Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0923/05/19

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0923/05/19

Նախագահող դատավոր՝  Կ. Ավետիսյան 

Դատավորներ՝

 Կ. Բաղդասարյան

 Ա. Թովմասյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. ԲԵԴևՅԱՆ

Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ

 

2022 թվականի հոկտեմբերի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02122020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Շահմուրադյանի ընդդեմ Կոմիտեի՝ 15012019 թվականի թիվ 8 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հայկ Շահմուրադյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 15.01.2019 թվականի թիվ 8 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ Այվազյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2020 թվականի որոշմամբ Հայկ Շահմուրադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.05.2019 վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքում ներկայացված պահանջի uահմաններից, կայացրել է որոշում այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Հետևաբար Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հայցի առարկայի և հիմքի շրջանակներից, որը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/3271/05/12 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացված որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.05.2019 թվականի վճռին։ 

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները 19.09.2018 թվականին զննության են ենթարկել Վրաստանից ՀՀ ժամանած Հայկ Շահմուրադյանին պատկանող «HONDA ELYSION» մակնիշի «77LC775» պետհամարանիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի տանիքին առկա ինքնաշեն բեռնախցիկից հայտնաբերել 15.5կգ քաշով դեղորայք, 2կգ քաշով դեղորայքի դատարկ տուփ և 1.5կգ քաշով մաստակ (հատոր 1-ին, գ.թ. 38)

2) Նշված փաստի առթիվ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով 19.09.2018 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն (հատոր 1-ին, գ.թ. 40)

3) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 15.01.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8 որոշմամբ Հայկ Շահմուրադյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 1.401.917 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 90-92)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշման մեջ միևնույն բովանդակությունն ունեցող (01.01.2008 թվականին ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդված (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք)) իրավանորմին տրված մեկնաբանություններին:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. կարող է արդյո՞ք վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնել այնպիսի հիմքով, որը քննության առարկա չի դարձվել վարչական դատարանում և վկայակոչված չէ վերաքննիչ բողոքում՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` հայցադիմումը պետք է բովանդակի հայցվորի պահանջը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը և հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։

Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:

Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ տնօրինչականության սկզբունքը վարչական դատավարության առանձին փուլերում ունի որոշակի առանձնահատուկ դրսևորումներ: Նշվածը պայմանավորված է վարչական դատավարությունում դատարանի դերով, որը գործը քննում է ի պաշտոնե: Այսպես, վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու գործառույթը ենթադրում է, մասնավորապես, հետևյալը.

1) Վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով: Նշվածից հետևում է, որ թեև դատարանը պարտականություն է կրում անդրադառնալ դատավարության մասնակիցների ներկայացրած բոլոր ապացույցներին, միջնորդություններին, առաջարկություններին, բացատրություններին և առարկություններին, սակայն սահմանափակված չէ դրանցով:

2) Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսինքն՝ դատարանը, կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ վարչական դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ բացահայտվեն գործի իրական փաստերը: Նշված առաքելությունն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք պետք է համարժեք օգտագործվեն քննարկվող գործառույթն իրականացնելու համար: Ըստ այդմ, գործի իրական փաստերը բացահայտելը վարչական դատարանի ոչ թե հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը:

3) Վարչական դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:

4) Վարչական դատարանը պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Նշված լիազորությունը նույնպես բխում է այն հանգամանքից, որ դատարանը կրում է գործի իրական փաստերն ամբողջությամբ բացահայտելու պարտականություն (տես, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն՝ հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների և անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու և վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ՝ գործն ի պաշտոնե քննելու համար: Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:

Այսպես, օրինակ՝ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում նախնական դատական նիստում պարզելով վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները, այդ թվում՝ արդյո՞ք պահպանվել են այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացակարգային բոլոր կանոնները, և արդյո՞ք ճիշտ են մեկնաբանվել ու կիրառվել վարչական ակտի հիմքում ընկած նյութական իրավունքի նորմերը: Այլ կերպ ասած՝ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից, պետք է մատնանշի նաև ողջամտորեն հնարավոր բոլոր այն իրավական նորմերը, որոնց խախտումը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար և առաջարկի հայցվորին դրանք համալրել համապատասխան փաստական տվյալներով: Միաժամանակ հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը և դրա կիրառելիությունը նաև վարչական դատավարությունում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս հետագա դատավարական գործողությունների իրականացման ժամանակ վարչական դատարանը կաշկանդված է շահագրգիռ անձի կամահայտնությամբ: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ հայցվորը դատարանի կողմից մատնանշման լիազորության իրականացումից հետո պնդում է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատվի միայն որոշակի իրավական նորմի և ըստ այդմ ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, վարչական դատարանը գործի հետագա քննությունը պետք է իրականացնի և գործն ըստ էության լուծող դատական ակտում վարչական ակտի իրավաչափությունը գնահատի միայն այդ իրավական և փաստական հիմքերի շրջանակներում: Մինչդեռ այն դեպքում, երբ հայցվորը ևս գտնում է, որ դատարանը վարչական ակտի իրավաչափությունը պետք է ստուգի ամբողջ ծավալով, դատարանը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում պարտավոր է ձեռնարկել ողջամտորեն հնարավոր բոլոր միջոցները վարչական ակտի իրավաչափությունն ամբողջ ծավալով գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներն ու տեղեկությունները ձեռք բերելու ուղղությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում (տես, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Նախկին օրենսգրքի 11712-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե'ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:

Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տես, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30112018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները 19.09.2018 թվականին զննության են ենթարկել Վրաստանից ՀՀ ժամանած Հայկ Շահմուրադյանին պատկանող «HONDA ELYSION» մակնիշի «77LC775» պետհամարանիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի տանիքին առկա ինքնաշեն բեռնախցիկից հայտնաբերել 15.5կգ քաշով դեղորայք, 2կգ քաշով դեղորայքի դատարկ տուփ և 1.5 կգ քաշով մաստակ։ Նշված փաստի առթիվ 19.09.2018 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով։ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 15.01.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 8 որոշմամբ Հայկ Շահմուրադյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 1.401.917 ՀՀ դրամի չափով։

Դիմելով դատարան` Հայկ Շահմուրադյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 15.01.2019 թվականի թիվ 8 որոշումը։

Հայկ Շահմուրադյանը հայցադիմումում վկայակոչելով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածը՝ նշել է հետևյալը «անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ իր արարքը պարունակում է հետևյալ զանցակազմը՝

1 Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխված լինելու փաստի առկայությունը,

2 և այդ ապրանքները մաքսային հսկողությունից թաքցնելով անցկացնելու փաստի առկայությունը։

Հարուցված վարույթի շրջանակներում չեն հաստատվել նշված հիմքերից և ոչ մեկը»։

Դատարանը հայցը մերժել է և գործի դատական քննությունն ընթացել է հայցվորի նշած իրավական և փաստական հիմքերի շրջանակներում: Դատարանը հանգել է այն եզրակացության, որ «մաքսային մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ վարչական ակտը կայացվել է օրենսդրական պահանջների պահպանմամբ և բացակայում է վարչական ակտն անվավեր ճանաչելու որևէ հիմք, հետևաբար հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա մերժման»։

Հայցադիմումում նշված վերոգրյալ նույն հիմքերով Հայկ Շահմուրադյանը ներկայացրել է նաև վերաքննիչ բողոքը։

Վերաքննիչ դատարանը, սակայն, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 47-րդ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածները, նշել է, որ «անկախ այն իրողությունից, որ Կոմիտեի որոշմամբ երկարաձգվել է վարույթի իրականացման ժամկետը, միևնույն է քննարկվող դեպքում հայցվորի նկատմամբ վարչական հարկադրանքը վիճարկվող որոշմամբ կիրառվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ, քանի որ հայցվորին վերագրված իրավախախտումը հայտնաբերվել է առնվազն 2018 թվականի սեպտեմբերի 19-ին, իսկ այդ իրավախախտման համար տույժը նշանակվել է 2019 թվականի հունվարի 15-ին` վիճարկվող որոշմամբ»։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերին։

 

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ եզրահանգելով, որ վիճարկվող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ այն կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ, ըստ էության, դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ սույն գործը Դատարանում քննվել է միայն այն հիմքերով, որ հարուցված վարույթի շրջանակներում չեն հաստատվել ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված լինելու, ինչպես նաև դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով անցկացնելու փաստերի առկայությունը:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել է հայցի հիմքը և կայացրել դատական ակտ այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել և վկայակոչված չեն եղել նաև վերաքննիչ բողոքում: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար և քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերը, ինչը հակասում է թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել։

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերը քննության առարկա դարձնելու և բողոքն ըuտ էության քննելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու փոխարեն վերաքննիչ բողոքում չնշված հիմքերին անդրադառնալը հակասել է նաև թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշմանը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. ԲԵԴևՅԱՆ

Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան