մանվածքի ցանկացած տեսակ, մանրաթելի և մանվածքի ցանկացած տեսակից գործվածքներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ) արդուկում և մամլում:
5. Ապրանքը վաճառքին և տրանսպորտային փոխադրմանը նախապատրաստելու գործողություններ (խմբաքանակի բաժանում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում), փաթեթվածքի կազմատման և հավաքման գործողություններ:
6. Պարզ հավաքման գործողություններ և ապրանքի կազմատման հետ կապված գործողություններ:
7. Հումքի և նյութերի խառնում, որի արդյունքում ստացված արտադրանքն էապես չի տարբերվում ելակետային բաղադրիչներից:
8. Արտադրանքի բաժանումը բաղադրամասերի, որի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում ելակետային արտադրանքից:
9. Ներկման և փայլեցման գործողություններ:
10. Սրում, աղում կամ պարզ կտրատում, որոնց արդյունքում ստացված նյութերն էապես չեն տարբերվում ելակետային նյութերից:
11. Բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցում, չափածրարում և փաթեթավորման այլ պարզ գործողություններ:
12. Գործողություն, որը սույն ցանկում նշված երկու և ավելի գործողությունների համակցություն է:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.01.2024, թիվ 3 | 14.07.2024, թիվ 93 | |
12.04.2022, թիվ 57 | 14.07.2022, թիվ 93 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|