ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4928/02/19 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4928/02/19 |
Նախագահող դատավոր՝ |
Ն. Կարապետյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
2022 թվականի սեպտեմբերի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ա/Ձ Աննա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․10․2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Ա/Ձ Աննա Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը պահանջել է Ա/Ձ Աննա Սարգսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 429.615 ՀՀ դրամ, որպես պատշաճ կերպով մատակարարված ապրանքների դիմաց չվճարված գումար: Հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը Ա/Ձ Աննա Սարգսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` հաշվարկված հայցադիմումի 1.3 կետով նախատեսված պարտքի չափից: Պատասխանողից բռնագանձել սույն հայցադիմումի 1.3 կետում նշված պարտքի չափի 20 տոկոսի չափով գումար՝ որպես պարտքի հավաքագրման համար կատարած դատական ծախս` համաձայն Ընկերության և «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ միջև 08.06.2017 թվականին կնքված պարտքի գումարների հավաքագրման ծառայությունների մատուցման պայմանագրի քաղվածքի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս․ Երիցյան) (այսուհետ` Դատարան) 09․07․2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02․10․2019 թվականի որոշմամբ Ա/Ձ Աննա Սարգսյանի ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09․07․2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա/Ձ Աննա Սարգսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը (ներկայացուցիչ` Վահագն Վարդանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 58-րդ, 94-րդ և 95-րդ հոդվածները, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չէ ապացույց առ այն, որ բողոք բերած անձը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներին համապատասխան տեղեկացվել է նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, իսկ դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատասխանողին ուղարկված ծրարները հետ են վերադարձվել Դատարան` «թերի հասցե», «տեղափոխված» նշումներով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը գործի նյութերում ունենալով Ա/Ձ Աննա Սարգսյանի բնակության և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն, այն է՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Կարախանյան փողոց 34-րդ շենք, թիվ 29 բնակարան, որը նշված է հարկային հաշիվներում, չի ձեռնարկել անհրաժեշտ և ակտիվ գործողություններ դատական նիստերի օրվա, ժամի և տեղի մասին ծանուցելու համար:
Վերաքննիչ դատարանի որոշման մեջ տրված եզրահանգումներն անհիմն են, քանի որ անհատ ձեռնարկատերը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, հետևաբար անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառելի չեն իրավաբանական անձի համար կիրառելի իրավական նորմերը:
Վերաքննիչ դատարանն անտեսել ու գնահատման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը, համաձայն որի՝
ա) Աննա Սարգսյանը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվել է 02.02.2016 թվականին։
բ) որպես Աննա Սարգսյանի հաշվառման հասցե նշված է քաղաք Երևան, Ավան, Սայաթ Նովա 7-րդ շենք, թիվ 33 բնակարան, իսկ որպես բնակության և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցե՝ ք. Երևան, Նոր Նորք, Կարախանյան փողոց 34-րդ շենք, թիվ 29 բնակարան: Այսինքն՝ այն նույն հասցեն, որը նշված է հարկային հաշիվներում որպես մատակարարվող (առաքվող) ապրանքների նշանակման վայր, հասցեն: Հետևաբար, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում իրականացնելու դեպքում, Վերաքննիչ դատարանը կարձանագրեր, որ Դատարանն ունեցել է պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովվելու ևս մեկ հասցե (հնարավորություն), որը պատասխանողի գործունեության և բնակության հասցեն է, սակայն չի ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված բոլոր ակտիվ գործողությունները նշված հասցեով պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովվելու համար;
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից չեն իրացվել բոլոր հնարավոր միջոցներով պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելու ակտիվ գործողությունները, ինչի արդյունքում խախտվել են իրավահավասարության և մրցակցության սկզբունքները, անձի լսված լինելու իրավունքը։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02․10․2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանի կողմից սույն դեպքում դատավարական որևէ նորմի խախտում թույլ չի տրվել, քանի որ պատասխանողի ծանուցումն իրականացվել է օրենքով նախատեսված բոլոր եղանակների և միջոցների կիրառմամբ: Մասնավորապես կողմերի միջև գոյություն ունեցած մատակարարման հարաբերությունները հավաստող հարկային հաշիվները հստակ վկայում են այն մասին, որ պատասխանող Ա/Ձ Աննա Սարգսյանը Ընկերությանը տրամադրել է իր գտնվելու վայրի հասցեն, որով էլ Դատարանն իրականացրել է պատասխանողի ծանուցումը: Գտնվելու վայրի հասցեով ծանուցելու անհնարինությունից ելնելով Դատարանն այնուհետ ձեռնամուխ է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված գործողությունների իրականացմանը (որպիսի փաստը հավաստող ապացույցներն առկա են գործի նյութերի մեջ): Ինչ վերաբերում է հարկային հաշիվներում առկա այլ հասցեով դատական ծանուցագրերն ուղարկելու դատարանի պարտականության մասին պատասխանողի փաստարկներին, ապա դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ: Հարկային հաշիվների 22-րդ «Մատակարար (առաքվող) ապրանքների նշանակման վայրը (հասցեն)» տողի դիմաց առկա ք. Երևան, Կարախանյան փողոց 34-րդ շենք, թիվ 29 բնակարան նշագրումը վերաբերում է բացառապես Ընկերության կողմից ապրանքները մատակարարելու հասցեին: Գործում առկա չէ որևէ ապացույց, ինչպես նաև պատասխանողի կողմից հայցվորին երբևէ որևէ կերպ չի տեղեկացվել, որ քաղաք Երևան, Կարախանյան փողոց 34-րդ շենք, թիվ 29 բնակարան հասցեն կարելի է համարել Ա/Ձ Աննա Սարգսյանի իրավաբանական հասցեներից մեկը։
Այսպիսով Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական որևէ նորմի խախտում թույլ չի տրվել, հետևաբար առկա չեն դատական ակտը բեկանելու հիմքեր։
Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 20․02․2019 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը խնդրել է Ա/Ձ Աննա Սարգսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 429.615 ՀՀ դրամ, որպես պատշաճ կերպով մատակարարված ապրանքների դիմաց չվճարված գումար: Հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը Ա/Ձ Աննա Սարգսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` հաշվարկված հայցադիմումի 1.3 կետով նախատեսված պարտքի չափից: (․․․) Հայցադիմումում որպես Ա/Ձ Աննա Սարգսյանի գտնվելու վայրի հասցե նշվել է ՝ «ք․ Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 7շ․, բն 33» (հատոր 1-ին գ.թ. 2-3).
2) Դատարան ներկայացված հարկային հաշիվներում «18. Գտնվելու վայրը» տողում նշված է ք․ Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 7շ․, բն 33 հասցեն, «22.Մատակարարվող (առաքվող) ապրանքների նշանակման վայրը (հասցեն)» տողում նշված է ք․ Երևան, Կարախանյան փող․, 34շ․, բն 29 հասցեն, որը նշված է նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում (հատոր 1-ին գ․թ․ 5-59)։
3) Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը Ա/Ձ Աննա Սարգսյանին ուղարկել է ք․ Երևան, Ավան, Սայաթ-նովա թաղամաս, 7-րդ շ․, բն․ 33 հասցեով, սակայն ծրարը վերադարձվել է Դատարան «Տեղափոխված» նշագրումով (հատոր 1-ին գ.թ. 76-78)․
4) Դատարանը ծանուցում է ուղարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի, ղեկավարին և միաժամանակ տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին գ․թ․ 80-81).
5) Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի թիվ 30/01-7883 գրությամբ հայտնվել է, որ «(․․․) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթի կատարումն ապահովելու նպատակով սույն հաղորդագրությամբ հավաստվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/4928/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ա/Ձ Աննա Սարգսյանի քաղաքացիական գործի քննության վերաբերյալ ծանուցագիրը ստանալու փաստը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ա/Ձ Աննա Սարգսյանը փաստացի չի բնակվում Երևան քաղաքի Ավան Սայաթ-Նովա թաղ․, 7շ․, բն 33 հասցեում» (հատոր 1-ին գ․թ․ 82).
6) Վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի համաձայն՝ Աննա Սարգսյանը՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվել է 02.02.2016 թվականին։ Որպես Աննա Սարգսյանի հաշվառման հասցե՝ նշված է «քաղաք Երևան, Ավան, Սայաթ Նովա 7 շենք, 33 բնակարան», իսկ որպես բնակության և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցե՝ «ք. Երևան, Նոր Նորք, Կարախանյան փողոց, 34 շենք, 29 բնակարան» (հատոր 1-ին գ․թ․ 119-120):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականում մեկից ավելի հասցե նշված լինելու դեպքում դատավարական ծանուցման իրավական խնդրին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
Քաղաքացիական դատավարությունը կողմերի հավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Հավասարության սկզբունքը՝ կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածում ամրագրված հավասարության սկզբունքը սերտորեն կապված է մրցակցության սկզբունքի հետ և միայն դրա իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:
Կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքներն ըստ էության իրենցից ներկայացնում են դատավարության մասնակիցների կողմից օրենքով նախատեսված բոլոր միջոցներով իրականացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը, օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և ներկայացնելու իրենց փաստարկները հիմնավորող ապացույցներ, հիմնավորելու իրենց վկայակոչած փաստերը, ինչպես նաև հարցեր տալ, միջնորդություններ անել, ցուցմունքներ տալ դատարանին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 32, մաս 1-ին):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու կամ առանձին դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, հավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են՝ պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն:
«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը նրա պետական հաշվառման վայրն է:
Այսինքն՝ անհատ ձեռնարկատիրոջը դատավարական ծանուցում ուղարկելիս դատարանը պետք է ուղենիշ ընդունի անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ պետական լիազոր մարմնում վերջինիս հաշվառման տվյալները։ Դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ նաև, որ պետական հաշվառման վկայականում անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի վերաբերյալ այլ տեղեկություններ առկա լինելու պայմաններում դատարանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը և անհրաժեշտության դեպքում ծանուցումներ ուղարկի նաև այդ հասցեներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1․ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2․ իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաեւ այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Այսինքն՝ մինչև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելիս դատարանը պետք է իրեն հասանելի հասցեներով ծանուցի դատավարության մասնակցին։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն» (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրությամբ ևս դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին իրենց վերաբերյալ գործի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության, սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` 20․02․2019 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը խնդրել է Ա/Ձ Աննա Սարգսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 429.615 ՀՀ դրամ, որպես պատշաճ կերպով մատակարարված ապրանքների դիմաց չվճարված գումար: Հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը Ա/Ձ Աննա Սարգսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` հաշվարկված հայցադիմումի 1.3 կետով նախատեսված պարտքի չափից: (․․․) Հայցադիմումում որպես Ա/Ձ Աննա Սարգսյանի գտնվելու վայրի հասցե նշվել է՝ «ք․ Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 7շ․, բն 33»-ը:
Հայցադիմումում նշված հասցեով Դատարանի կողմից պատասխանողին ուղարկված` 06.03.2019 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին», 23.05.2019 թվականի «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումների օրինակները (հայցադիմումը, կից փաստաթղթերը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման թերթիկը) պարունակած առաքանիներն առանց հասցեատիրոջը հանձնվելու վերադարձվել են Դատարանին` «Տեղափոխված» նշումով, ինչից հետո Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել նաև պատասխանողի գտնվելու վայրի` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին և այն տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշման վերաբերյալ համայնքի ղեկավարին ծանուցելու և այն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու վերաբերյալ ապացույցներ առկա չեն:
Դատարանի 09.07.2019 թվականին հրապարակած վճռով հայցը բավարարվել է:
Պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ չի ստացել դատական նիստի վերաբերյալ որևէ ծանուցագիր, զրկված է եղել Դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Ավելին, հայցվորի կողմից ներկայացված հարկային հաշիվներում որպես մատակարարվող ապրանքների նշանակման վայր նշված է այլ հասցե, այսինքն` Դատարանն ունեցել է պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելու ևս մեկ հասցե (հնարավորություն), սակայն չի ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված բոլոր գործողությունները այդ հասցեով պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելու համար:
Պատասխանողը, ի հիմնավորումն իր վկայակոչած փաստարկի, վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը, համաձայն որի՝ Աննա Սարգսյանը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվել է 02.02.2016 թվականին։ Որպես Աննա Սարգսյանի հաշվառման հասցե նշված է «քաղաք Երևան, Ավան, Սայաթ Նովա 7 շենք, 33 բնակարան», իսկ որպես բնակության և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցե՝ «ք. Երևան, Նոր Նորք, Կարախանյան փողոց, 34 շենք, 29 բնակարան»։
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասի 2-րդ կետը և 6-րդ մասը, բողոքը մերժել է այն հիմնավորումներով, որ «(…) սույն գործով որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող դատավարության մասնակցի նկատմամբ կիրառել են իրավաբանական անձանց համար կիրառելի օրենսդրական նորմերը, առավել ևս, երբ հայցը վերաբերում է վերջինիս ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած հարցերին: (…) Դատարանի կողմից սույն դեպքում դատավարական որևէ նորմի խախտում թույլ չի տրվել, քանի որ պատասխանողի ծանուցումը իրականացվել է օրենքով նախատեսված բոլոր եղանակների և միջոցների կիրառմամբ: Այսպես, Դատարանը պատասխանողի ծանուցումն իրականացրել է վերջինիս գտնվելու վայրի հասցեով, սակայն այն վերադարձվել է Դատարան: Դրանից հետո Դատարանը ձեռնամուխ է եղել նաև քննարկվող հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված կարգով պատասխանողի ծանուցումն իրականացնելուն: Կարևոր է ընդգծել, որ պատասխանողը վերաքննիչ բողոքի երրորդ էջի 6-րդ պարբերությամբ ևս ընդունել է այդ փաստը` նշելով, որ «(...) Դատարանը, թեև, ըստ էության, պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` պատասխանող ֆիզիկական անձի ծանուցման ընթացակարգը, սակայն բոլոր դեպքերում սույն գործով բողոք բերած անձը չի ստացել դատական նիստի վերաբերյալ որևէ ծանուցագիր (...):»:
Անդրադառնալով հարկային հաշիվներում առկա այլ հասցեով դատական ծանուցագրերն ուղարկելու Դատարանի պարտականության մասին փաստարկներին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(…) հարկային հաշիվների 22-րդ տողում նշված հասցեն վերաբերում է միայն ապրանքները մատակարարվելու վայրին, որը որևէ դեպքում չի կարող նույնանալ իրավաբանական անձի հասցեի հետ: Պարտադիր չէ, որ որպես ապրանքների մատակարարման վայր նշվի իրավաբանական անձի հետ առնչվող հասցե: Ապրանքները ստացողը ինքն է հայտնում մատակարարման հասցեն, որը կարող է տարբերվել գործունեության հասցեից (օրինակ, որպես մատակարարման վայր կարող է լինել պահեստը): Ընդ որում, օրենսդիրը հստակ սահմանել է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են ստանալ իրավաբանական անձին ուղղված դատական ծանուցագրերը` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն) (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մաս): Այսինքն` նույնիսկ եթե գործի նյութերում առկա է այլ հասցե, այն ևս պետք է լինի այնպիսին, որով ծանուցումը ուղարկելիս Դատարանը հաստատապես վստահ լինի, որ այդ հասցեն իրավաբանական անձի հասցեն է, ինչպիսի հանգամանք սույն գործի հանգամանքներում առկա չէ: (...):»:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը բողոքի՝ պատշաճ ծանուցված չլինելու փաստարկի հիմնավորվածությունը պետք է գնահատեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը պահպանված լինելու համատեքստում, ինչը չի արել, այլ վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և պատճառաբանելով, որ « (…) սույն գործով որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող դատավարության մասնակցի նկատմամբ կիրառել են իրավաբանական անձանց համար կիրառելի օրենսդրական նորմերը, (…)», արդյունքում անտեսել է, որ պատասխանողի անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականում այլ հասցեի առկայության պայմաններում, Դատարանը չի ձեռնարկել կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները, նշված հասցեով պատասխանողին չի ծանուցել, արդյունքում չի ապահովվել պատասխանողի՝ իր դեմ հարուցված գործի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, որը արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է։ Արդյունքում` բողոքաբերը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից, հետևաբար նաև` հնարավորություն չի ունեցել պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում: Ընդ որում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ամեն դեպքում, երբ հիմնավորվում է, որ անձը չի ստացել դատավարական փաստաթղթերը, տեղյակ չի եղել իր վերաբերյալ քննվող գործի մասին, դատավարական ընթացակարգերի պահպանված լինելը չպետք է և չի կարող սահմանափակել ու ի չիք դարձնել անձի` արդար դատաքննության սահմանադրական իրավունքը (տե′ս Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի թիվ 3-24/Ա գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4928/02/19 |
Նախագահող դատավոր |
Ն. Կարապետյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/4928/02/19 քաղաքացիական գործով 02.09․2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
«02» սեպտեմբերի, 2022 թ.
ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 02.09.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02․10․2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով 02.09.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, մասնավորապես 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր իրավակարգավորումների նկատմամբ կիրառելի լինելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:
2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Որոշմամբ բարձրացնելով «անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականում մեկից ավելի հասցե նշված լինելու դեպքում դատավարական ծանուցման» վերաբերյալ իրավական հարցադրում, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 78-րդ հոդվածի կապակցությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, վերահաստատել դրանք, ապա հանգել այն եզրակացության, որ «դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ:
Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով (…):
Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով։
Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։
Նույն օրենսգրքի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Անդրադառնալով նշված հոդվածին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում ընդգծել է օրենսդրությամբ նախատեսված և կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցների և եղանակների կիրառմամբ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Ընդ որում՝ դատարանի համար դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ ձեռնարկելու պարտականություն սահմանելը ՀՀ Վճռաբեկ դատարանը պայմանավորել է դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովմամբ: Արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «(…) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը» (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Մինչդեռ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատական ծանուցագրերի և դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը ենթարկվեց որոշակի փոփոխությունների: Մասնավորապես, նախատեսվեցին դատական ծանուցագրերը և դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին պատվիրված նամակով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկելու և առձեռն հանձնելու եղանակներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվեց, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի՝ փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:
Փաստորեն օրենսդիրը նախատեսել է անհատ ձեռնարկատիրոջը պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցելու ընդհանուր կանոն, իսկ դրանից շեղումը պայմանավորել այդ եղանակով ծանուցումն իրականացնելու անհնարինությամբ, որի դեպքում գործում է դատական ծանուցագիրն անհատ ձեռնարկատիրոջը պատվիրված նամակով ուղարկելու եղանակը:
«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է (…):
Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից (…):
Շարադրված նորմերից բխում է, որ անհատ ձեռնարկատերը շահույթ ստանալու հիմնական նպատակով ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով որոշակի գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է: Ընդ որում՝ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց օրենքով նախատեսված կանոնները կիրառելի են միայն վերջինիս ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:
Քննարկման ենթակա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով կարգավորված է դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին հանձնելու և ուղարկելու կարգը, հետևաբար դրանք իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող նորմեր չեն, և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ այդ մասով կիրառելի են ֆիզիկական անձանց համար նախատեսված կանոնները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Այսպես, դատական ծանուցագիրը ֆիզիկական անձի կողմից չստանալու կամ այդ փաստի հաստատմանը ծառայող ապացույցի բացակայության դեպքերում դատարանն այն ուղարկում է ֆիզիկական անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեներով, ինչպես նաև նրա վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում նաև այդ հասցեներով՝ այն միաժամանակ տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում՝ եթե դատարանը կատարել է շարադրված գործողությունները, ապա հաջորդող 15-րդ օրը ֆիզիկական անձն օրենսգրքի իմաստով համարվում է ծանուցված:
Նույնպիսի կարգավորում պարունակում էր նաև Նախկին օրենսգիրքը, սակայն ի տարբերություն Նախկին օրենսգրքի՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ներկայացված գործողությունները դատարանի կողմից կատարվելու դեպքում դատավարական մասնակցի ծանուցումն ապահովելու ուղղությամբ դատարանի պարտականությունը կատարված է, իսկ համապատասխան մասնակիցն օրենքի իմաստով համարվում է ծանուցված: Այսինքն՝ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ ձեռնարկելու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նշած դատարանի պարտականությունը համարվում է կատարված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված բոլոր գործողությունները կատարելով, իսկ 15-րդ օրն անձն օրենսգրքի իմաստով համարվում է ծանուցված:
«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը նրա պետական հաշվառման վայրն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից արված քաղվածքի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանի հաշվառման հասցեն է «քաղաք Երևան, Ավան, Սայաթ Նովա 7 շենք, 33 բնակարան», իսկ բնակության և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն՝ «ք. Երևան, Նոր Նորք, Կարախանյան փողոց, 34 շենք, 29 բնակարան» (փաստ 6):
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան) ներկայացրած հայցադիմումում որպես անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանի գտնվելու վայրի հասցե նշվել է «ք․ Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 7շ․, բն 33» (փաստ 1):
Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանին ուղարկել է քաղաք Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 7-րդ շենք բնակարան 33 հասցեով, սակայն ծրարը վերադարձվել է Դատարան «Տեղափոխված» նշումով (փաստ 3), որից հետո Դատարանը ծանուցումն ուղարկել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին և միաժամանակ տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (փաստ 4):
Տվյալ դեպքում «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը Դատարանն ուղարկել է հայցադիմումում նշված՝ անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանի հաշվառման գտնվելու վայրի հասցեով՝ «ք․ Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 7շ․, բն 33»: Քանի որ նշված որոշումը պարունակած փոստային առաքանին վերադարձվել է Դատարան «Տեղափոխված» նշումով՝ Դատարանը դատական ծանուցագիր է ուղարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին և այն միաժամանակ տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հետևաբար` Դատարանը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածում նշված բոլոր գործողությունները, որպիսի պայմաններում անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանը նույն օրենսգրքի իմաստով դրանց հաջորդող 15-րդ օրը համարվել է ծանուցված:
Ավելին՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարը 02.05.2019 թվականի թիվ 30/01-7883 գրությամբ հայտնել է, որ «(․․․) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթի կատարումն ապահովելու նպատակով սույն հաղորդագրությամբ հավաստվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/4928/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ա/Ձ Աննա Սարգսյանի քաղաքացիական գործի քննության վերաբերյալ ծանուցագիրը ստանալու փաստը (․․․)» (փաստ 5):
Շարադրվածից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված գործողությունները Դատարանի կողմից ձեռնարկվելու արդյունքում անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանը ծանուցվել է գործի քննության վերաբերյալ, ուստի նրա ծանուցումն ապահովվել է ինչպես նշված օրենսգրքի իմաստով, այնպես էլ՝ փաստացի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Նշված իրավանորմից բխում է, որ դատավարության մասնակիցների ծանուցումն ապահովելու տեսանկյունից ակտիվ գործողություններ ձեռնարկելու պարտականություն ունի ոչ միայն դատարանը՝ օրենքով նախատեսված և կոնկրետ իրավիճակում ծանուցման հնարավոր բոլոր միջոցների և եղանակների կիրառմամբ գործի ընթացքի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու տեսանկյունից, այլև դատավարության մասնակիցը՝ գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին դատարանին հայտնելու տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի կապակցությամբ նույնպես արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքը և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող կառուցակարգը կօգտագործի ի վնաս մյուս կողմի` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս, «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի» թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015թ. որոշումը):
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից:
Քանի որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումն իրականացվում է նրա վերաբերյալ տեղեկությունների, այդ թվում՝ հաշվառման հասցեի, և դրանց վերաբերյալ փոփոխությունները պետության կողմից ճանաչելու նպատակով, անհատ ձեռնարկատերը կրում է համապատասխան մարմնին հավաստի տեղեկություններ տրամադրելու, իսկ փոփոխության դեպքում՝ դրա մասին տեղեկացնելու պարտականությունը: Եթե անհատ ձեռնարկատերն իր մասին տեղեկության, օրինակ՝ հաշվառման հասցեի, փոփոխության մասին չի տեղեկացրել համապատասխան մարմնին, ինչի հետևանքով փոփոխությունը պետության կողմից չի ճանաչվել, ապա պետական այլ մարմիններ, առաջնորդվելով դրանց հավաստիության ու արդիականության կանխավարկածով, հիմք են ընդունում այդ տեղեկատվությունը:
Տվյալ դեպքում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից արված քաղվածքի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանի հաշվառման հասցեն է «քաղաք Երևան, Ավան, Սայաթ Նովա 7 շենք, 33 բնակարան», որով Դատարանն ուղարկել է դատական ծանուցումները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան: Նշված հասցեի փոփոխության մասին ապացույց առկա չէ գործում: Ավելին՝ իր հասցեի փոփոխության մասին գործի քննության ընթացքում Դատարանին չի հայտնել նաև անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանը՝ չնայած Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի միջոցով ստացել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը: Ստացվում է՝ անհատ ձեռնարկատեր Աննա Սարգսյանը չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները, ուստի պետք է կրի դրանից բխող բացասական հետևանքները: Հակառակ դեպքում խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը:
Անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքին՝ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) արձանագրել է, որ այն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ներկայացնելու ապացույցներ, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Case օf Ankerl v. Switzerland, app. ոօ. 17748/91, Jսdgmeոt 23 Օctօber 1996, p. 38):
Միաժամանակ ՄԻԵԴ-ը գործերից մեկով արձանագրել է նաև, որ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել շահագրգիռ տարբեր շահերի միջև: Դատավարությունն անորոշ ժամկետով երկարաձգելը դատավարությանը ներգրավված անձանցից մեկի հասցեն գտնելու նպատակով կարող է անհամատեղելի լինել իրավական օրինականության և արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքների հետ: Հետևաբար՝ դատարան դիմելու իրավունքը պայմանավորվող կողմերին չի արգելում իրենց օրենսդրությամբ նախատեսելու նման իրավիճակներում կիրառվող ընթացակարգեր՝ երաշխավորելով այդ շահերի պատշաճ պաշտպանվածությունը» (տե՛ս, Case of Nunes Dias v. Portugal, application no. 69829/01; 2672/03, 10/04/2003):
Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող դատավարության մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու պատճառով գործը նոր քննության ուղարկելը ոչ միայն խախտում է կողմերի իրավահավասարության սկզբունքը, այլև ստեղծում է արդար դատաքննության իրավունքի հետ անհամատեղելի՝ անորոշ ժամանակով գործի քննությունը երկարաձգելու ռիսկեր: Վճռաբեկ դատարանի որոշմամբ դատարանները ծանրաբեռնվում են օրենքով չնախատեսված լրացուցիչ գործառույթ իրականացնելու պարտականությամբ, ինչն իր հերթին անհամատեղելի է Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված սահմանադրական կարգի հետ։
Դատավորներ` |
Ա. Մկրտչյան Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|