Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12618/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12618/02/19

Նախագահող դատավոր՝

 Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Ն. Կարապետյան

 Մ. Հարթենյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

2022 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վաչագան Նուշիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վաչագան Նուշիկյանի ընդդեմ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ), «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի՝ երաշխավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վաչագան Նուշիկյանը պահանջել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ), «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի և Վաչագան Նուշիկյանի միջև 07.04.2014 թվականին կնքված թիվ 52552 երաշխավորության պայմանագրով (այսուհետ՝ Երաշխավորության պայմանագիր) երաշխավորությունը ճանաչել դադարած:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ Ստեփանյան) 08052020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործը փոխանցվել է ՀՀ սնանկության դատարան։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 20102020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06052021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20102020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Նուշիկյանը (ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 62-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագրի դրույթները (11-րդ, 1.5-րդ, 1.5.1.-1.5.3 1.5-րդ) ինչի արդյունքում հանգել է սխալ եզրահանգումների:

Վերաքննիչ դատարանի կողմից նշված պայմանների սխալ մեկնաբանման էությունը կայանում է նրանում, որ Երաշխավորության պայմանագրի 15 կետում և 1.5.1-1.5.3 ենթակետերում հստակ և պարզ սահմանված է, որ երաշխավորը տալիս է իր համաձայնությունը պարտավորության մարման ժամանակացույցերի փոփոխության մասով։ Պայմանագրի կատարման ժամկետները փոփոխելու վերաբերյալ որևէ դրույթ Բանկի, պարտապանի և երաշխավորի կամ Բանկի և պարտապանի միջև կնքված ոչ մի գործարքում առկա չէ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երաշխավորության պայմանագրի 11 կետը սահմանում է, որ երաշխավորը տալիս է համաձայնություն պատասխանատվություն կրել ոչ թե պարտապանի կողմից Բանկի հանդեպ ստանձնելիք բոլոր պարտավորությունների համար, այլ նրանց միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագրով և դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով ստանձնելիք պարտավորությունների համար։

Վերաքննիչ դատարանը իր որոշման հիմքում դրել է Երաշխավորության պայմանագրի 11 կետը և դրա հիման վրա կառուցված փաստարկները, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում այդ կետով կամ դրա հիման վրա կառուցված փաստարկներով վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ բերված չեն։ Ավելին, այդ կետի հիման վրա Դատարանում գործի քննության ժամանակ անգամ որևէ առարկություն, դիրքորոշում կամ բացատրություն ոչ գրավոր, և ոչ էլ բանավոր չի ներկայացվել։

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական և նյութաիրավական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը: Մասնավորապես նշվածն արտահայտվել է նրանում, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ակնհայտ ապացուցված փաստերով հաստատված հանգամանքներ: Այդ հանգամանքները այն փաստերն են, որոնք հաստատում են, որ Երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման համար Բանկը և պարտապանը պարտավոր էին ստանալ երաշխավորի համաձայնությունը: Սակայն, առանց այդ համաձայնության ստացման երկարաձգել են Երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետը, որը երաշխավորի համար առաջացրել է անբարենպաստ հետևանքներ, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով հիմք են երաշխավորության դադարման համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 06052021 թվականի որոշումը՝ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը փոփոխելու՝ հայցը մերժելու մասով և օրինական ուժ տալ Դատարանի 2010.2017 թվականի վճռին»:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով որպես գրավոր ապացույցներ Դատարանին են ներկայացվել մասնավորապես 12.06.2013 թվականին կնքված թիվ FW4.135 Գլխավոր վարկային պայմանագրի, 15.07.2013 թվականին կնքված թիվ 4.4811/FW4.135 Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի, 16.10.2013 թվականին, 09.07.2014 թվականին, 07.10.2014 թվականին, 28.09.2017 թվականին, 27.09.2018 թվականին Համաձայնագրերի և 07.10.2014 թվականին կնքված թիվ 52552 Երաշխավորության պայմանագրի պատճենները, ինչպես նաև Բանկի 26.09.2019 թվականի թիվ 2289 գրության, երաշխիքի պայմանագրի գումարի փոխանցումը հավաստող փաստաթղթի և այլ փաստաթղթերի պատճենները: Ներկայացված փաստաթղթերի իսկությունը կողմերը չեն վիճարկել, Դատարանը դրանք ճանաչել է թույլատրելի և վերաբերելի ապացույցներ: Վերաքննիչ դատարանը կատարելով գործի փաստական հանգամանքների և ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, և վերը նշված պայմանագրերի կետերը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրավանորմի հետ, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ երաշխավորը տվել է իր համաձայնությունը պատասխանատվություն կրելու ինչպես ստանձնած, այնպես էլ ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի /Վարկառու/ միջև 12.06.2013 թվականին կնքվել է Գլխավոր վարկային թիվ FW4.135 պայմանագիր /այսուհետ նաև՝ Գլխավոր վարկային պայմանագիր/:

Գլխավոր վարկային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Բանկը պատրաստակամություն է հայտնել Վարկառուին մատչելի դարձնել առավելագույնը 250.000.000 ՀՀ դրամ գումարի հաջորդական վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ, երաշխիքներ, թողարկել (բացել) ակրեդիտիվներ և Բանկում գործող այլ ֆինանսական ծառայություններ (այսուհետ բոլորը միասին՝ Վարկ)՝ համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի և սակագների, իսկ Վարկառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

2) Բանկի և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի (Պրինցիպալ) միջև 15.07.2013 թվականին կնքվել է ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման թիվ 4.4811/FW4.135 պայմանագիր (այսուհետ նաև՝ Երաշխիքի պայմանագիր):

Երաշխիքի պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի ստորագրման պահից երեք բանկային օրվա ընթացքում Պրինցիպալի պարտատիրոջ (այսուհետ՝ Բենեֆիցիար) օգտին տալ բանկային երաշխիք նույն պայմանագրի հավելված 1-ում նշված ձևով (այսուհետ՝ Երաշխիք), իսկ Պրինցիպալը պարտավորվում է վճարել Բանկին դրա դիմաց՝ Բանկի Սակագներով սահմանված կարգով և չափով:

Երաշխիքի պայմանագրի 1.1.1 կետի համաձայն՝ Երաշխիքի գումարը սահմանվել է 100000,00 Եվրո, իսկ գործողության ժամկետը սահմանվել է 15072013 թվականից մինչև 15062014 թվականը ներառյալ:

Երաշխիքի պայմանագրի 2.2.2 կետի համաձայն՝ Բանկի կողմից Երաշխիքի գումարը կամ դրա մի մասը Բենեֆիցիարին վճարելու պահից Պրինցիպալը պարտավորվում է վճարման նույն բանկային օրվա ընթացքում փոխհատուցել Բանկին Բենեֆիցիարին վճարված գումարները:

Երաշխիքի պայմանագրի 4.5 կետի համաձայն՝ նույն Պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կողմերի գրավոր համաձայնությամբ և կազմում են նույն պայմանագրի անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

3) «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Նու Վա Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 16.10.2013 թվականին կնքվել է 15.07.2013 թվականին կնքված թիվ 4.4811/FW4.135 «Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրում» փոփոխություններ կատարելու մասին լրացուցիչ համաձայնագիր, որով Երաշխիքի գումարը ավելացվել է՝ այն սահմանելով 130,000.00 Եվրո (հատոր 1-ին, գ.թ. 26):

4) Բանկի և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի միջև 09.07.2014 թվականին, 07.10.2014 թվականին, 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով Երաշխիքի ժամկետը երկարաձգվել է և սահմանվել է համապատասխանաբար մինչև 15․10․2014 թվականը, 01․10․2017 թվականը, 01․10․2018 թվականը և 01․10․2019 թվականը ներառյալ (հատոր 1-ին, գ.թ. 20-25):

5) «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (Պարտատեր), Վաչագան Նուշիկյանի (Երաշխավոր) և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի (Պարտապան) միջև 07.10.2014 թվականին կնքվել է թիվ 52552 երաշխավորության պայմանագիր (այսուհետ նաև՝ Երաշխավորության պայմանագիր):

Երաշխավորության պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ երաշխավորը պարտավորվել է իր դրամական միջոցներով (այդ թվում՝ բանկային հաշիվներին առկա), ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև՝ վերջինիս և Պարտապանի միջև 12.06.2013 թվականին Երևան քաղաքում կնքված գլխավոր վարկային պայմանագրով, այդ թվում՝ դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Երաշխավորության պայմանագրի 1.2 կետի 1.2.1. ենթակետի համաձայն՝ հիմնական պարտավորությունն իր մեջ ներառում է գլխավոր պայմանագրով նախատեսված սահմանաչափի գումարը, այն է՝ 250.000.000 ՀՀ դրամ:

Երաշխավորության պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ երաշխավորությունը տրվում է մինչև Պարտապանի կողմից հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտավորությունների՝ ամբողջությամբ և պատշաճ կատարումը:

Երաշխավորության պայմանագրի 1.5. կետով սահմանվել է՝ սույնով Երաշխավորը հավաստում է, որ ծանոթացել է Վարկային պայմանագրերի բոլոր դրույթներին (ներառյալ՝ մարումների ժամանակացույցին), համաձայն է դրանց հետ և լիովին գիտակցում և ընդունում է, որ Պարտապանի հետ կրում է համապարտ պատասխանատվություն նշված պայմանագրերով սահմանված պայմաններով և կարգով, ինչը նշանակում է, որ Բանկը Հիմնական պարտավորության կատարման պահանջ կարող է ներկայացնել ինչպես Պարտապանին, այնպես էլ Երաշխավորին առանց նախապես Հիմնական պարտավորության կատարում Պարտապանից պահանջելու:

Երաշխավորության պայմանագրի 1.5.1, 1.5.2 և 1.5.3 ենթակետերով սահմանվել է՝ Երաշխավորը տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որպեսզի Երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում առանց իր լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոփոխվեն Գլխավոր պայմանագրով կամ դրա հիման վրա կնքված/կնքվելիք ենթավարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցերը /ենթակետ 1.5.1/: Փոփոխվեն կամ հանվեն Հիմնական պարտավորության ապահովման մյուս միջոցները /ներառյալ գրավից ազատվեն գրավադրված գույքերը/ /ենթակետ 1.5.2/: Պատասխանատվություն կրել պարտատիրոջ կողմից Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու բոլոր դեպքերում՝ ներառյալ սույն Պայմանագրի գործողության ընթացքում Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու դեպքերը /ենթակետ 1.5.3/:

Երաշխավորության պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագիրը դադարում է հիմնական պարտավորության՝ ամբողջ ծավալով կատարման պահից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Երաշխավորը սույնով միաժամանակ հավաստում է, որ նույն կետում նշված համաձայնությունը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տրված համաձայնություն, ուստիև վերոնշյալ 1.5.1.-1.5.3. ենթակետերում նշված դեպքերը չեն հանգեցնում երաշխավորության դադարմանը (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

6) Բանկի կողմից 26.09.2019 թվականին Ընկերությանը և երաշխավորներ Վաչագան Վարդանյանին և Վաչագան Նուշիկյանին է ուղարկվել թիվ 2289 գրությունը, որով նշվել է հետևյալը. «Հիմք ընդունելով «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ և «ՆՈՒ ՎԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ միջև 15 հուլիսի 2013թ. կնքված թիվ 4.4811/ FW4.135 Ենթավարկային բանկային երաշխիքների տրամադրման պայմանագրի 2.1.3 ենթակետը, հայտնում ենք Ձեզ, որ ՕՐՍԵՅ ՍՊԸ-ն (ORSAY GMBH) 16 սեպտեմբերի 2019թ.-ի գրությամբ (կից ներկայացնելով թվով 54 հատ չվճարված կամ մասամբ վճարված հաշիվ ապրանքագրերը), հիմք ընդունելով վերը նշված պայմանագրի հիման վրա 15 հուլիսի 2013թ.-ի տրամադրված թիվ 4.4811 (SWIFT համար՝ PRCB130715NT001) (այսուհետ՝ Երաշխիք) դիմել է Բանկին և պահանջել՝

1. Երկարաձգել Երաշխիքի ժամկետը մինչև 01.10.2020թ.-ը, կամ

2. Երաշխիքով կատարել վճարում՝ 130 000 /մեկ հարյուր երեսուն հազար/ ԵՎՐՈ գումարի չափով:

Նշենք, որ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատրաստ է քննարկել Երաշխիքի երկարաձգման հարցը երաշխավորների գրավոր համաձայնության և համապատասխան գրավային ապահովության առկայության դեպքում» (հատոր 1-ին, գ.թ. 163):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք առանց երաշխավորի համաձայնության երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն կրելու ժամկետը երկարաձգելը երաշխավորի համար առաջացնում է անբարենպաստ հետևանք։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

Նշված իրավանորմերից հետևում է, որ օրենսդիրը, ելնելով օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշել իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենսգրքի` իմպերատիվ նորմերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի՝ պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության՝ պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:

Վերոնշյալ իրավական նորմերի համակարգված վերլուծությունից հետևում է, որ պարտավորությունների կատարման ապահովման եղանակ է հանդիսանում նաև երաշխավորությունը, ինչը լինելով լրացուցիչ (ակցեսոր) պարտավորությունների տեսակ՝ ուղղված է ապահովելու հիմնական պարտավորության պարտատիրոջ շահերի առավել պաշտպանությանը։ Այլ կերպ, երաշխավորությամբ մի կողմը՝ երաշխավորողը, մյուս կողմի՝ հիմնական պարտավորության պարտատիրոջ, հանդեպ ստանձնում է պարտավորություն, որի բովանդակությունն է կազմում երրորդ անձի կողմից հիմնական պարտավորությամբ պարտատիրոջ հանդեպ ստանձնած պարտավորության ոչ պատշաճ կատարման դեպքում պարտատիրոջը տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և հիմնական պայմանագրով պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով։

Ընդ որում, երաշխավորի պարտավորության առաջացումը պայմանավորվում է բացառապես այնպիսի իրավաբանական փաստի ի հայտ գալով, ինչպիսին է հիմնական պայմանագրով պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման փաստը։

Ըստ էության, երաշխավորության իրավահարաբերության պարագայում մինչև դրանով ապահովված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պահը ոչ երաշխավորը, ոչ էլ պարտատերը միմյանց նկատմամբ չունեն որևէ իրավունք և պարտավորություն։

Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է երաշխավորության պայմանագրի դադարման դեպքերը, որը ներառում է նաև այն դեպքը, եթե երաշխավորության պայմանագիրը կնքելուց հետո, առանց երաշխավորի համաձայնության նրա համար անբարենպաստ փոփոխություն է կատարվել հիմնական պարտավորությունում՝ որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների (օրինակ՝ աճել է պարտավորության գումարը, մեծացել կամ կրճատվել է հիմնական պարտավորության կատարման ժամկետը և այլն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Սույն գործով դիմելով դատարան հայցվորը պահանջել է Երաշխավորության պայմանագրով երաշխավորությունը ճանաչել դադարած, պատճառաբանելով, որ Երաշխավորության պայմանագրով երաշխավորությունը դադարել է, քանի որ պատասխանողները Երաշխիքի պայմանագրի ժամկետը երկարաձգել են, որով Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորությունը փոփոխվել է՝ հայցվորի համար առաջացնելով անբարենպաստ հետևանքներ: Անբարենպաստ հետևանքների առաջացումն ակնհայտ արտահայտվել է նրանում, որ առանց հայցվորի համաձայնության երկարաձգվել է Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հայցվորի պատասխանատվություն կրելու ժամկետը:

Դատարանը բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ «(..) Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ կնքված համաձայնագրերը կնքվել են առանց երաշխավոր Վաչագան Նուշիկյանի համաձայնության, ինչն էլ հանգեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի խախտման:

Բացի այդ, Բանկի կողմից 26.09.2019 թվականին «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի և երաշխավորներ Վաչագան Վարդանյանին և Վաչագան Նուշիկյանին է ուղարկվել թիվ 2289 գրությունը, որով վերջիններիս տեղեկացվել է, որ «ՕՐՍԵՅ» ՍՊ ընկերությունը դիմել է բանկին և պահանջել երկարաձգել Երաշխիքի ժամկետը մինչև 01.10.2020թ.-ը, կամ երաշխիքով կատարել վճարում՝ 130000 եվրո գումարի չափով, միաժամանակ նշելով, որ Բանկը պատրաստ է քննարկել Երաշխիքի երկարաձգման հարցը երաշխավորների գրավոր համաձայնության և համապատասխան գրավային ապահովության առկայության դեպքում, ինչը փաստում է, որ այնուամենայնիվ Բանկը ևս ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է համարել երաշխավոր Վաչագան Նուշիկյանի համաձայնությունը, հակառակ պարագայում նման բովանդակությամբ ծանուցում չէր ուղարկի նաև Վաչագան Նուշիկյանին, այլ երաշխավորության պայմանագրի 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված համաձայնությունը կդիտարկեր որպես երաշխիքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ երաշխավոր Վաչագան Նուշիկյանի կողմից տրված համաձայնություն և ծանուցմամբ չէր նշի, որ պատրաստ է քննարկել երաշխիքի երկարաձգման հարցը երաշխավորների գրավոր համաձայնության առկայության դեպքում (...)»:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը՝ բեկանել և փոփոխել է դատական ակտը, հայցը մերժել է, պատճառաբանելով, որ «(...) 07.10.2014 թվականին կնքված թիվ 52552 Երաշխավորության պայմանագրի 1.1 կետի համաձայն. «Սույնով Երաշխավորը պարտավորվում է իր դրամական միջոցներով /այդ թվում՝ բանկային հաշիվներին առկա/, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով /շարժական և անշարժ/ համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև՝ վերջինիս և Պարտապանի միջև «12» հունիսի 2013թ.-ի հունիսի 12-ին Երևան քաղաքում կնքված թիվ FW4.135 «Գլխավոր վարկային պայմանագրով» /այսուհետ՝ Գլխավոր պայմանագիր/, այդ թվում՝ դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով /Գլխավոր և ենթավարկային պայմանագրերը միասին այսուհետ Վարկային պայմանագիր/ Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները /այսուհետ՝ Հիմնական պարտավորություն/ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար»:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «Երաշխավորության պայմանագրի 1.2 կետի 1.2.1. ենթակետի համաձայն՝ հիմնական պարտավորությունն իր մեջ ներառում է գլխավոր պայմանագրով նախատեսված սահմանաչափի գումարը, այն է՝ 250.000.000 ՀՀ դրամ:

(...): Երաշխավորության պայմանագրի 1.5.1, 1.5.2 և 1.5.3 ենթակետերով սահմանվել է՝ Երաշխավորը տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որպեսզի Երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում առանց իր լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոփոխվեն Գլխավոր պայմանագրով կամ դրա հիման վրա կնքված/կնքվելիք ենթավարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցերը /ենթակետ 1.5.1/: Փոփոխվեն կամ հանվեն Հիմնական պարտավորության ապահովման մյուս միջոցները /ներառյալ գրավից ազատվեն գրավադրված գույքերը/ /ենթակետ 1.5.2/: Պատասխանատվություն կրել պարտատիրոջ կողմից Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու բոլոր դեպքերում՝ ներառյալ սույն Պայմանագրի գործողության ընթացքում Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու դեպքերը /ենթակետ 1.5.3/:

Երաշխավորության պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագիրը դադարում է հիմնական պարտավորության՝ ամբողջ ծավալով կատարման պահից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Երաշխավորը միաժամանակ հավաստում է, որ նույն կետում նշված համաձայնությունը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տրված համաձայնություն, ուստիև վերոնշյալ 1.5.1.-1.5.3. ենթակետերում նշված դեպքերը չեն հանգեցնում երաշխավորության դադարմանը:

(...) Մինչդեռ, վերը նշված պայմանագրերի կետերը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրավանորմի հետ, պետք է արձանագրել, որ երաշխավորը տվել է իր համաձայնությունը պատասխանատվություն կրելու ինչպես ստանձնած, այնպես էլ ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Վերաքննիչ դատարանը նշում է, որ կողմերը վերը նշված գործարքներով սեփական կամահայտնությամբ են նախատեսել փոփոխել պայմանագրի կատարման ժամկետները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց՝ առ այն, որ առանց երաշխավորի համաձայնության փոփոխվել է պարտավորությունը, ընդ որում, որը հանգեցրել է պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար անբարենպաստ հետևանքների:(...)»:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (հետագայում՝ «Ինեկոբանկ ՓԲԸ) և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Պարտապան) միջև 12.06.2013 թվականին կնքվել է Գլխավոր վարկային թիվ FW4.135 պայմանագիր (այսուհետ նաև՝ Գլխավոր վարկային պայմանագիր):

Բանկի, Վաչագան Նուշիկյանի (այսուհետ՝ Երաշխավոր) և Պարտապանի միջև 07.10.2014 թվականին կնքվել է թիվ 52552 երաշխավորության պայմանագիր (այսուհետ նաև՝ Երաշխավորության պայմանագիր):

Երաշխավորության պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ երաշխավորը պարտավորվել է իր դրամական միջոցներով (այդ թվում՝ բանկային հաշիվներին առկա), ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև՝ վերջինիս և Պարտապանի միջև 12.06.2013 թվականին Երևան քաղաքում կնքված գլխավոր վարկային պայմանագրով, այդ թվում՝ դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով (Գլխավոր և ենթավարկային պայմանագրերը միասին այսուհետ Վարկային պայմանագիր) Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Երաշխավորության պայմանագրի 1.5.1, 1.5.2 և 1.5.3 ենթակետերով սահմանվել է՝ Երաշխավորը տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որպեսզի Երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում առանց իր լրացուցիչ համաձայնությունը ստանալու

-փոփոխվեն Գլխավոր պայմանագրով կամ դրա հիման վրա կնքված/կնքվելիք ենթավարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցերը /ենթակետ 1.5.1/:

Փոփոխվեն կամ հանվեն Հիմնական պարտավորության ապահովման մյուս միջոցները /ներառյալ գրավից ազատվեն գրավադրված գույքերը/ /ենթակետ 1.5.2/:

Պատասխանատվություն կրել պարտատիրոջ կողմից Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու բոլոր դեպքերում՝ ներառյալ սույն Պայմանագրի գործողության ընթացքում Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու դեպքերը /ենթակետ 1.5.3/:

Երաշխավորը սույնով միաժամանակ հավաստում է, որ նույն կետում նշված համաձայնությունը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տրված համաձայնություն, ուստիև վերոնշյալ 1.5.1.-1.5.3. ենթակետերում նշված դեպքերը չեն հանգեցնում երաշխավորության դադարմանը:

Բացի վերոհիշյալ պայմաններից այլ բացառություններ չեն սահմանվել:

Երաշխավորության պայմանագրի կնքման օրը՝ 07.10.2014 թվականին, 15072013 թվականին կնքված թիվ 44811/FW4.135 ենթավարկային բանկային երաշխիքի պայմանագրի (այսուհետ՝ Երաշխիքի պայմանագիր) գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 01102017 թվականը։

Բանկի և Պարտապանի միջև 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով առանց երաշխավորի համաձայնությունը ստանալու Երաշխիքի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է և սահմանվել է համապատասխանաբար մինչև 01102018 թվականը և 01102019 թվականը ներառյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված պայմանագրի մեկնաբանման կանոնների լույսի ներքո գնահատելով Երաշխավորության պայմանագրի պայմանները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի 11 կետը սահմանում է, որ Երաշխավորը տալիս է համաձայնություն պատասխանատվություն կրել ոչ թե Պարտապանի կողմից Բանկի հանդեպ ստանձնելիք բոլոր պարտավորությունների համար, այլ նրանց միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագրով և դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով ստանձնելիք պարտավորությունների համար։

Միաժամանակ Երաշխավորության պայմանագիրը կնքելիս կողմերը տեղյակ են եղել օրենքի ուժով երաշխավորության դադարման ինստիտուտին և կարևորելով իրենց միջև առաջացող երաշխավորության իրավահարաբերությունների ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դադարման դեպքերի հետ կապված հարցերի կարգավորումը, նախօրոք սահմանել են այն դեպքերի սպառիչ ցանկը (Երաշխավորության պայմանագրի 15 կետ և 1.5.1-1.5.3 ենթակետեր), որոնց առաջ գալու պայմաններում վիճելի երաշխավորության պարտավորությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, չի կարող դադարել, քանի որ երաշխավորը, տվյալ դեպքում` բողոք բերող անձը, նախօրոք տալիս է իր համաձայնությունը` երաշխավորության պարտավորությամբ ապահովված պարտավորության կողմերի կողմից նշված ապահովված պարտավորության հնարավոր փոփոխությունների մի մասի սպառիչ դեպքերի վերաբերյալ, որը նշանակում է, որ նշված սպառիչ դեպքերից բացի մնացած բոլոր դեպքերի համար նախօրոք համաձայնություն չի տվել և այդ դեպքերի համար Բանկը պարտավոր էր ստանալ Երաշխավորի համաձայնությունը:

Երաշխավորության պայմանագրի 15 կետով և 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված է, որ Բանկը և Պարտապանը առանց Երաշխավորի համաձայնության կարող են փոփոխել պարտավորության մարման ժամանակացույցերը, ինչը որևէ կերպ չի կարող նույնացվել պայմանագրի գործողության ժամկետի հետ:

Քննարկվող դեպքում Բանկը և Պարտապանը փոփոխել են Երաշխիքի պայմանագրի գործողության ժամկետը՝ երկարաձգելով այն, այլ ոչ թե Երաշխիքի պայմանագրով սահմանված պարտավորության կատարման ժամկետը։

Երաշխիքի պայմանագրով պարտավորության կատարման ժամկետը սահմանված է այդ պայմանագրի 2.2.2 կետով, համաձայն որի՝ Բանկի կողմից Երաշխիքի գումարը կամ դրա մի մասը Բենիֆիցիարին վճարելու պահից Պրինցիպալը (Պարտապանը) պարտավորվում է վճարման նույն բանկային օրվա ընթացքում փոխհատուցել Բանկին Բենիֆիցիարին վճարված գումարները։ Սա նշանակում է, որ Երաշխիքի պայմանագրով պարտավորության կատարման ժամկետը և այդ պայմանագրի գործողության ժամկետը չեն համընկնում կամ դրանց համար սահմանված ժամանակի պահերը չեն նույնանում։ Հիշյալ կետում սահմանված է երաշխիքի գումարի փոխհատուցումը միանվագ կամ մեկ անգամ կատարելու ժամանակը, իսկ ժամանակացույցը վերաբերում է պարտավորությունը մաս-մաս և պարբերական կատարելուն, այսինքն՝ այն պարտավորությունների կատարման գրաֆիկ է, իսկ միանվագ կամ մեկ անգամ կատարելու ժամանակը գրաֆիկ չի կարող համարվել, հետևաբար Վերաքննիչ դատարանն սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագրի 15 կետով և 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված պայմանները, քանի որ դրանցում խոսք է գնում պարտավորությունների մարման ժամանակացույցի, այլ ոչ թե պայմանագրի գործողության ժամկետի մասին։

Այն, որ Երաշխավորը Բանկի, Պարտապանի և Երաշխավորի, ինչպես նաև Բանկի և Պարտապանի միջև կնքված գործարքներով Երաշխիքի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համաձայնություն չի տվել, տվյալ դեպքում չի վիճարկվել և չի վիճարկվում: Սակայն 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով երկարաձգվել են Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետները, որը Երաշխավորի համար առաջացրել է անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ երկարաձգվել է Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար երաշխավորի պատասխանատվություն կրելու ժամկետը, ինչն էլ հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Երաշխավորության դադարման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագիրը, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման բավարարելով Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքը։

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 0605.2021 թվականի որոշումը մասնակի բեկանելու և ՀՀ սնանկության դատարանի 20.10.2020 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ դատարանում և Վճռաբեկ դատարանում պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ.

Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով պետական տուրքի գումարը Բանկի կողմից նախապես վճարված լինելու փաստը:

Վաչագան Նուշիկյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է 20000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված լինելու փաստը հաստատող ապացույց: Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ապա հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկից հօգուտ Վաչագան Նուշիկյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2021 թվականի որոշումը մասնակի՝ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու մասով բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 20.10.2020 թվականի վճռին:

2. «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Վաչագան Նուշիկյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Հատուկ կարծիք

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործով 18.11.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

18.11.2022 թվական

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով քննելով Վաչագան Նուշիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վաչագան Նուշիկյանի ընդդեմ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի՝ երաշխավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2021 թվականի որոշումը մասնակի՝ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 20.10.2020 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Վաչագան Նուշիկյանը պահանջել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ), «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի և Վաչագան Նուշիկյանի միջև 07.04.2014 թվականին կնքված թիվ 52552 երաշխավորության պայմանագրով (այսուհետ՝ Երաշխավորության պայմանագիր) երաշխավորությունը ճանաչել դադարած:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ Ստեփանյան) 08052020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/12618/02/19 քաղաքացիական գործը փոխանցվել է ՀՀ սնանկության դատարան։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 20102020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06052021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20102020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Նուշիկյանը (ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը»։

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 62-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագրի դրույթները (11-րդ, 1.5-րդ, 1.5.1.-1.5.3 1.5-րդ) ինչի արդյունքում հանգել է սխալ եզրահանգումների:

Վերաքննիչ դատարանի կողմից նշված պայմանների սխալ մեկնաբանման էությունը կայանում է նրանում, որ Երաշխավորության պայմանագրի 15 կետում և 1.5.1-1.5.3 ենթակետերում հստակ և պարզ սահմանված է, որ երաշխավորը տալիս է իր համաձայնությունը պարտավորության մարման ժամանակացույցերի փոփոխության մասով։ Պայմանագրի կատարման ժամկետները փոփոխելու վերաբերյալ որևէ դրույթ Բանկի, պարտապանի և երաշխավորի կամ Բանկի և պարտապանի միջև կնքված ոչ մի գործարքում առկա չէ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երաշխավորության պայմանագրի 11 կետը սահմանում է, որ երաշխավորը տալիս է համաձայնություն պատասխանատվություն կրել ոչ թե պարտապանի կողմից Բանկի հանդեպ ստանձնելիք բոլոր պարտավորությունների համար, այլ նրանց միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագրով և դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով ստանձնելիք պարտավորությունների համար։

Վերաքննիչ դատարանը իր որոշման հիմքում դրել է Երաշխավորության պայմանագրի 11 կետը և դրա հիման վրա կառուցված փաստարկները, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում այդ կետով կամ դրա հիման վրա կառուցված փաստարկներով վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ բերված չեն։ Ավելին, այդ կետի հիման վրա Դատարանում գործի քննության ժամանակ անգամ որևէ առարկություն, դիրքորոշում կամ բացատրություն ոչ գրավոր, և ոչ էլ բանավոր չի ներկայացվել։

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական և նյութաիրավական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը: Մասնավորապես նշվածն արտահայտվել է նրանում, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ակնհայտ ապացուցված փաստերով հաստատված հանգամանքներ: Այդ հանգամանքները այն փաստերն են, որոնք հաստատում են, որ Երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման համար Բանկը և պարտապանը պարտավոր էին ստանալ երաշխավորի համաձայնությունը: Սակայն, առանց այդ համաձայնության ստացման երկարաձգել են Երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետը, որը երաշխավորի համար առաջացրել է անբարենպաստ հետևանքներ, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով հիմք են երաշխավորության դադարման համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 06052021 թվականի որոշումը՝ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը փոփոխելու՝ հայցը մերժելու մասով և օրինական ուժ տալ Դատարանի 2010.2017 թվականի վճռին»:

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Սույն գործով որպես գրավոր ապացույցներ Դատարանին են ներկայացվել մասնավորապես 12.06.2013 թվականին կնքված թիվ FW4.135 Գլխավոր վարկային պայմանագրի, 15.07.2013 թվականին կնքված թիվ 4.4811/FW4.135 Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի, 16.10.2013 թվականին, 09.07.2014 թվականին, 07.10.2014 թվականին, 28.09.2017 թվականին, 27.09.2018 թվականին Համաձայնագրերի և 07.10.2014 թվականին կնքված թիվ 52552 Երաշխավորության պայմանագրի պատճենները, ինչպես նաև Բանկի 26.09.2019 թվականի թիվ 2289 գրության, երաշխիքի պայմանագրի գումարի փոխանցումը հավաստող փաստաթղթի և այլ փաստաթղթերի պատճենները: Ներկայացված փաստաթղթերի իսկությունը կողմերը չեն վիճարկել, Դատարանը դրանք ճանաչել է թույլատրելի և վերաբերելի ապացույցներ: Վերաքննիչ դատարանը կատարելով գործի փաստական հանգամանքների և ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, և վերը նշված պայմանագրերի կետերը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրավանորմի հետ, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ երաշխավորը տվել է իր համաձայնությունը պատասխանատվություն կրելու ինչպես ստանձնած, այնպես էլ ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար»։

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի /Վարկառու/ միջև 12.06.2013 թվականին կնքվել է Գլխավոր վարկային թիվ FW4.135 պայմանագիր /այսուհետ նաև՝ Գլխավոր վարկային պայմանագիր/:

Գլխավոր վարկային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Բանկը պատրաստակամություն է հայտնել Վարկառուին մատչելի դարձնել առավելագույնը 250.000.000 ՀՀ դրամ գումարի հաջորդական վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ, երաշխիքներ, թողարկել (բացել) ակրեդիտիվներ և Բանկում գործող այլ ֆինանսական ծառայություններ (այսուհետ բոլորը միասին՝ Վարկ)՝ համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի և սակագների, իսկ Վարկառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

2) Բանկի և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի (Պրինցիպալ) միջև 15.07.2013 թվականին կնքվել է ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման թիվ 4.4811/FW4.135 պայմանագիր (այսուհետ նաև՝ Երաշխիքի պայմանագիր):

Երաշխիքի պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի ստորագրման պահից երեք բանկային օրվա ընթացքում Պրինցիպալի պարտատիրոջ (այսուհետ՝ Բենեֆիցիար) օգտին տալ բանկային երաշխիք նույն պայմանագրի հավելված 1-ում նշված ձևով (այսուհետ՝ Երաշխիք), իսկ Պրինցիպալը պարտավորվում է վճարել Բանկին դրա դիմաց՝ Բանկի Սակագներով սահմանված կարգով և չափով:

Երաշխիքի պայմանագրի 1.1.1 կետի համաձայն՝ Երաշխիքի գումարը սահմանվել է 100000,00 Եվրո, իսկ գործողության ժամկետը սահմանվել է 15072013 թվականից մինչև 15062014 թվականը ներառյալ:

Երաշխիքի պայմանագրի 2.2.2 կետի համաձայն՝ Բանկի կողմից Երաշխիքի գումարը կամ դրա մի մասը Բենեֆիցիարին վճարելու պահից Պրինցիպալը պարտավորվում է վճարման նույն բանկային օրվա ընթացքում փոխհատուցել Բանկին Բենեֆիցիարին վճարված գումարները:

Երաշխիքի պայմանագրի 4.5 կետի համաձայն՝ նույն Պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կողմերի գրավոր համաձայնությամբ և կազմում են նույն պայմանագրի անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

3) «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Նու Վա Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 16.10.2013 թվականին կնքվել է 15.07.2013 թվականին կնքված թիվ 4.4811/FW4.135 «Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրում» փոփոխություններ կատարելու մասին լրացուցիչ համաձայնագիր, որով Երաշխիքի գումարը ավելացվել է՝ այն սահմանելով 130,000.00 Եվրո (հատոր 1-ին, գ.թ. 26):

4) Բանկի և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի միջև 09.07.2014 թվականին, 07.10.2014 թվականին, 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով Երաշխիքի ժամկետը երկարաձգվել է և սահմանվել է համապատասխանաբար մինչև 15102014 թվականը, 01102017 թվականը, 01102018 թվականը և 01102019 թվականը ներառյալ (հատոր 1-ին, գ.թ. 20-25):

5) «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (Պարտատեր), Վաչագան Նուշիկյանի (Երաշխավոր) և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի (Պարտապան) միջև 07.10.2014 թվականին կնքվել է թիվ 52552 երաշխավորության պայմանագիր (այսուհետ նաև՝ Երաշխավորության պայմանագիր):

Երաշխավորության պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ երաշխավորը պարտավորվել է իր դրամական միջոցներով (այդ թվում՝ բանկային հաշիվներին առկա), ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև՝ վերջինիս և Պարտապանի միջև 12.06.2013 թվականին Երևան քաղաքում կնքված գլխավոր վարկային պայմանագրով, այդ թվում՝ դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Երաշխավորության պայմանագրի 1.2 կետի 1.2.1. ենթակետի համաձայն՝ հիմնական պարտավորությունն իր մեջ ներառում է գլխավոր պայմանագրով նախատեսված սահմանաչափի գումարը, այն է՝ 250.000.000 ՀՀ դրամ:

Երաշխավորության պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ երաշխավորությունը տրվում է մինչև Պարտապանի կողմից հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտավորությունների՝ ամբողջությամբ և պատշաճ կատարումը:

Երաշխավորության պայմանագրի 1.5. կետով սահմանվել է՝ սույնով Երաշխավորը հավաստում է, որ ծանոթացել է Վարկային պայմանագրերի բոլոր դրույթներին (ներառյալ՝ մարումների ժամանակացույցին), համաձայն է դրանց հետ և լիովին գիտակցում և ընդունում է, որ Պարտապանի հետ կրում է համապարտ պատասխանատվություն նշված պայմանագրերով սահմանված պայմաններով և կարգով, ինչը նշանակում է, որ Բանկը Հիմնական պարտավորության կատարման պահանջ կարող է ներկայացնել ինչպես Պարտապանին, այնպես էլ Երաշխավորին առանց նախապես Հիմնական պարտավորության կատարում Պարտապանից պահանջելու:

Երաշխավորության պայմանագրի 1.5.1, 1.5.2 և 1.5.3 ենթակետերով սահմանվել է՝ Երաշխավորը տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որպեսզի Երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում առանց իր լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոփոխվեն Գլխավոր պայմանագրով կամ դրա հիման վրա կնքված/կնքվելիք ենթավարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցերը /ենթակետ 1.5.1/: Փոփոխվեն կամ հանվեն Հիմնական պարտավորության ապահովման մյուս միջոցները /ներառյալ գրավից ազատվեն գրավադրված գույքերը/ /ենթակետ 1.5.2/: Պատասխանատվություն կրել պարտատիրոջ կողմից Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու բոլոր դեպքերում՝ ներառյալ սույն Պայմանագրի գործողության ընթացքում Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու դեպքերը /ենթակետ 1.5.3/:

Երաշխավորության պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագիրը դադարում է հիմնական պարտավորության՝ ամբողջ ծավալով կատարման պահից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Երաշխավորը սույնով միաժամանակ հավաստում է, որ նույն կետում նշված համաձայնությունը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տրված համաձայնություն, ուստիև վերոնշյալ 1.5.1.-1.5.3. ենթակետերում նշված դեպքերը չեն հանգեցնում երաշխավորության դադարմանը (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

6) Բանկի կողմից 26.09.2019 թվականին Ընկերությանը և երաշխավորներ Վաչագան Վարդանյանին և Վաչագան Նուշիկյանին է ուղարկվել թիվ 2289 գրությունը, որով նշվել է հետևյալը. «Հիմք ընդունելով «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ և «ՆՈՒ ՎԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ միջև 15 հուլիսի 2013թ. կնքված թիվ 4.4811/ FW4.135 Ենթավարկային բանկային երաշխիքների տրամադրման պայմանագրի 2.1.3 ենթակետը, հայտնում ենք Ձեզ, որ ՕՐՍԵՅ ՍՊԸ-ն (ORSAY GMBH) 16 սեպտեմբերի 2019թ.-ի գրությամբ (կից ներկայացնելով թվով 54 հատ չվճարված կամ մասամբ վճարված հաշիվ ապրանքագրերը), հիմք ընդունելով վերը նշված պայմանագրի հիման վրա 15 հուլիսի 2013թ.-ի տրամադրված թիվ 4.4811 (SWIFT համար՝ PRCB130715NT001) (այսուհետ՝ Երաշխիք) դիմել է Բանկին և պահանջել՝

1. Երկարաձգել Երաշխիքի ժամկետը մինչև 01.10.2020թ.-ը, կամ

2. Երաշխիքով կատարել վճարում՝ 130 000 /մեկ հարյուր երեսուն հազար/ ԵՎՐՈ գումարի չափով:

Նշենք, որ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատրաստ է քննարկել Երաշխիքի երկարաձգման հարցը երաշխավորների գրավոր համաձայնության և համապատասխան գրավային ապահովության առկայության դեպքում» (հատոր 1-ին, գ.թ. 163)»:

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք առանց երաշխավորի համաձայնության երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն կրելու ժամկետը երկարաձգելը երաշխավորի համար առաջացնում է անբարենպաստ հետևանք։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

Նշված իրավանորմերից հետևում է, որ օրենսդիրը, ելնելով օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշել իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենսգրքի` իմպերատիվ նորմերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի՝ պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության՝ պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:

Վերոնշյալ իրավական նորմերի համակարգված վերլուծությունից հետևում է, որ պարտավորությունների կատարման ապահովման եղանակ է հանդիսանում նաև երաշխավորությունը, ինչը լինելով լրացուցիչ (ակցեսոր) պարտավորությունների տեսակ՝ ուղղված է ապահովելու հիմնական պարտավորության պարտատիրոջ շահերի առավել պաշտպանությանը։ Այլ կերպ, երաշխավորությամբ մի կողմը՝ երաշխավորողը, մյուս կողմի՝ հիմնական պարտավորության պարտատիրոջ, հանդեպ ստանձնում է պարտավորություն, որի բովանդակությունն է կազմում երրորդ անձի կողմից հիմնական պարտավորությամբ պարտատիրոջ հանդեպ ստանձնած պարտավորության ոչ պատշաճ կատարման դեպքում պարտատիրոջը տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և հիմնական պայմանագրով պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով։

Ընդ որում, երաշխավորի պարտավորության առաջացումը պայմանավորվում է բացառապես այնպիսի իրավաբանական փաստի ի հայտ գալով, ինչպիսին է հիմնական պայմանագրով պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման փաստը։

Ըստ էության, երաշխավորության իրավահարաբերության պարագայում մինչև դրանով ապահովված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պահը ոչ երաշխավորը, ոչ էլ պարտատերը միմյանց նկատմամբ չունեն որևէ իրավունք և պարտավորություն։

Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է երաշխավորության պայմանագրի դադարման դեպքերը, որը ներառում է նաև այն դեպքը, եթե երաշխավորության պայմանագիրը կնքելուց հետո, առանց երաշխավորի համաձայնության նրա համար անբարենպաստ փոփոխություն է կատարվել հիմնական պարտավորությունում՝ որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների (օրինակ՝ աճել է պարտավորության գումարը, մեծացել կամ կրճատվել է հիմնական պարտավորության կատարման ժամկետը և այլն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Սույն գործով դիմելով դատարան հայցվորը պահանջել է Երաշխավորության պայմանագրով երաշխավորությունը ճանաչել դադարած, պատճառաբանելով, որ Երաշխավորության պայմանագրով երաշխավորությունը դադարել է, քանի որ պատասխանողները Երաշխիքի պայմանագրի ժամկետը երկարաձգել են, որով Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորությունը փոփոխվել է՝ հայցվորի համար առաջացնելով անբարենպաստ հետևանքներ: Անբարենպաստ հետևանքների առաջացումն ակնհայտ արտահայտվել է նրանում, որ առանց հայցվորի համաձայնության երկարաձգվել է Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հայցվորի պատասխանատվություն կրելու ժամկետը:

Դատարանը բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ «(..) Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ կնքված համաձայնագրերը կնքվել են առանց երաշխավոր Վաչագան Նուշիկյանի համաձայնության, ինչն էլ հանգեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի խախտման:

Բացի այդ, Բանկի կողմից 26.09.2019 թվականին «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի և երաշխավորներ Վաչագան Վարդանյանին և Վաչագան Նուշիկյանին է ուղարկվել թիվ 2289 գրությունը, որով վերջիններիս տեղեկացվել է, որ «ՕՐՍԵՅ» ՍՊ ընկերությունը դիմել է բանկին և պահանջել երկարաձգել Երաշխիքի ժամկետը մինչև 01.10.2020թ.-ը, կամ երաշխիքով կատարել վճարում՝ 130000 եվրո գումարի չափով, միաժամանակ նշելով, որ Բանկը պատրաստ է քննարկել Երաշխիքի երկարաձգման հարցը երաշխավորների գրավոր համաձայնության և համապատասխան գրավային ապահովության առկայության դեպքում, ինչը փաստում է, որ այնուամենայնիվ Բանկը ևս ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է համարել երաշխավոր Վաչագան Նուշիկյանի համաձայնությունը, հակառակ պարագայում նման բովանդակությամբ ծանուցում չէր ուղարկի նաև Վաչագան Նուշիկյանին, այլ երաշխավորության պայմանագրի 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված համաձայնությունը կդիտարկեր որպես երաշխիքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ երաշխավոր Վաչագան Նուշիկյանի կողմից տրված համաձայնություն և ծանուցմամբ չէր նշի, որ պատրաստ է քննարկել երաշխիքի երկարաձգման հարցը երաշխավորների գրավոր համաձայնության առկայության դեպքում (...)»:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը՝ բեկանել և փոփոխել է դատական ակտը, հայցը մերժել է, պատճառաբանելով, որ «(...) 07.10.2014 թվականին կնքված թիվ 52552 Երաշխավորության պայմանագրի 1.1 կետի համաձայն. «Սույնով Երաշխավորը պարտավորվում է իր դրամական միջոցներով /այդ թվում՝ բանկային հաշիվներին առկա/, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով /շարժական և անշարժ/ համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև՝ վերջինիս և Պարտապանի միջև «12» հունիսի 2013թ.-ի հունիսի 12-ին Երևան քաղաքում կնքված թիվ FW4.135 «Գլխավոր վարկային պայմանագրով» /այսուհետ՝ Գլխավոր պայմանագիր/, այդ թվում՝ դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով /Գլխավոր և ենթավարկային պայմանագրերը միասին այսուհետ Վարկային պայմանագիր/ Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները /այսուհետ՝ Հիմնական պարտավորություն/ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար»:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «Երաշխավորության պայմանագրի 1.2 կետի 1.2.1. ենթակետի համաձայն՝ հիմնական պարտավորությունն իր մեջ ներառում է գլխավոր պայմանագրով նախատեսված սահմանաչափի գումարը, այն է՝ 250.000.000 ՀՀ դրամ:

(...): Երաշխավորության պայմանագրի 1.5.1, 1.5.2 և 1.5.3 ենթակետերով սահմանվել է՝ Երաշխավորը տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որպեսզի Երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում առանց իր լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոփոխվեն Գլխավոր պայմանագրով կամ դրա հիման վրա կնքված/կնքվելիք ենթավարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցերը /ենթակետ 1.5.1/: Փոփոխվեն կամ հանվեն Հիմնական պարտավորության ապահովման մյուս միջոցները /ներառյալ գրավից ազատվեն գրավադրված գույքերը/ /ենթակետ 1.5.2/: Պատասխանատվություն կրել պարտատիրոջ կողմից Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու բոլոր դեպքերում՝ ներառյալ սույն Պայմանագրի գործողության ընթացքում Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու դեպքերը /ենթակետ 1.5.3/:

Երաշխավորության պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագիրը դադարում է հիմնական պարտավորության՝ ամբողջ ծավալով կատարման պահից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Երաշխավորը միաժամանակ հավաստում է, որ նույն կետում նշված համաձայնությունը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տրված համաձայնություն, ուստիև վերոնշյալ 1.5.1.-1.5.3. ենթակետերում նշված դեպքերը չեն հանգեցնում երաշխավորության դադարմանը:

(...) Մինչդեռ, վերը նշված պայմանագրերի կետերը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրավանորմի հետ, պետք է արձանագրել, որ երաշխավորը տվել է իր համաձայնությունը պատասխանատվություն կրելու ինչպես ստանձնած, այնպես էլ ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Վերաքննիչ դատարանը նշում է, որ կողմերը վերը նշված գործարքներով սեփական կամահայտնությամբ են նախատեսել փոփոխել պայմանագրի կատարման ժամկետները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց՝ առ այն, որ առանց երաշխավորի համաձայնության փոփոխվել է պարտավորությունը, ընդ որում, որը հանգեցրել է պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար անբարենպաստ հետևանքների:(...)»:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (հետագայում՝ «Ինեկոբանկ ՓԲԸ) և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Պարտապան) միջև 12.06.2013 թվականին կնքվել է Գլխավոր վարկային թիվ FW4.135 պայմանագիր (այսուհետ նաև՝ Գլխավոր վարկային պայմանագիր):

Բանկի, Վաչագան Նուշիկյանի (այսուհետ՝ Երաշխավոր) և Պարտապանի միջև 07.10.2014 թվականին կնքվել է թիվ 52552 երաշխավորության պայմանագիր (այսուհետ նաև՝ Երաշխավորության պայմանագիր):

Երաշխավորության պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ երաշխավորը պարտավորվել է իր դրամական միջոցներով (այդ թվում՝ բանկային հաշիվներին առկա), ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև՝ վերջինիս և Պարտապանի միջև 12.06.2013 թվականին Երևան քաղաքում կնքված գլխավոր վարկային պայմանագրով, այդ թվում՝ դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով (Գլխավոր և ենթավարկային պայմանագրերը միասին այսուհետ Վարկային պայմանագիր) Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Երաշխավորության պայմանագրի 1.5.1, 1.5.2 և 1.5.3 ենթակետերով սահմանվել է՝ Երաշխավորը տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որպեսզի Երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում առանց իր լրացուցիչ համաձայնությունը ստանալու

-փոփոխվեն Գլխավոր պայմանագրով կամ դրա հիման վրա կնքված/կնքվելիք ենթավարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցերը /ենթակետ 1.5.1/:

Փոփոխվեն կամ հանվեն Հիմնական պարտավորության ապահովման մյուս միջոցները /ներառյալ գրավից ազատվեն գրավադրված գույքերը/ /ենթակետ 1.5.2/:

Պատասխանատվություն կրել պարտատիրոջ կողմից Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու բոլոր դեպքերում՝ ներառյալ սույն Պայմանագրի գործողության ընթացքում Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու դեպքերը /ենթակետ 1.5.3/:

Երաշխավորության պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագիրը դադարում է հիմնական պարտավորության՝ ամբողջ ծավալով կատարման պահից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Երաշխավորը սույնով միաժամանակ հավաստում է, որ նույն կետում նշված համաձայնությունը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տրված համաձայնություն, ուստիև վերոնշյալ 1.5.1.-1.5.3. ենթակետերում նշված դեպքերը չեն հանգեցնում երաշխավորության դադարմանը:

Բացի վերոհիշյալ պայմաններից այլ բացառություններ չեն սահմանվել:

Երաշխավորության պայմանագրի կնքման օրը՝ 07.10.2014 թվականին, 15072013 թվականին կնքված թիվ 44811/FW4.135 ենթավարկային բանկային երաշխիքի պայմանագրի (այսուհետ՝ Երաշխիքի պայմանագիր) գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 01102017 թվականը։

Բանկի և Պարտապանի միջև 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով առանց երաշխավորի համաձայնությունը ստանալու Երաշխիքի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է և սահմանվել է համապատասխանաբար մինչև 01102018 թվականը և 01102019 թվականը ներառյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված պայմանագրի մեկնաբանման կանոնների լույսի ներքո գնահատելով Երաշխավորության պայմանագրի պայմանները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի 11 կետը սահմանում է, որ Երաշխավորը տալիս է համաձայնություն պատասխանատվություն կրել ոչ թե Պարտապանի կողմից Բանկի հանդեպ ստանձնելիք բոլոր պարտավորությունների համար, այլ նրանց միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագրով և դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով ստանձնելիք պարտավորությունների համար։

Միաժամանակ Երաշխավորության պայմանագիրը կնքելիս կողմերը տեղյակ են եղել օրենքի ուժով երաշխավորության դադարման ինստիտուտին և կարևորելով իրենց միջև առաջացող երաշխավորության իրավահարաբերությունների ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դադարման դեպքերի հետ կապված հարցերի կարգավորումը, նախօրոք սահմանել են այն դեպքերի սպառիչ ցանկը (Երաշխավորության պայմանագրի 15 կետ և 1.5.1-1.5.3 ենթակետեր), որոնց առաջ գալու պայմաններում վիճելի երաշխավորության պարտավորությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, չի կարող դադարել, քանի որ երաշխավորը, տվյալ դեպքում` բողոք բերող անձը, նախօրոք տալիս է իր համաձայնությունը` երաշխավորության պարտավորությամբ ապահովված պարտավորության կողմերի կողմից նշված ապահովված պարտավորության հնարավոր փոփոխությունների մի մասի սպառիչ դեպքերի վերաբերյալ, որը նշանակում է, որ նշված սպառիչ դեպքերից բացի մնացած բոլոր դեպքերի համար նախօրոք համաձայնություն չի տվել և այդ դեպքերի համար Բանկը պարտավոր էր ստանալ Երաշխավորի համաձայնությունը:

Երաշխավորության պայմանագրի 15 կետով և 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված է, որ Բանկը և Պարտապանը առանց Երաշխավորի համաձայնության կարող են փոփոխել պարտավորության մարման ժամանակացույցերը, ինչը որևէ կերպ չի կարող նույնացվել պայմանագրի գործողության ժամկետի հետ:

Քննարկվող դեպքում Բանկը և Պարտապանը փոփոխել են Երաշխիքի պայմանագրի գործողության ժամկետը՝ երկարաձգելով այն, այլ ոչ թե Երաշխիքի պայմանագրով սահմանված պարտավորության կատարման ժամկետը։

Երաշխիքի պայմանագրով պարտավորության կատարման ժամկետը սահմանված է այդ պայմանագրի 2.2.2 կետով, համաձայն որի՝ Բանկի կողմից Երաշխիքի գումարը կամ դրա մի մասը Բենիֆիցիարին վճարելու պահից Պրինցիպալը (Պարտապանը) պարտավորվում է վճարման նույն բանկային օրվա ընթացքում փոխհատուցել Բանկին Բենիֆիցիարին վճարված գումարները։ Սա նշանակում է, որ Երաշխիքի պայմանագրով պարտավորության կատարման ժամկետը և այդ պայմանագրի գործողության ժամկետը չեն համընկնում կամ դրանց համար սահմանված ժամանակի պահերը չեն նույնանում։ Հիշյալ կետում սահմանված է երաշխիքի գումարի փոխհատուցումը միանվագ կամ մեկ անգամ կատարելու ժամանակը, իսկ ժամանակացույցը վերաբերում է պարտավորությունը մաս-մաս և պարբերական կատարելուն, այսինքն՝ այն պարտավորությունների կատարման գրաֆիկ է, իսկ միանվագ կամ մեկ անգամ կատարելու ժամանակը գրաֆիկ չի կարող համարվել, հետևաբար Վերաքննիչ դատարանն սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագրի 15 կետով և 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված պայմանները, քանի որ դրանցում խոսք է գնում պարտավորությունների մարման ժամանակացույցի, այլ ոչ թե պայմանագրի գործողության ժամկետի մասին։

Այն, որ Երաշխավորը Բանկի, Պարտապանի և Երաշխավորի, ինչպես նաև Բանկի և Պարտապանի միջև կնքված գործարքներով Երաշխիքի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համաձայնություն չի տվել, տվյալ դեպքում չի վիճարկվել և չի վիճարկվում: Սակայն 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով երկարաձգվել են Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետները, որը Երաշխավորի համար առաջացրել է անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ երկարաձգվել է Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար երաշխավորի պատասխանատվություն կրելու ժամկետը, ինչն էլ հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Երաշխավորության դադարման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագիրը, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման բավարարելով Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքը։

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի և 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (կարծում եմ՝ վրիպակ է թույլ տվել, պետք է վկայակոչեր նույն մասի 1-ին կետը) իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանի (կարծում եմ՝ կրկին վրիպակ է թույլ տվել, «Վերաքննիչ դատարանի» բառերից հետո առնվազն պետք է նշվեր «կողմից» բառը) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 06.05.2021 թվականի որոշումը մասնակիորեն՝ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու մասով, բեկանել է և այդ մասով օրինական ուժ է տվել ՀՀ սնանկության դատարանի 20.10.2020 թվականի վճռին բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, այսինքն՝ նյութական իրավունքի համապատասխան նորմը խախտելու հիմքով:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգումների գալու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթ, ըստ էության, բացառապես նշել է այն, որ՝

- «28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով երկարաձգվել են Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետները, որը Երաշխավորի համար առաջացրել է անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ երկարաձգվել է Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար երաշխավորի պատասխանատվություն կրելու ժամկետը, ինչն էլ հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Երաշխավորության դադարման համար»։

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթը չի կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի խախտում վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է`

1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում, ինչպես նաև առանց երաշխավորի գրավոր համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում՝ միայն փոփոխված մասով, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:

Երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձևով փոփոխելուն, առ ոչինչ է: Սույն պարբերության իմաստով երաշխավորի համաձայնությունը չի պահանջվում, եթե երաշխավորը երաշխավորությունն ստանձնում է հիմնական պարտավորության վերաբերյալ այն պայմանագրով, որով ապագայում ծագելիք պարտավորության բոլոր էական պայմանները սահմանված են.

2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.

3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.

4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:

Վերոգրյալ նորմի մեկնաբանությունից բխում է, որ օրենսդիրը սպառիչ սահմանել է այն հիմքերը, որոնցից թեկուզև մեկի առկայության դեպքում երաշխավորության պայմանագիրը դադարում է օրենքի ուժով։

Նման հիմք է հանդիսանում նաև առանց երաշխավորի գրավոր համաձայնության դրանով ապահովված պարտավորությունը փոփոխելը, այն էլ՝ միայն փոփոխված մասով, եթե նման փոփոխությունը հանգեցրել է երաշխավորի պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը երաշխավորության պայմանագիրը դադարած համարելու փաստը հաստատված համարելը, ըստ էության, պայմանավորել է հետևյալ երկու հանգամանքով՝

1 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով առանց երաշխավոր Վաչագան Նուշիկյանի գրավոր համաձայնության երկարաձգվել են Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետները, և

2 այդ երկարաձգումները Վաչագան Նուշիկյանի համար առաջացրել են անբարենպաստ հետևանքներ, քանի որ երկարաձգվել է Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար երաշխավորի պատասխանատվություն կրելու ժամկետը։

Կարծում եմ, որ միայն վերը նշված հանգամանքները վկայակոչելու հիմքով երաշխավորությոն պայմանագիրը չի կարող դադարած համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության ուժով, քանի որ նման հիմքով այդ պայմանագիրը դադարած համարելու համար անհրաժեշտ էր, որպեսզի առանց երաշխավոր Վաչագան Նուշիկյանի գրավոր համաձայնության տեղի ունեցած լիներ հենց դրանով ապահովված պարտավորության այնպիսի փոփոխում, որը հանգեցրել է երաշխավորի պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների: Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ փոփոխվել է ոչ թե երաշխավորությամբ ապահովված հիմնական պարտավորությունը, որը տվյալ դեպքում կարող է բացառապես հանդիսանալ գլխավոր վարկային պայմանագրով նախատեսվածը, կամ դրա կատարման ժամկետը, այլ այդ՝ գլխավոր վարկային պայմանագրից բխող պարտավորության կատարման ապահովման մեկ այլ միջոց հանդիսացող երաշխիքի ժամկետը։

Գլխավոր վարկային պայմանագրով նախատեսված պարտավորության, այդ թվում՝ դրա կատարման ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ավելին՝ այդ պայմանագրով նախատեսվել է, որ դրա շրջանակներում կնքված բոլոր ենթավարկային պայմանագրերով սահմանված վարկերի մարման վերջնաժամկետը չի կարող գերազանցել 2033 թվականի հունիսի 12-ը, որպիսի ժամկետն ավելին է, քան տեղի ունեցած երկարաձգումների արդյունքում երաշխիքի վերջնական ժամկետը, որը 01102019 թվականն է։ Նշված ժամկետին տեղյակ է եղել կամ պարտավոր էր տեղյակ լինել նաև երաշխավոր Վաչագան Նուշիկյանը։

 Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

Դատավոր`

Գ. Հակոբյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան