Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 1998.01/31(2)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0047/01/22

Գործ թիվ ՇԴ/0047/01/22

Նախագահող դատավոր՝

 Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

17 մարտի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հայկ Վլադիմիրի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունիսի 8-ին Արմենուհի Արայի Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 18157721 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 117-րդ հոդվածի և 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2021 թվականի հունիսի 9-ին Արմենուհի Խաչատրյանը հիշյալ գործով ճանաչվել է տուժող:

2021 թվականի հուլիսի 8-ին քրեական գործով վարույթը կարճվել է և Հայկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:

2. Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումը ՀՀ գլխավոր դատախազի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ վերացվել է:

2021 թվականի սեպտեմբերի 2-ին թիվ 18157721 քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2022 թվականի հունվարի 19-ին Հայկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:

2022 թվականի հունվարի 20-ին Հայկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով:

3. 2022 թվականի փետրվարի 4-ին Արմենուհի Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 18151822 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 137.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմինը 2022 թվականի փետրվարի 5-ին որոշում է կայացրել թիվ 18151822 քրեական գործը թիվ 18157721 քրեական գործին միացնելու մասին՝ գործին շնորհելով 18157721 համարը:

2022 թվականի փետրվարի 5-ին Արմենուհի Խաչատրյանը վերոնշյալ գործով ճանաչվել է տուժող:

2022 թվականի փետրվարի 7-ին Հ․Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

4. 2022 թվականի փետրվարի 7-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Հայկ Հակոբյանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար, ձերբակալելու մասին:

2022 թվականի փետրվարի 8-ին Հայկ Հակոբյանը ձերբակալվել է:

2022 թվականի փետրվարի 8-ին մեղադրյալ Հ․Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

5. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ ՇԴ/0008/06/22 որոշմամբ մեղադրյալ Հ․Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որի ժամկետը նույն դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ երկու ամսով երկարացվել է:

6. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Հայկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

7. 2022 թվականի ապրիլի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

7.1. 2022 թվականի մայիսի 13-ին նշանակված դատական նիստում Առաջին ատյանի դատարանը քննարկել է Հ․Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը, և նույն օրը կայացված որոշմամբ ամբաստանյալ Հայկ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

8. Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի հունիսի 27-ին քննության առնելով ամբաստանյալ Հ․Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ամբաստանյալի և նրա պաշտպանի միջնորդությունը, որոշել է այն բավարարել, ամբաստանյալ Հ.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ դրա չափ սահմանելով 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:

9. Շիրակի մարզի դատախազության դատախազ Ք.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 27-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

10. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 7-րդ, 135-137-րդ, 358-րդ հոդվածների պահանջները, կայացված դատական ակտով արձանագրված հետևություններն անհիմն են և չեն բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից:

12. Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելով և որպես խափանման միջոց գրավը կիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, անտեսել են կալանավորման հիմքերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, չեն ապահովել հանրային և մասնավոր շահերի համաչափ և հավասարակշռված պաշտպանությունը, և արդյունքում թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում:

12.1. Բողոքաբերն ընդգծել է, որ ստորադաս դատարանները դատական ակտերով հաստատել են, որ սույն գործով առկա են կալանավորման՝ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հիմքերը, միևնույն ժամանակ, որպես դրանց հակակշիռ մատնանշել են ամբաստանյալի և տուժողի փաստացի հաշտվելու հանգամանքը, այն, որ տուժողը պարբերաբար քրեակատարողական հիմնարկում տեսակցություններ է ունեցել ամբաստանյալի հետ, այդ թվում երկարատև, հանձնուքներ է տարել նրան, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում էլ գրանցել են ամուսնությունը՝ օրինականացնելով իրենց փոխհարաբերությունները և ներկա պահին ցանկանում են համատեղ կյանք վարել՝ զբաղվելով երեք մանկահասակ երեխաների խնամքով: Արդյունքում ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, անտեսել են Հ․Հակոբյանին մեղսագրվող հանցագործությունների ծանրության աստիճանը և նրա հոգեբանական վերաբերմունքն իր արարքների և դրանց հետևանքների նկատմամբ:

12.2. Բողոք բերած անձը շեշտել է, որ Հ․Հակոբյանը սույն գործով իրեն վերագրվող արարքներից առաջինը 2021 թվականի մայիսի 30-ին կատարելուց հետո, դեռևս քրեական գործի նախաքննության փուլում, գտնվելով մեղադրյալի կարգավիճակում, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրված լինելու պայմաններում, 2022 թվականի հունվարի 30-ին կրկին կատարել է արարք, որն արտահայտվել է առանձնակի դաժանությամբ: Ու վտանգ կա, որ ամբաստանյալը հետագայում ևս նման վարքագիծ կդրսևորի, իսկ ինչ վերաբերում է դատարանների այն հետևությանը, որ ամբաստանյալը և տուժողը փաստացի հաշտվել են, տուժողը պարբերաբար քրեակատարողական հիմնարկում տեսակցություններ է ունեցել ամբաստանյալի հետ, այդ թվում երկարատև, հանձնուքներ է տարել նրան, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում էլ գրանցել են ամուսնությունը, և ներկա պահին ցանկանում են համատեղ կյանք վարել՝ զբաղվելով երեք մանկահասակ երեխաների խնամքով, ապա հարկ է արձանագրել, որ Հ․Հակոբյանը տուժողի հետ նույն տանը բնակվելով, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով հանդերձ, համատեղ կյանք վարելու և մանկահասակ երեխաների խնամքով զբաղվելու պայմաններում, արդեն իսկ երկու անգամ կատարել է քրեական օրենքով արգելված արարք, որոնցից մեկ դեպքով նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով:

12.3. Բողոքաբերը նշել է, որ նման պայմաններում խափանման միջոց գրավը չի կարող ապահովել Հ.Հակոբյանի պատշաճ վարքագիծը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում, ինչպես դատական նիստի ժամանակ հայտարարել է ամբաստանյալ Հ․Հակոբյանը, համատեղ բնակվելու է իր կողմից կատարված հանցագործության զոհի՝ տուժող Արմենուհի Խաչատրյանի հետ՝ միանշանակ հնարավորություն ստանալով գործի հանգամանքներն իր համար ցանկալի, բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար ազդել քրեական գործով անցնող անձանց վրա՝ ցուցմունքները փոխելու նպատակով:

13. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 27-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ ամբաստանյալ Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

14. Հայկ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կնոջը՝ Արմենուհի Արայի Խաչատրյանին, առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 4-րդ թաղամաս 1-ին միկրոշրջան 5-րդ շենքի 13-րդ բնակարանում կենցաղային հարցերի՝ երկրորդ բջջային հեռախոսահամար ունենալու, դավաճանելու շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Արմենուհի Խաչատրյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով և հարթաչափով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո կատարելով «Ծեծելով չես հասկանա, տաք վիճակում ավելի լավ կհասկանաս» արտահայտությունը, նախատեսելով իր արարքի առանձին դաժանության բնույթը, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ցանկությամբ գիտակցաբար բերել է մետաղյա շամփուրը, շիկացրել է էլեկտրական ջեռոցի վրա, Արմենուհի Խաչատրյանին հրամայել է հանել հագին եղած գիշերազգեստը, ապա ցուցաբերելով անգթություն և անողոքություն, շիկացած մետաղյա շամփուրով բազմաթիվ, այն է՝ 20 և ավելի, հարվածներ է հասցրել Արմենուհի Խաչատրյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը՝ ձախ գագաթ-քունքային և ձախ ծոծրակային շրջանների փափուկ հյուսվածքների ուռածության, կրծքավանդակի, նստատեղի, աջ ազդրի շրջանների արյունազեղումների, պարանոցի, կրծքավանդակի, աջ բազկի, աջ նախաբազկի, նստատեղերի, ձախ ազդրի շրջանների 1-2-րդ աստիճանի այրվածքների ձևերով՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ այդ կերպ Արմենուհի Խաչատրյանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, Հայկ Վլադիմիրի Հակոբյանը կնոջը՝ Արմենուհի Արայի Խաչատրյանին, առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2022 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի՝ դավաճանության շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Արմենուհի Խաչատրյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ հասցնելով նրան ծանր վիրավորանք, և կատարելով «Սի վերջդ է» արտահայտությունը, երկու անգամ ձեռքով հարվածել է նրա ձախ ձեոքի բազկի հատվածին, երկու անգամ թիկունքի ձախակողմյան հատվածին, ապա նախատեսելով իր արարքի առանձին դաժանության բնույթը՝ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ցանկությամբ, տաբատի գրպանից հանել է դանակ և բազմաթիվ և չնչին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ նշված դանակով հարվածներ է հասցրել կնոջ ձախ ոտքի ազդրի տարբեր հատվածներին՝ ասելով «հիմի ինչ օր կենեմ, ձեն չես հանե օր տնեցինք չլսեն», այնուհետև բռունցքով մեկ անգամ հարվածել է աջ աչքի շրջանում, ապա շարունակելով կնոջը մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառել՝ խոհանոցից վերցրել է սրբիչը, որի մի մասով փակել է Արմենուհի Խաչատրյանի բերանը, իսկ մյուս մասը փաթաթել է պարանոցին և սեղմել, որից վերջինս սկսել է շնչահեղձ լինել, ապա դրսևորելով բացառիկ անգթություն և անողոքություն՝ գիշերային հանգստի ժամին կնոջը քարշ տալով տարել է շենքի շքամուտք, որտեղ շարունակել է սրբիչով սեղմել պարանոցը, և հարցնելով, թե պատրաստ է վերջինս մեռնել՝ մոտեցրել է աստիճանահարթակին, բացառիկ վայրագությամբ կնոջ աչքից հոսող արյունն իր իսկ ձեռքով տարածել է վերջինիս դեմքին: Դրանից հետո, կրկին քարշ տալով, նրան տարել է բնակարանի խոհանոց, պահանջել է հանել հագին եղած հագուստները և շարունակելով դրսևորել դաժան և անմարդկային վերաբերմունք բացել է տան պատուհանը՝ ստիպելով կնոջը ձմեռային ցրտին կանգնել բաց պատուհանի դիմաց առանց հագուստների՝ միաժամանակ կատարելով «տեսնենք ինչքան կկարողանաս ցրտին դիմանաս» արտահայտությունը՝ այդ կերպ Արմենուհի Խաչատրյանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք: Հայկ Հակոբյանի գործողությունների հետևանքով Արմենուհի Խաչատրյանի առողջությանը պատճառվել է ձախից ստորին կոպի, պարանոցի ս/3-րդի ձախ բազկի, ձախ ազդրի շրջանների արյունազեղումների, աջից պարանոցի շրջանների քերծվածքների, ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքի, աջ նախաբազկի շրջանի ճանկռվածների ձևով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով: Այնուհետև 2022 թվականի հունվարի 30-ից մինչ փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայկ Հակոբյանը շարունակել է Արմենուհի Խաչատրյանին հոգեկան ուժեղ տառապանք պատճառող իր գործողությունները, նրա նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել, ինչն արտահայտվել է Արմենուհի Խաչատրյանին ապօրինի ազատությունից զրկելով, որը կապված չէ առևանգելու հետ, այն է՝ ներսից կողպել է մուտքի դուռը, վերջինիս կամքին հակառակ պահել է տանը, արգելել որևէ մեկի հետ շփումը առանց իր ներկայության, սպառնալով հեռանալու դեպքում սպանել Արմենուհի Խաչատրյանին և նրա հարազատների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել»1:

15. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Հայկ Հակոբյանը մեղադրվում է կյանքի և առողջության դեմ ուղղված դիտավորությամբ կատարվող ենթադրյալ ծանր հանցանք կատարելու մեջ, որի համար նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով, դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող կոնկրետ արարքների առանձնահատկությունները, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, ենթադրաբար կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ինչպես նաև ենթադրյալ հանցանքների կատարումից հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, արձանագրում է, որ դատավարության տվյալ փուլում շարունակվում է պահպանվել և չի վերացել այն մտավախությունը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Հ.Հակոբյանը կարող է քրեական օրենքով չթույլատրված նոր ենթադրյալ արարք կատարել և խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:

Սակայն դրա հետ մեկտեղ հարկ է արձանագրել, որ դատավարության մասնակիցների (այդ թվում կնոջ) վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով քրեական գործի քննությանը խոչընդոտելու և նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ամբաստանյալը և տուժողը փաստացի հաշտվել են, տուժողը պարբերաբար քրեակատարողական հիմնարկում տեսակցություններ է ունեցել ամբաստանյալի հետ, այդ թվում երկարատև, հանձնուքներ է տարել նրան, բացի այդ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում էլ գրանցել են իրենց ամուսնությունը՝ օրինականացնելով իրենց փոխհարաբերությունները և ներկա պահին ցանկանում են համատեղ կյանք վարել՝ զբաղվելով երեք մանկահասակ երեխաների խնամքով, հետևաբար Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալի խնամքին անչափահաս երեխաների առկայության, դրական բնութագրվելու, պատերազմին մասնակցելու հանգամանքները իրենց համակցության մեջ իրապես կարող են դիտարկվել որպես ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցի քննարկման իրավաչափ հիմք և ինքնին բավարար են ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման համար, նկատի ունենալով, նաև այն, որ Դատարանի մոտ համոզմունք է ձևավորվել, որ ամբաստանյալը ազատության մեջ մնալու դեպքում կարող է դրսևորել պատշաճ վարքագիծ, իսկ կիրառված խափանման միջոցի նպատակը՝ ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովումն է:

Ընդ որում` Դատարանն արձանագրում է, որ թեև մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողություններից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ դատողությունները կրում են կանխատեսական և մոտավոր բնույթ, այնուամենայնիվ մեղադրյալի կողմից նման գործողության կատարումը պետք է գնահատման ենթարկվի քրեական գործում առկա փաստական տվյալներով, որպիսիք տվյալ դեպքում առկա են: Ընդ որում՝ քրեական գործի քննությանը խոչընդոտելու հավանականության առկայության և նոր ենթադրյալ հանցանք կատարելու մտավախության պայմաններում, Դատարանի համոզմամբ այլ խափանման միջոց գրավը ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Դատարանը, հաշվի առնելով վերևում թվարկված հանգամանքները, գտնում է, որ ազատությունից փաստացի զրկմամբ չպայմանավորված այլ խափանման միջոցը՝ գրավը, ի զորու է չեզոքացնելու ամբաստանյալի` ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու նվազ հավանականությունը (…)»2:

16. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Հ.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելով, դատական սխալ թույլ չի տվել, իսկ բողոքաբերը ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա հիմնված այնպիսի փաստարկներ չի ներկայացրել, որոնցով կհիմնավորվի, որ մեղադրյալ Հ.Հակոբյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի կանխմանը հնարավոր չէ հասնել այլ կերպ, քան մեղադրյալ Հ.Հակոբյանին հասարակությունից մեկուսացնելով, նրա ազատության իրավունքն առավելագույն չափով սահմանափակելով։

Մասնավորապես Վերաքննիչ դատարանը փաստում է՝ որպեսզի Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանը զերծ մնա Առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը սահմանափակելուց, բողոքաբերի կողմից պետք է ներկայացվեն այնպիսի ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք թույլ կտան Վերաքննիչ դատարանին գալ հիմնավոր հետևության, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ակնհայտ անտեսվել են ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը լուծելիս գնահատման ենթակա հանգամանքներ։ Մինչդեռ անհրաժեշտ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններին բողոքաբերը հակադրել է մեղադրյալին մեղսագրված հանցավոր արարքների բնույթը, կատարման եղանակն ու վտանգավորության աստիճանը, այնինչ այդ հանգամանքներն ինքնին բավարար չեն արձանագրելու, որ դատարանում մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն խափանման միջոց կալանավորումը, իսկ բողոքաբերի կողմից չեն նշվել Հ.Հակոբյանի վարքագծի կամ նրա անձի վերաբերյալ այնպիսի ծանրակշիռ և իրական փաստական հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային գալ ողջամիտ և հիմնավոր հետևության առ այն, որ ամբաստանյալի կողմից քրեական օրենքով չթույլատրված նոր ենթադրյալ արարք կատարելու և գործի քննությանը դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտելու ռիսկն այնքան բարձր է, որ գրավը չի կարող այն չեզոքացնել, և որ Առաջին ատյանի դատարանը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ թույլ է տվել դատական սխալ։

Անդրադառնալով Բողոքաբերի այն պնդմանը, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում Հ.Հակոբյանը համատեղ բնակվելու է տուժող Ա.Խաչատրյանի հետ և իրականությունն իր համար բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար վերջինս հնարավոր է ազդի քրեական գործով անցնող անձանց վրա, Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ դատավարության մասնակիցների (այդ թվում կնոջ) վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով քրեական գործի քննությանը խոչընդոտելու և նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ամբաստանյալը և տուժողը փաստացի հաշտվել են, տուժողը պարբերաբար քրեակատարողական հիմնարկում տեսակցություններ է ունեցել ամբաստանյալի հետ, այդ թվում երկարատև, հանձնուքներ է տարել նրան, բացի այդ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում էլ գրանցել են իրենց ամուսնությունը՝ օրինականացնելով իրենց փոխհարաբերությունները և ներկա պահին ցանկանում են համատեղ կյանք վարել՝ զբաղվելով երեք մանկահասակ երեխաների խնամքով: Վերոգրյալի հաշվառմամբ փաստելով, որ խափանման միջոց կիրառելու հիմքի/երի առկայության փաստը դեռևս չի նշանակում, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի հենց կալանավորումը, քանի որ այդ նույն հիմքով/երով հնարավոր է կիրառել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված որևէ այլ խափանման միջոց, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս առումով ևս Բողոքաբերի պնդումները հիմնավոր չեն:

Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վերաքննիչ բողոքի փաստարկները բավարար չեն որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող և գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի և ողջամիտ ժամկետում քննության պարտավորություն կրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, գործով ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, գտնում է, որ Առաջին ատյանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ դատախազ Ք.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը՝ մերժել (...)»3:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

18. Վերոշարադրյալ հոդվածների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությունը գնահատելիս ղեկավարվել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով, հետևաբար, Վերաքննիչ դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

20. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:

20.1. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով4:

20.2. Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»5:

21. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

22. Այս համատեքստում մասնավոր անձանց կողմից դրսևորած վերաբերմունքի առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարբերաբար նշել է, որ 3-րդ հոդվածը կիրառելի է դիտավորյալ վատ վերաբերմունք ներառող գործերում, ինչպես օրինակ՝ բռնաբարությունը, սեռական ոտնձգությունը կամ բռնությունը, ներառյալ՝ ընտանեկան բռնությունը կամ վնասվածքները՝ պատճառված կռվի ընթացքում, որը ենթադրում է վարքագիծ՝ ունակ տուժողի մոտ առաջացնելու նսեմացման կամ նվաստացման զգացումներ6։

23. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո ցանկացած գտնվող տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար»։

24. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ՝ նաև Միջազգային դաշնագիր) 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

25. Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ Միջազգային դաշնագրով խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքը կիրառելի է անկախ այն հանգամանքից, թե գործողությունները կատարվել են «պաշտոնատար անձանց» կամ «պետության անունից հանդես եկող այլ անձանց» կամ «մասնավոր անձանց կողմից» կամ «խրախուսելով, պատվիրելով, հանդուրժելով կամ արգելված գործողություններ կատարելով»7: Այսինքն՝ վատ վերաբերմունքի արգելքը միայն չի սահմանում նեգատիվ պարտավորություն պետության ներկայացուցիչների համար չներգրավվելու այդպիսի վերաբերմունքի մեջ։ Պետությունն ունի նաև պոզիտիվ պարտավորություններ իր իրավազորության ներքո պաշտպանելու անհատներին մասնավոր անձանց գործողություններից8։

26. Ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման ու պատշաճ քննության ապահովման՝ պետության պոզիտիվ պարտավորությունների համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն.

- ընտանեկան բռնության բոլոր գործերով արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ստանձնած՝ պետության պարտավորության առանցքային բաղադրիչ է։ Հատուկ ջանասիրություն է պահանջվում ընտանեկան բռնության գործերը քննելիս, և ներպետական ընթացակարգերում պետք է հաշվի առնվի ընտանեկան բռնության առանձնահատուկ բնույթը9,

- իշխանությունները կրում են պարտավորություն՝ ձեռնարկելու պաշտպանության միջոցներ ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից անձի անձնական անձեռնմխելիության դեմ լուրջ խախտումները կանխարգելելու ուղղությամբ10,

- անձնական և ընտանեկան կյանքին իշխանությունների միջամտությունը կարող է անհրաժեշտ լինել որոշակի հանգամանքներում պաշտպանելու տուժողի առողջությունն ու իրավունքները կամ կանխելու քրեական արարքները11,

- իրական և անմիջական սպառնալիքի վտանգը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով ընտանիքում բռնության կոնկրետ համատեքստը։ Այս իրավիճակում, ոչ միայն հասարակության ընդհանուր պաշտպանությունն ապահովելու, այլև ամենից առաջ ընտանիքում բռնության հաջորդական դրվագների կրկնությունը հաշվի առնելու պարտավորության հարց է առաջ գալիս12,

- անգամ այն դեպքերում, երբ իշխանությունները բացարձակ անգործության մատնված չեն եղել, այդուհանդերձ, կգնահատվի, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կատարել՝ այն առումով, որ ձեռնարկված միջոցները չեն կանխել տուժողի նկատմամբ հետագա բռնարարքները13։

27. Միևնույն ժամանակ, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման ու պատշաճ քննության պետության պոզիտիվ պարտականությունների համատեքստում անդրադառնալով կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառության իրավաչափությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի լույսի ներքո թույլատրելի համարվելու համար ազատությունից ցանկացած զրկում պետք է օրինական լինի թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասում կալանավորման՝ սպառիչ ամրագրված հիմքերի տեսանկյունից։ Անգամ այս համատեքստում, 2-րդ հոդվածի ներքո կյանքի պաշտպանության պոզիտիվ պարտավորությունը կարող է առաջ բերել ներպետական օրենսդրական շրջանակին ներկայացվող որոշակի պահանջներ` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն ընձեռելու առումով, եթե կոնկրետ հանգամանքները պահանջում են դա։ Միևնույն ժամանակ, ցանկացած միջոց, որը կհանգեցնի ազատությունից զրկման, պետք է բավարարի ներպետական օրենսդրության պահանջներին, ինչպես նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված առանձնահատուկ պայմաններին ու դրանից բխող նախադեպային իրավունքին։

28. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի ներքո «վերաբերելի և բավարար» պատճառ համարվող՝ հետագա հանցագործությունների ռիսկը պետք է լինի իրատեսական, իսկ միջոցը՝ համապատասխան՝ գործի հանգամանքների և մասնավորապես, անձի նախապատմության ու անհատականության լույսի ներքո։

29. Կոնվենցիոն վերոնշյալ հիմքի ներքո կալանավորման որոշումներին անդրադառնալիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ թեև կալանքը չի կարող երբևէ օգտագործվել որպես բացառապես կանխարգելիչ միջոց, փաստերն ու կանխարգելիչ գործառնական միջոցներ ձեռնարկելու հնարավոր անհրաժեշտության առումով որևէ ռիսկի գնահատումը կարող են հաշվի առնվել հետագա հանցագործությունների ռիսկի (նախապատմության և մահվան ռիսկի կանխատեսման) համատեքստում14։

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Հայկ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել` առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (երկու դրվագ)15,

- Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալին վերագրվող կոնկրետ արարքների առանձնահատկությունները, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, ենթադրաբար կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ինչպես նաև ենթադրյալ հանցանքների կատարումից հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը հաշվի առնելով՝ դատավարության տվյալ փուլում շարունակվում է պահպանվել և չի վերացել այն մտավախությունը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Հ.Հակոբյանը կարող է քրեական օրենքով չթույլատրված նոր ենթադրյալ արարք կատարել և խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:

Միևնույն ժամանակ, ըստ Առաջին ատյանի դատարանի, դատավարության մասնակիցների (այդ թվում կնոջ) վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով քրեական գործի քննությանը խոչընդոտելու և նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ամբաստանյալը և տուժողը փաստացի հաշտվել են, վերջինը պարբերաբար քրեակատարողական հիմնարկում տեսակցություններ է ունեցել ամբաստանյալի հետ, այդ թվում երկարատև, հանձնուքներ է տարել նրան, բացի այդ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում էլ գրանցել են ամուսնությունը՝ օրինականացնելով իրենց փոխհարաբերությունները և ներկա պահին ցանկանում են համատեղ կյանք վարել՝ զբաղվելով երեք մանկահասակ երեխաների խնամքով։ Արդյունքում, դատարանը եզրահանգել է, որ այլ խափանման միջոց գրավն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը16,

- Վերաքննիչ դատարանն, իր հերթին, 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալին մեղսագրված հանցավոր արարքների բնույթը, կատարման եղանակն ու վտանգավորության աստիճանն ինքնին բավարար չեն արձանագրելու, որ դատարանում մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն խափանման միջոց կալանավորումը։ Անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված այն պնդմանը, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում Հ.Հակոբյանը համատեղ բնակվելու է տուժող Ա.Խաչատրյանի հետ և իրականությունն իր համար բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար վերջինս հնարավոր է ազդի քրեական գործով անցնող անձանց վրա՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ դատավարության մասնակիցների (այդ թվում կնոջ) վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով քրեական գործի քննությանը խոչընդոտելու և նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազել է՝ պայմանավորված ամբաստանյալի և տուժողի փաստացի հաշտվելու մասին վկայող վերոնշյալ հանգամանքներով17։

31. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-29-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու իրավաչափության վերաբերյալ հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, ամբաստանյալի և տուժողի հաշտվելը դիտարկելով իբրև դատավարության մասնակիցների (տվյալ դեպքում կնոջ) վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով քրեական գործի քննությանը խոչընդոտելու և նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազեցնող հանգամանք՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Հայկ Հակոբյանին մեղսագրվող ենթադրյալ արարքներից երկրորդը կատարվել է այն ժամանակ, երբ վերջինս արդեն իսկ մեղադրվել է ընտանիքում բռնության գործադրման առաջին արարքը կատարելու մեջ, և վերջինիս նկատմամբ ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Ավելին, ամբաստանյալի ու տուժողի հաշտվելու հանգամանքին վճռորոշ նշանակություն տալով՝ ստորադաս դատարանները անտեսել են այն հանգամանքը, որ 2022 թվականի հունվարի 19-ին Հ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի հետ հաշտվելու հիմքով, ինչին, սակայն, օրեր անց հաջորդել է հանցագործության մասին տուժողի նոր հաղորդումը` Հ․Հակոբյանի կողմից 2022 թվականի հունվարի 30-ին իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։

Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից վկայակոչված մեկ այլ հանգամանքին՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում տուժողի և ամբաստանյալի ամուսնությունը գրանցելուն, իրենց փոխհարաբերություններն օրինականացնելուն ու համատեղ կյանք վարելու ցանկությանը՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների հետևությանն առ այն, որ այդ հանգամանքը կարող էր նշանակություն ունենալ ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու ռիսկի նվազեցման առումով։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները նշված հանգամանքներն իբրև Հ.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հիմնավորվածությունը պայմանավորող գործոններ դիտարկելիս, հաշվի չեն առել, որ ամբաստանյալին մեղսագրվող ենթադրյալ արարքները կատարելիս վերջինս փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել տուժողի հետ՝ բնակվելով նույն տանը և վարելով համատեղ կյանք։

Արդյունքում, տուժողի հետ հաշտվելու հանգամանքն իբրև վճռորոշ գործոն դիտարկելիս՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել Հ․Հակոբյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների՝ որպես ընտանիքում բռնության դեպքերի առանձնահատկությունները, մասնավորապես, գնահատման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, թե կոնկրետ գործի փաստական հանգամանքների պայմաններում տուժողի հետ հաշտվելը, վերջինիս հետ հարաբերություններն օրինականացնելը և համատեղ բնակվելու ցանկություն հայտնելը որքանով են օբյեկտիվորեն նվազեցնում վերջինիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկերը։

32. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով ամբաստանյալ Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը, հաշվի չեն առել և պատշաճ վերլուծության չեն ենթարկել վերոնշյալ հանգամանքները, որոնք համակցության մեջ ծանրակշիռ էին՝ եզրահանգելու, որ ամբաստանյալի կողմից դատարանում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու բարձր հավանականությունը շարունակում է առկա լինել և չի կարող չեզոքացվել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ։

33. Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ18՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ իրավիճակում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ այնպիսի ծանրակշիռ և իրական փաստական հանգամանքների բացակայության վերաբերյալ, որոնք հնարավորություն կտային գալ Հ․Հակոբյանի կողմից քրեական օրենքով չթույլատրված նոր ենթադրյալ արարք կատարելու և գործի քննությանը դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտելու բարձր ռիսկի վերաբերյալ ողջամիտ և հիմնավոր հետևության, հիմնավոր չէ։

34. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև հանգեցրել են վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 27-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը բեկանելու համար:

35. Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 14-ին կայացրել է եզրափակիչ դատական ակտ, որով լուծվել է նաև ընտրված խափանման միջոցի հարցը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է19: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Հայկ Վլադիմիրի Հակոբյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 27-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 54-55:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 79-88:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 39-42:

4 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nicolae Virgiliu Tanase v. Romania գործով 2019 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 41720/13, կետեր 115 և 119։

7 Տե՛ս HRC, General Comment No. 20, 1992, կետ 13։

8 Տե՛ս HRC, General Comment No. 31, “Nature of the General Legal Obligation Imposed on States Parties to the Covenant”, UN Doc. CCPR/C/21/Rev.1/Add.13 (26 May 2004), կետ 8։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Volodina v. Russia գործով 2019 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 41261/17, կետ 92։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` M. and Others v. Italy and Bulgaria գործով 2012 թվականի հուլիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 40020/03, կետ 105, 31 և Opuz v. Turkey գործով 2009 թվականի հունիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 33401/02, կետ 176։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Opuz v. Turkey գործով 2009 թվականի հունիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 33401/02, կետ 144, և Eremia v. the Republic of Moldova գործով 2013 թվականի մայիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 3564/11, կետ 52։

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Talpis s v. Italy գործով 2017 թվականի մարտի 2-ի վճիռը, գանգատ թիվ 41237/14, կետ 122։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Volodina v. Russia գործով 2019 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 41261/17, կետ 86, ինչպես նաև Bevacqua and S. v. Bulgaria գործով 2008 թվականի հունիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 71127/01, կետ 83, Opuz v. Turkey գործով 2009 թվականի հունիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 33401/02, կետեր 166-67, Eremia v. the Republic of Moldova գործով 2013 թվականի մայիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 3564/11, կետեր 62-66 և B. v. the Republic of Moldova գործով 2013 թվականի հուլիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 61382/09, կետ 53։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kurt v. Austria գործով 2021 թվականի հունիսի 15-ի վճիռը (ՄՊ), գանգատ թիվ 62903/15, կետեր 184-188։

15 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը:

18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը։

19 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՇԴ/0047/01/22 քրեական գործը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան