ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/2848/07/19 | ||||
Գործ թիվ ԵԴ/2848/07/19 |
|||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
2 մարտի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ դիմող Հովհաննես Չամսարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58220318 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատանքի վայրում՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, թույլատրվել է խուզարկություն կատարել Հովհաննես Չամսարյանի՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում գտնվող աշխատասենյակում՝ բացառապես միջնորդության մեջ նշված ենթադրյալ կեղծիք կատարելու հանգամանքը պարզելու նպատակով։
2. Հովհաննես Չամսարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը թողել օրինական ուժի մեջ։
3. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Հովհաննես Չամսարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերը, համակարգային վերլուծության ենթարկելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ և 32-րդ հոդվածի 3-րդ մասերի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի դրույթները, ինչպես նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 225-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, փաստել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից փաստաբանի գրասենյակը խուզարկելը և նրա վստահորդի իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերն ու կրիչներն առգրավելն իրավաչափ չեն կարող համարվել, քանի որ վերջիններս կարող են պարունակել փաստաբանի՝ այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Բացի այդ, բողոքաբերի գնահատմամբ, միջին ծանրության հանցագործության բացահայտման հանրային շահը չի կարող գերակայել փաստաբանի՝ փաստաբանական գաղտնիքը պահպանելու հանրային շահի նկատմամբ:
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն ընդունել է այն հանգամանքը, որ ենթադրյալ կեղծ փաստաթղթերը և դրանք ենթադրաբար կեղծելու համար անհրաժեշտ առարկաները ձեռք են բերվել իրավաբանական օգնության շրջանակներում: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գործում առկա փաստաթղթերը բավարար է համարել գնահատելու համար, որ փաստաբանի կողմից մատուցվել է ոչ իրավաչափ իրավաբանական օգնություն, որից էլ բխեցրել է այն, որ ոչ իրավաչափ իրավաբանական օգնություն տրամադրելու հիմքով պայմանավորված խուզարկություն կատարելը թույլատրելի է։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի որոշումը և փոփոխել այն՝ մերժելով նախաքննության մարմնի՝ Հ.Չամսարյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վկա Իվան Ավանեսյանը, պատասխանելով քննիչ Օ.Առաքելյանի այն հարցին, թե ո՞րտեղ է գտնվում ապրանքային նշանի գրավադրման պայմանագրի բնօրինակը, նշել է. «ապրանքային նշանի գրավադրման պայմանագրի բնօրինակը գտնվում է ԱՄՆ-ում մեր ներդրող ընկերության ղեկավարության մոտ, ես կկապնվեմ նրանց հետ, որ այն ուղարկեն մեզ և այն կտրամադրեմ վարույթն իրականացնող մարմնին»։2
7.1. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «(...) Նախաքննության ընթացքում Աշոտ Ափոյանը հաղորդում, ապա նաև ցուցմունք է տվել այն մասին, որ «Պարգև» ՍՊԸ-ի ներկայացուցիչները սպառնացել են վնասել իրեն և իր ընտանիքի անդամներին և «Աշտարակ կաթ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի Դրոյի 13 հասցեում գտնվող գործարան 2016թ. նոյեմբերի 16-ին ներխուժել են առանց իր գիտության և թույլտվության, որից հետո «Աշտարակ կաթ» ՓԲ ընկերության ապրանքային նշաններն օգտագործելու համար պատրաստել են դրանց գրավադրման կեղծ պայմանագիր և իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն:
(…)
Որոշում է կայացվել դատաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Ստացվել է փորձագետի եզրակացություն, համաձայն որի՝ փորձաքննության ներկայացված ապրանքային նշանի գրավադրման պայմանագրում և դրան կից հավելվածում Աշոտ Ափոյանի անվան դիմաց կատարված ստորագրությունն ու «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի կնիքը կեղծված են, պատրաստվել են մեկ այլ փաստաթղթից համակարգչային տեխնիկայի միջոցով՝ չափսերը փոփոխելով:
Որպես վկա հարցաքննվել է «Պարգև» ՓԲ ընկերության իրավաբանական ծառայություններ մատուցող փաստաբան Հովհաննես Չամսարյանը, ով չի բացառել իր կողմից վերոհիշյալ ապրանքային նշանի գրավադրման պայմանագիրը կազմելու հանգամանքը, միաժամանակ նշել է, որ հետագայում իրեն վերադարձրել են այդ պայմանագիրը կամ դրա պատճենը արդեն իսկ կողմերի վավերացումից հետո և իրեն հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է այն վավերացվել (...)»3:
8. Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ քննարկելով փաստաբան Հ.Չամսարյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը, գտել է որ. «(...) [Մ]իջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ ձեռք բերված տվյալների համադրումը բավարար հիմք է տալիս գալու հետևության, որ քննիչի կողմից նշված հասցեում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ (...)»4:
9. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բավարար չափով պատճառաբանված չեն և որպես կանոն պարունակում են ընդհանրական բնույթ կրող դատողություններ, դատական ակտը պարունակում է որոշակի անորոշություններ և հակասություններ:
(...) Առաջին ատյանի դատարանը նշելով, որ թույլատրելի է խուզարկությունը միջնորդության մեջ նշված ենթադրյալ կեղծիք կատարելու հանգամանքը պարզելու նպատակով, որևէ ձևով չի կոնկրետացրել, թե կոնկրետ ինչն է հանդիսանալու որոնման առարկան: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խուզարկության թույլտվության մասին միջնորդությունը վերաբերվել է փաստաբանի գրասենյակի խուզարկությանը, Առաջին ատյանի դատարանն ըստ էության չի նշել, թե արդյոք հաղթահարվել են փաստաբանի գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ սահմանափակումները: Այս հարցի կապակցությամբ վերաքննիչ դատարանն էության մեջ իր համաձայնությունն է հայտնում վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին:
Վերը նշված հանգամանքն օբյեկտիվորեն զրկում է Վերաքննիչ դատարանին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ողջամիտ հետևության հանգելու հնարավորությունից, որպիսի հանգամանքը առերևույթ ենթադրում է, որ կայացված դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.05.2019 թվականի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի և 287-288-րդ հոդվածների իրավակարգավորումները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում, վերաքննության սահմաններում սույն դատական գործի նյութերի հիման վրա պետք է անդրադառնալ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ տրված լուծման իրավաչափությանը և կայացնել համապատասխան դատական ակտ:
(...)
Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ Քննիչի կողմից «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» որոշմամբ հարուցված միջնորդությամբ և դրան կից ներկայացված փաստական տվյալները, բավարար են սույն որոշման 7-րդ կետում նշված իրավակարգավորումների և իրավական դիրքորոշումների չափանիշներով, հաստատված համարելու համապատասխան փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական և իրավական հիմքի առկայության մասին ողջամիտ հետևության հանգելու համար: Մասնավորապես, համապատասխան հարցաքննությունների արձանագրությունների և փորձագիտական եզրակացության պատճեններում առկա փաստական տվյալները, քրեական գործի քննության տվյալ փուլի և մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության տվյալ տեսակի շրջանակներում բավարար հիմք են տվել ենթադրելու, որ համապատասխան հասցեում գտնվող փաստաբանի աշխատասենյակում կարող են գտնվել ենթադրյալ «կեղծ» փաստաթղթերի նմուշներ կամ օրինակներ և ենթադրյալ «կեղծ» փաստաթղթեր ենթադրաբար կազմելու «գործիքներ»: Ի դեպ, հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում առկա իրավակարգավորումները և իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ քննիչի միջնորդությամբ նշված հանգամանքները չեն վերաբերվել փաստաբանական գործունեությանը, հետևաբար չեն մտնում փաստաբանի գրասենյակում խուզարկություն կատարելու սահմանափակումների մեջ:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Քննիչի կողմից ներկայացված և վերը նշված միջնորդությամբ կոնկրետացված չէ համապատասխան կրիչների և համակարգիչների անձեռնմխելիությանը վերաբերվող չափանիշները, սակայն հաշվի առնելով որոնվող առարկաների առանձնահատկությունները, առերևույթ բավարար են փաստելու, որ դրանք չեն վերաբերվել իրավաչափ իրավաբանական օգնությանը: Մասնավորապես, ենթադրյալ կեղծ փաստաթղթեր և դրանք ենթադրաբար կեղծելու համար անհրաժեշտ առարկաներ հայտնաբերելու համար խուզարկություն կատարելը չեն վերաբերվել փաստաբանական գործունեությանը, այդ թվում իրավաչափ իրավաբանական օգնությանը:
Հետևաբար անհիմն են վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկները, որ տվյալ պարագայում բացակայել է համապատասխան խուզարկություն կատարելու փաստական հիմքը:
(...)
Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ Քննիչի միջնորդությունը՝ համապատասխան խուզարկություն կատարելու վերաբերյալ, ենթակա է բավարարման, իրավաչափ է և բխում է սույն դատական գործի նյութերից։ Սակայն, այնքանով, որքանով Առաջին ատյանի դատարանի որոշումը բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չէ և չի նշվել ու չի կոնկրետացվել թե ինչ առարկաներ, կամ փաստաթղթեր պետք է հայտնաբերվեն, ըստ էության չի պատճառաբանել փաստաբանի աշխատասենյակում խուզարկության սահմանափակումները հաղթահարված լինելու հանգամանքը, և չի նշվել, թե համապատասխան համակարգչի կամ այլ կրիչի մասով ինչ չափանիշներ են անհրաժեշտ առկա համապատասխան անձեռնմխելիությունը հաղթահարելու համար, հանգեցրել է Հ․Չամսարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման։ Այսինքն, տվյալ դեպքում վերը նշվածը բավարար է արձանագրելու, որ համապատասխան որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որը դրսևորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 225-րդ և 358-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառմամբ, ինչն էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-398-րդ հոդվածների իմաստով՝ հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու և վերաքննիչ բողոքի պահանջին համապատասխանող նոր՝ դատական ակտ կայացնելու համար։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքարկված դատական ակտը եղել է ժամանակավոր, այն կորցրել է իր իրավական նշանակությունը և սույն որոշումը կայացնելու պահին դադարել է իրավաբանորեն գոյություն ունենալուց, հետևաբար այն չի կարող բեկանվել»5:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:
2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
«Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ (2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետն ամրագրում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը՝ առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից ոչ իրավաչափ միջամտության, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո:
12. Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանության համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) Kruglov and others v. Russia գործով անդրադարձել է իրավաբանների բնակարաններում (գրասենյակներում) կատարված խուզարկություններին և առգրավումներին, ինչպես նաև տեղեկատվություն պարունակող առգրավված էլեկտրոնային սարքերի պահմանը։ Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ կատարված խուզարկություններից միայն մեկի դեպքում է դիմումատուն ներգրավված եղել քրեական վարույթին, մնացած դեպքերում դիմումատուները քրեական վարույթում չեն ունեցել կասկածյալի կարգավիճակ, և վերջիններիս միակ կապը հանցագործությունների հետ եղել է դրանց վերաբերյալ հարուցված քրեական վարույթում ներգրավված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելը: Դրանից բացի, Եվրոպական դատարանը առանձնակի ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ վարույթն իրականացնող մարմինը պահանջվող տեղեկատվությունը չի փորձել ձեռք բերել փաստաբանների վստահորդներից (այլ աղբյուրից), որոնց նկատմամբ առկա են եղել քրեական վարույթներ: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ ազգային դատարանների խուզարկության որոշումները հիմնավորվել են բացառապես այն հանգամանքով, որ գործի նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ խուզարկության արդյունքում կարող են գտնվել գործին առնչվող փաստաթղթեր կամ առարկաներ: Այդուհանդերձ, այդ որոշումներում չի հստակեցվել՝ ինչ առարկաներ են դրանք, կամ ինչից է բխում հիմնավոր կասկածը: Ազգային դատարանները փաստաբանի արտոնագիր ունեցող իրավաբանների բնակարաններում և գրասենյակներում իրականացվող խուզարկության դեպքում բավարար երաշխիք են համարել նախապես դատարանի խուզարկության որոշում ունենալը, չեն քննել պահանջվող տեղեկությունն այլ աղբյուրից ստանալու հնարավորությունը, ինչպես նաև սահմանված չեն եղել իրավաբանորեն արտոնյալ փաստաթղթերի գաղտնիությունը խախտելու թույլատրելիության վերաբերյալ կանոններ:6
Մեկ այլ գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ իրավական ոլորտի մասնագետների նկատմամբ հետապնդումը և ոտնձգությունները խաթարում են Կոնվենցիայի համակարգի բուն առանցքը, ուստի փաստաբանների բնակարանների և գրասենյակների խուզարկությունը պետք է «առանձնահատուկ խիստ վերահսկողության» առարկա լինի7:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ «1.Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար (…)»:
Վճռաբեկ դատարանը, Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով որոշմամբ անդրադառնալով բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքին, նշել է, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվյալները», որոնց գնահատումը պետք է հանգեցնի ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները։ Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ։ Այլ խոսքով` տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա։ Խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել, և որպես այդպիսին, որպես կանոն, կարող են հանդես գալ քրեական գործի նյութերում առկա և որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները: Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալներին, ապա դրանք կարող են հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք բոլոր այն դեպքերում, երբ դրանք հնարավոր է գնահատման ենթարկել8:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս»:
Օրենսդիրը նման կարգավորումն ամրագրել է՝ հենց հաշվի առնելով արդար դատաքննության իրավունքի իրականացման համար անհրաժեշտ երաշխիքները, մասնավորապես, փաստաբանական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը և այն, որ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում փաստաբանի ունեցած դերակատարմամբ է պայմանավորված նրանց պատկանող կամ վերջիններիս կողմից օգտագործվող շինություններում (տարածքներում) խուզարկության նկատմամբ հատկապես խիստ հսկողության նախատեսումը: Առհասարակ, փաստաբանին խուզարկելու արգելքն ուղղված է վստահորդի, այդ թվում՝ պաշտպանյալի իրավունքների իրականացման ապահովմանը, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր այն դեպքերում, երբ որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում այն կարող է վտանգվել:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58220318 քրեական գործը9,
- նախաքննության մարմինը փաստաբան Հ.Չամսարյանին հարցաքննել է որպես վկա, վերջինս ցուցմունքով չի բացառել իր կողմից ապրանքային նշանի գրավադրման պայմանագիրը կազմելու հանգամանքը՝ միաժամանակ նշելով, որ հետագայում իրեն վերադարձրել են այդ պայմանագիրը կամ դրա պատճենը արդեն իսկ կողմերի վավերացումից հետո և իրեն հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է այն վավերացվել10,
- դատաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ ապրանքային նշանի գրավադրման պայմանագրում և դրան կից հավելվածում Աշոտ Ափոյանի անվան դիմաց կատարված ստորագրությունն ու «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության կնիքը կեղծված են, պատրաստվել են մեկ այլ փաստաթղթից համակարգչային տեխնիկայի միջոցով՝ չափսերը փոփոխելով11,
- նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան` փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատանքի վայրում՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ12,
- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ գտել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ ձեռք բերված տվյալների համադրումը բավարար հիմք է տալիս գալու հետևության, որ քննիչի կողմից նշված հասցեում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, ուստի նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է, թույլատրել է խուզարկություն կատարել Հովհաննես Չամսարյանի՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում գտնվող աշխատասենյակում՝ բացառապես միջնորդության մեջ նշված ենթադրյալ կեղծիք կատարելու հանգամանքը պարզելու նպատակով,
- Հովհաննես Չամսարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այնքանով, որքանով Առաջին ատյանի դատարանի որոշումը բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չէ և չի նշվել ու չի կոնկրետացվել, թե ինչ առարկաներ կամ փաստաթղթեր պետք է հայտնաբերվեն, ըստ էության չի պատճառաբանվել փաստաբանի աշխատասենյակում խուզարկության սահմանափակումները հաղթահարված լինելու հանգամանքը, և չի նշվել, թե համապատասխան համակարգչի կամ այլ կրիչի մասով ինչ չափանիշներ են անհրաժեշտ առկա համապատասխան անձեռնմխելիությունը հաղթահարելու համար, խախտվել է Հ․Չամսարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։ Այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական և իրավական հիմքերը նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ առկա են եղել13:
14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ հետևության հանգելիս հաշվի չեն առել այն հանգամանքները, որոնք միջազգային իրավական դրույթների և ձևավորված նախադեպային իրավունքի լույսի ներքո, թույլ չեն տալիս հաղթահարված համարելու փաստաբանի գրասենյակում խուզարկություն կատարելու սահմանափակումները:
Այսպես, թե՛ նախաքննության մարմինը և թե՛ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ փաստաբան Հ.Չամսարյանը սույն գործով ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ և իր առնչությունը հարուցված քրեական գործին կապված է եղել իր վստահորդի համար պայմանագիր կազմած լինելու փաստով, ինչը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է փաստաբանի կողմից իրականացվող գործունեություն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ իրականացված իրավաբանական օգնությունը ոչ իրավաչափ բնույթ է կրել: Վերաքննիչ դատարանի նման դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Ա.Ափոյանի ստորագրությունն ու կազմակերպության կնիքը կեղծված են, մինչդեռ Հ.Չամսարյանն իր ցուցմունքում նշել է, որ իր գործառույթն է եղել պայմանագիր կազմելը, իսկ դրա վավերացման գործընթացին վերջինիս առնչությունը հաստատող տվյալ նախաքննության մարմնի կողմից չի ներկայացվել:
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը բավարար միջոցներ չի ձեռնարկել անհրաժեշտ տեղեկություններն այլ աղբյուրներից ստանալու ուղղությամբ, մասնավորապես, վկա Ի.Ավանեսյանի հարցաքննությամբ պարզելով, որ ապրանքային նշանի գրավադրման պայմանագրի բնօրինակը գտնվում է ԱՄՆ-ում ներդրող ընկերության ղեկավարության մոտ և վերջինս հնարավորություն ունի վարույթն իրականացնող մարմնին տրամադրել պայմանագրի բնօրինակը, այն ստանալու համար գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ պայմանագիրը կեղծված լինելու հանգամանքը փորձել է պարզել փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու միջոցով:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հանգելով խուզարկության փաստական հիմքի առկայության մասին հետևության, պատշաճ կերպով չի ապահովել հանցագործության բացահայտման հանրային շահի և փաստաբանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռումը:
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները հիմնավոր չեն։
15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը և հաշվի առնելով արձանագրված իրավունքի խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել դիմող Հ.Չամսարյանի իրավունքի խախտման փաստը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը, խախտում արձանագրելով հանդերձ, չի բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը, ապա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն փաստարկմանը, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը կատարված լինելու փաստի ուժով չէր կարող բեկանվել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:
2. Ճանաչել դիմող Հովհաննես Չամսարյանի իրավունքի խախտման փաստը:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 22-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 15:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 43-45:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 89-106:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kruglov and others v. Russia գործով 2020 թվականի փետրվարի 4-ի վճիռը, գանգատ թիվ 11264/04:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Leotsakos v. Greece գործով 2018 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 30958/13, կետ 42:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-23-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
10 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 25:
11 Տե՛ս սույն որոշման 7.1.-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 7.1.-րդ կետը։
13 Տես սույն որոշման 9-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |