ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2023 թվականի N 665-Լ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-552-06.04.2023-ՏՏԳՇ-011/) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
04.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-552-06.04.2023-ՏՏԳՇ-011/) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 102-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է հետևյալ կարգավորումը՝
«Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Այս դեպքում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում»:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) մասնավորապես առաջարկվում է առկա կարգավորումները բաժանել երկու մասի.
1) առաջին հատվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Այս դեպքում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում».
2) երկրորդ հատվածը շարադրել որպես նույն հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մաս, հետևյալ խմբագրությամբ՝
«Եթե համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ խմբակցության կողմից առաջարկված խմբակցության անդամին նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:
Ըստ էության՝ նախագծով առաջարկվում է օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում վարչապետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու գործող դրույթը փոխարինել համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով վարչապետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ դրույթով:
Այդ առումով ամենևին չնվազեցնելով համայնքի բնակչության ընտրության արդյունքների կարևորությունը՝ գտնում ենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելիս (նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ պաշտոնը կրում է ժամանակավոր բնույթ) առավել կարևոր է նշանակման հարցում քաղաքական պատասխանատվություն ստանձնելը: Առաջարկվող տարբերակում այդ պատասխանատվությունը ստանձնելու է վարչապետը, սակայն պաշտոնակատարի նշանակումը կատարելու է խմբակցության առաջարկի հիման վրա: Այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն վերցնելը կկրի ձևական բնույթ, քանի որ այն առաջացել է ոչ թե նշանակողի նախաձեռնությամբ, այլ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: