Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3138/05/20

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3138/05/20

Նախագահող դատավոր՝

 Էդ. Նահապետյան

Դատավորներ՝

 Լ. Հակոբյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի նոյեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը ըստ հայցի «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Ընկերությանը 2020 թվականի ընթացքում շրջանառության հարկով հարկման համակարգի սուբյեկտ հանդիսանալու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու և Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել իր՝ 2020 թվականի ընթացքում շրջանառության հարկով հարկման համակարգի սուբյեկտ հանդիսանալու իրավահարաբերության առկայությունը և անվավեր ճանաչել Հանձնաժողովի 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 04.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Տարոն Վարազդատյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի կողմից ներկայացված տեղեկանքը Նարինե Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ բավարար և թույլատրելի ապացույց չէ, դրանով չի հաստատվում տեղեկանքով վկայակոչված ժամանակահատվածում վերջինիս անաշխատունակությունը, դրանով միայն հաստատվում է, որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և ունեցել է թուլության զգացում, դրանով չի հաստատվում նաև, որ տեղեկանքում նշված անձը եղել է անաշխատունակ։ Բացի այդ, տեղեկանքը չի տրվել որևէ բժշկական հաստատության կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի իրականացրել գործի լրիվ և բազմակողմանի քննություն` չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցներն իրենց ամբողջականության մեջ, որոնցով կհաստատվեր, որ բժշկի տված տեղեկանքը չի հանդիսանում բավարար ապացույց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի կողմից մինչև 20.02.2020 թվականը (18.01.2020 թվականին, 10.02.2020 թվականին, 17.02.2020 թվականին) ներկայացվել են տարբեր հաշվետվություններ, ինչով հաստատվում է այն, որ աշխատակցի բուժման մեջ գտնվելը որևէ նշանակություն չի ունեցել սույն գործով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու համար, իսկ նշված հայտարարությունը չներկայացնելը պայմանավորված է եղել բացառապես հայցվորի անուշադրությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Բժշկի կողմից տրված տեղեկանքը փաստում է այն մասին, որ Նարինե Հակոբյանն ունեցել է առողջական այնպիսի խնդիրներ, որոնց առկայության ողջ ընթացքում հնարավոր չի եղել ապահովել մինչև 20.02.2020 թվականը համապատասխան հայտարարության ներկայացումը:

Հանձնաժողովի կողմից կայացվել են մի շարք որոշումներ, որոնցով հարգելի են համարվել հայտարարության ներկայացման համար բաց թողնված ժամկետներն այնպիսի հանգամանքներում, երբ հարկ վճարողները հանձնաժողովին ներկայացրել են տարատեսակ փաստարկներ:

Անհասկանալի է, թե ինչու է Հանձնաժողովը մի դեպքում հարգելի համարում ակնհայտ պատճառահետևանքային կապ չունեցող հանգամանքները հայտարարություն չներկայացնելու համար, իսկ սույն դեպքում պնդում, որ Նարինե Հակոբյանը պետք է անաշխատունակ լիներ կամ ստացիոնար բուժման մեջ գտնվեր:

Տվյալ դեպքում առկա են այն բոլոր հատկանիշները, որոնց առկայության դեպքում Հանձնաժողովը պետք է կայացներ բոլոր հարկ վճարողների համար միատեսակ որոշում և հնարավորություն տար ներկայացնել հայտարարությունը սահմանված ժամկետից ուշ:

Կոմիտեն անտեսել է, որ հայցվորը 01012020 թվականից փաստացի իր կամքն արտահայտել է և դուրս է գրել շրջանառության հարկ վճարողի կողմից դուրսգրման ենթակա հաշիվ վավերագրեր, իր կամքն է դրսևորել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, սակայն օբյեկտիվ պատճառներով չի կարողացել 20.02.2020 թվականին մոտ ներկայացնել սահմանված հայտարարությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության տնօրեն Տարոն Վարազդատյանը 02.03.2020 թվականին դիմում է ներկայացրել Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Մաշադյանին և հայտնել, որ Ընկերության աշխատակցի անուշադրության հետևանքով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին էլեկտրոնային եղանակով չի ներկայացվել 2020 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Միաժամանակ, հաշվի առնելով «Ընկերության նախորդ տարիների շրջանառության ծավալները, ընկերության առկա հաճախորդների հետ կնքված պայմանագրերում ֆիքսված ծառայությունների մատուցման գները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ընկերությունը դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում, հարկման ընդհանուր համակարգին անցում կատարելն Ընկերության համար կառաջացնի ծանր ֆինանսական հետևանքներ, ինչը կասկածի տակ կարող է դնել Ընկերության գործունեության շարունակականությունը: Ընկերության տնօրեն Տարոն Վարազդատյանը խնդրել է ընդառաջել և հնարավորություն ընձեռել Ընկերությանը 2020 թվականի ընթացքում գործունեություն իրականացնել շրջանառության հարկով հարկման համակարգում (հատոր 1-ին, գ.թ. 62-63).

2) Հանձնաժողովը, քննության առնելով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ Ընկերության վերոնշյալ դիմումը (դիմում-բողոքը), 27.03.2020 թվականին ընդունել է թիվ 18/8 որոշումը, որով արձանագրել է նաև, որ Ընկերությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ինչի պատճառով ավտոմատ կերպով համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող: Հանձնաժողովը, նույն որոշման պատճառաբանական մասում, վկայակոչելով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է, որ Ընկերության կողմից չի ներկայացվել հիմնավոր փաստարկ (ապացույց) շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների վերաբերյալ: Նշվածի հիման վրա Հանձնաժողովը 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշմամբ մերժել է շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ Ընկերության դիմումը (դիմում-բողոքը) (հատոր 1-ին, գ.թ. 64-65).

3) Բժիշկ-սրտաբան Սաթենիկ Շիրինյանի կողմից 24.02.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն. «Սույն տեղեկանքը տրվում է Նարինե Սեդրակի Հակոբյանին (նույնականացման քարտ՝ 000281428, տրված 23.10.2012թ. 009-կողմից, հաշվառված՝ ՀՀ, ք.Երևան, Ծատուրյան փ., 27 տուն), առ այն, որ նա 2020 թվականի փետրվարի 15-ին դիմել է սրտաբանի խորհրդատվության, որից հետո կատարված բժշկական հետազոտության արդյունքում վերջինիս մոտ ախտորոշվել է 2-րդ աստիճանի զարկերային հիպերտենզիա հաճախակի կրիզներով՝ ուղեկցված ընդհանուր ինքնազգացողության վատացմամբ և թուլության զգացմամբ: Նարինե Հակոբյանը նույն օրը վերցվել է սրտաբանի ամբուլատոր հսկողության տակ: Իրականացվել են գործիքային հետազոտություններ, որոնց արդյունքում նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում: 2020 թվականի փետրվարի 24-ին իրականացված կրկնակի հետազոտության արդյունքում հիվանդի վիճակը եղել է բավարար: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 78).

4) Ընկերության 25.09.2020 թվականի թիվ Տ03/09-2020 տեղեկանքի համաձայն՝ Նարինե Հակոբյանը 10.09.2019 թվականից աշխատում է Ընկերությունում՝ զբաղեցնելով ավագ հաշվապահի պաշտոնը, ում գործառույթները ներառում են անմիջականորեն ընկերության հաշվապահական հաշվառման պարտականությունների կատարումը (ներառյալ, բայց չսահմանափակվելով պետական մարմիններին՝ Կոմիտեին, ՀՀ վիճակագրական կոմիտեին հաշվարկների, հաշվետվությունների, հայտերի և այլ փաստաթղթերի ներկայացումը) (հատոր 1-ին, գ.թ. 139)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետն արդյո՞ք ենթակա է վերականգնման։

 

ՀՀ հարկային օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շրջանառության հարկը Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն (․․․):

ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եթե նույն հոդվածի 2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ հետևյալ դեպքերում և ժամկետներում տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շրջանառության հարկը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու համար հարկ վճարողի կողմից անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Միաժամանակ նշված հայտարարությունը ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է հստակ ժամկետ, այն է՝ մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ, իսկ այն դեպքում, երբ սահմանված ժամկետում անձը կամ կազմակերպությունը չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, վերջինս ինքնաբերաբար համարվում է ԱԱՀ վճարող։

Այսինքն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար որպես պարտադիր նախապայման օրենսդիրն ամրագրել է սահմանված ժամկետում և կարգով հարկային մարմնին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացնելու կանոնի պահպանում։ Մասնավորապես, շրջանառության հարկ վճարող համարվելու համար հարկ վճարողը պարտավոր է մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Իսկ նշված ժամկետում և կարգով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացնելու պարագայում հարկ վճարողն ինքնաբերաբար անցում է կատարում ավելացված արժեքի հարկով հարկման դաշտ՝ համարվելով ԱԱՀ վճարող։

Ընդ որում, վերոգրյալ իրավանորմով սահմանված ժամկետը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթակա չէ վերականգնման հետևյալ պատճառաբանությամբ

Ի տարբերություն դատավարական ժամկետների, որոնց գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք սահմանում են կոնկրետ դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը, չեն կարող ազդել նյութական վիճելի իրավահարաբերության բովանդակության, այդ թվում՝ դատավարության մասնակիցների միջև նյութաիրավական վեճի դրական կամ բացասական լուծման վրա, նյութաիրավական ժամկետները կարգավորում են օրենքով նախատեսված գործողությունը կատարելու կոնկրետ ժամկետ, որն ուղղակիորեն ազդեցություն ունի նյութական վիճելի իրավահարաբերության բովանդակության վրա։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն դատավարական ժամկետի, որը բաց թողնելու դեպքում օրենսդրորեն հնարավոր է այն վերականգնել՝ հարգելի հիմքերի առկայության պարագայում, նյութաիրավական ժամկետները վերականգնելու օրենսդրական հիմք առկա չէ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու ժամկետը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն համարվում է նյութաիրավական ժամկետ, որը բաց թողնելու դեպքում վրա է հասնում նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հետևանքը։

Վերոգրյալ իրավական դիրքորոշման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետը, հանդիսանալով նյութաիրավական ժամկետ, ենթակա չէ վերականգնման։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել իր՝ 2020 թվականի ընթացքում շրջանառության հարկով հարկման համակարգի սուբյեկտ հանդիսանալու իրավահարաբերության առկայությունը և անվավեր ճանաչել Հանձնաժողովի 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշումը։

 Դատարանը բավարարել է Ընկերության հայցը՝ պատճառաբանելով, որ Ընկերության կողմից 2020 թվականի ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու սահմանված ժամկետը բաց է թողնվել ընդամենը 11 օր, որը պայմանավորված է եղել 15.02.2020-24.02.2020 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերության գլխավոր հաշվապահի առողջական վիճակի վատթարացմամբ, որի վերաբերյալ սույն գործի քննության ընթացքում ներկայացվել է բժշկի կողմից տրված համապատասխան տեղեկանք, որպիսի փաստի հաշվառմամբ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված ժամկետի բացթողումը սույն պարագայում պետք է համարել հարգելի:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի պատճառաբանությունները։

Սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետում, այն է՝ մինչև 20.02.2020 թվականը, 2020 թվականի ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ համապատասխան հայտարարությունը հարկային մարմին չի ներկայացրել: Ընկերության տնօրեն Տարոն Վարազդատյանը 02.03.2020 թվականին դիմում է ներկայացրել Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Մաշադյանին և հայտնել, որ Ընկերության աշխատակցի անուշադրության հետևանքով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին էլեկտրոնային եղանակով չի ներկայացվել 2020 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը և խնդրել է ընդառաջել ու հնարավորություն ընձեռել Ընկերությանը 2020 թվականի ընթացքում գործունեություն իրականացնել շրջանառության հարկով հարկման համակարգում:

Հանձնաժողովը, վկայակոչելով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է, որ Ընկերության կողմից չի ներկայացվել հիմնավոր փաստարկ (ապացույց) շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների վերաբերյալ և 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշմամբ մերժել է շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ Ընկերության դիմումը (դիմում-բողոքը):

Բժիշկ-սրտաբան Սաթենիկ Շիրինյանի կողմից 24.02.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Նարինե Հակոբյանը 15.02.2020 թվականին դիմել է սրտաբանի խորհրդատվության, որից հետո կատարված բժշկական հետազոտության արդյունքում վերջինիս մոտ ախտորոշվել է 2-րդ աստիճանի զարկերային հիպերտենզիա հաճախակի կրիզներով՝ ուղեկցված ընդհանուր ինքնազգացողության վատացմամբ և թուլության զգացմամբ: Նարինե Հակոբյանը նույն օրը վերցվել է սրտաբանի ամբուլատոր հսկողության տակ: Իրականացվել են գործիքային հետազոտություններ, որոնց արդյունքում նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում: 24.02.2020 թվականին իրականացված կրկնակի հետազոտության արդյունքում հիվանդի վիճակը եղել է բավարար:

Նարինե Հակոբյանը 10.09.2019 թվականից աշխատում է Ընկերությունում՝ զբաղեցնելով ավագ հաշվապահի պաշտոնը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Ընկերությունը պահանջել է ճանաչել իր՝ 2020 թվականի ընթացքում շրջանառության հարկով հարկման համակարգի սուբյեկտ հանդիսանալու իրավահարաբերության առկայությունը և անվավեր ճանաչել Հանձնաժողովի 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի և Ընկերության միջև 2020 թվականի շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ իրավահարաբերության առկայությունը ճանաչելու համար, անհրաժեշտ է նախ պարզել, թե արդյոք, վարչական մարմնի և Ընկերության միջև ծագել է իրավահարաբերություն՝ 2020 թվականի շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, թե՝ ոչ։

Այսպես, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում նշել, որ շրջանառության հարկ վճարող համարվելու իրավահարաբերության ծագումն օրենսդիրը պայմանավորել է սահմանված ժամկետում և կարգով հարկային մարմնին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու հանգամանքով։ Մասնավորապես, շրջանառության հարկ վճարող համարվելու համար հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնի հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Իսկ նշված ժամկետում և կարգով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացնելու պարագայում հարկ վճարողն ինքնաբերաբար անցում է կատարում ավելացված արժեքի հարկով հարկման դաշտ՝ համարվելով ԱԱՀ վճարող։

Տվյալ դեպքում Ընկերությունը չի հերքել այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետում, այն է՝ մինչև 20.02.2020 թվականը ներառյալ, հարկային մարմին չի ներկայացրել համապատասխան հայտարարություն։ Ավելին, Ընկերության տնօրեն Տարոն Վարազդատյանն իր 02.03.2020 թվականին Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի նախագահին ուղղված դիմումով, ի թիվս այլնի, հայտնել է, որ Ընկերության աշխատակցի անուշադրության հետևանքով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին էլեկտրոնային եղանակով չի ներկայացվել 2020 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը:

Միաժամանակ Հանձնաժողովի 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշմամբ նույնպես արձանագրվել է, որ Ընկերությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Նույն որոշմամբ նշվել է, որ հայտարարության բացակայության պատճառով Ընկերությունն ավտոմատ կերպով համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող։

Տվյալ դեպքում, թեև Հանձնաժողովն իր որոշմամբ արձանագրել է, որ Ընկերության կողմից չի ներկայացվել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների վերաբերյալ փաստարկ կամ ապացույց, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի փաստարկ կամ ապացույց ներկայացված լինելու պարագայում անգամ բաց թողնված նյութաիրավական ժամկետը ենթակա չէր վերականգնման, իսկ այդ ժամկետի խախտմամբ ներկայացրած դիմումի հիմքով Ընկերությունը չէր կարող համարվել 2020 թվականի շրջանառության հարկ վճարող։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի և Ընկերության միջև 2020 թվականի շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ իրավահարաբերության առկայությունը հաստատելու իրավական հիմքը բացակայում է։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով (...):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշմամբ մերժելով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ Ընկերության դիմումը (դիմում-բողոքը)՝ Հանձնաժողովը կայացրել է իրավաչափ վարչական ակտ, որը բխում է ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից, ուստի այդ վարչական ակտն անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքերը բացակայում են։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

 

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար Կոմիտեն վճարել է 20000-ական ՀՀ դրամ, մինչդեռ վճռաբեկ բողոքի համար, որպես երկու ոչ դրամական պահանջի գործ, պետք է վճարեր 40000 ՀՀ դրամ, այսինքն՝ պակաս է վճարել 20.000 ՀՀ դրամ։

Նկատի ունենալով, որ Կոմիտեի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը և վճռաբեկ բողոքի համար վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի համար պակաս վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարին, ապա այն ենթակա է բռնագանձման Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.02.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ին 2020 թվականի ընթացքում շրջանառության հարկով հարկման համակարգի սուբյեկտ հանդիսանալու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 27.03.2020 թվականի թիվ 18/8 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:

2. «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

«ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

«ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան