Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.457
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 418-Ն

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 11.05.23 N 698-Ն)

1. Հաստատել ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 13

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 418-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ԱԷԿ) շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի դասերը, միջադեպերի մասին տեղեկատվություն տրամադրելու, քննության անցկացման ու հաշվետվություններ ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության նպատակներն են`

1) միջադեպերի պատճառների բացահայտումը.

2) միջադեպի դասի որոշումը.

3) նմանատիպ միջադեպերի առաջացման կանխարգելումը:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) անվտանգության չափանիշ՝ նորմատիվ փաստաթղթերով և (կամ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի (այսուհետ՝ կարգավորող մարմին) կողմից սահմանված պարամետրերի արժեքներ և (կամ) ԱԷԿ-ի բնութագրեր, որոնց համապատասխան հիմնավորվում է ԱԷԿ-ի անվտանգությունը.

2) անվտանգ շահագործման պայմաններ՝ ԱԷԿ-ի նախագծով սահմանված՝ անվտանգության համար կարևոր համակարգերի (տարրերի) քանակի, բնութագրերի, տեխնիկական սպասարկման պայմանների և աշխատունակության վիճակի նվազագույն պայմաններ, որոնցով ապահովվում է անվտանգ շահագործման սահմանների և (կամ) անվտանգության չափանիշների պահպանումը.

3) անվտանգ շահագործման սահմաններ՝ ԱԷԿ-ի նախագծով սահմանված տեխնոլոգիական գործընթացի պարամետրերի արժեքները, որոնցից շեղումները կարող են բերել վթարի.

4) արտաքին պատահար՝ բնական երևույթ (փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ և այլն) կամ մարդու գործունեության հետ կապված պատահար (հրդեհ, պայթյուն, ինքնաթիռի անկում և այլն).

5) բնականոն շահագործում՝ շահագործում՝ ԱԷԿ-ի նախագծով սահմանված շահագործման սահմաններում և պայմաններում.

6) բնականոն շահագործման շեղում՝ ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ, որի ժամանակ տեղի է ունեցել շեղում շահագործման սահմաններից և պայմաններից.

7) ելակետային պատահար՝ ԱԷԿ-ի համակարգերում (տարրերում) եզակի խափանում, արտաքին պատահար կամ անձնակազմի սխալ, որոնք բերում են բնականոն շահագործման խախտման և կարող են բերել անվտանգ շահագործման սահմանների և (կամ) պայմանների խախտման.

8) եզակի խափանում՝ մեկ պարամետրի շեղում, համակարգի մեկ տարրի խափանում, անսարքություն կամ անձնակազմի սխալ.

9) միջադեպ՝ ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած վթար կամ խախտում.

10) խախտում՝ ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ, որի ժամանակ տեղի է ունեցել շեղում բնականոն շահագործման պայմաններից և սահմաններից, կամ առաջացել է նախավթարային իրավիճակ.

11) նախավթարային իրավիճակ՝ ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ, որը բնութագրվում է անվտանգ շահագործման սահմանների և պայմանների խախտմամբ, որը չի վերածվել վթարի.

12) շահագործման սահմաններ՝ ԱԷԿ-ի նախագծով բնականոն շահագործման համար սահմանված՝ համակարգերի (տարրերի) և ամբողջությամբ ԱԷԿ-ի վիճակի պարամետրերի բնութագրերի արժեքներ.

13) շահագործման պայմաններ՝ ԱԷԿ-ի նախագծով սահմանված՝ համակարգերի (տարրերի) քանակի, բնութագրերի, տեխնիկական սպասարկման և աշխատունակության վիճակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են առանց շահագործման սահմանների խախտման աշխատանքի համար.

14) վթար՝ ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ, որի ժամանակ տեղի է ունեցել անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի ելք և (կամ) իոնացնող ճառագայթման տարածում: Վթարը բնութագրվում է ելակետային պատահարով, զարգացման ուղիներով և հետևանքներով:

 

II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԴԱՍԵՐԸ

 

4. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերը բաժանվում են երկու խմբի՝ վթարների և խախտումների:

5. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի դասերը ներկայացված են աղյուսակում` համաձայն ձևի:

 

III. ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարգավորող մարմին փոխանցվում է հրատապ (օպերատիվ) և նախնական հաղորդագրություն:

7. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախնական հաղորդագրությունն ԱԷԿ-ի շահագործող կազմակերպությունը փոխանցում է նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

8. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, միջադեպի հայտնաբերման պահից մեկ ժամվա ընթացքում, ԱԷԿ-ի հերթափոխի պետի կողմից հրատապ (օպերատիվ) հաղորդագրություն է ներկայացվում կարգավորող մարմին՝ հեռախոսային կամ տեղեկատվության հրատապ ստացումն ապահովող կապի այլ միջոցներով (ֆաքսիմիլ կապ կամ էլեկտրոնային փոստ):

9. Հրատապ (օպերատիվ) հաղորդագրության մեջ պետք է նշվեն`

1) ԱԷԿ-ի անվանումը և էներգաբլոկի համարը.

2) միջադեպի հայտնաբերման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

3) էներգաբլոկի վիճակը մինչև միջադեպը.

4) միջադեպի համառոտ բնութագիրը և ենթադրվող պատճառը (պատճառները).

5) հաղորդագրության հաղորդման պահին էներգաբլոկի վիճակը.

6) հաղորդագրությունը ներկայացնող ԱԷԿ-ի հերթափոխի պետի անունը, ազգանունը:

10. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախնական հաղորդագրությունը ներկայացվում է ԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետի կամ նրան փոխարինող անձի ստորագրությամբ, միջադեպի հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում, ֆաքսիմիլ կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

11. Նախնական հաղորդագրության մեջ պետք է նշվեն՝

1) ԱԷԿ-ի անվանումը և էներգաբլոկի համարը.

2) միջադեպի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

3) էներգաբլոկի վիճակը մինչև միջադեպը.

4) միջադեպի առաջացման, զարգացման, և դրա վերացմանն ուղղված աշխատանքների համառոտ նկարագրությունը, միջադեպի ենթադրվող պատճառները, անվտանգ շահագործման սահմանների և պայմանների խախտումների առկայությունը.

5) միջադեպի նախնական սահմանված դասը.

6) վնասված համակարգերի (տարրերի) անվանումները, վնասվածքի տեղը, բնույթը և հավանական պատճառները.

7) հաղորդագրության հաղորդման պահին ԱԷԿ-ի տվյալ էներգաբլոկի և մյուս էներգաբլոկների վիճակը.

8) միջադեպի ճառագայթային հետևանքները.

9) միջադեպի նախնական գնահատականը, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջուկային պատահարների միջազգային սանդղակի (INES):

12. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին նախնական հաղորդագրության ձևը սահմանում է շահագործող կազմակերպությունը:

 

IV. ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննությունը կատարվում է հանձնաժողովի կողմից, որն ստեղծում և դրա կազմը հաստատում է ԱԷԿ-ի շահագործող կազմակերպությունը՝ շահագործող կազմակերպության ղեկավարի հրամանով:

14. Քննության հանձնաժողովը պետք է ստեղծվի միջադեպի հայտնաբերման պահից հետո 24 ժամվա ընթացքում:

15. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննությունը պետք է անցկացվի դրանց հայտնաբերման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Միջադեպի հայտնաբերման օրը նշված ժամկետում չի ներառվում:

16. Միջադեպերի քննության ընթացքում հանձնաժողովը պետք է՝

1) որոշի միջադեպի դասը.

2) գնահատի միջադեպը՝ համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջուկային պատահարների միջազգային սանդղակի (INES).

3) որոշի միջադեպի առաջացմանը նախորդող և միջադեպի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հերթականությունը, շեղումները.

4) որոշի միջադեպի առաջացման անմիջական և արմատական պատճառները.

5) գնահատի միջադեպի կարևորությունը՝ անվտանգության վրա ազդեցության տեսակետից.

6) վերլուծի նախկինում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերը կանխարգելող միջոցառումների արդյունավետությունը.

7) մշակի նմանատիպ միջադեպի կրկնումը կանխարգելող միջոցառումներ:

17. Միջադեպի անմիջական և արմատական պատճառների հետազոտության ընթացքում հանձնաժողովը պետք է քննարկի և վերլուծի միջադեպի հնարավոր պատճառ հանդիսացող՝

1) վարչական և արտադրական ղեկավարման արդյունավետությունը.

2) շահագործման, վերանորոգման, կարգաբերման և փորձարկման կարգը սահմանող փաստաթղթերի և աշխատանքների որակը.

3) մարդկային գործոնը:

18. Քննության հանձնաժողովն իրավասու է՝

1) միջադեպի վերաբերյալ բացատրություններ ստանալու ԱԷԿ-ի աշխատողներից.

2) հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելու համապատասխան ոլորտների մասնագետների, փորձագետների.

3) իրականացնելու անհրաժեշտ փորձարկումներ, չափումներ, ստուգումներ, ստանալու գրանցող սարքերի դիագրամներ և արխիվային տվյալներ, օպերատիվ կապի ձայնագրություններ, օպերատիվ գրանցամատյաններ և այլ անհրաժեշտ տեղեկություններ.

4) փոխելու միջադեպի նախնական սահմանված դասը:

19. Քննության հանձնաժողովի աշխատակարգը որոշում է հանձնաժողովի նախագահը:

20. Եթե միջադեպի քննության ընթացքում պարզվի, որ միջադեպն իր բնութագրիչներով և (կամ) հետևանքներով պատկանում է ավելի բարձր դասի, ապա քննության հանձնաժողովն ընդունում է դասի փոփոխության որոշում:

21. Քննության հանձնաժողովի աշխատանքի համար ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության կողմից պետք է ստեղծվեն պայմաններ, որ ապահովվեն՝

1) նախագծային, շահագործման և այլ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը.

2) անհրաժեշտ հաշվարկների, լաբորատոր հետազոտությունների, փորձարկումների և ուսումնասիրությունների անցկացումը, օբյեկտների, համակարգերի (տարրերի) լուսանկարումը:

22. Նախքան քննության հանձնաժողովի աշխատանքի սկիզբը՝ ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության ղեկավարությունը պետք է՝

1) որոշի միջադեպի բնույթը և ծավալը.

2) անհրաժեշտության դեպքում կազմակերպի համապատասխան կազմակերպությունների` նախագծային, կոնստրուկտորական, շինմոնտաժային և այլ, ներկայացուցիչների հրավերը.

3) ապահովի գրանցող սարքերի դիագրամների և արխիվային տվյալների, օպերատիվ կապի ձայնագրությունների, օպերատիվ գրանցամատյանների գրառումների պահպանումը.

4) գրանցի միջադեպի առաջացման պահին ռեակտորի նեյտրոնաֆիզիկական բնութագրերի տվյալները, կոմուտացիոն և ազդանշանային սարքերի, անջատիչ և կարգավորող փականների դիրքը.

5) ստանա խախտման վերացման աշխատանքներին մասնակցած շահագործող անձնակազմի բացատրագրերը.

6) նախնական տվյալների և նյութերի հիման վրա պատրաստի համակարգերի (տարրերի) աշխատանքի վերլուծության համար անհրաժեշտ, միջադեպի առաջացման և զարգացման ընթացքում պարամետրերի փոփոխության գրաֆիկները՝ նշելով նրանց վրա սարքավորումների, համակարգերի անջատումների կամ աշխատանքային ռեժիմի փոփոխության, տեխնոլոգիական պաշտպանության և բլոկավորման գործարկումների պահերը.

7) ներկայացնի քննարկման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը, փորձարկումների, հետազոտությունների արձանագրությունները, շահագործման հրահանգները, գծապատկերները (սխեմաները) և այլ փաստաթղթեր.

8) տեղեկություն ներկայացնի նախկինում ԱԷԿ-ում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերի և դրանց կրկնումը կանխարգելող միջոցառումների մասին.

9) ապահովի միջադեպի վայրում միջադեպի տեղի ունենալու պահին համապատասխան իրավիճակի պահպանումը.

10) դադարեցնի միջադեպի պատճառ հանդիսացող համակարգերի (տարրերի) վրա աշխատանքների իրականացումը, եթե դա վտանգ չի ներկայացնում մարդկանց առողջությանը և չի հանգեցնի խախտման հետագա զարգացմանը:

23. Վնասված համակարգերի (տարրերի) կազմաքանդումն իրականացվում է միայն հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցնելուց հետո:

24. Միջադեպի քննության ավարտից հետո, հիմք ընդունելով քննության արդյունքները, հանձնաժողովը կազմում է հաշվետվություն: Հաշվետվության վերջնական տարբերակն ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի այն անդամները, որոնք համաձայն չեն ընդունված որոշման հետ, պարտավոր են գրավոր ներկայացնել իրենց հատուկ կարծիքը, որը կցվում է հաշվետվությանը:

25. Քննության հաշվետվությունը պետք է ընդգրկի՝

1) ԱԷԿ-ի անվանումը, էներգաբլոկի համարը և տիպը.

2) միջադեպի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

3) միջադեպի գնահատականը՝ համաձայն ԱԷՄԳ միջուկային պատահարների միջազգային սանդղակի (INES), ըստ ռադիոլոգիական հետևանքների.

4) միջադեպի նկարագրությունը.

5) միջադեպի հետևանքները.

6) միջադեպի պատճառները (անմիջական և արմատական).

7) միջադեպի գնահատականը՝ անվտանգության տեսակետից.

8) քննության ընթացքում հայտնաբերված թերությունները.

9) կանխարգելող միջոցառումները՝ կատարման համար պարտադիր և խորհրդատվական բնույթի:

26. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված միջադեպի քննության ժամկետը կարող է երկարացվել մեկ անգամ` մինչև 10 օր ժամկետով: Քննության ժամկետի երկարացման անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահը քննության ժամկետը լրանալուց առնվազն երեք օր առաջ պետք է ժամկետի երկարացման գրավոր հիմնավորում ներկայացնի հանձնաժողովն ստեղծած կազմակերպության ղեկավարին:

27. Քննության ժամկետի երկարացումն ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից համաձայնեցվում է կարգավորող մարմնի հետ՝ քննության ժամկետը լրանալուց 3 օր առաջ: Կարգավորող մարմինը քննության ժամկետը երկարացնելու համաձայնությունը կամ մերժումը տալիս է եռօրյա ժամկետում: Քննության ժամկետի երկարացումը մերժվում է հիմնավորման անհիմն լինելու պարագայում: Մերժման դեպքում հաշվետվությունը կարգավորող մարմին է ներկայացվում այն տեսքով, ինչով այն պատրաստ էր մինչև քննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ գրավոր հիմնավորում ներկայացնելը:

28. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հաշվետվության ձևին և սույն կարգի 25-րդ կետով սահմանված բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

29. Հանձնաժողովի աշխատանքի ավարտից 5 օրվա ընթացքում քննության հաշվետվությունը տպագիր և էլեկտրոնային տեսքով պետք է ներկայացվի՝

1) Վ01 - Վ04 դասերի միջադեպերի դեպքում՝ կարգավորող մարմին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.

2) Խ01 - Խ11 դասերի միջադեպերի դեպքում՝ կարգավորող մարմին:

 

V. ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Քննության հաշվետվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կարգավորող մարմինն իրականացնում է հաշվետվության քննարկումը:

31. Հաշվետվության քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինը գրավոր տեղեկացնում է ԱԷԿ-ի շահագործող կազմակերպությանը քննության արդյունքների, միջադեպի հետևանքների վերացման և նմանատիպ միջադեպերի կրկնումը կանխարգելող միջոցառումների բավարար լինելու կամ կրկնակի քննություն անցկացնելու անհրաժեշտության, կամ կարգավորող մարմնի կողմից լրացուցիչ քննություն անցկացնելու մասին:

32. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի լրացուցիչ քննությունն անցկացնում է կարգավորող մարմինը՝ քննության արդյունքների և նմանատիպ միջադեպերի կրկնումը կանխարգելող միջոցառումների անբավարար լինելու կամ քննության ավարտից հետո միջադեպի առաջացման հետ կապված նոր փաստերի, հանգամանքների և տվյալների հայտնաբերման դեպքում:

33. Լրացուցիչ քննությունն անցկացնում է հանձնաժողովը, որն ստեղծվում է կարգավորող մարմնի ղեկավարի հրամանով:

34. Լրացուցիչ քննությունը պետք է կատարվի լրացուցիչ քննության հանձնաժողովի ստեղծման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Հանձնաժողովի ստեղծման օրը նշված ժամկետում չի ներառվում:

35. Լրացուցիչ քննության ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է քննության արդյունքները, միջադեպի առաջացման հետ կապված նոր փաստերը, հանգամանքները և տվյալները, միջադեպի քննության հաշվետվության քննարկման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություն է պահանջում ԱԷԿ-ի շահագործող կազմակերպությունից, անհրաժեշտության դեպքում վերանայում՝

1) միջադեպի դասը.

2) միջադեպի գնահատականը՝ համաձայն ԱԷՄԳ միջուկային պատահարների միջազգային սանդղակի (INES), ըստ ռադիոլոգիական հետևանքների.

3) միջադեպի առաջացմանը նախորդող և միջադեպի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հերթականությունը.

4) տեղ գտած շեղումները.

5) միջադեպի առաջացման պատճառները` անմիջական և արմատական.

6) միջադեպերի կրկնումը կանխարգելող միջոցառումները.

7) միջադեպի գնահատականն անվտանգության տեսակետից:

36. Լրացուցիչ քննության ավարտից հետո, հիմք ընդունելով քննության արդյունքները, հանձնաժողովը կազմում է հաշվետվություն: Հաշվետվության վերջնական տարբերակն ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի անդամները, որոնք համաձայն չեն ընդունված որոշման հետ, պարտավոր են գրավոր ներկայացնել իրենց հատուկ կարծիքը, որը կցվում է հաշվետվությանը:

37. ԱԷԿ-ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի լրացուցիչ քննության հանձնաժողովի աշխատակարգը, հաշվետվության ձևին և սույն կարգի 38-րդ կետով սահմանված բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

38. Լրացուցիչ քննության հաշվետվությունը պետք է ընդգրկի՝

1) ԱԷԿ-ի անվանումը, էներգաբլոկի համարը և տիպը.

2) միջադեպի գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

3) միջադեպի դասը և գնահատականը՝ համաձայն միջուկային պատահարների միջազգային սանդղակի (INES).

4) միջադեպի նկարագրությունը.

5) միջադեպի հետևանքները.

6) միջադեպի պատճառները (անմիջական և արմատական).

7) միջադեպի գնահատականը՝ անվտանգության տեսակետից.

8) քննության ընթացքում հայտնաբերված թերությունները.

9) կանխարգելման միջոցառումները (կատարման համար պարտադիր և խորհրդատվական բնույթի):

39. Միջադեպի վերջնական գնահատականը որոշում է կարգավորող մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

ԱՂՅՈՒՍԱԿ

ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԴԱՍԵՐԻ

 

Միջադեպի դասի պայմանական նշանը

Միջադեպի բնութագրիչները և հետևանքները

1 2
Վթարներ
Վ01 Ծանր արտանախագծային վթարների հետևանքով ռադիոակտիվ արտանետում, որի արդյունքում հնարավոր է ԱԷԿ-ի անձնակազմի և բնակչության գերճառագայթահարում, ԱԷԿ-ի հարակից տարածքների ռադիոակտիվ աղտոտում: Հնարավոր է ռադիոակտիվ նյութերի միջսահմանային տարածում:
Վ02 Ռադիոակտիվ արտանետում շրջակա միջավայր, որի հետևանքով շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտում հնարավոր է հասնել կամ գերազանցել վթարային միջամտման մակարդակները: Շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտու բնակչության կազմից առանձին անձանց կանխատեսվող ճառագայթահարման դոզան մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է գերազանցի 50 mSv, իսկ վահանաձև գեղձի կողմից հնարավոր է ռադիոակտիվ յոդի միջոցով 100 mGy կլանված դոզայի ստացում:
Վ03 Ռադիոակտիվ արտանետում շրջակա միջավայր, որի հետևանքով նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտում հնարավոր է հասնել կամ գերազանցել պաշտպանական միջոցների իրականացման համար որոշումների ընդունման չափանիշները: Նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչության կազմից առանձին անձանց կանխատեսվող ճառագայթահարման դոզան մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է գերազանցի 50 mSv, իսկ վահանաձև գեղձի կողմից հնարավոր է ռադիոակտիվ յոդի միջոցով 100 mGy կլանված դոզայի ստացում:
Վ04 Ռադիոակտիվ արտանետում շրջակա միջավայր, որի հետևանքով նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտում բնակչության առանձին անձանց ճառագայթահարման դոզան կարող է գերազանցել տարեկան 5 mSv: ԱԷԿ-ի վթարային անձնակազմի որոշ անդամների ճառագայթահարման դոզան կարող է գերազանցել վթարային անձնակազմի ճառագայթահարման առավելագույն թույլատրելի 200 mSv դոզան: Միջուկային վառելիքի ջերմանջատիչ տարրերի վնասում, որի դեպքում գերազանցվել է անվտանգ շահագործման սահմանն ըստ ջերմանջատիչ տարրերի վնասվածքների քանակության ու մեծության, սակայն չի գերազանցվել առավելագույն նախագծային սահմանը:
Խախտումներ
Խ01 Համակարգերի տարրերի խափանման, շահագործման կանոնակարգերի թերությունների, անձնակազմի սխալ գործողությունների հետևանքով անձնակազմի մշտական գտնվելու սենքեր, ԱԷԿ-ի հարթակ կամ շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի ներհոսք, որը բերել է՝
1) անձնակազմի մշտական գտնվելու սենքերում 2000 մասնիկ/սմ2  x րոպե բետտա աղտոտվածության, և (կամ) 20 մասնիկ/սմ2 x րոպե ալֆա աղտոտվածության.
2) նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտու աղտոտվածության, որի պատճառով ճառագայթահարման դոզան չի գերազանցի տարեկան 5 mSv սահմանը:
Անձնակազմի առանձին անձանց միանգամյա ճառագայթահարում, որը գերազանցում է մասնագիտական ճառագայթահարման դոզայի հիմնական սահմանը, բայց չի գերազանցում 200 mSv:
Խ02 Անվտանգ շահագործման սահմանների խախտում (բացառությամբ ճառագայթային սահմանների):
Խ03 Անվտանգ շահագործման պայմանների խախտում։
Խ04 ԱԷԿ-ի շահագործման ընթացքում կանոնակարգված փորձարկումների կամ զննումների ժամանակ բացահայտված անվտանգության համակարգերի մեկ կամ ավելի ենթահամակարգերի (կանալների) անաշխատունակություն:
Խ05 ԱԷԿ-ի շահագործման ընթացքում անվտանգության գործառույթի իրականացման հետ կապված անվտանգության համակարգի գործարկում, որն ուղեկցվում է նախագծային վթարների համար նախատեսված անվտանգության համակարգերի տարրերի եզակի խափանումներից ավելի խափանումներով և (կամ) անձնակազմի սխալ գործողություններով։
Խ06 ԱԷԿ-ի շահագործման ընթացքում անվտանգության գործառույթի իրականացման հետ կապված անվտանգության համակարգի գործարկում, որը չի ուղեկցվում նախագծային վթարների համար չնախատեսված անվտանգության համակարգերի տարրերի եզակի խափանումներից ավելի խափանումներով և (կամ) անձնակազմի սխալ գործողություններով։
Խ07 Անվտանգության համակարգի գործարկում, որը չի առնչվում անվտանգության գործառույթի իրականացման հետ, այդ թվում՝ հրդեհաշիջման համակարգի այն մասի հետ, որն ապահովում է անվտանգության համակարգերի աշխատանքի պայմանները։
Խ08 Առանց վթարային պաշտպանության համակարգի գործարկման, համակարգերի (տարրերի) խափանման և (կամ) անձնակազմի սխալ գործողությունների կամ արտաքին ազդեցության հետևանքով էներգաբլոկի անջատում էներգահամակարգից կամ ռեակտորային տեղակայանքի աշխատանքի դադարեցում։
Խ09 Համակարգերի խափանումների և (կամ) անձնակազմի սխալ գործողությունների կամ արտաքին ազդեցության հետևանքով նախորդող հզորության մակարդակից ԱԷԿ-ի հզորության 25 և ավելի տոկոսի իջեցում:
Խ10 Թարմ կամ աշխատած միջուկային վառելիքի հետ աշխատանքների իրականացման ժամանակ ԱԷԿ-ի համակարգերում, տարրերում (այդ թվում՝ միջուկային վառելիքի հետ աշխատանքներում կատարող ԱԷԿ-ի բեռնամբարձիչ սարքավորումներում) տեղի ունեցած խափանումների և (կամ) անձնակազմի սխալ գործողությունների հետևանքով ջերմանջատիչ տարրի, ջերմանջատիչ հավաքվածքի անկում և (կամ) վնասում:
Խ11 ԱԷԿ-ի անվտանգության 1-ին և 2-րդ դասի տարրերի վնասումներ կամ թերություններ, որոնք առաջացել են կամ հայտնաբերվել ԱԷԿ-ի շահագործման ժամանակ, բայց չեն հանգեցրել ելակետային պատահարի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2023, N 698-Ն 12.05.2023, N 418-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան