Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0337/01/18

Գործ թիվ ԵԴ/0337/01/18

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

Դատավորներ՝

 Ա. Մնացականյան

 Մ․ Պապոյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

         

9 դեկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 24-ի որոշման դեմ ամբաստանյալներ Արմեն Սեյրանի Սաղաթելյանի, Մհեր Ավագի Ղազարյանի և Լևոն Սամվելի Ղազարյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 15178717 քրեական գործը:

2017 թվականի նոյեմբերի 23-ին Արմեն Սեյրանի Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2017 թվականի նոյեմբերի 24-ին Մհեր Ավագի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ի որոշումներով Ա.Սաղաթելյանը և Մ.Ղազարյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հովածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Լևոն Սամվելի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումներով Լ.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հովածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2018 թվականի փետրվարի 1-ին Լ.Ղազարյանը կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:

Նույն օրը Լ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հովածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 12-ի առանձին որոշումներով Ա.Սաղաթելյանին, Մ.Ղազարյանին և Լ.Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրանց կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2018 թվականի մայիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Միաժամանակ, Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է։

3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի դատավճիռը. Ա.Սաղաթելյանը, Մ.Ղազարյանն ու Լ.Ղազարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ա.Սաղաթելյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ վերջինս ազատվել է պատժից:

Մ. Ղազարյանի և Լ.Ղազարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000-ական (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, նրանց նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և նրանք ազատվել են պատժից:

Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը մնացել է հատուկ կարծիքի, նշելով որ ամբաստանյալներ Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի արարքներում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, քանի որ դատաքննությամբ չի ապացուցվել վերջինների կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, և քրեական գործում առկա չէ բավարար ապացույցների համակցություն, որը հնարավորություն կտա հաստատել նրանց կողմից իրենց մեղսագրված արարքները կատարելու փաստը, որպիսի պայմաններում էլ Արմեն Սաղաթելյանի կողմից կատարած արարքը ենթակա է որակման ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, այլ նույն հոդվածի 2-րդ մասով։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալներ Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի պաշտպան Ա.Հայրապետյանը 2022 թվականի հունիսի 3-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը, վկայակոչելով գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, նշել է, որ դրանք բավարար չէին կարող լինել Ա.Սաղաթելյանին, Մ.Ղազարյանին և Լ.Ղազարյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներում մեղավոր ճանաչելու համար:

6. Բացի այդ, ըստ բողոքաբերի, իր պաշտպանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի դատավճռին, կամ բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումն ու քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Արմեն Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա 2017թ. մայիսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում իր ընկերներ Մհեր Ավագի Ղազարյանի և Լևոն Սամվելի Ղազարյանի հետ խմբի կազմում կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն.

Այսպես.

Արմեն Սեյրանի Սաղաթելյանն իր ընկերներ՝ Մհեր Ավագի Ղազարյանի և Լևոն Սամվելի Ղազարյանի հետ, 2017 թվականի մայիսի 18-ին այցելել են Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբ, որտեղ արդեն 2017թ. մայիսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց անզուսպ եսամոլությունը ցույց տալու մոլուցքով տարված, անվայել պահվածք են դրսևորել ակումբում, մասնավորապես՝ նախ հյութի շիշը նետել են պարահրապարակի ուղությամբ, ապա Արմեն Սաղաթելյանը քաշքշել և ապտակել է ակումբի հաճախորդ, քննությամբ ինքնությունը չպարզված իգական սեռի անձին: Այդ ամենը տեսնելով, վերջինիս է մոտեցել ակումբի հաճախորդներից Աննա Արթուրի Թամազյանը և փորձել հանդարտեցնել Արմեն Սաղաթելյանին, սակայն, վերջինս, սեփական անձի «առավելությունները» ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված հնարք կատարելու միջոցով Ա.Թամազյանին գցել է գետնին և ոտքով հարված կատարել վերջինիս դեմքին, որից հետո Արմեն Սեյրանի Սաղաթելյանը և վերջինիս ընկերներ Մհեր Ավագի Ղազարյանը, Լևոն Սամվելի Ղազարյանը վիճաբանության են բռնվել ակումբի մյուս հաճախորդներ Սամսոն Սամվելի Ղարիբյանի և ոմն Գռնոյի հետ, ինչի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, տևական ժամանակահատված ակումբում գտնվող այլ հաճախորդների ներկայությամբ, խուլիգանական մղումներով փոխադարձաբար բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և հարվածներ հասցրել Սամսոն Սամվելի Ղարիբյանի և ոմն Գռնոյի մարմնի տարբեր մասերին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ՝ այդ կերպ ակնհայտ արհամարհանք դրսևորելով հասարակության և բարոյականության նորմերի ու մարդկային համակեցության կանոնների նկատմամբ, ինչի արդյունքում դադարեցվել է նշված ակումբի աշխատանքը և խաթարվել է ակումբի մյուս հաճախորդների և աշխատակիցների հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիությունը» 2։

8.1. Մհեր Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա 2017թ. մայիսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում իր ընկերներ Արմեն Սեյրանի Սաղաթելյանի և Լևոն Սամվելի Ղազարյանի հետ խմբի կազմում կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն.

Այսպես.

Մհեր Ավագի Ղազարյանն իր ընկերներ՝ Արմեն Սեյրանի Սաղաթելյանի և Լևոն Սամվելի Ղազարյանի հետ, 2017 թվականի մայիսի 18-ին այցելել են Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբ, որտեղ արդեն 2017թ. մայիսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց անզուսպ եսամոլությունը ցույց տալու մոլուցքով տարված, անվայել պահվածք են դրսևորել ակումբում, մասնավորապես՝ նախ հյութի շիշը նետել են պարահրապարակի ուղությամբ, ապա Արմեն Սաղաթելյանը քաշքշել և ապտակել է ակումբի հաճախորդ, քննությամբ ինքնությունը չպարզված իգական սեռի անձին: Այդ ամենը տեսնելով, վերջինիս է մոտեցել ակումբի հաճախորդներից Աննա Արթուրի Թամազյանը և փորձել հանդարտեցնել Արմեն Սաղաթելյանին, սակայն, վերջինս, սեփական անձի «առավելությունները» ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված հնարք կատարելու միջոցով Ա.Թամազյանին գցել է գետնին և ոտքով հարված կատարել վերջինիս դեմքին, որից հետո Մհեր Ավագի Ղազարյանը և վերջինիս ընկերներ Արմեն Սեյրանի Սաղաթելյանը, Լևոն Սամվելի Ղազարյանը վիճաբանության են բռնվել ակումբի մյուս հաճախորդներ Սամսոն Սամվելի Ղարիբյանի և ոմն Գռնոյի հետ, ինչի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, տևական ժամանակահատված ակումբում գտնվող այլ հաճախորդների ներկայությամբ, խուլիգանական մղումներով փոխադարձաբար բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և հարվածներ հասցրել Սամսոն Սամվելի Ղարիբյանի և ոմն Գռնոյի մարմնի տարբեր մասերին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ՝ այդ կերպ ակնհայտ արհամարհանք դրսևորելով հասարակության և բարոյականության նորմերի ու մարդկային համակեցության կանոնների նկատմամբ, ինչի արդյունքում դադարեցվել է նշված ակումբի աշխատանքը և խաթարվել է ակումբի մյուս հաճախորդների և աշխատակիցների հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիությունը»3։

8.2. Լևոն Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա 2017թ. մայիսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում իր ընկերներ Արմեն Սեյրանի Սաղաթելյանի և Մհեր Ավագի Ղազարյանի հետ խմբի կազմում կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն.

Այսպես.

Լևոն Սամվելի Ղազարյանն իր ընկերներ՝ Արմեն Սեյրանի Սաղաթելյանի և Մհեր Ավագի Ղազարյանի հետ, 2017 թվականի մայիսի 18-ին այցելել են Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբ, որտեղ արդեն 2017թ. մայիսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց անզուսպ եսամոլությունը ցույց տալու մոլուցքով տարված, անվայել պահվածք են դրսևորել ակումբում, մասնավորապես՝ նախ հյութի շիշը նետել են պարահրապարակի ուղությամբ, ապա Արմեն Սաղաթելյանը քաշքշել և ապտակել է ակումբի հաճախորդ, քննությամբ ինքնությունը չպարզված իգական սեռի անձին: Այդ ամենը տեսնելով, վերջինիս է մոտեցել ակումբի հաճախորդներից Աննա Արթուրի Թամազյանը և փորձել հանդարտեցնել Արմեն Սաղաթելյանին, սակայն, վերջինս, սեփական անձի «առավելությունները» ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված հնարք կատարելու միջոցով Ա.Թամազյանին գցել է գետնին և ոտքով հարված կատարել վերջինիս դեմքին, որից հետո Լևոն Սամվելի Ղազարյանը և վերջինիս ընկերներ Արմեն Սեյրանի Սաղաթելյանը, Մհեր Ավագի Ղազարյանը վիճաբանության են բռնվել ակումբի մյուս հաճախորդներ Սամսոն Սամվելի Ղարիբյանի և ոմն Գռնոյի հետ, ինչի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, տևական ժամանակահատված ակումբում գտնվող այլ հաճախորդների ներկայությամբ, խուլիգանական մղումներով փոխադարձաբար բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և հարվածներ հասցրել Սամսոն Սամվելի Ղարիբյանի և ոմն Գռնոյի մարմնի տարբեր մասերին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ՝ այդ կերպ ակնհայտ արհամարհանք դրսևորելով հասարակության և բարոյականության նորմերի ու մարդկային համակեցության կանոնների նկատմամբ, ինչի արդյունքում դադարեցվել է նշված ակումբի աշխատանքը և խաթարվել է ակումբի մյուս հաճախորդների և աշխատակիցների հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիությունը»4:

9. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատաքննությամբ չի ապացուցվել ամբաստանյալներ Արմեն Սաղաթելյանի, Մհեր Ղազարյանի և Լևոն Ղազարյանի կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների հիմքում դրված ապացույցներով հիմնավորվում է միայն վերջիններիս մասնակցությունը Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբի հաճախորդների միջև տեղի ունեցած վիճաբանությանը, սակայն դատաքննությամբ ապացուցված վերոնշյալ հանգամանքը բավարար չէ նրանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար՝ նկատի ունենալով, որ առկա չէ ապացույցների բավարար ամբողջություն, որով կհաստատվեր նրանցից յուրաքանչյուրի կողմից մեղադրանքի ձևակերպմամբ նկարագրված գործողությունները կատարելու (այդ թվում՝ որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու) փաստը: Ընդ որում, նշված հանգամանքները հաստատող նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են:

Այսպիսով, գնահատելով սույն գործում առկա ապացույցների համակցությունը՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դատարանը գտնում է, որ այն բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալներ Արմեն Սաղաթելյանը, Մհեր Ղազարյանը և Լևոն Ղազարյանը կատարել են իրենց մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները պարունակող արարքներ: (…) Վերոգրյալի լույսի ներքո ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներն ապացուցված լինելու վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ նրանց, դատարանը հանգում է այն հետևության, որ վերջիններիս անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ, այն է՝ ապացուցված չէ նրանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայությունը։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրանքների հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ ամբաստանյալներին մեղսագրված հանցավոր արարքների փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրանց ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։ Այդ պատճառաբանությամբ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքներով պետք է ճանաչել և հռչակել մեղսագրված հանցանքների կատարման մեջ ամբաստանյալների անմեղությունը՝ վերջիններիս արարքներում հանցակազմի բացակայության հիմքով (...)»5։

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չհամարելով ամբաստանյալներ Արմեն Սաղաթելյանի, Մհեր Ղազարյանի և Լևոն Ղազարյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար, գտնելով, որ առկա չէ ապացույցների բավարար ամբողջություն, որով կհաստատվեր ամբաստանյալներից յուրաքանչյուրի կողմից մեղադրանքի ձևակերպմամբ նկարագրված գործողությունները կատարելու, այդ թվում՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, և արարքում հանցակազմի բացակայության հիմքով ճանաչելով և հռչակելով Արմեն Սաղաթելյանի, Մհեր Ղազարյանի և Լևոն Ղազարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել գործում առկա ապացույցները և հանգել է սխալ եզրահանգման:

Վերլուծելով սույն գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտած ապացույցները, այդ ապացույցներից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, դրանցից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, ամբաստանյալներից յուրաքանչյուրի մեղավորության մասին չփարատվող կասկածները մեկնաբանելով նրանց օգտին՝ վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք է տալիս, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը մեղավորությամբ կատարել է իրեն վերագրվող արարքը, և որ նրանցից յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի:

(...) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արմեն Սաղաթելյանի, Մհեր Ղազարյանի և Լևոն Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել են, և վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն առկա չէ: (...)»6:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալներ Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունները:

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալներ Ա.Սաղաթելյանին, Մ.Ղազարյանին և Լ.Ղազարյանին մեղսագրված արարքների իրավական գնահատականի վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:

13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում հաստատվում և բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են տուժող Աննա Թամազյանի, վկաներ Սամսոն Ղարիբյանի, Մարիամ Մանասերյանի, Սամվել Աբազյանի, Արթուր Ղարիբյանի՝ գործով վարույթի ընթացքում տրված ցուցմունքներով և ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ վերլուծությունների հիման վրա7:

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալներ Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունները հիմնավորված են:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալներ Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

16. 1998 հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` « 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն համաձայն` «1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝

(...)

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝

(...)

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

(...)

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

17. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալներ Ա.Սաղաթելյանին, Մ.Ղազարյանին և Լ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2017 թվականի մայիսի 19-ին8։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի օգոստոսի 31-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի մարտի 24-ին9:

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Սաղաթելյանին, և Մ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2022 թվականի մայիսի 19-ի դրությամբ վերջիններիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հունիսի 3-ին10, ուստի նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթն այդ մասով կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Լ.Ղազարյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ից 2018 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ այսինքն 1 ամիս 5 օր ժամկետով հետախուզման մեջ լինելու11 հանգամանքով պայմանավորված, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, վերջինիս նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2022 թվականի հունիսի 24-ին և այդ օրվա դրությամբ, ևս, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը նույնպես պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթն այդ մասով կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

20. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով ամբաստանյալներ Ա.Սաղաթելյանի, Մ.Ղազարյանի և Լ.Ղազարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և նրանք ազատվել են նշանակված պատժից, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի նշված դրույթով անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետն անցնելու՝ հիմքերի մրցակցության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ հիշյալ հիմքի կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար12։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Արմեն Սեյրանի Սաղաթելյանի, Մհեր Ավագի Ղազարյանի, Լևոն Սամվելի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 24-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալներ Արմեն Սեյրանի Սաղաթելյանի, Մհեր Ավագի Ղազարյանի, Լևոն Սամվելի Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 396-397։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 402-403։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 410-411։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 122-135։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 37-70։

7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-8.2-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

12 Տե՛ս, mutatis mutandis, Արմենակ Ավագյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԿԴ3/0038/01/17 որոշման 24-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան