Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0483/11/20

Գործ թիվ ԵԴ/0483/11/20

Նախագահող դատավոր՝  Կ. Մարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ս. Օհանյանի

     

17 հոկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Ռազմիկի Շաբոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի մայիսի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58207510 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Արմեն Շաբոյանի վերաբերյալ վերոնշյալ քրեական գործի վարույթը կարճվել է՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ՝ նաև Համաներման ակտ) 6-րդ կետի 2-րդ ենթակետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով։

1.1. 2020 թվականի ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից որոշում է կայացվել վերոնշյալ որոշման բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի՝ 2020 թվականի մայիսի 5-ի որոշմամբ նախաքննության մարմնի՝ 2011 թվականի հուլիսի 19-ի՝ քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ Ա.Շաբոյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

2. Դիմող Ա.Շաբոյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Ա.Շաբոյանի իրավունքների խախտումը։

3. Դատախազ Ա.Փանոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից օրենքով սահմանված ժամկետում բողոքի պատասխան չի ներկայացվել2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ուստի ենթակա է բեկանման։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սխալ են գնահատել գործով հաստատված հանգամանքները, ինչի արդյունքում անուղղակիորեն առաջացրել են Ա.Շաբոյանին քրեական պատասխանատվությունից կամ պատժից առանց հիմքերի ազատելու պարտականություն, ինչը քրեադատավարական օրենքի խախտում է, որը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Այսպես՝ բողոքի հեղինակն ընդգծել է, որ ստորադաս դատարանները 2011 թվականին Ա.Շաբոյանի նկատմամբ համաներում կիրառելու արդյունքում նրա իրավունքների խախտման փաստը պայմանավորել են վերջինիս նկատմամբ 2009 թվականին համաներում կիրառված լինելու հանգամանքով, մինչդեռ վերջին հանգամանքը հենց Ա.Շաբոյանի ներկայացուցչի բողոքի հիման վրա մեկ այլ գործով դատարանների կողմից հաստատված չի համարվել, ինչն ինքնին բացառում էր 2011 թվականին նրա նկատմամբ համաներում կիրառելն անօրինական ճանաչելու հնարավորությունն այնքանով, որքանով փաստորեն նրա նկատմամբ 2011 թվականին համաներում կիրառելիս նախորդող 10 տարիների ընթացքում համաներում չի կիրառվել։

5.1. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշումն ընդհանրապես չի պատճառաբանել, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի փաստարկներին և միայն վերացականորեն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը կատարել է գործով ձեռք բերված փաստական տվյալների ճիշտ վերլուծություն այն դեպքում, երբ դատական ակտից պարզ չէ, թե որ փաստական հանգամանքների մասին է խոսքը և ինչու են այդ փաստական հանգամանքները բավարար նման եզրահանգման գալու համար:

6. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 12-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2011 թվականի հուլիսի 19-ի որոշման համաձայն. «(…) Արմեն Շաբոյանի (…) գործողություններում կան ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011թ. ընդունվել է համաներում հայտարարելու որոշում, որի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անհրաժեշտ է կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ նախաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը, որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելին, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, Արմեն Շաբոյանը համաձայնվել է, որ իր նկատմամբ կիրառվի համաներում (…) որոշեցի Արմեն Ռազմիկի Շաբոյանի (…) վերաբերյալ թիվ 58207510 քրեական գործի վարույթը կարճել (…)»3:

8. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ին կայացված և 2018 թվականի նոյեմբերի 14-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով Արմեն Ռազմիկի Շաբոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու4։

9. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած՝ 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԴ/0092/11/19 որոշմամբ, որով բավարարվել է Արմեն Շաբոյանի իրավունքների խախտումը ճանաչելու վերաբերյալ փաստաբան Հ.Հարությունյանի բողոքը, արձանագրվել է հետևյալը. «(…) [2009 թվականի հունիսի 20-ի ՀՀ ազգային ժողովի համաներում հայտարարելու մասին որոշումից] պարզ է դառնում, որ համաներման կիրառման համար այլընտրանքային պատիժների կատարման համապատասխան ստորաբաժանման ղեկավարը պետք է կայացներ որոշում, որն էլ իր հերթին անհրաժեշտ է հաստատվեր դատախազի կողմից: Իսկ տվյալ պարագայում Դատարանի տրամադրության տակ առկա է ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿՍ Շիրակի բաժանմունքի առաջատար մասնագետի կողմից կազմված միայն հաշվառման քարտ, որի վրա ձեռագիր լրացված է Արմեն Շաբոյանի անձնական տվյալներ[ը] և կատարված է նշում, որ վերջինը համաներման կիրառմամբ 2009 թվականի հուլիսի 18-ին հանվել է հաշվառումից, սակայն որևէ կերպ չի հստակեցվում, թե համաներման ակտի որ դրույթն է կիրառվել, ում կողմից է որոշումը կայացվել, այն արդյոք հաստատվել է դատախազի կողմից և հանձնվել է Արմեն Շաբոյանին, թե ոչ: Ավելին՝ հաշվառման քարտը կազմվել է ոչ թե բաժնի ղեկավարի, այլ ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿՍ Շիրակի բաժանմունքի առաջատար մասնագետի կողմից, այն էլ՝ ձևաթղթի վրա ձեռագիր լրացնելով և առանց կնիքելու:

Այսինքն՝ համաներում կիրառելու մասին համապատասխան որոշման բացակայությունը կասկածի տակ է առնում դրա երբևէ գոյություն ունենալու հանգամանքը (…):

Ինչ վերաբերում է Արմեն Շաբոյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրում առկա տեղեկատվությանը, ապա Դատարանը (…) գտնում է, որ այս դեպքում միայն տեղեկանքը բավարար չէ հաստատելու համար 2009 թվականին համաներում կիրառված լինելու փաստը, բացի այդ, տեղեկանքում առկա են որոշակի անճշտություններ.

(…)

Պետք է նկատել, որ հաշվառման քարտում նշված է, որ Արմեն Շաբոյանի պատժի ժամկետի ավարտը համարվում է 2009 թվականի հուլիսի 18-ը, իսկ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրով նման ժամկետ է նշված 2009 թվականի հուլիսի 8-ը, ինչից հետևում է, որ երկու փաստաթղթերից մեկում առնվազն առկա է անճշտություն:

Բացի այդ, 2011 թվականի մայիսի 26-ի ՀՀ ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված էր՝ համաներումը չկիրառել կրկին դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա պատիժը կրելուց ազատել են: Հետևաբար, Դատարանն արձանագրում է, որ եթե 2009 թվականին ընդունված համաներումն Արմեն Շաբոյանի նկատմամբ արդեն իսկ կիրառվել էր, ապա 2011 թվականի համաներման կիրառման համար, առերևույթ, առկա էր 10 տարվա կիրառելիության արգելք:

(…)

Այսպիսով՝ Դատարանը գալիս է այն հետևության, որ համաներում կիրառված լինելու վերաբերյալ ներկայացված տվյալները հակասական են և իրավական ուժի առումով ոչ բավարար, որպիսի պայմաններում այլ բան չի մնում, քան արձանագրելու, որ Արմեն Շաբոյանի նկատմամբ 2009 թվականին համաներում կիրառված լինելու հանգամանքը չի հաստատվում (…)»5։

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշման համաձայն. «(…) Դատարանն արձանագրում է, որ թիվ 58207510 քրեական գործով Ա.Շաբոյանի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելը եղել է ոչ իրավաչափ, այն պատճառաբանությամբ, որ 2011թ. ԱԺ կողմից ընդունված համաներման ակտը պարունակել է սահմանափակումներ, որոնք վերաբերելի են եղել նաև Ա.Շաբոյանին, մասնավորապես՝ ԱԺՈ-277-Ն «Համաներում հայտարարելու մասին» որոշման 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետը սահմանում էր, որ «Համաներումը չկիրառել` կրկին դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում` պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա», իսկ ինչպես պարզ է դառնում առկա նյութերի ուսումնասիրությունից Ա.Շաբոյանը՝ 03.02.2009թ. դատավճռով նշանակված տուգանքի ձևով պատժից ազատվել է համաներման կիրառմամբ, հետևաբար 2011թ. թիվ 58207510 քրեական գործով համաներման հիմքով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման որոշմամբ խախտվել է անձի՝ 2018թ. ընդունված համաներման ակտը իր նկատմամբ կիրառելու իրավունքը: (…)6»:

11. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 12-ի որոշման համաձայն. «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ (…) Առաջին ատյանի դատարանը կատարել է գործով ձեռք բերված փաստական տվյալների ճիշտ վերլուծություն, ինչի կապակցությամբ հանգել է իրավաչափ ու հիմնավոր հետևության (…): Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 2011 թվականի հուլիսի 19-ի դրությամբ, Արմեն Շաբոյանի նկատմամբ առկա է եղել համաներման կիրառման սահմանափակում։ Մասնավորապես՝ 2009 թվականի հունիսի 19-ին Արմեն Շաբոյանը համաներման կիրառմամբ ազատվել է պատժի կրումից, հետևաբար 2011 թվականի մայիսի 26-ի Համաներման մասին թիվ ԱԺՈ-277-Ն որոշումը նրա նկատմամբ կիրառելի չէր:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ վիճարկվող դատական ակտը հակասում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 07-ի որոշմամբ արձանագրված դիրքորոշումներին, ապա Վերաքննիչ դատարանն այն ընդունելի չի համարում և արձանագրում է, որ բողոքաբերի հիշատակած դատական ակտով ընդամենը արձանագրվել է՝ Արմեն Շաբոյանի նկատմամբ Համաներման մասին որոշման կիրառված լինել-չլինելու հանգամանքը հաստատելու հնարավորության բացակայությունը (որպիսի հանգամանքը ներկայացված է հենց վերաքննիչ բողոքում)։ (…)»7:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Ա.Շաբոյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (...)»:

14. Վերոնշյալ նորմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին8: Այլ խոսքով՝ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում դատարանը պետք է պարզի, թե պահպանվել են արդյո՞ք քրեադատավարական օրենսդրության պահանջները, եթե ոչ, ապա դրանց չպահպանման հետևանքով խախտվել են արդյո՞ք անձի իրավունքներն ու ազատությունները:

14.1. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեական գործով վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու փուլի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում դատարանը պետք է, ի թիվս այլոց, քննարկման առարկա դարձնի նաև այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ է կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն հիմքը և խախտում հայտնաբերելու դեպքում իր որոշմամբ արձանագրի վարույթը բացառող հանգամանքի սխալ կիրառման փաստը` հիմքեր ստեղծելով անձի խախտված իրավունքը վերականգնելու համար9:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

16. Համաներման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը։ Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում։ Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսվում են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն։ Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության10:

17. Համաներման ակտի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» կետի համաձայն՝ «Համաներումը չկիրառել կրկին դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց (…) վերջին տասը տարվա ընթացքում (…) պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա (…)»:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի՝ 2011 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով Ա.Շաբոյանի վերաբերյալ թիվ 58207510 քրեական գործի վարույթը կարճվել է11:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը բավարարել է՝ գտնելով, որ Ա.Շաբոյանի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելը և քրեական հետապնդումը դադարեցնելը եղել է ոչ իրավաչափ՝ այն հիմնավորմամբ, որ 2011 թվականին ընդունված համաներման ակտը պարունակել է սահմանափակումներ, որոնք վերաբերելի են եղել նաև Ա.Շաբոյանին, մասնավորապես՝ վերջինս 2009 թվականի փետրվարի 3-ի դատավճռով նշանակված պատժից ազատվել է համաներման կիրառմամբ, հետևաբար 2011 թվականի մայիսի 26-ի Համաներման ակտը նրա նկատմամբ կիրառելի չէր, իսկ արդյունքում խախտվել է անձի՝ 2018 թվականին ընդունված համաներման ակտն իր նկատմամբ կիրառելու իրավունքը12:

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը կատարել է գործով ձեռք բերված փաստական տվյալների ճիշտ վերլուծություն, ինչի կապակցությամբ հանգել է իրավաչափ ու հիմնավոր հետևության: Միևնույն ժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ վիճարկվող դատական ակտը հակասում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրված դիրքորոշումներին, Վերաքննիչ դատարանն այն ընդունելի չի համարել՝ նշելով, որ հիշատակած դատական ակտով ընդամենն արձանագրվել է Ա.Շաբոյանի նկատմամբ համաներում կիրառված լինել-չլինելու հանգամանքը հաստատելու հնարավորության բացակայությունը13։

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ստորադաս դատարանները բողոքարկվող որոշման ոչ իրավաչափ լինելու մասին իրենց հետևություններն ըստ էության պայմանավորել են Ա.Շաբոյանի նկատմամբ 2009 թվականին համաներում կիրառված լինելու հանգամանքով։

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները բավարարել են դիմողի ներկայացուցիչների բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել Ա.Շաբոյանի իրավունքների ենթադրյալ խախտումները` առանց պատշաճ իրավական գնահատականի արժանացնելու այն, որ վիճարկվող որոշումների պատճառաբանությունների հիմքում ընկած՝ Ա.Շաբոյանի նկատմամբ 2009 թվականին համաներում կիրառված լինելու հանգամանքը մեկ այլ գործով վիճարկվել և ի վերջո օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված չի համարվել: Այսպես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 2020 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրել է, որ Ա.Շաբոյանի նկատմամբ 2009 թվականին համաներման կիրառման հանգամանքը գործի քննության արդյունքում չի հաստատվել14: Ընդ որում՝ այս առումով Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում հատկապես ընդգծել, որ այդ հանգամանքը վիճարկվել ու հաստատված չի համարվել՝ հենց Ա.Շաբոյանի ներկայացուցչի բողոքի հիման վրա և պահանջով: Հետևաբար, երբ դիմողի կողմից վիճարկվելու արդյունքում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել դատական ակտ, որով 2009 թվականին Ա.Շաբոյանի նկատմամբ համաներում կիրառված լինելու հանգամանքը չի հաստատվել, ապա նման պայմաններում հերքվում են նախաքննության մարմնի՝ 2011 թվականի հուլիսի 19-ի՝ Ա.Շաբոյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման ոչ իրավաչափ լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները: Եվ այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ Ա.Շաբոյանի նկատմամբ 2009 թվականին համաներում կիրառված լինելու հանգամանքը մեկ այլ գործով դատարանների կողմից հաստատված չհամարելն ինքնին բացառում էր 2011 թվականին նրա նկատմամբ համաներում կիրառելն անօրինական ճանաչելու հնարավորությունն այնքանով, որքանով փաստորեն նրա նկատմամբ 2011 թվականին համաներում կիրառելիս նախորդող տասը տարիների ընթացքում համաներում չի կիրառվել15։

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող Ա.Շաբոյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

20. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2009 թվականին Ա.Շաբոյանի նկատմամբ համաներում կիրառված չլինելու հանգամանքը հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ա.Շաբոյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Ա.Շաբոյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 12-ի որոշումը բեկանել և փոփոխել:

2. Դիմող Ա.Շաբոյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի բողոքը մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.4-րդ հոդվածը:

3 Տե՛ս, նյութեր, թերթեր 62-63։

4 Տե՛ս, www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, Արմեն Շաբոյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ԵԿԴ/0147/01/17 դատավճիռը:

5 Տե՛ս, www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, Արմեն Շաբոյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԴ/0092/11/19 որոշումը:

6 Տե՛ս, նյութեր, թերթեր 68-72:

7 Տե՛ս, նյութեր, թերթեր 101-107:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշումները:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լաուրա Զաքարյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԱՔԴ/0086/11/17 որոշման 16-րդ կետը:

10 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Գարիկ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ/0088/01/11, Լևոն Խոստիկյանի և Արտյոմ Ալեքսանյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0046/01/14, Արիգ Տիգրանյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0501/01/18 որոշումները:

11 Տե՛ս, սույն որոշման 1-ին և 7-րդ կետերը։

12 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։

13 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը։

14 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը։

15 Տե՛ս, սույն որոշման 5-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան