Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/1185/01/22

Գործ թիվ ԵԴ/1185/01/22

Նախագահող դատավոր՝  Դ. Բալայան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

28 դեկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Գագիկ Հովիկի Բաբալարյանի պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հուլիսի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արման Սարգսի Աշուղ-Ղարիբյանի և Գագիկ Հովիկի Բաբալարյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 2 դրվագ՝ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

2. Առաջին ատյանի դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով մեղադրյալ Գ.Բաբալարյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը, 2022 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Բաբալարյանի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել է 3 (երեք) երեք ամիս ժամկետով:

3. Վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ 2022 թվականի օգոստոսի 18-ին մեղադրյալ Գ.Բաբալարյանի մայրը՝ Սիրարփի Մանուկյանը, դիմել է իրեն՝ որդու պաշտպանությունն իրականացնելու համար, ինչի արդյունքում կնքվել է համապատասխան համաձայնագիր: Վերոնշյալ համաձայնագրի, իր նույնականացման քարտի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները 2022 թվականի օգոստոսի 18-ին մուտքագրվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի գրասենյակ:

Սակայն, Վերաքննիչ դատարանն առանց ստուգելու վերոնշյալ փաստական հանգամանքները, առանց քննության է թողել իր կողմից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը:

Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը, մեջբերելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ մեղադրյալ Գ.Բաբալարյանի պաշտպանը հանդիսանալու վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է իր պաշտպանյալի՝ դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը։

6. Միաժամանակ, բողոքաբերը, անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը, նշել է, որ այն հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու հավանական ռիսկը էականորեն նվազել է և հնարավոր է իր պաշտպանյալի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումները՝ արձանագրելով քրեադատավարական օրենքի էական խախտման փաստը և կայացնել դրանց փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Գ.Բաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ բողոքը բերել է բողոքարման իրավունք չունեցող անձը:

Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը՝ Կարեն Ալավերդյանը չի հանդիսանում քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Բաբալարյանի պաշտպանը, ուստի ԵԴ/1185/01/22 գործով Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»1։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

11. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:

12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:

12.1. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում8:

13. Սահմանադրական դատարանը՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) [Վ]երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»9։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը` 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը, քանի որ բողոք բերած անձը՝ Կարեն Ալավերդյանը, չի հանդիսանում քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Բաբալարյանի պաշտպանը10։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի՝ բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով և վերջինիս՝ իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն չտալով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է մեղադրյալի` դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

16. Բացի այդ, վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ 2022 թվականի օգոստոսի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի գրասենյակ է մուտքագրվել Գ.Բաբալարյանի պաշտպանությունը ստանձնելու նպատակով վերջինիս հետ տեսակցություն կազմակերպելու համար փաստաբան Կ.Ալավերդյանի դիմումը, համաձայն որի՝ դիմումին կցված են եղել նաև 2022 թվականի օգոստոսի 18-ի՝ մեղադրյալ Գ.Բաբալարյանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով վերջինիս մոր՝ Ս.Մանուկյանի, և փաստաբան Կ.Ալավերդյանի միջև կնքված համաձայնագրի, Կ.Ալավերդյանի նույնականացման քարտի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները11:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործի նյութերի հետ Վերաքննիչ դատարան չի ուղարկել 2022 թվականի օգոստոսի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի գրասենյակ մուտքագրված՝ 2022 թվականի օգոստոսի 18-ի՝ մեղադրյալ Գ.Բաբալարյանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով վերջինիս մոր՝ Ս.Մանուկյանի, և փաստաբան Կ.Ալավերդյանի միջև կնքված համաձայնագրի, Կ.Ալավերդյանի նույնականացման քարտի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները, որի արդյունքում հնարավորություն չի տրվել Վերաքննիչ դատարանին ստուգելու վերոնշյալ փաստարկները և ճիշտ որոշում կայացնելու:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը քննարկման առարկա չի դարձվել Վերաքննիչ դատարանում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Գագիկ Հովիկի Բաբալարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 15-16։

2 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

3 Տե՛ս նույն տեղում:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

9 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

11 Տե՛ս, նյութեր, հատոր 2-րդ թերթ 66:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան