Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0009/12/20

Գործ թիվ ՇԴ/0009/12/20

Նախագահող դատավոր՝

  Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

29 հունիսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Արտյոմ Արթուրի Դալլաքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ պաշտպան Կ.Գրեյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի դատավճռով Արտյոմ Արթուրի Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և դատապարտվել տուգանքի՝ 500.000 ՀՀ դրամի չափով։

1.1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Դալլաքյանի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը՝ 440.000 ՀՀ դրամը, փոխարինվել է 2.200 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներով։

1.2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020թ փետրվարի 14-ի որոշմամբ Ա.Դալլաքյանի նկատմամբ նշանակված 2.200 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները փոխարինվել են 2 (երկու) տարի 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկմամբ։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է Ա.Դալլաքյանին արգելանքի վերցնելու պահից՝ 2020 թվականի փետրվարի 28-ից։

2. ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարը 2020 թվականի հոկտեմբերի 28-ին միջնորդություն է ներկայացրել Ա.Դալլաքյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելու վերաբերյալ։

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել է և դատապարտյալ Ա.Դալլաքյանին պայմանական վաղաժամկետ ազատել՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց։

3. Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Մնոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ բեկանել և դատապարտյալ Ա.Դալլաքյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը՝ վերացրել։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալԱ.Դալլաքյանի պաշտպան Կ.Գրեյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 13-ի որոշմամբ սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի դատավճռով՝ Ա.Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով կատարված գողության համար։

6. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության զեկույցը դրական է, իսկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության զեկույցը՝ բացասական1։

7. Առաջին ատյանի դատարանը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Ա.Դալլաքյանին պայմանական վաղաժամկետ ազատելով պատժի մնացած մասը կրելուց, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Ա.Դալլաքյանը նախկինում դատված չի եղել, քաղաքացիական հայց և դատական ծախսեր առկա չեն, պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, կարգապահական տույժերի չի ենթարկվել, 2020թ հունիսի 12-ին մասնակցել է ֆուտբոլային առաջնությանը, նույն թվականի հուլիսի 20-ից ընդգրկվել է կրոնական ինքնագործ միավորման կազմում, չի աշխատել, կատարած հանցանքի համար զղջում է, քրեական ենթամշակույթը չի ընդունում, հանցածին հակումներ կամ կախվածություն չունի, մասնակցում է վերասոցիալականացման ծրագրերին, ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է, օգտվում է տեսակցություններից, ֆիզիկապես առողջ է։

Դատարանը, մեջբերված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների համատեքստում վերլուծելով վերը թվարկված փաստական հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով պրոբացիայի ու քրեակատարողական ծառայությունների զեկույցները, հանգում է այն հետևության, որ Ա.Դալլաքյանը իր դրսևորած վարքագծով հավատ է ներշնչում հաստատապես ուղղման ճանապարհը բռնած լինելու մասին, ուստի կարելի է եզրահանգել, որ դատապարտյալը չպետք է շարունակի կրել նշանակված պատիժը: Այլ խոսքով, դատարանի մոտ առկա է համոզվածություն առ այն, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ Ա.Դալլաքյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։

Հետևաբար, նման պայմաններում դատապարտյալ Արտյոմ Դալլաքյանին պատժի չկրած մասից պայմանական վաղաժամկետ ազատելը բխում է պատժի հիմնական նպատակներից՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, պատժի ենթարկված անձին ուղղելու, ինչպես նաև նրա կողմից հետագայում հանցագործություններ կատարելը կանխելու վերաբերյալ օրենսդրությամբ ամրագրված դրույթներից։ Ասվածը հիմնավորվում է, ի թիվս այնի, Ա.Դալլաքյանի անձի և վարքագծի փաստական նկարագրով, կատարված հանցագործության բնույթով ու հանրության համար վտանգավորության աստիճանով, այդ հանցագործության ու դրա հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքով, ինչպես նաև պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դատապարտյալի դրսևորած պատշաճ վարքագծով ու նրա կողմից նոր հանցանք կատարելու ցածր հավանականությամբ։

(…) Միաժամանակ քննարկելով դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն կիրառելու հարցը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանական վաղաժամկետ ազատելուց հետո սահմանվող պայմաններն ու հսկողությունը կծառայեն հանրային անվտագությանը, դատարանը գտնում է, որ պատժի չկրած մասի ընթացքում դատապարտյալ Արտյոմ Արթուրի Դալլաքյանի նկատմամբ պետք է սահմանվի վերահսկողություն և պարտականություններ՝ չփոփոխել մշտական բնակության վայրը և նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին»2։

8. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի (…) հիմնավորումները դիտարկելով [վերաբերելի] իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ արտահայտված հիմնավորումները չեն բխում նրանից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումները ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար։

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ Առաջին ատյանի դատարանի որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը քննարկելիս չի անդրադարձել այն հանգամանքին, որ Արտյոմ Դալլաքյանի կողմից չի կատարվել դատավճիռը՝ չի վճարվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի դատավճռով որպես պատիժ նշանակված տուգանքի գումարը և տուգանքի ձևով պատիժը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ փոխարինվել է հանրային աշխատանքներով, սակայն դատապարտյալի կողմից չեն կատարվել նաև հանրային աշխատանքները և հանրային աշխատանքները Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշամբ փոխարինվել են առավել խիստ պատժատեսակով՝ ազատազրկմամբ։ Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ եթե տուգանքի վճարումը կապված է անձի սոցիալական դրության՝ նրա կողմից այն վճարելու համար համապատասխան նյութական միջոցներ ունենալու հետ, ապա հանրային աշխատանքները կատարելը կամ չկատարելը կապված չէ անձի սոցիալական դրության հետ: Այսինքն, Արտյոմ Դալլաքյանը չարամտորեն խուսափել է նշանակված պատիժները կատարելուց:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը, արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել այն, որ դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը հանդիսացել է վերջինիս ոչ պատշաճ վարքագծի արդյունքը և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը նախկինում չի կարողացել ապահովել դատապարտյալի պատշաճ վարքագիծը, հետևաբար ներկայումս ևս հավանականությունը ցածր է, որ ծառայությունը կկարողանա ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը, ուստի Արտյոմ Դալլաքյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա չէ»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանն իր որոշումը կառուցել է այն փաստի հիման վրա, որ Ա.Դալլաքյանը խուսափել է որպես պատիժ նշանակված տուգանքից, ինչպես նաև տուգանքը չվճարելու հետևանքով փոխարինված հանրային աշխատանքներից։ Հակառակ դրա՝ բողոքաբերը պնդում է, որ հանրային աշխատանքները չկատարելու համար Ա.Դալլաքյանը շուրջ 9 ամիս ազատազրկման ձևով պատիժ է կրել ու պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ՝ ստանալով 26 միավոր։ Ընդ որում բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պնդումը, թե պրոբացիայի ծառայությունը չի կարողանա ապահովել Ա.Դալլաքյանի պատշաճ վարքագիծը, չի կարող դրվել պայմանական վաղաժամկետ ազատման անհնարինության հիմքում։

9.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքները, որ Ա.Դալլաքյանը պատիժը կրում է 2020 թվականի փետրվարի 28-ից, նախկինում դատված չի եղել, կարգապահական տույժերի չի ենթարկվել, կատարած արաքի համար զղջում է, քրեական ենթամշակույթը չի ընդունում, հանցածին հակումներ կամ կախվածություններ չունի, մասնակցում է վերասոցիալականացման ծրագրերին, 2020 թվականի հունիսի 12-ին մասնակցել է ֆուտբոլային առաջնությանը, 2020 թվականի հուլիսի 20-ից ընդգրկվել է կրոնական ինքնագործ միավորման մեջ, ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է, օգտվում է տեսակցություններից, պատժի կրման ընթացքում օպերատիվ բաժնի հաշվառումներով երբևէ չի անցել, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ երեք ամիս փաստացի գտնվելով փորձաշրջանի մեջ՝ դրսևորել է պատշաճ վարքագիծ, ինչպես նաև այն, որ Ա.Դալլաքյանի կինը հղի է։

9.2. Միևնույն ժամանակ, բողոքաբերը, վկայակոչելով Աշոտ Բադալյանի գործով Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ1/0120/12/17 որոշումը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, քննության առարկա է դարձրել միայն Ա.Դալլաքյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը և որևէ անդրադարձ չի կատարել Ա.Դալլաքյանի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցին, ինչի հետևանքով վերջինս զրկվել է իր իրավունքների և օրինական շահերի արդյունավետ դատական պաշտպանության՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից։

9.3. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևություններին՝ բողոքաբերը գտել է, որ դրանք հիմնված չեն դատապարտյալի անձի և հանցագործության բազմակողմանի վերլուծության ու գնահատման վրա, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը, իր պատճառաբանությունների հիմքում դնելով ընդհանուր բնույթի, վերացական դատողություններ, չի նշել որևէ կոնկրետ հանգամանք, որը խոչընդոտում է Ա.Դալլաքյանին պայմանական վաղաժամկետ ազատելուն։

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 15-ի որոշումը և դատապարտյալ Արտյոմ Դալլաքյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատիժը կրելուց։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ պատժի կրումից դատապարտյալ Ա.Դալլաքյանին պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու վերաբերյալ։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն` «1. Ազատազրկման (…) ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցների (…) քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝

1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

(…)

1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.

2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.

3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.

4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.

5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.

2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.

3) ռեցիդիվի առկայությունը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.

6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

10) սոցիալական միջավայրը.

11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.

12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

(…)

3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

(…)

4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, (…) 175-րդ հոդվածի երրորդ մասով, (…) նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը.

(…)»

13. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ վերոշարադրյալ քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծել է իր որոշումներում, որտեղ անդրադարձել է նշված ինստիտուտի գործադրման կարգին և պայմաններին4։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարը 2020 թվականի հոկտեմբերի 28-ին միջնորդություն է ներկայացրել Ա.Դալլաքյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելու վերաբերյալ5։

- Նշված միջնորդության քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Դալլաքյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուց՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ Ա.Դալլաքյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է, թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։ Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն ասվածը հիմնավորել է, ի թիվս այլնի, Ա.Դալլաքյանի անձի և վարքագծի փաստական նկարագրով, կատարված հանցագործության բնույթով ու հանրության համար վտանգավորության աստիճանով, այդ հանցագործության ու դրա հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքով, ինչպես նաև պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դատապարտյալի դրսևորած պատշաճ վարքագծով ու նրա կողմից նոր հանցանք կատարելու ցածր հավանականությամբ6։

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ դատապարտյալ Ա.Դալլաքյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հիմնավորումներն ընդունելի չեն այնքանով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել այն, որ դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը հանդիսացել է վերջինիս ոչ պատշաճ վարքագծի արդյունքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը նախկինում չի կարողացել ապահովել դատապարտյալի պատշաճ վարքագիծը, հետևաբար ներկայումս ևս հավանականությունը ցածր է, որ ծառայությունը կկարողանա ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը, ուստի Ա.Դալլաքյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա չէ7։

15. Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Ա.Դալլաքյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա չէ, քանի որ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը հանդիսացել է նրա ոչ պատշաճ վարքագծի արդյունքը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հանրային աշխատանքների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում դրանց չկատարած մասն ազատազրկմամբ փոխարինելու ընթացակարգ սահմանելով, արդեն իսկ անձի համար նախատեսել է համապատասխան բացասական քրեաիրավական հետևանքներ։ Ուստի, անձի դրսևորած վարքագիծը, որի համար որպես պատիժ նշանակված հանրային աշխատանքները փոխարինվել են ազատազրկմամբ, չի կարող կրկին հաշվի առնվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագիծը գնահատելիս և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը մերժելու հիմք հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Դալլաքյանի կողմից հանրային աշխատանքների կատարումից խուսափելու հանգամանքն արդեն իսկ գնահատման է ենթարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու ժամանակ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, նույն հանգամանքը դնելով նաև Ա.Դալլաքյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու որոշման հիմքում, գործել է ոչ իրավաչափ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանրային աշխատանքների կատարումից չարամտորեն խուսափելու հանգամանքը որևէ իրավադրույթով նախատեսված չէ որպես դատապարտյալի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը չկիրառելու հիմք, ուստի այն չի կարող բացառել դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը։

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ կա ցածր հավանականություն՝ պրոբացիայի ծառայության կողմից պատժի նպատակների իրացումն ապահովելու կապակցությամբ, քանի որ վերջինս նախկինում չի կարողացել ապահովել Ա.Դալլաքյանի պատշաճ վարքագիծը, առավել ենթադրական է, ուստի վերոնշյալ հանգամանքը Ա.Դալլաքյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու որոշման հիմքում դնելը ևս հիմնավոր չէ:

17. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Դալլաքյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները կառուցված չեն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքների՝ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքագծի, նրա անձի և կատարված հանցագործությունների մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության ու վերլուծության վրա: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել և ընդհանուր համակցության մեջ չի վերլուծել դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը՝ քննարկվող ինստիտուտի գործադրմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ հավանականությունը գնահատելու համատեքստում։ Այսպես, քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված նյութերի, այդ թվում՝ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատապարտյալ Ա.Դալլաքյանը նախկինում դատապարտված չի եղել, քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կարգապահական տույժերի չի ենթարկվել, 2020 թվականի հունիսի 12-ին մասնակցել է ֆուտբոլային առաջնությանը, նույն թվականի հուլիսի 20-ից ընդգրկվել է կրոնական ինքնագործ միավորման կազմում, մասնակցել է վերասոցիալականացման ծրագրերին, ինչպես նաև չի ընդունում քրեական ենթամշակույթը, կատարած հանցանքի համար զղջում է, հանցածին հակումներ կամ կախվածություններ չունի, պահպանում է կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ8։

Պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու չափանիշների գնահատման տեսանկյունից նշանակություն ունեցող վերոգրյալ հանգամանքների հետ մեկտեղ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ պրոբացիայի ծառայության զեկույցը դրական է9։ Թեև այս զեկույցն ունի խորհրդատվական բնույթ, սակայն յուրաքանչյուր դեպքում պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելիս, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնվի դատարանների կողմից։

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել գործում առկա և Ա.Դալլաքյանին բնութագրող հատկանիշների համակցությունը, որոնք ողջամտորեն կարող են դիտարկվել որպես բավարար գործոններ՝ փաստելու, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ Ա.Դալլաքյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի համակցված նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։

20. Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նաև բողոքաբերի այն պնդումը, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Ա.Դալլաքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա չէ, պետք է անդրադառնար նրա պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցին10։

21. Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի կրման հետագա նպատակահարմարությունը հաշվի առնելիս Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ հիմնված այն հանգամանքների վրա, որ Ա.Դալլաքյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելը հանդիսացել է նրա ոչ պատշաճ վարքագծի արդյունքը և վերջինիս կողմից հանրային աշխատանքների կատարումից խուսափելուց հետո պրոբացիայի ծառայությունը չի կարող վերահսկողություն իրականացնել նրա նկատմամբ՝ հիմնավոր չէ, ուստի դատապարտյալ Ա.Դալլաքյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել սույն գործի փաստական հանգամանքները՝ արդյունքում թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչն իր բնույթով էական է ու հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ հետազոտման ենթարկելով դատապարտյալ Ա.Դալլաքյանի վերաբերյալ նյութերը, եկել է հիմնավոր եզրահանգման նրա՝ պատժի հետագա կրման աննպատակահարմարության կապակցությամբ: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով պատիժը կրելուց դատապարտյալ Ա.Դալլաքյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ դատապարտյալ Արտյոմ Արթուրի Դալլաքյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020թ թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1, թերթեր 5-7 և 8-9։

2 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1, թերթեր 48-49։

3 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2, թերթեր 84-86։

4 Տե՛ս, mutatis mutandis, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի` Վարդան Մուխսիխաչոյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07, Արամայիս Միրիբյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-213/07, Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16, Արմեն Եղոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ3/0010/12/18, Արմեն Արմենյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ՇԴ/0014/12/17 և Աշոտ Բադալյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԿԴ1/0120/12/17 որոշումները։

5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը և գործի նյութեր հատոր 1, թերթ 2։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցները՝ դատապարտյալ Ա.Դալլաքյանի վերաբերյալ, հատոր 1, թերթեր 5-7 և 8-9։

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Բադալյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԿԴ1/0120/12/17 որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան