Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/12438/05/18

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12438/05/18

Նախագահող դատավոր՝

 Լ. Հակոբյան

Դատավորներ՝

 Էդ. Նահապետյան

 Կ. Գևորգյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

  զեկուցող

Հ. Բեդևյան

 

Ք. Մկոյան

 

2022 թվականի դեկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձինք՝ Արմեն Տոնիկյան, Արա Տոնիկյան, Ավետիք Հարությունյան՝ թիվ 03648898, թիվ 03767098, թիվ 03767139, թիվ 03767305, թիվ 03767310 և թիվ 03767295 կատարողական վարույթներով պարտապանի արգելադրված դրամական միջոցները վերացնելու մասին 26.07.2018 թվականին ընդունված թվով 51 որոշումները վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.10.2021 թվականի որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել թիվ 03648898, թիվ 03767098, թիվ 03767139, թիվ 03767305, թիվ 03767310 և թիվ 03767295 կատարողական վարույթներով պարտապանի արգելադրված դրամական միջոցները վերացնելու մասին 26.07.2018 թվականին ընդունված թվով 51 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան)  21.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր են ճանաչվել Արմեն Տոնիկյանի և Ավետիք Հարությունյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները վերացնելու մասին 26.07.2018 թվականի որոշումները և նույն մասով Ծառայության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի պետի 26.10.2018 թվականի որոշումը, իսկ Արա Տոնիկյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները վերացնելու մասին 26.07.2018 թվականի որոշումները վերացնելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.11.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Էլմիրա Մեջլումյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 44.3-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը:

Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սեփականության իրավունքը հանդես է գալիս որպես յուրաքանչյուր տնտեսական համակարգի էություն, անձի իրական ազատության երաշխավորման հիմնական բնութագրիչ և բնութագրվում է կոնկրետ գույքի տնօրինման, տիրապետման ու օգտագործման նկատմամբ անձի իրավունքն ու ազատությունը։ Այնինչ, հայցագնի չափից ավել արգելք պահելը ոչ այլ ինչ է, քան անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օրենսդիրը հարկադիր կատարողի վրա դրել է պարտականություն հայցի ապահովման ժամանակ արգելանքները կիրառել հստակ հերթականությամբ: Նախորդ հերթի գույքի արժեքը հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում հաջորդ հերթի գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին: Ավելին, հարկադիր կատարողը, կատարողական վարույթ հարուցելիս հաշվի առնելով, որ չունի համապատասխան տեղեկատվություն պարտապանի գույքի կազմի և քանակի մասին, արգելանքը կիրառում է պարտապանի ողջ գույքի վրա՝ հետագայում պարզելով գույքի կազմը: Բացի այդ, հարկադիր կատարողը պարտավոր է, ղեկավարվելով 44.3-րդ հոդվածի 2-րդ մասով, արգելքները պահպանել ըստ հերթականության, իսկ դրամական միջոցների վրա դրված արգելքը պահպանել բացառապես վերջին հերթի այլ գույքի բացակայության պայմաններում՝ անկախ այն հանգամանքից, թե պարտապանի կողմից ներկայացվել է միջնորդություն, թե՝ ոչ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/3114/02/17 կատարողական թերթի հիման վրա հարուցվել են թիվ 03767098, թիվ 03767139, թիվ 03767305, թիվ 03767310, թիվ 03648898 և թիվ 03767295 կատարողական վարույթները, և կիրառվել են արգելանքներ «ՔԱԼՐՍ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի, Արմեն Տոնիկյանի, Ավետիք Հարությունյանի, Արա Տոնիկյանի և Լևոն Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 70):

2) 18.07.2018 թվականին Ավետիք Հարությունյանը, Արա Տոնիկյանը և Արմեն Տոնիկյանը դիմումներ են ներկայացրել Ծառայությանը՝ խնդրելով վերացնել դրամական միջոցների վրա դրված արգելանքները, քանի որ արգելադրված մյուս գույքերը բավարար են հայցով պահանջվող գումարի ապահովման համար (հատոր 1-ին, գ.թ. 82-84):

3) Ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի տեղակալի կողմից 25.06.2018 թվականին, 23.07.2018 թվականին կայացված որոշումներով վերսկսվել են համապատասխան կատարողական վարույթները (հատոր 1-ին, գ.թ. 180, կատարողական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 17, հատոր 3-րդ, գ.թ. 14, հատոր 4-րդ, գ.թ. 10, հատոր 5-րդ, գ.թ. 39, հատոր 6-րդ, գ.թ. 21):

4) Ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի տեղակալի կողմից 26.07.2018 թվականին կայացված վիճարկվող որոշումներով վերացվել են Ավետիք Հարությունյանի, Արա Տոնիկյանի և Արմեն Տոնիկյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները, իսկ կատարողական վարույթներն ավարտվել են (հատոր 2-րդ, գ.թ.  36-87):

5) 15.10.2018 թվականին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն վարչական բողոք է ներկայացրել Ծառայություն, որը մերժվել է 26.10.2018 թվականի որոշմամբ (կատարողական վարույթի նյութեր, հատոր 6-րդ, գ.թ. 34-37):

 

  4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

  Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

 - արդյո՞ք «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ մասում նշված՝ «նախորդ հերթի գույք» հասկացությունն իր մեջ ներառում է նաև նույն հոդվածի 3-րդ մասում նշված դրամական միջոցները՝ որպես օրենսդրությամբ սահմանված հերթականության մաս։

-արդյո՞ք «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային նորմերի խախտումը յուրաքանչյուր դեպքում կարող է հանգեցնել վարչական ակտի անվավերության:

 

1) Առաջին հարցադրման մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Նույն հոդվածի 3-րդ մասերի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 4-րդ մասերի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոց է՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:

Վերոգրյալի իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, ուստի դրա նպատակն է երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը:  

Օրենսդիրը որպես հայցի ապահովման միջոց, ի թիվս այլնի, սահմանել է պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու պարտականություն, դրանով իսկ պաշտպանելով պարտապանի (պատասխանողի)՝ Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքը՝ իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել, տնօրինել իր պարտավորության չափը գերազանցող այլ գույքը: Այսպիսով, օրենսդիրը սահմանել է բացառապես հայցագնի չափով արգելանք դնելու հնարավորություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներն են՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը: (...) Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետևյալ հերթականությամբ.

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա. անշարժ գույք,

բ. արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

գ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ. պատրաստի արտադրանք,

ե. շարժական գույք.

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա. անշարժ գույք,

բ. շարժական գույք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտապանի մոտ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանքը դրվում է պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նախորդ հերթի գույքի արժեքը հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում հաջորդ հերթի գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի վրա արգելանք չի դրվում, եթե հայցագինը չի գերազանցում 200.000 դրամը, ինչպես նաև եթե անշարժ գույքը, անկախ հայցագնի չափից, պարտապան ֆիզիկական անձի միակ բնակարանն է, բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի այլ գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից:

 Ամփոփելով վերոգրյալ իրավական կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու որոշակի առանձնահատկություններ: Ըստ այդմ, եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող օրենքով նախատեսված գույքի վրա որոշակի հաջորդականության պահպանմամբ: Ավելին՝ օրենսդիրը նաև սահմանել է պարտապան իրավաբանական անձի և պարտապան ֆիզիկական անձի դեպքերում որպես հայցի ապահովում արգելանք դնելու հստակ հերթականություն: Մասնավորապես, պարտապան իրավաբանական անձի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետևյալ հերթականությամբ` անշարժ գույք, արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ, անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, պատրաստի արտադրանք, այնուհետև` շարժական գույք, իսկ պարտապան ֆիզիկական անձի դեպքում` անշարժ գույք, այնուհետև` շարժական գույք:

Ընդ որում, մի հերթից հաջորդ հերթի օբյեկտի վրա արգելանք հնարավոր է տարածել բացառապես այն պարագայում, երբ նախորդ հերթի գույքը բացակայում է կամ գույքի արժեքը հայցագնի չափից քիչ է: Այսպես օրինակ՝ պարտապան ֆիզիկական անձի շարժական գույքի վրա հնարավոր է տարածել արգելանք բացառապես այն դեպքերում, երբ պարտապան ֆիզիկական անձի անշարժ գույքի արժեքը զիջում է հայցագնի չափին:

Բացի այդ, օրենսդիրը նույն հոդվածի առանձին մասով հստակ սահմանել է այն դեպքերը, որոնցից թեկուզև մեկի առկայության պայմաններում արգելանք է դրվում պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա, այն է` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքերի անբավարարությունը կամ բացակայությունը: Նշված համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն «գույք» հասկացությունը ներառում է նաև դրամական միջոցները, որպիսի պայմաններում պարտապանի դրամական միջոցները ևս հանդիսանում են որպես հայցի ապահովում արգելանք դնելու ենթակա պարտապանի գույք: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրամական միջոցները նույնպես ներառված են արգելանք դնելու ենթակա օբյեկտների շարքում, սակայն այն տարբերությամբ, որ այս դեպքում հարկադիր կատարողը կրում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  44.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքերի անբավարարության կամ բացակայության փաստը հաստատված համարելու պարտականություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դրամական միջոցների վրա արգելանք դնելը համարվում է պարտապանին պատկանող գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հաջորդականության վերջին հերթը:

  Այսինքն՝ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 3-րդ մասով ըստ էության լրացրել է նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որպես հայցի ապահովում արգելանք դնելու ենթակա գույքերի հերթականությունը, որը նպատակ է հետապնդում ապահովելու պատասխանող-պարտապանի սեփականության իրավունքը հայցի ապահովման միջոցի կիրառման համաչափության համատեքստում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական անձ պարտապանի գույքի նկատմամբ արգելանք տարածելու հաջորդականությունը պետք է ընթանա հետևյալ հերթականությամբ. նախ, հայցագնի չափով արգելանք կարող է դրվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող անշարժ գույքի վրա, դրա բացակայության կամ հայցագնի չափից քիչ արժեք ներկայացնելու դեպքում արգելանք կարող է դրվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող շարժական գույքի վրա՝ բացառապես հայցագնի չափով: Շարժական գույքի բացակայության կամ հայցագնի չափից քիչ արժեք ներկայացնելու դեպքում միայն արգելանք կարող է դրվել արդեն ֆիզիկական անձ պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա:

Վերոնշյալ հաջորդականության սահմանումը բխում է սեփականության իրավունքի և դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ փոխգործակցության տրամաբանությունից: Տվյալ պարագայում, հայցագնի չափին համապատասխան կամ հայցագնի չափը գերազանցող արժեք ունեցող անշարժ գույքի վրա արգելանք դնելու պարագայում այլևս բացակայում է պարտապանի՝ իր շարժական գույքի և (կամ) դրամական միջոցներից օգտվելը սահմանափակելու անհրաժեշտությունը, քանզի անշարժ գույքի արգելադրմամբ արդեն իսկ ապահովվում է դատական ակտի կատարելիությունը և հայցի ապահովման միջոցի կիրառման համաչափությունը: Հետևաբար՝ նշված հերթականության միաժամանակյա և (կամ) ոչ հաջորդական կիրառումը կհանգեցնի անձի սեփականության իրավունքի խաթարման:

Վերոնշյալը հաշվի առնելով` օրենսդիրը հարկադիր կատարողի համար սահմանել է նաև գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու պարտականություն, եթե արգելադրված գույքերի արժեքները միասին գերազանցում են հայցագնի չափը, և դրանց մի մասի արժեքն արդեն իսկ բավարար է հայցի ապահովման միջոցը կիրառելու համար: Այսինքն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթականությամբ պայմանավորված, եթե ֆիզիկական անձ պարտապանին պատկանող անշարժ գույքի արժեքը հավասար է կամ գերազանցում է հայցագնի չափը, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում ֆիզիկական անձ պարտապանին պատկանող շարժական գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին: Նույն կերպ, այնպիսի իրավիճակի առկայության պայմաններում, երբ պարտապանը ձեռք է բերել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ գույք, կամ հարկադիր կատարողը պարտապանին պատկանող դրամական միջոցի վրա արգելանք դնելիս չի տիրապետել վերջինիս պատկանող այլ գույքի առկայության վերաբերյալ բավարար տեղեկատվության, և տվյալ գույքի արժեքը հավասար է կամ գերազանցում է հայցագնի չափը, ապա հարկադիր կատարողն իրավասու է պարտապանին պատկանող դրամական միջոցներն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգը կիրառելի է նաև դրամական միջոցների՝ որպես օրենսդրությամբ սահմանված արգելանք դնելու ենթակա օբյեկտների հերթականության մասի, նկատմամբ:

 

2) Երկրորդ հարցադրման մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով (…):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն՝ արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`

1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.

2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.

3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը.

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով գրավի առարկան գրավառուի կողմից իրացվելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

4) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի վերաբերյալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարվելու դեպքում.

5) առկա են նույն օրենքի 44.3-րդ հոդվածում նշված հիմքերը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի  6-րդ մասի համաձայն՝ պարտապանը, որի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը և միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողն առարկություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, գնահատման եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով որոշում է կայացնում փորձաքննություն նշանակելու մասին:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի հայցագնից պակաս լիկվիդացիոն արժեք ունենալու հանգամանքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է, և կատարողական վարույթն ավարտվում է:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է հայցագնի չափին, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում արգելանքը միջնորդությամբ նշված գույքի վրա դնելու, նախկինում արգելադրված կամ հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելանքը դրամական միջոց չհամարվող գույքի վրա դրված լինելու դեպքում պարտապանը կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն իր անունով բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա դնելու վերաբերյալ` պայմանով, որ դրանց չափը պակաս չէ հայցագնի չափից, ինչպես նաև հայցագնի չափով գումարը մուծել հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին:

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ պարտապանի անվամբ բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դրվելու կամ հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին հայցագնի չափով պարտապանի կողմից գումար մուծված լինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում նախկինում արգելադրված գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:

Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ վարչական մարմնի կողմից ներկայացված` արգելանք դնելու մասին որոշումը և վճռի կատարման ապահովման վերաբերյալ կատարողական թերթը կատարվում են նույն հոդվածով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովմանը և վճռի կատարման ապահովմանը, ինչպես նաև վարչական մարմնի կողմից ներկայացված` արգելանք դնելու մասին որոշման կատարմանն ուղղված կատարողական վարույթները ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ են:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտի իրավաչափության իրավական հիմքերը սահմանվում են նյութական և ընթացակարգային իրավական նորմերում: Իրավաչափ վարչական ակտը պետք է համապատասխանի իր նկատմամբ կիրառելի բոլոր նյութական և ընթացակարգային իրավական նորմերին: Վարչական դատարանը վարչական ակտի իրավաչափությունն ստուգելիս պետք է պարզի` արդյո՞ք տվյալ վարչական ակտը համապատասխանում է օրենսդրի կողմից սահմանած վարչական ակտի նյութական իրավաչափությանը ներկայացվող պահանջներին, այսինքն` համապատասխանում է նյութական իրավական նորմերին, թե` ոչ և պետք է պարզի նաև` արդյոք տվյալ վարչական ակտը համապատասխանում է օրենսդրի կողմից սահմանած վարչական ակտի ձևական իրավաչափությանը ներկայացվող պահանջներին, այսինքն` համապատասխանում է ընթացակարգային նորմերին, թե` ոչ: (…) Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վարչական վարույթի ընթացակարգային պահանջների պահպանման և իրավաչափ որոշում կայացնելու և շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանություն ապահովելու միջև ուղղակի կապի բացակայության դեպքում ընթացակարգային պահանջների և դրանց խախտման իրավական հետևանքները կրում են հարաբերական բնույթ (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհի ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքն արգելանքից հանելու մասին որոշումը վարչական ակտ է,  որն ընդունվում է օրենքով հստակ և սպառիչ սահմանված հիմքերով և կարգով, ուստի, նախատեսված է դրանցից յուրաքանչյուրի իրավաչափությունը վիճարկելու իրավական հնարավորություն: Հետևաբար, գույքն արգելանքից հանելու մասին որոշման իրավաչափության վիճարկման շրջանակներում պարզման ենթակա են հետևյալ հանգամանքները՝ առկա են արդյո՞ք գույքն արգելանքից հանելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերը, խախտվել է արդյո՞ք գույքն արգելանքից հանելու նշված օրենքով սահմանված կարգը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ըստ էության սահմանել է գույքն արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու երկու ընթացակարգ, այն է` հարկադիր կատարողի նախաձեռնությամբ և պարտապանի միջնորդության հիման վրա: Առաջինի դեպքում  հարկադիր կատարողը կաշկանդված չէ ինքնուրույն պարզելու գույքի արժեքի` հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու հանգամանքը, մինչդեռ երկրորդ դեպքում հարկադիր կատարողն առաջնորդվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 6-12-րդ մասերով սահմանված գործողությունների հաջորդականությամբ:

Հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգը կիրառելի է նաև դրամական միջոցների նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս դեպքում նույնպես տարածվում է ինչպես հարկադիր կատարողի կողմից ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ պարտապանի միջնորդության հիման վրա արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու ընթացակարգը, որի խախտումներով կայացված վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել նաև, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  44.3-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ սահմանում է պարտապանի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա, որպես հայցի ապահովում, հայցագնի չափով արգելանք կիրառված լինելու դեպքում արգելանքն այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանք են՝ պարտապանի համապատասխան միջնորդությունը, այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը և միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթը: Ընդ որում, գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին: Իսկ նման առարկության դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում փորձաքննություն նշանակելու մասին: Եվ միայն նշված վարութային գործողությունների արդյունքում հարկադիր կատարողը կարող է հիմնավորված որոշում ընդունել գույքն արգելանքից հանելու կամ միջնորդությունը մերժելու մասին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային նորմերի խախտումը յուրաքանչյուր դեպքում հանգեցնում է վարչական ակտի անվավերության:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Ծառայության, երրորդ անձինք՝ Արմեն Տոնիկյան, Արա Տոնիկյան, Ավետիք Հարությունյան՝ թիվ 03648898, թիվ 03767098, թիվ 03767139, թիվ 03767305, թիվ 03767310 և թիվ 03767295 կատարողական վարույթներով պարտապանի արգելադրված դրամական միջոցները վերացնելու մասին 26.07.2018 թվականին ընդունված թվով 51 որոշումները վերացնելու պահանջի մասին:

Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պատճառաբանելով, որ « (...) Տվյալ իրավիճակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հանելով պարտապանների դրամական միջոցների վրա դրված արգելանքները, խախտել է հայցվորի դատական պաշտպանության իրավունքը միայն Արմեն Տոնիկյանի և Ավետիք Հարությունյանի մասով: Մասնավորապես, վերջիններիս մասով վիճարկվող որոշումների արդյունքում առաջացել է քաղաքացիական դատավարության արդյունքում հայցվորի օգտին հնարավոր դատական ակտի կատարման վտանգ: Սակայն իրավիճակը նույնը չէ Արա Տոնիկյանի մասով: Բանն այն է, որ վերջինիս պարտավորությունները հայցվորի հանդեպ սահմանափակված են միայն 22.09.2015 թվականի երաշխավորության  N 0292-1/2015 պայմանագրով, որով երաշխավորը (Արա Տոնիկյան) պարտավորվել է միայն «ք. Երևան, Արաբկիր համայնք, Բաղրամյան 1-ին նրվ., 4 շ., բն. 49» և «ք. Երևան, Կենտրոն, Մոսկովյան անց., 5 շ., թիվ 1 ձեղնահարկ» հասցեներում գտնվող անշարժ գույքերով կրել պատասխանատվություն պարտապանի 121.000.000 դրամի չափով պարտավորությունների համար: Այսինքն, երաշխավորության պայմանագրով պարտատիրոջ առջև պատասխանատվության այլ ծավալ է նախատեսվել, քան սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հիմնական կանոնով (նույն ծավալով, ինչ պարտապանը): Իսկ երաշխավորության պայմանագրով այլ բան նախատեսելը թույլատրված է նույն Քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Նման պայմաններում Արա Տոնիկյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները հանելու արդյունքում քաղաքացիական դատավարության կարգով հայցվորի օգտին հնարավոր դատական ակտի կատարման վտանգ չի առաջանում: Միևնույն է, Արա Տոնիկյանի դրամական միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել, վերջինս պատասխանատու է միայն երաշխավորության պայմանագրում նշված անշարժ գույքերով: Արդյունքում դատարանն արձանագրում է, որ միայն Արմեն Տոնիկյանի և Ավետիք Հարությունյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները վերացնելու մասին որոշումներն են խախտում հայցվորի իրավունքները, ուստի անվավեր են: Նույն հիմքերով և նույն մասով անվավեր է նաև հայցվորի 15.10.2018 թվականի վարչական բողոքը մերժելու մասին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի պետի 26.10.2018 թվականի որոշումը: Իսկ Արա Տոնիկյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները վերացնելու մասին որոշումներով հայցվորի իրավունքները չեն խախտվել, ուստի դրանց մասով հայցը ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության և Արմեն Տոնիկյանի վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, արձանագրել է, որ «(…) պատասխանող վարչական մարմինը սույն դեպքում երրորդ անձանց դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու վիճարկվող որոշումներն ընդունելիս կիրառել է Օրենքի 44.3-րդ հոդվածի 6-րդ մասի նորմը, այդ նորմով սահմանված՝ պարտապանի գույքի վրա հայցագնի չափը գերազանցող չափով արգելանքի կիրառումը բացառող եղանակը: Հետևաբար, վիճարկվող որոշումները Օրենքի 44.3-րդ հոդվածի 6-րդ մասի նորմի, դրանով սահմանված եղանակի կիրառմամբ կայացնելիս պատասխանողը պարտավոր էր ղեկավարվել այդ նորմով, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված՝ Օրենքի 44.3-րդ հոդվածի 7-10-րդ մասերի նորմերով սահմանված ընթացակարգով ու պահանջներով, և համապատասխանաբար վարչական դատարանի կողմից՝ վիճարկվող որոշումների ընդունման գործընթացի օրինականության նկատմամբ վերահսկողության շրջանակներում դատարանի խնդիրն էր ստուգել վարչական վարույթի ընթացքում կիրառված այդ նորմերի /Օրենքի 44.3-րդ հոդվածի 6-րդ մասի նորմեր/ պահանջների պահպանված լինելու/չլինելու հանգամանքը: (...) երրորդ անձանց և պատասխանողի վերաքննիչ բողոքների այն հիմքը, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրավասու է Օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան դրամական միջոցների վրա դրված արգելանքները վերացնել նաև իր նախաձեռնությամբ, հիմնավոր չէ: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ հարկադիր կատարման ծառայությունը կատարողական վարույթի ընթացքում գործել է Օրենքի 44.3-րդ հոդվածի 6-րդ մասի գործողության տիրույթում և ըստ այդմ՝ պարտավոր էր ապահովել դրանով սահմանված ընթացակարգի կանոնները, որոնք, սակայն, չեն պահպանվել: Ի ամփոփումն վերոշարադրյալի Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում վերաքննիչ բողոքների նշված հիմքը ևս և ըստ այդմ՝ անհրաժեշտ է համարում իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքները մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/3114/02/17 կատարողական թերթի հիման վրա հարուցվել են թիվ 03767098, թիվ 03767139, թիվ 03767305, թիվ 03767310, թիվ 03648898 և թիվ 03767295 կատարողական վարույթները և կիրառվել են արգելանքներ «ՔԱԼՐՍ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի, Արմեն Տոնիկյանի, Ավետիք Հարությունյանի, Արա Տոնիկյանի և Լևոն Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա:

18.07.2018 թվականին Ավետիք Հարությունյանը, Արա Տոնիկյանը և Արմեն Տոնիկյանը դիմումներ են ներկայացրել Ծառայությանը՝ խնդրելով վերացնել դրամական միջոցների վրա դրված արգելանքները, քանի որ արգելադրված մյուս գույքերը բավարար են հայցով պահանջվող գումարի ապահովման համար:

Հարկադիր կատարողի կողմից 26.07.2018 թվականին վիճարկվող որոշումներով վերացվել են Ավետիք Հարությունյանի, Արա Տոնիկյանի և Արմեն Տոնիկյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները, նույն օրը կատարողական վարույթներն ավարտվել են: 15.10.2018 թվականին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն վարչական բողոք է ներկայացրել Ծառայություն, որը մերժվել է 26.10.2018 թվականի որոշմամբ:

Վերը նշված կատարողական վարույթներով պարտապանների սեփականության իրավունքով պատկանող գույքերը էապես գերազանցում են հայցագնի, այն է՝ 410.881,65 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափը:

Հետևաբար, նման դեպքերում գործում է ֆիզիկական անձ պարտապանի գույքի նկատմամբ արգելանք տարածելու օրենսդրական հերթականությունը, այն տրամաբանությամբ, որ նախորդ հերթի գույքի արժեքը հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում հաջորդ հերթի գույքն, այդ թվում՝ դրամական միջոցները, արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով վարչական ակտի՝ ընթացակարգային իրավունքի նորմերի խախտումներով կայացված լինելու և, ըստ այդմ, անվավեր ճանաչելու հիմքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը երրորդ անձանց դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու վիճարկվող որոշումներն ընդունելիս ըստ էության կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 6-րդ մասի նորմը, այդ նորմով սահմանված՝ պարտապանի գույքի վրա հայցագնի չափը գերազանցող չափով արգելանքի կիրառումը բացառող եղանակը: Հետևաբար, Ծառայությունը պարտավոր էր առաջնորդվեր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 6-10-րդ մասերի նորմերով սահմանված ընթացակարգով:

Մինչդեռ, տվյալ դեպքում Ծառայության կողմից չեն պահպանվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, այն է՝ միջնորդություններին կից չեն ներկայացվել արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը և միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ: Գործում առկա նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ Ծառայությունը չի վիճարկում Դատարանի կողմից հաստատված այն փաստը, որ դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու մասին միջնորդություններին կից պարտապանների կողմից չեն ներկայացվել արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը և միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ:

Ծառայությունը, հանելով պարտապանների դրամական միջոցների վրա դրված արգելանքներն առանց օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, խախտել է հայցվորի պատշաճ վարչարարության իրավունքը:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից վիճարկվող վարչական ակտերը կայացնելիս ամբողջությամբ չեն պահպանվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.3-րդ հոդվածի 6-10-րդ մասերով նախատեսված պահանջները, հետևաբար, վերոհիշյալ որոշումներն ընդունվել են օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր դրանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության և հանգել են ստորադաս դատարանները։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, մասնակի բավարարելով «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.10.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2.  Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

  Զեկուցող

Հ. Բեդևյան

 

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: