«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 մայիսի 2011 թ. |
թիվ 115-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՄ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 14.12.22 թիվ 225-Ն)
Նպատակ ունենալով ապահովել գրագետ և պատշաճ ղեկավարների և աշխատակիցների առկայություն ներդրումային ֆոնդի կառավարիչների և ներդրումային ֆոնդի պահառուների համար, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը և 88-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» Կանոնակարգ 10/05-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (այսուհետ՝ Կանոնակարգ 10/05):
(1-ին կետը խմբ. 14.12.22 թիվ 225-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 2011 թ. մայիսի 6
Ա. Ջավադյան
ք. Երևան
Հավելված | |
|
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/05
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՄ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 14.12.22 թիվ 225-Ն)
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, ինչպես նաև ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշները և գրանցման կարգը:
2. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ղեկավար համարվող անձանց, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման և մասնագիտական չափանիշներին համապատասխանության ստուգումն իրականացվում է ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին կանոնակարգերի համաձայն՝ ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը։ Ընդ որում, սույն կետով նախատեսված անձինք ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին կանոնակարգերի համաձայն որակավորման չափանիշներին բավարարելու դեպքում համարվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող։
3. Ներդրումային ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի (այսուհետ՝ ֆոնդի կառավարիչ) ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով՝ առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում՝ տվյալ կառավարչի, ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով:
4. Նոր ստեղծվող ֆոնդի կառավարչի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում՝ ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը՝ «Փի Դի Էֆ» ֆորմատով:
5. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում՝ հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:
6. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)՝ ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում՝ սույն կետում նշված միջնորդագրերը (դիմումները) էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
Դիմող ընկերության անվանումը |
գծիկ |
Փաստաթղթի տեսակը |
գծիկ |
Փաստաթղթի բովանդակությունը (12 նիշի սահմաններում) |
գծիկ |
ամսաթիվ` օօաատտ ֆորմատով |
կետ |
ֆայլի ընդլայնումը |
Օրինակ.
ԱԲԳ |
_ |
միջնորդագիր |
_ |
Ղեկ. գրանցում |
_ |
250922 |
. |
|
ԳԼՈՒԽ 2.
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «Կենտրոնական բանկ»․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
2) «Հանձնաժողով» Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով,
3) «ղեկավար»․ Կենտրոնական բանկում գրանցվող ղեկավար, մասնավորապես՝ ֆոնդի կառավարչի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, ներքին աուդիտի ղեկավարը,
4) «հանրային ծառայությունների համարանիշ». Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,
5) «անձնագրի տվյալներ». անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը,
6) «Օրենք». «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
7) «ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար». անձ, որն առանց համապատասխան ղեկավար պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները և որի վրա տարածվում են Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջի,
8) «որակավորման չափանիշներ». ղեկավարի մասնագիտական գիտելիքը հավաստող չափանիշներ,
9) «մասնագիտական համապատասխանության չափանիշներ». Օրենքով և սույն կանոնակարգով սահմանված՝ ղեկավարի կրթությունը, հմտությունը, փորձառությունն ու բարեվարքությունը բնութագրող չափանիշներ,
10) «որակավորող կազմակերպություն». ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից ընտրված՝ որակավորման չափանիշների ստուգում իրականացնող կազմակերպություն:
8. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 3.
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Ղեկավարները պետք է բավարարեն իրենց համար Օրենքի 65-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին ունենան ֆոնդի կառավարչի կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում և գրանցվեն Կենտրոնական բանկում:
10. Ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ֆոնդի կառավարիչը՝ համաձայն ներքին կանոնակարգերի:
11. Ֆոնդի կառավարիչը պետք է ունենա և Կենտրոնական բանկ ներկայացնի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որով առնվազն պետք է սահմանվեն ղեկավարների, ինչպես նաև սույն կանոնակարգի 2-րդ կետով նախատեսված անձանց որակավորման չափանիշները, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը պատվիրակելու դեպքում՝ որակավորող կազմակերպության նկատմամբ չափանիշները և ընտրության կարգը, ինչպես նաև ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները և վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:
12. Ֆոնդի կառավարիչը ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը:
13. Նոր ստեղծվող ֆոնդի կառավարչի ղեկավարների և սույն կանոնակարգի 2-րդ կետով նախատեսված անձանց որակավորման չափանիշների համապատասխանության ստուգման գործընթացն իրականացվում է հիմնադիրների կամ հիմնադիրների որոշմամբ՝ որակավորող կազմակերպության կողմից:
14. Ներդրումային ֆոնդի կառավարչի խորհրդի անդամը պետք է ունենա ռազմավարական մտածողություն, իսկ խորհրդի կազմը պետք է բավարարի խորհրդի անդամների միջև գիտելիքի, փորձառության, հմտությունների փոխլրացման և կոլեկտիվ համապատասխանության սկզբունքին:
15. Կենտրոնական բանկը կարող է ներդրումային ֆոնդի կառավարչի ղեկավարների համար սահմանել տվյալ պաշտոնին համապատասխան միջազգային որակավորում ունենալու պահանջ, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ընկերության կառավարումը տվյալ ոլորտում արդյունավետ չի իրականացվում:
ԳԼՈՒԽ 4.
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
16. Ֆոնդի կառավարչի ղեկավարը պետք է ունենա`
1) ունենա բարի համբավ, ազնվություն, անաղարտություն,
2) ունենա բավարար կրթություն, հմտություններ և փորձառություն, առողջ դատելու և անկախ որոշումներ կայացնելու ունակություն, պատկերացնի ընկերության գործունեության բիզնես մոդելը, միջավայրը, իր դերն ու պարտականությունները՝ տվյալ պաշտոնին համապատասխանելու համար։
ԳԼՈՒԽ 5.
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
17. Ղեկավարների գրանցումը ներառում է՝
1) թեկնածուի մասնագիտական համապատասխանության գնահատում՝ սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության (ներառյալ՝ ֆոնդի կառավարչի կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում), ինչպես նաև Օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,
2) թեկնածուի հետ հարցազրույցի անցկացում՝ սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված դեպքերի:
18. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ֆոնդի կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն Հավելված 1-ի,
2) ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն Հավելված 2-ի,
3) ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,
4) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,
5) հիմնավորումներ և(կամ) վերլուծություններ ղեկավարի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության, ինչպես նաև որակավորման և մասնագիտական չափանիշներին ղեկավարի համապատասխանության մասին: Հիմնավորումները և վերլուծությունները պետք է հնարավորություն տան Կենտրոնական բանկին համակողմանի կերպով գնահատել ղեկավարի՝ որակավորման և մասնագիտական սահմանված պահանջներին համապատասխանությունը։
19. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ նախապես տեղեկացնում է թեկնածուին:
20. Ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ: Ընդ որում, ղեկավարների գրանցման որոշման ընդունմամբ ղեկավարը միաժամանակ համարվում է Օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող:
21. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի կողմից պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում ղեկավարների գրանցման՝ Օրենքով սահմանված ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում՝ գրանցման՝ Օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 30-րդ կետով սահմանված 90 օրյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել 90 օրյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
22. Սույն կանոնակարգի համաձայն ղեկավարներին գրանցելիս ղեկավարների թեկնածուները հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:
23. Ֆոնդի կառավարչի խորհրդի նախագահ ընտրված խորհրդի անդամը լրացուցիչ որակավորման ստուգման և գրանցման ենթակա չէ, և ֆոնդի կառավարիչը Կենտրոնական բանկին տեղեկացնում է նրա՝ որպես խորհրդի նախագահ ընտրվելու մասին համապատասխան փոփոխությունը տեղի ունենալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում` կից ներկայացնելով կառավարման իրավասու մարմնի որոշումը:
24. Անձի՝ որպես ղեկավարի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում Օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,
2) անձը չի համապատասխանում Օրենքով և սույն կանոնակարգով ղեկավարի համար սահմանված պահանջներին։
25. Ղեկավարները գրանցված և որակավորված են համարվում մինչև տվյալ ֆոնդի կառավարչի կազմում համապատասխան պաշտոնում գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելը:
ԳԼՈՒԽ 6.
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
26. Կենտրոնական բանկի որոշմամբ ղեկավարը հանվում է գրանցումից հետևյալ դեպքերում՝
1) ֆոնդի կառավարիչը դիմել է համապատասխան միջնորդությամբ,
2) ֆոնդի կառավարչի լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների գրանցման պահից,
3) խախտվել են օրենքներով և այլ իրավական ակտերով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները,
4) եթե անձը Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու ուղեցույցը» հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման համաձայն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը,
5) ղեկավարը զրկվել է որակավորումից:
27. Ֆոնդի կառավարչի միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար ֆոնդի կառավարիչը ղեկավարների կազմում փոփոխություն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)՝ ֆոնդի կառավարչի կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,
2) ֆոնդի կառավարչի կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք փոփոխություն կատարելու, առկայության դեպքում` ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:
28. Եթե ֆոնդի կառավարչի ղեկավարը հանվել է գրանցումից սույն կանոնակարգի 27-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա, ապա ղեկավարին գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել սույն կանոնակարգի Հավելված 2-ի 1.2-րդ ենթակետում նշված կազմակերպությունների ղեկավար:
ԳԼՈՒԽ 7.
ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Ֆոնդի կառավարչի ղեկավարի պաշտոնը կարող է թափուր մնալ ոչ ավելի քան 90 օր՝ սկսած ֆոնդի կառավարչի կողմից ղեկավարին պաշտոնից ազատելու պահից:
30. Ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է նշանակվել ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև 90 օր ժամկետով։ Ընդ որում, 90 օրյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնում նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար (միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ինչպես նաև տվյալ պաշտոնի թափուր մնալը չի ընդհատում կամ վերսկսում 90 օրյա ժամկետը):
31. Սույն կանոնակարգի 31-րդ կետով նախատեսված՝ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում ֆոնդի կառավարիչը նախապես գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ ներկայացնելով ժամանակավոր պաշտոնակատարի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), կրթության և վերջին 10 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ (եթե ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված անձը, ապա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում)։
32. Կենտրոնական բանկը իրավասու է չընդունել սույն կանոնակարգի 31-րդ կետի համաձայն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը՝ այդ մասին գրավոր ձևով տեղեկացնելով կազմակերպությանը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անձը՝ որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, չի կարող պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները: Այդ դեպքում ֆոնդի կառավարիչը պարտավոր է Կենտրոնական բանկի գրավոր տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում տվյալ անձին ազատել այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։
33. Ֆոնդի կառավարչի խորհրդի նախագահի և անդամների ժամանակավոր պաշտոնակատար չի նախատեսվում:
Հավելված 1 «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» Կանոնակարգ 10/05-ի |
Միջնորդագիր
Ղեկավարի գրանցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
------------------------------------ին
Հարգելի ----------------------------
Խնդրում ենք ------------------------------------------ (անուն, ազգանուն, հայրանուն)
գրանցել որպես -------------------------------------------------- : (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև կազմակերպության կողմից սահմանված մասնագիտական որակավորման չափանիշներին, և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Ֆոնդի կառավարչի կառավարման իրավասու մարմին՝
(անուն, ազգանուն, ստորագրություն)
« » --------- 20 թ.:
Հավելված 2 «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» Կանոնակարգ 10/05-ի |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ
|
(կանոնակարգը խմբ., լրաց., փոփ. 20.12.11 թիվ 363-Ն, փոփ., խմբ. 07.02.12 թիվ 32-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.12.12 թիվ 376-Ն, խմբ. 15.07.14 թիվ 196-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.14 թիվ 354-Ն, փոփ. 02.02.18 թիվ 11-Ն, լրաց. 28.09.18 թիվ 172-Ն, խմբ. 14.12.22 թիվ 225-Ն)