Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 1998.01/31(2)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ/0124/01/19

Գործ թիվ ՏԴ/0124/01/19

Նախագահող դատավոր՝

  Ն. Հովակիմյան

 

 Ա․ Նիկողոսյան

 Ս․ Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

24 մարտի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի դատավճիռը՝ պատժի մասով բեկանվել և փոփոխվել է ու Մատվեյ Բրուտյանը դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) ամիս ժամկետով և տուգանքի՝ 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Մատվեյ Բրուտյանի պաշտպան Վ.Ներկարարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

2․ Նշված դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Մ․Բրուտյանի դիմումի քննության արդյունքում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել դիմումը բավարարելու, Մ․Բրուտյանի նկատմամբ 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը 354 (երեք հարյուր հիսունչորս) ժամ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին։

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի նոյեմբերի 4-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։

 

Վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Հովակիմյանը սույն գործով մնացել է հատուկ կարծիքի։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի Մարտուն Հակոբյանի գործով որոշմանը:

Այսպես, բողոքաբերի կարծիքով, Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր քննելու ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Մ․Բրուտյանի դիմումը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելու փաստարկմամբ։

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատապարտյալի համապատասխան դիմումը ներկայացնելու իրավունքը ծագում է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում։ Այս համատեքստում քննարկելով դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության հասցեատերերի սուբյեկտային կազմը, բողոքաբերը նշել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժն ի կատար ածելու պարտականությունը դրված է ուղղիչ հիմնարկի վրա, հետևաբար՝ ազատազրկման ձևով պատիժը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու մասին դատարան դիմում ներկայացնելու դատապարտյալի իրավունքը ծագում է բացառապես համապատասխան կարգադրությունն ուղղիչ հիմնարկում ստացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում։ Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքի հեղինակը նշել է, որ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական նորմերից ակնհայտ է, որ կարգադրությունը դատապարտյալին ուղղարկելու պահանջ նախատեսված չէ, իսկ ՀՀ ոստիկանության իրավասությունը սահմանափակված է դատապարտյալին պատիժը կատարող հիմնարկ տեղափոխելու գործառույթով։

Ամփոփելով կատարված վերլուծությունը, բողոքաբերը եզրահանգել է, որ նշված ընթացակարգի խախտմամբ ներկայացված դիմումի քննությունն իրավաչափ չէ։

5․1․ Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը վերաբերելի իրավանորմերի վերլուծությամբ փաստարկել է, որ որևէ պետական մարմին օժտված չէ դատավճիռն ի կատար ածելու կարգադրության գործողությունը կասեցնելու լիազորությամբ։ Նշվածի լույսի ներքո բողոքաբերը փաստարկել է, որ Մ․Բրուտյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտն ի կատար ածելու կարգադրության գործողությունը կասեցնելու առնչությամբ Առաջին ատյանի դատարանի ձեռնարկված գործողություններն օրինական չեն։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ գործն այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 20-ի գրություններով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 20-ի որոշումը կատարելու մաuին կարգադրությունն ուղղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն2։

8․ 2020 թվականի հուլիսի 23-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու պահանջով Մ․Բրուտյանի դիմումը3։

8․1․ Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետին հասցեագրված՝

- 2020 թվականի հուլիսի 23-ի գրության համաձայն՝ «(․․․) Խնդրվում է դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրության կատարումը կասեցնել՝ մինչև [Մ․Բրուտյանի վերը նշված] դիմումի քննարկումը»4։

- 2020 թվականի հուլիսի 28-ի գրության համաձայն՝ «(․․․) 28․07․2020 թ․ չնայած այն հանգամանքի, որ [ՀՀ] ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել է դատարանի դատավճիռը կատարման հանձնելու մասին կարգադրությունը կասեցնելու գրությունը, սակայն նույն բաժնի ոստիկանության ծառայողների կողմից Մ․Բրուտյանը տարվել է [ՀՀ] ոստիկանության Տավուշի բաժին՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխելու համար։ Դատապարտյալ Մ․Բրուտյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու նպատակով կրկին տեղեկացվում է օրինական ուժի մեջ մտած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ի կատար ածելու մասին կարգադրությանն ընթացք չտալու անհրաժեշտության մասին (․․․)»5։

9․ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի՝ Առաջին ատյանի դատարան հասցեագրված՝ 2020 թվականի հուլիսի 29-ի գրության համաձայն՝ «(․․․) Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ կարգադրության պահանջը 28․07․2020 թ-ին կատարվել է»։ Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը տեղեկացվել է, որ Մ․Բրուտյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ6։

10․ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Մ․Բրուտյանի դիմումը, իր դատական ակտում արձանագրել է նաև, որ․ «Միջնորդությունը դատարանում ստացվելու պահին դատական ակտն ի կատար ածելու կարգադրությունը դեռևս ստացված չի եղել այն կատարող մարմնի կողմից: Դատարանը գրությամբ պահանջել է այն ի կատար չածել, քանի որ ստացվել է միջնորդություն` ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին: Միաժամանակ նշել է, որ դա անհրաժեշտ է դատական նիստին դատապարտյալի մասնակցությունն ապահովելու նպատակով: Սակայն ՀՀ ոստիկանության Տավուշի բաժինը դատարանի գրության պահանջը չի կատարել, դատապարտյալին տեղափոխել է «Վանաձոր» ՔԿՀ»7։

11․ Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշման համաձայն՝ «Մ․Բրուտյանի միջնորդությունը՝ նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտք եղել 23.07.2020թ.: [Առաջին ատյանի դ]ատարանը պարզելով, որ դատապարտյալ Մ․Բրուտյանը դեռևս գտնվում է Տավուշի ոստիկանության բաժնում, ու այդ պահի դրությամբ դեռևս ստացած չլինելով հաղորդում «Վանաձոր» ՔԿՀ-ից այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 24.02.2020թ. որոշումն ի կատար ածելու նպատակով դատապարտյալ Մ․Բրուտյանը տեղափոխված է «Վանաձոր» ՔԿՀ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածով, համաձայն որի դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական որոշում կայացրած դատարանը, միջնորդությունը վարույթ է ընդունել և նշանակել քննության՝ այդ մասին տեղեկացնելով նաև Տավուշի ոստիկանության բաժնին՝ հանձնարարելով դատապարտյալին չտեղափոխել «Վանաձոր» ՔԿՀ՝ կարգադրությանն ընթացք տալու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ: Նույնաբովանդակ գրություն է ուղարկել նաև 28.07.2020թ.:

(․․․)

Նշված փաստական հանգամանքները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ Մ․Բրուտյանի միջնորդությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել մինչև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման ի կատար ածումը սկսվելը՝ մինչ դատական որոշումն ի կատար ածող մարմնից այդ մասին պատշաճ հաղորդում ստանալը: Հետևաբար Մ․Բրուտյանի միջնորդության քննությունն ընդդատյա է եղել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ [Առաջին ատյանի] դատարանը ղեկավարվելով գործող իրավակարգավորումներով, հաշվի առնելով նաև արդարադատության շահը և դատարանների մատչելիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունը, իրավացիորեն վարույթ է ընդունել Մ․Բրուտյանի միջնորդությունը և ողջամիտ ժամկետում լուծել այն: (․․․) Այսինքն՝ [Առաջին ատյանի դ]ատարանը 30.07.2020թ. որոշմամբ բավարարելով դատապարտյալ Մ․Բրուտյանի կողմից ներկայացրած միջնորդությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և գործով ըստ էության կայացրել է ճիշտ դատական ակտ, որը բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան»8։

Վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Հովակիմյանը սույն գործով մնացել է հատուկ կարծիքի՝ գտնելով, որ խախտվել է գործի քննության ընդդատությունը, քանի որ դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումի քննության պահին նրա վերաբերյալ դատավճիռն ի կատար է ածվել և վերջինս պատիժը կրում է Առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, ուստի դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումն Առաջին ատյանի դատարանն ըստ ընդդատության պետք է ուղարկեր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան9։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումն Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առնելու օրինականության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումն Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առնելու իրավաչափությունը վերաքննիչ բողոքում և վիճարկվող դատական ակտում քննարկվել է գործի քննության ընդդատության կանոնի պահպանվածության համատեքստում։ Այդ առումով, հաշվի առնելով, որ դատական ակտերի կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա գործերը որոշակիացնելու համար օրենսդիրն ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը10, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշակի ժամկետով ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Մ․Բրուտյանի կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործող օրենսդրական կարգավորումներին։ Այսպես՝

ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու (․․․) դեպք[ում]»։

Մեջբերված քրեաիրավական նորմի համաձայն` օրենքով սահմանված պայմանների առկայության, այն է` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու և առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում11, դատապարտյալին վերապահված է ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու իրավունք՝ նախատեսելով նշված իրավունքի իրացման համապատասխան ընթացակարգ։

Այսպես` նշված օրենսդրական կարգավորումների համաձայն՝ դատապարտյալը համապատասխան դիմումը ներկայացնում է դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում։ Միևնույն ժամանակ, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռը կատարման հանձնելու կարգադրությունն ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը12: Տվյալ դեպքում, ազատազրկում պատժատեսակի կատարումն ապահովում է համապատասխան քրեակատարողական հիմնարկը։

Հիմք ընդունելով վերոգյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վարույթի նախաձեռնման դատապարտյալի իրավունքը ծագում է ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունն ազատազրկում պատժատեսակի կատարումն ապահովող՝ քրեակատարողական հիմնարկում ստանալուց հետո։ Այդ համատեքստում հարկ է նկատել, որ «կարգադրությունը ստանալուց հետո» ձևակերպումը չպետք է մեկնաբանվի չափազանց ձևականացված (excessive formalism) և դիտարկվի բացառապես ուղղիչ հիմնարկում կարգադրության մուտքագրման պահը, այլ պետք է որոշվի դատապարտյալի կողմից պատժի փաստացի կրումն ապահովելուն (դատապարտյալին ուղղիչ հաստատությունում ընդունելը և հաշվառման վերցնելը) ուղղված գործողություններն իրականացնելու փաստով։ Այլ կերպ՝ դատապարտյալի պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը պարտադիր նախապայման է դատապարտյալի կողմից ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու համապատասխան օրենսդրական կառուցակարգը գործադրելու և դատարանի առջև վերոնշյալ հարցը բարձրացնելու համար, հակառակ դեպքում նշված հարցի քննության հնարավորությունը բացառվում է։ Նման կարգավորումը կոչված է երաշխավորելու օրենսդրի մոտեցումը՝ օրինական ուժ ստացած դատական ակտով սահմանված պատիժը կրելու գործընթացի ներքո գտնվելու դեպքում փոփոխելու հնարավորության վերաբերյալ13։

Հիմք ընդունելով կատարված վելուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում խնդրո հարցը քննարկման և լուծման ենթակա է դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու դեպքում։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո իրավունքի իրացման կապակցությամբ վերը նշված և մեկնաբանված ընթացակարգային պահանջի խախտմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումը ենթակա է մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու՝ այդ կերպ ապահովելով օրինականության սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի պահանջը։

13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Մ․Բրուտյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 30-ին14,

- դատական ակտը կատարելու մաuին կարգադրությունն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 20-ի գրություններով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն15,

- 2020 թվականի հուլիսի 23-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումը՝ իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու պահանջով16,

- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հուլիսի 23-ի և 28-ի գրություններով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից պահանջել է Մ․Բրուտյանի վերաբերյալ դատական ակտը կատարելու մաuին կարգադրության կապակցությամբ գործողություններ չկատարել՝ Մ․Բրուտյանի դիմումը քննության առնելու անհրաժեշտության պատճառաբանությամբ17,

- 2020 թվականի հուլիսի 28-ին դատապարտյալ Մ․Բրուտյանը տեղափոխվել է ազատազրկման կատարումն ապահովող ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որի մասին տեղեկացվել է նաև Առաջին ատյանի դատարանը18,

- դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը վերջինիս նկատմամբ նշանակված ազատազրկում պատժատեսակը փոխարինել է հանրային աշխատանքներով՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նաև նրանով, որ դատապարտյալ Մ․Բրուտյանի համապատասխան դիմումը ստանալու պահին մեղադրական դատական ակտը կատարման հանձնելու մաuին կարգադրությունն իրավասու մարմինը դեռևս չէր ստացել, միաժամանակ, վերջինից պահանջվել է դատական ակտն ի կատար չածել19,

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ համապատասխան դիմումն Առաջին ատյանի դատարանում ստացվել է մինչև դատապարտյալ Մ․Բրուտյանին պատժի կատարման հիմնարկ տեղափոխելը, ուստի դատական որոշումների կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի ընդդատության կարգավորումների համաձայն՝ դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումն ընդդատյա է Առաջին ատյանի դատարանին։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ստորադաս դատարանը ղեկավարվելով գործող օրենսդրական կարգավորումներով, իրավացիորեն վարույթ է ընդունել և լուծել դիմումը՝ կայացնելով օրինական դատական ակտ20։

14․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Մ․Բրուտյանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցն Առաջին ատյանի դատարանի առջև բարձրացվել է նախքան ազատազրկում պատժատեսակի կատարումն ապահովող մարմնի կողմից կարգադրությունը ստանալը և պատժի կատարմանն ուղղված գործողություններ կատարելը։ Այլ կերպ՝ դատապարտյալ Մ․Բրուտյանը համապատասխան դիմումը ներկայացրել է պատժի կրման գործընթացը նախաձեռնված չլինելու պայմաններում։

15․ Սույն որոշման 12-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետերում վկայակոչված և վերլուծված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննության առնելով դատապարտյալ Մ․Բրուտյանի ներկայացրած դիմումը, չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։

Նախ և առաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ընդունելով հանդերձ, որ դատապարտյալի դիմումը ստանալու պահին մեղադրական դատական ակտը կատարման հանձնելու մաuին կարգադրությունն իրավասու մարմինը դեռևս չէր ստացել, այս համատեքստում պատշաճ ուշադրության չի արժանացրել դատարանի համապատասխան լիազորությունը գործադրելու օրենսդրական առանձնահատկությունը։ Տվյալ դեպքում, դատապարտյալ Մ․Բրուտյանն իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դիմումն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել սահմանված կարգի խախտմամբ, քանի որ դատապարտյալ Մ․Բրուտյանն ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի առջև բարձրացրել է նախքան պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրական դատական ակտն ի կատար ածելու կարգադրությունը քրեակատարողական հիմնարկում ստացված և պատիժը կրելու գործընթացը սկսված լինելու պայմանի բացակայությունը բացառել է ազատազրկման ձևով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու դատապարտյալ Մ․Բրուտյանի հնարավորությունը։

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի պնդմանն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Բ․Բրուտյանի դիմումի քննության ընթացքում ուշադրության չի արժանացրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումները։ Մասնավորապես, վերաբերելի քրեադատավարական իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կարող է կասեցվել կամ հետաձգվել բացառապես դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդության քննության21 կամ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 383-րդ և 431-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչը սույն գործով բացակայում է։

Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի խնդրո իրավունքի իրացման կարգի խախտմամբ Առաջին ատյանի դատարան ներկայացված Մ․Բրուտյանի դիմումը ենթակա էր մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու։

Հիմք ընդունելով արված եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումն Առաջին ատյանի դատարանի կողմից քննության առնելու օրինականության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։

16․ Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել և չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սույն գործով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանելու, իսկ դատապարտյալ Մ․Բրուտյանի դիմումը՝ մերժելու։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Մատվեյ Բախշինի Բրուտյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2․ Դատապարտյալ Մատվեյ Բախշինի Բրուտյանի դիմումը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 3 և 5:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 9-11:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 12:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 23:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 27:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 58-64:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 102-111։

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 122--126։

10 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշումը։

11 Տե՛ս 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի 2-րդ մասը։

12 Տե՛ս 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածը։

13 Այս առնումով տեʹս տուգանքը հանրային աշխատանքներով և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավահարաբերությունները կարգավորող 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրնեսգրքի 431․1-րդ և 434-րդ հոդվածները։

14 Տե՛ս, սույն որոշման 1-ին կետը։

15 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։

16 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։

17 Տե՛ս, սույն որոշման 8․1-րդ կետը։

18 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը։

19 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։

20 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը։

21 Մանրամասն տե’ս 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ և 380-րդ հոդվածները։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան