Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ-11

Գործ թիվ ԵԴ-11

Նախագահող դատավոր՝

 Ս.Մարաբյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

10 փետրվարի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Հովհաննես Սարգսի Աֆրիկյանի ներկայացուցիչ Ն.Ալոյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մարտի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 14108619 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նույն օրը Հովհաննես Սարգսի Աֆրիկյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին։

2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը, և թույլատրվել է Հ.Աֆրիկյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 6-րդ խցում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ եռօրյա ժամկետով:

3․ Դիմող Հ.Աֆրիկյանի ներկայացուցիչ Ն․Ալոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հուլիսի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանելու և Հ.Աֆրիկյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը մերժելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որ Վերաքննիչ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

5.1. Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անթույլատրելիության մասին Վերաքննիչ դատարանի դատողությունը հակասում է օպերատիվ-հետախուզական գործունեության՝ որպես նախաքննությանն օժանդակող գործիքակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշմանը։

Այս համատեքստում բողոքաբերը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հիշյալ եզրահանգումը կառուցել է Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Խաչատրյանի գործով ձևավորված դիրքորոշման հաշվառմամբ, մինչդեռ սույն գործի փաստական հանգամանքները տարբերվում են նշված գործի փաստական հանգամանքներից։

5.2. Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով ձերբակալված անձանց պահելու վայրում քննարկվող օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման հնարավորությունը, պատշաճ գնահատման չի արժանացրել այն, որ նշված վայրում գտնվող անձը կարող է ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, հետևապես Հ.Աֆրիկյանի նկատմամբ այդ վայրում կարող էր իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։

5.3. Բացի այդ, բողոքաբերն իրականությանը չհամապատասխանող է դիտարկել Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով բացակայել է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին դատախազի ցուցումը կամ քննիչի համապատասխան հանձնարարությունը, քանի որ նախաքննության փուլում 2019 թվականի մարտի 31-ին վարույթն իրականացնող մարմինն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն էր տվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետին։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշմանը կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Հովհաննես Սարգսի Աֆրիկյանի (․․․) նկատմամբ «ներքին դիտում» ՕՀ միջոցառմամբ հնարավոր է ստանալ տեղեկություններ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտման համար ապացույցների ձեռքբերմանը, քանզի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինն ունի բավարար հիմքեր ենթադրելու, որ նյութերում նշված անձը կասկածվում է ՀՀ [քրեական օրենսգրքի] 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով կատարված հանցագործության մեջ»2։

8․ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) [Մ]իջնորդության և կից նյութերի վերլուծությունից հետևում է, որ դրանցում բացակայում է նախաքննությունն իրականացնող քննիչի հանձնարարությունը և կամ դատախազի ցուցումը՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին, մինչդեռ միջնորդությունից պարզ է դառնում, որ առկա է հարուցված քրեական գործ և գտնվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում (...)։

(...) Այն դեպքում, երբ արդեն իսկ կատարվել է ենթադրյալ հանցագործությունը, որի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվում է քննություն, ապա խոսք լինել չի կարող ներքին դիտման մասին։ Այն նպատակ չի հետապնդում քրեական գործով նախաքննության ընթացքում հավաքել ապացույցներ ենթադրյալ հանցագործության և այն կատարող անձի վերաբերյալ (...)։

(...) [Ի]նչպես երևում է միջնորդությունից, այն պետք է իրականացվի Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի թիվ 6 խցում, որը չի հանդիսանում բնակարան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում չի կարող իրականացվել, քանի որ այն իրականացվում է բնակարանում (...)։

Վերաքննիչ դատարանն առհասարակ այն կարծիքին է, որ հարուցված և նախաքննության փուլում գտնվող քրեական գործով չի կարող իրականացվել դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառում, այդ թվում՝ ներքին դիտում, քանի որ հարուցված քրեական գործով, որը գտնվում է քննիչի վարույթում, թե քննիչը, թե հսկողություն իրականացնող դատախազն իրավունք չունեն դիմելու դատարան՝ ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով, ինչը նշանակում է, որ օրենսդիրը չի նախատեսել հարուցված քրեական գործով դատարանի թույլտվությամբ ՕՀՄ իրականացնելու հնարավորությունը։ Եթե օրենսդիրը հնարավոր համարեր ներքին դիտումը հարուցված քրեական գործով, ապա կնախատեսեր, որպեսզի միջնորդություն հարուցելու իրավունք ունենային նաև դատախազն ու քննիչը (...)։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը և այդ վարույթի համար պատասխանատու դատախազը (...) իրավունք չունեն դիմելու դատարան ներքին դիտում իրականացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն նրանց հանձնարարությամբ կամ ցուցումով, ընդ որում՝ ընդհանրական բնույթի, որը կարող է առհասարակ չվերաբերել ներքին դիտմանը, օպերատիվ մարմնի ղեկավարը միջնորդություն ներկայացնի դատարան և իրականացնի ներքին դիտում։ (...) Այսինքն՝ դատարան դիմելու իրավասությունը հարուցված քրեական գործով բացառապես վարույթն իրականացնող մարմնինն է և հսկողություն իրականացնող դատախազինը, ուստի ՕՀՄ մարմնի ղեկավարը չի կարող դիմել դատարան և ստանալ դատարանի որոշումը և իրականացնել որևէ գործողություն։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածում սահմանված քննիչի այն լիազորությունը, որ կարող է ՕՀՄ իրականացնելու հանձնարարություն տալ համապատասխան մարմիններին՝ չի կարող վերաբերել դատարանի թույլտվությամբ իրականացվող ՕՀՄ-ներին, քանի որ քննիչն իրավունք չունի իր դատավարական լիազորությունը (դատարան միջնորդությունը հարուցելու) պատվիրել որևէ այլ մարմնի, հակառակ դեպքում՝ փաստացի վարույթ իրականացնելու լիազորություն է ստանում ՕՀՄ մարմինը, ինչն օրինականության սկզբունքի կոպիտ խախտում է։

Վերաքննիչ դատարանի հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ (...) հարուցված քրեական գործով ապացույցները կարող են հավաքվել բացառապես քրեադատավարական կառուցակարգերով, այլ ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարմամբ։ Այս հետևությունն ուղղակիորեն բխում է [ՀՀ քրեական դատավարության օ]րենսգրքի 125-րդ հոդվածից, որի համաձայն՝ ապացույցները հավաքվում են հետաքննության, նախաքննության և դատական քննության ընթացքում՝ սույն օրենսգրքով նախատեսված քննչական և դատավարական գործողությունների կատարման ճանապարհով։ Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննիչը չի կարող հետաքննության մարմնին հանձնարարել իր վարույթում գտնվող գործով օպերատիվ-հետախուզական ճանապարհով ապացույց ձեռք բերել, քանի որ հարուցված քրեական գործով ապացույց հավաքելու պատշաճ սուբյեկտը քննիչն է, որն իրավասու է բացառապես քրեադատավարական կարգով ապացույց հավաքել (...)։ Այդ դեպքում տեղի կունենա վարույթն իրականացնող մարմնի փոփոխություն և ապացույց հավաքելու քրեադատավարական գործիքակազմը ՕՀՄ գործիքակազմով փոխարինում, ինչը չի բխում քրեական դատավարության օրենսգրքից և նախաքննության էությունից։ (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարանի թույլտվությամբ իրականացվող ՕՀՄ-ները կարող են կատարվել բացառապես մինչև քրեական գործը հարուցելը և դեռևս չկատարված հանցագործությունների նկատմամբ, որը պետք է վերահսկողության տակ պահվի, այլ ոչ թե ավարտված հանցագործության քննության առնչությամբ ապացույց հավաքելու և մեղադրանքը հիմնավորելու համար։ Այս հետևությունը հիմնվում է ՕՀՄ նպատակների և հասկացության վրա, որը սահմանում է նախականխում, կանխում, խափանում և բացահայտում, սակայն՝ ոչ քննությունը, մեղադրանքի հիմնավորումը և ապացուցումը։ (․․․) ՕՀՄ քրեական դատավարությունում կարող է լինել օժանդակ, այն ընդամենը քրեադատավարական կառուցակարգերը գործադրելու հիմքեր կարող է ստեղծել, այսինքն՝ այս կամ այն քննչական կամ դատավարական գործողությունը կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող տվյալներ կարող է ներկայացնել։

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ հետևությունը բխում է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԱՎԴ4/0028/01/19 որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումներից։ Ուշագրավ է մասնավորապես այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է համարել գործով իրականացված ներքին դիտումը՝ այն հաշվառմամբ, որ բացակայել են կասկածյալի և օրինական ներկայացուցչի կողմից իրենց շփման ընթացքում քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարման մասին վկայող փաստական տվյալներ։ (...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում ևս չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ ՁՊՎ-ում նոր ենթադրյալ քրեական արարքի կատարման փաստ պետք է վերահսկվի (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. hիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Հ.Աֆրիկյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ:

10․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում՝ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի»։

10․1. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող խմաբգրությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական և հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի և բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը և արդյունքների ամրագրումն ու իրացումն է»:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`

1) հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը.

2) հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը (…)»։

10.2. Վճռաբեկ դատարանը Գոռ Սարգսյանի գործով կայացրած որոշմամբ, բացահայտելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետախուզական-որոնողական բնույթը, արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը նպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը։ Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց հետախուզական-որոնողական բնույթով միտված են նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության դեպքերի և դրանք կատարող անձանց հնարավորինս արագ բացահայտմանը, որին անմիջապես հաջորդում է ստացված տվյալների ամրագրումը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործողությունների կատարմամբ։ Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում այն օժանդակում է քննիչի դատավարական գործունեությանը, երբ քրեադատավարական գործիքակազմը բավարար չէ քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար, և հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում է նաև գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդների և միջոցների կիրառում4։

10.3. Վճռաբեկ դատարանը մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքների լեգիտիմ ակնկալիքի առնչությամբ Կարեն Ալավերդյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ թեև ձերբակալվածների պահման վայրում անձի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքները չեն կարող լիարժեքորեն նույնացվել անձի՝ բնակարանում ունեցած անձեռնմխելիության երաշխիքների հետ, սակայն ձերբակալվածների պահման վայրում այդպիսի երաշխիքների նվազագույն ընկալման հնարավորությունն առհասարակ բացառվել չի կարող։ Ուստի, ձերբակալվածների պահման վայրում վերահսկողություն կարող է իրականացվել անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ միջամտող՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման միջոցով5։

11․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Աոաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը բավարարվել է, թույլատրվել է Հ.Աֆրիկյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 6-րդ խցում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ եռօրյա ժամկետով6,

- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Հ.Աֆրիկյանի նկատմամբ ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է դրա բնույթին և նպատակային նշանակությանը ոչ համապատասխան՝ պատճառաբանելով, որ.

ա) հարուցված քրեական գործի շրջանակներում չեն կարող իրականացվել նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քանի որ քրեական դատավարությունում ապացուցման գործընթացը կատարվում է բացառապես օրենսգրքով նախատեսված ապացուցողական գործողությունների կատարման միջոցով՝ բացառապես վարույթն իրականացնող քննիչի կողմից, և որ ապացույց հավաքելու քրեադատավարական գործիքակազմի փոխարինումն անթույլատրելի է։ Վարույթն իրականացնող մարմնի՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հանձնարարություն տալու լիազորությունը, չի կարող վերաբերել դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմանը։ Նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են կատարվել բացառապես մինչև քրեական գործ հարուցելը՝ դեռևս չկատարված հանցագործությունը խափանելու, կանխելու կամ բացահայտելու համար,

բ) ձերբակալվածներին պահելու վայրը չի տեղավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված՝ «բնակարան» հասկացության շրջանակում, և որ

գ) «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով, այնինչ քրեական գործի նյութերում բացակայում է դատախազի ցուցումը կամ քննիչի հանձնարարությունը՝ խնդրո առարկա օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու վերաբերյալ։

12. Վճռաբեկ դատարանը, նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 10-10.3-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, նախևառաջ արձանագրում է, որ ստորադաս դատարանը ոչ իրավաչափ եզրահանգման է եկել առ այն, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն կարող իրականացվել։ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետախուզական-որոնողական բնույթի առնչությամբ Գոռ Սարգսյանի գործով որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման մեկնաբանությունը չի բխում նախաքննության փուլում գտնվող քրեական գործով քրեադատավարական գործիքակազմի և օպերատիվ-հետախուզական գործունեության համակցված կիրառման հնարավորություն նախատեսող օրենսդրական կարգավորումներից։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը, բացահայտելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, կանխատեսելի է դարձրել ապացուցման գործընթացում քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործիքակազմերի համակցված կիրառման հնարավորությունը, երբ քրեադատավարական համապատասխան ռեսուրսների սակավությամբ պայմանավորված, հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում է նաև գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդների և միջոցների կիրառում։ Հետևաբար, հարուցված քրեական գործի առկայությունը չի կարող ինքնին բացառել քրեական գործի քննության շրջանակներում նախնական դատական վերահսկողության ենթակա՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու թույլտվության տրամադրումը պետք է որոշվի in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ՝ ստուգման ենթարկելով նաև ընթացքի մեջ գտնվող նախաքննությանն օժանդակելու անհրաժեշտությունը։ Հենց այս տրամաբանությունից է բխում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետում տեղ գտած օրենսդրական այն կարգավորումը, որ քննիչն իրավասու է իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին։ Վերոշարադրյալ նորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը քննիչի համապատասխան լիազորության առկայությունը կախվածության մեջ չի դնում քրեական գործ հարուցված լինելու կամ չլինելու հանգամանքից, ընդ որում՝ անկախ օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսակից։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ այս լիազորությունը չի կարող վերաբերել դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներին։

12.1. Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ևս ամրագրված է քրեական օրենքով արգելված արարքի ենթադրյալ կատարման մասին վկայող փաստական տվյալների առկայության դեպքում միայն խնդրո առարկա օպերատիվ-հետախուզական միջոցառումը կատարելու պահանջը, հարկ է նկատել, որ Նարեկ Խաչատրյանի գործով ձևավորված նախադեպային դիրքորոշման մեջ արտացոլված է ուժեղացված պաշտպանության ներքո գտնվող՝ խորհրդապահական կարգով իրականացվող շփումների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կիրառման հայեցողության լուսանցքի տիրույթի տարբերակման գաղափարը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պնդումը հիմնավոր չէ։

12.3. Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ձերբակալվածներին պահելու վայրը չի տեղավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված՝ «բնակարան» հասկացության շրջանակում, և արդյո՞ք Հ․Աֆրիկյանը ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ընթացքում կարող էր ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները չեն կարող մեխանիկորեն կիրառվել ձերբակալվածների պահելու վայրի խցում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը բացառելու և դրա իրականացման թույլտվության յուրաքանչյուր որոշում ինքնին՝ բացառապես նշված վայրում իրականացնելու փաստով պայմանավորված, ոչ իրավաչափ ճանաչելու համար։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ձերբակալվածներին պահելու վայրի խցում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման յուրաքանչյուր դեպքում Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառելիությունը պետք է որոշվի ոչ թե in abstracto՝ զուտ այն փաստի նույնացմամբ, որ համապատասխան միջոցառումն իրականացվում է ոչ անձի բնակության վայրում, այլ հիմնվի գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա՝ in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ՝ պարզելով նաև, թե «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է արդյո՞ք դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, թե՝ ոչ:

Անդրադառնալով Գոռ Սարգսյանի գործի փաստական հանգամանքներին՝ հարկ է նշել, որ դրանցից ակնհայտորեն բխում էր, որ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել էր հանրային իրավահարաբերությունների պայմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցն իր աշխատասենյակում քողարկված հարցաքննություն էր իրականացրել վարույթն իրականացնող մարմին կամավոր ներկայացած անձի հետ, որպիսի հանգամանքներում վերջինս չուներ և չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։

Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, առանց in concreto գնահատելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 6-րդ խցում վերահսկման ենթարկվող անձանց իրավահարաբերությունների բնույթը, զուտ համապատասխան խցում իրականացնելու փաստով պայմանավորված` անթույլատրելի է ճանաչել այդ սենյակում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը՝ գտնելով, որ ձերբակալվածների պահելու վայրի խուցը բնակարան չէ, հետևաբար այնտեղ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում չի կարող իրականացվել7:

12.4. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից որպես դատական ակտի բեկանման հիմք ընդունված՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով խնդրո առարկա՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հանձնարարության բացակայության փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը սույն գործով չի ունեցել անհրաժեշտ տվյալներ հիշյալ հանգամանքը գնահատելու և նման եզրահանգում կատարելու համար։ Մասնավորապես՝ գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը կարգադրելու մասին որոշում կայացնելուց հետո Առաջին ատյանի դատարանը հայցվող միջամտության անհրաժեշտության և համաչափության կապակցությամբ ներկայացված նյութերը վերադարձրել է նախաձեռնող մարմնին8, մինչդեռ Վերաքննիչ դատարանը միջոցներ չի ձեռնարկել իրավասու մարմնից դրանք պահանջելու և ըստ անհրաժեշտության հետազոտելու ուղղությամբ9։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հանձնարարության բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանի դատողությունը ևս հիմնավորված չէ։ Արձանագրված խախտման պայմաններում, Վճռաբեկ դատարանը զրկված է բողոքաբերի վերաբերելի փաստարկը քննարկելու և դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից:

13․ Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Հ.Աֆրիկյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ։

14․ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը։ Արդյունքում թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված` դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հովհաննես Սարգսի Աֆրիկյանի ներկայացուցիչ Ն․Ալոյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հուլիսի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1 Համաձայն 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 6:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 22-31:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը, 17-րդ կետ:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԵԴ-11 որոշումը, 17-րդ կետ:

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետեր։

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով վերը հիշատակված որոշումը։

8 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, դատական նիստի արձանագրություն, թերթ 4-5։

9 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան