Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ2/0009/11/19

Գործ թիվ ԿԴ2/0009/11/19

Նախագահող դատավոր՝  Ա. Բեկթաշյան

 

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

27 դեկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մարտի 11-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 66152819 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Լուսինե Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի վերը նշված որոշման դեմ Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը Կոտայքի մարզի դատախազության դատախազի՝ 2019 թվականի հունիսի 17-ի որոշմամբ մերժվել է:

2. Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է, և վարույթն իրականացնող մարմնի համար սահմանվել է պարտականություն՝ վերացնելու Լուսինե Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտումը։

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ1, և 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերը, համակարգային վերլուծության ենթարկելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասի, 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի և 144-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, փաստել է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու մասին որոշումը պետք է բովանդակի վերջինիս վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում։

6. Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի իրավակարգավորմամբ օրենսդիրը սահմանել է լրացուցիչ պարտականություն այն կասկածյալի կամ մեղադրյալի համար, ում նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, այլ ոչ թե սահմանել է խափանման միջոցի կիրառման ինքնուրույն հիմք։

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումները՝ բողոքի հեղինակը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-136-րդ, 144-րդ հոդվածների պահանջների, որոշում է կայացրել Լ.Կարապետյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին և որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշել է համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին: Ուստի այն օրինական է, հիմնավորված և չի հանգեցրել Լ.Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտման։

Միաժամանակ, բողոքաբերը նշել է, որ բողոքում բարձրացված հարաբերությունները կարգավորող դատավարական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Նախաքննության մարմինը 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ դիմող Լ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը՝ պատճառաբանելով, որ Լ.Կարապետյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, մինչդեռ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն իրավազոր է կանխելու վերջինիս ոչ պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում, ապահովելու դատավճռի կատարումը2։

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշման համաձայն՝ «(…) [Խ]ափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անդրադառնալ դրա պայմանների և հիմքերի առկայությանը: Խափանման միջոց ընտրելու պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Խափանման միջոցի պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ խափանման միջոցի հիմքերին, ըստ այդմ՝ նաև խափանման միջոցի տեսակի ընտրության հարցին: Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ խափանման միջոց ընտրելու պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը: Հիմնավոր կասկածի և խափանման միջոց կիրառելու մյուս պայմանների առկայությունը հաստատված համարելուց հետո միայն վարույթն իրականացնող մարմինը պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում այն մասին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը:

Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի ընթացքում կիրառված հարկադրանքի միջոցի օրինականության ու հիմնավորվածության ստուգման արդյունքներով դատարանը`

ա) պետք է արձանագրի հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը,

բ) պետք է պարզի հարկադրանքի միջոց կիրառելու մյուս պայմանների առկայությունը,

գ) այն դեպքում, երբ դատարանը կհանգի այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա է անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, և միաժամանակ խափանման միջոց ընտրելու մյուս պայմանները նույնպես առկա են, ապա պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ դատարանի հետևությունը ևս պետք է հիմնավորված լինի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով:

Սույն գործով դատական նիստի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է, որ քրեական գործի նյութերը հանդիսանում են նախաքննական գաղտնիք և նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը, հետևաբար՝ քրեական գործից չի կարող Դատարանին ներկայացնել Լուսինե Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հնարավոր չէ արձանագրել և հաստատված համարել խափանման միջոց կիրառելու պայմանի՝ Լուսինե Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը:

Նկատի ունենալով, որ պաշտպանի բողոքում վիճարկվել է նաև խափանման միջոցը կիրառելու հիմքերի իրավաչափությունը, ուստի Դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այդ հարցին: (…) [Ս]տորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման նպատակը բացառապես քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ներկայության ապահովումն է, քանի որ դրա կիրառմամբ սահմանափակվում է բացառապես անձի ազատ տեղաշարժման իրավունքը: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի հիման վրա կասկածյալի կամ մեղադրյալի վրա կարող է դրվել ընդամենը մեկ պարտականություն, այն է՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չմեկնել այլ տեղանք կամ չփոխել բնակության վայրը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին: Մինչդեռ, բողոքարկվող որոշմամբ քննիչը հետևություն է կատարել այն մասին, որ Լուսինե Կարապետյանը կարող է դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը և եզրահանգել է, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է կանխել նրա ոչ պատշաճ վարքագիծը:

Գնահատման ենթարկելով վարույթն իրականացնող մարմնի կողմից Լուսինե Կարապետյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու հիմքի իրավաչափությունը՝ Դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը չի կարող հիմք ծառայել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածում այդպիսի պայման նախատեսված չէ: Բացի այդ, Դատարանի գնահատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը չի կարող չեզոքացնել դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, ըստ այդմ՝ այդպիսի ռիսկի առկայության պայմաններում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը գործի քննության ընթացքում:

Դատարանը նաև հաշվի է առնում դատական նիստի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի հայտարարություններն առ այն, որ Լուսինե Կարապետյանի թաքնվելու կամ նրա կողմից բնակության վայրը փոխելու մասին հետևություններ կատարելու համար փաստական տվյալներ առկա չեն:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի կիրառման հիմքում վարույթն իրականացնող մարմինը դրել է ոչ իրավաչափ հիմք, կայացրել է անհիմն և չպատճառաբանված որոշում, որի արդյունքում խախտվել է Լուսինե Կարապետյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Նման պայմաններում Դատարանն արձանագրում է նաև, որ բողոքը քննարկելու մասին դատախազի 2019 թվականի հունիսի 17-ի որոշումը նույնպես հիմնավորված չէ: (…):

Ամփոփելով վերոգրյալը և նկատի ունենալով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու պայմանների և հիմքի բացակայությունը՝ Դատարանն արձանագրում է, որ խափանման միջոց ընտրելու մասին (…) որոշումն օրինական և հիմնավորված չէ, այն հանգեցրել է Լուսինե Կարապետյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչը վերացնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հարցի կապակցությամբ առկա է հակասական իրավակիրառ պրակտիկա։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված խափանման միջոցի իրավաչափության վիճարկման կառուցակարգի հստակեցման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր, ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային լինել միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք ստորադաս դատարանների պատճառաբանություններն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, Լ.Կարապետյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է:

13. ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

(…)

4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:

13.1. ՀՀ Սահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 4-ի թիվ ՍԴՈ-1360 որոշման շրջանակներում արձանագրել է իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանի Հանրապետությունում անձի տեղաշարժվելու իրավունքի՝ քննարկման առարկա հանդիսացող սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու և քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները և սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այդ իրավունքը բացարձակ չէ, և այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ և համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային և մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում՝ առանց նվազեցնելու և ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու և քաղաքացու անհատական ազատության ծավալները և սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները և սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին4:

14. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 4 արձանագրության` «Տեղաշարժի ազատությունը» վերտառությամբ 2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք։

3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով»:

14.1. Վերոնշյալ հոդվածով երաշխավորված՝ անձի տեղաշարժի ազատության իրավունքի պաշտպանության համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) Bulea v. Romania գործով ընդունել է, որ այն միջոցը, որը նպատակ ուներ սահմանափակել հանցագործության մեջ մեղադրվող և հետագայում դատապարտված անձի արտասահման մեկնելը, հետապնդում էր արդարադատության պատշաճ իրականացման և դիմումատուի ներկայությունը դատավարության ընթացքում ապահովելու օրինական նպատակներ5:

Խնդրո առարկա հիմնական հարցն այն է, թե արդյոք արգելքն «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակության մեջ»՝ այդ նպատակներին հասնելու տեսանկյունից: Այդ հարցում Եվրոպական դատարանը նշում է, որ թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ իշխանությունները պարտավոր են ապահովել, որ անհատի՝ իր երկիրը լքելու իրավունքի ցանկացած սահմանափակում ի սկզբանե և դրա ողջ ընթացքում լինի հիմնավորված և համաչափ։ Այդ գնահատականը սովորաբար պետք է ենթակա լինի վերանայման դատարանների կողմից, քանի որ նրանք լավագույն երաշխիքն են, որ դատավարությունը կլինի անկախ, անաչառ և օրինական: Նրանց վերանայման շրջանակը պետք է հնարավորություն ընձեռի հաշվի առնել ներգրավված բոլոր գործոնները6։

Դատարանը նշել է, որ նախկինում մի շարք գործերով, երբ այս պարտավորությունը դրվել է չորս տարի երեք ամիս և չորս տարի տասը ամիս տատանվող ժամկետներով, դատարանը, հաշվի առնելով նաև յուրաքանչյուր գործի այլ հատուկ հանգամանքները, գտել է, որ դիմումատուների տեղաշարժի ազատության սահմանափակումն անհամաչափ չէր7։

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խափանման միջոցի կիրառման միայն տևողությունը բավարար չէ եզրակացնելու, որ այն անհամաչափ է։ Որոշելու համար, թե արդյոք արդար հավասարակշռություն է պահպանվել քրեական դատավարության պատշաճ վարման ընդհանուր շահի և ազատ տեղաշարժվելու դիմումատուի անձնական շահի միջև, դատարանը պետք է պարզի, թե արդյոք դիմումատուն իրական շահագրգռվածություն ուներ լքելու իր բնակության երկիրը կամ իրականում ձգտել է հեռանալ, և եթե այո, արդյոք մերժվել է դա անելու թույլտվություն տալը8։

Խնդրո գործով դատարանն անձի տեղաշարժի ազատության իրավունքի խախտում չի արձանագրել՝ գտնելով, որ ապահովվել են դատավարական բոլոր երաշխիքները, դիմումատուն հնարավորություն է ունեցել դատարաններում վիճարկելու խափանման միջոցի երկարաձգված կիրառումը` նախ պնդելով, որ այդ միջոցն իրեն խանգարել է աշխատանքի տեղավորվել, իսկ այնուհետև այն թույլ չի տվել կատարել իր աշխատանքը, որը ներառում էր արտասահման մեկնելը9:

14.2․ Վերոնշյալ իրավական դիրքորոշումները և անձի տեղաշարժի ազատության իրավունքի խախտման առկայությունը գնահատելու մոտեցումները հիմնված են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նույնաբնույթ մի շարք այլ, այդ թվում՝ Gochev v. Bulgaria10, Fedorov and Fedorova v. Russia11, Antonenkov and others v. Ukraine12 գործերի վրա։ Նշված գործերով դատարանը մշտապես կիրառել է անձի տեղաշարժի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության գնահատման եռաստիճան թեստը՝ բաղկացած հետևյալ հարցերից.

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

- արդյո՞ք սահմանափակումը բավարար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար, այլ կերպ ասած` համաչափության պահանջը13: Նշված պահանջի համատեքստում դատարանը գնահատել է գործի այն փաստական հանգամանքները, ելակետային տվյալները, որոնք հիմք են որոշելու անձի տեղաշարժի ազատության իրավունքին միջամտության արդարացվածությունը։

14.3. Միաժամանակ, թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խափանման միջոցի տևողությունը բավարար գործոն չի համարում այն անհամաչափ որակելու համար, սակայն դրա չափազանց երկար կիրառումը նույնպես կարող է ունենալ վճռորոշ նշանակություն՝ հատկապես, եթե պայմանավորված չէ մեղադրյալի վարքագծով։ Այսպես, Եվրոպական դատարանը Luordo v. Italy գործով նշել է, որ դիմումատուի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը կարող է համարվել անհիմն, հատկապես, եթե դատավարությունը ձգձգվում է, ինչպես դա տեղի է ունեցել տվյալ դեպքում, երբ դատավարությունը տևել է տասնչորս տարի ութ ամիս: Այդ կապակցությամբ, հղում անելով թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ իր եզրակացություններին՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դատավարության ձգձգումները չեն վերագրվել դիմումատուի տան վաճառքի ձախողված փորձերին կամ նրա վարքագծին: Հետևաբար, երբ որևէ հիմնավորում չկար սահմանափակելու դիմումատուի ազատ տեղաշարժի իրավունքը դատավարության ողջ տևողության համար, քանի որ, թեև սկզբունքորեն բնակության վայրից հեռանալու իրավունքի սահմանափակումն անհրաժեշտ էր հետապնդվող նպատակին հասնելու համար, սակայն ժամանակի ընթացքում այդ անհրաժեշտությունը նվազում է։ Թեև գործի նյութերում չկա որևէ բան, որը ցույց է տալիս, որ դիմումատուն ցանկացել է հեռանալ իր բնակության վայրից կամ մերժվել է դա անելու թույլտվության տրամադրումը, դատարանի կարծիքով, դատավարության տևողությունը խախտել է հավասարակշռությունը, որը պետք է պահպանվեր՝ սնանկության պարտատերերի վճարումն ապահովելու ընդհանուր շահի և ազատ տեղաշարժվելու՝ դիմողի անձնական շահի հարաբերակցության համատեքստում։ Ուստի, դատարանը գտել է, որ դիմումատուի ազատությանը միջամտությունը համապատասխանաբար անհամաչափ էր հետապնդվող նպատակին14:

15. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար: (…)»։

15.1. Մարդու իրավունքների կոմիտեն, անդրադառնալով վերոնշյալ հոդվածով երաշխավորված՝ տեղաշարժի ազատությանը, նշել է, որ այդ իրավունքի սահմանափակումները պետք է համապատասխանեն դաշնագրով սահմանված պահանջներին, իսկ անդամ պետություններն իրենց զեկույցներում պետք է ներառեն տեղեկատվություն նաև իրավական պաշտպանության հնարավորությունների մասին, երբ 12-րդ հոդվածով նախատեսված իրավունքները սահմանափակվում են15։

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին»:

ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման (2019 թվականի խմբագրությամբ) 1-ին հավելվածի համաձայն՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրները ներառում են Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներ` «քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին»։

17. Սույն որոշման 13-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել այս խափանման միջոցի դերն ու իրավական նշանակությունը քրեական արդարադատության համակարգում, որին կարող է թղթակցել անձի դատական բողոքարկման իրավունքը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի պաշտպանության նկատառումներով։

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով օրենսդրի կողմից սահմանված խափանման միջոցների համակարգում՝ չհեռանալու մասին ստորագրությունն ունի անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտություն։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ չհեռանալու մասին ստորագրությունն ըստ էության արտահայտում է գրավոր եղանակով ամրագրված անձի «խոստումն» առ այն, որ նա պարտավորվում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամանակահատվածում գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ։ Այն հոգեբանական հարկադրանքի միջոց է, որը գրավոր եղանակով տրված՝ չբացակայելու «խոստման» ուժով կաշկանդում է մեղադրյալին մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։ Ուստի, ի տարբերություն ֆիզիկական հարկադրանքի միջոցների, օրինակ՝ անձի ազատության իրավունքը սահմանափակող՝ կալանավորում խափանման միջոցի, չհեռանալու մասին ստորագրությունը, որպես խափանման միջոց, ինքնին չի հանգեցնում անձի հիմնարար իրավունքի խախտման։

Նման պայմաններում, նկատի ունենալով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրվում է անձի առերևույթ խախտված իրավունքների առկայության դեպքում՝ խախտումը վերացնելու նպատակով, իսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձի՝ չհեռանալու մասին «խոստումը» ինքնին չի վկայում այդպիսի խախտման առերևույթ առկայության մասին, այն չի կարող դառնալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։ Այլ կերպ, քրեական վարույթի ընթացքում չհեռանալու մասին ստորագրություն տված անձը չի կարող պարզապես բողոք ներկայացնել դատարան՝ պահանջելով վերացական վերահսկողության ենթարկել իր կողմից տրված ստորագրության ուժով կիրառված խափանման միջոցի իրավաչափությունը։ Վերացական վերահսկողության պարագայում բացակայում են դրա կիրառման իրավաչափությունը ստուգման ենթարկելու ելակետային տվյալները, որպիսի պայմաններում անհնար է դառնում գործադրել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը։

18. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում անդրադառնալ կոնկրետ վերահսկողության այն դեպքերին, երբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ սահմանափակվում է անձի՝ այլ տեղանք մեկնելու, մշտական բնակության վայրը փոխելու կամ ՍԷԿՏ համակարգում համապատասխան տվյալների մուտքագրմամբ անձի՝ ՀՀ պետական սահմանը հատելու հնարավորությունը՝ հանգեցնելով անձի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման։ Այս դեպքերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սույն որոշման 14.1-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումներին համապատասխան, առաջ է գալիս անկախ, անաչառ և օրինական երաշխիքների ապահովմամբ՝ կոնկրետ վերահսկողության համատեքստում կիրառված սահմանափակման իրավաչափությունը դատական ստուգման ենթարկելու և իրավական պաշտպանություն հայցելու անհրաժեշտություն։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պարագայում անձն իրավասու է բարձրացնել իր նկատմամբ կիրառված արգելքի իրավաչափության հարցը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի գործադրման համար անհրաժեշտ պայմանի՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի առերևույթ խախտման առկայության ուժով։

19. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելիս, խնդրո հարցի համատեքստում, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման առարկան չի կարող ներառել կալանքի կիրառման իրավաչափության ստուգման առարկային բնորոշ բոլոր տարրերը։ Մասնավորապես, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանների և հիմքերի վերաբերյալ օրենսդրական պահանջները և դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված մոտեցումները չեն կարող մեխանիկորեն կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի նկատմամբ։

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ինչպես կալանավորումը, այնպես էլ չհեռանալու մասին ստորագրությունը ներառված են քրեադատավարական խափանման միջոցների նույն համակարգում և միտված են միևնույն նպատակին՝ անձի ոչ պատշաճ վարքագծի կանխմանը, սակայն, ելնելով դրանց ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, դրանց կիրառմանը ներկայացվող պահանջներն անհամեմատելիորեն տարբեր են։ Այսպես, եթե կալանքի դեպքում՝ ելնելով անձի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանությունից ու ազատության իրավունքի կանխավարկածից, պահանջվում են ծանրակշիռ հիմնավորումներ դրա կիրառումն արդարացնելու համար, ապա չհեռանալու մասին ստորագրության կիրառումն այդպիսի հիմնավորումներ չի պահանջում։ Դրա կիրառման անհրաժեշտությունը ծագում է քրեական հետապնդման ներքո գտնվելու ուժով՝ կատարման ենթակա քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելու նպատակով։ Այլ կերպ, այն վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու պարտավորության իրականացման երաշխիք է։ Նշվածը որպես իրավաչափ նպատակ է դիտարկում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը16։

20. Տվյալ պարագայում, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության առարկան բաղկացած է սույն որոշման 14.1.-րդ կետում նշված և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիմքում ընկած՝ եռաստիճան թեստից՝ բաղկացած հետևյալ հարցերից.

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

- արդյո՞ք սահմանափակումը բավարար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար, այն է` համաչափության պահանջը։

Համաչափության պահանջի առումով կարևոր է նկատի ունենալ, որ դրա նպատակն է ապահովել կոնկրետ գործի պատշաճ քննության հանրային շահի և մեղադրյալի ազատ տեղաշարժվելու մասնավոր շահի հավասարակշռված պաշտպանությունը։ Ուստի, համաչափության սկզբունքի գնահատման առումով դատարանի խնդիրը պետք է լինի պարզել, թե արդյոք մեղադրյալն իրական շահագրգռվածություն ուներ լքելու իր մշտական բնակության վայրը (երկիրը) կամ իրականում ձգտել է հեռանալ, և եթե այո, արդյոք իրավաչափորեն է դա մերժվել։ Նման պարագայում, դատարանը պետք է ա) ուսումնասիրի մեղադրյալի՝ մշտական բնակության վայրը փոխելու կամ երկիրը լքելու պատճառները, բ) գնահատի դրանց հարաբերակցությունը գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի հետ, և գ) որոշի, թե արդյո՞ք դրանք այն աստիճան ծանրակշիռ են, որ գերակայում են հանրային շահի պաշտպանության նկատմամբ, կամ եթե ծանրակշիռ չեն, արդյո՞ք վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի հետագա գտնվելու անհրաժեշտության պահանջը շարունակում է արդարացված լինել։

21. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացական վերահսկողության առարկա դառնալ չի կարող։ Այն կարող է կոնկրետ վերահսկողության ենթարկվել, երբ, ելնելով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ իրականացված միջամտությունից, մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն լքելու իր մշտական բնակության վայրը (երկիրը) կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն։ Նման պայմաններում կարող է գնահատման ենթարկվել գործի պատշաճ քննության ապահովման համար հանրային շահի և մեղադրյալի ազատ տեղաշարժվելու մասնավոր շահի հավասարակշռված պաշտպանությունը։

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Լ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը17,

- նախաքննության մարմնի վերը նշված որոշման դեմ Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը Կոտայքի մարզի դատախազության դատախազի՝ 2019 թվականի հունիսի 17-ի որոշմամբ մերժվել է18,

- Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է, և վարույթն իրականացնող մարմնի համար սահմանվել է պարտականություն՝ վերացնելու Լ.Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտումը։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկան կազմում են խափանման միջոցի կիրառման պայմանների և հիմքերի առկայության ստուգումը։ Տվյալ պարագայում դատարանը գտել է, որ հնարավոր չէ արձանագրել և հաստատված համարել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու պայմանի՝ Լ.Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը: Այնուհետև, քննարկման առարկա դարձնելով դրա կիրառման հիմքերի առկայության հարցը՝ դատարանը գտել է, որ խափանման միջոցի կիրառման հիմքում վարույթն իրականացնող մարմինը դրել է ոչ իրավաչափ հիմք, կայացրել է անհիմն և չպատճառաբանված որոշում, որի արդյունքում խախտվել է Լ.Կարապետյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը19,

- Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մերժելով դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին20։

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանների և հիմքերի վերաբերյալ օրենսդրական պահանջները և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված մոտեցումները մեխանիկորեն կիրառել են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի նկատմամբ։

Այսպես, ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում չեն անդրադարձել այն հարցին, թե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում Լ.Կարապետյանի նկատմամբ կիրառված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը նրա կոնկրետ ո՞ր իրավունքի խախտման է հանգեցրել։ Փոխարենը, ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվելու «խոստման» շրջանակներում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը, վերագրել դրան կալանավորման կիրառման բոլոր հնարավոր պայմանները, այնուհետև, հիմնավոր կասկածի բացակայությունն արձանագրելու պարագայում անցել են հիմքերի առկայության հարցի քննարկմանը։ Մինչդեռ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ի տարբերություն կալանավորման, որի կիրառողը դատարանն է, ուստի ստուգում է դրա հիմքերի և պայմանների առկայությունը, չհեռանալու մասին ստորագրության դեպքում, դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակներում, կարող է լինել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ կիրառված խափանման միջոցի իրավաչափության ստուգողը՝ անձի իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումը վերականգնելու համատեքստում։

Նման պայմաններում, դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից, և իրենց դատական ակտերում չեն անդրադարձել այն հարցին, թե տվյալ դեպքում արդյոք առկա՞ էր անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ միջամտություն, արդյոք դիմողն ունե՞ր իրական շահագրգռվածություն փոխելու բնակության վայրը կամ լքելու իր բնակության երկիրը, և արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվե՞լ էր այդպիսի թույլտվություն ստանալու նրա խնդրանքը։ Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից իրականացվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացական վերահսկողություն, առանց հիմնավորելու, որ տվյալ դեպքում կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է։

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների պատճառաբանություններն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, Լ.Կարապետյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է, հիմնավոր չեն։

24. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ, 278-րդ և 290-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միաժամանակ, թեև վճռաբեկ բողոքի հեղինակը Վճռաբեկ դատարանից խնդրել է գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, սակայն, տվյալ պարագայում, բացակայում է լրացուցիչ քննություն կատարելու անհրաժեշտությունը՝ սույն որոշմամբ սահմանված չափանիշների բացակայության պատճառով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Լուսինե Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքի վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և փոփոխել։

2. Դիմող Լուսինե Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 17։

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 59-68:

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 4-ի թիվ ՍԴՈ-1360 որոշումը, կետ 6:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bulea v. Romania գործով 2013 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 27804/10, կետ 59:

6 Տե՛ս նույն տեղում, կետ 60:

7 Տե՛ս նույն տեղում, կետ 61:

8 Տե՛ս նույն տեղում, կետ 62:

9 Տե՛ս նույն տեղում, կետ 63:

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gochev v. Bulgaria գործով 2009 թվականի նոյեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 34383/03:

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Fedorov and Fedorova v. Russia գործով 2005 թվականի հոկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 31008/02:

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Antonenkov and others v. Ukraine գործով 2005 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 14183/02:

13 Տե՛ս նույն տեղում։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, կետ 96:

15 Տե՛ս Office for the High Commissioner for Human Rights, CCPR General Comment №27, Article 12 (Freedom of Movement), Adopted at the Sixty-seventh session of the Human Rights Committee, on 2 November 1999։

16 Տե՛ս սույն որոշման 14.1-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

18 Տե՛ս նույն տեղում։

19 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

20 Տես սույն որոշման 10-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան