Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.01.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԼԴ/0130/01/13

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

16 հունվարի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սամվել Աշոտի Դիլոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 16-ի որոշման դեմ պաշտպան Մ.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով Սամվել Աշոտի Դիլոյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի փետրվարի 6-ից:

Նույն դատական ակտով դատապարտվել է նաև Արտակ Սամվելի Վերանյանը։

2. Պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Դիլոյանի պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

4. 2021 թվականի օգոստոսի 26-ին Ս.Դիլոյանի պաշտպան Մ.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը և խախտվել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

Բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանները մեղադրական դատական ակտերի հիմքում դրել են այնպիսի թույլատրելի և արժանահավատ ապացույցներ, որոնց առկայության պայմաններում Ս.Դիլոյանը ենթակա է եղել արդարացման: Այսպես՝ գործում առկա և դատական ակտերում վկայակոչված փորձաքննությունների եզրակացություններով հաստատվում է, որ տուժողի մարմնի վրա առկա է ընդամենը մեկ հարվածի հետք, որն էլ եղել է վերջինիս մահվան պատճառը, ընդ որում՝ տուժողի մահը մեկ հարվածի արդյունքում վրա հասնելու հանգամանքը հաստատված է համարվել նաև ստորադաս դատարանների կողմից՝ միաժամանակ հաստատված համարվելով, որ այդ մեկ հարվածը հասցվել է Ա.Վերանյանի կողմից։ Բացի այդ, փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ կոնտակտային շփում եղել է միայն տուժողի և Ա.Վերանյանի միջև, իսկ Ս.Դիլոյանի հետ այն հերքվել է։ Ավելին՝ դատաքննության ընթացքում հարցաքննված բոլոր վկաները ևս հերքել են Ս.Դիլոյանի առնչությունը տուժողի մահվան դեպքին և հաստատել, որ դեպքի օրը տուժողի հետ վիճաբանել է բացառապես Ա.Վերանյանը։

5.1. Բողոքի հեղինակն անդրադարձել է նաև վկաներ էդվարդ Խլղաթյանի, Հայկ Ասլիկյանի, Կարեն Խեչոյանի նախաքննական առաջին ցուցմունքների թույլատրելիության հարցին և նշել, որ վերջիններս վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման, այնուհետև առանց որոշման կայացման անձնական խուզարկության ենթարկվելուց հետո, փաստացի գտնվել են կասկածյալի կարգավիճակում, սակայն հարցաքննվել են որպես վկա, հետևաբար նրանց այդ օրվա ցուցմունքներն այդ հիմքով անթույլատրելի ապացույցներ են։ Բացի այդ, Է.Խլղաթյանի և Կ.Խեչոյանի նախաքննական սկզբնական ցուցմունքների թույլատրելիությունը գնահատելիս, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ հարցաքննության արձանագրություններում առկա են մեխանիկական ջնջումներ։

Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ խախտվել է գրեթե բոլոր վկաներին հարցաքննության կանչելու դատավարական կարգը. վերջիններս կանչվել են հեռախոսազանգի միջոցով, բացի այդ եղել են վկաներ, որոնց տեղափոխումը կազմակերպվել է ոստիկանական մեքենաներով, ինչը վկայում է այն մասին, որ քննիչը նրանց հետ գտնվել է արտադատավարական կապի մեջ։

5.2. Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ չի ապահովվել ամբաստանյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հետ առերեսվելու կոնվենցիոն և սահմանադրական իրավունքը։ Մասնավորապես, բողոք բերած անձը փաստարկել է, որ քննիչը, բավարարելով վկա Կ.Խեչոյանի դիմումն առ այն, որ վերջինս չի ցանկանում առերեսվել Ս.Դիլոյանի հետ, չի կատարել օրենքով ամրագրված իր պարտականությունը և խախտել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը։

Բողոք բերած անձը նշել է նաև, որ սույն քրեական գործով վկաներ Հրանտ Ասլիկյանը, Տիգրան Խլղաթյանը և տուժողի նախկին իրավահաջորդ Սաթիկ Սարգսյանը դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել, և նրանց հետ առերեսում չի կատարվել, հետևաբար նրանց ցուցմունքները պետք է համարվեին անթույլատրելի ապացույցներ։

Բողոքաբերը փաստել է, որ վկաներ Տաթևիկ և Անժելա Ասլիկյանների, Տիգրան Մանուչարյանի, տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանի, Օֆելյա Աֆիցերյանի և Ալվարդ Եղիկյանի նախաքննական ցուցմունքները նույնպես չէին կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ մինչդատական վարույթի ընթացքում պաշտպանական կողմը զրկված է եղել այդ վկաների ցուցմունքները վիճարկելու հնարավորությունից, իսկ դատաքննության ընթացքում, երբ ապահովվել է պաշտպանական կողմի՝ առերես հարցեր տալու իրավունքը, այդ վկաները տվել են իրականությանը համապատասխանող ցուցմունքներ, որոնցում չեն պարունակվել այնպիսի տեղեկություններ, որ Ս.Դիլոյանը մասնակցել է Ս․Շարբաթյանի և Ա.Վերանյանի վիճաբանությանը։

Բողոքի հեղինակը, անդրադառնալով բուժքույր Էլլա Կոստանյանի դատաքննական ցուցմունքին, նշել է, որ երբ հրապարակվել է վերջինիս նախաքննական ցուցմունքը, մեղադրող կողմը մի քանի հարցեր է տվել, իսկ երբ հերթը հասել է պաշտպանական կողմի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր տալու իրավունքն իրացնելուն, վկան հանկարծ իրեն վատ է զգացել, և նրա հարցաքննությունը մեղադրողի միջնորդությամբ դադարեցվել և ավարտվել է։

5.3. Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի, ստորադաս դատարանների դատական ակտերում նշված հանցակցության ինստիտուտն ամբողջությամբ անհամատեղելի է սույն քրեական գործի փաստական հանգամանքների հետ, ինչից բխում է, որ Ս.Դիլոյանն անմեղ է եղել, դատապարտվել է անհիմն և ենթակա է արդարացման։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, Ս.Դիլոյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, արձանագրել է հետևյալը. «(…) [Վկաներ Ազատ Խլղաթյանի, Տաթևիկ և Անժելա Ասլիկյանների] ցուցմունքները որպես ապացույց մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, քանի որ (…) ձեռք [են] բերվել տվյալ քրեական գործով համապատասխան քննչական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից։

(…)

Գործով հավաքված թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ ստուգմամբ, ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում, ներքին համոզմամբ դատարանը եկավ այն եզրահանգման, որ նախաքննական մարմնի կողմից Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի կատարած արարքը որակվել է ճիշտ: (…)

Դատարանը հաստատված է համարում, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ Արտակ Վերանյանը, Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը 2012թ. նոյեմբերի 17-ին նույն քաղաքի բնակիչ, իրենց ծանոթ Էդվարդ Խլղաթյանի միջոցով Վանաձոր քաղաքի «Էլդորադո» ռեստորանում ծանոթացել են Երևան քաղաքի բնակիչ Սամվել Շարբաթյանի հետ: Վերջինս տեղյակ լինելով, որ Արտակ Վերանյանը համակրում է իր քրոջ դստերը` Տաթևիկ Ասլիկյանին, ցանկություն է հայտնել ծանոթանալու նրա հետ: Ռեստորանում մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում եկել [են] պայմանավորվածության, որ Արտակ Վերանյանը չի անհանգստացնելու Տաթևիկին, մինչ որ վերջինիս հայրը (…) Հայաստան չվերադառնա:

Հաջորդ օրը կրկին, կեսօրին, վերը նշված անձինք հանդիպել են և մի քանի ժամ ճաշել միասին, այս անգամ Է.Խլղաթյանին պատկանող Վանաձոր քաղաքի «Մուշ» ռեստորանում՝ կրկին Սամվել Շարբաթյանի նախաձեռնությամբ: Վերջինս ռեստորան է հրավիրել նաև Տաթևիկի եղբորը՝ Հայկին: (…) Արեն Վերանյանը կարճ ժամանակ նստելով նրանց հետ, հեռացել է իր անձնական գործերով: Երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, երբ ճաշկերույթը գրեթե մոտեցել էր ավարտին Սամվել Շարբաթյանը կրկին անդրադառնալով իրենց նախորդ օրվա պայմանավորվածությանը, ասել է, որ կպատժի պայմանը խախտողին և հայհոյել է այդ անձի հասցեին: Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը հանդիմանել են նրան հայհոյելու կապակցությամբ: Միջամտել է նաև Էդվարդ Խլղաթյանը, ով այդ պահին ներս է մտել սենյակ և դրա շուրջ խոսակցությունը դադարել է: Էդվարդ Խլղաթյանը կրկին դուրս է եկել սենյակից, խոսակցությունը վերսկսվել է, որն աստիճանաբար վերածվել է վիճաբանության: Արտակ Վերանյանը, Սամվել Դիլոյանը և Սամվել Շարբաթյանը վիճաբանելով դուրս են եկել ռեստորանի բակ, նրանց հետևից դուրս է եկել նաև Հայկ Ասլիկյանը: Ռեստորանի բակում վիճաբանությունը շարունակվել է, որի ընթացքում Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել է Սամվել Դիլոյանի դեմքին ու հայհոյել: Վերջինս ի պատասխան հարվածել է Սամվել Շարբաթյանի դեմքին ու հայհոյել: Միջամտել է Արտակ Վերանյանը: Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել է նաև Արտակ Վերանյանի դեմքին ու սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Դիլոյանի ու Վերանյանի հասցեին, այդ թվում նրանց «մայր» է հայհոյել: Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ քաշքշուկի ու կռվի: Սամվել Շարբաթյանի կողմից դրսևորած հակաբարոյական վարքագծի հետևանքով նրանց միջև կռվի ընթացքում հանկարծակի ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ, ամբաստանյալները պահանջել են հայհոյանքները դադարեցնել, սակայն Սամվել Շարբաթյանը շարունակել է հայհոյել, նաև նրանց ծնողների հասցեին, նրան լռեցնելու նպատակով Արտակ Վերանյանը և Սամվել Դիլոյանը շարունակել են հարվածներ հասցնել Սամվել Շարբաթյանի մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում Սամվել Շարբաթյանի դիմադրությունն ի վերջո կոտրվել է ու նա տապալվել է գետնին: Կռվի ընթացքում Արտակ Վերանյանը Սամվել Շարբաթյանի ձեռքից խլելով օդամղիչ ատրճանակը, Սամվել Շարբաթյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շեշտակի հարվածել է նրա կենսականորեն կարևոր օրգաններից մեկին՝ գլխին՝ քթարմատի շրջանում, որի հետևանքով առաջացել է գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում՝ պայմանավորված գանգուղեղային փակ, բութ տրավմայի, քթի հիմի շրջանի արյունազեղման` զույգ ակնակապիճների շրջանների արյունահավաքների, քթի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքների, գլխուղեղի կարծրենու, փափուկ թաղանթի, ուղեղանյութի տարածուն արյունազեղումների, գանգի հիմի ոսկրերի գծային կոտրվածքի հետ:

Մինչ Սամվել Շարբաթյանին գետնին տապալելը Հայկ Ասլիկյանը փորձել է միջամտել, սակայն հասկանալով, որ անզոր է դադարեցնել կռիվը, ներս է վազել և օգնության է կանչել Էդվարդ Խլղաթյանին: Վերջինս դուրս գալով ռեստորանի բակ և տեսնելով, որ Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցնում գետնին ընկած Սամվել Շարբաթյանին, մոտեցել է կռվողներին, մի կողմ է քաշել Սամվել Դիլոյանին ու տեսել, որ Արտակ Վերանյանն ընկած է Սամվել Շարբաթյանի վրա:

Այդ ժամանակ անգամ Սամվել Դիլոյանը ոչ միայն չի հորդորել Արտակ Վերանյանին դադարեցնել կռիվը, այլ գոռացել է. «Խփեք դրան, սատկացրեք»: Ի վերջո Էդ[վ]արդ Խլղաթյանի միջամտությամբ կռիվը դադարել է, Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը թողնելով արդեն իսկ անգիտակից վիճակում գետնին ընկած Սամվել Շարբաթյանին, նստել են ռեստորան վերադարձած Արեն Վերանյանի վարած ավտոմեքենան և հեռացել: Նրանց հեռանալուց հետո անգիտակից վիճակում գտնվող Սամվել Շարբաթյանին տեղափոխել են ռեստորանի սենյակներից մեկը, շտապօգնություն կանչել, սակայն Սամվել Շարբաթյանն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Շտապօգնության բժիշկը հասնելով դեպքի վայր և զննելով վերջինիս, հայտարարել է, որ նա արդեն իսկ մահացել է:

(…)

Այն, որ Արտակ Վերանյանը և Սամվել Դիլոյանը խմբով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել Սամվել Շարբաթյանին, հիմնավորվել է դեպքին ականատես վկաներ Հայկ Ասլիկյանի, Էդվարդ Խլղաթյանի, Կարեն Խեչոյանի նախաքննական ցուցմունքներով: Նաև Սաթիկ Սարգսյանի, Հասմիկ Մանուչարյանի և Հրանտ Ասլիկյանի ցուցմունքներով, որոնք մատնանշելով տեղեկատվության աղբյուրը հայտնել են, որ դեպքից հետո Հայկ Ասլիկյանը իրենց պատմել է, թե ովքեր և ինչպես են ծեծի ենթարկել Սամվել Շարբաթյանին:

Վկաներ Էդվարդ Խլղաթյանի, Կարեն Խեչոյանի և Հայկ Ասլիկյանի դատաքննական ցուցմունքները արժանահավատ չեն, արժանահավատ են նրանց նախաքննական ցուցմունքները (…):

Ըստ գործի նյութերի Էդվարդ Խլղաթյանը նախաքննության ընթացքում հարցաքննվել է բազմիցս՝ 19.11.2012թ. դեպքից անմիջապես հետո, ապա լրացուցիչ ցուցմունք է տվել 21.11.2012թ., 04.04.2013թ., առերես հարցաքննվել է Ս.Դիլոյանի հետ 08.04.2013թ. ապա լրացուցիչ հարցաքննվել է [10].04.201[3]թ.: Նա իր ցուցմունքներում մշտապես նշել է, որ Դիլոյանին կռվողների մոտից հեռացնելուց հետո վերջինս գոռացել է, թե խփեք սատկացրեք դրան: Դիլոյանի հետ առերեսման ժամանակ, երբ վերջինս ժխտել է նման կոչեր անելու հանգամանքը ասելով, թե գոչել է «սաստեք» դրան, քանի որ հայհոյում էր, Է.Խլղաթյանը չի բացառել, որ հնարավոր է խառնաշփոթի մեջ ինքը «սատկացրեք» բառը շփոթած լինի «սաստկացնել» բառի հետ: Դատաքննության ժամանակ այդ հանգամանքի կապակցությամբ հայտնեց, թե ինքը լսել է «սատկացրեք» բառը, բայց հավատալով Դիլոյանին, չի բացառում, որ նա ասած լինի «սաստկացրեք» արտահայտությունը: Խլղաթյանի ցուցմունքն այդ մասով արժանահավատ չէ, հայերենում «սաստկացրեք» բառ ընդհանրապես գոյություն չունի: Բացի այդ, ըստ նրա նախաքննական ցուցմունքների Դիլոյանը գոռացել է «խփեք դրան, սատկացրեք», նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Հասմիկ Մանուչարյանը նախաքննության ժամանակ, հայտնելով, թե դա իրեն հաղորդել է Էդվարդ Խլղաթյանը:

Կարեն Խեչոյանը նույնպես բազմիցս հարցաքննվել է նախաքննության ժամանակ՝ 19.11.2012թ., 20.11.2012թ., 22.1[1].2012թ., 06.12.2012թ., 16.04.2013թ., բոլոր ցուցմունքները գրել է իր ձեռքով և հայտնել, որ վիճաբանության ձայներ լսելով դուրս է եկել բակ և տեսել, որ 2-3 հոգի բռունցքներով հարվածում են Սամվել Շարբաթյանին, հիմնականում գլխին, նրանցից մեկը Դիլոյանն էր, մյուսը Արտակը, իսկ երրորդը կոնկրետ չի կարող ասել ով էր: Ներս է մտել ռեստորան, ապա կրկին դուրս եկել Էդիկի և Հայկի հետևից և տեսել, որ կրկին այդ երեքով խառը խփում են Շարբաթյանի գլխին ու մարմնի այլ մասերին ու փոխադարձաբար հայհոյում: Կռիվը դադարել է քիչ անց Էդվարդ Խլղաթյանի միջամտությամբ: Նույնը պնդել է նաև Արտակ Վերանյանի հետ առերեսման ժամանակ՝ 20.11.2012թ.:

(…)

Գործով մյուս ականատես վկա Հայկ Ասլիկյանը նախաքննության ժամանակ ևս բազմիցս հարցաքննվել է՝ 19.11.2012թ., 21.11.2011թ., 29.11.2012թ. 20.12.2012թ. 02.06.2013թ., 17.06.2013թ., ցուցմունքները գրել է իր ձեռքով, առերեսվել է նաև Արտակ Վերանյանի, Էդվարդ Խլղաթյանի և Սամվել Դիլոյանի հետ: Ինչպես ցուցմունքներ տալիս, այնպես էլ առերեսումների ժամանակ մշտապես պնդել է, որ քեռուն՝ Ս.Շարբաթյանին ծեծի են ենթարկել խմբով, խառը՝ այդ թվում Արտակ Վերանյանը, Սամվել Դիլոյանը: Տեսել է, թե ինչպես քեռին ձեռքով հարվածեց Սամվել Դիլոյանի դեմքին, վերջինս հետ-հետ գնաց, ապա առաջ եկավ, հարձակվեց քեռու վրա և սկսեց ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան: Ապա նրան միացավ Արտակ Վերանյանը և նրանք երկուսով սկսեցին քեռուն ծեծի ենթարկել: Ինքը օգնության կանչեց Է.Խլղաթյանին: Նրա հետ բակ դուրս գալուց հետո տեսավ, որ քեռին արդեն իսկ վայր է ընկած ռեստորանի պատի տակ, իսկ Վերանյանները և Դիլոյանը շարունակում են հարվածել նրան՝ գետնին ընկած վիճակում: Նաև ցուցմունքները պնդել է Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի հետ առերեսումների ժամանակ:

(…)

Դիակի զննության և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով հիմնավորվել է, որ Սամվել Շարբաթյանի դիակի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են՝ քթի հիմքի շրջանի արյունազեղում՝ զույգ ակնակապիճների շրջանների արյունահավաքով, քթի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի թվով 2, առաջակողմնային երեսի թվով 2, հետին մակերեսի թվով 1 և ձախ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի թվով 1 կլորավուն ձևի արյունազեղումներ, ձախ նախաբազուկ-դաստակային հոդի արյունազեղում, զույգ ծնկան հոդերի առաջային մակերեսների և աջ արմնկային հոդի հետին մակերեսի շրջանների քերծվածքներ: Ներքին ուսումնասիրությամբ հայտնաբերվել են գլխուղեղի կարծրենու, փափուկ թաղանթի ճակատային հատվածների և ուղեղանյութի զույգ ճակատային և աջ ծոծրակային բլթերը շրջանների տարածուն արյունազեղումներ, գանգի հիմի ոսկրերի առաջային գանգափոսի շրջանի գծային կոտրվածք:

Սամվել Շարբաթյանի մահվան անմիջական պատճառն է հանդիսացել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը, որը պայմանավորված է գանգուղեղային փակ, բութ տրավմայի, քթի հիմի շրջանի արյունազեղման` զույգ ակնակապիճների շրջանների արյունահավաքների, քթի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքների, գլխուղեղի կարծրենու, փափուկ թաղանթի, ուղեղանյութի տարածուն արյունազեղումների, գանգի հիմի ոսկրերի գծային կոտրվածքի հետ: Այդպիսիք կարող էին պատճառվել քթի հիմքի շրջանում հասցված բութ, կոշտ առարկայի համեմատաբար ուժգին ներգործությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ բռունցքով, ոտքով շեշտակի հարվածը: Այդ վնասվածքը կարող էր պատճառվել մեկ հարվածի հետևանքով, սակայն չի բացառվում այլ հարվածների առկայությունը ինչպես քթի շրջանում, այնպես էլ մարմնի այլ մասերում, որոնք չունենային արտաքին կամ ներքին դրսևորումներ:

Հայտնաբերված վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք, բութ, կոշտ առարկաներով: Գլխի շրջանի վնասվածքները գտնվում են մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ: Վնասվածքները պատճառվել են ոչ միաժամանակ, սակայն հասցվել են ժամանակի կարճ միջակայքում:

Երբ սպանության բուն գործընթացին մասնակցում են երկու և ավելի անձինք, որոնք գործում են համատեղ սպանություն կատարելուն ուղղված դիտավորությամբ և անմիջականորեն մասնակցում են տուժողին կյանքից զրկելու բուն գործընթացին, բռնություն են կիրառում նրա նկատմամբ, ապա արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ընդ որում պարտադիր չէ, որպեսզի մահվան անմիջական պատճառ հանդիսացող վնասվածքները հասցված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից։ (...)»2:

8. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով վկաներ` (…) Հասմիկ Մանուչարյանի, (…) Սաթիկ Սարգսյանի և Հրանտ Ասլիկյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներին, ինչպես նաև վկաներ` Տաթևիկ և Անժելա Ասլիկյանների դատաքննական ցուցմունքներին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքներն ըստ էության համընկնում են գործով ականատես վկա Հայկ Ասլիկյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներին, ինչի վերլուծությունից հետևում է, որ վկաների ցուցմունքներն ուղղակիորեն կապված են Հայկ Ասլիկյանի ցուցմունքներից, հետևաբար, նրանց կողմից դեպքի կապակցությամբ թե վարույթն իրականացնող մարմնին, և թե Դատարանին տրված տեղեկատվությունը, ըստ էության գործի ելքի համար չունի էական նշանակություն, քանի որ վերջիններիս ցուցմունքներով ոչ հաստատվում և ոչ էլ հերքվում է ամբաստանյալներ Ա.Վերանյանի և Ս.Դիլոյանի մասնակցությունը` կատարված հանցագործությանը, հետևաբար, այն չի կարող միանշանակորեն վկայել ամբաստանյալների մեղքի առկայության կամ բացակայության մասին:

Ինչ վերաբերում է վկաներ` (…) Էլլա Կոստանյանի, Օֆելյա Աֆիցերյանի, Ալվարդ Եղիկյանի, Տիգրան Խլղաթյանի (…) ցուցմունքներին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված վկաների ցուցմունքներն ըստ էության նույնպես գործի ելքի համար (…) էական նշանակություն չունեն, քանի որ նշված վկաներն` իրենց ցուցմունքներով հայտնել են, որ լրատվամիջոցների և թաղամասում տարածված խոսակցություններից են տեղեկացել դեպքի մասին, ինչից հետևում է, որ վերջիններիս ցուցմունքներով նույնպես ոչ հաստատվում և ոչ էլ հերքվում է ամբաստանյալներ Ա.Վերանյանի և Ս.Դիլոյանի մասնակցությունը` կատարված հանցագործությանը, հետևաբար, այն չի կարող միանշանակորեն վկայել ամբաստանյալների մեղքի առկայության կամ բացակայության մասին: (...)

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից, մասնավորապես ականատես վկաներ Հ.Ասլիկյանի, [Է].Խլղաթյանի և Կ.Խեչոյանի ցուցմունքների բովանդակային վերլուծությունից երևում է, որ, վերջիններս հաստատել են, որ դեպքի վայրում գտնվող գործով մյուս ամբաստանյալ Ս.Դիլոյանը, բացի այն, որ անմիջականորեն մասնակցել է տուժող Ս.Շարբաթյանի նկատմամբ անմիջական ֆիզիկական բռնության կիրառմանը, գործով վկա Է.Խլղաթյանի կողմից տուժողից հեռացվելուց հետո, բռնված լինելով Է.Խլղաթյանի կողմից և այդպիսով զրկված լինելով տուժողին նորից մոտենալու հնարավորությունից (...) հրահանգում էր «սպանեք, սատկացրեք դրան» արտահայտությունը, ինչը վկայում է այն մասին, որ վերջինիս գործողություններում՝ որպես համակատարող նույնպես առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ (...)

Գործի փաստական հանգամանքների մասին Դատարանի դատավճռում շարադրված հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, ամբաստանյալներ Ա.Վերանյանի և Ս.Դիլոյանի գործողություններում առկա են իրենց առաջադրված մեղադրանքները հաստատող օբյեկտիվ տվյալներ, որի պայմաններում պաշտպանների վերաքննիչ բողոքները բավարարելու, այն է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը բեկանելու, ամբաստանյալ Ս.Դիլոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով արդարացնելու (...) օբյեկտիվ հիմքեր չկան: (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

10. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

10.1. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերի համատեքստում անդրադառնալով «հիմնարար խախտման» բնույթին Վճռաբեկ դատարանը Մկրտիչ Սարգսյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վերջինս ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին4:

10.2. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ` ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»5:

11. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

(…)

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(…)

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, (…)»:

Վճռաբեկ դատարանը հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքին անդրադարձել է Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը. «(…) [Հ]ակընդդեմ հարցման իրավունքը քրեական վարույթի արդարացիության ապահովման հիմնարար երաշխիքներից է, որի կենսագործման միջոցով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը գործի դատական քննության ընթացքում կարողանում է վիճարկել իր դեմ տրված ցուցմունքը։ (…)

Հակընդդեմ հարցման իրավունքը կարևորվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ բոլոր ապացույցները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց դատական քննության ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Այս սկզբունքն ունի նաև բացառություններ, սակայն դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները. որպես կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի` իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում6:

Այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված ընդհանուր կանոնը վկաներին գործի դատական քննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելն է։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում են վկաները ներկայանում դռնբաց դատական քննությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է հետևյալ սկզբունքներն այդ վկաների նախաքննական ցուցմունքների օգտագործման հնարավորությունը գնահատելու համար.

- վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն՝ դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր՝ դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը, օրինակ` վկայի մահվան, վրեժխնդրության վախի7, վկային հայտնաբերելու անհնարինության8 կամ այլ պատճառներով։ Ընդ որում, այս սկզբունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ վկաներին չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, ապա դրանց բացակայությունն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի անարդարացիության մասին9,

- եթե անձին մեղավոր ճանաչելու հիմքում բացառապես կամ հիմնականում դրվել են այն անձի ցուցմունքները, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու կամ որը հարցաքննության չի ենթարկվել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում, ապա պաշտպանության կողմի իրավունքները կարող են սահմանափակվել այնքան, որ դա անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ (այսպես կոչված՝ «միակ կամ վճռորոշ կանոնը»)։ Այդ համատեքստում որպես «միակ» պետք է հասկանալ մեղադրյալի դատապարտման հիմքում դրված միակ ցուցմունքը, իսկ «վճռորոշ»-ը պետք է հասկանալ այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունքը, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար10,

- պետք է ուսումնասիրվի հակակշռող բավարար գործոնների առկայությունը, ինչպես օրինակ` մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների առկայությունը և դատաքննության ժամանակ վկաներին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար ձեռնարկված դատավարական միջոցները։ Ընդ որում, այդ գործոնների առկայությունը պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել անձին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնցում դատարանը չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է սահմանափակել է պաշտպանության կողմի միջոցները11:

Հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ վերոնշյալ երեք տարրերից բաղկացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված թեստն ունի առանցքային նշանակություն։ Այդ երեք տարրերը փոխկապակցված են միմյանց հետ և հիմք են ծառայում որոշելու համար, թե ընդհանուր առմամբ ապահովվել է քրեական վարույթի արդարացիությունը, թե ոչ12։ (…)»13:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Առաջին ատյանի դատարանը Ս.Դիլոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ՝ հաստատված համարելով, որ Ս.Շարբաթյանի, Ս.Դիլոյանի և Ա.Վերանյանի միջև առաջացել է վիճաբանություն, փոխադարձ քաշքշուք և կռիվ, որի ընթացքում Ս.Շարբաթյանի կողմից հնչեցվող հայհոյանքները դադարեցնելու, նրան լռեցնելու նպատակով Ա.Վերանյանն ու Ս.Դիլոյանը հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, տապալել գետնին, ապա շարունակել ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել։ Այդ ընթացքում Է.Խլղաթյանը, մոտենալով կռվողներին, մի կողմ է քաշել Ս.Դիլոյանին, ով ոչ միայն չի հորդորել Ա.Վերանյանին դադարեցնել կռիվը, այլև գոռացել է «խփեք դրան, սատկացրեք»։ Արդյունքում Է.Խլղաթյանի միջամտությամբ կռիվը դադարել է, իսկ Ս.Շարբաթյանը՝ մահացել14:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ արձանագրելով, որ դատավճիռը բեկանելու հիմքեր չկան15։

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանները, Ս.Դիլոյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվել են բուն միջադեպին ականատես վկաների ցուցմունքների վրա: Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից հետազոտված փաստական տվյալների ծավալի՝ ուղղակի և անուղղակի ապացույցների ամբողջության համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Ս.Դիլոյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձություններին անմիջականորեն ականատես վկաներ Հայկ Ասլիկյանի, Էդվարդ Խլղաթյանի և Կարեն Խեչոյանի նախաքննական ցուցմունքներն են: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Ս.Դիլոյանը նախաքննության փուլում Էդվարդ Խլղաթյանի և Հայկ Ասլիկյանի հետ կատարված առերես հարցաքննությունների16 և դատաքննության ընթացքում վերջիններիս, այդ թվում՝ Կարեն Խեչոյանի հրապարակված նախաքննական ցուցմունքների17 կապակցությամբ իրացրել է իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը:

Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Հրանտ Ասլիկյանի, Տիգրան Խլղաթյանի և Սաթիկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ապացույցներ ճանաչելու վերաբերյալ բողոքաբերի ներկայացրած փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ կրկնում է, որ հակընդդեմ հարցման իրավունքի չապահովումը կարող է անհնարին դարձնել վկայի ցուցմունքը դատական ակտի հիմքում դնելը, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով այն չի կարող դիտարկվել որպես դատավարական խախտում, որը կարող է հանգեցնել ապացույցի անթույլատրելիության18, երկրորդ՝ նշված անձանց ցուցմունքները գնահատման ենթարկելով Արտուշ Ղուլյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում19՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում նրանց ցուցմունքները վճռորոշ կամ միակը չեն եղել և սույն գործով, ընդհանուր առմամբ, քրեական վարույթի արդարացիությունն ապահովվել է և չի խախտվել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը։

Ինչ վերաբերում է վկաներ Տաթևիկ և Անժելա Ասլիկյանների, Տիգրան Մանուչարյանի, Հասմիկ Մանուչարյանի, Օֆելյա Աֆիցերյանի և Ալվարդ Եղիկյանի նախաքննական ցուցմունքները մեղադրական դատական ակտերի հիմքում դնելու իրավաչափության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Տաթևիկ և Անժելա Ասլիկյանների նախաքննական ցուցմունքներն այլ հիմքով անթույլատրելի ապացույցներ են ճանաչվել և Ս.Դիլոյանի մեղքը հիմնավորող ապացույցների զանգվածում չեն ներառվել, իսկ Տիգրան Մանուչարյանի, Հասմիկ Մանուչարյանի, Օֆելյա Աֆիցերյանի և Ալվարդ Եղիկյան նախաքննական ցուցմունքները դատաքննության փուլում հրապարակվել են20 և պաշտպանական կողմը հնարավորություն ունեցել է դրանց կապակցությամբ իրացնելու իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վկաներ Օֆելյա Աֆիցերյանի, Ալվարդ Եղիկյանի, Տիգրան Խլղաթյանի և Էլլա Կոստանյանի ցուցմունքներին, նշել է, որ դրանք ըստ էության գործի ելքի համար էական նշանակություն չունեն, քանի որ նշված վկաներն` իրենց ցուցմունքներով հայտնել են, որ լրատվամիջոցների և թաղամասում տարածված խոսակցություններից են տեղեկացել դեպքի մասին, ինչից հետևում է, որ վերջիններիս ցուցմունքներով ոչ հաստատվել և ոչ էլ հերքվել է ամբաստանյալներ Ա.Վերանյանի և Ս.Դիլոյանի մասնակցությունը կատարված հանցագործությանը, ուստի վերոնշյալից բխում է, որ ստորադաս դատարանները, Ս.Դիլոյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես չեն հիմնվել այդ անձանց ցուցմունքների վրա։

13.1. Միևնույն ժամանակ, անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված՝ վկաներ էդվարդ Խլղաթյանի, Հայկ Ասլիկյանի, Կարեն Խեչոյանի նախաքննական առաջին ցուցմունքների թույլատրելիության և գործով անցնող վկաների հարցաքննության կանչելու դատավարական կարգի խախտումների վերաբերյալ փաստարկներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք իրենց բնույթով չեն կարող համարվել այնպիսի էական խախտումներ, որոնք հիմք կհանդիսանան նշված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու համար, և միաժամանակ ստորադաս դատարանների կողմից դրանց անտեսումը չի կարող համարվել այնպիսի հիմնարար խախտում, որն արժեզրկում է քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնում կայացված դատական ակտերի դերն ու նշանակությունը:

Անդրադառնալով նաև բողոքի հեղինակի՝ սույն որոշման 5-րդ և 5.3-րդ կետերում ներկայացված՝ Ս.Դիլոյանի արդարացման և անմեղության վերաբերյալ պնդումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, հանգել են հիմնավոր հետևության առ այն, որ սույն գործով Ս.Դիլոյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ինչպես նաև առկա է ապացույցների բավարար համակցություն՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան վերջինիս մեղքն իրեն վերագրվող արարքում հաստատված համարելու համար։

14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ չեն տրվել իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը։ Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

15. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Սամվել Աշոտի Դիլոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 16-ի որոշման դեմ հիմնարար խախտման հիմքով պաշտպան Մ.Դավթյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը մերժել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 170-174:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 131-147:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատներ թիվ 26766/05 և 22228/06, 118-րդ կետ։

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նույն գործով վճիռը։

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Paić v. Croatia գործով 2016 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 47082/12, 34-րդ կետ։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Seton v. The United Kingdom գործով 2016 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 55287/10, 62-րդ կետ։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Schatschaschwili v. Germany գործով 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 123-124-րդ կետեր։ Նշվածի կապակցությամբ տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի` Համայակ Սահակյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 23-րդ կետը, որտեղ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքով չապահովված ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելը քրեադատավարական օրենքի էական խախտում չի կազմի, եթե այդ ապացույցը վճռական կշիռ չունի անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում:

11 Տե՛ս նույն վճռի 116-րդ, 145-րդ կետերը։

12 Տե՛ս նույն վճռի 117-118-րդ կետերը։

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշման 17-19.1-րդ կետերը:

14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

16 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 242-256, հատոր 5-րդ, թերթեր 140-153։

17 Տե՛ս դատական նիստի արձանագրությունները։

18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ռազմիկ Հախվերդյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ՏԴ2/0043/01/17 որոշման 16-րդ կետը։

19 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտուշ Ղուլյանի գործով վերը նշված որոշումը։

20 Տե՛ս դատական նիստի արձանագրությունները։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան