Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-176-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2005-01.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1507
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 6-ին

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ և ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքը կարգավորում է մշակութային արժեքների արտահանման և ներմուծման ընթացքում ծագող հարաբերությունները, ներառյալ` մշակութային արժեքների ապօրինի արտահանման կամ ներմուծման կանխումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների իրավասությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ և ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենսդրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

մշակութային ժառանգություն` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող մշակութային արժեքներ և մշակութային նշանակության առարկաներ.

մշակութային արժեքներ` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ և ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակություն.

մշակութային նշանակության առարկաներ` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ, ներառյալ` համարանիշային (սերիական) արտադրության կամ զանգվածային արտադրության առարկաներ, ինչպես նաև ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, մշակութային արժեք չեն ներկայացնում.

համարանիշային (սերիական) արտադրության առարկաներ` պարբերաբար կամ խմբաքանակներով արտադրվող արտադրանք.

զանգվածային արտադրության առարկաներ` արդյունաբերական եղանակով արտադրվող արտադրանք.

մշակութային արժեքների փորձաքննություն` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող մշակութաբանական կամ արվեստաբանական հետազոտություն, որի շնորհիվ տրվում է առարկայի` մշակութային արժեք համարվելու կամ չհամարվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացություն.

մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր` լիազորված պետական մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքը.

մշակութային արժեքների հավաքածու` համասեռ կամ որոշակի հատկանիշով ընտրված տարասեռ առարկաների համախումբ, որն ամբողջությամբ ունի հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակություն` անկախ յուրաքանչյուրի մշակութային արժեքից.

մշակութային արժեքների պահպանական ցուցակ` պետական պահոցներում գրանցված, ինչպես նաև պետական սեփականություն չհամարվող և ոչ պետական պահոցներում պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստր:

Մշակութային արժեքների պահպանական ցուցակում դրանք կարող են գրանցվել միայն սեփականատիրոջ ցանկությամբ.

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկ` մշակութային ժառանգության համար բացառիկ կարևորություն ներկայացնող արժեքներ:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է մշակութային արժեքների հետևյալ տեսակների վրա.

1) պատմական, ներառյալ` ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման, գիտության և ճարտարագիտության պատմության, ինչպես նաև նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքին ու գործունեությանն առնչվող առարկաներ, ընտանեկան մասունքներ.

2) հնագիտական հետազոտություններից և պեղումներից ստացված գտածոներ, ինչպես նաև հողային, շինարարական, հողաբարելավման և այլ աշխատանքների ժամանակ հայտնաբերված պատմահնագիտական առարկաներ.

3) գեղարվեստական արժեքներ, ներառյալ`

ա) ամբողջովին կամ մասամբ ձեռքով արված պատկերներ և նկարներ` կատարված ցանկացած միջոցով ու նյութերով,

բ) ցանկացած նյութից պատրաստված քանդակներ,

գ) ցանկացած նյութից արված գեղարվեստական հորինվածքներ և համակցված կառուցվածքներ (մոնտաժներ),

դ) պաշտամունքային նշանակություն ունեցող գեղարվեստորեն ձևավորված առարկաներ, ներառյալ` սրբապատկերներ (իկոնաներ),

ե) փորագրություններ, փորագրանկարի արտատպություններ, վիմատպություններ և դրանց այլ դրոշմվածքաձևեր,

զ) կիրառական արվեստի գործեր, ներառյալ` ապակուց, կավից, փայտից, երկաթից, ոսկրից, գործվածքեղենից և այլ նյութերից պատրաստված գեղարվեստական իրեր,

է) ավանդական ժողովրդական արհեստների ստեղծագործություններ.

4) պատմական և գեղարվեստական, ներառյալ` գրական հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

5) ձեռագիր և տպագիր գրական, պատմագիտական, պաշտամունքային արժեք ներկայացնող հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

6) առանձին կամ հավաքածու հնագույն գրքեր, փաստաթղթեր.

7) հազվագյուտ ձեռագրեր և փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ, ներառյալ` ձայնագրման, տեսագրման, լուսանկարչական և կինոարխիվներ.

8) երաժշտական գործիքներ.

9) առանձին կամ հավաքածու փոստային նամականիշեր, այլ նամականիշային նյութեր.

10) հնագույն առարկաներ` գործիքներ, կավագործական իրեր, մակագրություններ, դրամներ, շքանշաններ, մեդալներ, կնիքներ, զենք, ինչպես նաև հավաքածուի համար նախատեսված այլ առարկաներ.

11) բուսական, կենդանական և երկրաբանական հավաքածուներ և նմուշներ, հանքաբանության, անատոմիայի և հնէաբանության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ.

12) կահույք, գոբելեններ, գորգեր, կարպետներ, տարազներ.

13) ազգագրական, մարդաբանական նյութեր և բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ, հնատիպ հրատարակություններ.

14) ճարտարապետական և կոթողային արվեստի հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

15) այլ առարկաներ, ներառյալ` պատմական, գեղարվեստական, գիտական կամ մշակութային այլ նշանակություն ունեցող պատճեններ, որոնք, որպես պատմության և մշակույթի հուշարձաններ, վերցված են պետական պահպանության:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ և ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց ստեղծման ժամանակից կամ պատկանելությունից:

2. Մշակութային այն արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում, ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից:

3. Հայաստանի Հանրապետության պետական պահոցներում` թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, մշտապես պահպանվող մշակութային արժեքների արտահանումն արգելվում է, բացառությամբ ժամանակավոր արտահանման դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքից ապօրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 7.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ և ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը և ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է.

2) սահմանում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները.

3) հաստատում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.

4) հաստատում է սույն օրենքով նախատեսված արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները.

5) հաստատում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի ձևը և դրա տրման կարգը.

6) սահմանում է բռնագրավված մշակութային արժեքների տնօրինման կարգը.

7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(7-րդ հոդվածը լրաց. 24.05.05 ՀՕ-97-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 8.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Լիազորված պետական մարմինը`

1) մշակում է մշակութային ժառանգության պահպանությունն ապահովող, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի արտահանումը և ներմուծումը կանխող իրավական ակտերի նախագծեր.

2) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու այլ պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքները և կազմում է այդ արժեքների հաշվառման մատյան.

3) որոշում է ընդունում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վերաբերյալ.

4) տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր.

41) կազմում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.

42) մշակում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը և ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է.

43) կազմում է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների պահպանական ցուցակը.

5) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված` անթվակիր և անստորագիր, մինչև 50 և 50 տարուց ավել վաղեմություն ունեցող` կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի մշակութային արժեք չհամարվող ստեղծագործությունների, ինչպես նաև մինչև 75 և 75 տարուց ավել վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը.

6) Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս տեղեկատվություն է տարածում մշակութային արժեքների անհետացման, կորստի, հափշտակության փաստերի վերաբերյալ.

7) Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով միջոցներ է ձեռնարկում` վերականգնելու մշակութային արժեքների սեփականատերերի իրավունքները մշակութային արժեքների ապօրինի արտահանման, ներմուծման և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքերում.

8) նպաստում է գիտական և տեխնիկական հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ և այլն) ստեղծմանն ու զարգացմանը` ի շահ մշակութային արժեքների պահպանման և դրանց հանրայնացման.

9) ընդունում է որոշումներ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պետական թանգարաններ, գրադարաններ, արխիվներ մշտական պահպանության հանձնելու վերաբերյալ.

10) առաջարկություն է ներկայացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող մշակութային արժեքների` պետության կողմից գնման իրավունքի իրականացման վերաբերյալ.

11) հաշվառում է պետական սեփականություն համարվող, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված արժեքների հետբերման ուղղությամբ.

12) վարում է արտահանվող, ժամանակավոր արտահանվող և ներմուծվող մշակութային արժեքների վիճակագրությունը.

13) արձանագրում է ժամանակավոր արտահանվող և ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների իսկությունը.

14) սահմանում է ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը.

15) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական այլ մարմինները մշակութային արժեքների ներմուծման ու արտահանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված իրավասությունների սահմաններում և օրենքով սահմանված կարգով ու դեպքերում:

(8-րդ հոդվածը լրաց. 24.05.05 ՀՕ-97-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 9.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ

 

1. Պարզեցված կարգով` առանց արտահանման իրավունքի վկայագրի կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանման են ենթակա հետևյալ մշակութային նշանակության առարկաները և մշակութային արժեքները.

1) մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող` կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները (ներառյալ` մշակութային արժեքները), բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մահացած հեղինակների ստեղծագործությունների.

2) մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի անթվակիր և անստորագիր ստեղծագործությունների վրա, ինչպես նաև անթվակիր մշակութային նշանակության առարկաների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտահանվող կամ ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները ենթակա են պարտադիր փորձաքննության, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:

2. Փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք պատասխանատվություն են կրում իրենց փորձագիտական եզրակացության համար:

Մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիաները տրամադրվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև լիցենզավորման կարգին համապատասխան:

Մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի գործողությունը դադարում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը, սույն օրենքին համապատասխան, արտահանման համար ներկայացված առարկաների վերաբերյալ կայացնում է ներքոհիշյալ որոշումներից մեկը.

1) առարկան դասվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մշակութային արժեքների շարքին և ենթակա չէ արտահանման.

2) առարկան գրանցված է կամ ենթակա է գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում և ենթակա է արտահանման, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

3) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.

4) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել առանց արտահանման իրավունքի վկայագրի.

5) առարկան չի համարվում մշակութային արժեք, որը կարող է արտահանվել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքը ենթակա է արտահանման, եթե Հայաստանի Հանրապետությունը սեփականատիրոջ կողմից հայտը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չի օգտվում մշակութային արժեքի գնման նախապատվության իրավունքից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորված պետական մարմինը լուսանկարի շրջերեսին կնիքով վավերացնում է համապատասխան մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի իսկությունը:

Մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող` կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների (բացառությամբ` անթվակիր և անստորագիր), ինչպես նաև մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների (բացառությամբ` անթվակիր) լուսանկարների վավերացումը լիազորված պետական մարմինը իրականացնում է միայն արտահանողի ցանկությամբ:

Լուսանկարի վավերացման համար պետական տուրք կամ այլ վճար չի գանձվում:

4. Մշակութային արժեքի արտահանման (ժամանակավոր արտահանման) իրավունքի վկայագիրը տրվում է հայտը ներկայացնելուց հետո` երկու օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազորված պետական մարմինը մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի լուսանկարը կնիքով վավերացնում է մեկ օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

6. Հետախուզման մեջ գտնվող մշակութային արժեքն արտահանման համար ներկայացնելու դեպքում լիազորված պետական մարմինը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

1. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտը լիազորված պետական մարմին է ներկայացնում տվյալ մշակութային արժեքի սեփականատերը կամ նրա լիազորած անձը:

Հայտին կցվում է մշակութային արժեքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա թույլատրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման համար նախատեսված առավելագույն ժամկետով:

Սահմանված ժամկետում մշակութային արժեքը չվերադարձնելը համարվում է մշակութային արժեքի ապօրինի արտահանում:

3. Արտահանման ենթակա պետական սեփականություն չհամարվող այլ մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

1. Պետական թանգարանների, արխիվների, գրադարանների, պետական այլ պահոցների կողմից մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է ցուցահանդեսներ կազմակերպելու, վերականգնման աշխատանքներ և գիտական հետազոտություններ կատարելու, թատերական, համերգային և այլ գեղարվեստական գործունեության նպատակներով:

2. Պետական թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, պետական այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումն ընդունում է այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայության տակ է գտնվում հայտ ներկայացնող կազմակերպությունը:

3. Հայտին կցվում են`

1) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը.

2) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը.

3) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները.

4) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին նշումը.

5) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` լիազորված պետական մարմնի որոշման պատճենը:

4. Ժամանակավոր արտահանված մշակութային արժեքները չեն կարող օգտագործվել որպես պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա, ինչպես նաև ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել այլ գործարքներ:

5. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տրվում է հայտը ներկայացնելուց հետո` երկու օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտը մերժվում է, եթե`

1) ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների վրա տարածվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը.

2) փորձաքննության եզրակացության հիման վրա ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանվածության աստիճանը թույլ չի տալիս փոփոխել նրանց պահպանման պայմանները.

3) մշակութային արժեքը գտնվում է արգելանքի տակ.

4) այն պետությունում, ուր նախատեսվում է ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները, տեղի է ունեցել բնական աղետ, առկա են զինված ընդհարումներ կամ մշակութային արժեքների պահպանության ապահովմանը խոչընդոտող իրավիճակներ.

5) չեն ներկայացվել սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունները և հյուպատոսական հիմնարկները օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված իրենց իրավասությունների սահմաններում իրագործում են Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների դիվանագիտական պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ և ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Մշակութային արժեքները ենթակա են ներմուծման Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային հսկողությունն իրականացվում է տվյալ մշակութային արժեքի լուսանկարի առկայության պայմաններում:

Լուսանկարին ներկայացվող պահանջները սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Միջազգային պայմանագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիք տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

 

Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

ՀՈԴՎԱԾ 18.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԶԵՆՔԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ և ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

Պատմական, գեղարվեստական, գիտական և մշակութային այլ արժեք ներկայացնող տարբեր տեսակի զենքերի արտահանումն ու ներմուծումը կարգավորվում է սույն օրենքով և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ և ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման` սույն օրենքով սահմանված կարգը տարածվում է նաև դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձանց վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 20.

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

1. Փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը արտահանողին առաջարկություն է ներկայացնում մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքը ձեռք բերելու վերաբերյալ:

2. Ձեռքբերման ենթակա մշակութային արժեքի գինը սահմանվում է` ելնելով շուկայական (ողջամիտ) գնից:

Պետության կողմից ձեռքբերվող մշակութային արժեքի գնի վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

3. Պետության կողմից մշակութային արժեքի ձեռքբերման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված պետական մարմնի ներկայացմամբ:

4. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություն է ներկայացնում ձեռք բերված մշակութային արժեքը համապատասխան պետական թանգարան, արխիվ, գրադարանների ֆոնդ կամ պետական այլ պահոց հանձնելու, ի պահ տալու վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 21.

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՕՐԻՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Այլ պետություններից ապօրինի արտահանված, հափշտակված կամ այլ ապօրինի միջոցներով ստացված մշակութային արժեքների ձեռքբերումը կանխարգելելու նպատակով պետական թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների պետական այլ պահոցները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մշակութային արժեքների պատկանելության մասին տեղեկություններ ստանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 22.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՑ ՀԵՏ ՊԱՀԱՆՋԵԼԸ

 

1. Մշակութային արժեքները, անկախ դրանց պատկանելությունից, Հայաստանի Հանրապետության տարածքից ապօրինի դուրս բերելու դեպքերում լիազորված պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, պարտավոր է դիմել իրավասու մարմիններին` այդ մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու համար:

2. Լիազորված պետական մարմինն իր իրավասությունների սահմաններում աջակցում է մշակութային արժեքների օրինական տերերին, երբ նրանք այլ պետությունների դատարաններին, դրանց ներքին օրենսդրությանը համապատասխան, ներկայացնում են մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու հայց: Այդ կերպ վերադարձված մշակութային արժեքները ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պարտադիր վճարների վճարումներից:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետություն այլ պետություններից ապօրինի ներմուծված, ինչպես նաև հափշտակված կամ կորսված մշակութային արժեքները դատական կարգով ենթակա են վերադարձման օրինական սեփականատիրոջը` հատուցելով բարեխիղճ ձեռք բերողի ծախսերը, եթե դրանց վերադարձման պահանջը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հետ նույն միջազգային համաձայնագրին միացած պետությունը, և եթե այդ համաձայնագրում նախատեսվում է հատուցման վճար, կամ եթե այդպիսի վճար նախատեսվում է փոխադարձության պայմանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան` վերադարձված մշակութային արժեքները ազատվում են մաքսային և օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարների վճարումներից: Վերադարձման հետ կապված բոլոր ծախսերը կատարում է պահանջող կողմը:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 24.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ և ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին օրենսդրության պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 25.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ և ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կամ ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելու, ինչպես նաև ապօրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքներն իրենց սեփականատերերին վերադարձնելու նպատակով մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող և վերահսկող լիազորված պետական մարմինները համագործակցում են այլ պետությունների համապատասխան մարմինների, ծառայությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 26.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգը և չափորոշիչները Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում և հաստատում է մինչև 2005 թվականի մարտի 1-ը:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ժամանակավոր արտահանված կամ ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների վերաբերյալ կիրառվում են գործող կանոնները:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրերը պահպանում են իրենց վավերականությունը:

5. Ուժը կորցրած ճանաչել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 օգոստոսի 1994 թվականի, ՀՕ-112):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-176-Ն