Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/2318/07/19

Գործ թիվ ԵԴ/2318/07/19

Նախագահող դատավոր՝  Ա. Մնացականյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

7 փետրվարի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ Մովսես Իսկանդարի Սևոյանի պաշտպան Գ․Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1․ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում (այսուհետ նաև՝ Հետաքննության մարմին) 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09189419 քրեական գործը։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի սեպտեմբերի 21-ի որոշմամբ Հետաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել և թույլատրվել է 2019 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում խուզարկություն կատարել Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Մովսես Սևոյանի պաշտպան Գ․Գևորգյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող սուբյեկտի կողմից բողոքարկված լինելու հիմքով։

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ պաշտպան Գ․Գևորգյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։ Վճռաբեկ դատարանը 2022 նոյեմբերի 21-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև՝ բողոքարկվող որոշմամբ թույլ են տրվել բնակարանի անձեռնմխելիության իրավունքի հիմնարար խախտումներ։

Ըստ բողոքաբերի, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից բխում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու դատարանների որոշումներում որպես բնակարանի նույնականացման տվյալ պետք է արտացոլվի, ի թիվս այլնի, այն հանգամանքը, թե ու՞մ է պատկանում կամ ու՞մ կողմից է տիրապետվում բնակարանը, ինչն Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ի որոշման մեջ արտացոլված չէ։ Այդ պայմաններում, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ խուզարկության ենթարկված շինությունը որևէ կերպ չի վերաբերում Մ․Սևոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքին, ինչի արդյունքում սահմանափակել է Մ․Սևոյանի բնակարանի անձեռնմխելիությունը խախտող դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքը։ Մինչդեռ, ինչպես քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով, այնպես էլ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գործող դեղատունը պատկանում է Մ․Սևոյանին։ Հետևաբար, ներկայացված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու արդյունքում սահմանափակվել է բնակարանի անձեռնմխելիության հնարավոր խախտումը վերականգնելու նպատակով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու Մ․Սևոյանի իրավունքը:

Ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 12-ի որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքերը.

7. Թիվ 09189419 քրեական գործով Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գործող դեղատանը խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու Հետաքննության մարմնի միջնորդության համաձայն. «2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ Երևան քաղաքի Ահարոնյան և Կ.Ուլնեցի փողոցների խաչմերուկից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Արման Մովսեսի Մովսեսյանին, ում անձնական խուզարկությամբ տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է 4 հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղապատիճներ: Արման Մովսեսյանը բացատրությամբ հայտնել է, որ նշված դեղապատիճները նույն օրն առանց դեղատոմսի գնել է Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող դեղատան աշխատակցից։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

2019թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված 20.09.2019թ. թիվ 30451905 ծանուցման համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված պոլիէթիլենային փաթեթում եղած «LYRICA 300mg» գրառմամբ դեղաթերթիկում առկա դեղապատիճների բաղադրության մեջ հայտնաբերվել է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ։

(…)

Քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել է Արամ Մովսեսյանը, ով ցուցմունքով պնդել է վերը նշված տեղեկությունները՝ հավելելով, որ հիշյալ դեղատնից նշված դեղապատիճների ձեռք բերումը վերջին մեկ տարվա ընթացքում պարբերական բնույթ է կրել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արման Մովսեսյանը հիշյալ հոգեմետ նյութը ձեռք է բերել Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գործող դեղատնից»2:

8. Առաջին ատյանի դատարանը՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ի որոշմամբ բավարարելով Հետաքննության մարմնի վերոգրյալ միջնորդությունը, նշել է. «(…) Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա օպերատիվ-քննչական իրադրությունը և միջնորդությանը կից ներկայացված նյութերը համակցության մեջ վկայում են այն մասին, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սահմանած բնակարանում խուզարկություն կատարելու համար անհրաժեշտ բավարար փաստական հիմքեր, հետևաբար քննիչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման (...)»3։

9. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 12-ի որոշման համաձայն` «(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Որոշմամբ թույլատրվել է թիվ 09189419 քրեական գործով խուզարկություն կատարել Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը, որը որևէ կերպ չի վերաբերել նույն գործով մեղադրյալ Մովսես Սևոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմանը: Հետևաբար` Որոշումը չի շոշափել Մովսես Սևոյանի շահերը, մասնավորապես` նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը կատարված խուզարկության արդյունքները կարող են դրված լինել թիվ 09189419 քրեական գործով Մովսես Սևոյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, ապա այդ հանգամանքն ինքնին չի կարող իրավունք վերապահել Մովսես Սևոյանին կամ նրա պաշտպանին բողոքարկելու խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին Որոշումը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման մոտեցումը չի սահմանափակում մեղադրյալ Մովսես Սևոյանի պաշտպանության իրավունքը, քանի որ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը կատարված խուզարկության արդյունքները նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված լինելու դեպքում վերջինը կամ նրա պաշտպանը զրկված չեն հետագայում` գործն ըստ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը (տե՛ս, mutatis mutandis, Սամվել Բաբայանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշման 14-րդ կետը):

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մովսես Սևոյանի պաշտպանը սույն դեպքում չի հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` Որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Որոշման դեմ մեղադրյալ Մովսես Սևոյանի պաշտպան Գևորգ Գևորգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության»4։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Մովսես Սևոյանի պաշտպան Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 278-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները:

(...)

3. Դատարանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից` դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի, այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2․1-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝ (…)

3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ»:

12. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- արդարադատության մատչելիության իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում՝ հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները5,

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն7:

13. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»8:

14․ Վճռաբեկ դատարանն Արա Շահնազարյանի գործով անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վերադաս դատական ատյան բողոքարկելու չափանիշներին նշել է հետևյալը. « (․․․) [Հ]աշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են «թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակի, ուստի Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նախադեպային իրավական դիրքորոշում ձևավորել նաև դրանց իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վերադաս դատական ատյան բողոքարկելու չափանիշի վերաբերյալ։ Մասնավորապես, որպես այդպիսի չափանիշ պետք է դիտարկել մասնավոր կյանքի անձենմխելիության իրավունքի խախտման զոհի վիճակի հիմնավորումը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելիս անձը պետք է հիմնավորի, որ իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա։ Վերոնշյալը վկայում է այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության վիճարկման կառուցակարգի գործադրման երկաստիճան չափանիշը ենթադրում է հետևյալ հարցերի պարզում.

ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,

բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա»9։

14․1 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև նախորդ կետում նշված՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհի կարգավիճակի հիմնավորման չափանիշը վերլուծության է ենթարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման թույլտվությունները բողոքարկելու իրավունքի համատեքստում, սակայն այն հավասարապես վերաբերելի է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող որոշումների բողոքարկման դեպքերին ևս։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Հետաքննության մարմնի միջնորդությունը՝ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանը՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ի որոշմամբ բավարարել է10։

- Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Մ․Սևոյանի պաշտպան Գ․Գևորգյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ թիվ 09189419 քրեական գործով Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը կատարված խուզարկությունը որևէ կերպ չի վերաբերել նույն գործով մեղադրյալ Մովսես Սևոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը կատարված խուզարկության արդյունքները կարող են դրված լինել թիվ 09189419 քրեական գործով Մովսես Սևոյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, ապա դա ինքնին չի կարող իրավունք վերապահել Մովսես Սևոյանին կամ նրա պաշտպանին բողոքարկելու խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին որոշումը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նման մոտեցումը չի սահմանափակում մեղադրյալ Մովսես Սևոյանի պաշտպանության իրավունքը, քանի որ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գտնվող դեղատանը կատարված խուզարկության արդյունքները նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված լինելու դեպքում վերջինը կամ նրա պաշտպանը զրկված չեն հետագայում` գործն ըստ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը։

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մովսես Սևոյանի պաշտպանը սույն դեպքում չի հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ որոշման դեմ մեղադրյալ Մ.Սևոյանի պաշտպան Գ.Գևորգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության11։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14․1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ի որոշման դեմ Մ․Սևոյանի պաշտպան Գ․Գևորգյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, Վերաքննիչ դատարանը հանգել է իրավաչափ եզրակացության։

Մասնավորապես, և՛ Հետաքննության մարմնի միջնորդության, և՛ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում բացակայում է որևէ տվյալ առ այն, որ Մովսես Սևոյանը առնչություն ունի Կոմիտաս 34 հասցեում գործող և խուզարկության ենթակա դեղատան հետ։ Այդպիսի տեղեկություն բացակայում է նաև խուզարկության հիմնավորվածությունը հաստատող նյութերում: Պաշտպան Գ․Գևորգյանն իր վերաքննիչ բողոքում նույնպես չի ներկայացրել որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորեր իր պաշտպանյալի կապը խուզարկության ենթարկված տարածքի հետ։ Վերջինս միայն նշել է, որ խուզարկության արդյունքները դրվել են Մովսես Սևոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմքում։

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և Մ․Սևոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գործող դեղատունը պատկանում է Մ․Սևոյանին, ապա այն հիմնավորող որևէ ապացույց պաշտպան Գ․Գևորգյանի կողմից Վերաքննիչ դատարանին չի ներկայացվել։

Վերը նկարագված պայմաններում, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, պաշտպան Գ․Գևորգյանի կողմից վերաքննիչ բողոքում չի հիմնավորվել, որ Երևան քաղաքի Կոմիտաս 34 հասցեում գործող դեղատանը կատարված խուզարկությամբ շոշափվել են Մովսես Սևոյանի շահերը։

17. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ի որոշման դեմ Մ․Սևոյանի պաշտպան Գ․Գևորգյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է։

18. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, թերթ 4

3 Տե՛ս նյութեր, թերթեր 32-33

4 Տե՛ս նյութեր, թերթեր 79-81

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gօlder v. The United Kingdօm գործով 1975 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 4451/70, 28 և 36 կետեր:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշման 18-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան