Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2023 թվականի N 474-Լ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հավանություն տալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-527-07.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
06.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-527-07.03.2023-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է նախատեսել Հանրային հեռարձակողի խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և Կարգավորող պետական մարմնի կազմերում յուրաքանչյուր սեռի առնվազն երկու ներկայացուցիչ ունենալու պահանջ, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի:
Այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ նախագծով նախատեսված չէ կարգավորում, որով խորհրդի անդամի թեկնածուն հնարավորություն կունենա կողմնորոշվելու առաջադրվելու իրավունքի հարցում: Նշված խնդիրը կառաջանա նաև միաժամանակ մեկից ավելի հայտարարված թափուր տեղերի մրցույթի դեպքում, քանի որ առաջին մրցույթի արդյունքը հնարավոր է սահմանափակի հաջորդ մրցույթին արդեն իսկ դիմած թեկնածուների մասնակցելու իրավունքը:
Նույն դիտարկումը վերաբերում է նաև նախագծով առաջարկվող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առնչվող hամանման կարգավորմանը:
Ըստ այդմ, առաջարկում ենք նախագծով նախատեսել հստակ կարգավորումներ՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար:
Նախագծում պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի պահանջները, և առկա են խմբագրական բնույթի թերություններ: Այսպես՝
1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է 5-րդ մասում լրացնել նոր 8-րդ կետ, որի արդյունքում անհրաժեշտ է նաև 23-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
2. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «հեղինակավոր մասնագետ է» բառերից հետո լրացնել «ում ընտրության դեպքում չի խախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:» նախադասությունը:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք չի գնում յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջի վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է վերանայել սույն դրույթը:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում «սեռի ներկայացվածությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սեռային ներկայացվածությամբ» բառերով՝ նկատի ունենալով Օրենքի դրույթի ձևակերպումը:
4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է «ժամկետով» բառից հետո լրացնել «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:» նախադասությունը: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ կատարվող փոփոխության արդյունքում անհրաժեշտ է նաև «ժամկետով» բառից հետո «՝» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով: