Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0305/04/20

2022 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0305/04/20

Նախագահող դատավոր՝  Ս Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՆՈՒ ՎԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի՝ (այսուհետ՝ Ընկերություն)՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) (այսուհետ՝ Դատարան) 17.02.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 21.02.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը:

Դատարանի 08.06.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

Դատարանի 10.07.2020 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի կողմից 02.11.2020 թվականին Դատարան է ներկայացվել պարտապանի դրամական միջոցների վերաբերյալ միջանկյալ բաշխման ծրագիր:

Կոմիտեի կողմից միջանկյալ բաշխման ծրագրի դեմ ներկայացվել է առարկություն:

Դատարանի 17.12.2020 թվականի «Ընկերության սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշմամբ միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.03.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.12.2020 թվականի «Ընկերության սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրն արդեն իսկ սույն սնանկության գործով պահանջների մասնակի բավարարում կատարելու հիմք է, հետևաբար տվյալ պարագայում կառավարիչը պետք է նախօրոք հաշվարկեր միջանկյալ բաշխման ծրագրով բավարարվող «գ» հերթի պահանջից առաջացող եկամտային հարկի և սոցիալական վճարի գումարները, ներառեր միջանկյալ բաշխման ծրագրում և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համամասնորեն բավարարեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործատուն, տվյալ պարագայում պարտապանը, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի, եկամտային հարկի կամ սոցիալական վճարի հաշվարկը իրականացնում է հաշվառման հաշվեգրման մեթոդով: Այսինքն՝ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից: Ուստի «պահանջների բավարարումից առաջացած» եզրույթն ամենևին չի ենթադրում, որ եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարի գումարներն առաջանում են աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարումից, այլ այդ գումարներն առաջանում են ներկայացված հարկային հաշվարկների արդյունքում, և «գ» հերթով պետք է բավարարվեն աշխատավարձերի հետ համամասնորեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2021 թվականի որոշումը և փոփոխել այն, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարներն արդյո՞ք ենթակա են բավարարման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթի պահանջների հետ միաժամանակ՝ միևնույն միջանկյալ բաշխման ծրագրի շրջանակներում:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

ա) կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը.

(...)

գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և սույն հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները.

(...)

է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների. (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի գործով անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառք իրականացնելուց հետո դրանից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, որոնք բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

ՀՀ սահմանադրական դատարանը 14.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1609 որոշմամբ արձանագրել է, որ միջանկյալ բաշխման ծրագրի միջոցով սնանկության գործով կառավարիչը վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցները պարբերաբար օրենքով սահմանված առաջնահերթությամբ բաշխում է պարտատերերի միջև՝ երաշխավորելով վերջիններիս պահանջների բավարարումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդիրն առաջնահերթ բավարարման ենթակա է համարել կառավարչի վարձատրությունից և վարչական ծախսերից բխող պահանջները, ընդ որում՝ վարչական ծախսերի մեջ օրենսդիրը ներառել է գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը, վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները, վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը, պարտադիր սոցիալական վճարները, աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը: Այնուհետև օրենսդիրը, սահմանելով պարտատերերի չապահովված պահանջների բավարարման հերթականությունը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթում ընդգրկել է աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և նույն հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում ընդգրկել է չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների:

Վերոգրյալ իրավական կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարտապանի՝ պետության հանդեպ առկա այն պարտավորություններից բխող պահանջները, որոնք ծագել են պարտադիր սոցիալական վճարներից, ինչպես նաև պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորություններից բխող պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է բավարարվեն «է» հերթում: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթում բավարարման ենթակա է համարել աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և նույն հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները: Անդրադառնալով օրենսդրական այսպիսի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթում օրենսդիրը, ըստ էության, ընդգրկել է եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների այն գումարները, որոնք առաջանում են նույն հերթում ընդգրկված՝ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարումից, ինչպես նաև հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումներից: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթում օգտագործել է «սույն հերթի պահանջների բավարարումից առաջացած» եզրույթը, ինչից էլ բխում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթով բավարարման ենթակա են եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների այն գումարները, որոնք առաջանում են բացառապես աշխատանքային կամ հեղինակային պայմանագրերից բխող պահանջների բավարարումից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույնատիպ կարգավորում է նախատեսված նաև վարչական աշխատողների աշխատավարձից բխող եկամտային հարկի վճարումների և պարտադիր սոցիալական վճարների համար, որոնք բավարարվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» հերթով բավարարման ենթակա պահանջների հետ համամասնորեն՝ անկախ այն հանգամանքից, որ նույն հոդվածի 1-ին մասի «է» հերթում ևս ներառված են պարտադիր սոցիալական վճարների գումարները և հարկային մյուս պարտավորություններից բխող պահանջները:

Այսպիսով՝ ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները ենթակա են բավարարման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթով՝ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների չափին համամասնորեն և այդ պահանջների բավարարման հետ միաժամանակ, այսինքն՝ միևնույն միջանկյալ բաշխման ծրագրի շրջանակներում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանի 08.06.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության.

1. «Ինեկոբանկ» ՓԲԸ- 130.000 եվրո- «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43 հոդված, գրավով և երաշխավորությամբ ապահովված պահանջ

2. Արթուր Նորիկի Մարտիրոսյան - 961.415 ՀՀ դրամ- «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթ, չապահովված պահանջ

3. ՀՀ ԿԱ ՊԵԿ - 665.907 ՀՀ դրամ- «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթ, չապահովված պահանջ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 20-27

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի կողմից 02.11.2020 թվականին Դատարանի հաստատմանն է ներկայացվել Ընկերության դրամական միջոցների վերաբերյալ միջանկյալ բաշխման թիվ 1 ծրագիրը` հետևյալ բովանդակությամբ.

- կառավարչի վարձատրություն` 62.492 ՀՀ դրամ, ենթակա է վճարման առանց պահումների՝ 62.492 ՀՀ դրամ.

- վարչական ծախսեր, այդ թվում` գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսեր՝ 624.758 ՀՀ դրամ, ենթակա է վճարման առանց պահումների՝ 624.758 ՀՀ դրամ.

- վարչական աշխատողների աշխատավարձ՝ 68.000 ՀՀ դրամ, պահումներ, սոց. վճար, եկամտային հարկ և դրոշմանիշային վճար՝ 24.617 ՀՀ դրամ, ենթակա է վճարման առանց պահումների՝ 92.617 ՀՀ դրամ.

- աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները՝ 624.920 ՀՀ դրամ, ենթակա է վճարման առանց պահումների՝ 624.920 ՀՀ դրամ.

Բաշխման ենթակա ընդհանուր գումար՝ 1.404.787 ՀՀ դրամ, որից պահումներ, սոց. վճար, եկամտային հարկ և դրոշմանիշային վճար՝ 24.617 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 99, 101):

Կոմիտեն Դատարան է ներկայացրել առարկություն սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 104-106

Կոմիտեն առարկության հիմքում դրել է այն հանգամանքը, որ կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրով կատարվել է սնանկության գործով պարտատեր Արթուր Նորիկի Մարտիրոսյանի «գ» հերթում ընդգրկված պահանջի մասնակի բավարարում (624.920 ՀՀ դրամ), սակայն բավարարվող պահանջից առաջացող եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները կառավարչի կողմից չեն ընդգրկվել բաշխման ծրագրում:

Դատարանը 17.12.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի կողմից 02.11.2020 թվականին ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «տվյալ դեպքում դեռևս օրենքով սահմանված կարգով «գ» հերթում նշված՝ Արթուր Նորիկի Մարտիրոսյանի պահանջի բավարարումը չի կատարվել և հետևաբար եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումար չի առաջացել, այն կառաջանա պահանջի բավարարման արդյունքում»:

Վերաքննիչ դատարանը 05.03.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 17.12.2020 թվականի «Ընկերության սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ «աշխատանքային պայմանագրից պարտավորություններ, հետևաբար` նաև դրանց կատարմանն ուղղված պահանջներ կարող են առաջանալ բացառապես պայմանագրի կողմերի` աշխատողի և գործատուի համար և բացառապես (…) աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։ Սույն գործով աշխատանքային պայմանագրերից բխող պահանջներ չեն ներկայացվել (Կոմիտեն պարտապանի կնքած աշխատանքային պայմանագրերի կողմ չի հանդիսանում և չէր էլ կարող այդ պայմանագրերից բխող պահանջ ներկայացնել), իսկ Կոմիտեի ներկայացրած պահանջն էլ բխում է ոչ թե աշխատանքային պայմանագրերից, այլ այդպիսիք կնքված լինելու փաստի ուժով առաջացած հարկման օբյեկտի առկայությունից և օրենքից, ուստի այդ պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հերթում, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ տվյալ հերթի պահանջների բացակայության պայմաններում խոսք լինել չի կարող նաև այդ հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների մասին»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ հարկ է համարում արձանագրել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորման ուժով՝ պարտապանի դրամական միջոցներն անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջև դրանք պետք է բաշխվեն բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն, ուստի տվյալ դեպքում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթում օրենսդիրն ընդգրկել է ոչ միայն աշխատանքային և հեղինակային պայմանագրերից բխող պահանջները, այլ նաև այդ հերթի պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարման ենթակա չափից համամասնորեն պետք է հաշվարկվեն և բավարարվեն նաև Կոմիտեի այն պահանջները, որոնք ընդգրկում են աշխատանքային պայմանագրերից բխող եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները: Այլ կերպ ասած՝ երբ արդեն պարզվում է աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարման հնարավոր չափը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կառավարիչը պարտավոր է հաշվարկել նաև եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները և դրանք ևս բավարարել աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների գումարներին համամասնորեն: Ասվածից բխում է, որ պարտապանի այն դրամական միջոցները, որոնցով պետք է բավարարվեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթում ընդգրկված պահանջները, կառավարիչը պետք է բաշխի այդ կետով նախատեսված պարտատերերի միջև իրենց պահանջների չափին համամասնորեն:

Տվյալ դեպքում սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթում ընդգրկված պահանջները պետք է բավարարվեն 624.920 ՀՀ դրամի չափով, ինչից հետևում է, որ կառավարիչը պետք է այդ գումարը բաշխի այդ կետով նախատեսված պարտատերերի միջև իրենց պահանջների չափին համամասնորեն: Այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթում ընդգրկված պահանջները պետք է բավարարվեն այսպես. աշխատանքային պայմանագրերից բխող պահանջներ+աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարներ=624.920 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Կոմիտեն պարտապանի կնքած աշխատանքային պայմանագրերի կողմ չի հանդիսանում և չէր էլ կարող այդ պայմանագրերից բխող պահանջ ներկայացնել, ապա Վճռաբեկ դատարանը այն գնահատում է անհիմն, քանի որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթում բավարարվում են ոչ միայն աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները, այլ նաև այդ պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարները, հետևաբար ակնհայտ է, որ տվյալ դեպքում Կոմիտեի պահանջը ոչ թե բխում է աշխատանքային պայմանագրերից, այլ այդ պայմանագրերից բխող հարկային պարտավորություններից, որոնք ընդգրկում են եկամտային հարկի գումարները, ինչպես նաև պարտադիր սոցիալական վճարները:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում սնանկության գործով կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հերթում բաշխման ենթակա՝ 624.920 ՀՀ դրամ գումարից պետք է համամասնորեն հաշվարկեր ինչպես աշխատանքային պայմանագրերով վճարման ենթակա գումարը, այնպես էլ այդ գումարի նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկման ենթական եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարի գումարները, մինչդեռ վերջինս 02.11.2020 թվականին Դատարանի հաստատմանը ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրում 624.920 ՀՀ դրամ գումարի չափով բավարարման ենթակա է համարել միայն աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները, այդ գումարից համամասնորեն չհաշվարկելով եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարի գումարները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով համապատասխան նյութական նորմը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, սխալ եզրահանգման են եկել Կոմիտեի ներկայացրած առարկության վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2021 թվականի որոշումը և գործը՝ «ՆՈՒ ՎԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

 

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան