Գլխավոր տեղեկություն
Համար
N 733-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2023-28.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 733-Ն

 

ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 13-րդ ենթակետը, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հրաձգարանի գործարկման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հրաձգային օբյեկտ գործարկելու թույլտվությունները շարունակում են գործել մինչև դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 733-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերով հրաձգարանի գործարկման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` դիմումատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Հրաձգարանի գործարկման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներով ու սույն կարգով:

3. Հայաստանի Հանրապետությունում հրաձգարանի գործարկման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն):

4. Լիցենզիա ստանալու համար ոստիկանություն դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև հրաձգարան գործարկողների, հրաձգարանից օգտվողների և հրաձգության մասնակիցների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձանց շենքային, տեխնիկական, տնտեսական պահանջները, այդ թվում՝ զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարանները պետք է համապատասխանեն ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին։

8․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է այդ վայրերը ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերի պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար ոստիկանությունից համաձայնություն ստանալուց հետո։

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Լիցենզիա ստանալու համար դիմումատուն ոստիկանություն է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու դիմում՝ ձև 1, նշելով՝

ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը դիմումատուն մտադիր է իրականացնել.

2) պետական ռեգիստրի գրանցման վկայականի և կազմակերպության կանոնադրության պատճենները.

3) փակ հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու դեպքում նախատեսված շինության, իսկ բաց կամ կիսաբաց հրաձգարանի դեպքում՝ տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, կամ շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման կնքված պայմանագրի պատճենը.

4) զենք և ռազմամթերք պահելու զետեղարանի առկայության դեպքում՝ շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը կամ շուրջօրյա ծառայություն իրականացնելու վերաբերյալ դիմումատուի հրամանի և այդ անձանց անձնագրերի պատճենները.

5) զենք և ռազմամթերք պահելու զետեղարանի առկայության դեպքում՝ զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին դիմումատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի պատճենները և զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունները: Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունները չեն ներկայացվում այն դեպքում, երբ զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձն ունի քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու թույլտվություն.

6) հրաձգության հրահանգչի որակավորման վկայականի, աշխատանքային պայմանագրի պատճենները.

7) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ոստիկանություն հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

 

4. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում ոստիկանությունը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին: Ոստիկանությունը, դիմումատուի կողմից սույն կարգի 9-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է լիցենզիան կամ «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, մերժում է լիցենզիայի տրամադրումը:

12. Լիցենզիան տրվում է անժամկետ:

13. Լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե`

1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չեն ներկայացվել կամ ներկայացվել են ոչ ճիշտ տեղեկություններ, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.

3) դիմումատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հրաձգարանի գործարկմամբ.

4) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.

5) չեն պահպանվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջները.

6) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

14. Լիցենզիայի դիմումի մերժման դեպքում ոստիկանությունը դիմումատուին գրավոր ներկայացնում է լիցենզիա ստանալու դիմումը մերժելու որոշումը:

15. Լիցենզավորված իրավաբանական անձինք մինչև հաջորդ տարվա հունվար ամսվա վերջը ոստիկանություն են ներկայացնում նախորդ տարվա տարեկան հաշվետվություն՝ անցկացված միջոցառումների, մասնակցած անձանց, օգտագործված զենքերի ու փամփուշտների թվաքանակի և դժբախտ դեպքերի վերաբերյալ:

 

Ձև 1

 

__________________________________________________

__________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

__________________________________________________

__________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

________________________________________________________

(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

________________________________________________________

(պետական գրանցման համարը)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Խնդրում եմ ինձ տալ ________________________________________________________

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. ______________________________________________ 

2. ______________________________________________

3. ______________________________________________

4. ______________________________________________

5. ______________________________________________

6. ______________________________________________

7. ______________________________________________

8. ______________________________________________

9. ______________________________________________

10. _____________________________________________

________________________________________________

 

դիմումատու

_______________________

(ստորագրությունը)

_______________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

______  _______________20 թ.

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 733-Ն որոշման

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ

 

Սերիա ՀԳԼ

N___________

 

Իրավաբանական անձի

անվանումը

____________________________

____________________________

____________________________

 

Գտնվելու վայրը (հասցեն)

____________________________

____________________________

____________________________

 

Գործունեության իրակա-

նացման վայրը (հասցեն)

____________________________

____________________________

____________________________

 

Գործողության ժամկետը

____________________________

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ

___________________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

_________ ____________________20 թ.

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2024, N 973-Ն 28.06.2024, N 733-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան