ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0146/02/19 2022 թ. | ||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի դեկտեմբերի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի, Արսեն Մնացականյանի, Սիրամարգ Մնացականյանի, Արշակ Մնացականյանի, Աննա Մնացականյանի, Սերոժ Խոջանյանի, Սոֆյա Գրիգորյանի, Լևոն Խոջանյանի, Արտակ Խոջանյանի, Արթուր Խոջանյանի, «Սլովակիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ՀՀ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի, երրորդ անձ «Տավուշ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Աչաջուր համայնքին պատկանող հողամասը ծանրաբեռնել սերվիտուտով, որն իր մեջ ներառում է M14 հանրապետական նշանակության ճանապարհից մինչև ՀՀ Տավուշի մարզի Ներքին Աղդանի (Ակնաղբյուրի) ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1PC հորատանցք անհրաժեշտ տարածքով անցնելը և հորատանցքով զբաղեցրած 100 քմ տարածքի օգտագործումը՝ խողովակաշար անցկացնելու, անհրաժեշտ սարքավորումներ տեղադրելու (այդ թվում՝ հորատանցքի բերանի շուրջ ֆունդամենտի հուսալի հիդրոիզոլյացիա, հորատանցքի գլխամասի կահավորում համապատասխան սարքավորումներով (փականներ, չափիչ սարքեր, կապարակնքված ջրաչափեր, գազանջատիչ, ջրհավաք), հորատանցքի կառուցապատում սանիտարական պահպանության առաջին (խիստ ռեժիմի) գոտիով, այլ անհրաժեշտ սարքավորումների տեղադրում) համար:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Արմենակյան) (այսուհետ՝ Դատարան) 02.02.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Տավուշ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ներկայացուցիչ՝ գլխավոր տնօրեն Սերյոժա Բարսեղյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ և 66-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը:
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից ներկայացված «ՎարմՕն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 25.05.2020 թվականի թիվ «016-01/Վ-020» հաշվետվությունը (փորձագետ Մ․ Գևորգյան) ոչ թույլատրելի ապացույց է համարվել այն հիմնավորմամբ, որ փորձագետը դատական կարգով այն չի հաստատել՝ չնախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Արձանագրելով, որ եզրակացությունը պետք է գնահատվեր որպես գրավոր ապացույց, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այն Դատարանի կողմից առհասարակ գնահատման առարկա չի դարձվել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատարանի նախաձեռնությամբ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով փորձագետին հարցաքննության հրավիրելու հնարավորությունը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ այդ լիազորությունն իրականացնելիս Դատարանը պարտավոր էր ապահովել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա ներքին համոզման հանգելու իր պարտականության լիարժեք իրականացումը և երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փորձագետին իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով հարցաքննության հրավիրելը թեև Դատարանի հայեցողական լիազորությունն է, այդուհանդերձ պետք է ապահովվեր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը՝ ելնելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքներից:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի այլ որոշումներով տրված մեկնաբանությունները գործի քննության համար պարտադիր կիրառելի համարվել չեն կարող, մինչդեռ անտեսել է, որ վկայակոչելով նույն իրավական հարցի շուրջ նույն դատարանի իրավական դիրքորոշումները՝ բողոք բերած անձն ակնկալել է իրավական որոշակիության սկզբունքի պահպանում:
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ Դատարանը հայցվորի համար սահմանել է մշտական սերվիտուտ սահմանելու փաստի առկայությունն ապացուցելու պարտականություն: Նշված եզրակացությամբ փորձագետն առաջարկել է սերվիտուտ սահմանելու տարբերակ, իսկ պատասխանողները չեն վիճարկել այդ անհրաժեշտությունը և հայցվող տարբերակը, այսինքն՝ կասկածի տակ չեն դրել փորձագետի եզրահանգումների արժանահավատությունը և չեն պնդել, որ առկա է այլ տարբերակ, որի դեպքում հնարավոր է ապահովել իրենց սեփականության իրավունքին նվազ չափով միջամտություն։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է մշտական սերվիտուտ սահմանելու փաստի առկայությունն Ընկերության կողմից ապացուցված չլինելու հանգամանքը: Մինչդեռ, եթե Ընկերությունն ապացուցել է, որ առանց սերվիտուտ սահմանելու օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացնելն անհնար է, ուրեմն սերվիտուտ սահմանելու անհրաժեշտությունն ապացուցված չի կարող չլինել:
Վերաքննիչ դատարանը լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել եզրակացությունը, ինչի հետևանքով անտեսել է, որ դրանով հաստատվել է հանքավայրի հորատանցքին մոտենալու համար սերվիտուտ սահմանելու անհրաժեշտությունը։ Մինչդեռ նշված եզրակացությամբ հիմնավորվում է, որ առանց սերվիտուտի Ընկերությունը զրկվում է հանքավայրի հորատանցքին մոտենալու և լիցենզիայի հիման վրա օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը ամբողջությամբ բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ արտադատական կարգով ձեռք բերված եզրակացությունը կարող է հավակնել ապացույցի տեսակ՝ փորձագիտական եզրակացություն, լինել, եթե փորձագետը դատարանում գրավոր ձևով հաստատում է այն և նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին: Դատարանը չի կրում այդ գործողություններն իր հայեցողությամբ կատարելու պարտականություն, և հայցվորը պետք է իր նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկեր արտադատական կարգով ձեռք բերված եզրակացության ապացուցողական նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ և միջնորդեր դատարանին հաստատել այն, ինչը չի արել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 17.07.2017 թվականին, 50 տարի ժամկետով Ընկերությանը տրվել է օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/561 թույլտվությունը: (հատոր 1, գ.թ. 12):
2) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, որպես լիազոր մարմնի, և Ընկերության, որպես ընդերքօգտագործողի, միջև 14.08.2017 թվականին կնքվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ Պ 561 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր):
Պայմանագրի 3.3 կետի համաձայն՝ ընդերքօգտագործողն իրավունք ունի բացառիկ իրավունքով կատարելու երկրաբանական ուսումնասիրություն սանիտարական գոտու սահմաններում, իսկ հատկացված ընդերքի տեղամասում (հորատանցքում)՝ օգտակար հանածոյի արդյունահանում (…): (հատոր 1, գ.թ. 14-20):
3) Գործի քննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչը Դատարանին է ներկայացրել «ՎարմՕն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (փորձագետ Մ․ Գևորգյան) կողմից 25.05.2020 թվականին տրված թիվ «016-01/Վ-020» հաշվետվությունը (այսուհետ՝ Եզրակացություն)՝ ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող հողատարածքը սերվիտուտով ապահովելու վերաբերյալ:
Կատարված հետազոտության, ուսումնասիրության և հաշվարկների արդյունքների համադրումից մասնագետ Մ․ Գևորգյանն առաջարկել է «(…) 1,8կմ երկարությամբ Աչաջուր և Ակնաղբյուր համայնքների հողատարածքներով և հողաշերտային ճանապարհով անցնող ճանապարհը, որը տեղակայված է M4 հանրապետական նշանակության մայրուղուց մինչև ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1PC հորատանցք: (…) առաջարկվող նպատակահարմար ճանապարհով սերվիտուտով ծանրաբեռնված կլինեն հետևյալ կադաստրային ծածկագրերով հողատարածքները.
- 11-013-0282-0112 կադաստրային ծածկագրով հողատարածքը՝ 56,96քմ-ով
- 11-013-0282-0030 կադաստրային ծածկագրով հողատարածքը՝ 193,61քմ-ով
- 11-013-0282-0005 կադաստրային ծածկագրով հողատարածքը՝ 711,43քմ-ով
- 11-013-0282-0109 կադաստրային ծածկագրով հողատարածքը՝ 271,58քմ-ով
- 11-013-0282-0024 կադաստրային ծածկագրով հողատարածքը՝ 2044,55քմ-ով (…)»: (հատոր 2, գ.թ. 35-46):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 91-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
(Ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` (...) 2) գրավոր ապացույցները, (...) 5) փորձագետի եզրակացությունը, (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությունը նախատեսված է որպես առանձին ապացույցի տեսակ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն պետք է պարունակի`
1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին,
2) նշում կիրառված մեթոդների մասին,
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը հավասարազոր լինելու համար փորձագետի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխանելուց զատ անհրաժեշտ է, որ այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատի եզրակացությունը՝ նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Ընդ որում, առաջին ատյանի դատարանը նախազգուշացման մասին փորձագետից վերցնում է ստորագրություն, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը (տե՛ս, Արմեն Հարությունյանի ընդդեմ Արտաշես Գասպարյանի, Օֆելյա Հովհաննիսյանի, Վարդան Գասպարյանի, Արամայիս Պախանյանի, Նինա Ղազարյանի, Արթուր Պախանյանի, Արման Պախանյանի, Կարինե Գասպարյանի, Ռուզաննա Գասպարյանի, Սուսաննա Մուրադյանի թիվ ԵԴ/26603/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող հողատարածքը սերվիտուտով ծանրաբեռնելու հնարավորությունը պարզելու նպատակով Ընկերությունը «ՎարմՕն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պատվիրել է համապատասխան փորձաքննության իրականացում:
Գործի քննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչը Դատարանին է ներկայացրել արտադատական կարգով ձեռք բերված փորձագիտական եզրակացությունը՝ «ՎարմՕն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (փորձագետ Մ․ Գևորգյան) կողմից 25.05.2020 թվականին տրված թիվ «016-01/Վ-020» հաշվետվությունը (Եզրակացություն): Եզրակացությունը տված փորձագետ Մ․ Գևորգյանը մինչև նախնական դատական նիստի ավարտը Դատարանի առջև գրավոր չի հաստատել իր Եզրակացությունը և չի նախազգուշացվել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։
Դատարանը նշել է, որ «գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով», և որ «հարկադիր սերվիտուտ սահմանելու համար անհրաժեշտ հիմքերի առկայության վերաբերյալ իրավաչափ եզրահանգումներ կարող է կատարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված փորձագետի եզրակացության հիման վրա, որպիսին «ՎարմՕն Ռիելթի» ՍՊԸ-ի 25.05.2020 թվականի թիվ «016-01/Վ-020» «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ»-ը չի հանդիսանում»:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքն ու Դատարանի 02.02.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «Դատարանը գտել է, որ «ՎարմՕն Ռիելթի» ՍՊԸ-ի 25.05.2020 թվականի թիվ 016-01/Վ-020 հաշվետվությունը որպես գրավոր ապացույց, կարող է գնահատվել գործում առկա այլ ապացույցների համատեքստում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից, և տվյալ հաշվետվությունը գնահատելով գործում առկա մյուս ապացույցների հետ համակցված, իրավացիորեն արձանագրել է, որ հայցապահանջը ենթակա է մերժման»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եզրակացությունն ընդհանրապես Դատարանի կողմից գնահատման չի արժանացել: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը Եզրակացությունը ոչ թույլատրելի ապացույց է համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական կարգը պահպանված չլինելու և նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված փորձագետի եզրակացություն չլինելու պատճառաբանությամբ: Արդյունքում Եզրակացությունը Դատարանի կողմից ընդհանրապես, ընդհուպ որպես գրավոր ապացույց, չի գնահատվել: Իսկ Վերաքննիչ դատարանը չնայած արձանագրել է առկա պայմաններում Եզրակացությունը որպես գրավոր ապացույց գնահատելու անհրաժեշտությունը, սակայն անտեսել է Դատարանի կողմից այն ոչ թույլատրելի ճանաչված լինելու և այդ պատճառաբանությամբ առհասարակ գնահատման առարկա դարձված չլինելու հանգամանքները:
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական խախտում թույլ տալու մասին բողոքաբերի փաստարկը:
(Բ) Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի կիրառության հարցերի գնահատմանը՝ կողմերի իրավահավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների համատեքստում:
Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, § 30-35):
ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով ՄԻԵԴ-ի 12.02.1985 թվականի որոշումը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում (…) իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Դատարանի առջև հավասարության և մրցակցության սկզբունքները սերտորեն փոխկապված են, և միայն դատարանի առջև հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը։ Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե'ս, Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ-ի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38-րդ, Դոմբո Բեհեր Բ. Վ. ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 07.10.1993 թվականի որոշումը, կետ 66):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի իրավահավասարությամբ իրականացվող և մրցակցության վրա հիմնված դատավարությունում դատարանի անկախ և անաչառ դերը չպետք է բացառի դատարանի կողմից գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների, դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների վերաբերյալ պարզաբանումներ տալը, գործի փաստական հանգամանքները պարզելը, ինչպես նաև ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար պայմաններ ստեղծելը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածը դատարանից պահանջում է յուրաքանչյուր գործի քննությունն իրականացնելիս մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ և միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված իրավունքների և ազատությունների առավելագույնս արդյունավետ ապահովում և պաշտպանություն:
Գործին մասնակցող անձի կողմից արտադատական կարգով իրականացված փորձաքննության հիման վրա տրված եզրակացություն ներկայացվելու դեպքում դատարանը, պահպանելով անաչառության և անկախության պահանջը, այդ անձի և գործին մասնակցող մյուս անձանց համար պետք է պարզաբանի դրա ապացուցողական նշանակությանն առնչվող հարցերը: Դատավարության մրցակցությունը և կողմերի իրավահավասարությունն ապահովելու համար գործին մասնակցող անձանց դատարանը պետք է պարզաբանի այդ եզրակացությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված և ապացույցի առանձին տեսակ համարվող՝ փորձագետի եզրակացությանը հավասարազոր համարելու համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու և դրանք չանելու դատավարական հետևանքների մասին հարցերը: Նշված պարզաբանումը մի կողմից անհրաժեշտ է փորձագետի եզրակացությունը ներկայացրած կողմի համար իր ձեռք բերած ապացույցի ապացուցողական նշանակության ուղղությամբ դատավարական որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությունը բացահայտելու և դրանք չկատարելու հետևանքների մասին տեղեկանալու համար, իսկ գործին մասնակցող մյուս անձանց համար այդ ապացույցով հաստատվող հնարավոր փաստերից պաշտպանվելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով գործին մասնակցող անձանց ընձեռված՝ փորձագետի եզրակացություն ներկայացնելու իրավունքն իրացնելու դեպքում նույն հոդվածով սահմանված պահանջների և դրանք չիրականացնելու հետևանքների մասին պարզաբանելը միտված է դատավարության մրցակցությունն ապահովելուն: Եթե եզրակացությունը ներկայացրած անձի համար դատարանի պարզաբանումն ունի ապացույցն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով որոշակի վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության մասին տեղեկացվելու նշանակություն, ապա գործին մասնակցող մյուս անձանց համար այն անհրաժեշտ է այդ ապացույցի ապացուցողական նշանակության մասին տեղեկացվելու և իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու համար:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության ներկայացուցիչը Դատարանին է ներկայացրել Եզրակացությունը, որը կատարվել է արտադատական կարգով՝ Ընկերության ներկայացուցչի նախաձեռնությամբ: Դատարանն այդ ապացույցի ապացուցողական նշանակությանն առնչվող հարցերը Ընկերությանն ու գործին մասնակցող մյուս անձանց հստակ և որոշակի չի պարզաբանել՝ ձեռնպահ մնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պարզաբանման գործողությունը կատարելուց:
Եզրակացության ապացուցողական նշանակությանն առնչվող հարցերն Ընկերության ներկայացուցչին հստակ և որոշակի պարզաբանելու գործողությունը տվյալ դեպքում կարևորվում է ապացուցման ենթակա փաստերի տեսանկյունից: Դատարանն Ընկերության վրա, ի թիվս այլնի, դրել է նաև ՀՀ, Տավուշի մարզի Աչաջուր և Ակնաղբյուր համայնքներում գտնվող մի քանի հողամասերով մշտական սերվիտուտ սահմանելու փաստի առկայությունը ապացուցելու պարտականություն: Եզրակացության ապացուցողական նշանակության կապակցությամբ Ընկերության ներկայացուցչին հստակ և որոշակի պարզաբանում չտալու պայմաններում նրա համար կանխատեսելի չի եղել, թե իր ներկայացրած Եզրակացությունն սերվիտուտ սահմանելու համար անհրաժեշտ նյութաիրավական որ փաստի հաստատմանն է ծառայելու և այն չկատարելու դեպքում առաջացող բացասական հետևանքները: Մինչդեռ Դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ վիճելի է մնացել ՀՀ, Տավուշի մարզի Աչաջուր և Ակնաղբյուր համայնքներում գտնվող մի քանի հողամասերով մշտական սերվիտուտ սահմանելու փաստի առկայությունը, որի ապացուցման պարտականությունը կրել է Ընկերությունը:
Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր սերվիտուտ սահմանելու համար անհրաժեշտ հիմքերի առկայության փաստերը հաստատելու հարցում Եզրակացության ոչ թույլատրելի ապացույց լինելու բացասական հետևանքը կրել է Ընկերությունը՝ այն պայմաններում, երբ Դատարանն այդ ապացույցի ապացուցողական նշանակության կապակցությամբ պարզաբանումներ չի կատարել, չի պարզաբանել համապատասխան հետևանքի առաջացումը և ապացուցման բեռը ընդհանրացված սահմանելու պայմաններում դատավարությունն իրականացրել է գործին մասնակցող անձանց, առավելապես՝ Ընկերության համար անկանխատեսելի եղանակով: Նշված հանգամանքն անտեսվել է և գնահատման առարկա չի դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը կիրառելու՝ Վերաքննիչ դատարանի 14.06.2022 թվականի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է ամբողջ ծավալով նոր քննության և գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2022 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Զեկուցող
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|