Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 502-Ն

 

ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԾԱՎԱԼՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 8-28-րդ կետերի։

3. Սույն որոշման N 1 հավելվածի 8-28-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 502-Ն որոշման

 

ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԾԱՎԱԼՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Քրեակատարողական հիմնարկում պատժից ազատվող յուրաքանչյուր դատապարտյալի տրամադրվող սոցիալական աջակցության ծավալը որոշվում է սույն հավելվածով՝ հաշվի առնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները։

2. Սոցիալական աջակցություն տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի պետը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ միասնական սոցիալական ծառայություն), պետական կառավարման այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կազմակերպություններին:

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է դատապարտյալի գրավոր դիմումի հիման վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

4. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, իսկ կարճաժամկետ ազատազրկման դեպքում՝ ոչ ուշ, քան 10 օր առաջ, քրեակատարողական հիմնարկի պետը, քրեակատարողական հիմնարկի սոցիալական աշխատողի կողմից տրված գնահատման արդյունքում, իրականացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունները, դատապարտյալին տրամադրում է խորհրդատվական օգնություն՝ անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու, համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց ուղղորդելու վերաբերյալ:

5. Պատժից ազատվող դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկի սոցիալական աշխատողի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել միանվագ դրամական օգնություն՝ սույն որոշման N 2 հավելվածի համաձայն:

6. Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված միանվագ դրամական օգնությունը չի կարող հիմք հանդիսանալ այլ սոցիալական ծառայություններ չտրամադրելու համար, եթե առկա են համապատասխան սոցիալական ծառայությունները տրամադրելու հիմքերը։

7. Կենսաթոշակային տարիքի հասած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող դատապարտյալի խնդրանքով քրեակատարողական հիմնարկի պետը, պատժից ազատումից առնվազն մեկ ամիս առաջ, ապահովում է դատապարտյալի դիմումի ներկայացումը միասնական սոցիալական ծառայություն՝ տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամք ապահովելու նպատակով, եթե առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքերը։ Քրեակատարողական հիմնարկը դատապարտյալի ազատման օրը պատժից ազատված անձին տեղափոխում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որտեղ կազմակերպվելու է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի հետագա խնամքը։

8. Եթե պատժից ազատվող դատապարտյալը չունի բնակության վայր, ապա նրան տրամադրվում է բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում (այսուհետ՝ հատուցում)՝ մինչև վեց ամիս ժամկետով։

9. Դատապարտյալը համարվում է բնակության վայր չունեցող, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում չունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն)։

10. Բնակության վայր չունեցող դատապարտյալի պատժից ազատումից առնվազն երկու ամիս առաջ քրեակատարողական հիմնարկի պետն ապահովում է դատապարտյալի վարձակալությամբ բնակարան գտնելը և առցանց դիմումի ներկայացումը միասնական սոցիալական ծառայություն՝ հատուցում ստանալու համար։

11. Դիմումում նշվում են՝

1) դատապարտյալի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայություններ չունենալու մասին տեղեկանքի համարը.

2) համապատասխան քրեակատարողական հիմնարկի անունը և պատժից ազատման օրը.

3) Հայաստանի Հանրապետությունում գործող և միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկի անվանումը, որով դատապարտյալը ցանկանում է ստանալ հատուցումը.

4) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը։

12. Դատապարտյալին սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տարածության) առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Կադաստրի կոմիտեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

13. Դատապարտյալի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

14. Պատժից ազատվող դատապարտյալ հանդիսանալու հանգամանքը տրամադրում է համապատասխան քրեակատարողական հիմնարկը։

15. Դատապարտյալի շուրջօրյա լրիվ խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

16. Դատապարտյալի՝ սույն կարգով սահմանված շահառու հանդիսանալու պայմանները ստուգվում են ինքնաշխատ եղանակով՝ միասնական սոցիալական ծառայությանը հասանելի բազաների և տրամադրված տեղեկատվության համադրման միջոցով։ Համապատասխան պետական կառավարման մարմինները և քրեակատարողական հիմնարկները պահանջվող տեղեկատվությունը տրամադրում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ։

17. Եթե սույն հավելվածի 16-րդ կետում նշված տեղեկատվության համաձայն՝ դատապարտյալը բավարարում է շահառու դառնալու պայմաններին, ապա դատապարտյալին (այսուհետ՝ նաև շահառու) վճարվում է հատուցում՝ պատժից ազատման ամսվա 1-ից։

18. Դիմումը մերժվում է, եթե՝

1) դիմումը հաստատելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է դատապարտյալի մահվան պետական գրանցում.

2) անձը չի հանդիսանում պատժից ազատված դատապարտյալ․

3) անձն ունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան։

19. Դիմումը մերժելու կամ բավարարելու մասին ծանուցումը շահառուին ուղարկվում է էլեկտրոնային դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Դիմումը մերժելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու պատճառը և բողոքարկման կարգը։

20. Դիմումը բավարարվելու դեպքում, պատժից ազատման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում, շահառուի բնակության վայրը սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց և կազմում շահառուի անհատական սոցիալական ծրագիր, որը պետք է ընդգրկի նաև շահառուի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, եթե շահառուն աշխատունակ անձ է։ Անձը համարվում է աշխատունակ, եթե 18-59 տարեկան է, բացառությամբ, եթե շահառուն՝

1) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան ուսանող է, կամ

2) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձ է, կամ

3) 30 և ավել շաբաթական հղի է, կամ

4) մինչև 2 տարեկան երեխա խնամող/ունեցող անձ է։

21. Հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) վճարման ցուցակների հիման վրա։ Ամենամսյա հայտը և վճարման էլեկտրոնային ցուցակները կազմակերպությունը տրամադրում է միասնական սոցիալական ծառայությանը, իսկ վերջինս էլ վճարման ցուցակները CBnet համակարգով տրամադրում է վճարումն իրականացնող կազմակերպություններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։

22. Տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների՝ մահվան ակտերի գրանցման, Կադաստրի կոմիտեից սեփականության կամ համասեփականության իրավունքի ձեռքբերման, շուրջօրյա լրիվ խնամքի հաստատությունների տեղավորվելու վերաբերյալ տվյալների համադրման արդյունքում։

23. Հատուցման վճարումը դադարեցվում է, եթե՝

1) առկա է շահառուի մահվան վերաբերյալ տվյալ.

2) շահառուն ընդունվել է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն.

3) լրացել է սույն հավելվածով սահմանված ժամկետը.

4) շահառուն ներկայացրել է դիմում հատուցումը ստանալուց հրաժարվելու մասին.

5) շահառուն ձեռք է բերել սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն).

6) անհատական սոցիալական ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում։

24. Հատուցման վճարումը դադարեցնելու դեպքում ծրագրային գործիքի կողմից շահառուի դիմումում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաղորդագրություն՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված որոշումը կարող է բողոքարկվել նույն համակարգում դիմում ներկայացնելու միջոցով։

25. Բողոքարկման դիմումի արդյունքում ստացված տեղեկատվության կամ փաստաթղթերի հիման վրա սույն կարգի 23-րդ կետի 1-2-րդ, 5-6-րդ ենթակետերում նշված հանգամանքները մերժվելու դեպքում, դրամական աջակցության վճարումը վերսկսվում է, և դրամական աջակցության վճարումն իրականացվում է դադարեցման ամսվանից սկսած, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում։

26. Հատուցումը տրամադրվում է վեց ամիս ժամկետով։

27. Հատուցման չափը սահմանվում է ամսական 60.000 (վաթսուն հազար) դրամ։

28. Հատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց։

29. Դատապարտյալին կարող են տրամադրվել նաև սոցիալական աջակցության ոլորտի այլ սոցիալական ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու և սահմանված կարգով դիմելու դեպքում։

30. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումը կայացվում է դիմումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

31. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին դիմողին տեղեկացվում է ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, եթե տեղեկացման այլ կարգ և ժամկետներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենքներով:

32. Սոցիալական աջակցություն տրամադրելը դադարեցվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված հիմքերով:

33. Սույն որոշմամբ չկարգավորված սոցիալական աջակցության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 502-Ն որոշման

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Պատժից ազատվելուց առնվազն 10 օր առաջ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել միանվագ դրամական օգնություն, որի վճարումն իրականացվում է պատժից ազատելու օրվան նախորդող աշխատանքային օրը:

2. Քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման համար փաստական հիմք է հանդիսանում քրեակատարողական ծառայության սոցիալական աշխատողի կողմից կատարված՝ դատապարտյալի անհատական կարիքների գնահատումը:

3. Սոցիալական աշխատողը դատապարտյալի անհատական կարիքների գնահատումն իրականացնելիս հաշվի է առնում դատապարտյալի գույքային դրությունը, ներառյալ՝ գույքային պարտավորությունները, դատապարտյալի մոտ եկամուտների առկայությունը կամ բացակայությունը, նրա անձնական հաշվին առկա գումարի չափը, դատապարտյալին ազատվելիս նրան դիմավորելու կամ չդիմավորելու հանգամանքը, բնակության վայրով ապահովված կամ չապահովված լինելը, ազատության պայմաններում նրա մոտ զբաղվածության առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև սոցիալական դեպքի վարման շրջանակներում էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

4. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է անկանխիկ փոխանցման միջոցով՝ դատապարտյալի կողմից տրամադրված բանկային հաշվին:

5. Դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնությունը կազմում է 100.000 (հարյուր հազար) դրամ:

6. Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված միանվագ դրամական օգնության չափը կարող է ավելացվել ևս 50.000 (հիսուն հազար) դրամի չափով՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքներից որևէ մեկը կամ դրանց համակցությունը՝

1) դատապարտյալի անաշխատունակ լինելը.

2) դատապարտյալի ընտանիքում երեխաների, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց քանակը և տարիքը.

3) դատապարտյալի ընտանիքի բնակարանային պայմանները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան