Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0279/06/21

Գործ թիվ ԵԴ/0279/06/21

Նախագահող դատավոր՝

 Կ.Մարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

24 դեկտեմբերի 2021 թվական

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ժիրայր Խաչիկի Բրուտյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2021 թվականի փետրվարի 4-ին հարուցվել է թիվ 86150621 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) 2021 թվականի մայիսի 5-ին հարուցվել է թիվ 69104321 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ վերոնշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 86150621 համարի ներքո:

2021 թվականի մայիսի 7-ին Ժիրայր Խաչիկի Բրուտյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 7-ի որոշմամբ Ժ.Բրուտյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ժ.Բրուտյանի պաշտպաններ Հ.Բաբայանի և Ռ.Հակոբյանի բողոքը բավարարվել է և հաստատվել է Ժ.Բրուտյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Նույն որոշմամբ մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

3. Պաշտպաններ Հ.Բաբայանի և Ռ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշումը՝ կալանավորման մասով, բեկանել է, Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է, մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացրել է, և նրան ազատել է կալանքից:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Ժիրայր Բրուտյանին ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա 2011թ. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Աֆո» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Խոյ» մականվամբ Ռաֆիկ Խոյեցյանի և «Զապ Լենինականսկիյ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Ալո Շահումյանսկի» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Պաշի տղա Սուրո Լենինականսկի» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Մանեթի տղա Սամո» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Ժիրո Շահումյանսկի» և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2020թ. փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ հանցագործություն կատարելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:

Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Այսպես.

«Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ժիրայր Բրուտյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ Հարություն Թորոսյանին 2020թ. փետրվարի 22-ից հետո, քննությամբ դեռևս չպարզված օրը, հանձնարարել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» Սմբատ Ավդալյանին իր անունից հրահանգել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 3-րդ տեղամասի կալանավոր Սամվել Քրմոյանին՝ «Կյաժ» մականվամբ Աշոտ Պետրոսյանի սպանության համար, սակայն Սմբատ Ավդալյանը հրաժարվել է կատարել «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունը:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ժիրայր Բրուտյանն իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում «զոն նայողի», քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սմբատ Ավդալյանին փոխարինելու գործընթաց:

Մասնավորապես՝ Ժիրայր Բրուտյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում «զոն նայողի», քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սմբատ Ավդալյանի կողմից իր հանձնարարությունը չկատարելու համար հանձնարարել է «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի Հարություն Թորոսյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:

Իր հերթին «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Հարություն Թորոսյանը Ժիրայր Բրուտյանի հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկի 6-րդ մասնաշենքի այսպես կոչված «զոն նայող» «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արթուր Բարոյանին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ Գևորգ Գևորգյանի թեկնածությունը:

«Պզե» մականվամբ հայտնի Գևորգ Գևորգյանը, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները և ընդունելով «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի Ժիրայր Բրուտյանի «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ինչպես նաև Հարություն Թորոսյանի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակը, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է 2021թ.-ի հունվարի 18-ին և հունվարի 24-ին իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ «գողական աշխարհին» (...)»1:

6. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի մայիսի 8-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]նդրադառնալով մեղադրյալի կալանավորման պայմանների առկայության կամ բացակայության հարցին՝ դատարանը նախ արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներն ու տեղեկությունները, մասնավորապես՝ Հարություն Վոլոդիայի Թորոսյանի և Գևորգ Հովհաննեսի Գևորգյանի նկատմամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի թիվ 13-րդ խցում իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների զննության արձանագրությունը, ՀՀ ոստիկանության Ինտերպոլ ԱԿԲ-ից 05.05.2021թ. ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերը և աշխատակիցներ Տ.Կիրակոսյանի ու Ս.Չիլինգարյանի կողմից կազմված արձանագրությունները, «Լազերային սկավառակի պարունակությունը ուսումնասիրելու վերաբերյալ» արձանագրությունը, վկաներ Սուրեն Չիլինգարյանի, Արտակ Պետրոսյանի հարցաքննության արձանագրությունները, «Պրայմ Կրայմ կետ ռու» կայքում առկա Ժիրայր Բրուտյանի վերաբերյալ տեղեկատվությունը զննելու մասին արձանագրությունը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված գրություններն ու «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.02.2021թ. որոշումը, որոնց համակցությունը հիմք է տալիս փաստելու, որ քրեական գործի տվյալ փուլում նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացվել են տվյալ փուլի չափանիշներին վերաբերվող բավարար ապացույցներ, փաստեր և տեղեկություններ՝ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության հանգելու համար։

(…) [Դ]ատարանը եզրահանգում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել վարույթի տվյալ փուլին բնորոշ բավարար տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք ընդհանուր առմամբ մատնանշում են մեղադրյալի առնչությունը նրան վերագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը, ինչպես նաև ողջամտորեն հիմնավորում են, որ դեպքը, որի կատարման մեջ նա մեղադրվում է, համընկնում է նրան վերագրվող ենթադրյալ հանցանքին։

Մասնավորապես, համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ փաստական տվյալները վերաբերելի չափանիշներով բովանդակային գնահատման ենթարկելով առկա մյուս փաստական տվյալների հետ միասին, դատարանը գտնում է, որ ենթադրյալ արարքի ենթադրաբար կատարման ժամանակի վերաբերյալ Քննիչի պարզաբանումները ողջամիտ են, նկատի ունենալով, որ քրեական գործի սկզբնական փուլին վերաբերելի չափանիշներով, որով հիմնավոր կասկածի առկայության համար համեմատաբար առավել նվազ տվյալներ են անհրաժեշտ, ներկայացված փաստական տվյալները բավարար են հանգելու այն հետևության, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն վերագրվող արարքի կատարմանը։

Դատարանը, անդրադառնալով Քննիչի կողմից նշված կալանավորման հիմքերին, համաձայնվելով դրանց վերաբերյալ Քննիչի պատճառաբանությունների և հիմնավորումների հետ և մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության բարձր աստիճանը, նրա անձը, գտնում է, որ առկա է ողջամիտ հավանականություն, որ իրեն վերագրվող արարքի համար մեղադրանքի առաջադրումից հետո մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք։

Դատարանը, ամփոփելով վերոգրյալը, եզրահանգում է, որ մեղադրյալին ազատությունից զրկելու համար առկա է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը, և առկա են նրան վերագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա հիմնված ապացույցներ, որոնց և կալանավորման հիմքերի միաժամանակյա առկայությունը հիմք է տալիս արձանագրելու, որ Քննիչի միջնորդությունը պատճառաբանված է ու ենթակա է բավարարման։

Դատարանը, նման եզրակացության հանգելով, ելնում է նաև հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության հաստատման սկզբունքից, ինչը բխում է անձի՝ ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից:

Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը, Քննիչի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի հիմնավորումներից բացի, գտնում է, որ ակնկալվող պատժի խստությունն իր հերթին մեծացնում է վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու հավանականությունը, հետևաբար՝ նաև գործով վերջնական ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգը (...)»2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Անդրադառնալով Ժիրայր Բրուտյանին ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես կասկածը հիմնավորող ներկայացված (…) նյութերը չեն բավարարում այն անհրաժեշտ սանդղակին, որն անհրաժեշտ է հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար։

(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Քննիչի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերն ինչպես առանձին վերցված, այնպես էլ իրենց համակցության մեջ հնարավորություն չեն տալիս փաստելու Ժիրայր Բրուտյանի առնչությունն իրեն մեղսագրվող հանցավոր արարքին:

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ՝

- «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների զննության արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությունը հնարավորություն չի տալիս ողջամիտ ենթադրություն անելու այն մասին, որ տարվող խոսակցությունները վերաբերվում են սույն գործով մեղադրյալ Ժիրայր Բրուտյանին։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման հիմնավորման համար հիմք ծառայող փաստական տվյալներ առկա չեն նաև գործի մյուս նյութերում: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոհիշյալ արձանագրությունով հիմնավորվում է, որ զրուցակիցները խոսում են նաև՝ ոմն «Ժիրոյի» մասին: Վերոգրյալի պայմաններում՝ Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է վերաքննիչ բողոքի փաստարկն այն մասին, որ հնարավոր չէ անգամ հիմնավոր կասկածի մակարդակում հաստատված համարելու, որ արձանագրությունում նշված խոսակցությունները վերաբերվում են Ժիրայր Բրուտյանին,

- «Իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին» արձանագրությունում նշված խոսակցությունները բովանդակային առումով նույնական է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների զննության արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությանը: Ընդ որում՝ նշված են ոչ միայն կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արձանագրված խոսակցությունների բովանդակությունը, այլև այդ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք չեն բխում խոսակցությունների բովանդակությունից: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի համար հատկապես անհասկանալի է, թե վերոհիշյալ արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությունը կազմող կոնկրետ որ հանգամանքների և դրանց ինչպիսի համադրության և վերլուծության վրա հիմնվելով է հիշյալ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձը կատեգորիկ եզրակացություն կատարել այն մասին, որ զրուցակիցները խոսում են Ժիրայր Բրուտյանի մասին,

- ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված գրություններն իրենց բնույթով օպերատիվ են։ Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարքին, որոնց արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալները,

- «Պրայմ Կրայմ կետ ռու կայքում առկա Ժիրայր Բրուտյանի վերաբերյալ տեղեկատվությունը զննելու մասին» արձանագրությունում նշված տեղեկատվության ծագման աղբյուրն անհայտ է, դրանում առկա տեղեկության հավաստիությունը գնահատել հնարավոր չէ, միաժամանակ գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալները,

- գործում առկա մյուս նյութերը Ժիրայր Բրուտյանի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի գնահատման տեսանկյունից որևէ նշանակություն չունեն։

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի նյութերում առկա փաստական տվյալների վերլուծությունն ու համադրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու, որ Ժիրայր Բրուտյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ենթադրյալ հանցանքը:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդության քննության ժամանակ բովանդակային առումով չի ունեցել բավարար փաստական տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանն Ժիրայր Բրուտյանի առնչությունը (հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը) հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում փաստելով դրա առկայությունը հանգել է ոչ իրավաչափ հետևության։

Անդրադառնալով Դատախազի և Քննիչի՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշման կապակցությամբ Վերաքննիչ դատարանում արված դիտարկմանը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիշյալ դատական ակտով ընդամենը թույլատրվել է իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, իսկ դատական ակտում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության բովանդակության մեջբերումը որևէ նշանակություն չի կարող ունենալ Ժիրայր Բրուտյանի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի գնահատման տեսանկյունից։

Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ժիրայր Բրուտյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում բացակայել է Ժիրայր Բրուտյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը։ (…)

Վերաքննիչ դատարանը կալանավորման վերոհիշյալ պայմանի բացակայության պայմաններում այլևս առարկայազուրկ է համարում անդրադառնալ մեղադրյալ Ժիրայր Բրուտյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի բացակայության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկին (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի մասին վկայող, ինչպես նաև մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալների համակցության առկայության պայմաններում՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ, այն է՝ կայացրել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում:

Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարան ներկայացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների զննության արձանագրությունից երևում է, որ Ժ.Բրուտյանի, Հ.Թորոսյանի, Գ.Գևորգյանի, Ա.Բարոյանի և մի շարք այլ անձանց մասնակցությամբ ստեղծված խմբավորումը գործել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման (գողական աշխարհի) վարքագծի կանոններով: Այդ փաստական տվյալներից ակնհայտ է, որ այդ խմբավորման համար ընդունելի է ենթադրյալ հանցանք կատարած անձին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն ծեծի ենթարկելու միջոցով «պատժի» ենթարկելը, որպիսի հանգամանքը փաստվել է նաև Հ.Թորոսյանի և Գ.Գևորգյանի միջև տեղի ունեցած խոսակցություններում: Մինչդեռ, նշված հանգամանքները պատշաճ գնահատման չեն արժանացել, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է անհիմն և չպատճառաբանված եզրահանգման Ժ.Բրուտյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ:

8.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների զննության արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությունը հնարավորություն չի տալիս ողջամիտ ենթադրություն անելու այն մասին, որ տարվող խոսակցությունները վերաբերում են սույն գործով մեղադրյալ Ժ.Բրուտյանին, բողոքաբերը փաստել է, որ նշված անհիմն եզրահանգումն արդյունք է դատարան ներկայացված փաստական տվյալների ոչ պատշաճ գնահատման:

Բողոքաբերը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված գրությունները վկայում են Ժ.Բրուտյանի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված լինելու մասին:

8.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ առկա են նաև բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալ Ժ.Բրուտյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք։

Այս առումով Առաջին ատյանի դատարանը կայացրել է կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում։

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ժիրայր Բրուտյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

11.1. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի4, Հարություն Խաչատրյանի5 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ6։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից7, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել8, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)9։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Նախաքննության մարմնի կողմից Ժիրայր Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով10,

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Նախաքննության մարմնի կողմից դատարան են ներկայացվել վարույթի տվյալ փուլին բնորոշ բավարար տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք ընդհանուր առմամբ մատնանշում են մեղադրյալի առնչությունը նրան վերագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը, ինչպես նաև ողջամտորեն հիմնավորում են, որ դեպքը, որի կատարման մեջ նա մեղադրվում է, համընկնում է նրան վերագրվող ենթադրյալ հանցանքին11:

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նյութերում առկա փաստական տվյալների վերլուծությունն ու համադրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու, որ Ժ.Բրուտյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքը: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ժ.Բրուտյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում բացակայել է Ժ.Բրուտյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը12:

13. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Ժ.Բրուտյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների իրավաչափությունը, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է հիմնավոր հետևության առ այն, որ նյութերում առկա փաստական տվյալները բավարար են դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ առկա է մեղադրյալ Ժ.Բրուտյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը՝ հիմք ընդունելով նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում նաև՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված փաստական տվյալները, համաձայն որոնց՝

- «Ժիրոն» Հարություն Թորոսյանից «3-րդ կորպուսի համար» հարցրել է, թե «ո՞վ կա մի հատ նորմալ տղա, որ կարա մեր խոսքը պահի»:

- Հ.Թորոսյանը «Պզեին» հայտնել է, որ վերջինս բոլորի ներկայությամբ հայտարարի, որ «գողական կասայի» հետ կապված հարցերով դիմեն նրան:

- «Ժիրոն» և Հ.Թորոսյանը քննարկումներ են ունեցել «Պզեի» անձի և արարքների վերաբերյալ, այդ թվում նաև՝ Հ.Թորոսյանի և «Պզեի» միջև տեղի ունեցած վերոնշյալ խոսակցությունից հետո քրեակատարողական հիմնարկում «Պզեի» արված հայտարարության վերաբերյալ:

- Հ.Թորոսյանը հայտնել է, որ «Ժիրոն», նաև այլ «գողեր» զանգել են իրեն, ինչից հետո ինքը «զոնը» վերցրել է «Սմբոյից» և տվել «Պզեին»:

- «Ժիրոն» ծեծելու վերաբերյալ հանձնարարություն է տվել Հ.Թորոսյանին:

- Ս.Ավդալյանը Հ.Թորոսյանից հարցրել է. «դու չզանգի՞ր, ասիր տփի Սամվելիկին», «Հարութ, դու ինձի չե՞ս ասե տփի», իսկ Հ.Թորոսյանը հայտնել է, որ եթե վերջինս պարտավորվել է, պետք է կատարի:

- «Սմբատիկը» Գևորգ Գևորգյանին հայտնել է, որ իրեն զանգել են և ասել, որ ծեծի ենթարկի «Սամվելիկին»:

- Հ.Թորոսյանը զրույցների ընթացքում օգտագործում է «Ժիրո», «Քաչալ», «Շահումյանցի» արտահայտությունները13:

Բացի այդ, գործի նյութերում առկա՝ ՀՀ ոստիկանության Ինտերպոլ ազգային կենտրոնական բյուրոյի պետի, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի՝ 2021 թվականի մայիսի 5-ի գրությունների, «Պրայմ Կրայմ կետ ռու (primecrime.ru) կայքում առկա Ժիրայր Բրուտյանի վերաբերյալ տեղեկատվությունը զննելու մասին» արձանագրության համաձայն՝ 2011 թվականի մայիսին Երևան քաղաքում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, մի շարք «օրենքով գողերի» կողմից որպես «օրենքով գող» «թագադրվել է» Ժիրայր Բրուտյանը («Խչոյի տղա Ժիրո», «Ժիրիկ», «Շահումյանցի Ժիրո», «Ժիրո Շահումյանսկի»), ով առնվազն մինչև 2021 թվականի մայիսի 5-ը պահպանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակը14:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա նյութերն իրենց համակցության մեջ դատավարության տվյալ փուլում բավարար են Ժ.Բրուտյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար՝ հաշվի առնելով նաև, որ Վերաքննիչ դատարանը ստուգման է ենթարկել մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ առաջին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։

14. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների զննության արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությունը հնարավորություն չի տալիս ողջամիտ ենթադրություն անելու այն մասին, որ տարվող խոսակցությունները վերաբերում են սույն գործով մեղադրյալ Ժ.Բրուտյանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական տվյալները, այդ թվում նաև՝ Հ.Թորոսյանի կողմից կիրառվող անհատականացնող արտահայտությունները հնարավարություն են տալիս «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ապացուցողական չափանիշին համապատասխան արձանագրելու, որ խոսակցությունները վերաբերում են մեղադրյալ Ժիրայր Բրուտյանին:

14.1. Անդրադառնալով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների, «Պրայմ Կրայմ կետ ռու (primecrime.ru) կայքում առկա Ժիրայր Բրուտյանի վերաբերյալ տեղեկատվությունը զննելու մասին» արձանագրության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից ստացված գրությունների առնչությամբ Վերաքննիչ դատարանի հետևություններին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը «հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի» առկայության հարցը քննարկելիս վերոնշյալ փաստական տվյալները գնահատման է ենթարկել միմյանցից անջատ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այդ փաստական տվյալները գնահատել իրենց համակցության մեջ, որպիսի պայմաններում վերջինս կհանգեր հիմնավորված հետևության մեղադրյալ Ժ.Բրուտյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ:

14.2. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում, դատարան ներկայացված նյութերի առնչությամբ կատարել է գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծություն, ինչը բնորոշ է արդարադատության իրականացման բուն գործընթացին:

14.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշման մեջ մեջբերված՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի միջնորդության բովանդակությունը որևէ նշանակություն չի կարող ունենալ մեղադրյալ Ժ.Բրուտյանի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի գնահատման տեսանկյունից։

15. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ժիրայր Բրուտյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չէ:

16. Վերոնշյալ եզրահանգման պայմաններում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությանը։

Այսպես, հաշվի առնելով գործում առկա փաստական տվյալները, այդ թվում նաև՝ Ժ.Բրուտյանին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն, որ վերջինիս մեղսագրվում է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործություն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելը (պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), ինչպես նաև այն, որ Ժ.Բրուտյանը ենթադրաբար հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ, ունի լայն քրեական կապեր Հայաստանի Հանրապետության և այլ երկրների տարածքներում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության` արձանագրելով, որ ներկայացված նյութերը վկայում են այն մասին, որ մեղադրյալ Ժ.Բրուտյանը մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել դատական սխալ, ինչպես նաև այն, որ տվյալ դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն ամբողջ ծավալով քննարկման առարկա են դարձվել Առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ բողոքում, Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում, որպիսի պայմաններում ապահովված են անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները15, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին պետք է հաշվակցել 2021 թվականի մայիսի 7-ից մինչև 2021 թվականի մայիսի 24-ը Ժ.Բրուտյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ժիրայր Խաչիկի Բրուտյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցել 2021 թվականի մայիսի 7-ից մինչև 2021 թվականի մայիսի 24-ը Ժիրայր Խաչիկի Բրուտյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 73-75:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 129-139:

3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 39-52:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

8 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

10  Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

11  Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12  Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

13  Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 19-29, 31-52:

14  Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 64-65, 78, 83-87:

15  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան