ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 67-րդ հոդվածի 6-րդ կետը «Բանկերի» բառից հետո լրացնել «և ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին կետը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 983-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 983. | Ապահովագրությունը, դրա դասակարգումը |
1. Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
2. Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:
3. Եթե որոշակի անձանց վրա օրենքով պարտականություն է դրվում` որպես ապահովադիրներ իրենց կամ շահագրգիռ անձանց հաշվին իրականացնել կյանքի կամ ոչ կյանքի պարտադիր ապահովագրություն, ապա այն իրականացվում է սույն գլխի դրույթներին և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքին համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով:
4. Օրենքով կարող են նախատեսվել պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին քաղաքացիների կյանքի և ոչ կյանքի պարտադիր ապահովագրության դեպքեր (պարտադիր պետական ապահովագրություն):
5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեսակներով, դասերով և դրանց համապատասխան ենթադասերով ապահովագրություն:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9831-րդ հոդվածով`
«Հոդված 9831. | Ապահովագրության տարրերը |
1. Ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:
2. Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
3. Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
4. Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
5. Ապահովագրական ռիսկն առաջանալու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
6. Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
7. Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
8. Ապահովագրավճարն ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
9. Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
10. Ապահովագրական սակագինը սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:
11. Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցության չափն է վնասի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են`
1) պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
2) ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:»:
Հոդված 7. Օրենսգրքի 994-1000-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 994. | Ապահովագրողները |
1. Որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
2. Ապահովագրողների և դրանց գործունեության վերաբերյալ պահանջները, դրանց լիցենզավորման, պետական կարգավորման և վերահսկողության իրականացման կարգը uահմանվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 995. | Ապահովադրի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը |
1. Հօգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը, այդ թվում` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, ապահովադրին չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, կամ ապահովադրի պարտականությունները նախապես կատարել է այն անձը, ում օգտին կնքվել է պայմանագիրը:
2. Նախքան ապահովագրական հատուցում կատարելն ապահովագրողն իրավունք ունի շահառուից (ներառյալ` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է) պահանջելու ապահովագրության պայմանագրով ապահովադիր կողմի (ներառյալ` ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի) ստանձնած պարտականությունների կատարում, որոնք այդ կողմը չի կատարել, սակայն պարտավոր էր կատարել այդ պահի դրությամբ: Եթե շահառուն ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում ստանալու մասին պահանջ է ներկայացնում, ապա ապահովադիր կողմի նախապես կատարման ենթակա պարտականությունները չկատարելու կամ դրանք ժամանակին չկատարելու հետևանքների ռիսկը կրում է շահառուն:
Հոդված 996. | Ապահովագրության պայմանագիրը |
1. Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
2. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է: Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման նկատմամբ այլ պահանջներ:
3. Ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` սույն գլխով և օրենքով սահմանված էական պահանջները:
4. Ապահովագրության պայմանագրի և (կամ) վկայագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում ապահովագրողը պարտավոր է ապահովադրի դիմումով և վերջինիս տրամադրել պայմանագրի և (կամ) վկայագրի կրկնօրինակը:
5. Անձնական ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուս կողմին (ապահովադրին) պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը)` ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաս պատճառելու, նրա որոշակի տարիքի հասնելու կամ նրա կյանքում պայմանագրով նախատեսված այլ իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու դեպքերում:
Ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունի այն անձը (շահառուն), ում օգտին պայմանագիրը կնքվել է:
Անձնական ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հօգուտ ապահովագրված անձի (շահառուի), եթե պայմանագրում այլ անձ նշված չէ որպես շահառու: Առանց ապահովագրված անձի գրավոր համաձայնության` ապահովագրված անձ չհանդիսացող ապահովադիրը կամ երրորդ անձն ամեն դեպքում շահառու լինել չի կարող: Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:
Ապահովագրված անձի մահվան դեպքում շահառուներ են ճանաչվում ապահովագրված անձի ժառանգները: Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրված անձի մահվան դեպքում շահառու հանդիսացող այլ անձինք, եթե ապահովագրության պայմանագրով ապահովադիր է հանդիսանում ապահովագրված անձը:
6. Գույքի ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական պատահարը) տեղի ունենալիս մյուս կողմին (ապահովադրին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին), հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետևանքով պատճառված կամ ապահովադրի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը)` պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:
Գույքի ապահովագրության պայմանագրով գույքը կարող է ապահովագրվել հօգուտ այն անձի (ապահովադրի կամ շահառուի), որը օրենքի, այլ իրավական ակտի կամ պայմանագրի հիման վրա այդ գույքի պահպանման շահ ունի: Ապահովադրի կամ շահառուի մոտ ապահովագրված գույքի պահպանման նկատմամբ շահագրգռվածության բացակայության դեպքում կնքված գույքի ապահովագրության պայմանագիրն անվավեր է:
7. Ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել միայն ապահովադրի ձեռնարկատիրական ռիսկը, և տվյալ պայմանագրով շահառու կարող է հանդիսանալ միայն ապահովադիրը: Ապահովադիր չհամարվող անձի ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:
Հոդված 997. | Ապահովագրությունը գլխավոր ապահովագրության պայմանագրով |
1. Որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով միատարր ապահովագրության օբյեկտի տարբեր խմբաքանակների պարբերական ապահովագրությունը նույն ապահովագրողի մոտ կարող է ապահովագրողի և ապահովադրի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի՝ գլխավոր պայմանագրի հիման վրա:
2. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրության գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող ապահովագրության օբյեկտի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ՝ դրանք ստանալիս, անհապաղ հայտնել այդպիսի ապահովագրության պայմանագրով նախատեսված տեղեկությունները: Ապահովադիրը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:
3. Ապահովադրի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական վկայագրեր տալ գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:
4. Ապահովագրական վկայագրերն ապահովագրության գլխավոր պայմանագրին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական վկայագրին:
Հոդված 998. | Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները |
1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են`
1) ապահովագրության օբյեկտը.
2) ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը.
3) ապահովագրական գումարի չափը.
4) ապահովագրական հատուցման կարգը.
6) ապահովագրավճարի չափը.
7) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները.
8) վնասի գնահատման կարգը.
9) ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները:
2. Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝
1) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը.
2) ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը.
3) նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին.
4) ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:
3. Ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները՝
1) ապահովագրության վկայագրի համարը.
2) ապահովագրողի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն.
3) ապահովադրի շահառուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը.
4) ապահովագրության համապատասխան դասը և ենթադասը.
5) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը.
6) ապահովադրի ստորագրությունը, կնիքը (եթե ապահովադիրն իրավաբանական անձ է) և նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին.
7) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը, ընկերության կնիքը կամ դրանց ֆաքսիմիլային վերարտադրությունները.
8) ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը.
9) ապահովագրական գումարի չափը.
10) ապահովագրական պատահարը կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը.
11) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները:
4. Ապահովագրական պայմանագրերի և վկայագրերի գրանցումը և հաշվառումն իրականացնում է ապահովագրողը: Իրավասու պետական մարմինը կարող է սահմանել ապահովագրության պայմանագրերի և վկայագրերի գրանցման և հաշվառման կարգ:
Հոդված 999. | Ապահովագրության պայմանագրի պայմաններն ապահովագրության ընդհանուր պայմաններով որոշելը |
1. Պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:
2. Ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը, և այդ պայմանները կցված են պայմանագրին, ընդ որում, պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:
3. Ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումն առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանագրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը և այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանագիրն անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:
Հոդված 1000. | Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադրի կողմից տրամադրվող տեղեկությունները |
1. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադիրն ապահովագրողի գրավոր պահանջով պարտավոր է նրան գրավոր տեղեկություններ հայտնել ապահովագրական պատահարի տեղի ունենալու և դրա արդյունքում հնարավոր վնասի չափը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների երևան գալու` իրեն հայտնի հավանականության մասին, եթե այդ հանգամանքները հայտնի չեն և չէին կարող հայտնի լինել ապահովագրողին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էական տեղեկություններ բացահայտելու պահանջն ապահովագրողի հայեցողությունն է, և ապահովադիրը նման կոնկրետ պահանջի բացակայության պայմաններում ապահովագրական պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պատասխանատվություն չի կրում տեղեկատվության չբացահայտման համար:
3. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո պարզվել է, որ ապահովադիրը սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին ապահովագրողին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություններ, ապա ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անվավեր ճանաչել պայմանագիրը և կիրառել սույն օրենսգրքի 313 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքները:
4. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի որոշակի հարցերին ապահովադրի պատասխանների բացակայությամբ, ապա ապահովագրողը չի կարող հետագայում պահանջել լուծելու պայմանագիրը կամ այն անվավեր ճանաչել` վկայակոչելով ապահովադրի կողմից համապատասխան հանգամանքները չհայտնելու փաստը:»:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10001-րդ և 10002-րդ հոդվածներով`
«Հոդված 10001. | Ապահովագրական պատահարը |
1. Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում` արտասահմանյան)` ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվելու վերջիններիս եզրակացությունների վրա:
2. Պետական մարմինները, կազմակերպությունները և բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվությանը, պարտավոր են ապահովագրական ընկերության պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող և օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության:
3. Ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն անձամբ հետաքննելու ապահովագրական պատահարի հանգամանքները կամ ներգրավելու այլ անձանց:
«Հոդված 10002. | Ապահովագրական ռիսկի գնահատումը |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի ուսումնասիրելու և զննելու ապահովագրական օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում` նշանակելու փորձաքննություն` դրա իրական (շուկայական) արժեքը պարզելու համար:
2. Փորձաքննությունն իրականացվում է ապահովագրության պայմանագրում շահագրգռվածություն չունեցող անձի կողմից նշանակված փորձագետի կամ կողմերից յուրաքանչյուրի նշանակած փորձագետների կողմից:
3. Ապահովագրական օբյեկտի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը պարտադիր ուժ չունի կողմերի համար, եթե ակնհայտ է, որ այն չի համապատասխանում դրա իրական (շուկայական) արժեքին:»:
Հոդված 9. Օրենսգրքի 1002-րդ և 1003-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 1002. | Ապահովագրության գաղտնիությունը |
Ապահովագրողն իրավունք չունի հրապարակելու իր մասնագիտական գործունեության արդյունքում ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Ապահովագրողը ապահովագրության գաղտնիությունը խախտելու համար, կախված խախտված իրավունքների տեսակից և (կամ) դրանց խախտման բնույթից, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 1003. | Ապահովագրական գումարը և ապահովագրական արժեքը |
1. Ապահովագրական գումարի մեծությունը որոշվում է ապահովադրի և ապահովագրողի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
2. Գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին այդ գույքի իրական (շուկայական) արժեքը: Ապահովագրական արժեքն ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվող գույքի շուկայական (իրական) արժեքն է:
3. Եթե գույքի ապահովագրական արժեքը որոշելիս մի կողմը տրամադրում է կեղծ տեղեկություններ ապահովագրման ենթակա գույքի իրական արժեքի վերաբերյալ, ապա մյուս կողմն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու հատուցել դրա կապակցությամբ իր կրած վնասները և ծախսերը:
4. Եթե գույքն ապահովագրվել է ապահովագրական արժեքի մի մասով, ապա ապահովադիրը (շահառուն) իրավունք ունի իրականացնելու լրացուցիչ ապահովագրություն նաև այլ ապահովագրողի մոտ, բայց միայն ընդհանուր ապահովագրական գումարի` բոլոր ապահովագրական պայմանագրերով տվյալ գույքի ապահովագրական արժեքը չգերազանցող չափով:
5. Եթե գույքի ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը, ապա գույքին պատճառված վնասը հատուցման է ենթակա միայն ապահովագրական արժեքի չափով: Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:
6. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրին համապատասխան՝ ապահովագրավճարը վճարվում է տարաժամկետ, և մինչև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու պահն այն լրիվ չի վճարվել, ապա մնացած ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական գումարի նվազեցված չափին համամասնորեն պակասեցված չափով:
7. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարի ավելացումն ապահովադրի խաբեության հետևանքն է, ապա ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անվավեր ճանաչել պայմանագիրը և հատուցելու իրեն պատճառված վնասները՝ ապահովադրից ստացած ապահովագրավճարի գումարը գերազանցող չափով:
8. Սույն հոդվածի 5-7-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը՝ երկու կամ մի քանի ապահովագրողների մոտ միևնույն օբյեկտն ապահովագրելու արդյունքում (կրկնակի ապահովագրություն):
Այդ դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման ենթակա գումարը կրճատվում է համապատասխան ապահովագրության պայմանագրի սկզբնական ապահովագրական գումարի նվազեցմանը համամասնորեն:
9. Եթե օբյեկտն ապահովագրվել է տարբեր ապահովագրական ռիսկերից, ինչպես նույն, այնպես էլ առանձին ապահովագրության պայմանագրով, ներառյալ` տարբեր ապահովագրողների հետ կնքված պայմանագրերով, ապա թույլատրվում է բոլոր պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրական գումարի չափի գերազանցում ապահովագրական արժեքից:
Եթե սույն կետին համապատասխան կնքված երկու կամ մի քանի պայմանագրերից բխում է միևնույն ապահովագրական դեպքով վրա հասած միևնույն հետևանքների համար ապահովագրական հատուցում վճարելու` ապահովագրողների պարտականություն, ապա այդպիսի պայմանագրերի նկատմամբ համապատասխան մասով կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ կետերով նախատեսված կանոնները:
10. Եթե ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական արժեքն էապես տարբերվում է ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին դրա իրական արժեքից, ապա հիմք է ընդունվում իրական արժեքը:»:
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10031-րդ հոդվածով`
«Հոդված 10031. | Ապահովագրական հատուցման նվազեցումը և հատուցման մերժման հիմքերը |
1. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
2) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.
3) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում պատվիրված նամակով առաքվում է ապահովադրին (շահառուին)` նրա մշտական բնակության հասցեով:»:
Հոդված 11. Օրենսգրքի 1009-1024-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 1009. | Համատեղ ապահովագրությունը (համաապահովագրությունը) |
1. Ապահովագրական օբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ (համատեղ ապահովագրություն):
2. Համատեղ ապահովագրության դեպքում պայմանագրով պետք է սահմանվեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Եթե այդպիսի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, ապա նրանք ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) առջև համապարտ պատասխանատվություն են կրում ապահովագրական հատուցում վճարելու համար:
3. Համատեղ ապահովագրության դեպքում պետք է ընտրվի գլխավոր ապահովագրողը: Գլխավոր ապահովագրողը սահմանում է ապահովագրության պայմանները: Գլխավոր ապահովագրողն ապահովադրի հետ հարաբերություններում հանդես է գալիս մյուս ապահովագրողների անունից:
4. Եթե համատեղ ապահովագրության պայմանագրով սահմանված չէ գլխավոր ապահովագրողը, ապա ապահովադիրը կարող է իր հայեցողությամբ համատեղ ապահովագրողներից որևէ մեկին դիտարկի որպես գլխավոր ապահովագրող՝ նրան այդ մասին նախապես ծանուցելով գրավոր:
Հոդված 1010. | Ապահովագրավճարը |
1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով:
2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրավճարի չափը որոշելիս ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական օբյեկտի և ապահովագրական ռիսկի բնույթը, իրավունք ունի կիրառելու ապահովագրական գումարի միավորից գանձվող ապահովագրավճարը որոշող` իր կողմից հաշվարկված ապահովագրական սակագներ: Օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրավճարի չափը որոշվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի սահմանած ապահովագրական սակագների հիման վրա:
3. Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել մինչև հերթական ապահովագրավճարի վճարումը, որը կետանցվել է, ապա ապահովագրողն իրավունք ունի վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը որոշելիս հաշվանցելու կետանցված ապահովագրական վճարի գումարը:
4. Եթե ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 14-օրյա ժամկետում ապահովադիրը չի վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը, եթե պայմանագրով նախատեսված չէ այլ ժամկետ կամ ապահովագրավճարի մուծման տարաժամկետման հնարավորություն:
5. Նախքան ապահովագրության պայմանագիր կնքելն ապահովագրողը պարտավոր է ապահովադրին տեղեկացնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հետևանքների մասին:
6. Եթե ապահովադիրն ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ապահովագրավճարի վճարման համար սահմանում է լրացուցիչ ժամկետ՝ այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ապահովադրին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ծանուցման մեջ պետք է նշվեն լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովագրավճարի չվճարման իրավական հետևանքները:
7. Եթե լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովադիրը չի վճարում ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը՝ առանց ապահովադրին այդ մասին ծանուցելու:
8. Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո, և ապահովադիրը չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրավճարը չի վճարվել իրենից անկախ հանգամանքներում:
9. Եթե ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարել է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ այլ հիմքով, ապա ապահովագրողն իրավունք ունի ապահովագրավճար պահանջելու միայն մինչև պայմանագրի գործողության դադարումն ընկած ժամանակահատվածի համար:
10. Եթե ապահովադիրն ապահովագրավճարը վճարում է պայմանագրի դադարեցումից կամ ապահովագրավճարի վճարման համար սահմանված ժամկետից հետո` մեկ ամսվա ընթացքում, և մինչև ապահովագրավճար վճարելն ապահովագրական պատահարը չի առաջացել, ապա պայմանագիրը չի համարվում ուժը կորցրած:
11. Ապահովագրական ռիսկի շարունակական նվազեցման դեպքում ապահովադիրն իրավունք ունի պահանջելու նվազեցնել ապահովագրավճարը, ինչը չի տարածվում մինչև այդ պահանջը վճարված կամ վճարվելիք ապահովագրավճարների վրա:
12. Ապահովադրից անկախ հանգամանքներում ապահովագրության օբյեկտի կորստի դեպքում ապահովադիրն ազատվում է ապահովագրավճար վճարելու պարտականությունից, իսկ ապահովագրողը՝ ապահովագրական հատուցում կատարելուց, եթե այդ կորստի ռիսկն ապահովագրության պայմանագրի առարկա չի հանդիսանում:
13. Սույն հոդվածի 2-12-րդ կետերը չեն տարածվում կյանքի ապահովագրության պայմանագրերի վրա:
Հոդված 1011. | Ապահովագրված անձին փոխարինելը |
Ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրված անձը կարող է ապահովադրի կողմից փոխարինվել այլ անձով` ապահովագրված անձին այդ մասին գրավոր ծանուցելով:
Հոդված 1012. | Շահառուն |
1. Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագիր կնքելու հօգուտ այլ անձի՝ շահառուի: Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագրում նշված շահառուին փոխարինելու այլ անձով` այդ մասին գրավոր ծանուցելով ապահովագրողին: Կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձի համաձայնությամբ նշանակված շահառուին թույլատրվում է փոխարինել միայն ապահովագրված անձի համաձայնությամբ: Ապահովադրի մահվան դեպքում նրա ժառանգները չեն կարող փոխարինել պայմանագրում նշված շահառուին:
2. Շահառուն չի կարող փոխարինվել այլ անձով այն բանից հետո, երբ նա ապահովագրության պայմանագրով կատարել է որևէ պարտականություն կամ ապահովագրողին պահանջ է ներկայացրել ապահովագրական հատուցում ստանալու համար:
3. Մինչև ապահովագրական պատահարի ի հայտ գալը շահառուի մահվան դեպքում (եթե ապահովագրված չէ նրա կյանքը) ապահովագրական հատուցումը տրվում է շահառուի ժառանգներին, եթե այլ բան սահմանված չէ ապահովագրության պայմանագրով:
4. Եթե կյանքի ապահովագրության պայմանագրով որպես շահառու նշանակվել են մի քանի անձինք, և նրանցից յուրաքանչյուրի հատուցման չափը սահմանված չէ պայմանագրով, ապա ապահովագրական հատուցումը հավասարապես բաշխվում է նրանց միջև:
Հոդված 1013. | Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը |
1. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից:
2. Ապահովագրության պայմանագիրը տարածվում է ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի վրա:
Հոդված 1014. | Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարումը և դրա իրավական հետևանքները |
1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարում է, եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու հնարավորությունը, և ապահովագրական ռիսկի գոյությունը դադարել է ապահովագրական պատահարից տարբեր այլ հանգամանքների բերումով:
2. Ապահովադիրն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը՝ այդ մասին ոչ պակաս, քան տասնհինգ օր առաջ ծանուցելով ապահովագրողին:
3. Ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ, իր կողմից ապահովագրական պայմանագրի լուծման դեպքում ստանալու՝
1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում՝ պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները.
2) կյանքի ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարները, այլ հատուցումները, եթե այդպիսիք նախատեսված են ապահովագրության պայմանագրով, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը:
4. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը թույլ է տվել ապահովագրության պայմանագրի էական խախտում` խախտումը հայտնաբերելու պահից եռամսյա ժամկետում:
5. Ապահովագրողի կողմից պայմանագրի խախտման համար ապահովադրի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ստանալու պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարների և ստացած ապահովագրական հատուցումների դրական տարբերությունը: Եթե մինչև սույն կետի համաձայն` պայմանագիրը լուծելու օրն ապահովագրական հատուցում չի կատարվել, ապա ապահովադիրն իրավունք ունի ապահովագրավճարներն հետ ստանալու ամբողջությամբ: Եթե պայմանագրի լուծման հիմք հանդիսացած խախտումը պայմանագրով վճարման ենթակա հատուցման ոչ լրիվ կատարումն է, ապա ապահովադիրն իրավունք ունի հետ ստանալու ապահովագրավճարներն ամբողջությամբ:
6. Ապահովադրի կողմից պայմանագրի խախտման համար ապահովագրողի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում, և եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ՝
1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները.
2) կյանքի կուտակային ապահովագրության դեպքում ապահովադրի կողմից վճարված բոլոր ապահովագրավճարները ենթակա են վերադարձման, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը, վճարված ապահովագրական հատուցումները:
7. Ապահովագրողը չի կարող միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե՝
1) նա գիտեր կամ կարող էր իմանալ, որ պայմանագրի կնքման պահին ապահովադրի կողմից ներկայացվել են ապակողմնորոշիչ, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ.
2) ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը կատարվել է ոչ իր մեղքով:
8. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովադրի կողմից ապահովագրողի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
9. Ապահովադիրը և ապահովագրողը կարող են փոխադարձ համաձայնությամբ ցանկացած պահի լուծել ապահովագրության պայմանագիրը:
10. Ապահովագրության պայմանագիրը դադարում է պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով, ինչպես նաև սույն օրենսգրքի 27-րդ գլխով նախատեսված դեպքերում, եթե այդ պայմանագրով այլ բան սահմանված չէ:
Հոդված 1015. | Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու կամ նվազելու հետևանքները |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիս ապահովագրողին հայտնած հանգամանքների` իրեն հայտնի դարձած փոփոխությունների մասին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապես ազդել ապահովագրական ռիսկի մեծանալու կամ նվազելու վրա:
Բոլոր դեպքերում էական են համարվում ապահովագրության պայմանագրում և ապահովադրին տրված ապահովագրական կանոններով նախատեսված փոփոխությունները:
2. Ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքների մասին տեղեկացված ապահովագրողն իրավունք ունի պահանջելու փոփոխել ապահովագրության պայմանագրի պայմանները կամ վճարելու ռիսկի մեծանալուն համաչափ լրացուցիչ ապահովագրավճար:
3. Ապահովադրի կամ շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը և պահանջելու լուծել ապահովագրության պայմանագիրը և հատուցելու պայմանագրի լուծմամբ իրեն պատճառված վնասները կամ նվազեցնելու հատուցման չափը կամ չնվազեցնելու ապահովագրավճարը:
4. Ապահովագրողն իրավունք չունի պահանջելու լուծելու պայմանագիրը, եթե արդեն վերացել են ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքները:
5. Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկն աճելու կամ նվազելու` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված իրավական հետևանքներն առաջանում են միայն, եթե դրանք ուղղակիորեն նախատեսված են պայմանագրով:
Հոդված 1016. | Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը |
1. Ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքներն այն անձից, որի օգտին կնքվել էր ապահովագրության պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները և պարտականությունները նրան են անցնում միայն ապահովագրողի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, կարող է այդ իրավունքների ծագման պահից մեկամսյա ժամկետում միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը: Եթե անձը, որին փոխանցվել է ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, չգիտեր, որ օբյեկտն ապահովագրված է, ապա սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ օբյեկտն ապահովագրված է:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով պայմանագրի լուծման դեպքում փոխանցող անձը պարտավոր է վճարել մինչև պայմանագրի լուծումն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարները: Այս դեպքում անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարների վճարման համար:
4. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա՝ ապահովագրության պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Սույն կետով նախատեսված համաձայնությունը չտալու դեպքում ապահովագրողը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը: Համաձայնությունը համարվում է տրված, եթե ապահովագրողն ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու փաստի մասին տեղեկացվելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին չի տեղեկացնում ապահովադրի խնամակալին կամ հոգաբարձուին:
Հոդված 1017. | Ապահովագրական պատահարը տեղի ունենալու մասին ապահովագրողին ծանուցելը |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:
Նման պարտականություն կրում է նաև շահառուն, որը տեղյակ է իր օգտին ապահովագրության պայմանագրի կնքված լինելու մասին, եթե նա մտադիր է օգտվել ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունը չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը, եթե չապացուցվի, որ նա ժամանակին իմացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու մասին կամ, որ այդ մասին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են կյանքի ապահովագրության պայմանագրի նկատմամբ, եթե ապահովագրական պատահար է ապահովագրված անձի մահը: Այդ դեպքում ապահովագրողին ծանուցելու համար պայմանագրով սահմանված ժամկետը չի կարող պակաս լինել երեսուն օրվանից:
Հոդված 1018. | Ապահովագրական պատահարից առաջացած վնասները նվազեցնելը |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարը վրա հասնելիս ապահովադիրը պարտավոր է ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել հնարավոր վնասները նվազեցնելու համար: Ապահովադիրը նման միջոցներ կիրառելիս պետք է հետևի ապահովագրողի ցուցումներին, եթե դրանց մասին իրեն հայտնվել է:
2. Հատուցման ենթակա վնասները նվազեցնելու նպատակով ապահովագրողի կատարած ծախսերը, եթե այդպիսիք անհրաժեշտ են եղել կամ կատարվել են ապահովագրողի ցուցումներին համապատասխան, հատուցվում են ապահովագրողի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ համապատասխան միջոցներն արդյունավետ չեն եղել: Նման ծախսերը հատուցվում են ապահովագրական գումարին ապահովագրական արժեքի հարաբերությանը համամասնորեն, անկախ այն բանից, որ դրանք այլ վնասների հատուցման հետ միասին կարող են գերազանցել ապահովագրական գումարը:
3. Ապահովագրողն ազատվում է ապահովադրի կողմից հնարավոր վնասները նվազեցնելու համար իրեն մատչելի ողջամիտ միջոցները դիտավորյալ չձեռնարկելու հետևանքով առաջացած վնասները հատուցելուց:
Հոդված 1019. | Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքները |
1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց, եթե ապահովագրական պատահարը վրա է հասել ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորության հետևանքով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելուց, եթե վնասը պատճառվել է դրա համար պատասխանատու անձի մեղքով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում վճարելուց, որը կյանքի ապահովագրության պայմանագրով վճարվում է ապահովագրված անձի մահվան դեպքում, եթե վերջինս ինքնասպան է եղել, և ինքնասպանության պահին ապահովագրության պայմանագիրն առնվազն երեք տարի գործել է:
Հոդված 1020. | Ապահովագրական հատուցումը և ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը |
1. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց, եթե՝
1) ապահովագրական պատահարը առաջացել է որպես հետևանք՝
ա) միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության,
բ) ռազմական գործողությունների, ինչպես նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների,
գ) քաղաքացիական պատերազմի և օրենքով սահմանված այլ դեպքերի.
2) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի` դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
3) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է ապահովագրական ռիսկը գնահատելու համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ:
2. Ապահովագրողն ազատվում է ապահովագրված գույքը պետական մարմինների կարգադրությամբ առգրավելու, բռնագրավելու, ռեկվիզիցիայի, դրա վրա արգելանք դնելու կամ այն ոչնչացնելու հետևանքով առաջացած վնասների համար ապահովագրական հատուցում վճարելուց, եթե այլ բան նախատեսված չէ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելու պարտականությունից, եթե՝
1) ապահովադիրն այլ անձի մեղքով խախտել է ապահովագրավճարի հետ չկապված պարտականությունը, և այդ խախտումը չի հանգեցրել ապահովագրական պատահարի կամ այլ վնասի առաջացմանը.
2) ապահովադիրը չի կատարել ապահովագրական ռիսկը նվազեցնելու կամ ապահովագրական ռիսկի մեծացումը կանխելու իր պարտականությունը, և այդ պարտականությունը չկատարելը չի հանգեցրել ապահովագրական պատահարի առաջացմանը.
3) ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու մեջ բացակայում է դիտավորությունը:
Հոդված 1021. | Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա) |
1. Եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաս պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առ ոչինչ է:
2. Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:
3. Ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
4. Եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապա ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:
Հոդված 1022. | Հայցային վաղեմությունն ապահովագրության հետ կապված պահանջներով |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից:
Հոդված 1023. | Վերաապահովագրության պայմանագիրը |
1. Մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման հետ կապված ռիսկը կարող է ապահովագրվել այլ ապահովագրողի մոտ:
2. Ապահովագրության պայմանագրով (հիմնական պայմանագրով) վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողը վերաապահովագրության պայմանագրում ապահովադիրն է:
3. Վերաապահովագրության դեպքում ապահովագրության հիմնական պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելու համար ապահովադրի առջև պատասխանատվություն է կրում հիմնական պայմանագրով ապահովագրողը:
4. Թույլատրվում է հերթականությամբ կնքել երկու կամ մի քանի վերաապահովագրության պայմանագրեր:
Հոդված 1024. | Պարտադիր ապահովագրությունը |
1. Պարտադիր ապահովագրությունն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացնում է այն անձը (ապահովադիրը), որի վրա օրենքով դրված է այդպիսի ապահովագրության պարտականությունը:
2. Եթե անձը, որի վրա օրենքով դրված է ապահովագրության պարտականությունը, չի իրականացրել այն կամ ապահովագրության պայմանագիրը կնքել է օրենքով սահմանված պայմանների համեմատությամբ շահառուի դրությունը վատթարացնող պայմաններով, ապա ապահովագրական պատահարը վրա հասնելու դեպքում նա պարտավորվում է շահառուին վճարել այն չափի գումար, որը նա կստանար, եթե ապահովագրությունն իրականացվեր պատշաճ կարգով:»:
Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10211-րդ հոդվածով`
«Հոդված 10211. | Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրությունը |
1. Ապահովադիրը կարող է կնքել ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրվում է երրորդ անձանց պատճառված վնասի պատասխանատվության ռիսկը:
2. Անձը, որի կողմից պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկն ապահովագրվել է, պետք է նշվի ապահովագրության պայմանագրում: Եթե այդ անձը պայմանագրում նշված չէ, ապա ապահովագրված է համարվում ապահովադրի պատասխանատվության ռիսկը:
3. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրված անձին ծանոթացնել ապահովագրության պայմանագրի բովանդակությանը:
4. Պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված` հօգուտ այն անձանց, որոնց կարող է վնաս պատճառվել (հօգուտ շահառուների), եթե անգամ պայմանագիրը կնքվել է հօգուտ ապահովադրի կամ պատճառված վնասի համար պատասխանատվություն կրող այլ անձի, կամ պայմանագրում նշված չէ, թե ում օգտին է այն կնքվել:
5. Եթե պատճառված վնասի համար պատասխանատվությունն ապահովագրվել է ապահովագրության պարտադիր լինելու ուժով, ինչպես նաև օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այդպիսի պատասխանատվություն նախատեսող այլ դեպքերում, ապա անձը, որի օգտին ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված, իրավունք ունի ապահովագրված գումարի սահմաններում անմիջականորեն ապահովագրողից պահանջելու հատուցել պատճառված վնասը:
6. Այլ անձի օգտին կնքված պայմանագրով ապահովադրի մահվան կամ առանց իրավահաջորդության նրա գործունեության դադարման դեպքում ապահովագրված անձը հանդիսանում է ապահովադիր, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան սահմանված չէ:»:
Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 985-993-րդ, 1001-րդ և 1004-1008-րդ հոդվածները:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|