Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2022

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0714/04/19

2022 թ.     

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0714/04/19

Նախագահող դատավոր՝

 Ա Մխիթարյան

դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Ն. Կարապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2020 թվականի որոշման դեմ ըստ դիմումի Տիգրան Մարտիրոսյանի` Փիրուզա Վարդանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

    1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Մարտիրոսյանը պահանջել է Փիրուզա Վարդանյանին ճանաչել սնանկ։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2020 թվականի որոշմամբ Փիրուզա Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 05.11.2019 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` սահմանված ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Մարտիրոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասը, 162-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ վերարտադրել է անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և նշել, որ անձին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է երեք հատկանիշների միաժամանակյա առկայություն: Դրանք են՝

1) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի պարտքի առկայությունը,

2) պարտավորության կատարումը 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցելու առկայությունը,

3) պարտավորության անվիճելի լինելու հանգամանքի առկայությունը: Որոշմամբ Վերաքննիչ դատարանն ընդունել է վերոնշյալ հատկանիշներից առաջին երկուսի առկայությունը՝ բացառությամբ Փիրուզա Վարդանյանի պարտավորությունների անվիճելի լինելու հատկանիշի։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչմամբ հայտնել է, որ այն դատավճիռը, որը վկայակոչել է Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, չի կարող թիվ ԵԱՔԴ/0320/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռի հիմքում դրված ապացույցները մի կողմ դնելու եղանակով դիտվել որպես նշված քաղաքացիական գործով կայացված վճռով Փիրուզա Վարդանյանի և մյուսների վրա դրված 6.800.000 ՀՀ դրամը ենթադրաբար ամբողջությամբ կամ մասնակի կատարված լինելու փաստի ապացույց: Փաստորեն, սույն գործով Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, որպես ապացույց, օրինական ուժի մեջ մտած վճռի համեմատությամբ գերակա դեր է հատկացրել օրինական ուժի մեջ մտած դատավճռին:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը որպես ապացույց ներկայացված դատավճիռը սույն գործով թերի է ուսումնասիրել, քանի որ հաշվի չի առել այն հանգամանքը, որ դրա հիմքում դրվել են գործի ելքով շահագրգիռ անձանց ցուցմունքները: Այսինքն, դատավճիռն ընդունվել է գործում առկա և բողոքաբերի օգտին վկայող գրավոր ապացույցների ուղղակի անտեսման և շահագրգիռ անձանց կողմից տրված ու գործում առկա գրավոր ապացույցները հաշվի չառնելու հիման վրա, որոնք իրենց համակցության մեջ խաթարում են արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.11.2019 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Փիրուզա Վարդանյանը, Կարինե Վարդանյանը, Արմեն Վարդանյանը, Գայանե Վարդանյանը, Մարինե Վարդանյանը, Աննա Վարդանյանն ու Դիաննա Գալստյանը 26.06.2009 թվականին կազմել են ստացական՝ առ այն, որ գրավ են դնում սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևան քաղաքի, Ն. Ադոնցի փողոց, 15-րդ շենքի թիվ 42 բնակարանը և Տիգրան Մարտիրոսյանից վերցնում են 6.800.000 ՀՀ դրամ՝ պարտավորվելով վերադարձնել մինչև 26.09.2009 թվականը. (հավելված հատոր 1-ին, գ.թ. 7):

2) Փիրուզա Արմենի Վարդանյանի, Կարինե Արմենի Վարդանյանի, Արմեն Ադիբեկի Վարդանյանի, Գայանե Արմենի Վարդանյանի, Մարինե Արմենի Վարդանյանի, Աննա Արմենի Վարդանյանի և Դիաննա Արմենի Գալստյանի /Գրավատուներ/ ու Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի /Գրավառու/ միջև 26.06.2009 թվականին կնքվել է անշարժ գույքի հիփոթեքի /գրավի/ պայմանագիր (այսուհետ նաև՝ Պայմանագիր), համաձայն որի՝ ի ապահովումն կողմերի միջև 26.06.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրի, որի գումարն է  6.800.000 ՀՀ դրամ, գրավադրվել է Երևան քաղաքի Ն. Ադոնցի փողոցի 15-րդ շենքի թիվ 42 բնակարանը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 6):

3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 27.04.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0320/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարել է Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Արմեն Ադիբեկի Վարդանյանի, Մարինե, Կարինե, Փիրուզա, Գայանե, Աննա Արմենի Վարդանյանների և Դիաննա Արմենի Գալստյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին ու վճռել. «… 2. պատասխանողներ Արմեն, Մարինե, Կարինե, Փիրուզա, Գայանե, Աննա Վարդանյաններից և Դիաննա Արմենի Գալստյանից համապարտության կարգով հօգուտ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի բռնագանձել 6.810.000 ՀՀ դրամ, որից 6.800.000 ՀՀ դրամը` որպես փոխառությամբ տրված գումար և 10.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ն. Ադոնցի փողոցի 15-րդ շենքի թիվ 42 բնակարանի վրա: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով պարտքի գումարի` 6.800.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել և պատասխանողներ Արմեն Ադիբեկի Վարդանյանից, Մարինե, Կարինե, Փիրուզա, Գայանե, Աննա Արմենի Վարդանյաններից, Դիաննա Արմենի Գալստյանից համապարտության կարգով հօգուտ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի բռնագանձել տոկոսներ` սկսած 27.09.2009 թվականից մինչև պատասխանողների կողմից պարտավորության փաստացի կատարման օրը»։

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2016 թվականի որոշմամբ մերժվել է Փիրուզա Վարդանյանի՝ նոր երևան եկած հանգամանքներով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0320/02/12 վճիռը վերանայելու մասին բողոքը և վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, որպես հիմք ընդունելով նաև այն, որ «... քրեական գործով հաստատված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ թիվ ԵԱՔԴ/0320/02/12 քաղաքացիական գործը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու համար» «www.datalex.am» տեղեկատվական համակարգը):

5) ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2016 թվականի որոշմամբ մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2016 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով Փիրուզա Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը «www.datalex.am» տեղեկատվական համակարգը):

6) Բողոքաբերը դատարան ներկայացված առարկությամբ նշել է, որ իր կողմից թիվ ԵԱՔԴ/2140/02/16 քաղաքացիական գործով վիճարկվում է 26062009 թվականի փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը։

Համաձայն «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ թիվ ԵԱՔԴ/2140/02/16 քաղաքացիական գործով Փիրուզա Վարդանյանը՝ հայցվոր է, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ պատասխանող, նշված գործով ներկայացվել է՝ 26.06.2009 թվականի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պարտավորությունը կատարման փաստով դադարած համարելու և որպես հետևանք ԵԱՔԴ/0320/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի, Ադոնցի 15-րդ շենքի թիվ 42 բնակարանի նկատմամբ կիրառված հայցի ապահովումը վերացնելու մասին պահանջ, որը Դատարանի վարույթ է ընդունվել 24052016 թվականին և ընթանում է քննություն։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը  կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք այն վճարային պարտավորությունը, որը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, տվյալ վճռով գումարի բռնագանձման գործընթացի կատարումը կարող է սահմանափակվել մեկ այլ քաղաքացիական գործի քննության առկայության դեպքում, երբ այդ քննությունը վերաբերում է պարտատիրոջ վաշխառության հարցին։

 

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝

- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության հիմքում դրված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, ապա պարտատերը սնանկության դիմումը դատարան պետք է ներկայացնի վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացնելու ժամկետի սահմաններում (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ նախադեպային որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտապանի անվճարունակության հատկանիշների թվին դասվող պարտավորության անվիճելիությունն առկա է նաև այն դեպքում, երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը: Նման մոտեցումը պայմանավորված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշով, այսինքն՝ քանի դեռ առկա է օրինական ուժի մեջ մտած չկատարված վերջնական դատական ակտ, որով հաստատվել է որոշակի պարտավորություն, նշված պարտավորությունը վիճարկվել չի կարող (բացառությամբ հաշվանց կատարելու հնարավորության դեպքում): Վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտավորության անվիճելիությունը կարող է վերանալ, եթե միայն վերացվի համապատասխան դատական ակտը (օրինակ՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով):

ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերլուծությունից պարզ է դառնում, որ դատարանը պարտապանին սնանկ է ճանաչում հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, ինչը, հիմք ընդունելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքը, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշանակում է, որ հարկադրված սնանկության դիմումը պետք է պարունակի դիմումի հիմքերն ու հիմնավորումները, իսկ սնանկության գործը քննող դատարանը չի կարող դուրս գալ դիմումի հիմքերի շրջանակից: Այլ կերպ ասած, եթե սնանկության դիմումում նշված է կոնկրետ վճարային պարտավորություն, ապա դատարանը պետք է գնահատի միայն վերջինիս անվիճելիությունը և ըստ այդմ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունը(տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ծոփք-Արածանի» ՍՊԸ-ի՝ թիվ ԵԱՆԴ/0068/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը)։

Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել հավելել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի՝ թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը)։

 

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը Տիգրան Մարտիրոսյանի դիմումի բավարարման հիմքում դրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0320/02/12 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ճանաչվել է պարտապան Փիրուզա Վարդանյանի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորությունը և չի ներկայացվել հաշվանցի հնարավորության վերաբերյալ առարկություն: Միաժամանակ Դատարանը նշել է, որ պարտապան Փիրուզա Վարդանյանի առարկությունների հիմքում դրված փաստական հանգամանքներն ու ներկայացված ապացույցները չեն կարող որևէ կերպ հերքել օրինական ուժի մեջ մտած և չբեկանված վճռով ճանաչված պարտավորության առկայությունը: Հետևաբար, Դատարանը գտել է, որ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, առկա է պարտավորության 60-օրյա կետանցը և չի ներկայացվել հաշվանցի հնարավորությունը հիմնավորող փաստարկներ, և նշել է, որ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքերը Փիրուզա Վարդանյանին սնանկ ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ քրեական գործով 21.05.2015 թվականին կայացված թիվ ԵԿԴ/0067/01/13 դատավճռով հաստատված հանգամանքները, ինչպես նաև թիվ ԵԱՔԴ/2140/02/16 քաղաքացիական գործով քննվող հայցի պահանջը, հնարավորություն չեն տալիս միանշանակ հետևություն կատարելու այն մասին, որ առկա է Փիրուզա Վարդանյանի՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ որևէ ապացույցով չի կարող հերքվել օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված պարտավորության՝ վճռի կայացման պահի դրությամբ առկայության փաստը, սակայն տվյալ դեպքում Դատարանն ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ պարտապանի կողմից ներկայացված փաստարկներով և ապացույցներով կասկածի տակ չեն դրվում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված պարտավորությունները, այլ դրանք վերաբերում են այդ պարտավորությունների կատարված լինելու հնարավորությունը, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են սույն գործով կողմերի միջև առկա պարտավորությունների կատարմանն ուղղված որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք, իսկ համաձայն www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ թիվ ԵԱՔԴ/2140/02/16 քաղաքացիական գործով հայցվոր Փիրուզա Վարդանյանի պահանջն ընդդեմ պատասխանող Տիգրան Մարտիրոսյանի վերաբերում է 26.06.2009 թվականի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի պարտավորությունը կատարման փաստով դադարած համարելուն և որպես հետևանք ԵԱՔԴ/0320/02/12 քաղաքացիական գործով Երևանի Ադոնցի 15-րդ շենքի թիվ 42 բնակարանի նկատմամբ կիրառված հայցի ապահովումը վերացնելուն և հայցը՝ վիճարկվող դատական ակտի կայացման դրությամբ, գտնվել է քննության ընթացքում, ինչն իր ամբողջության մեջ Վերաքննիչ դատարանի համար սույն սնանկության գործով անվիճելիության հատկանիշի առկայությունը դնում է կասկածի տակ։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի ուշադրությանը չարժանացած հանգամանքները՝ կապված 27.04.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0320/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված Փիրուզա Վարդանյանի պարտավորությունը սնանկության հատկանիշ չառաջացնող չափով կամ ընդհանրապես հնարավոր կատարված լինելու հետ, թույլ են տալիս եզրահանգելու, որ Դատարանը կատարել է թերի քննություն, ուստի բեկանել է սույն գործով Դատարանի 05.11.2019 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, այն է՝ պարզել, թե 27.04.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0320/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված Փիրուզա Վարդանյանի պարտավորությունն արդյոք կատարվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցվող չափը բացառող չափով կամ ընդհանրապես, թե՝ ոչ:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Ըստ գործում առկա փաստերի՝ Տիգրան Մարտիրոսյանի և պատասխանողների միջև 26.06.2009 թվականին կնքվել է փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի /գրավի/ պայմանագիր, համաձայն որի՝ Տիգրան Մարտիրոսյանը 6.800.000 ՀՀ դրամ փոխառությամբ գումար է տվել պայմանագրի կողմ հանդիսացող պատասխանողներին և, որպես ապահովում, գրավադրվել է Երևանի Ն. Ադոնցի փողոցի 15-րդ շենքի թիվ 42 բնակարանը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, և Տիգրան Մարտիրոսյանի գրավի իրավունքը ստացել է պետական գրանցում:

Սույն գործով Փիրուզա Վարդանյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0320/02/12 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ճանաչվել է պարտապան Փիրուզա Վարդանյանի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորությունը և չի ներկայացվել հաշվանցի հնարավորության վերաբերյալ առարկություն:

Ինչ վերաբերում է սույն գործով Փիրուզա Վարդանյանի ներկայացրած այն պատճառաբանություններին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից 25.01.2013 թվականին հարուցված թիվ 69101013 քրեական գործով Տիգրան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2015 թվականի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով, և ինքն այլևս պարտք չէ, ապա այն, ըստ Վճռաբեկ դատարանի գնահատման, հիմնավոր չէ՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդիրը հստակ սահմանել է, որ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:

Թեպետ ըստ Փիրուզա Վարդանյանի՝ վերը նշված դատական ակտով հիմնավորվել է կնքված պայմանագրի ձևական լինելը, ստացած և վերադարձված գումարի իրական չափը, ավելին՝ վերջինս նշել է, որ դիմողն իրեն սնանկ ճանաչելու հիմքում դրել է այն պայմանագիրը, որը կեղծ լինելու հիմքով Փիրուզա Վարդանյանի կողմից վիճարկվում է թիվ ԵԱՔԴ/2140/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող Փիրուզա Վարդանյանի պարտավորությունը, այն ճանաչված է և օրինական ուժի մեջ մտած վճռով, առկա է նաև պարտավորության 60-օրյա կետանցը, և չեն ներկայացվել հաշվանցի հնարավորությունը հիմնավորող փաստարկներ։ Այսինքն՝ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված բոլոր հիմքերը՝ Փիրուզա Վարդանյանին սնանկ ճանաչելու համար, ինչպես նաև չկատարված պարտավորության բռնագանձման պահանջի իրավունքը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են պարտապանի առարկությունները, քանի որ դրանք չեն կարող որևէ կերպ բացառել օրինական ուժի մեջ մտած և չբեկանված վճռով ճանաչված պարտավորության առկայությունը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.04.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0320/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում, քանի դեռ թիվ ԵԱՔԴ/2140/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չի կայացվել և որի հիմքով թիվ ԵԱՔԴ/0320/02/12 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը չի բեկանվել, ապա վճարային պարտավորությունը համարվում է անվիճելի։

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոքաբերի պահանջն առ այն, որ եթե նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորության վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա վճարային պարտավորությունն անվիճելի է։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար՝ հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում է պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 05.11.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Փիրուզա Վարդանյանից հօգուտ Տիգրան Մարտիրոսյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, որը համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պետք է ներառվի պարտապանի պահանջների ցուցակում որպես չապահովված պահանջ։

Ինչ վերաբերում է վերաքննության փուլում դատական ծախսերի բաշխմանը, ապա, ի նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է պարտապան Փիրուզա Վարդանյանը, ուստի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա» կետի և նույն հոդվածի 2-րդ մասի հիմքով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30032020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 05.11.2019 թվականի վճռին:

2. Փիրուզա Վարդանյանից հօգուտ Տիգրան Մարտիրոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար և այն ներառել պարտապանի պահանջների ցուցակում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված չապահովված պահանջ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

 

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան