Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.09.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31753/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31753/02/20

Նախագահող դատավոր՝

 Մ. Հարթենյան

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 Լ. Գրիգորյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

              

2022 թվականի սեպտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ծովինար Գալստյանի հայցի ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և երրորդ անձ Գոհար Սահակյանի` մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու ու որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծովինար Գալստյանը պահանջել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու նպատակով 17.07.2020 թվականի մրցույթի և 23.07.2020 թվականին հետաձգված մրցույթի կայացմանը խոչընդոտելուն ու տապալելուն ուղղված անօրինական (ոչ իրավաչափ), ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն ոչ թե դպրոցի խորհրդի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, այլ հեռահար հարցազրույցի արդյունքներով առաջարկելուն ուղղված անօրինական (ոչ իրավաչափ) գործողությունների հետևանքով չեղյալ ճանաչել ՀՀ Արարատի մարզի «Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 17.07.2020 թվականին հայտարարված մրցույթի արդյունքները և անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզպետի 04.08.2020 թվականի Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու մասին թիվ ՄՈ/132-2020 որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2021 թվականի որոշմամբ ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.12.2021 թվականի որոշմամբ կրկին վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերած անձի անունից ներկայացված միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 6-8-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 368-րդ, 371-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելիս վերացված են եղել Վերաքննիչ դատարանի 24.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ նշված խախտումները, իսկ վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկված է եղել նաև գործին մասնակցող անձանց, որի վերաբերյալ կցվել են փոստային անդորրագրերի բնօրինակները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղարկված փոստային անդորրագրում վերջինիս հասցեն «ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2»-ի փոխարեն նշվել է «ք. Երևան, Կառավարական տուն, Վ. Սարգսյան 3», և ձեռագիր ուղղում է կատարվել փոստային անդորրագրի վրա՝ ավելացվել է «2», և երկու անգամ դրվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կնիքը:

Ավելին՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը բովանդակային փոփոխության չի ենթարկվել և այն նախկինում արդեն իսկ ուղարկված է եղել վերը նշված գործին մասնակցող անձին:

Վերաքննիչ դատարանը ձևական սխալի առկայության պայմաններում իրեն զրկել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունից՝ խախտելով արդարադատության բուն էությունը:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելիս թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 368-րդ, 371-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը, նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև՝ վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը, նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես՝ ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյո՞ք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյո՞ք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը Դատարանի 31.08.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրան կցելով նաև բողոքը ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը «ք. Երևան, Վ. Սարգսյան 3» հասցեով ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագիրը (հատոր 5-րդ, գ.թ. 10):

Վերաքննիչ դատարանի 24.11.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց՝ տվյալ դեպքում պատասխանող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և երրորդ անձ Գոհար Սահակյանին ուղարկելու մասին ապացույցները: Վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (…) անվամբ փոստային անդորրագրերը չեն կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ այն հիմնավորմամբ, որ գործի նյութերի համաձայն՝ գործի քննության ընթացքում որպես ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից դատարանում հանդես գալու լիազորությունը հիմնավորող փաստաթուղթ մատնանշված ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշումը (…) ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 27.02.2021 թվականին ՀՀ կառավարության 25.02.2021 թվականի թիվ 232-Ն որոշմամբ, որպիսի պայմաններում (…) գործում առկա չէ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՀՀ փոխվարչապետի անունից դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորությունը հաստատող փաստաթուղթ» (հատոր 5-րդ, գ.թ. 14-16):

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, վերացնելով վերը նշված խախտումը, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կցելով ինչպես ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրությունը, որով վերջինս հայտնել է նաև, որ թիվ ԵԴ/31753/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, այնպես էլ` ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագիրը, որում որպես ստացող նշված է «ՀՀ փոխվարչապետի լիազորված ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարություն»-ը, իսկ հասցեն՝ «ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան 3»: Ընդ որում, Կառավարական տան դիմաց առկա «2» թիվն ավելացված է ձեռագրով, իսկ անդորրագրի վրա առկա է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից դրված երկու կնիք (հատոր 5-րդ, գ.թ. 63, 86):

Վերաքննիչ դատարանի 30.12.2021 թվականի որոշմամբ ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ որպես ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անվամբ փոստային անդորրագիրը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին ուղարկելու փաստը հաստատող՝ վերաբերելի ապացույց այն հիմնավորմամբ, որ հասցեագրված է թերի հասցեով. անդորրագրում վերջինիս հասցե տպագիր գրառված է՝ ք.Երևան, Կառավարական տուն, Վ. Սարգսյան 3, մինչդեռ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասցեն է՝ ք.Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, թույլատրելի ապացույց այն հիմնավորմամբ, որ գործին մասնակցող անձի ներկայացուցչի հասցեի ձեռագիր ուղղումը կատարված է անհայտ անձի կողմից, հիմք չէ հետևություն անելու, որ առաքանին հասցեատիրոջը ուղարկված է ճիշտ՝ ձեռագիր ուղղված հասցեով» (հատոր 5-րդ, գ.թ. 91-93):

Վերը նշված իրավական նորմերի և վկայակոչված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են, քանի որ Վճռաբեկ դատարանը, ստուգելով՝ արդյոք կրկին անգամ վերաքննիչ բողոք բերած անձ ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը վերաքննիչ բողոքին կցել է բողոքը ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղարկելու մասին ապացույցը, արձանագրում է, որ բողոք բերած անձը ներկայացրել է ինչպես ապացույց առ այն, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է հանդիսանում ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչը, ում պետք է հասցեագրվեն սույն գործով համապատասխան դատավարական փաստաթղթերը, այնպես էլ վերջինիս ուղարկված լինելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը: Ավելին` նշված փոստային անդորրագրի վրա առկա են «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից դրված երկու կնիքներ, ինչից հետևում է, որ ձեռագիր եղանակով կատարված ավելացումը հաստատվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ըստ էության, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը գործին մասնակցող անձ ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղարկելու պարտականությունը: Հետևաբար ՀՀ փոխվարչապետի ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը բողոքն ուղարկելու մասին ապացույց ներկայացված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ, 368-րդ, 371-րդ և 372-րդ հոդվածները՝ դրանով իսկ սահմանափակելով ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

 

Մ. Դրմեյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: