Գլխավոր տեղեկություն
Համար
N 1863-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.04.2023-28.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1863-Լ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 13.04.23 N 504-Լ)

1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1863-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մեկանգամյա նպատակային պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Պետական աջակցությունը տրամադրում (նշանակում, վճարում) է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումի և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա և սույն կարգով սահմանված պայմանների բավարարման դեպքում։

3. Պետական աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի (այսուհետ՝ բազային ժամանակահատված) համար՝ սույն կարգով սահմանված ցուցիչների հիման վրա:

4. Պետական աջակցությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ շահառու), որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները՝

1) բազային ամբողջ ժամանակահատվածում, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, համարվել են ավելացված արժեքի հարկ վճարող և իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 80 և ավելի տոկոսը կազմել են Հայաստանի Հանրապետության կոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58.2, J62.01, J62.02, J62.03, J63.11, J63.12 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).

2) բազային ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների արժեքը (այսուհետ` արտահանման ծավալը) կազմել է իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) առնվազն 70 տոկոսը.

3) բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաև փոխհատուցման (վճարման) ամսվան անմիջապես նախորդող ամսվա համար ներկայացրած եկամտային հարկի հաշվարկներում եկամուտ ստացած աշխատակիցների մասով ամեն ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր գումարը (այսուհետ՝ ֆոնդ), դրամային արտահայտությամբ կազմել է ոչ պակաս, քան մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվետվության մեջ արտացոլված ֆոնդի գումարի 80 տոկոսը.

4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացված բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողների կողմից ներկայացրած ավելացված արժեքի հարկի հարկային հաշվարկներում արտացոլված ընդհանուր իրացման շրջանառության մեջ նույն ենթակետով նշված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով իրականացվող գործունեության իրացման շրջանառության 80 և ավելի տոկոս կազմելը։

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու դեպքում շահառուին պետական աջակցությունը տրամադրվում է N 1 աղյուսակում ներկայացված չափանիշներով․

 

Աղյուսակ N 1

 

Արտահանման ծավալը՝ բազային ժամանակահատվածում ընդհանուր

իրացման շրջանառության

մեջ %֊ը

Բազային ժամանակահատվածում եկամտային հարկի գծով վճարված ընդհանուր գումարի %-ը

(եթե ֆոնդը կրճատվել է 0-10 % -ով)

Բազային ժամանակահատվածում եկամտային հարկի գծով վճարված ընդհանուր գումարի %-ը

(եթե ֆոնդը կրճատվել է

11-20 % -ով)

70%-80%

75%

55%

81%-90%

85%

65%

91%-100%

95%

75%

 

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 399-Լ որոշմանը (այսուհետ՝ որոշում) համապատասխան շահառու հանդիսացած՝ սույն կարգի պայմանները բավարարող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը հաշվարկվում և տրամադրվում է պետական աջակցության գումարի՝ եկամտային հարկի N 1 աղյուսակով սահմանված գումարի և որոշմամբ ստացած պետական աջակցության տարբերության գումարը:

8․ Պետական աջակցությունն ստանալու նպատակով շահառուն մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը էլեկտրոնային վավերացմամբ, էլեկտրոնային եղանա կով նախարարության info@hti.am էլեկտրոնային փոստի հասցեին է ներկայաց նում դիմում՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի: Դիմումի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2023 թվականի փետրվարի 1-ը:

9. Նախարարությունը սույն կարգի N 1 ձևով սահմանված դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեից ստանում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները բավարարող շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով:

10․ Սույն կարգով սահմանված պետական աջակցության գումարները շահառուին փոխանցելու նպատակով նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո, սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում, շահառուին պետական աջակցության գումարները փոխանցում է դիմումի ներկայացման օրվան հաջորդող չորս ամիսների ընթացքում՝ չորս հավասար մասերով, յուրաքանչյուր շահառուի մասով առավելագույնը՝ 400 մլն (չորս հարյուր միլիոն) դրամի չափով: Նախարարությունը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը.

2) շահառուի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) պետական աջակցության գումարի չափը։

11. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Կազմակերպության անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

Կազմակերպության կամ անհատ

ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն

               

Կազմակերպության կամ անհատ

ձեռնարկատիրոջ հասցեն

 

 

Հեռախոսահամարը +(374)

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը

 

 

Բանկի տվյալները

Բանկային հաշվի համարը, որին փոխանցվելու է աջակցության գումարը

   

 

Իրավասու անձ

________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2023, N 630-Լ 28.04.2023, N 1863-Լ
13.04.2023, N 504-Լ 14.04.2023, N 1863-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան