Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.01.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6569/05/19

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6569/05/19

Նախագահող դատավոր՝

 Լ. Հակոբյան

Դատավորներ՝

 Էդ. Նահապետյան

 Կ. Գևորգյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. Մկոյան

 

2023 թվականի հունվարի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Դավիթ Պետրոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դավիթ Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը։

 ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.10.2021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23.11.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Պետրոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, 31-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 35.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 35.3-րդ հոդվածը, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ և 27-րդ հոդվածները, 126-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, ինչպես նաև այլ կատարողական գործողությունների կատարման վերաբերյալ որոշումները հայցվորը չի ստացել, հետևաբար, զրկված է եղել օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում լոտի ավելի բարձր մեկնարկային գին ներկայացնելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ծառայությունը չի իրականացրել աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պարտապանին և պահանջատիրոջը ծանուցելու պարտականությունը՝ գտնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնելիս այդպիսի պարտականություն չունի, մինչդեռ դրանով անմիջականորեն խախտվում է աճուրդի ներկայացվող լոտի սեփականատիրոջ իրավունքները, ուստի, այն հանգեցնում է սույն գործով վիճարկվող որոշման անվավերության:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պարտապանին պատշաճ ձևով ծանուցելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, և հետապնդում է պարտապանի նաև այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ, մասնավորապես՝ ծանուցման պահանջը կոչված է ապահովելու պարտապանի կողմից հարկադիր կատարողի որոշումները և/կամ գործողությունները վիճարկելու, միջնորդություններ հարուցելու և այլ իրավունքներ, օրենսդրի կողմից պարտապանին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու վերջինիս դատական պաշտպանության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2021 թվականի որոշումը, և գործն ուղարկել նոր քննության, կամ օրինական ուժ տալ Դատարանի 23.11.2020 թվականի վճռին:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 15.08.2016 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.07.2016 թվականին տրված թիվ ԵԿԴ/2880/02/16 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 02169505 կատարողական վարույթը, արգելվել պատասխանող Դավիթ Պետրոսյանին շարժական գույքի գրավի թիվ NIC230372 պայմանագրով Բանկի օգտին գրավադրված MERSEDES-BENZ E-500 մակնիշի 30US340 պետհամարանիշներով մեքենայի շահագործումը (հատոր 1-ին, գ.թ. 59).

2) Ծառայության 17.10.2016 թվականի Ո00468-59478/16 որոշմամբ արգելանք է դրվել պարտապան Դավիթ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող MERSEDES-BENZ E-500 մակնիշի 30US340 պետհամարանիշներով մեքենայի վրա (հատոր 1-ին, գ.թ. 61).

3) Ծառայության 17.03.2017 թվականի որոշմամբ ավարտվել է 15.08.2016 թվականին վերսկսված թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 67).

4) Ծառայության «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 19.09.2017 թվականի որոշմամբ վերսկսվել է թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 76).

5) Ծառայության 27.09.2017 թվականի որոշմամբ ավարտվել է 19.09.2017 թվականին վերսկսված թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 77).

6) Ծառայության 25.03.2019 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշմամբ Դավիթ Պետրոսյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 25.106 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և 22.000 ՀՀ դրամ, նաև 266.106 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու համար վերսկսվել է թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 80).

7) Ծառայության 10.06.2019 թվականի «Փորձագետ նշանակելու մասին» որոշման համաձայն՝ 02169505 կատարողական վարույթով նշանակվել է փորձագետ և փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ին։

Փորձագետին առաջադրվել է հետևյալ հարցը՝ որքան է կազմում MERSEDES-BENZ E-500 մակնիշի ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքը (հատոր 1-ին, գ.թ. 83).

8) «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի 23.06.2019 թվականի թիվ 13/759/19 եզրակացության համաձայն՝ գույքը զննվել է 24.06.2019 թվականին և 28.06.2019 թվականի դրությամբ դրա շուկայական արժեքը կազմել է 7.400.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 87-91).

9) Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ Դավիթ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES BENZ E-500» մակնիշի 30US340 համարանիշի ավտոմեքենան 5.550.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի։

Միաժամանակ, որոշումն ուղարկվել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին ու Դավիթ Պետրոսյանին և տեղադրվել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին, գ.թ. 98-103):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի և 35.1-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

-hարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՞ք գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել Օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել՝ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նաև՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում՝ նաև մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը՝ գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք և իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, Օրենքով նախատեսված այլ տվյալներ և մեկնարկային, այսինքն՝ աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը՝ Օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:

Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ և դրա նվազագույն արժեք՝ օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.

Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)՝ նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին՝ նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն՝ դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ՝ լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այլ կերպ ասած՝ լոտի արժեքը գնահատելու և դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, և որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:

Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողն Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է նաև հրապարակային ծանուցում:

Օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է (...) ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի անելով՝ այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և ներառվում է դրանում, բխում է ոչ միայն Օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլև Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:

Մասնավորապես, Օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը և դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավանորմերը ևս ներառված են այդ գլխում (տե՛ս Օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու և բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ՝ օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին՝ էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նաև լոտի առարկաները:

Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, և այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:

Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով:

Վերևում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու և սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռևս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու և մեկնարկային գինը սահմանելու՝ Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու և դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ, Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը՝ կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու և հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց Օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել՝ Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլև Օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, և սահմանված ժամկետում և կարգով կատարել հրապարակային ծանուցում: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վկայակոչված՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է՝ պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո՝ եռօրյա ժամկետում:

Շարադրվածից բխում է, որ Օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը՝ դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:

Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար՝ Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները՝ տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում ևս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը և ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում (տե՛ս, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դավիթ Պետրոսյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը։

Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ պատասխանողը չի իրականացրել աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պարտապանին և պահանջատիրոջը ծանուցելու պարտականությունը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, նշել է, որ հարկադիր կատարողը պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ չի կրում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պարտապանին և պարտատիրոջը ծանուցելու և այդպիսով վերջիններիս՝ լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու հնարավորություն տալու պարտականություն:

 

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

Ելնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շարժական գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու՝ Օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության հարկադիր կատարող Ա. Գրիգորյանի կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Վերջինս ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի՝ 5.550.000 ՀՀ դրամի, և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին թիվ 02169505 կատարողական վարույթի պարտապան Դավիթ Պետրոսյանին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու՝ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ:

Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարժական գույքի մեկնարկային գնի և դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Դավիթ Պետրոսյանին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետևանքով վերջինս զրկվել է լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նաև լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու՝ Օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Շարժական գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է Օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն:

Փաստորեն՝ որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Դավիթ Պետրոսյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից: 

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Գրիգորյանի կողմից որոշումը կայացնելիս ամբողջությամբ չեն պահպանվել Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար, որոշումն ընդունվել է Օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր այն անվավեր ճանաչելու համար, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են (...) ֆիզիկական անձինք՝ (...) հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Դավիթ Պետրոսյանը վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի ուժով ազատված է վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից, մինչդեռ վերջինս վճռաբեկ բողոքի համար վճարել է պետական տուրք՝ 30.000 ՀՀ դրամի չափով

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դավիթ Պետրոսյանի կողմից վճարված, սակայն օրենքով չպահանջվող պետական տուրքը՝ վճռաբեկ բողոքի համար 30.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը 10.000 ՀՀ դրամի չափով վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցն այդ մասով պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման:

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետական տուրք վճարելու պարտականություն չունի նաև պատասխանող վարչական մարմինը: Տվյալ դեպքում Ծառայությունը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Դավիթ Պետրոսյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով պետական տուրքի գծով ծախսի կատարումը անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից՝ դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե´ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախսեր կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 23.11.2020 թվականի վճռին։

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: