Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Վաղարշապատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.04.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» ապրիլի 2023 թ.
ք. Էջմիածին

 

թիվ 33-Ն

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի պահանջներով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի

ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի

թիվ 33-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ գովազդ), տեղադրման կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:

2. Գովազդի տեղադրումն իրականացվում է «Գովազդի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն Կարգի պահանջներին համապատասխան:

3. Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գովազդը տեղադրվում է վահանակների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ գովազդի միջոցներ) ձևով:

4. Գովազդը կամ գովազդի միջոցը կարող է տեղադրվել պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների (հիմնական կամ ոչ հիմնական), դրանց վրա տեղակայված այլ կառույցների, կոնստրուկցիաների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների (այսուհետ՝ նաև գովազդի օբյեկտ) վրա:

5. Արգելվում է գովազդ տեղադրել թանգարանների, պատմական և ճարտարապետական հուշարձանների, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում:

6. Գովազդի միջոց հանդիսացող հիմնական և ոչ հիմնական շինությունները պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող հողամասերում կարող են կառուցվել կամ տեղադրվել Հայաստանի Հանրապետության հողային հարաբերությունները և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

7. Բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:

8. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա գովազդ տեղադրելու թույլտվությունը տրվում է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և մատուցելու թույլտվության առկայության դեպքում:

9. Պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող գովազդի օբյեկտի վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է միայն տվյալ գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում:

10. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գովազդի միջոց տեղադրելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է համապատասխան հողամաս: Գովազդի տեղադրման համար հողամասի հատկացման որոշում կայացնելիս հաշվի են առնվում Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների և համայնքային ենթակա հիմնարկների դիրքորոշումները` կախված գովազդի տեղադրման վայրից:

 

ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

11. Վաղարշապատ համայնքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:

12․ Վաղարշապատ համայնքում գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:

13. Գովազդ տեղադրելու համար, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա գովազդատուն, գովազդակիրը սույն հավելվածով սահմանված ձևի (Ձև 1) դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին:

14. Դիմումը պետք է պարունակի․

1) համայնքի անվանումը,

2) համայնքի ղեկավարի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),

4) դիմողի բնակության վայրը (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),

6) գովազդի տեղադրման ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղադրել գովազդը,

7) Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,

8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը, տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը, մասնավորապես՝ գովազդային միջոցի հասցեն, դրա տեսակը:

15. Դիմումին կցվում են.

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,

3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող օրենքով և իրավական այլ ակտերով անհրաժեշտ այլ փաստաթղթեր,

5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

16. Գովազդի միջոց տեղադրելու համար, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա անձը սույն հավելվածով սահմանված ձևի (Ձև 3) դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին:

17․ Դիմումը պետք է պարունակի․

1) համայնքի անվանումը,

2) համայնքի ղեկավարի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),

4) դիմողի բնակության վայրը (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),

6) գովազդային միջոցի տեղադրման վայրը և ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղադրել գովազդի միջոցը,

7) Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդի միջոցը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,

8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը։

18. Դիմումին կցվում են.

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող օրենքով և իրավական այլ ակտերով անհրաժեշտ այլ փաստաթղթեր,

5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

19. Համայնքի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) սույն հավելվածի 13-րդ կամ 16-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դրանց համապատասխանությունը սույն Կարգի պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Աշխատակազմը դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:

20. Եթե դիմումում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ ձևական, էական սխալներ, կամ Կարգի 19-րդ կետում սահմանված ժամկետում ձևական թերությունները չեն շտկվել, ապա համայնքի ղեկավարը դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը:

21. Եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կարգի պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական թերությունները, ապա Աշխատակազմը դիմումի Կարգի պահանջներին համապատասխանելու կամ ձևական թերությունները դիմողի կողմից վերացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին՝ ուրվանկարի և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման և լուծման համար։

22. Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Կարգի պահանջներին: Այն դեպքում, եթե համաձայնության տրամադրման համար անհրաժեշտ է հաշվի առնել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների և համայնքային ենթակա հիմնարկների դիրքորոշումները, ապա ապահովելով այդ գործընթացը, դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է համաձայնություն կամ մերժում:

23. Ըստ անհրաժեշտության Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինը սահմանված կարգով նախաձեռնում է նաև Վաղարշապատի համայնքապետի կողմից համապատասխան հողհատկացման գործընթացը, ինչպես նաև համաձայնություն է տալիս հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրման համար: Եթե համապատասխան հողամասի տրամադրումը կամ հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրումը հնարավոր չէ կամ գովազդը, գովազդի միջոցը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության (այդ թվում՝ Կարգի) պահանջներին, կամ կարող է խախտել ճանապարհային երթևեկությունը կամ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ապա համաձայնության տրամադրումը մերժվում է Կարգի 22-րդ կետում սահմանված ժամկետում:

24. Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից համաձայնություն տրված ուրվանկարը, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, ինչպես նաև սույն Կարգով նախատեսված այլ փաստաթղթերը (հողհատկացման որոշում և այլն) ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղադրման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն՝ համաձայն ձևի (Ձև 2, Ձև 4): Համայնքի ղեկավարի կողմից նշված թույլտվությունները կարող են տրվել դիմողի կողմից դիմումում նշված ժամկետից պակաս ժամկետով, ներկայացնելով այդպիսի որոշման պատճառաբանությունները։ Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղադրման թույլտվություն տալը մերժվում է նույն ժամկետում:

25. Արտաքին գովազդի կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինը յոթնօրյա ժամկետում այցելություն կատարելով գովազդի տեղադրման վայր պարզում է գովազդի և գովազդի միջոցի տեղադրման համապատասխանությունը դիմողի կողմից ներկայացված դիմումին և դրան կից նյութերին, ինչպես նաև տրված թույլտվությանը: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինը այդ մասին անհապաղ հիմնավորող փաստաթղթերով զեկուցագիր է ներկայացնում համայնքի ղեկավարին:

Առաջին անգամ անհամապատասխանություն հայտնաբերելիս գովազդատուն (գովազդակիրը) գրավոր զգուշացվում է ողջամիտ ժամկետում այն վերացնելու մասին: Սահմանված ժամկետում տեղ գտած թերությունները չշտկելու կամ 2-րդ անգամ անհամապատասխանություն թույլ տալու դեպքում` գովազդատուն (գովազդակիրը) պարտավորեցվում է իր միջոցներով ապամոնտաժել գովազդի միջոցը: Գովազդատուի (գովազդակրի) կողմից գովազդի միջոցը չապամոնտաժելու դեպքում՝ այն ապամոնտաժվում է համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը փոխհատուցում է գովազդատուն (գովազդակիրը):

26․ Համայնքի կողմից սույն հավելվածի 25-րդ կետի 1-ին պարբերության երկրորդ նախադասության և նույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված գործողությունները կատարման են ենթակա նաև այն դեպքում, երբ անձի կողմից տեղադրվել է գովազդ կամ տեղադրվել է գովազդի միջոց համապատասխան թույլտվության բացակայության պայմաններում։

27. Թույլտվությունը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է համայնքապետարանի թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության օրինակը և հաշվառման մատյանը պահվում են համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնում կամ բաժիններում։

28. Գովազդի միջոց, գովազդ տեղադրելու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։

29. Գովազդի և գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ դիմումը Կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում ենթակա է մերժման հետևյալ դեպքերում`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված չափորոշիչների և Կարգի պահանջներին,

2) առկա են սույն Կարգի 23-րդ կետով սահմանված մերժման համար հիմք հանդիսացող փաստերը,

3) խախտվում են սույն Կարգի և այլ իրավական ակտերի պահանջները:

30. Գովազդը գովազդի միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն, գովազդակիրը, մինչև գովազդի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին` կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որը գովազդի տեղադրման թույլտվության համար սահմանված ժամկետներում և կարգով համաձայնեցվում է Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի հետ։ Այն կարող է մերժվել Կարգով սահմանված ժամկետներում և հիմքերով:

31. Գովազդի միջոցի տեղադրման մոնտաժային աշխատանքները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի հետ համաձայնեցված նախագծով։ Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրն «Գովազդի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գովազդի միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։

32. Այն դեպքում, երբ թույլտվության գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, ապա գովազդատուն, գովազդակիրը կատարում են վճարում համապատասխան դրույքաչափով:

33. Գովազդի և գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը կարող է թույլտվությունը փոխանցել այլ անձի՝ համայնքի ղեկավարի և Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինի համաձայնությամբ։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ համապատասխան թույլտվությունից բխող իրավունքը ձեռք բերելուց հետո 4 ամսից ոչ շուտ: Համաձայնությունը տրվում է այդ մասին համապատասխան դիմում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

34. Գովազդի և գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետը լրանալու, այն վաղաժամ դադարելու դեպքում գովազդատուն, գովազդակիրը, գովազդային միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը պարտավոր են թույլտվության ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրենց միջոցներով ապամոնտաժել գովազդը, գովազդի միջոցը, իսկ զբաղեցրած տարածքը, շենքերը, շինությունները կամ այլ գույքը, որի վրա տեղակայված, տեղադրված է եղել գովազդը, գովազդի միջոցը, բերել նախկին վիճակին:

35. Անձն ունի իր գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք։ Այդ նպատակով անձը թույլտվության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ դիմում է համայնքի ղեկավարին:

36. Գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

37. Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գովազդը կարող է տեղադրվել վահանակային կայանքների (վահանակների), տանիքային կայանքների, մեծանկարների, էլեկտրոնային էկրանների, բարձակների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), վիտրաժային գովազդների, շարժական գովազդների, հասարակական և այլ տրանսպորտի կանգառասրահների, նստարանների, տաղավարների, հասարակական զուգարանների, աղբամանների, սառնարանների, ճառագայթային գովազդի, տրանսպորտային և այլ միջոցներով։

38. Վաղարշապատ համայնքի տարածքում գովազդի միջոցները չեն կարող տեղադրվել երթևեկելի մասի մակերևույթից 5,5 մ-ից ցածր բարձրությամբ, եթե գովազդի միջոցի որևէ մասը գտնվում է ճանապարհի երթևեկելի մասի վրա:

39. Ճանապարհի կողային մասում գովազդի միջոց տեղակայելու, տեղադրելու դեպքում այն պետք է լինի եզրաքար ունեցող ճանապարհի եզրաքարից 0,3 մ ոչ պակաս հեռավորությամբ, իսկ եզրաքար չլինելու դեպքում՝ ճանապարհի եզրից ոչ պակաս, քան 1,5մ-3մ, կախված տեղանքի առանձնահատկություններից, որը պարզվում է տեղազննությամբ:

40. Գովազդի միջոցները չպետք է.

1) խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը,

2) սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա,

3) առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում՝ նաև անդրադարձող),

4) հանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք,

5) լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա։

41. Գովազդ տեղադրել չի թույլատրվում՝

1) բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի, ուժեղ լույսի, այդ թվում՝ տատանվող աղբյուր.

2) թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում.

3) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելոցներում).

4) Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գտնվող փողոցներում կրկնաձիգ գրաժապավենների (տրանսպարանտ) միջոցով, բացառությամբ համապետական համաքաղաքային նշանակության միջոցառումների ազդարարման նպատակով կարճաժամկետ տեղադրման դեպքերի.

5) ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ։

42. Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են՝ բաղկացած հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից: Տեղեկատու դաշտը կարող է լինել մեծ (առավելագույնը 7 մ x 14 մ), միջին (առավելագույնը 3մ x 6մ) կամ փոքր (առավելագույնը 1.5 մ x 3.5 մ) չափերի: Վահանակները կարող են լինել երկկողմանի կամ միակողմանի (գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորվում է) կատարմամբ: Վաղարշապատ համայնքում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հենասյան վրա պետք է նշված լինի գովազդակրի անվանումը և հեռախոսահամարը:

43. Մայրուղիներում և խճուղիներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 15քմ և ավելի՝ 150մ

2) 10-15քմ՝ 100մ

3) 6-10քմ՝ 90մ

4) 4-6քմ՝ 50մ

5) 2-4քմ՝ 25մ

6) մինչև 2քմ՝ 15մ։

44. Պողոտաներում և փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամ է, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը, կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 15քմ և ավելի` 120մ

2) 6-15քմ՝ 90մ

3) 3-6քմ՝ 20մ

4) մինչև 3քմ՝ 4մ։

45. Փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամ-ից պակաս է, ինչպես նաև նեղ փողոցներում և նրբանցքներում, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը, կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 10-12քմ՝ 60մ

2) 6-10քմ՝ 50մ

3) 4-6քմ՝ 30մ

4) մինչև 4քմ՝ 20մ։

46. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա տեղադրվող գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1.2 մ x 1.8 մ, ընդ որում` գովազդը պետք է ապահովված լինի լուսավորությամբ:

47. Սգո ծիսակատարությունների համար նախատեսված ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտների գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1 մ x 1.5 մ և բաղկացած լինեն «սգո» և (կամ) «պարագաներ» և (կամ) «ծառայություններ» բառերից՝ իրենց համապատասխան հոլովաձևերով և շաղկապներով:

48 Շենքի տանիքին տեղադրվող տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ։ Ամրակցման տարրերը, ինչպես և կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով։

49. Պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի, իսկ դրա բացակայության դեպքում՝ անմիջական չափերով։

50. Հենասյուների կամ շենքերի վրա ամրակցվող երկկողմանի հարթակային վահանակների՝ բարձակների առավելագույն չափը չի կարող ավելի լինել 1.25մ x 2.0մ: Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 3.5մ բարձրության վրա: Մեկ հիմքի վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի բարձակ: Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է կողմերի ընդհանուր մակերեսով։

51. Էլեկտրոնային էկրաններ կարող են տեղադրվել շենքերի տանիքներին, շենքերի պատերի խուլ հատվածներին, վերգետնյա անցումների վրա, ճանապարհների կենտրոնական բաժանարար գոտիներում և խաչմերուկներում:

1) Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է էկրանի վերարտադրվող պատկերի մակերեսով։

2) Էլեկտրոնային էկրանների տեղադրման համար սահմանվում են հետևյալ պայմանները`

ա. «Էլեկտրոնային էկրանի որևէ հատված չի կարող գտնվել ճանապարհի երթևեկելի մասի վրա, բացառությամբ վերգետնյա անցումների վրա տեղադրված էլեկտրոնային էկրանների:

բ. Յուրաքանչյուր խաչմերուկում չի կարող տեղադրվել 1-ից ավելի էլեկտրոնային վահանակ:

գ. Ցանկացած չափի էլեկտրոնային էկրանների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 200 մետրից:

դ. Էլեկտրոնային Էկրանի յուրաքանչյուր տեղադիրի համար Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից սահմանվում են առանձին պայմաններ` կապված բարձրության և տեղեկատու դաշտի մակերեսի հետ, որոնք հաշվի են առնում տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները։

52. Դրոշակների, հովհարների (մարկիզ) գովազդային տեղեկատու մակերեսները որոշվում են բոլոր կողմերի մակերեսով:

53. Վիտրաժային արտաքին գովազդի միջոցների (դռների և լուսամուտափեղկերի վրա, լուսամուտափեղկից ներս տեղադրված, սակայն դրսից տեսանելի գովազդ) մակերեսները հաշվարկվում են փաստացի տեղադրված գովազդի չափով:

54. Շտենդերները՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից աշխատանքային ժամերի ընթացքում տեղադրվող արտաքին գովազդի շարժական և ժամանակավոր միջոցներ են և կարող են տեղադրվել մայթերին, որոնց նվազագույն լայնքը կազմում է 2մ:

 

Ձև 1

___________________________________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________________________________

(դիմողի անուն, ազգանուն /անվանում, բնակության վայրը)

___________________________________________________________

(իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)

___________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության վայրը)

___________________________________________________________

(դիմողի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դիմում

 

 Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տրամադրելու մասին

 

Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:

 

Գովազդային միջոցի վայրը _______________________________________________

Գովազդի տեղադրման ժամկետը _______________________________________

 

Այդ նպատակով խնդրում եմ՝

□ տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)

□ տրամադրել Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե գովազդը, գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):

 

Կից ներկայացնում եմ՝

 

1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,

3. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

5․ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։

 

Դիմող՝_____________

(ստորագրություն)

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

«___» _______ 20  թ.

 

Ձև 2

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ____

Տրվում է

______________________________________________

գովազդակրի անունը, անվանումը

______________________________________________

արտաքին գովազդի տեղադրման

(տեղադրման) վայրը (տեղը)

______________________________________________

արտաքին գովազդ տեղադրելու (տեղադրելու) միջոցը

(վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պաստառ և այլն)

______________________________________________

գովազդի տեսակը

 

Գովազդի մակերեսը _____ քմ

 

Թույլտվության գործողության ժամկետը` «__»_________20  թ.-ից մինչև «__»_________20   թ.-ը

 

Վաղարշապատ համայնքի ղեկավար՝_____________

(ստորագրություն)                  

 

  

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

Կ. Տ.

 

«___»_________20   թ.

 

Ձև 3

 

___________________________________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________________________________

(դիմողի անուն, ազգանուն /անվանում, բնակության վայրը)

___________________________________________________________

(իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)

___________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության վայրը)

___________________________________________________________

(դիմողի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դիմում

 

Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն տրամադրելու մասին

 

Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն:

Գովազդային միջոցի տեղադրման վայրը _____________________________________________

Գովազդի միջոցի տեղադրման ժամկետը _____________________________________________

 

Այդ նպատակով խնդրում եմ՝

□ տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)

□ տրամադրել Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե գովազդը, գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):

 

Կից ներկայացնում եմ՝

 

1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

3. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

5. հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։

 

Դիմող՝_____________

(ստորագրություն)

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

«___» _______ 20   թ.

 

Ձև 4

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ____

 

Տրվում է

______________________________________________

դիմումատուի անունը, անվանումը

______________________________________________

արտաքին գովազդի միջոցի

(տեղադրման) վայրը (տեղը)

 

Գովազդի միջոցի մակերեսը _____ քմ

Թույլտվության գործողության ժամկետը` «__»_________20   թ.-ից մինչև «__»_________20   թ.-ը

 

Վաղարշապատ համայնքի ղեկավար՝_____________

(ստորագրություն)                 

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

 Կ. Տ.

«___»_________ 20   թ.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան