Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0614/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0614/02/20

Նախագահող դատավոր

 Դ Սերոբյան

Դատավորներ

 Ա Խառատյան

 Մ Հարթենյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Սեյրան Առաքելյանի, Նորիկ Ղուկասյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բյուրոն պահանջել է Սեյրան Առաքելյանից և Նորիկ Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 778.703 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Թումանյան) (այսուհետ՝ Դատարան) 22.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Գայանե Պապոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 361-րդ, 362-րդ, 411-րդ, 1058-րդ, 1072-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին, 2-րդ, 5-րդ, 10-րդ, 23-րդ, 25-րդ և 49-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, և սխալ է մեկնաբանել Օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ավտոմեքենան խոտանելու հիմքով հաշվառումից հանելը չի նշանակում, որ այն պարտադիր ապահովագրման ենթակա չէ: Մասնավորապես ավտոմեքենան չի կորցրել իր նպատակային նշանակությունը և դրա նկատմամբ չի դադարել Սեյրան Առաքելյանի սեփականության իրավունքը: Այն պարզապես փոխել է իր կարգավիճակը և դրա նկատմամբ իրավունքները ենթակա չեն եղել գրանցման ճանապարհային ոստիկանությունում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Օրենքի 6-րդ հոդվածով և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ թիվ RL 1-001 կանոնների 66-րդ կետով սահմանվում են ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հիմքերը: Ավտոմեքենան հաշվառումից հանելով վաղաժամկետ դադարում է դրա նկատմամբ կնքված ԱՊՊԱ պայմանագիրը, որը դեռևս չի նշանակում, որ այն պարտադիր ապահովագրման ենթակա չէ: Ավելին՝ երբ ավտոմեքենան խոտանման հիմքով հանվում է հաշվառումից, այն չի դադարում առավել վտանգի աղբյուր հանդիսանալուց, որով պատճառված վնասը ենթակա է հատուցման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածով:

Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած անձինք ունեն հատուցում ստանալու իրավական ակնկալիք, որպիսին փաստացի ստացել են: Ներկայացված հայցով Բյուրոն իրականացնում է տուժողներին ի սկզբանե պատկանող և Օրենքի ուժով Բյուրոյին փոխանցված իրավունքները:

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել, դրանք չի դիտարկել համակցության և փոխադարձ կապի մեջ, ինչի հետևանքով կայացրել է չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` բավարարե­լ հայցը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «VAZ 2101» մակնիշի ավտոմեքենան (գույն՝ կարմիր, նույնականացման համար՝ XTA210100D4328030, ՏՄ տեսակ՝ թեթև մարդատար, թափքի համար՝ 4328030, շարժիչի համար՝ 6976477) (այսուհետ՝ նաև Ավտոմեքենա) սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Հայկի Առաքելյանին (հատոր 1-ին, գ.թ. 28):

2) Սեյրան Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ավտոմեքենան 23.09.2016 թվականի խոտանվել է և այդ հիմքով գրանցումից հանվել (հատոր 1-ին, գ.թ. 28, 93):

3) 24.09.2019 թվականին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել Վազգեն Գավրուշայի Սարգսյանի վարած և Վաչե Վալերիի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենան և Նորիկ Իսահակի Ղուկասյանի վարած՝ առանց հաշվառման համարանիշի «VAZ 2101 մակնիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 21, 32, 56):

4) Պատահարի հետևանքով «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառվել է 734.000 ՀՀ դրամի չափով վնաս (հատոր 1-ին, գ.թ. 20):

5) Վազգեն Գավրուշայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է եղել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (հատոր 1-ին, գ.թ. 32):

6) 05.11.2019 թվականին Վաչե Հարությունյանի կողմից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ներկայացվել «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառված վնասի հատուցում ստանալու վերաբերյալ թիվ SJ168082 դիմումը, որի բավարարման արդյունքում նշված ապահովագրական ընկերությունը 28.11.2019 թվականին ընդունել է տուժող Վաչե Հարությունյանին 734.000 ՀՀ դրամի չափ հատուցում վճարելու մասին թիվ Ե-19-6316 որոշում-ծանուցումը և այդ գումարը 09.12.2019 թվականին վճարել է Վաչե Հարությունյանի լիազորված անձ Գևորգ Վարդանյանին (հատոր 1-ին, գ.թ. 14, 16, 17, 20):

7) Պատահարի պահին «VAZ 2101» մակնիշի ավտոմեքենայի համար ԱՊՊԱ պայմանագիր կնքված չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 22, 28):

8) Բյուրոն 10.12.2019 թվականի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» թիվ Բ/19-09978 ծանուցմամբ Սեյրան Հայկի Առաքելյանից և Նորիկ Իսահակի Ղուկասյանից պահանջել է համապարտության կարգով հատուցել տուժողին վճարված ապահովագրական հատուցումը՝ 734.000 ՀՀ դրամի, և ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի հետ կապված ծախսերը՝ 22.020 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած՝ Օրենքի 5-րդ և 25-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին՝ արդյո՞ք խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնասն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում ենթակա չէ հատուցման:

(Ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:

Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:

Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 994-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

Նշված նորմերից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրված է ապահովագրություն երկու տեսակ՝ կամավոր և պարտադիր: Կամավոր ապահովագրության դեպքում օգտվելով օրենքով ընձեռված այդ հնարավորությունից՝ անձն ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի (ապահովագրող) հետ ապահովագրության պայմանագիր կնքում է իր ցանկությամբ և հայեցողությամբ: Մինչդեռ պարտադիր ապահովագրության դեպքում անձն ապահովագրողի հետ ապահովագրական իրավահարաբերությունների մեջ մտնում է օրենքի իմպերատիվ թելադրանքով՝ անկախ իր կամքից:

Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրության է ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որի առարկան ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով երրորդ անձանց գույքին, առողջությանը և/կամ կյանքին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական պատասխանատվությունն է: Այս պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմաններն ու իրականացման կարգը սահմանված են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք):

Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված են Օրենքի հիմնական նպատակները՝ ըստ որոնց, ի թիվս այլնի՝ Օրենքը հետապնդում է (1) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունը, (4) ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերի արդյունավետությունը երաշխավորելու նպատակներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի դրույթները մեկնաբանելիս պետք է ելնել դրանց հիմքում դրված նպատակներից, որպիսիք, ի թիվս այլնի, ներառում են նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց սոցիալական խնդիրները, մասնավորապես՝ հնարավոր անվճարունակության խնդիրը լուծելու, պատճառված վնասների հատուցման և շահերի պաշտպանության երաշխավորման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաև պետության և ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու նպատակները1:

Օրենքի 1-ին հոդվածը սահմանում է դրա գործողության ոլորտն ու այն հարցերի շրջանակը, որոնք Օրենքը կարգավորում է: Ըստ նշված հոդվածի 1-ին մասի՝ ի թիվս այլնի, Օրենքով են սահմանվում այն ավտոտրանսպորտային միջոցների տեսակները, որոնց համար սահմանված է օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոցն է (ներառյալ` թեթև մարդատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, բեռնատար ավտոմոբիլներ, բեռնաուղևորատար ավտոմոբիլներ, հատուկ ավտոմոբիլներ, էլեկտրամոբիլներ, մոտոցիկլետներ, քարշակներ, տրոլեյբուսներ):

Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտադիր ապահովագրման ենթակա է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող և (կամ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվությունը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի.

1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով,

3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով,

7-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով շաղկապների և բառերի կիրառման կապակցությամբ սահմանված կանոններով մեկնաբանելով Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտադիր ապահովագրման են ենթակա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր այն տրանսպորտային միջոցները, որոնք.

- օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են (նշված պայմանը մյուս պայմաններից բաժանված է «ինչպես նաև» բառերով, ուստի հաջորդիվ թվարկվող պայմանների հետ չկապված, առանձին պայման է),

- վարելու միջոցով ներմուծված են Հայաստանի Հանրապետություն և վարվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով (նշված երկու պայմանները բաժանված են «և» շաղկապով, հետևաբար նորմը կիրառելու համար այդ պայմանների առկայություն պարտադիր է),

- վարելու միջոցով ներմուծված են Հայաստանի Հանրապետություն,

- վարվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով (վերջին երկու պայմանները իրարից բաժանված են նաև «կամ» շաղկապով, հետևաբար նորմը կիրառելու համար բավարար է նաև դրանցից մեկի առկայությունը):

Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված երկու պայմաններն իրարից միաժամանակ «և» ու «կամ» շաղկապներով բաժանված լինելու պայմաններում նորմը պետք է կիրառել ինչպես այդ պայմանների միաժամանակյա առկայության, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի՝ առանձին առկայության դեպքերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի իմաստով ավտոտրանսպորտային միջոց համարվում են ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցները և չհաշվառված, սակայն ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող և (կամ) ՀՀ-ի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող տրանսպորտային միջոցները: Ուստի Օրենքի իմաստով ավտոտրանսպորտային միջոց համարվող ցանկացած միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը կարգավորվում է Օրենքով՝ բացառությամբ նույն Օրենքով նախատեսված դեպքերի: Իսկ նման բացառություն հանդիսացող Օրենքով նախատեսված դեպքերը սպառիչ թվարկված են Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի՝ պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը.

1) առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ.

2) միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.

3) բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:

(Ա.1.) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելու և վարելու հետ կապված՝ ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները կարգավորված են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցն է (թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրամոբիլ) (...): Նույն հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցը ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարքն է:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթևեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ և երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխով սահմանված են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները, որպիսին նաև տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու պետական հաշվառումն է:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցի պետական հաշվառումը դրա սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (…) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի հետևանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ, (…):

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պետական հաշվառման, եթե այն առևտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու, կամ եթե Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու:

Շարադրված նորմերից բխում է, որ ավտոտրանսպորտային միջոցի պետական հաշվառումը նախատեսվել է որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջ: Ըստ այդմ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իմաստով տրանսպորտային միջոց համարվող՝ ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված ցանկացած սարք պետք է ներկայացվի պետական հաշվառման, որը տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, և եզրափակվում է հաշվառման վկայագիր և (կամ) հաշվառման համարանիշ տրամադրելով: Տրանսպորտային միջոցը պետական հաշվառման ներկայացնելու պարտադիր կանոնից բացառությունները սահմանված են օրենքով, որպիսիք են հետևյալ դեպքերը.

1. տրանսպորտային միջոցը առևտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, ով Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու,

2. տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձևերը սահմանում է ՀՀ Կառավարությունը:

ՀՀ Կառավարության 09.09.2010 թվականի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կարգ) ի թիվս այլնի սահմանվել է նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը:

Կարգով հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:

Տրանսպորտային միջոցները պետական հաշվառման ներկայացնելու և դրա հետ կապակցված հարաբերությունները սահմանված են Կարգով, որը կիրառելի է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և դրա իրականացումն ապահովելու նպատակով ընդունված Կարգի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերություններն են, որոնք ծագում են անձի և պետության՝ որպես հանրային իշխանության կրողի, միջև: Այսպես.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման մարմիններ են հանդիսանում ՀՀ Կառավարությունը և ՀՀ ոստիկանությունը: Ի կատարումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքների և ուղղությունների՝ ՀՀ Կառավարությունը և ՀՀ ոստիկանությունը նշված բնագավառում իրականացնում են մի շարք լիազորություններ: Ի թիվս այլնի՝ ՀՀ Կառավարությունը սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, իսկ ՀՀ ոստիկանությունը սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառումը` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի և 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.1» կետի համաձայն:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով ՀՀ Կառավարության և ՀՀ ոստիկանության համար ամրագրված լիազորությունների նպատակն իրենց վրա դրված հանրային պարտականությունների կատարումն է: Այդ պատճառով էլ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և Կարգով սահմանված են հանրային իրավունքի նորմեր, որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները և դրանց իրացման համար պատասխանատու իրավասու մարմինների լիազորությունները: Այլ կերպ ասած՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված տրանսպորտային միջոցները պարտադիր հաշվառման ներկայացնելու պահանջը պայմանավորված է պետության կողմից Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ստանձնած իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությամբ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություն նախատեսված է նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը:

Սահմանելով տրանսպորտային միջոցը պարտադիր հաշվառման ներկայացնելու պահանջ և իրականացման կարգ՝ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտները նաև վերահսկողություն են իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ընդունած պահանջի՝ տրանսպորտային միջոցը պարտադիր հաշվառման ներկայացնելու, նկատմամբ: Հետևաբար այդ օրենքով և Կարգով հարաբերություններ առաջանում են անհատի և պետության միջև, որտեղ պետությունն իրացնում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ստանձնած իր հանրային իշխանական լիազորությունները և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնում, իսկ ճանապարհային երթևեկության մասնակիցը ստանձնում է իրավունքներ և կրում պարտականություններ։

Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և Կարգով կարգավորվում են անձ-պետություն, այսինքն՝ հանրային հարաբերությունները, և իրավական այդ նորմերով ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից իրենց պարտականությունները չկատարելու դեպքում պետությունը կարող է գործադրել օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու իր լիազորությունը: Մասնավորապես՝ սահմանված կարգով չհաշվառված տրանսպորտային միջոցը վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Հետևաբար «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելու և վարելու հետ կապված՝ ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները կարգավորում է հանրային ոլորտում, մինչդեռ ապահովագրական իրավահարաբերությունները մասնավոր ոլորտում առաջացող հարաբերություններ են, որտեղ կարգավորման առարկան ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է: Հետևաբար ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում կիրառված եզրույթները պետք է մեկնաբանվեն, և քննարկման ենթակա իրավական հարցադրումները պետք է լուծում ստանան մասնավոր իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերի շրջանակներում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցները պարտադիր հաշվառման ներկայացնելու՝ հանրային իրավահարաբերություններ կարգավորող նորմերով սահմանված պահանջը չպահպանելը կարող է իրավական հետևանքներ առաջացնել միայն հանրային ոլորտում՝ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու ձևով: Բայց տրանսպորտային միջոցը վարելու համար այն պետական հաշվառման ներկայացնելու՝ հանրային իրավունքի նորմերով սահմանված պարտադիր պահանջը ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից չպահպանելը հիմք չի կարող հանդիսանալ մասնավոր, այն է՝ ապահովագրական և վնասի հատուցման իրավահարաբերությունները բացառելու համար: Հանրային իրավահարաբերություններում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելը չի կարող ի չիք դարձնել մասնավոր իրավահարաբերություններում նույն անձի կողմից զուգահեռ դրսևորված ոչ իրավաչափ վարքագծի առկայությունն ու դրա հետևանքով վրա հասնող հետևանքների կիրառումը: Հակառակ դեպքում կխախտվեն մասնավոր իրավահարաբերությունների մասնակիցներին երաշխավորված իրավունքները և այլևս չեն երաշխավորվի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերը:

Հետևաբար եթե վեճն առաջացել է ապահովագրական իրավահարաբերությունների շրջանակներում, ապա իրավական հասկացությունները պետք է մեկնաբանվեն հենց այդ իրավահարաբերությունները կարգավորող՝ մասնավոր իրավունքի նորմերի շրջանակում: Առավել ևս, որ իրավական հասկացությունների հարաբերականությունը նույն հասկացության՝ տարբեր օրենքներում գործածված լինելու դեպքում իրավաչափ է դիտարկում այն նորմատիվ համատեքստում մեկնաբանելը:

Հետևաբար «ավտոտրանսպորտային միջոց» հասկացությունն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակում պետք է մեկնաբանվի Օրենքի նորմատիվ համատեքստում: Արդյունքում՝ Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված պայմաններին համապատասխանող ավտոտրանսպորտային ցանկացած միջոցի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված, բայց ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող, օգտագործումից բխող պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ ենթակա է կիրառման պարտադիր ապահովագրության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող Օրենքը: Այս եզրահանգման համար հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ նշված մասով Օրենքի 25-րդ հոդվածը որևէ բացառություն չի նախատեսում:

Ամփոփելով վերևում շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու դեպքում դրա օգտագործման հետևանքով պատճառված վնասից բխող պատասխանատվության իրավահարաբերությունները Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի ուժով ենթակա են կարգավորման պարտադիր ապահովագրության հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող Օրենքով:

(Բ) Ինչ վերաբերում է խոտանման հիմքով ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հետևանքներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հաշվառումից հանումը տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողությունն է:

Կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ (...) խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված):

Նույն Կարգով հաստատված Հավելված 2-ի 16-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:

Նշվածից հետևում է, որ որպես տրանսպորտային միջոցը խոտանման հիմքով հաշվառումից հանելու հետևանք Կարգը սահմանում է դրա՝ Օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված, այսինքն՝ չհաշվառված, համարվելը, իսկ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում Օրենքով նախատեսված է միայն ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարած համարելու հետևանք: Մասնավորապես.

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հետևյալ դեպքերում՝ ավտոտրանսպորտային միջոցը հանվել է (ներառյալ` ժամանակավոր) հաշվառումից:

Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ (...) նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու օրվան հաջորդող օրը, բացառությամբ խոտանման հիմքով հաշվառումից հանվելու, հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև հաշվառումից հանվելու այնպիսի դեպքերի, երբ նույն պահին ավտոտրանսպորտային միջոցը հաշվառվում է այլ անձի անվամբ (անվանմամբ), որոնց դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահին (...):

Արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնասն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում հատուցման ենթակա չլինելու վերաբերյալ հետևությունը չի բխում օրենսդրի հետապնդած և Օրենքում նշված նպատակներից և ի չիք է դարձնում այդ նպատակների կենսագործումը: Մասնավորապես, չեն երաշխավորվում խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց վնասների հատուցումն ու շահերի պաշտպանությունը և այդ տեսանկյունից ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը կորցնում են իրենց արդյունավետությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում դրա նկատմամբ գործող ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման մասին կանոնը միտված է այդ պայմանագրի դադարման պահի որոշմանը և չի բացառում դրա օգտագործումից բխող պատասխանատվությունն Օրենքի կանոնակարգումներին համապատասխան։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Բյուրոն պահանջել է Սեյրան Առաքելյանից և Նորիկ Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 778.703 ՀՀ դրամ՝ որպես ավտոճանապարհային պատահարի հետևանքով տուժած անձին իր կողմից վճարված ապահովագրական հատուցման գումար, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

Դատարանը 22.07.2021 թվականի վճռով հայցը մերժման ենթակա լինելու մասին իր եզրակացության հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահից չի հանդիսանում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, հետևաբար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով ենթակա չէ պարտադիր ապահովագրության։ (...) Սեյրան Հայկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող սակայն խոտանված «ՎԱԶ-2101» մակնիշի 53ՏԼ 643 հ/հ ավտոտրանսպորտային միջոցի (տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, նույնացման համարը՝ XTA210100D4328030, գույնը կարմիր, թափքի համարը՝ 4328030, շարժիչի համարը 697477, շարժիչի հզորությունը 64) շահագործման արդյունքում պատճառված վնասի հետևանքով առաջացած իրավահարաբերությունները ապահովագրական իրավահարաբերություններ չեն, դրանք չեն կարգավորվում ԱՊՊԱ ոլորտը կարգավորող նորմերով և Կանոններով, հետևաբար բացակայում է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված՝ վնասի հատուցման պարտականությունն օրենքով վնաս չպատճառած անձի (ապահովագրողի) վրա դնելու դեպքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածով սահմանված սուբրոգացիայի իրավական հնարավորությունը: (...)»:

Վերաքննիչ դատարանը 24.12.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով հաշվառում չունեցող տրանսպորտային միջոցների վերաբերյալ (առանձին բացառություններով) ԱՊՊԱ պայմանագիր չի կնքվում, իսկ կնքված ԱՊՊԱ պայմանագիրն էլ վաղաժամկետ դադարում է հենց տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու (նաև ժամանակավոր) հիմքով՝ այդ թվում խոտանման հետևանքով և տրանսպորտային միջոցի սեփականատերը չի կրում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն: (...) գործով անվիճելի է այն հանգամանքը, որ «ՎԱԶ-2101» մակնիշի 53ՏԼ 643 հ/հ ավտոտրանսպորտային միջոցը 2016թ եղել է խոտանված (անկախ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարած կամ պահպանված լինելու հանգամանքի), իսկ վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ խոտանման հետևանքով հաշվառումից հանված տրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով այդ տրանսպորտային միջոցով այլ անձանց պատճառված վնասի հատուցման գործընթացը և դրանից ծագած իրավահարաբերությունները դուրս են ԱՊՊԱ կարգավորման ոլորտից»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստերի համաձայն՝ սեփականության իրավունքով Սեյրան Առաքելյանին պատկանող «VAZ 2101» մակնիշի ավտոմեքենան (Ավտոմեքենա) 23.09.2016 թվականին խոտանվել է, ինչի հիմքով հանվել է հաշվառումից: Դրանից հետո՝ 24.09.2019 թվականին, ժամը 00:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին միմյանց են բախվել Վազգեն Գավրուշայի Սարգսյանի վարած և Վաչե Վալերիի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենան և Նորիկ Իսահակի Ղուկասյանի վարած՝ առանց հաշվառման համարանիշի «VAZ 2101 մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենային պատճառվել է 734.000 ՀՀ դրամի չափով վնաս:

05.11.2019 թվականին Վաչե Հարությունյանի կողմից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ներկայացվել «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառված վնասի հատուցում ստանալու վերաբերյալ թիվ SJ168082 դիմումը, որի բավարարման արդյունքում նշված ապահովագրական ընկերությունը 28.11.2019 թվականին ընդունել է տուժող Վաչե Հարությունյանին 734.000 ՀՀ դրամի չափ հատուցում վճարելու մասին թիվ Ե-19-6316 որոշում-ծանուցումը և այդ գումարը 09.12.2019 թվականին վճարել է Վաչե Հարությունյանի լիազորված անձ Գևորգ Վարդանյանին:

Հիմք ընդունելով պատահարի պահին Ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության փաստը՝ Բյուրոն 10.12.2019 թվականի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» թիվ Բ/19-09978 ծանուցմամբ Սեյրան Հայկի Առաքելյանից և Նորիկ Իսահակի Ղուկասյանից պահանջել է համապարտության կարգով հատուցել իր կողմից տուժողին վճարված ապահովագրական հատուցումը՝ 734.000 ՀՀ դրամի, և ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի հետ կապված գումարները՝ 22.020 ՀՀ դրամի չափով:

Ավտոմեքենայի օգտագործման հետևանքով առաջացած վնասն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում հատուցման ենթակա չլինելու մասին իրենց եզրակացության հիմքում ստորադաս դատարանները դրել են Ավտոմեքենայի խոտանված լինելու հիմքով հաշվառումից հանված լինելու փաստը: Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ Ավտոմեքենան 23.09.2016 թվականին խոտանելուց և այդ հիմքով հաշվառումից հանելուց հետո Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու դեպքում դրա հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման։

Սույն գործով անվիճելի փաստ է ավտոճանապարհային պատահարի օրվա՝ 24.09.2019 թվականի դրությամբ Ավտոմեքենայի (Օրենքի իմաստով՝ ավտոտրանսպորտային միջոցի) նկատմամբ ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե Ավտոմեքենան 2016 թվականին խոտանվելուց և այդ հիմքով հաշվառումից հանվելուց հետո այնուամենայնիվ շարունակել է երթևեկել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով, ապա դրա օգտագործումից բխող վնասը ենթակա է հատուցման պարտադիր ապահովագրության իրավահարաբերությունները կանոնակարգող Օրենքով։ Ուստի ավտոճանապարհային պատահարի (24.09.2019 թվական) օրվա դրությամբ «VAZ 2101 մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը հիմք է Բյուրոյի կողմից օրենքով վերապահված իրավունքներն իրացնելու համար: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այլ մեկնաբանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ինստիտուտը չի ծառայի իր նպատակներին, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված, բայց ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանություն և վնասների հատուցում փաստացի չի իրականացվի:

Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը կիրառելու՝ Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը բեկանելու համար։ Նկատի ունենալով, որ գործով ըստ էության քննություն չի իրականացվել Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է ամբողջ ծավալով նոր քննության և գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքն ընդունելու հիմնավորումները:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍԴ/0614/02/20 քաղաքացիական գործով 12.12․2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

1212.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 12-ին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Սեյրան Առաքելյանի, Նորիկ Ղուկասյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, պալատի դատավորների մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի թիվ ՍԴ/0614/02/20 որոշումը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Համաձայն չլինելով վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ նույն պալատի դատավորներ Ս Անտոնյանս, Ա Բարսեղյանս և Էդ Սեդրակյանս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածին համապատասխան ներկայացնում ենք սույն հատուկ կարծիքը

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 361-րդ, 362-րդ, 411-րդ, 1058-րդ, 1072-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին, 2-րդ, 5-րդ, 10-րդ, 23-րդ, 25-րդ և 49-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, և սխալ է մեկնաբանել Օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ավտոմեքենան խոտանելու հիմքով հաշվառումից հանելը չի նշանակում, որ այն պարտադիր ապահովագրման ենթակա չէ: Մասնավորապես ավտոմեքենան չի կորցրել իր նպատակային նշանակությունը և դրա նկատմամբ չի դադարել Սեյրան Առաքելյանի սեփականության իրավունքը: Այն պարզապես փոխել է իր կարգավիճակը և դրա նկատմամբ իրավունքները ենթակա չեն եղել գրանցման ճանապարհային ոստիկանությունում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Օրենքի 6-րդ հոդվածով և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ թիվ RL 1-001 կանոնների 66-րդ կետով սահմանվում են ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հիմքերը: Ավտոմեքենան հաշվառումից հանելով վաղաժամկետ դադարում է դրա նկատմամբ կնքված ԱՊՊԱ պայմանագիրը, որը դեռևս չի նշանակում, որ այն պարտադիր ապահովագրման ենթակա չէ: Ավելին՝ երբ ավտոմեքենան խոտանման հիմքով հանվում է հաշվառումից, այն չի դադարում առավել վտանգի աղբյուր հանդիսանալուց, որով պատճառված վնասը ենթակա է հատուցման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածով:

Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած անձինք ունեն հատուցում ստանալու իրավական ակնկալիք, որպիսին փաստացի ստացել են: Ներկայացված հայցով Բյուրոն իրականացնում է տուժողներին ի սկզբանե պատկանող և Օրենքի ուժով Բյուրոյին փոխանցված իրավունքները:

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել, դրանք չի դիտարկել համակցության և փոխադարձ կապի մեջ, ինչի հետևանքով կայացրել է չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` բավարարե­լ հայցը:

 

Վճռաբեկ դատարանը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն է տվել հետևյալ փաստերին.

1) «VAZ 2101» մակնիշի ավտոմեքենան (գույն՝ կարմիր, նույնականացման համար՝ XTA210100D4328030, ՏՄ տեսակ՝ թեթև մարդատար, թափքի համար՝ 4328030, շարժիչի համար՝ 6976477) (այսուհետ՝ նաև Ավտոմեքենա) սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Հայկի Առաքելյանին (հատոր 1-ին, գ.թ. 28):

2) Սեյրան Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ավտոմեքենան 23.09.2016 թվականի խոտանվել է և այդ հիմքով գրանցումից հանվել (հատոր 1-ին, գ.թ. 28, 93):

3) 24.09.2019 թվականին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել Վազգեն Գավրուշայի Սարգսյանի վարած և Վաչե Վալերիի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենան և Նորիկ Իսահակի Ղուկասյանի վարած՝ առանց հաշվառման համարանիշի «VAZ 2101 մակնիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 21, 32, 56):

4) Պատահարի հետևանքով «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառվել է 734.000 ՀՀ դրամի չափով վնաս (հատոր 1-ին, գ.թ. 20):

5) Վազգեն Գավրուշայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է եղել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (հատոր 1-ին, գ.թ. 32):

6) 05.11.2019 թվականին Վաչե Հարությունյանի կողմից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ներկայացվել «Mercedes-Benz C 200» մակնիշի, 35ZF537 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառված վնասի հատուցում ստանալու վերաբերյալ թիվ SJ168082 դիմումը, որի բավարարման արդյունքում նշված ապահովագրական ընկերությունը 28.11.2019 թվականին ընդունել է տուժող Վաչե Հարությունյանին 734.000 ՀՀ դրամի չափ հատուցում վճարելու մասին թիվ Ե-19-6316 որոշում-ծանուցումը և այդ գումարը 09.12.2019 թվականին վճարել է Վաչե Հարությունյանի լիազորված անձ Գևորգ Վարդանյանին (հատոր 1-ին, գ.թ. 14, 16, 17, 20):

7) Պատահարի պահին «VAZ 2101» մակնիշի ավտոմեքենայի համար ԱՊՊԱ պայմանագիր կնքված չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 22, 28):

8) Բյուրոն 10.12.2019 թվականի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» թիվ Բ/19-09978 ծանուցմամբ Սեյրան Հայկի Առաքելյանից և Նորիկ Իսահակի Ղուկասյանից պահանջել է համապարտության կարգով հատուցել տուժողին վճարված ապահովագրական հատուցումը՝ 734.000 ՀՀ դրամի, և ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի հետ կապված ծախսերը՝ 22.020 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած՝ Օրենքի 5-րդ և 25-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցին՝ արդյո՞ք խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնասն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում ենթակա չէ հատուցման:

 

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում վկայակոչված օրենքներն ըստ էության կիրառելի են սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության համար և սույն հատուկ կարծիքի հեղինակների կարծիքով հենց դրանց կիրառման արդյունքում վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր, իսկ բողոքարկված դատական ակտը թողնվեր անփոփոխ հետևյալ հիմնավորմամբ

Վճռաբեկ դատարանի որոշման «Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը» բաժնի հիմնավորումներում առկա ներքին հակասությունները ներմուծվել են վճռաբեկ դատարանի դատական ակտ։

Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները ոչ թե օրենքի միատեսակ կիրառության խնդրին են վերաբերվում այլ սահմանում են նոր իրավակարգավորում և դրան համապատասխան իրավական հետևանքներ են առաջացնում ինչպես ավտոապահովագրողների այնպես էլ խոտանված կամ հաշվառման ոչ ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար։

Վճռաբեկ բողոքի հիմնավորումներում ևս վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ «ԱՊՊԱ» օրենքի 6-րդ հոդվածի և Բյուրոյի կանոնների 66-րդ կետով սահմանվում է ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հիմքերը։ Ավտոմեքենան հաշվառումից հանելով վաղաժամկետ դադարում է դրա նկատմամբ կնքված ապպա պայմանագիրը։

Այս փաստարկները հիմնավոր համարելու դեպքում /դրանք ուղղակի բխում են վկայակոչված իրավանորմերից/ չենք կարող հիմնավորված բողոքի մյուս փաստարկն այն մասին, որ ավտոմեքենայի խոտանումը դեռևս չի նշանակում, որ այն պարտադիր ապահովագրման ենթակա չէ։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե Ավտոմեքենան 2016 թվականին խոտանվելուց և այդ հիմքով հաշվառումից հանվելուց հետո այնուամենայնիվ շարունակել է երթևեկել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով, ապա դրա օգտագործումից բխող վնասը ենթակա է հատուցման պարտադիր ապահովագրության իրավահարաբերությունները կանոնակարգող Օրենքով։

Ուստի ավտոճանապարհային պատահարի (24.09.2019 թվական) օրվա դրությամբ «VAZ 2101 մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը հիմք է Բյուրոյի կողմից օրենքով վերապահված իրավունքներն իրացնելու համար: Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ այլ մեկնաբանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ինստիտուտը չի ծառայի իր նպատակներին, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված, բայց ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանություն և վնասների հատուցում փաստացի չի իրականացվի:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ավտոտրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու դեպքում դրա օգտագործման հետևանքով պատճառված վնասից բխող պատասխանատվության իրավահարաբերությունները Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի ուժով ենթակա են կարգավորման պարտադիր ապահովագրության հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող Օրենքով, մինչդեռ Որոշման մեջ հիշատակված իրավական ակտերի բովանդակությունից չենք կարող նման եզրահանգման գալ, քանի որ Օրենքը կարգավորել է ինչպես ապահովագրման ենթակա օբյեկտների սպառիչ ցանկը, այնպես էլ ԱՊՊԱ պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման դեպքեր, ապահովագրական հատուցում ստանալու անձանց շրջանակը և հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերելու դեպքերն ու պայմանները։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնասն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում հատուցման ենթակա չլինելու վերաբերյալ հետևությունը չի բխում օրենսդրի հետապնդած և Օրենքում նշված նպատակներից և ի չիք է դարձնում այդ նպատակների կենսագործումը: Մասնավորապես, չեն երաշխավորվում խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց վնասների հատուցումն ու շահերի պաշտպանությունը և այդ տեսանկյունից ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը կորցնում են իրենց արդյունավետությունը:

Մինչդեռ պետք է փաստել, որ օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի շրջանակում վճռաբեկ դատարանը չի կարող լայնացնել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող սուբյեկտների շրջանակը, քանի որ այս խնդիրը կարող է կարգավորվել օրենսդրի կողմից։

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման հետևանքը լինելու է այն, որ խոտանված տրանսպորտային միջոցների դեպքում ԱՊՊԱ պայմանագրերը ոչ միայն չպետք է դադարեն, այլև կնքվեն նոր պայմանագրեր, քանի որ այլ անձանց գույքին հնարավոր վնաս հասցնելու դեպքում անհնարին կդառնա վնասի հատուցումը ԱՊՊԱ համակարգի միջոցով։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում դրա նկատմամբ գործող ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման մասին կանոնը միտված է այդ պայմանագրի դադարման պահի որոշմանը և չի բացառում դրա օգտագործումից բխող պատասխանատվությունն Օրենքի կանոնակարգումներին համապատասխան։

Վերը նշված իրավական դիրքորոշման հետ համաձայն չենք, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գույքին, կյանքին, առողջությանը պատճառված վնասի հատուցումը չի կապել բացառապես ապահովագրական ինստիտուտի առկայության հետ։ Վճռաբեկ բողոքում վնասի հատուցման հետ վկայակոչված հոդվածները ենթակա են կիրառման նաև ինքնուրույն ռեժիմով՝ առանց ապահովագրական իրավահարաբերությունների առկայության։

Օրենքով հստակ նշված են այն դեպքերը, երբ «Բյուրոն» իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում և երբ է ձեռք բերում հետադարձ պահանջի իրավունք։

Բյուրոյի կողմից հատուցում տալու և հետադարձ պահանջի իրավունք ձեռբ բերելու առաջնային և հիմնական պայմանը ԱՊՊԱ-ի օբյեկտ հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից համապատասխան պայմանագրի չկնքումն է, որի համար սահմանված է նաև վարչական պատասխանատվություն։ Ապահովագրական ընկերությունների կողմից առանց իրավական և փաստական հիմքի տրվող հատուցումներով չի կարող ծագել հետադարձ պահանջի իրավունք, ելնելով ապահովագրական և քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իրավակարգավորումներից։

Ավտոտրանսպորտային միջոցի խոտանումը ոչ միայն դրա հաշվառման դադարման և ԱՊՊԱ պայմանագրի դադարման հիմք է, այլ նաև հիմք է գույքահարկի դադարման՝ քանի որ վերանում է ավտոտրանսպորտային միջոցի նպատակային օգտագործման իրավաբանական հնարավորությունը, չնայած և սեփականատերը պահպանում է ավտոտրանսպորտային միջոց հանդիսացող առարկայի մասերի և ագրեգատների նկատմամբ սեփականության իրավունքը /նույն համեմատությունը կարող է արվել քանդված անշարժ գույքի շինանյութի մասով/։

Սույն գործի փաստերից հետևում է ՃՏՊ-ի արդյունքում տուժողին վնաս է պատճառել Նորիկ Իսահակի Ղուկասյանը, որը տվյալ գույքի սեփականատերը չէ, և շահագործման ոչ ենթակա ավտոմեքենան ընդհանուր օգտագործման ճանապարհին վարել է առանց իրավական հիմքի։ Նշված գույքը ենթակա չի եղել շահագործման որպես ավտոտրանսպորտային միջոց ոչ միայն այն պատճառով, որ խոտանված լինելու պատճառով հաշվառված չի եղել, այլ նաև տեխնիկապես ևս պիտանի չի եղել ընդհանուր օգտագործման ճանապարհներով վարելու համար։

Խոտանված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր Սեյրան Առաքելյանը ԱՊՊԱ օրենքով և բյուրոյի կանոններով չուներ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ոչ իրավունք ոչ պարտականություն, հետևաբար, տուժող կողմին ապահովագրական հատուցում տված ապահովագրական ընկերությունը իրավասու չէր տուժող կողմի կրած վնասները հատուցեր ԱՊՊԱ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում։

Տվյալ դեպքում տուժող կողմի գույքային վնասը պետք է հատուցվեր քաղաքացիական և քաղաքացիական դատավարությամբ օրենսգրքերով սահմանված կարգով։

ԱՊՊԱ օրենքը ի տարբերություն կամավոր ապահովագրության որպես ապահովագրական օբյեկտ է դիտում ոչ թե սեփական գույքին պատճառված վնասը և/կամ գույքի կորուստը, այլ երրորդ անձանց նկատմամբ առաջացած գույքային պատասխանատվությունը և այս առումով տուժողին Օրենքի շրջանակներում փոխհատուցում տալու համար էական նշանակություն ունեցող հանգամանք պետք է դիտվեր ԱՊՊԱ պայմանագրի ենթակա օբյեկտի առկայության և դրա վերաբերյալ պայմանագիր կնքելու պարտականության միաժամանակյա առկայությունը։

Այս համատեքստում էլ պետք է գնահատական տրվեր վճռաբեկ բողոքի հարցադրմանը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժող կողմին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների կիրառությունը կախված չէ բացառապես ԱՊՊԱ օրենքի կիրառումից։ Օրենքով նախատեսված իրավահարաբերությունների բացակայության դեպքում անձի գույքին, կյանքին և առողջությանը պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պայմաններով և կարգով։

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում կատարված վերլուծությամբ ամրագրվել է այն դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրված է ապահովագրություն երկու տեսակ՝ կամավոր և պարտադիր: Կամավոր ապահովագրության դեպքում օգտվելով օրենքով ընձեռված այդ հնարավորությունից՝ անձն ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի (ապահովագրող) հետ ապահովագրության պայմանագիր կնքում է իր ցանկությամբ և հայեցողությամբ: Մինչդեռ պարտադիր ապահովագրության դեպքում անձն ապահովագրողի հետ ապահովագրական իրավահարաբերությունների մեջ մտնում է օրենքի իմպերատիվ թելադրանքով՝ անկախ իր կամքից: Որոշման մեջ վկայակոչելով համապատասխան իրավանորմերը, նշվել են այն դեպքերը երբ ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր ապահովագրության և այն դեպքերը, երբ պարտադիր ապահովագրություն չի պահանջվում։ Որոշմամբ բացահայտված է նաև ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման բովանդակությունը և դրա չպահպանելու հետևանքները, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հիմքերը։

Սակայն դրանով հանդերձ իրավական եզրահանգումը չի բխում ինչպես վկայակոչված իրավական ակտերից, այնպես էլ գործի փաստերից, քանի որ իրավական դիրքորոշմամբ Վճռաբեկ դատարանն ըստ էության նոր իրավական կարգավորում է տալիս խոտանված և դրա հետևանքով հաշվառումից հանված և ըստ էության ապօրինի շահագործվող ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում գույքային պատասխանատվության հարցի վերաբերյալ, այդպիսի դեպքը ներառելով ավտոապահովագրողների բյուրոյի կողմից տրվող հատուցումների ցանկում։ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասից չի երևում, թե ի վերջո վճռաբեկ բողոքի որ հիմքն էր հիմնավոր և ինչ պատճառաբանությամբ։

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման։

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան