Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41817/10
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.06.2022
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.03.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

 

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԼՂՀ-ՈՒՄ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 41817/10)

 

ՎՃԻՌ

 

9-րդ հոդված՝ դիտարկելով 11-րդ հոդվածի հետ համակցությամբ • Կրոնի ազատություն • «Եհովայի վկաներ» քրիստոնեական համայնքի՝ որպես կրոնական կազմակերպության գրանցման չհիմնավորված մերժում • Վերաբերելի ևբավարար հիմքերի բացակայություն

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

22 մարտի 2022 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

ԼՂՀ-ում «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝

Յոնկո Գրոզև[Yonko Grozev]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Գաբրիելե Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

ևԻլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների ևհիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն «ԼՂՀ-ում «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպություն» կրոնական համայնքի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի հուլիսի 23-ին ներկայացրած գանգատը (թիվ 41817/10),

չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» (ԼՂՀ) իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուին իրավաբանական անձի կարգավիճակ չշնորհելու առնչությամբ Կոնվենցիայի 9-րդ, 11-րդ և14-րդ հոդվածների համաձայն բերված բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու ևգանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2022 թվականի մարտի 1-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գործը վերաբերում է Կոնվենցիայի 9-րդ, 11-րդ և14-րդ հոդվածների համաձայն բերված բողոքներին առ այն, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն գրանցման մերժմամբ խախտվել է վերջինիս կրոնի ևմիավորումների ազատության իրավունքը ևհանգեցրել է կրոնի հիմքով խտրականության։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն՝ ԼՂՀ-ում «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը, ԼՂՀ-ում հիմնադրված կրոնական համայնք է։ Այն ներկայացրել են համապատասխանաբար Ստրասբուրգում ևԵրեւանում գործող իրավաբաններ պրն Ա. Կարբոնոն ևպրն Ռ. Խաչատրյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:

4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ.

5. «Եհովայի վկաներ»-ը գործում են ԼՂՀ-ում 1993 թվականից սկսած։ Քննարկվող ժամանակահատվածում նրանք ունեցել են մոտ 500 անդամ։

6. 2004 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր «Եհովայի վկաներ»-ը Հայաստանի Հանրապետությունում եղել են որպես գրանցված կրոնական կազմակերպություն։

7. 2008 թվականի նոյեմբերի 26-ին ընդունվել է ԼՂՀ օրենքը «Խղճի ազատության ևկրոնական կազմակերպությունների մասին» (Օրենք), որով կրոնական կազմակերպությունների գրանցումը դարձել է պարտադիր (տե՛ս ստորև44 պարբերությունը)։

I. պետական գրանցում ստանալու առաջին փորձը

8. 2009 թվականի հունիսի 22-ին դիմումատուն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն պետական գրանցման համար դիմել է ԼՂՀ կառավարություն (տե՛ս ստորև43-րդ պարբերությունը)՝ իր կողմից Օրենքի 5-րդ հոդվածի պահանջները բավարարելու վերաբերյալ փորձագիտական եզրակացության ստացման պահանջով (տե՛ս ստորև39-րդ պարբերությունը)։

9. 2009 թվականի հուլիսի 6-ին ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը դիմումատուին տրամադրել է նույն օրը կազմված փորձագիտական եզրակացությունը (փորձագիտական եզրակացություն)։ Այն կազմված ևստորագրված է եղել ԼՂՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների ևկրոնի հարցերով վարչության պետ Ա.Ս.-ի կողմից։

Այդ փորձագիտական եզրակացության համապատասխան մասերն ունեն հետեւյալ բովանդակությունը.

«…[Դիմումատուն] հաստատում է, որ [«Եհովայի վկաներ»-ը] համապատասխանում են [Օրենքի] 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին այն իմաստով, որ նրանք չեն գործադրում հարկադրանք կամ բռնություն որեւէ մեկի նկատմամբ … »

Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը … ևբավարար տեղեկություններ ունենալով [դիմումատուի]՝ [ԼՂՀ-ում] ավելի քան տասնհինգ տարվա գործունեության վերաբերյալ… մենք գտնում ենք, որ սպասավորները (քարոզիչները) հավատացյալների նկատմամբ կիրառում են հոգեբանական ազդեցության մի շարք մեթոդներ…

[Դիմումատուի] սպասավորները (քարոզիչները) հիմնականում կիրառում են համոզելու ևներշնչելու հոգեբանական մեթոդներ։ Այս մեթոդների օգտագործման դեպքում անձն ընկնում է ամբողջական ազդեցության տակ, այսինքն՝ փոխվում են վերջինիս մտածելակերպը, վարքը, անձնավորության տիպը։

...

Հոգեբանական ազդեցության հիմնական մեթոդներն են մանիպուլյացիան, սոցիալական օգնության ևաջակցության տրամադրումը, որոնք անձին պահում են կախվածության մեջ։ Կախյալ անձին համոզում են անիրական հնարավորությունների ևգործողությունների մեջ, որի արդյունքում հույսի, հոգեբանական ներշնչանքի ևհամոզման մեթոդների հիման վրա առաջանում են ոչ ռացիոնալ գաղափարներ, որից էլ ձեւավորվում է նոր հավատք։ Այդ ազդեցությունը հանգեցնում է հուզական ռեգրեսիայի ևենթագիտակցության խորը շերտերի արթնացման, ինչը վտանգավոր է հուզական կայունության ևամրության համար… Հավատացյալներին ներկայացվում են մի շարք թվացյալ անվնաս գործողություններ, որոնք աստիճանաբար ներքաշում են անհատին՝ նրան դարձնելով հնազանդ ևկախյալ՝ զրկելով նրան սեփական կամքից։

...

Ներկայացված փաստաթղթերը չեն ներառում [Օրենքի] 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ տեղեկություններ։

Ներկայացված փաստաթղթերի համաձայն «Եհովայի վկաներ»-ը հավաստիացնում են, որ իրենք չեն զբաղվում հոգեորսությամբ (դավանաորսությամբ)՝ [Օրենքի] 8-րդ հոդվածում նշված իմաստով, որը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «դավանափոխություն» բառի մեկնաբանության վրա։

Փորձագետների խումբը գտնում է, որ «հոգեորսություն» («դավանաորսություն») և«դավանափոխություն» եզրույթները նույն իմաստը չունեն, ուստի այն հղում է կատարում [Օրենքի] …

[Օրենքի] 17-րդ հոդվածի համաձայն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ազատ քարոզելու ու տարածելու իր դավանանքը [ԼՂՀ-ի] ողջ տարածքում։ Պետական գրանցում ունեցող մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները քարոզն իրականացնում են իրենց հավատացյալների շրջանում, այլապես դա համարվում է հոգեորսություն (դավանաորսություն)։

...

Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը քրիստոնեական …

Փորձագետների խումբը գտնում է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը չի կարող լինել քրիստոնեական, քանի որ ներկայացված փաստաթղթերը չեն վկայում այն մասին, որ կազմակերպությունն ընդունում է Նիկիական հանգանակը, ինչը քրիստոնեական կազմակերպություն կամ եկեղեցի լինելու նախապայման է։

...

Համոզմունքները ևքաղաքացիական պարտականությունները

... Միայն այն հազվադեպ դեպքերում են Եհովայի վկաները հրաժարվում ենթարկվել, երբ Կառավարությունը պահանջում է Աստծո պատվիրաններին ուղղակիորեն հակասող որեւէ բան։ Նրանց հրապարակումները ևհանրային սպասավորումը բոլորին խրախուսում է լինել օրինապահ։

Չեզոքությունը՝ … Եհովայի վկաները չեն մասնակցում որեւէ երկրի քաղաքականությանը կամ պատերազմներին։ Քրիստոնեական չեզոքության իրենց դիրքորոշումն ամուր հաստատված է պատմությամբ…

Փորձագետների խումբը համարում է, որ «Եհովայի վկաներ»-ի կողմից «քաղաքացիական պարտականությունների» և«չեզոքության» այսպիսի մեկնաբանությունների արդյունքում հավատացյալները հրաժարվում են կատարել իրենց հայրենիքի նկատմամբ ունեցած որոշ քաղաքացիական պարտականություններ։ Մասնավորապես ԼՂՀ-ում բնակվող «Եհովայի վկաներ»-ը չեն մասնակցում նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաևտեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք քաղաքացիական հասարակություն ևիրական ժողովրդավարություն ստեղծելու նախապայմաններ են։

1993 թվականից ի վեր ԼՂՀ-ում «Եհովայի վկաներ»-ի որոշ ակտիվ անդամների գործունեությունը (հատկապես պատերազմական տարիներին) հանգեցրել է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության թուլացմանը ևխաթարմանը։ Պատերազմական ժամանակներում նման գործողությունները խստորեն պատժվում են, իսկ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում կատարվելու դեպքում դրանց համար օրենքով նախատեսվում է պատասխանատվություն։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու ռիսկերը՝ ներկայումս [ԼՂՀ-ում] հայտարարված է ռազմական դրություն։

...

Փորձագետների խումբը զերծ է մնում մաքուր աստվածաբանական հարցեր քննարկելուց, սակայն հաշվի առնելով վերը նշվածը՝ խումբը մեկ անգամ եւս եզրակացնում է, որ «Եհովայի վկաներ»-ն իրենց գաղափարախոսությամբ հեռու են քրիստոնեական կազմակերպություն լինելուց։

Ներկայացված փաստաթղթերը պարունակում են համայնքի գլխամասերին, [ինչպես նաեւ] [դրա] պաշտամունքի վայրերի թվին ևգտնվելու վայրերին վերաբերող տեղեկություններ։

...

Սահմանված կարգի համաձայն՝ [դիմումատուի] նախագահը ներկայացրել է 114 անդամներից կազմված ցանկ, որոնք 18 տարեկանից բարձր տարիքի են։

Եզրակացությունը

[Դիմումատուի] նախագահի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում Օրենքի 5-րդ հոդվածի պահանջները։

10. 2009 թվականի հուլիսի 9-ին դիմումատուն պետական գրանցման համար դիմել է ԼՂՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն (Պետական ռեգիստրի գործակալություն)։

11. 2009 թվականի օգոստոսի 3-ին Պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է դիմումը՝ հիմնվելով փորձագիտական եզրակացության վրա։

12. 2009 թվականի սեպտեմբերի 3-ին դիմումատուն հայց է ներկայացրել ԼՂՀ ընդհանուր իրավասության (վարչական) դատարան (Վարչական դատարան)՝ Պետական ռեգիստրի գործակալության՝ 2009 թվականի օգոստոսի 3-ի որոշումը չեղյալ հայտարարելու ևպետական գրանցում կատարելու վերաբերյալ կարգադրություն արձակելու պահանջով։

13. 2009 թվականի սեպտեմբերի 7-ին Վարչական դատարանը դիմումատուի հայցադիմումը հայտարարել է անընդունելի՝ վերջինիս գրանցված իրավաբանական անձ չլինելու հիմքով։ Այն նաևնշել է, որ դիմումատուն չի վճարել դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքերի ճշգրիտ գումարը։

14. 2009 թվականի սեպտեմբերի 14-ին դիմումատուի նախագահ Ս.Ա.-ն դիմումատուի անունից նույնատիպ հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան։

15. 2009 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Վարչական դատարանը Ս.Ա.-ի հայցն ընդունել է վարույթ։

16. Վարչական դատարանի վարույթի ընթացքում ԼՂՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների ևկրոնի հարցերի վարչության պետ, փորձագիտական եզրակացության հեղինակ Ա.Ս.-ն (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը) վկայություն է տվել փորձագիտական եզրակացության մեջ արտացոլված եզրահանգումների առնչությամբ։ Դատական նիստի արձանագրության համապատասխան մասերն ունեն հետեւյալ բովանդակությունը.

«… «Եհովայի վկաներ» կազմակերպությունը գործում է 1993 թվականից սկսած, այսինքն՝ պատերազմի ամենաթեժ պահից ի վեր։ 1992 թվականին … մտցվել է ռազմական դրություն, ևարգելվել է բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեությունը… Ըստ էության «Եհովայի վկաներ» կազմակերպությունը խախտել է ռազմական դրությունը ևզբաղվել անօրինական քարոզչությամբ։ 1993 թվականից մինչև1997 թվականը նրանք գործել են ապօրինի։ Չպետք է մոռանանք, որ այդ ժամանակահատվածում ԼՂՀ-ում հայտարարված էր ռազմական դրություն։ [Օրենքի] 17-րդ հոդվածի համաձայն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ազատ քարոզելու ու տարածելու իր դավանանքը [ԼՂՀ-ի] ողջ տարածքում։ Պետական գրանցում ունեցող մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները քարոզն իրականացնում են իրենց հավատացյալների շրջանում, այլապես դա համարվում է «հոգեորսություն»… 1993 թվականից ի վեր «Եհովայի վկաներ» կազմակերպությունը զբաղվել է հոգեորսությամբ… Ոչ ոք «Եհովայի վկաներ»-ին չի ընդունում որպես [կրոնական] կազմակերպություն, նրանք ընդունվում են որպես աղանդ, կեղծ կազմակերպություն…

Այն հանգամանքը, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը քանդում է ընտանիքներ, ինչին առնչվել է նաևիմ ազգականը… որի կինն ու երեխաները դարձել են «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամներ, ևնրանք այժմ ամուսնալուծվել են, քանի որ կինը ցանկանում է, որ ամուսինը եւս դառնա Եհովայի վկա… Պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է «Եհովայի վկաներ» կազմակերպության գրանցումը՝ հիմնվելով մեր եզրակացության վրա, ևես համարում եմ, ճիշտ է վարվել։

Ժամանակին ես աշխատում էի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար … ես համագործակցել եմ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ…»:

17. 2009 թվականի հոկտեմբերի 28-ին Վարչական դատարանը մերժել է Ս.Ա.-ի հայցը՝ Պետական ռեգիստրի գործակալության՝ դիմումատուի գրանցման մերժումը համարելով իրավաչափ։ Իր վճռում այն մասնավորապես նշել է՝

«Հաշվի առնելով հայցվորի փաստարկներն այն մասին, որ Պետական ռեգիստրի որոշումը խախտում է [ԼՂՀ-ում] «Եհովայի վկաներ»-ի իրավունքները ևմտքի, խղճի ևկրոնի, միավորումների, խաղաղ հավաքների ազատության իրավունքները, [Կոնվենցիայով], Քաղաքացիական ևքաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ԼՂՀ Սահմանադրությամբ և[Օրենքով] երաշխավորված՝ կրոնի հիմքով խտրականության արգելքը, Վարչական դատարանը գալիս է այն եզրահանգման, որ այն անհիմն է, քանի որ ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության՝ [հայցվորին] որպես իրավաբանական անձ գրանցման մերժման մասին որոշումը որեւէ կապ չունի անձանց կամ անձանց խմբի, այդ թվում՝ ԼՂՀ այն քաղաքացիների իրավունքների ևազատությունների հետ, որոնց կրոնական համոզմունքը «Եհովայի վկաներ»-ի դավանանքն է… հետեւաբար անձանց միավորումը որպես իրավաբանական անձ գրանցելու մերժումը … դեռեւս չի նշանակում, որ այդ անձանց իրավունքները ևազատությունները սահմանափակվում կամ խախտվում են…»:

18. Ս.Ա.-ն դիմումատուի անունից ներկայացրել է վերաքննիչ բողոք, որն ընթացակարգային պահանջների չպահպանման հիմքերով ԼՂՀ Գերագույն դատարանի կողմից (Գերագույն դատարան) վերադարձվել է՝ սահմանելով ժամկետ՝ սխալները շտկելու համար։ Ուղղված վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է նույն դատարան։

19. 2010 թվականի հունվարի 12-ի որոշմամբ Գերագույն դատարանը բողոքն ընդունել է քննության։

20. 2010 թվականի հունվարի 28-ին Գերագույն դատարանը բեկանել է 2009 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը ևկարճել վարույթն այն հիմքով, որ Ս.Ա.-ն լիազորված չի եղել հանդես գալու դիմումատուի անունից, որը չի եղել գրանցված կազմակերպություն, ևոր Պետական ռեգիստրի գործակալությունը՝ որպես ԼՂՀ Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում, դատաքննության ժամանակ չէր կարող հանդես գալ որպես առանձին կողմ։ Գերագույն դատարանը նշել է նաեւ, որ այդ հանգամանքներում այն չի արձագանքում բողոքում բարձրացված փաստարկներին։ Այս որոշումը եղել է վերջնական ևբողոքարկման ոչ ենթակա։

21. 2010 թվականի մարտ, ապրիլ ևմայիս ամիսներին ոստիկանությունն իրականացրել է ստուգայցեր Մարտակերտ, Ասկերան ևՍտեփանակերտ քաղաքներում «Եհովայի վկաներ»-ի կրոնական հավաքներին։ Մի քանի Եհովայի վկաների առաջադրվել է մեղադրանք՝ վարչական իրավախախտման, inter alia (ի թիվս այլնի)՝ չարտոնված կրոնական հավաք անցկացնելու համար, այն փաստի հիման վրա, որ դիմումատուն գրանցված կրոնական կազմակերպություն չէ։ Դիմումատուն այս առնչությամբ ներկայացել է փաստաթղթեր, այդ թվում՝ ոստիկանության կողմից կազմված համապատասխան արձանագրությունները վարչական իրավախախտման վերաբերյալ։ Կառավարությունը սկզբում վիճարկել է սա, սակայն դիմումատուի կողմից բերված դիտարկումներին ի պատասխան բերված հետագա դիտարկումներում չի պահպանել իր դիրքորոշումը։

II. պետական գրանցում ստանալու երկրորդ փորձը

22. 2010 թվականի հունիսի 29-ին Ս.Ա.-ն դիմում է ներկայացրել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ փորձագիտական եզրակացության ստացման պահանջով, ինչպես պահանջվում է Օրենքի 14-րդ հոդվածով (տե՛ս ստորև43-րդ պարբերությունը)։ Դիմումով պահանջվել է, որ դա իրականացվի անկախ փորձագետի կողմից։ Ս.Ա.-ն ներկայացրել է նաևդիմումատուի 100 անդամների կողմից ստորագրված լիազորագիր, որի համաձայն դիմումատուին վերապահվել է պետական գրանցում ստանալու համար իրենց անունից հանդես գալու իրավունք։ Ինչպես պարզվում է, Օրենքի 14-րդ հոդվածում նշված քսանօրյա ժամկետում չի տրվել պատասխան։

23. 2010 թվականի օգոստոսի 16-ին Ս.Ա.-ն Պետական ռեգիստրի գործակալության ղեկավարին ներկայացրել է դիմումատուի պետական գրանցման դիմում՝ նշելով, inter alia, որ քանի որ ԼՂՀ Կառավարությունն օրենքով սահմանված ժամկետներում չի տրամադրել փորձագիտական նոր եզրակացություն, դրա փոխարեն դիմումին կից ներկայացվում է [նախկին] փորձագիտական եզրակացությունը (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը)։

24. 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Պետական ռեգիստրի գործակալությունը փորձագիտական եզրակացություն չներկայացնելու հիմքով մերժել է դիմումը։

25. 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Ս.Ա.-ն դիմումատուի անունից Վարչական դատարան է ներկայացրել ԼՂՀ Կառավարության կողմից փորձագիտական եզրակացություն չտրամադրելու հանգամանքը վիճարկող հայց։

26. 2010 թվականի նոյեմբերի 8-ին Ս.Ա.-ն դիմումատուի անունից Վարչական դատարան է ներկայացրել մեկ այլ՝ Պետական ռեգիստրի գործակալության՝ 2010 թվականի սեպտեմբերի 3-ի՝ գրանցման մերժման վերաբերյալ որոշումը վիճարկող հայցադիմում։

27. 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Վարչական դատարանը մերժել է գրանցման մերժումը վիճարկող հայցադիմումի ընդունումը, inter alia, այն հիմքով, որ Ս.Ա.-ն չի ներկայացրել դիմումատուի անունից հանդես գալու լիազորությունը հավաստող պատշաճ լիազորագիր։ Նույն ամսաթվի մեկ այլ որոշմամբ Վարչական դատարանը մերժել է ԼՂՀ Կառավարության կողմից փորձագիտական եզրակացությունը չտրամադրելու վերաբերյալ հայցադիմումը։

28. Վերը նշված որոշումների դեմ վերադաս դատարաններ ներկայացված բողոքները հայտարարվել են անընդունելի։

III. պետական գրանցում ստանալու երրորդ փորձը

29. 2012 թվականի փետրվարի 2-ին Ս.Ա.-ն դիմումատուի անունից դիմել է ԼՂՀ Կառավարություն՝ դիմումատուի պետական գրանցման համար պահանջվող պարտադիր փորձագիտական եզրակացության ստացման պահանջով։

30. 2012 թվականի փետրվարի 9-ին ԼՂՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանել է Ս.Ա.-ին՝ մասնավորապես նշելով հետեւյալը.

«… Դուք չեք ներկայացրել նոր փաստեր կամ փաստարկներ։ Դուք մի քանի անգամ ստացել եք պատասխաններ նույն հարցերին։ Բացի այդ, Ձեր կրոնական խումբը չի վերացրել [փորձագիտական եզրակացության] մեջ նշված սխալները ևբացթողումները։ Հետեւաբար … մերժում ենք փորձագիտական եզրակացություն ստանալու Ձեր պահանջը»։

31. 2012 թվականի փետրվարի 29-ին Ս.Ա.-ն դիմումատուի անունից ներկայացել է պետական գրանցման դիմում։

32. 2012 թվականի մարտի 23-ին Պետական ռեգիստրի գործակալության ղեկավարը Ս.Ա.-ին տեղեկացրել է, որ դիմումատուի գրանցման վերաբերյալ չի կայացվել նոր որոշում, քանի որ նույն հարցի վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող որոշում՝ պետական գրանցումը մերժելու մասին 2009 թվականի օգոստոսի 3-ի որոշումը։

33. 2012 թվականի հունիսի 1-ին, հանդես գալով դիմումատուի ևդիմումատուի 102 անդամների անունից որպես համահայցվորներ, Ս.Ա.-ն Վարչական դատարան է ներկայացրել գրանցման մերժումը վիճարկող հայց։

34. 2012 թվականի հունիսի 7-ին Վարչական դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում՝ մասնավորապես նշելով հետեւյալը.

«Քննելով [Ս.Ա.-ի կողմից] 2009 թվականի սեպտեմբերի 14-ին ներկայացված հայցադիմումի հիման վրա կայացրած՝ [ԼՂՀ] Գերագույն դատարանի 2010 թվականի հոկտեմբերի վճիռը և[Ս.Ա.-ի կողմից] 2012 թվականի հունիսի 1-ին ներկայացված հայցադիմումը, պարզ է դարձել, որ նախորդ ևներկա գործերով կողմերը նույնն են, ընդ որում՝ հայցի խնդրո առարկան ևհիմքերը եւս նույնն են: Հետեւաբար դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է մերժման»:

35. Որոշման դեմ ներկայացված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից չի ընդունվել քննության, ինչը վիճարկվել է Գերագույն դատարանում։

36. Ի վերջո, 2012 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ դիմումատուի հիմնադիր անդամների, այդ թվում՝ Ս.Ա.-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը Գերագույն դատարանի կողմից մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Որոշման մեջ մասնավորապես նշվել է հետեւյալը.

«Գերագույն դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի պարունակում նյութաիրավական կամ դատաիրավական դրույթների հիմնարար խախտումների կամ սխալ մեկնաբանության վերաբերյալ փաստարկներ, ևոր առկա չեն բողոքը քննության ընդունելու հիմքեր…

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, վերջնական է ևենթակա չէ բողոքարկման։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

37. «Խղճի ազատության ևկրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի ևկրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:

38. 3-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին ևարարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:

39. 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետեւյալ պայմանները.

i) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին.

ii) հիմնվում է պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի վրա.

iii) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.

iv) զերծ է նյութապաշտությունից ևուղղված է դեպի զուտ հոգեւոր ոլորտները.

v) ընդգրկում է առնվազն 100 հավատացյալ անդամ: Մինչև16 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից ևայլ հանգամանքներից:

40. 6-րդ հոդվածով սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են՝

i) Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով.

ii) կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում ևգործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:

41. 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է կրոնական կազմակերպությունների իրավունքները, այդ թվում՝ inter alia, աղոթատներում ևդրանց պատկանող տարածքում կրոնական ժամերգություններ իրականացնելու, կրոնական նշանակության առարկաներ ևնյութեր ձեռք բերելու ևհամապատասխան կրոնական ուսուցման խմբեր ստեղծելու իրավունքները։

7-րդ հոդվածի 3-րդ մասով նշվում է, որ կրոնական կազմակերպությունների իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվելու պահից։

42. 8-րդ հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեւորսությունը (դավանաորսությունը): Որպես հոգեւորսություն (դավանաորսություն) չի կարող դիտվել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որեւէ գործողություն:

43. 14-րդ հոդվածով սահմանում է, որ կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը՝ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պայմանների վերաբերյալ: Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի Օրենքի 5-րդ հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր: Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան քսան օրվա ընթացքում:

44. 25-րդ հոդվածով սահմանվում է, որ կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել կամ վերագրանցվել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ` ԴԻՏԱՐԿԵԼՈՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

45. Դիմումատուն բողոքել է, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից իր գրանցման մերժմամբ խախտվել է Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքները։ Դատարանը համարում է, որ բողոքը ենթակա է քննության Կոնվենցիայի 9-րդ հոդվածի ներքո՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, «Եհովայի վկաներ» կրոնական համայնքը ևայլք ընդդեմ Ավստրիայի [Religionsgemeinschaft der Zeugen Jehovas v. Austria] (թիվ 40825/98, § 61, 2008 թվականի հուլիսի 31) ևՄեթոդիեւը ևայլք ընդդեմ Բուլղարիայի [Metodiev and Others v. Bulgaria], թիվ 58088/08, § 26, 2017 թվականի հունիսի 15)։ Այդ դրույթների համապատասխան մասերն ունեն հետեւյալ բովանդակությունը.

 

Հոդված 9 (Մտքի, խղճի ևկրոնի ազատություն)

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ևկրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը ևդրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ ևհրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի ևծեսերի միջոցով արտահայտելու ազատությունը։

2. Սեփական կրոնը ևհամոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով ևանհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների ևազատությունների»:

 

Հոդված 11 (Հավաքների ևմիավորման ազատություն)

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ... այլոց հետ միավորվելու ազատության իրավունք …

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով ևանհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...» ...»:

 

Ա. Ընդունելիությունը

1. Իրավազորությունը

46. Կառավարությունը պնդել է, որ Հայաստանը չուներ ԼՂՀ-ի տարածքում դիմումատուի գրանցման մերժման հարցի առնչությամբ որեւէ իրավազորություն։ Հիմնվելով Արդարադատության միջազգային դատարանի կողմից քննված մի շարք գործերի վրա՝ նրանք մասնավորապես վիճարկել են, որ չճանաչված սուբյեկտներին աջակցություն ցուցաբերող պետությունները չեն կարող պատասխանատվություն կրել այդ չճանաչված սուբյեկտների տեղական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկվող կոնկրետ գործողությունների համար։

47. Հիմնվելով Չիրագովը ևայլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia] [GC]], թիվ 13216/05, §§ 169-186, ՄԻԵԴ 2015), Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 126, 2016 թվականի նոյեմբերի 24) և Զալյանը ևայլք ընդդեմ Հայաստանի [Zalyan and Others v. Armenia], թիվ 36894/04 և3521/07, §§ 214-215, 2016 թվականի մարտի 17) գործերով վճիռների վրա՝ դիմումատուն վիճարկել է, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների գործողությունների համար Կոնվենցիայի համաձայն Հայաստանի պատասխանատվության բացակայության վերաբերյալ Կառավարության փաստարկները հակասում են Դատարանի՝ այս հարցով ունեցած նախադեպային իրավունքի նորմերին։ Այն պնդել է, որ քանի որ ԼՂՀ-ի նկատմամբ Հայաստանն իրականացնում է արդյունավետ վերահսկողություն, Կոնվենցիայի համաձայն այն պատասխանատու է վերջինիս տեղական կառավարման մարմինների, այդ թվում՝ ԼՂՀ դատարանների ևԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումների համար։

48. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով «իրավազորության» առկայությունը հաստատելու համար նախատեսված չափորոշիչը երբեք չի հավասարեցվել միջազգայնորեն անիրավաչափ գործողության համար ընդհանուր միջազգային իրավունքի իմաստով պետության պատասխանատվությունը հաստատելու համար նախատեսված չափորոշչին (տե՛ս Կատանը ևայլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության ևՌուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04 ևմյուս երկուսը, § 115, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)): Բացի այդ, «արդյունավետ վերահսկողություն» հասկացությունը Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով հավասարեցված չէ միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով «արդյունավետ վերահսկողություն» եզրույթին (տե՛ս Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) [ՄՊ] [Georgia v. Russia (II) [GC], թիվ 38263/08, § 196, 2021 թվականի հունվարի 21)։ Դատարանը նշում է, որ վերջերս մեկ այլ գործով քննել է նշված տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորության հարցը, այդ թվում՝ խնդրի վերաբերյալ նմանատիպ փաստարկները, ևգտել է, որ տվյալ ժամանակահատվածում (այսինքն՝ Հայաստանի ևԱդրբեջանի միջևտեղի ունեցած վերջին ռազմական գործողություններից առաջ, որոնք ավարտվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին) Հայաստանն ունեցել է այն հարցերի նկատմամբ իրավազորություն, որոնց առնչությամբ ներկայացվել է գանգատը, մասնավորապես՝ համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Եհովայի վկային ԼՂՀ-ում կալանավորելու ևնրանց նկատմամբ պատիժ նշանակելու մասով (տե՛ս մասնավորապես Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի [Avanesyan v. Armenia], թիվ 12999/15, §§ 31-38, 2021 թվականի հուլիսի 20, հաջորդ հղումների հետ միասին))։

49. Սույն գործը վերաբերում է դիմումատուի կողմից որպես կրոնական կազմակերպություն գրանցվելու համար 2009, 2010 և2012 թվականներին ներկայացրած դիմումներին։ Սույն գործում Դատարանը չի գտնում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ավարտված՝ Հայաստանի ևԱդրբեջանի միջևտեղի ունեցած վերջին ռազմական գործողություններից առաջ ի հայտ եկած նմանատիպ կոնկրետ հանգամանքներ (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ավանեսյանի գործը, § 37), որոնք իրենից կպահանջեին շեղվել այդ վճռում իր արած եզրահանգումներից, ևհետեւաբար եզրակացնում է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով իրավազորություն այն հարցերի նկատմամբ, որոնց առնչությամբ ներկայացվել է գանգատը, այդ թվում՝ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից Դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն գրանցելու մերժման նկատմամբ։

2. Անընդունելիության այլ հիմքեր

50. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որեւէ այլ հիմքով։ Հետեւաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

51. Դիմումատուն պնդել է, որ գրանցումը մերժելու պատճառով Եհովայի վկաները զրկված են եղել համատեղ հանդես գալու թույլտվություն ընձեռող իրավաբանական անձի կարգավիճակ ունենալու իրենց իրավունքից։ Այդ մերժման անմիջական հետեւանքը եղել են մասնավոր տներում կամ վարձակալված վայրերում իրականացվող կրոնական ժողովների ժամանակ իրավասու պետական մարմինների կողմից իրականացված ստուգայցերը, ինչպես նաևկամայական խուզարկությունները ևքրեական հետապնդումները։ Արդյունքում «Եհովայի վկաներ»-ը դիտարկվել են որպես արգելված կրոն։ Ավելին, գրանցումը մերժելու հետեւանքով ԼՂՀ-ում գործող դիմումատուի ևայնտեղ բնակվող Եհովայի վկաների նկատմամբ ձեւավորվել է ոչ բարենպաստ հանրային կարծիք, ինչը կարող էր մեծացնել գոյություն ունեցող նախապաշարմունքները՝ ամրապնդելով այն սխալ ենթադրությունը, որ նրանք հանդիսանում են «կասկածելի աղանդ» ևերկրորդ կարգի կրոն։ Քանի որ ԼՂՀ իրավասու պետական մարմինները հրաժարվել են գրանցել «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, նրանց կրոնական գործունեությունը համարվել է անօրինական ևդիմումատուի բոլոր անդամները եղել են ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից մշտական ոտնձգությունների ևձերբակալության սպառնալիքների ներքո։ Այսպիսով, դիմումատուի գրանցման մերժումը հանգեցրել է Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների միջամտության։

52. Դիմումատուն շարունակել է պնդել, որ իր գրանցման մերժումը հիմնված է եղել ոչ թե օրենսդրական պահանջների, այլ կրոնական նախապաշարմունքների վրա, այդ իսկ պատճառով այն անհիմն է եղել։ Պաշտոնական վարկածով գրանցումը մերժվել է, քանի որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել օրենսդրական պահանջներին։ Այնուամենայնիվ, այդ եզրակացությանը հանգելու համար ԼՂՀ իրավասու պետական մարմինները հիմնվել են Ա.Ս.-ի կողմից պատրաստված կողմնակալ եզրակացության վրա, որտեղ առաջարկվել է «Եհովայի վկաներ»-ին չգրանցել, քանի որ, inter alia, վերջիններս չեն ընդունում Նիկիական հանգանակը ևկրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են զինվորական ծառայությունից։ Այդպիսով ԼՂՀ իրավասու մարմիններն իրականացրել են Եհովայի վկաների կրոնական դավանանքի օրինականության պետական անթույլատրելի գնահատում՝ հակասելով Դատարանի նախադեպային իրավունքի նորմերին, որը պաշտպանում է համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը։

բ) Կառավարությունը

53. Կառավարությունը պնդել է, որ ԼՂՀ-ի տարածքում դիմումատուի գործունեության նկատմամբ որեւէ միջամտություն չի եղել։ Եհովայի վկաներն ազատ են եղել իրականացնելու իրենց գործունեությունը, այդ թվում՝ հրավիրելու հավաքներ։ Նրանք նաևպնդել են, որ ԼՂՀ-ում կրոնական կազմակերպության արդյունավետ գործունեության համար չէր պահանջվում պաշտոնական ճանաչում կամ գրանցում։ Կրոնական կազմակերպությունները ևդրանց անդամներն անկախ գրանցումից ունեն մտքի, խղճի ևդավանանքի ազատության իրավունք, ինչպես մինչ այսօր եղել է Եհովայի վկաների դեպքում։

54. Այնուամենայնիվ, եթե Դատարանը գտնի, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածով նախատեսված իրավունքների միջամտություն, ապա այդ միջամտությունը նախատեսված է եղել օրենսդրությամբ, հետապնդել է իրավաչափ նպատակ ևեղել է հիմնավորված։

55. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի գրանցումը մերժվել է ներկայացված փաստաթղթերի՝ օրենսդրական պահանջներին չհամապատասխանելու պատճառով ևոչ մի դեպքում չի հետապնդել դիմումատուի՝ միավորումների ազատության իրավունքի սահմանափակման նպատակ։

56. Կառավարության կարծիքով սույն գործի հանգամանքներից ակնհայտ է, որ դիմումատուի իրավունքներին ենթադրյալ միջամտությունն իրականացվել է հանրային անվտանգության նկատառումներով ևելնելով պետության ևբնակչության շահերից։ Հիմնվելով փորձագիտական եզրակացության վրա՝ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի անդամները հրաժարվում էին կատարել իրենց հայրենիքը պաշտպանելու պարտականությունը, ինչը վտանգում է ԼՂՀ-ի ազգային անվտանգությունը, հատկապես՝ պատերազմական ժամանակներում. մի իրավիճակ, որում այն եղել է իր ստեղծումից ի վեր։ Նրանք նշել են, որ փորձագիտական եզրակացության մեջ հատկապես շեշտվել է այն փաստը, որ այն տրամադրելու ժամանակ ԼՂՀ-ում հայտարարված է եղել ռազմական դրություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու ռիսկը։ Այդ հանգամանքներում Կառավարությունը հայտարարել է, որ հանրային շահը ևազգային անվտանգությունը գերակշռել է դիմումատուի գրանցման իրավունքի նկատմամբ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջինիս հետեւորդները կարողացել են առանց կամայական միջամտության իրականացնել իրենց կրոնն ազատորեն քարոզելու իրենց իրավունքը։

2. Դատարանի գնահատականը

ա) Արդյոք տեղի է ունեցել միջամտություն, թե՝ ոչ

57. Դատարանը վերահաստատում է, որ ներպետական իշխանությունների կողմից անձանց միավորումներին, լինի դա կրոնական, թե՝ այլ, իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու մերժումը հանգեցնում է միավորման ազատության իրավունքի իրականացման միջամտության (տե՛ս Օհրիդի ուղղափառ արքեպիսկոպոսությունը (Պեչի պատրիարքության Օհրիդի հունական ուղղափառ արքեպիսկոպոսություն) ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [Orthodox Ohrid Archdiocese (Greek-Orthodox Ohrid Archdiocese of the Peć Patriarchy) v. the former Yugoslav Republic of Macedonia], թիվ 3532/07, § 78, 2017 թվականի նոյեմբերի 16)։ Երբ խոսքը վերաբերում է կրոնական համայնքի կազմակերպությանը, այն որպես իրավաբանական անձ ճանաչելու մերժումը համարվել է միջամտություն Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված կրոնի ազատության իրավունքին (տե՛ս Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցին ևայլք ընդդեմ Մոլդովայի [Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova], թիվ 45701/99, § 105, ՄԻԵԴ 2001-XII, օրենսդրական ճանաչման մերժման մասով, երբ ներպետական օրենսդրությունը սահմանել է կրոնի ազատության իրավունքի իրականացման համար նախնական թույլտվության պահանջ, ևվերեւում հիշատակված՝ «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի ևայլոց գործը, § 62, կրոնական համայնքը որպես իրավաբանական անձ ճանաչելու տեւական մերժման մասով)։

58. Կառավարությունը շարունակել է պնդել, որ տեղի չի ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին միջամտություն, քանի որ «Եհովայի վկաներ»-ն արդյունավետորեն գործել են ԼՂՀ-ում առանց պաշտոնական գրանցման (տե՛ս վերեւում 53-րդ պարբերությունը)։

59. Ի պատասխան Կառավարության պնդման՝ Դատարանը նշում է, որ Օրենքի 7-րդ հոդվածը, որտեղ թվարկված են կրոնական կազմակերպությունների իրավունքները, այդ թվում՝ inter alia, աղոթատներում ևդրանց պատկանող տարածքում կրոնական ժամերգություններ իրականացնելու նրանց իրավունքը, նաևսահմանում է, որ այդ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվելու պահից (տե՛ս վերեւում 41-րդ պարբերությունը)։ Օրենքի 25-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել կամ վերագրանցվել այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում (տե՛ս վերեւում 44-րդ պարբերությունը): Դա նշանակում է, որ Դիմումատուն չէր կարող առանց որպես կրոնական կազմակերպություն գրանցվելու իրականացնել իր կրոնն արտահայտելու իրավունքը։

60. Ավելին, Դատարանը հաշվի է առնում նաևԵհովայի վկաների համայնքային կյանքին միջամտելու դեպքերը՝ այն հիմքով, որ դիմումատուն չի եղել գրանցված կրոնական կազմակերպություն (տե՛ս վերեւում 21-րդ պարբերությունը)։ Այն փաստը, որ չի հաղորդվել նման միջամտությունների կրկնվող դեպքերի մասին, որոշիչ չէ։ Այս առումով Դատարանը վերահաստատում է, որ ազգային մարմինների կողմից չճանաչված կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ լոկ հանդուրժողականությունը չի փոխարինում ճանաչմանը, եթե միայն ճանաչումն է շահագրգիռ կողմերին ընձեռում հնարավորություն՝ իրականացնելու իրենց իրավունքները (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 129)։

61. Հետեւաբար դատարանը համարում է, որ դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն գրանցելը մերժելը հանգեցրել է վերջինիս՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ կրոնի ազատության իրավունքին միջամտության (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 105 և«Եհովայի վկաներ» կրոնական համայնքի ևայլոց գործը, §§ 64-68)։

բ) Արդյո՞ք միջամտությունը եղել է հիմնավորված

62. Որպեսզի որոշվի, թե արդյոք միջամտությունը հանգեցրել է Կոնվենցիայի դրույթների խախտման, թե՝ ոչ, Դատարանը պետք է որոշի, թե արդյոք դրանով պահպանվել են 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, այսինքն՝ արդյոք միջամտությունը «սահմանված է եղել օրենքով», հետապնդել է այդ դրույթի իմաստով իրավաչափ նպատակ ևանհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, թե՝ ոչ։

63. ԼՂՀ իրավասու պետական մարմինները դիմումատու ընկերության գրանցումը մերժելիս հիմնվել են Օրենքի 5-րդ հոդվածի վրա (տե՛ս վերեւում 39-րդ պարբերությունը)՝ հղում կատարելով Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն տրամադրված փորձագիտական եզրակացության մեջ արված եզրահանգումներին (տե՛ս վերեւում 43-րդ պարբերությունը)։ Դիմումատուի կողմից էական հակափաստարկներ չներկայացնելու պայմաններում Դատարանն ընդունում է, որ քննարկվող միջամտությունը «սահմանված է եղել օրենքով»։

64. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի կողմից ներկայացված գրանցման դիմումի մերժումը նպատակ է ունեցել պաշտպանելու հանրային անվտանգությունը ևերկրի, պետության ևբնակչության անվտանգության շահերը (տե՛ս վերեւում 56-րդ պարբերությունը)։

65. Դատարանը համարում է, որ պետություններն իրավունք ունեն ստուգելու, թե արդյոք որեւէ շարժում կամ միավորում, առերեւույթ հետապնդելով կրոնական նպատակներ, իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնաս հասցնել բնակչությանը կամ հանրային անվտանգությանը, թե՝ ոչ (տե՛ս վերեւում հիշատակված՝ «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի ևայլոց գործը, § 75)։ Հետեւաբար կարելի է ընդունել, որ նշված միջամտությունն ունեցել է հանրային անվտանգությունը ևայլոց իրավունքները պաշտպանելու նպատակ (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 113)։

66. Առանցքային հարցը, որ պետք է որոշել, այն է, թե արդյոք միջամտությունն «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում», թե՝ ոչ։

67. Այն պահանջը, ըստ որի՝ միջամտությունը պետք է համապատասխանի «հրատապ սոցիալական կարիքին», նշանակում է, որ «անհրաժեշտ» հասկացությունը չունի այնպիսի արտահայտությունների ճկունությունը, ինչպիսիք են «օգտակար» կամ «ցանկալի» արտահայտությունները (տե՛ս Սվյատո-Միխայլիվսկա Պարաֆիան ընդդեմ Ուկրաինայի [Svyato-Mykhaylivska Parafiya v. Ukraine], թիվ 77703/01, § 116, 2007 թվականի հունիսի 14)։ Հետեւաբար Դատարանի խնդիրն է որոշել, թե արդյոք դիմումատու կազմակերպությանը որպես կրոնական կազմակերպություն գրանցելու մերժումը եղել է սկզբունքորեն հիմնավորված ևհետապնդվող իրավաչափ նպատակին համաչափ, թե՝ ոչ։ Դա որոշելու համար Դատարանը պետք է դիտարկի այն միջամտությունը, որի առնչությամբ ներկայացվել է գանգատը՝ գործի շրջանակում որպես մեկ ամբողջություն, ևորոշի, թե արդյոք ազգային մարմինների կողմից այն հիմնավորելու նպատակով ներկայացված պատճառները «վերաբերելի ևբավարար» են եղել, թե՝ ոչ։ Դա դիտարկելիս Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային մարմինները կիրառել են Կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ ևբացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (նույն տեղում՝ § 138):

68. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի գրանցումը մերժվել է ներկայացված փաստաթղթերի՝ օրենսդրական պահանջներին անհամապատասխանության պատճառով (տե՛ս վերեւում 55-րդ պարբերությունը)։ Միեւնույն ժամանակ հղում կատարելով փորձագիտական եզրակացությանը (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը)՝ նրանք պնդել են նաեւ, որ դիմումատուի գրանցման դիմումի մերժման պատճառը եղել է այն, որ դիմումատուի անդամները հրաժարվել են անցնել զինվորական ծառայություն (տե՛ս վերեւում 56-րդ պարբերությունը)։

69. Թեևիսկապես, ըստ փորձագիտական եզրակացության եզրահանգման՝ դիմումատուի կողմից վերջինիս գրանցման դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներին (տես վերեւում 39-րդ պարբերությունը), այդ եզրահանգումը հիմնված է եղել փորձագիտական եզրակացության մեջ արտացոլված էական եզրահանգումների վրա։ Հետեւաբար այն փաստարկը, որ դիմումատուի գրանցումը մերժվել է զուտ ընթացակարգային թերությունների պատճառով, ոչ մի դեպքում ընդունելի չէ։ Ավելին, ինչպես նշվել է վերեւում, Կառավարությունն ինքնին հիմնվել է այն փաստի վրա, որ Եհովայի վկաները հրաժարվում էին ծառայել բանակում, ինչը եղել է մերժման հիմնական պատճառը։

70. Դատարանը նկատում է, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուին որպես կրոնական կազմակերպության գրանցման մերժումը երբեք ըստ էության չի քննվել ներպետական դատարանների կողմից։ Մասնավորապես ԼՂՀ դատարանները հրաժարվել են քննել դիմումատուի հայցը կա՛մ տարբեր, հաճախ իրարից տարբերվող ընթացակարգային հիմքերով, կա՛մ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցի առարկան համընկել է նախկինում քննված հարցի հետ, թեևդիմումատուի հայցադիմումի ըստ էության փաստացի քննությամբ կայացված միակ վճիռը բողոքարկման արդյունքում բեկանվել է բավականաչափ ձեւական բնույթ կրող հիմքերով (տե՛ս մասնավորապես վերեւում 17-րդ և20-րդ պարբերություններն առաջին գրանցման փորձի վերաբերյալ, ինչպես նաևվերեւում՝ 27-28 և34-36 պարբերությունները հաջորդ փորձերի վերաբերյալ)։ Հետեւաբար դիմումատուի գրանցման մերժման կոնկրետ հիմքերը ԼՂՀ դատարանների կայացրած դատական ակտերում շարունակում են մնալ ոչ հստակ։ Թեեւ, ինչպես նշվել է վերեւում, Կառավարությունը բացառապես հիմնվել է Եհովայի վկաների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու վրա, փորձագիտական եզրակացությունը, որի վրա հիմնվել են ԼՂՀ վարչական մարմինները դիմումատուի գրանցումը շարունակաբար մերժելիս, պարունակում է մի շարք այլ եզրահանգումներ, այդ թվում՝ այն մասին, որ դիմումատուի սպասավորները կիրառում են հավատացյալների վրա հոգեբանական ազդեցության գործելու մեթոդներ, որ Եհովայի վկաները զբաղվում են «հոգեորսությամբ» («դավանաորսությամբ»), ևոր դիմումատուն քրիստոնեական կազմակերպություն չէ։ Հետեւաբար Դատարանը հերթականությամբ կքննի այդ հիմքերը։

71. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ փորձագիտական եզրակացությունը, որը ծառայել է որպես ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից դիմումատուի գրանցումը մերժելու հիմք, ևորի վրա հիմնվել է Կառավարությունն իր փաստարկներում (տե՛ս վերեւում 9-րդ, 11-րդ, 32-րդ և56-րդ պարբերությունները), պատրաստվել է ԼՂՀ Կառավարության Փոքրամասնությունների ևկրոնի հարցերով վարչության պետ Ա.Ս.-ի կողմից, որը Վարչական դատարանում ընթացող վարույթի ընթացքում անթաքույց կերպով ցույց է տվել իր բացասական նախատրամադրվածությունը դիմումատուի նկատմամբ՝ inter alia, նշելով, որ «ոչ ոք Եհովայի վկաներին չի ընդունում որպես [կրոնական] կազմակերպություն, նրանք ընդունվում են որպես աղանդ, կեղծ կազմակերպություն», ևհավանություն է տվել վերջինիս գրանցման մերժմանը (տե՛ս վերեւում 16-րդ պարբերությունը)։ Հետեւաբար փորձագիտական եզրակացության օբյեկտիվությունը ևդրանում արտահայտված եզրահանգումների արժանահավատությունը կասկածելի են։

72. Փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ դիմումատուի սպասավորները (քարոզիչները) կիրառում են հոգեբանական ազդեցություն գործելու մեթոդներ, ինչպես օրինակ՝ համոզելը ևներշնչելը, ինչպես նաևսոցիալապես օգնելը ևաջակցությունը՝ անձին լիակատար վերահսկողության ևկախվածության մեջ պահելու համար։ Այն նաևգտել է, որ Եհովայի վկաները զբաղվում են «հոգեորսությամբ» («դավանաորսությամբ»), քանի որ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ազատ քարոզելու ու տարածելու իր դավանանքը ԼՂՀ-ում (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը)։

73. Դատարանը կրկին նշում է, որ թեևկրոնի ազատությունն առաջին հերթին անհատական գիտակցության հարց է, այն նաևենթադրում է, inter alia, [սեփական] կրոնի արտահայտման ազատություն, այդ թվում՝ հարեւանին, օրինակ, «սովորեցնելու» միջոցով համոզելու փորձի իրավունք (տե՛ս Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis v. Greece], 1993 թվականի մայիսի 25-ին, § 31, Սերիա Ա, թիվ 260-Ա)։ 9-րդ հոդվածը, այնուամենայնիվ, չի պաշտպանում կրոնով կամ դավանանքով պայմանավորված կամ ոգեշնչված յուրաքանչյուր գործողություն։ Այն, օրինակ, չի պաշտպանում անընդունելի դավանափոխությունը, ինչպես օրինակ՝ նյութական կամ սոցիալական առավելություններ առաջարկելու կամ ոչ պատշաճ ճնշումներ գործադրելու միջոցով որեւէ եկեղեցու համար նոր անդամներ ձեռք բերելու նպատակով (տե՛ս վերեւում հիշատակված՝ Կոկինակիսի գործը, § 48, Լարիսիսը ևայլք ընդդեմ Հունաստանի [Larissis and others v. Greece], 1998 թվականի փետրվարի 24, § 45, Վճիռների ևորոշումների մասին զեկույցներ 1998-I)։

74. Դատարանը նկատում է, որ փորձագիտական եզրակացությունում չի նշվել գեթ մեկ անձի անուն, որը դարձել է հոգեբանական մանիպուլյացիայի տեխնիկաների ենթադրյալ զոհ։ Չի եղել նաևԵհովայի վկաների կողմից Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով անընդունելի դավանափոխությամբ զբաղվելու ենթադրությունները հիմնավորող որեւէ կոնկրետ ապացույց։ Այսպիսով, փորձագիտական եզրակացության մեջ արված եզրահանգումները հիմնվել են փաստերով չհաստատված ենթադրության վրա (տե՛ս, mutatis mutandis, Մոսկվայի Եհովայի վկաները ևայլք ընդդեմ Ռուսաստանի [Jehova’s Witnesses of Moscow and others v. Russia], թիվ 302/02, §§ 122 և128-30, 2010 թվականի հունիսի 10)։ Միեւնույն ժամանակ Դատարանն չափազանց զարմացնող է համարում այն, որ «հոգեորսության» («դավանաորսության») մասին պնդումները հիմնվել են այն գաղափարի վրա, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կրոնից կամ դավանանքից բացի այլ կրոնով կամ դավանանքով պայմանավորված կամ ոգեշնչված գործողությունները համարվում են «հոգեորսություն» («դավանաորսություն»)։]

75. Դատարանն էլ ավելի ապշեցուցիչ է համարում այն, որ փորձագիտական եզրակացությամբ՝ հիմնվելով այդտեղ արված եզրահանգումների ևայն փաստի վրա, որ դիմումատուն չի ընդունում Նիկիական հանգանակը, արվել են այն եզրահանգումները, որ Եհովայի վկաները «հեռու են քրիստոնեական կազմակերպություն լինելուց»։

76. Այս հանգամանքներում Դատարանը վերահաստատում է, որ չեզոքության ևանկողմնակալության դրսեւորման պետության պարտականությունն անհամատեղելի է պետության՝ կրոնական դավանանքների կամ այդ դավանանքներն արտահայտելու միջոցների գնահատման ցանկացած լիազորության հետ (տե՛ս Մանուսակիսը ևայլք ընդդեմ Հունաստանի [Manoussakis and Others v. Greece], § 47, 1996 թվական սեպտեմբերի 26, Զեկույցներ 1996-IV ևԲայաթյանն ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Bayatyan v. Armenia [GC], թիվ 23459/03, § 120, ՄԻԵԴ 2011)։ Ավելին, իր նախադեպային իրավունքով ձեւավորված` կրոնական համայնքի ինքնավարության սկզբունքի համաձայն, որը բխում է պետության չեզոքության ևանկողմնակալության դրսեւորման պարտականությունից, միայն կրոնական համայնքի բարձրագույն հոգեւոր իշխանությունները, ևոչ թե պետությունը (ևնույնիսկ ազգային դատարանները), կարող են որոշել, թե որ դավանանքին է պատկանում տվյալ համայնքը (տե՛ս Իզեթին Դողանը ևայլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [İzzettin Doğan and Others v. Turkey [GC]], թիվ 62649/10, § 121, 2016 թվականի ապրիլի 26)։

77. Հղում կատարելով Ադրբեջանի հետ ունեցած ներկա ռազմական հակամարտությանը՝ Կառավարությունը պնդել է, որ Եհովայի վկաների՝ բանակում ծառայելուց հրաժարվելը վտանգել է ԼՂՀ-ի ազգայն անվտանգությունը (տե՛ս վերեւում 56-րդ պարբերությունը). փաստարկ, որն արտացոլված չէ փորձագիտական եզրակացության մեջ (որտեղ միայն նշվել է, որ Եհովայի վկաների որոշակի գործողություններ «հանգեցրել են պատերազմող երկրի պաշտպանության թուլացմանը ևխաթարմանը» (տե՛ս վերեւում 9-րդ պարբերությունը)։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Կառավարության այն փաստարկները, որ Եհովայի վկաները սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը, ևհավաստիացումները, որ Եհովայի վկաները գործել են ազատորեն ևառանց ԼՂՀ իշխանությունների կողմից միջամտության ևշարունակում են նույն կերպ գործել, հակասում են միմյանց, հարկ է նշել հետեւյալը։

78. 9-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված՝ կրոնը կամ համոզմունքը դավանելու անձի ազատության մասով թվարկված բացառությունները սպառիչ են, ևդրանց սահմանումներն ունեն սահմանափակող բնույթ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերեւում հիշատակված՝ Սվյատո–Միխայլիվսկա Պարաֆիան ընդդեմ Ուկրաինայի [Svyato-Mykhaylivska Parafiya v. Ukraine], § 132 ևՆոլանը ևԿ.-ն ընդդեմ Ռուսաստանի [Nolan and K. v. Russia], թիվ 2512/04, § 73, 2009 թվականի փետրվարի 12)։ Միեւնույն ժամանակ, ի տարբերություն Կոնվենցիայի 8-րդ, 10-րդ և11-րդ հոդվածների երկրորդ կետերի, 9-րդ հոդվածի 2-րդ կետով չի թույլատրվում սահմանափակումներ կիրառել ազգային անվտանգության հիմքով։ Չլինելով պատահական բացթողում՝ կոնկրետ այդ հիմքը 9-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների հիմքերի թվում չընդգրկելն արտացոլում է կրոնական բազմակարծությանը՝ որպես «Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» հիմքերից մեկին ի սկզբանե տրված կարեւոր նշանակությունը ևայն փաստը, որ պետությունը չի կարող թելադրել անձին, թե ինչ կրոն դավանի, կամ ձեռնարկել հարկադրանքի միջոցներ՝ ստիպելու փոխել վերջինիս համոզմունքները (նույն տեղում)։

79. Ավելին, Դատարանի նախադեպային իրավունքով արդեն հաստատված է, որ բանակում ծառայության պարտավորության ևանձի խղճի կամ խորը ևիրականում դավանվող կրոնական կամ այլ համոզմունքների միջևի հայտ եկած լուրջ ևանհաղթահարելի հակասությամբ պայմանավորված զինվորական ծառայությանը դեմ լինելը համարվում է բավականաչափ համոզիչ, ծանրակշիռ, փոխկապակցված ևկարեւոր համոզմունք կամ դավանանք՝ 9-րդ հոդվածի երաշխիքները կիրառելու համար (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բայաթյանի գործը, § 110 )։ Ավանեսյանի գործով (վերեւում հիշատակված, §§ 56-59) Դատարանը հաստատել է այս մոտեցումը՝ գտնելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում՝ առանց պատշաճորեն հաշվի առնելու կրոնական համոզմունքները՝ ԼՂՀ-ում կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար պատժի սահմանման հիմքով։ Դատարանն ուշադրության է արժանացնում այն փաստը, որ պարտադիր զինվորական ծառայության ցանկացած համակարգ ծանր բեռ է քաղաքացիների համար, ևոր այն ընդունելի կլինի, եթե այն բաշխվի հավասար հիմունքներով, ևեթե այս պարտականությունից ազատումը հիմնված լինի լուրջ ևհամոզիչ հիմնավորումների վրա (վերեւում հիշատակված՝ Բայաթյանի գործը, § 125)։ Այլընտրանքային ծառայության համակարգի ձեւավորումը ևընդունելի հավասարակշռվածության ապահովումը, այնուամենայնիվ, ազգային իշխանությունների ձեռքերում է, ևբոլոր դեպքերում սույն գործի առարկան չէ։

80. Վերը նշվածի համատեքստում չի կարելի ասել, որ ազգային մարմինների կողմից բերված հիմքերը «վերաբերելի ևբավարար» են այս գործով միջամտությունը հիմնավորելու համար։ Հետեւաբար Դատարանը համարում է, որ այն եղանակը, որով ներպետական մարմինները հրաժարվել են գրանցել դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն, չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս, mutatis mutandis, վերեւում հիշատակված՝ Օհրիդի ուղղափառ արքեպիսկոպոսության (Պեչի պատրիարքության Օհրիդի հունական ուղղափառ արքեպիսկոպոսություն) գործը, § 121)։

81. Այստեղից հետեւում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

82. Դիմումատուն բողոքել է, որ ԼՂՀ իրավասու պետական մարմինների կողմից իր գրանցման մերժմամբ խախտվել է նաևԿոնվենցիայի 14-րդ հոդվածը, որն ունի հետեւյալ բովանդակությունը.

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից ևազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

Ա. Կողմերի փաստարկները

83. Դիմումատուն շարունակել է պնդել, որ պետությունն իր նկատմամբ դրսեւորել է խտրականություն, քանի որ ցուցաբերել է տարբեր մոտեցում ԼՂՀ-ում իրավաբանական կարգավիճակ ունեցող այլ կրոնների համեմատ։

84. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի գրանցման մերժումը պայմանավորված է եղել ներկայացված փաստաթղթերի՝ սահմանված օրենսդրական պահանջներին անհամապատասխանությամբ ևազգային անվտանգության նկատառումներով ևոչ թե դիմումատուի կամ վերջինիս անդամների նկատմամբ խտրական վերաբերմունքով։ Նրանք պնդել են, որ ԼՂՀ-ում գրանցվել են այլ կրոնական կազմակերպություններ՝ պահպանելով սահմանված ընթացակարգերը։

Բ. Դատարանի գնահատականը

85. Դիմումատուի գրանցման մերժումն արդեն քննվել է Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածների ներքո։ Կարիք չկա նորից այն քննել՝ հղում կատարելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածին (տե՛ս վերեւում հիշատակված՝ Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցու ևայլոց գործը, § 134, Մոսկվայի Եհովայի վկաների ևայլոց գործը, § 188, ևՄոսկվայի Գիտաբանության եկեղեցին ընդդեմ Ռուսաստանի [Church of Scientology Moscow v. Russia], թիվ 18147/02, § 101, 2007 թվականի ապրիլի 5)։ Հետեւաբար Դատարանից չի պահանջվում որոշում կայացնել բողոքի ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ այդ դրույթի մասով։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

86. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

Ա. Վնասը

87. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 10 000 եվրոն՝ որպես վերջինիս հիմնադիրներին ևանդամներին հասցված ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ մյուս 10 000 եվրոն՝ որպես Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին երկարատևմիջամտության հետեւանքով իրեն հասցված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

88. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները։

89. Դատարանն ընդունում է, որ հայտնաբերված խախտման հետեւանքով դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս։ Դատարանը, որոշում կայացնելով արդարության սկզբունքի հիման վրա, ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

Բ. Ծախսերը և ծախքերը

90. Դիմումատուն պահանջել է նաև3 750 եվրո՝ որպես ներպետական դատարաններում, և5 000 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի ևծախքերի համար։ Իր պահանջը հիմնավորելու համար դիմումատուն ներկայացրել է համապատասխանաբար 2019 թվականի փետրվարի 19-ին և20-ին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման երկու պայմանագիր։

91. Կառավարությունը վիճարկել է այս պահանջներն անհիմն, փաստացի չկատարված ևփաստաթղթային ապացույցներով չհիմնավորված լինելու հիմքով։

92. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, ևոր դրանց չափը եղել է ողջամիտ: Դատարանը նշում է, որ դիմումատուն ներպետական վարույթի ընթացքում ենթադրաբար կատարված դատական ծախսերի վերաբերյալ պահանջը հիմնավորել է պայմանագրով, որը ստորագրվել է այդ վարույթն ավարտվելուց հետո տարիներ անց (տե՛ս վերեւում 36-րդ և90-րդ պարբերությունները)։ Ուստի այն մերժում է պահանջի այս մասը: Դատարանը նաևնշում է, որ որպես Դատարանում ընթացող վարույթի ժամանակ դիմումատուի կրած դատական ծախսերի պահանջի հիմնավորում ներկայացված պայմանագիրը ստորագրվել է գանգատը ներկայացնելուց հետո ևարդարացի փոխհատուցման համար 2019 թվականի մայիսի 3-ին դիմումատուի դիտարկումները ևհայտարարությունները ներկայացնելուց առաջ։ Հետեւաբար Դատարանը համարում է, որ այս առնչությամբ դիմումատուի պահանջները պետք է բավարարվեն մասնակիորեն՝ այն մասով, որով դրանք առնչվում են դիմումատուի՝ Կառավարության դիտարկումների պատասխանի ևարդարացի փախհատուցման պահանջի պատրաստմանը վերաբերող դատական ծախսերին (ըստ պայմանագրի՝ 2 000 եվրո միանվագ գումար)։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը ևվերը նշված չափանիշները՝ Դատարանը գտնում է, որ այս պահանջն անհարկի չափազանցված է, ևողջամիտ է համարում իր վարույթի ընթացքում կատարված ծախսերի դիմաց շնորհել 1000 եվրո՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

93. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է Կոնվենցիայի 9-րդ և11-րդ հոդվածների մասով բողոքներն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ.

3. Վճռում է, որ կարիք չկա քննելու Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքների ընդունելության ևըստ էության քննության հարցը.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4,500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի ևծախքերի դիմաց՝ 1,000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչևվճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով ևգրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և3-րդ կետերի։

Իլզե Ֆրայվըրթ՝

Քարտուղարի տեղակալ

Յոնկո Գրոզև՝

Նախագահ

 

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին ևԴատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ սույն վճռին կից ներկայացվում է դատավոր Հարությունյանի առանձին կարծիքը։

 

Յ.Գր.

Ի.Ֆ.

 

ԴԱՏԱՎՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

Թեևսույն գործով ես քվեարկել եմ մեծամասնության հետ, պետք է սույն համընկնող կարծիքում եւս մեկ անգամ ընդգծեմ մի շարք նկատառումներ։ Նախ՝ ես ընդունում եմ Դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ 2020 թվականի նոյեմբեր 10-ը հանդիսանում է կարեւոր շրջադարձային կետ, ևհետեւաբար «տվյալ ժամանակահատվածում» (այսինքն՝ Հայաստանի ևԱդրբեջանի միջևտեղի ունեցած վերջին ռազմական գործողություններից առաջ, որոնք ավարտվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին) Հայաստանն ունեցել է այն հարցերի նկատմամբ իրավազորություն, որոնց առնչությամբ ներկայացվել է գանգատ (տե՛ս վճռի 48-րդ պարբերությունը)։ Այս համատեքստում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետեւանքները ներկայացված են Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի [Avanesyan v. Armenia] (թիվ 12999/15, 2021 թվականի հուլիսի 20) գործով վճռին կից ներկայացված իմ համընկնող կարծիքի մանրամասն վերլուծության մեջ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Դատարանը պետք է ավելի ծավալվեր իր եզրահանգման մեջ ևնշեր, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր Հայաստանը չի իրականացրել «արդյունավետ վերահսկողություն» Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Ես ողջունում եմ սույն վճռում Դատարանի կողմից արված վերահաստատումն այն հանգամանքի մասով, որ «Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով «իրավազորության» առկայությունը հաստատելու համար նախատեսված չափորոշիչը երբեք չի հավասարեցվել միջազգայնորեն անիրավաչափ գործողության համար ընդհանուր միջազգային իրավունքի իմաստով պետության պատասխանատվությունը հաստատելու համար նախատեսված չափորոշչին» (տե՛ս Կատանը ևայլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության ևՌուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04 և2 այլ գործեր, § 115, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)): Հետեւաբար «արդյունավետ վերահսկողություն» հասկացությունը Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով չի հավասարեցվում միջազգային մարդասիրական իրավունքի նպատակներով կիրառվող «արդյունավետ վերահսկողություն» եզրույթին» (տե՛ս Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի, (II) [ՄՊ], [Georgia v. Russia] [GC], թիվ 38263/08, § 196, 2021 թվականի հունվարի 21)։

Հատկանշական է, որ անդամ պետության արտատարածքային իրավազորությունը հաստատելու համար Դատարանի կողմից ընդունված ավելի ցածր չափանիշները կոչված են կանխելու Կոնվենցիոն իրավունքների ևազատությունների պաշտպանության հարցում «գորշ գոտիների» առաջացումը: Այնուամենայնիվ, ներկայիս չափորոշիչը կարող է խնդիրներ առաջացնել այն փաստի պատճառով, որ դրական պարտավորություններն իրականում սահմանափակ են ևերբեմն կարող են չհամապատասխանել իրական իրավիճակին։ Հետեւաբար այդ չափորշչի կիրառումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ անդամ պետությունից պահանջվում է երաշխավորել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն այն դեպքում, երբ այդ պետությունն իրավասու չէ դա անելու համար՝ այդպիսով այդ պետությանը ևԵվրոպայի խորհրդի մարմիններին դնելով դժվարին իրավիճակի մեջ։ Սույն գործը կարող է ծառայել որպես նման հետեւանքների հանգեցնող օրինակ։ Նույնիսկ հրադադարից առաջ Հայաստանի իշխանության մարմինները չունեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինների վրա ազդելու իրավասություններ՝ դիմումատուի գրանցումն ապահովելու համար։

Խնդիրն այն չէ, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի իշխանության մարմինները ճիշտ են գործել, թե ոչ։ Իմ դիրքորոշումը կայանում է նրանում, որ ես ընդունում եմ, որ սույն գործով տեղի է ունեցել խախտում։ Խնդիրն այն է, որ «արդյունավետ վերահսկողության» գործող չափանիշը պետք է լրամշակվի այնպես, որ անդամ պետությունները ևԵվրոպայի խորհրդի մարմինները չհայտնվեն այնպիսի խնդրահարույց իրավիճակում, երբ ազգային իշխանության մարմինները պարտավորվեն իրականացնել Կոնվենցիոն պարտավորություններ, որոնք դուրս են իրենց վերահսկողության շրջանակից։