Գլխավոր տեղեկություն
Համար
N 1176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/85(1265).1 Հոդ.1140
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1176-Ն

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 21

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 18-ի N 1176-Ն որոշման

 

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՄԵՋ
ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ

ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող՝ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պրոբացիայի շահառուների անձնական գործերի և պրոբացիայի պետական ծառայության գործունեության մասին տեղեկությունների հավաքման ու օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանում (այսուհետ՝ շտեմարան)՝ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները հավաքվում ու պահվում են էլեկտրոնային և թղթային տարբերակներով: Թղթային տարբերակով ստացված ու հավաքված տեղեկությունները թվայնացվում և մուտքագրվում են շտեմարանում:

3. Շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունները հավաքվում են պրոբացիայի պետական ծառայության տարածքային մարմնի համապատասխան ծառայողի կողմից (այսուհետ՝ ծառայող):

4. Ծառայողը պրոբացիայի շահառուի անձնական գործը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է շտեմարանում:

5. Ծառայողը պրոբացիայի շահառուի մասին տեղեկություններ ստանալու նպատակով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից կատարված հարցումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները շտեմարանում մուտքագրում է դրանք ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Ծառայողի կողմից շտեմարանում մուտքագրվում են պրոբացիայի պետական ծառայության գործունեության մասին այն տեղեկությունները, որոնք վերաբերում են «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պրոբացիայի շահառուի հետ իրականացվող աշխատանքներին, միջոցառումներին և ծրագրերին:

7. Սույն ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները շտեմարանում մուտքագրվում են համապատասխան աշխատանքի, միջոցառման կամ ծրագրի մեկնարկի օրը:

8. Շտեմարանում պահվող տեղեկությունների և տվյալների փոփոխության կամ համալրման դեպքում ծառայողի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ կամ փոփոխված տեղեկություններն ու տվյալները մուտքագրվում են շտեմարանում:

8.1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է տվյալների շտեմարանում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունը՝ ձեռնարկելով տեղեկատվական համակարգերի ենթակառուցվածքների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ծրագրային և ապարատային պաշտպանության միջոցներ:

(8.1-ին կետը լրաց. 30.03.23 N 408-Ն)

 

II. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ

 ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

9. Շտեմարանում պահվող տեղեկություններն օգտագործվում են ծառայողի կողմից՝ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

9.1. Պրոբացիայի շահառուն կամ պրոբացիայի շահառուի գրավոր համաձայնությամբ՝ նրա օրինական ներկայացուցիչն ունեն տվյալների շտեմարանում պահվող պրոբացիայի շահառուի անձնական տվյալներին վերաբերելի տեղեկություններին ազատ հասանելիություն:

(9.1-ին կետը լրաց. 30.03.23 N 408-Ն)

10. Շտեմարանում պահվող տեղեկությունները «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու անձանց տրամադրվում են համապատասխան հարցումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

11. Շտեմարանում պահվող տեղեկությունները կարող են տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

12. Տեխնիկական հնարավորության դեպքում շտեմարանը կարող է համակցվել այլ իրավասու մարմինների համակարգերի հետ՝ շտեմարանում պահվող տեղեկություններն ինքնաշխատ եղանակով փոխանակելու նպատակով:

(հավելվածը լրաց. 30.03.23 N 408-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան