Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0281/01/16

Գործ թիվ ԵԿԴ/0281/01/16

Նախագահող դատավոր՝

 Ա. Դանիելյան

Դատավորներ՝

 Ռ. Մխիթարյան

 Ա. Նիկողոսյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

27 մայիսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ս.Նազարյանի (այսուհետ՝ նաև Քննիչ) որոշմամբ հարուցվել է թիվ 13103416 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

2016 թվականի ապրիլի 15-ին Կարեն Սամվելի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով։

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մայիսի 30-ի դատավճռով Կ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել մինչև 2016 թվականի մայիսի 16-ը գործող խմբագրությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով։ Կ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նա ազատվել է քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

3. Ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի պաշտպան Հ.Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունվարի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է. Կ.Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անմեղ ու արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. 2016 թվականի ապրիլի 15-ին Քննիչը որոշում է կայացրել նախաքննության ժամկետը 15 օրով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանը (այսուհետ՝ նաև Դատախազ) նախաքննության ժամկետը երկարացրել է 5 օրով՝ մինչև ապրիլի 23-ը1:

5.1. 2016 թվականի ապրիլի 19-ին կազմվել է արձանագրություն՝ նախաքննության ավարտման վերաբերյալ մեղադրյալ Կ.Հովհաննիսյանին հայտնելու մասին2:

2016 թվականի ապրիլի 19-ին կազմվել է արձանագրություն՝ քրեական գործի նյութերին մեղադրյալ Կ.Հովհաննիսյանին և պաշտպանին ծանոթացնելու մասին3:

2016 թվականի ապրիլի 19-ին քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում մեղադրյալ Կ.Հովհաննիսյանը և նրա պաշտպանը Քննիչին բացարկ են հայտնել։ Մասնավորապես, Կ.Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր միջնորդությունը մերժելով, Քննիչը ցուցաբերել է կանխակալ վերաբերմունք։ Իսկ Կ.Հովհաննիսյանի պաշտպանը նշել է, որ. «Առանց քրեական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու, խախտելով մրցակցության և արդար դատական քննության սկզբունքը, լիովին անհիմն մերժելով մեղադրյալի միջնորդությունը, քննիչ Ս.Նազարյանը հայտարարում է նախաքննության ավարտի մասին, ինչը վկայում է քննիչի կանխակալ և ոչ օբյեկտիվ վերաբերմունքի մասին»4։

2016 թվականի ապրիլի 21-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, և նույն թվականի ապրիլի 22-ին քրեական գործն ուղարկվել է Դատախազին5:

5.2. 2016 թվականի ապրիլի 26-ին Դատախազը որոշում է կայացրել՝ թիվ 13103416 քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին6:

5.3. Քննիչի՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Կ.Հովհաննիսյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով7։

5.4. 2016 թվականի հոկտեմբերի 26-ին թիվ 13103416 քրեական գործը նոր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան8:

6. Դատաքննության ընթացքում մեղադրողի՝ «Առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Կ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ. «(…) [Ն]ա 2012 թվականի դեկտեմբերի 11-ից հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն ծավալող «Դրիմթիմ 1» ՍՊ ընկերության 75% բաժնեմասերի բաժնետեր և ընկերության տնօրեն չի կատարել ՀՀ ֆինանսների նախարարության «Կենտրոն» հարկային տեսչության կողմից կայացված թվով չորս որոշումներով արձանագրված, ընկերության կողմից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարները գանձելու, ինչպես նաև դրանց վրա արգելանք դնելու մասին որոշումներով արձանագրված, պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները։ Նշված որոշումների հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 2015 թվականի մարտի 19-ին և նույն թվականի հունիսի 10-ին արգելանք է դրվել պարտապան հանդիսացող «Դրիմթիմ 1» ՍՊ ընկերության դրամարկղային մեքենա մուտքագրվող դրամական միջոցների վրա, միաժամանակ ընկերության տնօրեն Կարեն Հովհաննիսյանը զգուշացվել է հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրվող դրամական միջոցները ԴԱՀԿ ծառայությունում կանխիկ վճարելու կամ Երևանի թիվ 1 գանձապետական բաժանմունքի 900013288015 հաշվեհամարին փոխանցելու պարտավորության մասին ինչպես նաև զգուշացվել է. այդուհետ հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրվող դրամական միջոցներն ինքնուրույն տնօրինելու դեպքում սահմանված պատախանատվության մասին։ Այսինքն՝ Կարեն Հովհաննիսյանը գիտակցելով «որ ստանձնել է ընկերության հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրվող դրամական միջոցները ԴԱՀԿ ծառայությունում կանխիկ վճարելու կամ Երևանի թիվ 1 գանձապետական բաժանմունքի 900013288015 հաշվեհամարին փոխանցելու պարտավորություն «միաժամանակ գիտակցելով «որ իրեն է վստահվել արգելանքի տակ գտնվող դրամական միջնոցները վճարելը «իր՝ որպես գործադիր մարմնի ղեկավարի լիազորություններն իրականացրել է ձևականորեն և առանց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության թույլտվության՝ դրամարկղային մեքենա մուտքագրված 2.559.852 ՀՀ դրամի չափով դրամական միջոցները հանձնել է այլ անձանց՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություններից մեկը այն է՝ արգելանքի տակ գտնվող խոշոր չափերով գույքը ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից ում այդ գույքը վստահված է եղել (…)»9։

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «Դատարանը, (…) վերլուծելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ու համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված համոզմամբ հանգում է հետևության, որ քրեական գործի` դատարանի կողմից գնահատված ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ, և սույն քրեական գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ՝ հաստատվում է, որ ամբաստանյալը կատարվել է իրեն մեղսագրվող արարքը, այսինքն՝ կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 345-րդ հոդվածի 1-ին մասով, որով և պետք է պատասխանատվության ենթարկվի։

(…)

Դատարանը, անդրադառնալով քրեական գործի նախաքննությունը քրեական դատավարության սկզբունքների էական խախտումներով կատարված լինելու մասին պաշտպանի ներկայացրած գրավոր ճառում նշված պատճառաբանություններին և հանցակազմի բացակայության ու քրեական դատավարության օրենսգրքի պահանջների մի շարք խախտումների, այդ խախտումներով անթույլատրելի ապացույցներ ձեռք բերելու, ինչպես նաև իրավական հետևանքներ չառաջացնող դատավարական որոշումներ կայացնելու հիմքով ամբաստանյալին արդարացնելու մասին նրա միջնորդությանը, գտնում է, որ նրա կողմից նշված խախտումները, այդ թվում՝ ենթադրյալ խախտումները, չեն կարող ամբաստանյալին արդարացնելու հիմք հանդիսանալ։

Այսպես (…) քննիչը պարտավոր չէ դատախազի կողմից լրացուցիչ նախաքննության վերադարձված գործը կրկին ընդունել վարույթ, այլ այն ստանալուց հետո պետք է նախաքննությունն ավարտի մեկամսյա ժամկետում, իսկ դատախազը պարտավոր է ոչ թե նախաքննության համար սահմանված ժամկետում, այլ մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, կայացնել որոշում ինչը նշանակում է, որ 5-օրյա ժամկետը չի հաշվարկվում նախաննության համար օրենքով սահմանված ժամկետի մեջ։ Հետևաբար անհիմն են պաշտպանի այն պատճառաբանությունները, որ քննիչ Ս.Նազարյանը կատարել է իր վարույթում չգտնվող ավարտված գործով նախնական քննություն, դատախազը մեղադրական եզրակացությունը չհաստատելու և գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացրել նախաքննության ժամկետներն անցած լինելուց հետո, ուստի դատախազի՝ գործի քննության ժամկետներից դուրս որոշում կայացնելը դրան հաջորդող ցուցումներ տալը քննիչի` ոչ իր վարույթում գտնվող գործով կատարված քննչական գործողությունները և կայացված դատավարական որոշումները չեն կարող որևէ իրավական հետևանք առաջացնել։

Անդրադառնալով պաշտպանի այն պատճառաբանությանը, որ 19.04.2016թ. քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում մեղադրյալի և իր կողմից քննիչին բացարկ է հայտնվել, որը սակայն 20.10.2016թ. դրությամբ քննարկված չի եղել և այդ պայմաններում քննիչը կրկին անգամ ավարտել է նախաքննությունը, այսինքն՝ լինելով բացարկման ենթակա անձ, քննիչը 6 ամիս շարունակել է նախաքննություն կատարել` ժամկետներ ստանալով դատախազից, դատարանն արձանագրում է, որ ի պատասխան պաշտպանի միջնորդության (իրազեկման), նա 28.10.2016թ-ին ստացել է դատախազ Ս.Անդրեասյանի որոշումը, որով անդրադառնալով բացարկը քննարկելու հարցին, դատախազը գտել է, որ այն նպատակահարմար չէ քննարկել, քանի որ այն հայտնվել է նախաքննության ավարտին և բացարկը քննարկելու մասին դատախազի որոշումը կլիներ հիմնազուրկ և կկրեր ձևական բնույթ»։

(…) Դատարանը, համաձայնվելով պաշտպանի պատճառաբանության հետ, գտնում է, որ (…) քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելուց և նախաքննության կատարումը նույն քննիչի կողմից շարունակելու դեպքում դատախազը պարտավոր էր ըստ էության քննության առնել քննիչին հայտնված բացարկը, սակայն հարկ է համարում քննարկել այն հարցը, թե արդյոք սույն գործով նշված խախտումը քրեադատավարական սկզբունքի այնպիսի էական խախտում է, որը կարող է ինքնին վերցված բավարար լինել ամբաստանյալին արդարացնելու համար, նկատի ունենալով, որ պաշտպանի նշած քրեադատավարական մյուս ենթադրյալ խախտումների վերաբերյալ դատարանն արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ լրացուցիչ նախաքննության ընթացքում քննիչի կողմից չեն հավաքվել «ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում չեն նշվել և մեղադրական եզրակացությամբ չեն գնահատվել այնպիսի ապացույցներ «որոնք կարող են հիմք հանդիսանալ եզրահանգելու «որ խախտվել են ամբաստանյալի հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքերը՝ նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցները «նախաքննությամբ ձեռք են բերվել մինչև դատախազի կողմից գործը լրացուցիչ քննության վերադարձնելը։

Դատարանը հարկ է համարում նաև նշել «որ դատաքննությամբ նույնպես չհիմնավորվեց «որ քննիչն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է եղել գործի ելքով «չի իրականացրել գործի արդարացի քննություն «ուստի և չէր կարող մասնակցել քրեական գործով վարույթին։

Դատարանը գտնում է, որ դատաքննությամբ նաև չհաստատվեց որ նախաքննության ընթացքում ապացույցներ ձեռք բերելիս թույլ են տրվել քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այնպիսի էական խախտումներ որոնցով խախտվել են քրեական դատավարության մասնակիցների մասնավորապես՝ ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի հիմնական իրավունքներն ու ազատությունները կամ քրեական դատավարության սկզբունքները։ Այսպիսով դատարանը հանգում է եզրակացության, որ թեև քննիչին հայտնված բացարկի չքննարկմամբ թույլ է տրվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, «սակայն այն իր բնույթով և առաջացրած հետևանքներով չի կարող համարվել օրենքի ու դատավարական սկզբունքի այնպիսի էական խախտում, որն ազդել է կամ կարող էր ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա և առաջացրել է ամբաստանյալի հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտում, որի արդյունքում նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները` որպես ապացույց պետք է համարվեն անթույլատրելի և այդ հիմքով ամբաստանյալը պետք է արդարացվի (…)»10։

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) [Ք]ննիչը, ըստ էության, պարտավոր է դատախազի կողմից լրացուցիչ նախաքննության վերադարձված գործը ոչ միայն կրկին ընդունել վարույթ, այլ այն ստանալուց հետո պետք է նախաքննությունն ավարտի մեկամսյա ժամկետում, իսկ դատախազին մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո որոշում կայացնելու համար վերապահված 5-օրյա ժամկետն ինքնին պետք է դիտարկել նախաքննության համար օրենքով սահմանված ժամկետի մեջ: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը: Անդրադառնալով նաև պաշտպանի այն պատճառաբանությանը, որ 19.04.2016թ. քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում մեղադրյալի և իր կողմից քննիչին բացարկ է հայտնվել, որը սակայն 20.10.2016թ. դրությամբ քննարկված չի եղել և այդ պայմաններում քննիչը կրկին անգամ ավարտել է նախաքննությունը, այսինքն՝ լինելով բացարկման ենթակա անձ, քննիչը 6 ամիս շարունակել է նախաքննություն կատարել` ժամկետներ ստանալով դատախազից, ապա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում, (այդ թվում նաև քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելուց և նախաքննության կատարումը նույն քննիչի կողմից շարունակելու դեպքում) դատախազը պարտավոր էր ըստ էության քննության առնել քննիչին հայտնված բացարկը, ինչը չի արվել: Սույն գործով, նշված խախտումն իր հերթին հանգեցրել է քրեադատավարական սկզբունքի այնպիսի էական խախտման, որն ինքին ազդել է վարույթի հետագա ընթացքում քննիչի կողմից կայացված դատավարական որոշումների, այդ թվում նաև (քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու արդյունքում) կազմված նոր մեղադրական եզրակացության իրավաչափության վրա: Բացի այդ, դատախազը մեղադրական եզրակացությունը չհաստատելու և գործը լրացուցիչ քննության վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացրել նախաքննության ժամկետներն արդեն իսկ լրացած լինելու պայմաններում: Հետևաբար, դատախազի կողմից քննիչի բացարկման հարցը չլուծելու, գործի նախնական քննության ժամկետներից դուրս, նման որոշում կայացնելու, դրան հաջորդող ցուցումներ տալու, այնուհետև քննիչի կողմից գործն իր վարույթ չընդունելու պարագայում, կատարված քննչական գործողությունները և կայացված դատավարական որոշումներն, այդ թվում նաև քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու արդյունքում կազմված նոր մեղադրական եզրակացությունը չեն կարող դիտարկվել իրավաչափ: Այլ կերպ ասած, կոնկրետ դեպքում, թույլ են տրվել քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այնպիսի էական խախտումներ, ինչի արդյունքում խախտվել են քրեական դատավարության մասնակիցների, մասնավորապես՝ ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի հիմնական իրավունքներն, այդ թվում նաև իր պաշտպանությունը քննիչին բացարկ հայտնելու եղանակով իրացնելու առնչությամբ:

Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, նշված քրեադատավարական խախտումներն իրենց բնույթով էական են, ազդել են և չէին կարող չազդել սույն քրեական գործով վարույթի արդարացիության, այդ թվում նաև նոր կազմված մեղադրական եզրակացությամբ տեղ գտած փաստական տվյալների թույլատրելիության վրա:

Քննարկվող դեպքում, նշվածի առնչությամբ, դատարանը հանգել է չհիմնավորված հետևությունների, արդյունքում թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որն իր հերթին հանգեցրել է նաև նյութական իրավունքի խախտման:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը, դրանց թույլատրելիության տեսանկյունից, արդեն իսկ բավարար հիմք չի կարող հանդիսանալ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք (…)»11:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 10-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, և այն կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումը վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը նախաքննության ավարտման պահի վերաբերյալ դիրքորոշման հանգելիս չի կատարել համակարգային և համապարփակ վերլուծություն, հաշվի չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ և 197-րդ հոդվածների միջև առկա հակասությունները, առաջնորդվել է բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներով, և մեղադրական եզրակացության կապակցությամբ դատախազի համար նախատեսված հնգօրյա ժամկետը դիտարկելով նախաքննության ժամկետի մեջ՝ եկել է եզրահանգման, որ Դատախազը 2016 թվականի ապրիլի 26-ի որոշումը կայացրել է նախաքննության ժամկետներն արդեն իսկ լրացած լինելու պայմաններում։

Բողոքաբերի կարծիքով՝ քրեադատավարական իրավանորմերի համալիր վերլուծությունը միանգամայն վկայում է, որ նշված հնգօրյա ժամկետը որևէ կերպ չի կարող համարվել նախաքննության ժամկետ:

9.1. Անդրադառնալով Դատախազի կողմից լրացուցիչ քննության ուղարկված քրեական գործը Քննիչի կողմից կրկին վարույթ ընդունելու հարցին՝ բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել այնպիսի դրույթ, որի ուժով դատախազի կողմից լրացուցիչ քննության ուղարկված քրեական գործով քննիչը պարտավոր է կայացնել քրեական գործը կրկին վարույթ ընդունելու մասին որոշում:

9.2. Բողոքաբերի պնդմամբ՝ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Դատախազի կողմից Քննիչի բացարկման հարցը չլուծելը տվյալ դեպքում հանգեցրել է քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի էական խախտումների, ինչի արդյունքում խախտվել են քրեական դատավարության մասնակիցների, մասնավորապես՝ ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի հիմնական իրավունքները, այդ թվում նաև՝ իր պաշտպանությունը Քննիչին բացարկ հայտնելու եղանակով իրացնելու առնչությամբ:

Ի հիմնավորումը վերոշարադրյալի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված դատական ակտում որևէ կոնկրետ հանգամանք կամ փաստական տվյալ չի նշել այն մասին, թե ինչում է արտահայտվել այդ էական խախտումը, քրեական գործով ապացուցման գործընթացի վրա ինչպես է այն ազդել, ինչումն է դրսևորվել ամբաստանյալի իրավունքներին և օրինական շահերին հասցված վնասը:

10. Ելնելով վերոնշյալից՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով անմեղ ճանաչելու և արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելու վերաբերյալ։

 

I. Նախաքննության ժամկետի ավարտը.

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործով մինչդատական վարույթը` քրեական գործով վարույթը քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչև գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելն է»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը»:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Քրեական գործի նախաքննությունը վերսկսելու, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, ինչպես նաև կարճված գործի վարույթը նորոգելու դեպքերում նախաքննությունը պետք է ավարտվի մեկամսյա ժամկետում՝ համապատասխանաբար գործի նախաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու, լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործը քննիչի կողմից ստանալու, գործի վարույթը նորոգելու մասին որոշում կայացնելու օրվանից սկսած։ Այդ ժամկետի հետագա երկարացումը կարող է կատարվել սույն հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը՝

1) հաստատել մեղադրական եզրակացությունը

(…)

3) իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է»:

13. Քրեական գործով մինչդատական վարույթի վերաբերյալ վերոնշյալ քրեադատավարական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե մինչդատական վարույթն ավարտվում է գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելով, ապա նախաքննությունը, ինչպես ուղղակիորեն սահմանել է օրենսդիրը, ավարտվում է, ի թիվս այլնի, մեղադրական եզրակացություն կազմելով։ Մեղադրական եզրակացություն կազմելը որպես նախաքննության ավարտ դիտարկելը բխում է նաև նախնական քննության այս ձևի դատավարական բովանդակությունից։ Մեղադրական եզրակացությունն այն դատավարական փաստաթուղթն է, որով ամփոփվում են նախաքննության արդյունքները և ստանում դատավարական ամրագրում։ Նշված փուլին հաջորդում է մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այդ մեղադրական եզրակացության ստուգման գործընթացը, որի ընթացքում ապացույցների հավաքմանն ուղղված քննչական կամ այլ դատավարական գործողություններ չեն իրականացվում, ինչը բնորոշ է նախաքննությանը։ Հետևաբար, մեղադրական եզրակացությամբ ստացված գործով որոշումներ կայացնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված հնգօրյա ժամկետը պետք է հաշվարկվի նախաքննության ավարտից հետո։ Նշված մոտեցման մասին են վկայում նաև քրեադատավարական մի շարք ինստիտուտների այլ կարգավորումներ։ Օրինակ՝ համագործակցության վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.12.-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ նախաքննության ավարտից հետո քննիչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, քրեական գործը հանձնում է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն կազմելու համար: Վկայակոչված նորմն ուղղակիորեն ամրագրում է, որ մեղադրական եզրակացությունը հսկող դատախազի կողմից հաստատվում և կոնկրետ դեպքում համապատասխան միջնորդությունը կազմվում է նախաքննության ավարտից հետո, այլ ոչ թե նախաքննության ժամկետի ընթացքում։

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթին, որ նախաքննության ժամկետը, ի թիվս այլնի, ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին որոշում կայացնելու օրը, ապա այս առնչությամբ հարկ է նշել, որ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու դեպքում, նախաքննությունը պետք է ավարտվի մեկամսյա ժամկետում՝ լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործը քննիչի կողմից ստանալու օրվանից սկսած։ Վերոնշյալ նորմով, կոնկրետ ժամկետում նախաքննությունն ավարտելու պահանջի նախատեսումը վկայում է այն մասին, որ օրենսդիրը ելնում է այս դեպքում ավարտված նախաքննությունը վերսկսելու գաղափարից։ Հակառակ դեպքում, եթե նախաքննության ժամկետը ներառեր նաև մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազի կողմից որոշումներ կայացնելու համար սահմանված ժամկետը, ապա գործը լրացուցիչ քննության վերադարձնելու դեպքում, նախաքննության ժամկետը պետք է պարզապես շարունակեր հոսել։

Այսպիսով, քրեադատավարական վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախաքննության ժամկետի հաշվարկն ավարտվում է մեղադրական եզրակացություն կազմելով։ Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածով սահմանված՝ մեղադրական եզրակացությամբ ստացված գործով որոշումներ կայացնելու համար դատախազի համար սահմանված հնգօրյա ժամկետը նախաքննության ժամկետի մեջ չի հաշվարկվում։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ.

- թիվ 13103416 քրեական գործի նախաքննության ժամկետը Քննիչի՝ 2016 թվականի ապրիլի 15-ի համապատասխան միջնորդության արդյունքում, Դատախազի կողմից երկարացվել է հինգ օրով՝ մինչև 2016 թվականի ապրիլի 23-ը 12,

- 2016 թվականի ապրիլի 21-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, որը նույն թվականի ապրիլի 22-ին ուղարկվել է Դատախազին13,

- 2016 թվականի ապրիլի 26-ին Դատախազի կողմից որոշում է կայացվել թիվ 13103416 քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին14,

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո, դատախազի կողմից համապատասխան որոշում կայացնելու 5-օրյա ժամկետը ենթակա չէ հաշվարկման նախաքննության ժամկետի մեջ15,

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո, դատախազի կողմից համապատասխան որոշում կայացնելու 5-օրյա ժամկետը ենթակա է հաշվարկման նախաքննության ժամկետի մեջ16։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որշման 13-րդ կետում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ դատախազին վերապահված 5-օրյա ժամկետը պետք է դիտարկել նախաքննության համար օրենքով սահմանված ժամկետի մեջ, հիմնավոր չէ:

 

II. Լրացուցիչ քննության վերադարձված գործը քննիչի կողմից վարույթ ընդունելը.

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատախազի լիազորություններն ամրագրող 53-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն՝ «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է`վերադարձնել քրեական գործերը քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար պարտադիր ցուցումներով»։

17. Դատախազի լիազորություններն ամրագրող՝ վերոշարադրյալ քրեադատավարական նորմից, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված՝ գործը դատախազի կողմից քննիչին վերադարձնելու վերը հիշատակված քրեադատավարական նորմի ձևակերպումից բխում է, որ օրենսդիրն ամրագրել է լրացուցիչ քննություն կատարելու և մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար գործը կոնկրետ քննիչին վերադարձնելու օրենսդրական պահանջ։ Այսինքն, տվյալ դեպքում գործը վերադարձվում է այն քննիչին, ում վարույթում այն գտնվել է, և ով արդեն իսկ գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել՝ ելնելով նման որոշում կայացնելու պարտադիր օրենսդրական պահանջից՝ որպես քրեական գործով նախաքննություն իրականացնելու իրավասություն ձեռք բերելու և պատշաճ սուբյեկտ հանդիսանալու իրավական հիմք։ Վերոշարադրյալ գաղափարի հաշվառմամբ էլ օրենսդիրը չի նախատեսել գործը լրացուցիչ քննության վերադարձվելու դեպքում քննիչի կողմից կրկին այն վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրենսդրական պահանջ։ Գործը լրացուցիչ քննության վերադարձվելու դեպքում այն ենթակա կլինի կրկին վարույթ ընդունման, եթե լրացուցիչ քննությունը հանձնարարվի ոչ թե այն քննիչին, ում վարույթում տվյալ գործը գտնվել է, մեկ այլ քննիչի, ով տվյալ քրեական գործը երբևիցե իր վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, և հետևաբար չի կարող տվյալ գործով նախաքննություն իրականացնելու իրավասու սուբյեկտ հանդիսանալ։

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը չհաստատելուց և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելուց հետո լրացուցիչ քննությունն իրականացվել է նույն Քննիչի կողմից17։

19. Սույն որոշման 17-րդ կետում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ առանց գործը կրկին վարույթ ընդունելու կատարված քննչական գործողությունների և կայացված դատավարական որոշումների արդյունքում կազմված նոր մեղադրական եզրակացությունն ոչ իրավաչափ է։

 

III. Քննիչին հայտնած բացարկի լուծումը.

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացարկները, ինքնաբացարկները և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները հայտարարվում են քրեական դատավարությանը համապատասխան անձանց մասնակցությունը բացառող հանգամանքների հիման վրա:

(…)

3. Դատավարության մասնակիցն իրավունք ունի դատախազին, քննիչին, հետաքննության մարմնի աշխատակցին քրեական գործով վարույթի ցանկացած պահի բացարկ հայտնելու: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քննիչը կամ հետաքննության մարմնի աշխատակիցը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի՝ դատավորի ինքնաբացարակը սահմանող 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը։

(…)

3. Քննիչին կամ հետաքննության մարմնի աշխատակցին հայտնված բացարկը լուծում է քննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կամ վերադաս դատախազը»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանող՝ 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ (…)»։

21. Բացարկի ինստիտուտի նախատեսմամբ օրենսդիրն ամրագրել է այն դատավարական երաշխիքը, որը հնարավորություն է տալիս քրեական գործի ելքով ուղղակի կամ անուղղակի շահագրգռված դատավարության սուբյեկտին հեռացնել քրեական գործի վարույթն իրականացնելուց կամ գործի վարույթին մասնակցելուց։ Այն անձի արդար դատաքննության, իր իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի, ինչպես նաև իրավունքի գերակայության ապահովման գրավականն է18։ Հետևաբար, վարույթն իրականացնող մարմնին հայտնած բացարկը լուծելը և վերջինիս՝ վարույթին մասնակցությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելը կոնկրետ վարույթով պատշաճ սուբյեկտի կողմից քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման և դատավարական որոշումների ընդունման, և ըստ այդմ՝ դրանց օրինականության ապահովման նախապայման է։ Այս իրավաչափ գաղափարից է բխում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կարգավորումը, համաձայն որի՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին։ Հետևաբար, եթե քրեական գործով ձեռքբերված ապացույցների թույլատրելիությունը վիճարկվում է նշված հիմքով, ապացույցների գնահատում իրականացնող սուբյեկտը պետք է քննարկման առարկա դարձնի վարույթին՝ ապացույցներ ձեռք բերած սուբյեկտի մասնակցությունը բացառող կոնկրետ հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը։

21.1. Վերոշարադրյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից բխում է, որ քննիչի՝ վարույթին մասնակցությունը բացառող հանգամանքներից մեկը կողմի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքն է։ Սակայն նշված հիմքով քննիչին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելիս, միջնորդություն հարուցող սուբյեկտը պետք է կոնկրետ փաստերի վկայակոչմամբ հիմնավորի նշված հիմքի առկայությունը, որն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել քննիչի անաչառության վերաբերյալ։ Իր հերթին բացարկը լուծող կամ բացարկման ենթակա անձի կողմից ձեռքբերված լինելու հիմքով վիճարկվող ապացույցի թույլատրելիությունը գնահատող սուբյեկտը պետք է հիմնավորված հաստատի կամ հերքի նշված հիմքի առկայությունը։ Ինչ վերաբերում է քննիչի կայացրած որոշումների հետ դատավարության մասնակցի անհամաձայնությանը կամ սոսկ այն հանգամանքի վկայակոչմանը, որ դրանք չեն բխում կոնկրետ մասնակցի շահերից, դեռևս բավարար չեն քննիչի ոչ անաչառ լինելու վերաբերյալ ողջամիտ ենթադրություն անելու համար։

22. Սույն գործի նյութերի համաձայն՝

- 2016 թվականի ապրիլի 19-ին քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում մեղադրյալ Կ.Հովհաննիսյանը և նրա պաշտպանը Քննիչին բացարկ են հայտնել։ Կ.Հովհաննիսյանը հայտարարել է, որ միջնորդությունը մերժելով՝ քննիչը ցուցաբերել է կանխակալ վերաբերմունք։ Իսկ Կ.Հովհաննիսյանի պաշտպանը նշել է, որ. «Առանց քրեական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու, խախտելով մրցակցության և արդար դատական քննության սկզբունքը, լիովին անհիմն մերժելով մեղադրյալի միջնորդությունը, քննիչ Ս.Նազարյանը հայտարարում է նախաքննության ավարտի մասին, ինչը վկայում է քննիչի կանխակալ և ոչ օբյեկտիվ վերաբերմունքի մասին»19,

- 2016 թվականի ապրիլի 26-ին Դատախազի կողմից որոշում է կայացվել՝ թիվ 13103416 քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին20,

- վերադարձված քրեական գործով քննությունն իրականացվել է նույն Քննիչի կողմից, ով 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Կ.Հովհաննիսյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով (21),

- 2016 թվականի հոկտեմբերի 26-ին թիվ 13103416 քրեական գործը նոր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան22,

- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ թեև Քննիչին հայտնված բացարկի չքննարկմամբ թույլ է տրվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, սակայն այն իր բնույթով և առաջացրած հետևանքներով չի կարող համարվել օրենքի ու դատավարական սկզբունքի այնպիսի էական խախտում, որն ազդել է կամ կարող էր ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա և առաջացնել ամբաստանյալի հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտում, որի արդյունքում նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները` որպես ապացույց պետք է համարվեն անթույլատրելի և այդ հիմքով ամբաստանյալը պետք է արդարացվի23.

- Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ 2016 թվականի ապրիլի 19-ին քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում մեղադրյալի և իր կողմից Քննիչին հայտնված բացարկը 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ քննարկված չի եղել, և այդ պայմաններում Քննիչը կրկին անգամ ավարտել է նախաքննությունը, այսինքն՝ լինելով բացարկման ենթակա անձ, քննիչը 6 ամիս շարունակել է նախաքննություն կատարել` ժամկետներ ստանալով Դատախազից, գտել է, որ բոլոր դեպքերում (այդ թվում նաև քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու և նախաքննության կատարումը նույն քննիչի կողմից շարունակելու դեպքում) Դատախազը պարտավոր էր ըստ էության քննության առնել քննիչին հայտնված բացարկը, ինչը չի արվել: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ նշված խախտումն իր հերթին հանգեցրել է քրեադատավարական սկզբունքի այնպիսի էական խախտման, որն ինքնին ազդել է վարույթի հետագա ընթացքում քննիչի կողմից կայացված դատավարական որոշումների, այդ թվում նաև (քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու արդյունքում)՝ կազմված նոր մեղադրական եզրակացության իրավաչափության վրա24:

23. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալները վերլուծելով սույն որոշման 21-21.1-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատախազը, չքննարկելով Քննիչին հայտնած բացարկը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտում։

23.1. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննիչին բացարկ հայտնելը և հայտնած բացարկը չլուծելն ինքնին չեն ենթադրում բացարկ հայտնելու հիմքի` գործի ելքով քննիչի շահագրգռված լինելու փաստի առկայություն: Այլ կերպ՝ քննիչին հայտնած բացարկը չլուծելը չի ենթադրում, որ քննիչը ինքնաբերաբար դառնում է բացարկման ենթակա անձ, որի ուժով էլ նրա կողմից ձեռք բերված ապացույցները պետք է համարվեն անթույլատրելի:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քննիչին հայտնած բացարկը չլուծելը տվյալ դեպքում քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտում չէ, որ կարող էր մեխանիկորեն հանգեցնել քրեական գործով վերջնիս կողմից ձեռք բերված փաստական տվյալները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության: Եվ տվյալ դեպքում, ստորադաս դատարանները, Քննիչի կողմից ձեռքբերված ապացույցները գնահատելիս, պետք է քննարկեին վերջինիս՝ վարույթին մասնակցությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ինչը և փաստացի արվել է Առաջին ատյանի դատարանի կողմից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն Քննիչին դիտարկել է բացարկման ենթակա անձ՝ բացառապես պայմանավորված վերջինիս բացարկ հայտնված լինելու և Դատախազի կողմից այն քննարկած չլինելու հիմքով:

23.2. Ինչ վերաբերում է Քննիչի՝ վարույթին մասնակցությունը բացառող հանգամանքների առկայությանը, ապա սույն գործի նյութերից բխում է, որ Քննիչին բացարկ է հայտնվել պաշտպանության կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հիմքով՝ իբրև հիմնավորում վկայակոչելով մեղադրյալի հարուցած միջնորդությունը մերժելը և առանց բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն իրականացնելու նախաքննության ավարտ հայտարարելը։

23.3. Սույն որոշման 21.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քննիչի կայացրած որոշման հետ կողմի անհամաձայնությունը, առանց Քննիչի անաչառությունը կասկածի տակ դնող բավարար փաստերի վկայակոչման, չի կարող բացարկի հիմք լինել, բացառել վարույթին վերջինիս մասնակցությունը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշումը, որ թեև Քննիչին հայտնված բացարկի չքննարկմամբ Դատախազը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, սակայն այն իր բնույթով և առաջացրած հետևանքներով չի կարող համարվել քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտում, որն ազդած լինի գործով ձեռքբերված փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության վրա։

24. Ուստի, նշվածի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չեն Քննիչին հայտնած բացարկը Դատախազի կողմից չլուծելու պարագայում վերադարձված քրեական գործով կատարված քննչական գործողությունների, կայացված դատավարական որոշումների և դրանց արդյունքում կազմված նոր մեղադրական եզրակացության ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները։

25. Այսպիսով, ամփոփելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով անմեղ ճանաչելու և արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելու վերաբերյալ, իրավաչափ չէ։

26. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 92-րդ, 105-րդ և 274-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 30-ի դատավճռին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 30-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

___________________________________

1 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 119-121:

2 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 124:

3 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 125:

4 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 124-125:

5 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 132-136, 140:

6 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 142-146:

7 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 240-243:

8 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 1:

9 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 10-14:

10 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 63-70:

11 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 65-136:

12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 5.4-րդ կետը:

18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրաչյա Ներսիսյանի և Էդգար Ամիրյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0005/01/16 որոշման 14-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը։

20 Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 5.3-րդ կետը:

22 Տե՛ս սույն որոշման 5.4-րդ կետը:

23 Տե՛ս նույն տեղում։

24 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան